Ձեր ներուժը՝ ձեր արտոնությունը
Երբ կարդաք սուրբ գրությունները և լսեք մարգարեների խոսքերը ձեր ողջ սրտով և մտքով, Տերը ձեզ կհուշի ինչպես ապրել քահանայության ձեր արտոնություններին համաձայն:
Ժամանակին մի մարդ էր ապրում, որի կյանքի երազանքն էր շոգենավ նստել և ճամփորդել Միջերկրական ծովով: Նա երազում էր քայլել Հռոմի, Աթենքի և Կոնստանդնապոլիսի փողոցներով: Նա խնայում էր յուրաքանչյուր լումա, մինչև որ բավականաչափ գումար հավաքեց, իր ճամփորդության համար: Քանի որ գումարը սահմանափակ էր, նա լրացուցիչ մի ճամպրուկ վերցրեց, որը լցված էր լոբու պահածոներով, չոր թխվածքաբլիթների տուփերով և փոշի լիմոնադների տոպրակներով, և ողջ ճանապարհին նա դրանցով էր սնվում:
Նա հաճույքով կմասնակցեր նավի վրա առաջարկվող միջոցառումներին՝ կօգտվեր մարզասրահից, փոքր գոլֆի խաղից և լողավազանում լողալուց: Նա նախանձով էր նայում նրանց, ովքեր այցելում էին կինոֆիլմեր, զվարճալի ծրագրեր և մշակութային ներկայացումներ դիտելու: Եվ, օ՜, որքան կցանկանար նա օգտվել նավում մատուցվող հրաշալի ուտելիքից. յուրաքանչյուր ճաշ խնջույքի նման ճոխ էր: Սակայն այդ մարդն այնքան քիչ գումար էր ուզում ծախսել, որ չէր մասնակցում դրանցից ոչ մեկին: Նա կարողացավ տեսնել իր բաղձանքի քաղաքները, սակայն ճամփորդության մեծ մասն անցկացրեց իր նավախցիկում և սնվեց իր համեստ սննդով:
Նավարկության վերջին օրը նավակազմի անդամներից մեկը նրան հարցրեց, թե հրաժեշտի որ երեկոյին նա կցանկանար մասնակցել: Հենց այդ ժամանակ էր, որ այդ մարդը հասկացավ, որ ոչ միայն հրաժեշտի երեկոյին մասնակցելն էր անվճար եղել, այլ նավի վրա գրեթե ամեն բան՝ ուտելիքը, զվարճալիքները, բոլոր միջոցառումները,– բոլորն ընդգրկված են եղել տոմսի արժեքի մեջ: Շատ ուշ, բայց մարդը հասկացավ, որ նա ապրել էր իր արտոնություններից շատ ցածր մակարդակով:
Առակս ինչ է ուսուցանում. Արդյոք մենք, որպես քահանայության կրողներ, նո՞ւյնպես չենք ապրում այն սրբազան զորության, պարգևի և օրհնությունների մեր արտոնություններից ցածր, որոնց հնարավորություններն ու իրավունքները մենք ունենք՝ որպես Աստծո քահանայություն կրողներ:
Քահանայության փառքն ու վեհությունը
Բոլորս գիտենք, որ քահանայությունը ոչ թե անուն է կամ կոչում, այլ շատ ավելին է: Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է. «Քահանայությունը հավիտենական սկզբունք է և գոյատևել է Աստծո հետ հավերժությունից… հավերժություն, առանց օրերի սկզբի կամ տարիների վերջի»:1 Այն կրում է նույնիսկ «Աստծո գիտության բանալիները»:2 Փաստորեն, քահանայության միջոցով է «աստվածայնության զորությունը բացահայտվում»:3
Քահանայության օրհնություններն անցնում են մեր հասկացողության սահմաններից: Հավատարիմ Մելքիսեդեկյան քահանայություն կրողները կարող են «դառնալ… ընտրյալներն Աստծո»:4 Նրանք «Հոգով սրբագործվում են՝ ի նորացումն իրենց մարմինների»5, և վերջիվերջո, կարող են ստանալ «այն ամենն, ինչ Հայրը ունի»:6 Դա կարող է դժվար լինի ըմբռնել, սակայն գեղեցիկ է, և ես վկայում եմ, որ այն ճշմարիտ է:
Այն փաստը, որ Երկնային Հայրն այս զորությունն ու պատասխանատվությունը վստահել է մարդուն, մեր հանդեպ Նրա մեծ սիրո վկայությունն է և որպես Աստծո որդիներ, ապագայի մեր ունեցած ներուժի նախանշանն է:
Այդուհանդերձ, շատ հաճախ, մեր գործերը ցույց են տալիս, որ մենք ապրում ենք մեր ներուժից ցածր: Երբ հարց տրվի քահանայության մասին, մեզանից շատերը կարող են արտասանել ճիշտ սահմանումը, սակայն մեր ամենօրյա կյանքում կարող է քիչ վկայություն լինել, որ մեր հասկացողությունն անցնում է սովորած տեքստի մակարդակից:
Եղբարներ, մենք կանգնած ենք ընտրության առաջ: Մենք կարող ենք կա՛մ բավարարվել նվազեցված փորձառությամբ՝ որպես քահանայություն կրողներ, և ապրել մեր արտոնություններից ցածր փորձառություններով, կա՛մ կարող ենք առատորեն ճաշակել քահանայության համընդհանուր օրհնությունների հոգևոր փորձառությունից:
Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի ապրենք մեր ներուժի համեմատ
Սուրբ գրություններում գրված և գերագույն համաժողովներին հնչող «նմանեցնենք մեզ»7արտահայտությունները ոչ միայն կարդալու կամ լսելու համար են: 8 Շատ հաճախ մենք գալիս ենք ժողովների և գլխով համաձայնություն ենք տալիս. մենք կարող ենք անգամ գիտակից ժպտալ և համաձայնվել: Մենք գրի ենք առնում որոշ կետեր և կարող է ասենք ինքներս մեզ. «Սա մի բան է, որ ես կանեմ»: Բայց լսելու, մեր հեռախոսում հուշում գրելու և իրական գործողության միջև ինչ-որ մի տեղ մեր «գործելու» անջատիչի սլաքը փոխվում է «ապագա» դիրքի վրա: Եղբայրնե՛ր, եկեք համոզվենք, որ «գործելու» մեր անջատիչը «ներկա» դիրքի վրա է:
Երբ կարդաք սուրբ գրությունները և լսեք մարգարեների խոսքերը ձեր ողջ սրտով և մտքով, Տերը ձեզ կհուշի ինչպես ապրել քահանայության ձեր արտոնություններին համաձայն: Թույլ մի տվեք, որ մի օր անցնի և դուք չանեք այն, ինչ հուշում է Հոգին:
Առաջինը՝ կարդացեք օգտագործողի ուղեցույցը
Եթե դուք ունենայիք աշխարհի ամենազարգացած և թանկ համակարգիչը, արդյոք դուք կօգտագործեի՞ք այն միայն որպես գրասեղանի զարդարանք: Համակարգիչը կարող է տպավորիչ տեսք ունենալ: Այն կարող է տարբեր տեսակի ներուժ ունենալ: Սակայն դուք կարող եք օգտագործել նրա ողջ ներուժը միայն այն դեպքում, երբ ուսումնասիրեք օգտագործողի ուղեցույցը, սովորեք ծրագրերի ղեկավարումը և միացնեք էներգիան:
Աստծո սուրբ քահանայությունը նույնպես ունի օգտագործողի ուղեցույց: Եկեք պարտավորություն վերցնենք ավելի շատ նպատակաուղղված և ավելի կենտրոնացած կարդալու սուրբ գրությունները և ձեռնարկները: Եկեք սկսենք կրկին անգամ կարդալով Վարդապետություն և Ուխտեր 20, 84, 107 և 121 բաժինները: Որքան ավելի շատ ուսումնասիրենք քահանայության նպատակի, ներուժի և գործնական օգտագործման մասին, այնքան մենք ավելի շատ կզարմանանք դրա զորությամբ և Հոգին մեզ կուսուցանի ինչպես հասանելի դարձնել և օգտագործել այդ ուժը, որպեսզի օրհնենք մեր ընտանիքները, մեր համայնքները և Եկեղեցին:
Որպես մարդիկ՝ մենք իրավացիորեն մեծ առաջնահերթություն ենք տալիս աշխարհիկ ուսուցմանը և մասնագիտական զարգացմանը: Մենք ցանկանում ենք և մենք պետք է բարձրացնենք մեր գիտական աստիճանը և մասնագիտական վարպետությունը: Ես ձեզ գովաբանում եմ ջանասիրաբար կրթության ձգտելու և ձեր բնագավառում մասնագետներ դառնալու համար: Եվ հրավիրում եմ ձեզ նաև մասնագետներ դառնալ ավետարանի վարդապետությունների մեջ, հատկապես, քահանայության վարդապետության մեջ:
Մենք ապրում ենք մի ժամանակ, երբ սուրբ գրությունները և ժամանակակից մարգարեների խոսքերն ավելի հասանելի են, քան աշխարհի պատմության որևէ ժամանակաշրջանում: Ինչևէ, և դա մեր արտոնությունն է, պարտականությունը և պատասխանատվությունը՝ հասու լինել և կառչած մնալ նրանց ուսմունքներից: Քահանայության վարդապետության սկզբունքներն ու վարդապետությունները վեհ են և երկնային: Որքան ավելի շատ ուսումնասիրենք վարդապետությունն ու ներուժը և կիրառենք քահանայության գործնական նպատակը, այնքան մեր հոգին ավելի շատ կընդարձակվի, մեր հասկացողությունը կմեծանա և մենք կտեսնենք, թե Տերն ինչ ունի մեզ համար պահված:
Երկրորդը՝ Փնտրեք Հոգու հայտնությունները
Հիսուս Քրիստոսի և Նրա վերականգնված ավետարանի մասին հաստատուն վկայությունը ավելին է պահանջում, քան գիտելիքը՝ այն պահանջում է անձնական հայտնություն, որը հաստատվում է ավետարանի սկզբունքների ազնիվ և նվիրված կիրառումով: Մարգարե Ջոզեֆ Սմիթը բացատրել է, որ քահանայությունը «անցուղի է, որի միջոցով Ամենազորը սկսեց հայտնել Իր փառքն այս երկրի ստեղծման սկզբին, և որի միջոցով նա շարունակում է իրեն հայտնի դարձնել մարդկանց զավակներին, մինչև ներկա ժամանակը»:9
Եթե մենք չենք փորձում օգտագործել հայտնության այս անցուղին, մենք ապրում ենք քահանայության մեր արտոնությունից ցածր: Օրինակ՝ ոմանք հավատում են, բայց չգիտեն, որ հավատում են: Նրանք երկար ժամանակ զանազան պատասխաններ են ստանում մեղմ, բարակ ձայնի միջոցով, սակայն քանի որ այդ ոգեշնչումը շատ չնչին և աննշան է թվում, նրանք դա չեն ընդունում այնպիսին, ինչպիսին իրականում կա: Արդյունքում, նրանք թույլ են տալիս, որ կասկածը նրանց չթողնի գործադրել իրենց ներուժը որպես քահանայություն կրողներ:
Հայտնությունն ու վկայությունը միշտ չեն գալիս ճնշող ուժով: Շատերի համար վկայությունը գալիս է դանդաղ՝ փոքր բաժիններով: Երբեմն այն գալիս է աստիճանաբար, այնքան որ դժվար է հիշել այն ճշգրիտ պահը, թե երբ ենք իմացել, թե ավետարանը ճշմարիտ է: Տերը մեզ տալիս է «տող առ տող, ցուցում առ ցուցում՝ մի քիչ այստեղ և մի քիչ այնտեղ»:10
մեծանում է: Մենք սկսում ենք լույսի փոքր չափով, անգամ եթե դա հավատալու մի փոքր ցանկությունն է: Աստիճանաբար, «լույսը հարում է լույսին»11և «նա, ով ստանում է լույսը և շարունակում է Աստծո հետ, ստանում է ավելի շատ լույս. և այդ լույսն ավելի ու ավելի է պայծառանում, մինչև որ կատարյալ օր է դառնում» 12, երբ «ժամանակին մենք ստանում ենք նրա լիությունից»:13
Մտածե՛ք, թե ինչ փառահեղ բան է, երբ մեր հասկացողության աչքերը բացվում են, և անցնելով մեր երկրային սահմանափակումներից, մենք լույս ու գիտելիք ենք ստանում երկնային աղբյուրներից: Որպես քահանայություն կրողներ՝ մեր արտոնությունն ու հնարավորությունն է՝ անձնական հայտնություն փնտրել և սովորել՝ ինչպես կարող ենք Սուրբ Հոգու հաստատուն վկայության միջոցով, պարզել ճշմարտությունը մեզ համար:
Եկեք ջանասիրաբար փնտրենք անձնական ոգեշնչման լույսը: Եկեք աղաչենք, որ Տերն օժտի մեր միտքն ու հոգին հավատքի կայծով, որը մեզ հնարավորություն կտա ստանալ և ճանաչել Սուրբ Հոգու աստվածային սպասավորությունը մեր առանձնահատուկ կյանքի իրավիճակների և մեր փորձությունների և քահանայության պարտականությունների համար:
Երրորդը՝ ուրախություն գտեք քահանայության ծառայության մեջ
Որպես ավիաուղիների օդաչու, իմ կարիերայի ժամանակ,ես հնարավորություն եմ ունեցել լինելու ստուգումների և հրահանգումների ղեկավար: Այդ աշխատանքի մի մասը փորձառու օդաչուներին ստուգելն էր, հավաստիանալու համար, որ նրանք ունեին անհրաժեշտ գիտելիք ու հմտություն՝ անվտանգ և ունակ ձևով ղեկավարելու վեհաշուք մեծ օդանավերը:
Ես հայտնաբերում էի, որ կային օդաչուներ, որոնք շատ տարիներ արհեստավարժ թռչելուց հետո անգամ, չէին կորցրել մթնոլորտը բարձրանալու հուզմունքը, «կտրվելով երկրակեղևի կապերից, խնդաբեր արծաթապատ թևերով ճախրելով երկնքում»:14Նրանք սիրում էին վազող օդի հնչյունը, հզոր շարժիչների մռնչյունը, զգացումը, որ «մենակ են քամու առաջ և մութ երկնքի և աստղերի առաջ»:15Նրանց խանդավառությունը վարակիչ էր:
Կային նաև ոմանք, ովքեր կարծես պարզապես գնում էին ընթացքի հետ: Նրանք սովորել էին օդանավերի համակարգերը և կառավարումը, սակայն ինչ-որ մի տեղ՝ ճանապարհին, նրանք կորցրել էին ուրախությունը թռչելու «այնտեղ, ուր արտույտը կամ անգամ արծիվը չի թռչել»:16Օվկիանոսներ ու մայրցամաքներ անցնելիս նրանք կորցրել էին վառ արևածագով և Աստծո ստեղծագործություններով զմայլվելու իրենց զգացումը: Եթե նրանք համապատասխանում էին պաշտոնական պահանջներին, ես նրանց երաշխավորում էի, սակայն միևնույն ժամանակ ցավում էի նրանց համար:
Դուք կարող եք ձեզ հարցնել, թե արդյոք դուք էլ եք պարզապես գնում ընթացքի հետ՝ որպես քահանայություն կրողներ, անելով ինչ պահանջվում է, բայց չվայելելով այն ուրախությունը, որը պիտի լիներ ձերը: Քահանայություն ունենալը մեզ առատ հնարավորություններ է տալիս զգալու այն ուրախությունը, որով կիսվում էր Ամմոնը. «Մի՞թե մենք մեծ պատճառ չունենք ցնծալու…մենք եղել ենք գործիքներ նրա ձեռքում՝ այս մեծ ու զարմանալի գործն անելիս:Հետևաբար, եկեք հրճվենք… այո, մենք կհրճվենք Տիրոջով»:17
Եղբայրներ, մեր կրոնը ուրախությա՜ն կրոն է: Մենք լավագույնս օրհնված ենք՝ կրելու Աստծո քահանայությունը: Սաղմոսների գրքում կարդում ենք. «Երանի այն ժողովրդին, որ գիտե փողերի ձայնը. ո՜վ Տեր, նրանք քո երեսի լույսով կգնան»:18 Մենք կարող ենք վայելել այդ մեծ ցնծությունը, եթե միայն ձգտենք դրան:
Շատ հաճախ մենք մոռանում ենք վայելել երանությունը, որ գալիս է քահանայության ամենօրյա գործնական ծառայությունից: Ժամանակ առ ժամանակ, հանձնարարությունները կարող են բեռ թվալ: Եղբայրնե՛ր, եկեք չանցնենք կյանքի միջով հոգնած, մտահոգ և գանգատվելով: Մենք ապրում ենք մեր արտոնություններից ցածր, երբ թույլ ենք տալիս, որ աշխարհի խարիսխները մեզ հեռու պահեն այն լիարժեք ուրախությունից, որ գալիս է քահանայության հավատարիմ և նվիրված, հատկապես, մեր տան պատերի ներսում կատարվող ծառայությունից: Մենք ապրում ենք մեր արտոնություններից ցածր, երբ մոռանում ենք ճաշակել երջանկության, խաղաղության և ուրախության վայելքից, որ Աստված այդքան առատորեն տալիս է մեզ՝ քահանայության հավատարիմ ծառաներիս:
Եթե պատանին, որը կանուխ գալիս է եկեղեցի, որպեսզի օգնի պատրաստելու հաղորդությունը, կարծես ավելի շուտ նեղություն է զգում, քան օրհնություն, ապա ես հրավիրում եմ նրան մտածել, թե ինչ նշանակություն կարող է ունենալ այս արարողությունը ծխի մի անդամի համար, որը դժվար շաբաթ է ունեցել: Եղբայրներ, եթե ձեր տնային ուսուցումը արդյունավետ չի թվում ձեզ, ես ձեզ հրավիրում եմ հավատքի աչքով տեսնել, թե ինչ կարևորություն ունի Տիրոջ ծառայի այցելությունը մի ընտանիք, որը բազմաթիվ աննկատելի խնդիրներ ունի: Երբ դուք ըմբռնեք ձեր քահանայության ծառայության աստվածային ներուժը, Աստծո Հոգին կլցնի ձեր սիրտը և ձեր միտքը. նրա լույսը կշողա ձեր աչքերում և ձեր դեմքի վրա:
Որպես քահանայություն կրողներ՝ եկեք երբեք չկարծրանանք, որպեսզի կարողանանք հիանալ և զմայլվել նրանով, ինչ Տերը վստահել է մեզ:
Ամփոփում
Իմ թանկագին եղբայրներ, թող որ մենք ջանասիրաբար փնտրենք սովորել սուրբ քահանայության վարդապետությունը. թող որ մենք ամրապնդենք մեր վկայությունները՝ տող առ տող, ստանալով Հոգու հայտնությունները, և թող մենք իրական ուրախություն գտնենք քահանայության մեր ամենօրյա ծառայության մեջ: Անելով այս բաները՝ որպես քահանայություն կրողներ, մենք կապրենք մեր ներուժի և արտոնությունների համեմատ և կկարողանանք ասել՝ «ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով»:19 Այս մասին ես վկայում եմ՝ որպես Տիրոջ առաքյալ, և թողնում եմ ձեզ իմ օրհնությունները Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: