Կատարյալ սերը հեռացնում է վախը
Եթե դուք օգտագործեք ընձեռված հնարավորությունը և կիսվեք Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի մասին ձեր համոզմունքներով և զգացումներով, սիրո և քաջության ոգին կլինի ձեր մշտական ուղեկիցը:
Նախագահ Մոնսոն, մենք ոգևորված ենք նոր տաճարների մասին ուրախ լուրերով: Հատկապես ուրախ եմ Վայոմինգի նահանգում իմ շատ ու շատ բարեկամների համար:
Երբ աշխարհի որևէ մասում նոր տաճար է կառուցվում, Եկեղեցին անում է մի բան, որն արդեն սովորական ավանդույթ է դարձել Միացյալ Նահանգներում և Կանադայում, մենք բաց դռների օրեր ենք անցկացնում: Նոր տաճարի նվիրագործմանը նախորդող շաբաթների ընթացքում մենք բաց ենք անում դռները և հրավիրում տեղի կառավարության ղեկավարներին և կրոնական առաջնորդներին, տեղի Եկեղեցու անդամներին և այլ հավատքների մարդկանց գալ և շրջայց կատարելու նորակառույց տաճարում:
Եկեղեցուն անծանոթ մարդկանց համար սա հրաշալի առիթ է մի փոքր ավելին իմանալ մեր Եկեղեցու մասին: Նորակառույց տաճարի այցելուները հիմնականում հիանում են նրա ներքին և արտաքին գեղեցկությամբ: Նրանք տպավորվում են վարպետորեն կատարված աշխատանքով և տաճարի յուրաքանչյուր առանձնահատկության վրա մանրակրկիտ ուշադրությամբ: Ավելին, այցելուներից շատերը յուրօրինակ զգացողություններ են ապրում դեռևս չնվիրագործված տաճարում շրջայց կատարելիս: Սրանք ընդհանուր արձագանքներ են, որ լսվում են մեր բաց դռների օրերին: Սակայն այցելուների վրա ամենաշատը տպավորություն են թողնում Եկեղեցու անդամները, որոնց նրանք հանդիպում են մեր բաց դռների օրերին: Նրանք հեռանում են տպավորված իրենց հյուրընկալողներով` Վերջին Օրերի Սրբերով:
Եկեղեցին այժմ ավելի քան երբևէ ավելի մեծ ուշադրության է արժանանում ողջ աշխարհում: Լրագրողներն ամեն օր խոսում կամ գրում են Եկեղեցու մասին, պատմում են դրա բազմաթիվ միջոցառումների մասին: Միացյալ Նահանգների հայտնի լրատվամիջոցներից շատերը մշտապես քննարկումներ են ծավալում Եկեղեցու կամ դրա անդամների մասին: Այդ քննարկումները տարածվում են նաև ողջ երկրագնդով:
Եկեղեցին նաև ուշադրություն է գրավում համացանցում, որն ինչպեսգիտեք, մեծ տեղ է գրավում մարդկանց մեջ տեղեկության փոխանակման հարցում: Ողջ աշխարհում ամբողջ օրվա ընթացքում Եկեղեցին և դրա ուսմունքները քննարկվում են համացանցում, բլոգներում և սոցիալական ցանցերում մարդկանց կողմից, ովքեր երբեք լրագրության փորձ չեն ունեցել: Մարդիկ տեսանյութեր են պատրաստում և դրանք առցանց ներկայացնում: Նրանք սովորական մարդիկ են, ինչպես մեր հավատքից, այնպես էլ այլ հավատքներից, ովքեր խոսում են Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին:
Հաղորդակցության միջոցների մեջ փոփոխությունները մասնավորապես բացատրում են, թե ինչու ենք մենք՝ «Մորմոններս», ավելի քան երբևէ նկատելի: Սակայն Եկեղեցին միշտ աճում և առաջ է շարժվում: Այսօր ավելի շատ մարդիկ Եկեղեցու անդամ ընկեր կամ հարևան ունեն, և Եկեղեցու հայտնի անդամներ կան կառավարության, բիզնեսի, շոու բիզնեսի, կրթության բնագավառներում և ամենուր: Անգամ նրանք, ովքեր Եկեղեցու անդամներ չեն, նկատել են դա, և նրանք հետաքրքրվում են, թե ինչ է տեղի ունենում: Հրաշալի է, որ այդքան շատերն այժմ տեղյակ են Եկեղեցու և Վերջին Օրերի Սրբերի մասին:
Չնայած որ Եկեղեցին ավելի նկատելի է դառնում, դեռևս շատ մարդիկ կան, ովքեր չեն հասկանում այն: Ոմանք ուսուցանվել են կասկածամտորեն մոտենալ Եկեղեցուն և գործում են Եկեղեցու մասին բացասական կարծրատիպի ներքո` առանց հարցականի տակ դնելու իրենց աղբյուրն ու իսկությունը: Կա նաև բավականաչափ շատ ապատեղեկատվություն և խառնաշփոթություն Եկեղեցու և նրա սկզբունքների վերաբերյալ: Սա այդպես է եղել դեռևս Մարգարե Ջոզեֆ Սմիթի ժամանակներից ի վեր:
Ջոզեֆ Սմիթը գրել է իր պատմությունը մասամբ նաև, «որպեսզի մոլորությունից հանի հասարակական կարծիքը և բոլոր ճշմարտություն փնտրողներին տեղեկացնի փաստերին» (Ջոզեֆ Սմիթ–Պատմություն 1.1): Ճիշտ է, որ միշտ կլինեն այնպիսիք, որ կաղճատեն ճշմարտությունը և միտումնավոր կխեղաթյուրեն Եկեղեցու ուսմունքները: Սակայն Եկեղեցու մասին հարցեր ունեցողներից շատերը պարզապես ուզում են հասկանալ: Այդ արդարամիտ մարդիկ իսկապես հետաքրքրվում են մեզանով:
Եկեղեցու ավելի նկատելի դառնալը և աճող համբավը մեծ հնարավորություն են ընձեռում մեզ՝ անդամներիս: Մենք կարող ենք օգնել` «մոլորությունից հանելով հասարակական կարծիքը», և շտկելով ապատեղեկատվությունը, երբ մեզ սխալ կերպ են ներկայացնում: Ավելի կարևոր է չնայած, որ ասենք, թե ով ենք մենք:
Կան մի շարք բաներ, որ մենք կարող ենք անել, որը դուք կարող եք անել, Եկեղեցու մասին հասկացողությունը խորացնելու համար: Եթե մենք դա անենք նույն ոգով և մեզ պահենք այնպես, ինչպես տաճարի բաց դռների օրերին ենք մեզ դրսևորում, մեր ընկերներն ու մերձավորները մեզ ավելի լավ կհասկանան: Նրանց կասկածները կվերանան, բացասական կարծրատիպերը կչքանան, և նրանք կտեսնեն Եկեղեցին այնպիսին, ինչպիսին որ այն իրականում կա:
Ուզում եմ մի քանի առաջարկություններ անել, թե ինչ կարող մենք անել:
Առաջինը՝ մենք պետք է համարձակորեն հայտարարենք Հիսուս Քրիստոսի մասին: Մենք ուզում ենք մարդիկ իմանան, որ մենք հավատում ենք, որ Նա է ողջ մարդկության պատմության առանցքային կերպարը: Նրա կյանքը և ուսմունքները կազմում են Աստվածաշնչի և մեր կողմից սուրբ գրություններ համարվող մյուս գրքերի սիրտը: Հին Կտակարանը նախապատրաստում է մեզ Քրիստոսի մահկանացու ծառայությանը: Նոր Կտակարանը նկարագրում է Նրա մահկանացու ծառայությունը: Մորմոնի Գիրքը մեզ տալիս է Նրա մահկանացու ծառայության երկրորդ վկայությունը: Նա եկավ երկիր հայտարարելու Իր ավետարանի մասին որպես հիմք ողջ մարդկության համար, որպեսզի Աստծո բոլոր զավակները կարողանան Նրա մասին և Նրա ուսմունքների մասին: Այնուհետև Նա տվեց Իր կյանքը՝ դառնալով մեր Փրկիչը և Քավիչը: Միայն Հիսուս Քրիստոսի միջոցով է հնարավոր մեր փրկությունը: Ահա թե ինչու ենք մենք հավատում, որ Նա ողջ մարդկության պատմության մեջ առանցքային դեր ունի: Մեր հավերժական ճակատագիրը միշտ եղել է Նրա ձեռքերում: Փառահեղ բան է` հավատալ Նրան և ընդունել Նրան որպես մեր Փրկիչ, մեր Տեր և մեր Վարդապետ:
Մենք նաև հավատում ենք, որ միայն Քրիստոսով է հնարավոր առավելագույն բավարարվածություն, հույս և երջանկություն գտնել և՛ այս կյանքում և՛ հավերժությունների մեջ: Մեր վարդապետությունը, ինչպես ուսուցանվում է Մորմոնի Գրքում, ազդու կերպով հաստատում է. «Ուստի, դուք պետք է առաջ մղվեք Քրիստոսի հանդեպ հաստատամտությամբ՝ ունենալով հույսի կատարյալ պայծառություն, և սեր՝ Աստծո հանդեպ և բոլոր մարդկանց հանդեպ: Ուստի, եթե դուք առաջ մղվեք, սնվելով Քրիստոսի խոսքով, և համբերեք մինչև վերջ, ահա, այսպես է ասում Հայրը. Դուք կունենաք հավերժական կյանք» (2 Նեփի 31.20):
Մենք հայտարարում ենք մեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ և ընդունում ենք Նրան որպես մեր Փրկիչ: Նա կօրհնի մեզ և կառաջնորդի մեզ բոլոր գործերում: Եթե մենք տքնաջան աշխատենք մահկանացու կյանքում, Նա կամրացնի մեզ և մեզ խաղաղություն կպարգևի փորձության ժամանակ: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամները քայլում են հավատքով Նրա հանդեպ, ում Եկեղեցին է սա:
Երկրորդ՝ մարդկանց համար արդարության օրինակ եղեք: Մեր համոզմունքների մասին հայտարարելուց հետո, մենք պետք է հետևենք Ա Տիմոթեոս Դ.12-ում մեզ տրված խորհրդին. «Օրինակ եղիր հավատացյալներին խոսքով, վարքով, սիրով, հավատքով, սրբությունով»:
Փրկիչն ուսուցանել է մեր հավատքի օրինակը լինելու կարևորության մասին՝ ասելով. «Այսպես լուսավորե ձեր լույսը մարդկանց առաջին, որ ձեր բարի գործերը տեսնեն և փառավորեն ձեր Հորը, որ երկնքումն է» (Մատթեոս Ե.16):
Մեր կյանքը պետք է լինի մեծահոգության և առաքինության օրինակ, երբ փորձում ենք աշխարհի առաջ լինել Նրա օրինակը ներկայացնողները: Յուրաքանչյուրիս կատարած բարի գործերը կարող են պատիվ բերել և՛ Փրկչին, և՛ Նրա Եկեղեցուն: Երբ բարի գործեր կատարեք, լինելով պատվավոր և ազնիվ տղամարդիկ և կանայք, Քրիստոսի Լույսը կարտացոլվի ձեր կյանքում:
Հաջորդը՝ խոսեք Եկեղեցու մասին: Մեր ամենօրյա կյանքում մենք օրհնված ենք բազում հնարավորություններով կիսվելու ուրիշների հետ այն ամենով, ինչին հավատում ենք: Երբ մեր ընկերներն ու գործընկերները հետաքրքրվում են մեր կրոնական համոզմունքներով, նրանք ցանկանում են իմանալ, թե ով ենք մենք և ինչի ենք հավատում: Նրանք գուցե հետաքրքրվեն, գուցե չհետաքրքրվեն Եկեղեցով, սակայն նրանք ուզում են ավելի լավ ճանաչել մեզ:
Ես առաջարկում եմ ձեզ ընդունել նրանց հրավերը: Ձեր ընկերները չեն խնդրում, որ դուք ուսուցանեք, քարոզեք, մեկնաբանեք և հորդորեք: Նրանց ներգրավվեք երկխոսության մեջ` կիսվեք ձեր կրոնական համոզմունքներով, սակայն նաև հարցրեք նրանց համոզմունքների մասին: Չափեք նրանց հետաքրքրության աստիճանը նրանց տրված հարցից: Եթե նրանք շատ հարցեր են տալիս, խոսակցությունը կենտրոնացրեք նրանց հարցերին պատասխանելով: Միշտ հիշեք, որ ավելի լավ է նրանք հարցնեն, քան դուք պատմեք:
Որոշ անդամներ կարծես ցանկանում են Եկեղեցու իրենց անդամությունը գաղտնի պահել: Նրանք իրենց պատճառներն ունեն: Օրինակ, նրանք գուցե մտածում են, որ դա այն վայրը չէ, որտեղ կարող են կիսվել իրենց համոզմունքներով: Միգուցե վախենում են սխալվել կամ, որ իրենց կուղղեն հարցեր, որոնց չեն կարող պատասխանել: Եթե նման մտքեր եք ունենում, ես ուզում եմ խորհուրդ տալ ձեզ: Պարզապես հիշեք Հովհաննեսի խոսքերը. «Վախ չկա սերի մեջ. այլ կատարյալ սերը հեռացնում է վախը» (Ա Հովհաննես Դ.18): Եթե մենք պարզապես սիրենք Աստծուն և սիրենք մեր մերձավորներին, մեզ խոստում է տրվել, որ կհաղթահարենք մեր մտավախությունները:
Եթե վերջերս այցելել եք Mormon.org կայքը, որը Եկեղեցու կայքն է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել Եկեղեցու մասին, դուք հավանաբար տեսել եք անդամների, որոնք իրենց մասին տեղեկություն են տեղադրել: Նրանք ստեղծել են առցանց բնութագրեր, որտեղ բացատրում են, թե ովքեր են իրենք և ինչու է իրենց համար կարևոր իրենց կրոնական համոզմունքները: Նրանք խոսում են իրենց հավատքի մասին:
Մենք նման զրույցներին պետք է մոտենանք Քրիստոսանման սիրով: Մեր ձայնի երանգը, խոսելիս թե գրելիս, պետք է լինի հարգալից և քաղաքակիրթ, անկախ մյուսների պատասխաններից: Մենք պետք է լինենք ազնիվ և բաց, և փորձենք լինել հստակ մեր խոսքում: Մենք չենք ցանկանում վիճել կամ լինել պաշտպանվող:
Պետրոս Առաքյալը բացատրել է. «Այլ ձեզ կանչող Սուրբի պես, դուք էլ սուրբ եղեք ձեր բոլոր վարքերումը» (Ա Պետրոս Ա.15):
Մեր ժամանակների «վարքը» կարծես թե ավելի ու ավելի է ներառում համացանցը: Մենք խրախուսում ենք մարդկանց՝ երիտասարդ թե տարեց, օգտագործել համացանցը և սոցիալական լրատվամիջոցները լսելի դառնալու և կիսվելու իրենց կրոնական համոզմունքներով:
Համացանցում դուք գուցե պատահաբար հանդիպեք Եկեղեցու վերաբերյալ ծավալվող զրույցի: Հոգով առաջնորդվելով` մի վարանեք ձեր կարծիքը ավելացնել այդ զրույցին:
Հիսուս Քրիստոսի ավետարանի ուղերձը ոչ մի ուրիշ բանի նման չէ, որով դուք երբևէ կկիսվեք մյուսների հետ: Տեղեկատվական այս դարաշրջանում, այն աշխարհում գոյություն ունեցող ամենաարժեքավոր տեղեկությունն է: Անառարկելի է նրա գինը: Այն թանկագին մարգարիտ է (տես Մատթեոս ԺԳ.46):
Խոսելով Եկեղեցու մասին՝ մենք չենք փորձում այն իրականությունից ավելի պերճախոս ներկայացնել: Մենք կարիք չունենք գովազդել մեր ուղերձը: Մենք պետք է ազնվորեն և ուղղակիորեն ներկայացնենք ուղերձը: Եթե մենք բացենք հաղորդակցության ուղիները, Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի ուղերձը կհաստատի իրեն նրանց մոտ, ովքեր պատրաստ են ընդունելու այն:
Երբեմն կա մեծ տարբերություն, հասկացողության մի անդունդ, թե ինչպես ենք մենք ընկալում Եկեղեցին ներսից և ինչպես են մյուսները տեսնում այն դրսից: Դա է հիմնական պատճառը, որ յուրաքանչյուր նոր տաճար նվիրագործելուց առաջ, մենք բաց դռների օրեր ենք անցկացնում: Տաճարի բաց դռների օրերին կամավոր անդամները պարզապես փորձում են օգնել մարդկանց տեսնել Եկեղեցին այնպիսին, ինչպիսին որ այն իրենք են տեսնում ներսից: Նրանք համարում են, որ Եկեղեցին զարմանահրաշ աշխատանք է, անգամ հրաշք, և ցանկանում են, որ մյուսներն էլ իմանան դա: Ես խնդրում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը նույնը անի:
Ես խոստանում եմ ձեզ, որ եթե դուք օգտագործեք ընձեռված հնարավորությունը և կիսվեք Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի մասին ձեր համոզմունքներով և զգացումներով, սիրո և քաջության ոգին կլինի ձեր մշտական ուղեկիցը, քանզի` «կատարյալ սերը հեռացնում է վախը» (Ա Հովհաննես Դ.18):
Ժամանակն է օգտագործել մարդկանց հետ Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելու հնարավորությունները: Թող որ մենք պատրաստվենք, որպեսզի մեզ տրված հնարավորությունն օգտագործելով՝ մենք կիսվենք մեր հավատքով, սա իմ խոնարհ աղոթք է՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: