Երիտասարդներին զորացնելու համար
Հզոր հարաբերություն
Օգոստոս 2024


Ամենամսյա Երիտասարդներին զորացնելու համար ամսագրի ուղերձ, օգոստոս 2024

Հզոր հարաբերություն

Ուխտն ավելին է, քան պայմանագիրը. այն հարաբերություն է:

Նկար
կանաչ աթոռներ

Ես դեռ ունեմ կանաչ աթոռների նկարը, որոնց վրա նստում էին երեց Պիստոնը և երեց Մորասկոն, մինչ ուսուցանում էին իմ ընտանիքին Արգենտինայի մեր տանը: Նրանք ուսուցանում էին այնպիսի հոգևոր զորությամբ, որ ես (9 տարեկան) և 10-ամյա քույրս վազում էինք դիպչելու աթոռներին նրանց հեռանալուց հետո՝ հուսալով, որ այդ զորությունը կտարածվի մեզ վրա:

Շուտով ես իմացա, որ զորությունը գալիս է ոչ թե աթոռներից, այլ Աստծո և Հիսուս Քրիստոսի հետ ուխտի հարաբերություն ունենալուց:

Իմ մկրտության փորձառությունը

Ես կապեցի իմ առաջին ուխտը 1977 թվականի նոյեմբերի 13-ին: Ես շատ բան չեմ հիշում իմ մկրտության մասին, բայց հիշում եմ, որ երեց Փիսթոնն օգնեց ինձ ջրի մեջ մտնել, իսկ երեց Մորասկոն հաստատեց ինձ, երբ մազերս դեռ թաց էին: Ես նաև հիշում եմ այն ուրախությունը, որ զգացի, երբ ծխի նոր ընկերները գրկախառնվում և համբուրում էին ինձ արգենտինական ձևով և մեծ ցանկությունը, որ զգում էի. լինել Երկնային Հոր հավատարիմ դուստրը։

Նկար
ընտանիքը մկրտության արարողության ժամանակ

Երիտասարդ քույր Սփանաուսը (մեջտեղում) իր ծնողների (ձախից), քրոջ՝ Սիլվինայի (աջից վերջում), և երեց Մորասկոյի հետ:

Ավելի ուշ ես հասկացա, որ իմ զգացած ուրախությունը գալիս է Սուրբ Հոգու պարգևից։ Ես սովորեցի, որ երբ հավատարմությամբ պահում եմ իմ ուխտերը Աստծո հետ, Հոգին կլինի ինձ հետ։ Սուրբ Հոգին Աստծո և Հիսուս Քրիստոսի հետ ուխտի հարաբերություններից բխող զորեղ օրհնություններից մեկն է։

Այժմ, երբ նույնիսկ իմ մղումները, մտքերն ու գործողությունները ձախողվում են, հույս ունեմ, որ կշարունակեմ փորձել։ Ինչո՞ւ։ Քանի որ հաղորդություն ընդունելը ինձ հնարավորություն է տալիս նորոգել իմ ուխտերը և ամեն շաբաթ նոր ուխտեր կապել։ Ես շատ շնորհակալ եմ այդ օրհնության համար:

Ջերմ, ուխտի հարաբերություն

Մենք հաճախ ենք լսում, որ ուխտերը երկկողմանի խոստումներ են մեր և Աստծո միջև: Թեև դա ճիշտ է, սակայն ամենը չէ: Իրականում «ուխտ պահելը սառը բիզնես գործարք չէ, այլ ջերմ հարաբերություն»:

Ուրեմն, ինչպե՞ս եք ուխտի հարաբերություններ ստեղծում Երկնային Հոր և Փրկչի հետ: Նրանք արդեն կատարելապես սիրում են ձեզ և ցանկանում են օրհնել ձեզ (տես 3 Նեփի 14.11)։ Սակայն ցանկացած երկկողմանի հարաբերություն երկու կողմերից էլ ժամանակ և սեր է պահանջում:

Ցանկանո՞ւմ եք ավելի շատ ժամանակ անցկացնել Նրանց հետ։ Երբ դուք անում եք բաներ, որ նրանք կանեին, դուք քայլում եք նրանց հետ: Դա կարող է լինել նույնքան պարզ, որքան դժվար ժամանակներում ընկերոջը լսելը, եղբոր կամ քրոջ հետ խաղալու ժամանակ հատկացնելը կամ լսելը մեկին, ով իրեն անտեսված է զգում: Վերջերս ես ժամանակ էի անցկացնում Աստծո հետ քայլելով, որի ընթացքում ձայնագրում էի հաղորդագրություններ և ուղարկում էի Արգենտինայում ապրող մի ընկերոջ, որն իրեն միայնակ էր զգում։ Ես նաև որոշել եմ միշտ ակտիվ պահել իմ տաճարային երաշխավորագիրը, որպեսզի կարողանամ ժամանակ անցկացնել Տիրոջ հետ՝ Իր սուրբ տանը։ Դուք կարող եք աղոթել մտքերի համար, որոնք կօգնեն ձեզ ժամանակ անցկացնել Երկնային Հոր և ձեր Փրկչի հետ:

Ցանկանո՞ւմ եք ցույց տալ, որ սիրում եք Նրանց։ Պատվիրաններին, որոնք ուխտել եք պահել, վերաբերվեք որպես ձեր սերը արտահայտելու միջոցի, այլ ոչ թե որպես կանոնների ցուցակի: Օրինակ՝ Իմաստության Խոսքով ապրելու համար սովորեցի առողջ կերակուրներ պատրաստել։ Այժմ դուստրերիս սովորեցնում եմ նույնը անել։ Երբ դուք պատրաստակամորեն պահեք Աստծո պատվիրանները, Նրա և Փրկչի հանդեպ ձեր սերը կաճի:

Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ մեր ուխտի հարաբերությունները կօգնեն մեզ ավելի լավ ճանաչել Նրանց և ունենալ ավելի շատ հասանելիություն նրանց զորությանը մեր կյանքում, անսահմանորեն ավելի շատ, քան կանաչ աթոռների հավաքածուն կառաջարկի: Եվ այդ զորությունը փոխում է մեզ հավիտյան։

Հղում

  1. Ann M. Madsen, in Truman G. Madsen, The Temple: Where Heaven Meets Earth (2008), 69.

Տպել