Հավատքով դեմ առ դեմ կանգնեք ապագային
Նրա ճշմարտությունը, ուխտերը և արարողությունները հնարավորություն են տալիս մեզ հաղթահարել վախը և հավատքով դեմ առ դեմ կանգնել ապագային:
Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, շնորհակալություն ձեր հաստատող ազդեցության համար, ոչ միայն ձեր բարձրացրած ձեռքի, այլ նաև ձեր սատարող ծառայության համար տանը, Եկեղեցում և ձեր համայնքներում: Մենք սիրում ենք ձեզ հետ լինել և տեսնել ձեզ ձեր ընտանիքների և ընկերների հետ: Որտեղ էլ որ դուք ապրեք, մենք հետևում ենք այս աշխարհը ավելի լավ վայր դարձնելու ձեր ջանքերին: Մենք հաստատում ենք ձեզ: Մենք սիրում ենք ձեզ: Ինչպես դուք եք մեզ համար աղոթում, այնպես էլ մենք ենք աղոթում ձեզ համար:
Մենք պատկերացնում ենք, ինչպես են ձեր ընտանիքները հավաքված հեռուստացույցի շուրջ կամ առցանց դիտում գերագույն համաժողովը իրենց տներում: Մի ուշադիր մայր և հայր ինձ են ուղարկել նկարի մի օրինակ, որը նրանք նկարել ենհամաժողովի ժամանակ: Նրանք 18 ամսեկան որդին ճանաչել էր խոսողին՝ դեմքով և և ձայնից և սկսել էր համբույրներ ուղարկել դեպի հեռուստացույցը: Նա ուզում էր ավելի մոտենալ: Այդ ժամանակ նրա հոգատար մեծ քույրը արագ դրեց իր փոքրիկ եղբորն իր ուսերին և նրան մոտ բերեց: Ահա այդ լուսանկարը:
Այո, հեռուստաէկրանի վրա իմ պատկերն է, իսկ այդ երեխաները մեր թոռնիկներն են: Մի քանի տարի անց այս տղան կդառնա երեց, կօժտվի տաճարում և պատրաստ կլինի իր միսիային: Հետագայում նա կկնքվի իր ընտրած հավերժական զուգընկերոջ հետ: Կարողանո՞ւմ եք տեսնել նրան մի օր որպես ամուսին և հայր, իր սեփական երեխաների հետ: Եվ մի օր նա մնաս բարով կասի իր պապիկին ու տատիկին, անկասկած գիտելիքով, որ մահը կյանքի մի մասն է:
Այո, մենք ապրում ենք մահանալու համար և մենք մահանում ենք նորից ապրելու համար: Հավերժական տեսանկյունից միակ մահը, որն իսկապես վաղաժամ է, այն մարդու մահն է, ով պատրաստված չէ հանդիպելու Աստծուն:
Որպես առաքյալներ և մարգարեներ մենք մտահոգված ենք ոչ միայն մեր երեխաների և թոռնիկների համար, այլ նաև ձեզ համար և Աստծո յուրաքանչյուր զավակի համար: Այն ամենը, ինչ ապագան է պահում Աստծո յուրաքանչյուր սրբազան զավակի համար, կձևավորվի իր ծնողների, ընտանիքի, ընկերների և ուսուցիչների կողմից: Այսպիսով, մեր հավատքն այժմդառնում է հետագայում մեր սերնդի հավատքի մի մասը:
Յուրաքանչյուր անձ՝ տղա, թե աղջիկ, կբացի իր ուղին անընդհատ փոփոխվող աշխարհում՝ մրցակցող գաղափարախոսությունների աշխարհում: Չարի ուժերը միշտ կհակադրվեն բարու ուժերին: Սատանան անընդհատ ձգտում է ազդել մեզ վրա այնպես, որպեսզի մենք հետևենք իր ուղիներին և դառնանք թշվառ, ինչպես ինքը:1 Եվ կյանքի սովորական վտանգները՝ հիվանդությունները, վնասվածքները և վթարները, միշտ էլ առկա են լինելու:
Մենք ապրում ենք խառնաշփոթ ժամանակներում: Երկրաշարժերն ու ցունամիները ավերածություններ են առաջացնում, կառավարությունները տապալվում են, տնտեսական լարվածությունները սրվում են, ընտանիքը գրոհման է ենթարկվում, իսկ ամուսնալուծությունների ցուցանիշները բարձրանում են: Մենք մեծ պատճառ ունենք մտահոգվելու: Բայց մենք չպետք է թույլ տանք, որ մեր երկյուղը տատանի մեր հավատքը: Մենք կարող ենք մարտնչել այդ երկյուղների դեմ՝ զորացնելով մեր հավատքը:
Սկսեք ձեր երեխաներից: Ծնողներ, նրանց հավատքը զորացնելու հիմնական պատասխանատվությունը դուք եք կրում: Թույլ տվեք, որ նրանք զգան ձեր հավատքը, նույնիսկ երբ ցավագին փորձություններ են ընկնում ձեզ վրա: Թող ձեր հավատքը կենտրոնացած լինի ձեր սիրառատ Երկնային Հոր և և Նրա Սիրելի Որդի՝ Տեր Հիսուս Քրիստոսի շուրջ: Ուսուցանեք այդ հավատքը խորը համոզմունքով: Ուսուցանեք յուրաքանչյուր թանկագին տղայի կամ աղջկա, որ նա Աստծո զավակն է՝ ստեղծված Նրա պատկերով, սրբազան նպատակով և ներուժով: Յուրաքանչյուրը ծնվել է մարտահրավերներով, որոնք պիտի հաղթահարվեն, և հավատքով, որը պետք է զարգացվի:2
Ուսուցանեք Աստծո փրկության ծրագրի հանդեպ հավատք: Ուսուցանեք, որ մեր ճանապարհորդությունը մահկանացու կյանքում փորձնական ժամանակահատված է՝ փորձվելու և ստուգվելու ժամանակ, տեսնելու, թե արդյո՞ք մենք կանենք այն, ինչ Տերը կպատվիրի մեզ անել:3
Ուսուցանեք հավատք՝ պահելու Աստծո բոլոր պատվիրանները, իմանալով որ դրանք տրված ենՆրա զավակներին օրհնելու և նրանց ուրախություն բերելու համար:4Զգուշացրեք, որ նրանք կհանդիպեն մարդկանց, որոնք ընտրում են, թե ինչ պատվիրան պահեն, որն անտեսեն, որը խախտեն: Ես կոչում եմ դա ճաշարանային մոտեցում հնազանդությանը: Զանազանելու և ընտրելու այս սովորույթը չի գործի: Այն կտանի դեպի թշվառություն: Աստծուն հանդիպելուն պատրաստվելու համար մարդ պահում է բոլոր Նրա պատվիրանները: Դրանց հնազանդվելու համար հավատք է պահանջվում, իսկ Նրա պատվիրանները պահելը կուժեղացնի այդ հավատքը:
Հնազանդությունը թույլ է տալիս, որ Աստծո օրհնությունները հոսեն անսահմանափակ: Նա կօրհնի Իր հնազանդ զավակներին և կազատի նրանց գերությունից և թշվառությունից: Եվ Նա կօրհնի նրանց ավելի շատ լույսով: Օրինակ, մարդ պահում է Իմաստության Խոսքն իմանալով, որ հնազանդությունը ոչ միայն ազատություն կբերի հակվածությունից, այլ նաև իմաստության և գիտելիքի գանձերի օրհնություններ կավելացնի:5
Ուսուցանեք հավատք, որպեսզի նրանք իմանան, որ հնազանդությունն Աստծո պատվիրաններին կապահովի ֆիզիկական և հոգևոր պաշտպանություն: Եվ հիշեք. Աստծո սուրբ հրեշտակները միշտ կանչի են սպասում մեզ օգնելու համար: Տերն այսպես է հայտարարել. «Ես կգնամ ձեր առջևից: Ես կլինեմ ձեր աջ կողմում և ձեր ձախ կողմում, և իմ Հոգին կլինի ձեր սրտերում, և իմ հրեշտակները՝ ձեր շուրջը, որ բարձրացնեն ձեզ»:6 Ինչպիսի խոստում:Եթե մենք հավատարիմ լինենք, Նա և Նրա հրեշատակները կօգնեն մեզ:
Աննկուն հավատքը ամրացվում է աղոթքի միջոցով: Ձեր սրտառուչ աղերսանքները կարևոր են Նրա համար: Մտածեք Լիբերթի բանտում անցկացրած սոսկալի օրերին Մարգարե Ջոզեֆ Սմիթի եռանդուն և կրակոտ աղոթքների մասին: Տիրոջ պատասխանը փոխեց Մարգարեի հեռանկարը: Նա ասաց. «Իմացիր որդիս, որ այս բոլոր բաները փորձառություն կտան քեզ և կլինեն քո օգտի համար»:7
Մենք աղոթում ենք, ունենալով հավերժական հեռանկար, և մենք չպետք է զարմանանք, եթե մեր ամենաարցունքոտ և ամենասրտառուչ աղերսանքները լսվեն: Տիրոջ կողմից այս խոստումը արձանագրված է Վարդապետություն և Ուխտերի բաժին 98-ում.
«Ձեր աղոթքները հասել են Տիրոջ ականջին… և գրված են այս կնիքով ու վկայությամբ, - Տերըերդվել և հրամանագրել է, որ դրանք կպարգևատրվեն:
Հետևաբար, նա այս խոստումն է տալիս ձեզ, անխախտ ուխտով, որ դրանք կկատարվեն. և բոլոր բաները, ինչով դուք չարչարվել եք, միաժամանակ կգործեն ձեր բարիքի համար և իմ անվան փառքի համար, ասում է Տերը»:8
Տերն ընտրեց Իր ամենաուժեղ խոսքերը մեզ հավաստիացնելու համար՝ կնիք, վկայություն, երդվել, հրամանագրել, անխախտ ուխտ:Եղբայրներ և քույրեր, հավատացեք Նրան: Աստված ուշադրություն կդարձնի ձեր անկեղծ և սրտառուչ աղոթքներին և ձեր հավատքը կզորացվի:
Տոկուն հավատք զարգացնելու համար կարևոր է լրիվ տասանորդ վճարողի տոկուն պարտավորությունը: Սկզբում հավատք է պահանջվում տասանորդ տալու համար: Ապա տասանորդ վճարողը զարգացնում է ավելի շատ հավատք մինչև այն կետը, որ տասանորդը դառնում է թանկագին արտոնություն: Տասանորդը հնադարյան օրենք է Աստծո կողմից:9 Նա խոստում է տվել Իր զավակներին, որ կբացի «երկնքի պատուհանները եւ օրհնություն կթափի…մինչև որ նորա համար տեղ չլինի»:10 Բացի այդ, տասանորդը կպահի ձեր անունը Աստծո ժողովրդի ցուցակի մեջ ևկպաշտպանի ձեզ «վրեժխնդրության և այրման օրը»:11
Ինչո՞ւ է մեզ հարկավոր այդպիսի անխախտ հավատք: Որովհետև ապագայում սպասվում են դժվարին ժամանակներ: Ապագայում հեշտ չի լինի Վերջին Օրերի Սուրբ լինել, ոչ էլ նրանք ընդունված կլինեն: Մեզանից յուրաքանչյուրը կստուգվի: Պողոս Առաքյալը նախազգուշացրել է, որ վերջին օրերին նրանք, ովքեր ջանասիրաբար կհետևեն Տիրոջը, «հալածանք պիտի կրեն»:12 Հենց այդ հալածանքը կարող է կամ ջախջախել ձեզ՝ հասցնելով լուռ թուլության կամ դրդելով ձեզ դեպի ավելի լավ օրինակը և դարձնելով խիզախ ամենօրյա կյանքում:
Այն, թե ինչպես եք վարվում կյանքի փորձությունների հետ, ձեր հավատքի զարգացման մասն է կազմում: Ուժը գալիս է, երբ դուք հիշում եք, որ աստվածային էություն և անսահման արժեքավոր ժառանգություն ունեք: Տերը հիշեցրել է ձեզ, ձեր երեխաներին և ձեր թոռներին, որ դուք օրինական ժառանգներ եք, որ դուք պահվել եք երկնքում, որ ծնվեք առանձնահատուկ մի ժամանակ և առանձնահատուկ վայրում, մեծանալով և դառնալով Նրա դրոշակակիրները և ուխտի ժողովուրդը: Երբ դուք քայլում եք Տիրոջ արդարության արահետով, դուք օրհնվում եք, մնալով Նրա բարության մեջ, լինում եք լույս և փրկիչներ Նրա ժողովրդի համար:13
Եղբայրներ և քույրեր, ձեզանից յուրաքանչյուրին հասանելի են սուրբ Մելքիսեդեկյան Քահանայության միջոցով ձեռք բերվող օրհնությունները: Այս օրհնությունները կարող են փոխել ձեր կյանքի հանգամանքները այնպիսի հարցերում, ինչպիսիք են՝ առողջությունը, Սուրբ Հոգու ընկերակցությունը, անձնական հարաբերությունները և ապագայի հնարավորությունները: Այս քահանայության զորությունն ու իշխանությունը կրում են Եկեղեցու բոլոր հոգևոր օրհնությունների բանալիները:14Եվ ամենանշանակալին այն է, որ Տերը հայտարարել է, որ Նակհաստատի այդ օրհնությունները համաձայն Իր կամքի:15
Քահանայության բոլոր օրհնություններից մեծագույնը շնորհվում է Տիրոջ սուրբ տաճարներում: Այնտեղ կապված ուխտերին ձեր հավատարմությունը ձեզ և ձեր ընտանիքին արժանի կդարձնի հավերժական կյանքի օրհնություններին:16
Ձեր պարգևները չեն տրվում միայն այս կյանքից հետո: Շատ օրհնություններ կլինեն ձերը այս կյանքում՝ ձեր երեխաների և թոռների կյանքում: Դուք՝ հավատարիմ Սրբեր, ստիպված չեք լինի միայնակ մարտնչել կյանքի ճակատամարտերում: Մտածեք այդ մասին: Տերը հայտարարել է. «Քեզ հետ վիճողների հետ էլ ես պիտի վիճեմ, և քո որդկանցը ես պիտի ազատեմ»:17 Հետագայում Իր հավատարիմ ժողովրդին տրվեց այս խոստումը. «Ես՝ Տերս, կկռվեի նրանց պատերազմներում, և նրանց երեխաների պատերազմներում, և նրանց երեխաների երեխաների…մինչև երրորդ և չորրորդ սերունդը»:18
Մեր սիրելի Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը տվել է մեզ իր մարգարեական վկայությունը: Նա ասել է. «Ես վկայում եմ ձեզ, որ մեզ խոստացված օրհնությունները չափից դուրս են: Չնայած փոթորկոտ ամպեր կարող են հավաքվել, չնայած անձրևներ կարող են տեղալ մեզ վրա, ավետարանի մեր գիտելիքը և մեր Երկնային Հոր և մեր Փրկչի հանդեպ սերը կհանգստացնեն և կհաստատեն մեզ և ուրախություն կբերեն մեր սրտերին, եթե մենք քայլենք ուղիղ և պահենք պատվիրանները»:
Նախագահ Մոնսոնը շարունակել է. «Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, մի վախեցեք: Հանգիստ եղեք: Ապագան այնպես պայծառ է, ինչպես ձեր հավատքը»:19
Նախագահ Մոնսոնի հզոր հայտարարությանը ես ավելացնում եմ իմ սեփականը: Ես վկայում եմ, որ Աստված մեր Հայրն է: Հիսուսը Քրիստոսն է: Նրա Եկեղեցին վերականգվել է երկրի վրա: Նրա ճշմարտությունը, ուխտերը և արարողությունները հնարավորություն են տալիս մեզ հաղթահարել վախը և հավատքով դեմ առ դեմ կանգնել ապագային: Այսպես եմ ես վկայում Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն: