2021
Զատիկի առանցքը. կենդանի Հիսուս Քրիստոսը
Մարտ 2021


«Զատիկի առանցքը. կենդանի Հիսուս Քրիստոսը», Երիտասարդներին զորացնելու համար, մարտ 2021 թ․, 2-5։

Զատիկի առանցքը. կենդանի Հիսուս Քրիստոսը

Զատիկը տոնելիս մենք ուրախանում ենք, որ Հիսուս Քրիստոսն ապրում է այժմ և բոլորիս համար:

Նկար
Ավանակին նստած՝ Հիսուս Քրիստոսը մտնում է Երուսաղեմ

Զատիկի այս տոներին մենք փառաբանում ենք կենդանի Հիսուս Քրիստոսին: Կատարյալ սիրով մեր Փրկիչը հավաստիացնում է մեզ․ «Ինձանում խաղաղություն կունենաք: Աշխարհքումը նեղութիւն կունենաք. բայց քաջացէք, ես յաղթել եմ աշխարհքին» (Հովհաննես 16.33):

Տոնելով Զատիկը՝ մենք ուրախանում ենք, որ Հիսուս Քրիստոսն ապրում է` ոչ միայն այն ժամանակ, այլ նաև այժմ, ոչ միայն ոմանց համար, այլև բոլորի համար: Նա եկել է և գալիս է՝ սրտով կոտրվածներին բուժելու, գերիներին ազատելու, կույրերին տեսողություն տալու, խոցվածներին ազատ արձակելու (տես Ղուկաս 4.18): Դա մեզանից յուրաքանչյուրն է: Նրա փրկագնող խոստումներն ուժի մեջ են՝ անկախ մեր անցյալից, մեր ներկայից կամ մեր ապագայի համար մտահոգություններից:

Ովսաննա և Ալելուիա

Ծաղկազարդի օրը Հիսուսը մտավ Երուսաղեմ ավանակի վրա նստած և շատ «ժողովուրդ …արմաւի ճղեր առան, դուրս գնացին նորա առաջին» (Հովհաննես 12.12–13, տես նաև Մատթեոս 21.8–9, Մարկոս 11.8–10): Ավանդաբար, արմավի ճյուղը սրբազան խորհրդանիշ է, որն արտահայտում է ուրախություն մեր Տիրոջ հանդեպ: Հավատարիմներն ընդունեցին սա որպես մարգարեության իրականացում և գիտակցաբար աղաղակում էին. «Ովսաննա բարձունքներումը» (Մատթեոս 21.9): Ովսաննա նշանակում է «փրկիր այժմ» (տես Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Ովսաննա»):

Ծաղկազարդին հաջորդում է Զատիկի կիրակին։ Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը ուսուցանում է, որ Հիսուս Քրիստոսը «եկավ վճարելու պարտքը, որն իրենը չէր, այլ մեր պարտքն էր, որը չէինք կարողանում վճարել»:1 Իրապես, Քրիստոսի Քավության շնորհիվ Աստծո բոլոր զավակները «կարող են փրկվել՝ հնազանդվելով Ավետարանի օրենքներին և արարողություններին» (Հավատո Հանգանակ 1.3): Զատիկին մենք երգում ենք ալելուիա։ Ալելուիա նշանակում է «գովք Տեր Եհովային» (տես Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Ալելուիա»):

Ծաղկազարդի և Զատիկի կիրակիների միջև ընկած սրբազան իրադարձությունները պատմություններ են ովսաննայի և ալելուիայի մասին: Ովսաննան մեր աղերսանքն է, որ Աստված փրկի։ Ալելուիան մեր գովքի արտահայտությունն է Տիրոջը՝ փրկության և վեհացման հույսի համար։ Ովսաննայի և ալելուիայի բացականչությամբ մենք ընդունում ենք կենդանի Հիսուս Քրիստոսին՝ որպես Զատիկի առանցքը։

Նկար
Հիսուս Քրիստոս

Վերականգնում և հարություն

1836 թվականի ապրիլի 3-ի Զատիկի կիրակի օրը՝ Վերականգնման վաղ օրերին, Կիրթլենդի տաճարի նվիրագործումից հետո կենդանի Հիսուս Քրիստոսը կրկին հայտնվեց։ Նրան տեսնողները վկայեցին Նրա մասին կրակի և ջրի փոխլրացնող հակադրության խոսքերով․ «Նրա աչքերը կարծես կրակի բոցեր լինեին. նրա գլխի մազերը ճերմակ էին, ինչպես մաքուր ձյունը․ նրա դեմքը փայլում էր արևի պայծառությունից վառ. և նրա ձայնն ասես սրընթաց մեծ ջրերի շառաչյուն լիներ, այսինքն, Եհովայի ձայնը» (Վարդապետություն և Ուխտեր 110.3, շեշտադրումն ավելացված է):

Այդ ժամանակ մեր Փրկիչը հայտարարեց․ «Ես եմ առաջինը և վերջինը. ես նա եմ, ով ապրում է, ես նա եմ, ով սպանվել էր. ես ձեր բարեխոսն եմ Հոր մոտ» (Վարդապետություն և Ուխտեր 110.4): Կրկին փոխլրացնող հակադրություններ՝ առաջինը և վերջինը, ապրում է, ով սպանվել էր։ Նա է Ալֆան և Օմեգան, սկիզբը և վերջը (տես Հայտնություն 1.8, 3 Նեփի 9.18, Վարդապետություն և Ուխտեր 19․1,, 38.1, 45.7), մեր հավատքի հեղինակն ու ամբողջացնողը (տես Եբրայեցիս 12.2, Մորոնի 6.4):

Հիսուս Քրիստոսի հայտնվելուց հետո եկան նաև Մովսեսը, Եղիասը և Եղիան։ Աստվածային ցուցումով վաղեմի այս մեծ մարգարեները վերականգնեցին քահանայության բանալիները և իշխանությունը։ Այդպիսով, «արդի տնտեսության բանալիները հանձնվել են» (Վարդապետություն և Ուխտեր 110․16) Նրա վերականգնված Եկեղեցուն՝ Աստծո բոլոր զավակներին օրհնելու համար:

Հատկանշական է, որ «Քրիստոսի զորությունն ու հարությունը» (Ալմա 41.2)՝ Զատիկի էությունը, Մորմոնի Գրքում նկարագրվում է երկու վերականգնման պայմանով:

Նախ՝ հարությունը ներառում է մեր «ճիշտ և կատարյալ կառուցվածքով» ֆիզիկական վերականգնումը՝ «ամեն վերջույթ և հոդ պիտի վերականգնվի», «նույնիսկ գլխի մի մազ չպիտի կորչի» (Ալմա 40.23): Այս խոստումը հույս է տալիս այն մարդկանց, ովքեր կորցրել են վերջույթները, ովքեր կորցրել են տեսնելու, լսելու կամ քայլելու կարողությունը, կամ համարվում էին կորած` անողոք հիվանդության, հոգեկան հիվանդության կամ այլ թուլացած կարողության պատճառով: Նա գտնում է մեզ: Նա ողջացնում է մեզ։

Զատիկի և մեր Տիրոջ Քավության երկրորդ խոստումն այն է, որ հոգևոր առումով, «բոլոր բաները պիտի վերականգնվեն իրենց ճիշտ կարգով» (Ալմա 41.4): Այդ հոգևոր վերականգնումն արտացոլում է մեր գործերն ու ցանկությունները։ Այն վերականգնում է «այն, ինչ բարի է» «արդարակյաց», «արդար» և «ողորմած» (Ալմա 41.13): Պատահական չէ, որ Ալմա մարգարեն վերականգնել բառը գործածում է 22 անգամ,2 երբ մեզ հորդորում է՝ «վարվել ազնվորեն, դատել արդարացի և շարունակ բարիք գործել» (Ալմա 41.14):

Քանի որ «Աստված ինքն է քավում աշխարհի մեղքերը», (Ալմա 42.15), Տիրոջ Քավությունը կարող է վերականգնել ոչ միայն անցյալը, այլ նաև այն, ինչը կարող է լինել: Քանի որ նա գիտի մեր ցավերը, տառապանքները, հիվանդությունները և «ամեն տեսակի մեր գայթակղությունները», (Ալմա 7.11), Նա կարող է ողորմությամբ սատարել մեզ՝ ըստ մեր թուլությունների (տես Ալմա 7.12): Քանի որ Աստված «կատարյալ, արդար Աստված և նաև ողորմած Աստված» է, ողորմածության ծրագիրը կարող է «բավարարել արդարադատության պահանջները» (Ալմա 42.15): Մենք ապաշխարում ենք և անում ենք այն ամենը, ինչ կարող ենք։ Նա հավերժ օղակում է մեզ «իր սիրո բազուկներում» (2 Նեփի 1.15):

Հավիտենական ուրախության երգեր երգելով

Ձեզ հետ միասին, Զատիկի այս տոներին ես վկայում եմ Աստծո՝ մեր Երկնային Հոր, և Նրա Սիրելի Որդու՝ կենդանի Հիսուս Քրիստոսի մասին: Մահկանացու մարդիկ կան, որ դաժանորեն խաչվել են ու հետագայում հարություն առել: Բայց միայն կենդանի Հիսուս Քրիստոսն է, որ Իր կատարյալ հարություն առած տեսքով դեռևս կրում է խաչելության նշանները Իր ձեռքերին, ոտքերին և կողի վրա: Միայն Նա կարող է ասել․ «Ես փորագրել եմ քեզ իմ ձեռքերի ափերի վրա» (Եսայիա 49.16, 1 Նեփի 21.16): Միայն նա կարող է ասել․ «Ես նա եմ, որին բարձրացրեցին: Ես Հիսուսն եմ, որին խաչեցին: Ես Աստծո Որդին եմ» (Վարդապետություն և Ուխտեր 45.52):

Այս ժամանակներում մենք շատ բան կարող ենք սովորել Աստծո բարության և այն մասին, որ Նրա սերը մեզանում աճելու ներուժ ունի, եթե մենք փնտրենք Նրան և օգնության ձեռք մեկնենք միմյանց։ «Եվ կլինի այնպես, որ արդարները պիտի հավաքվեն բոլոր ազգերի միջից և պիտի գան Սիոն՝ երգելով հավիտենական ուրախության երգեր» (Վարդապետություն և Ուխտեր 45․71): Ովսաննայի և ալելուիայի այս տոներին, երգե՛ք ալելո՜ւիա, քանի որ Նա պիտի թագավորի հավիտյանս հավիտենից: Բացականչե՛ք ովսա՜ննա Աստծուն ու Գառին։

Տպել