Աղոթքի արտոնությունը
Աղոթքը Աստծո կողմից մարդուն տրված ամենաթանկարժեք պարգևներից մեկն է:
Իմ սիրելի քույրեր և եղբայրներ, մեր Հայր Աստվածը զգացմունք չէ, ոչ էլ գաղափար է կամ ուժ: Նա սուրբ անձնավորություն է, որն ինչպես սուրբ գրություններն են ուսուցանում, ունի դեմք և ձեռքեր ու փառահեղ, հարություն առած մարմին: Նա իրական է, Նա գիտի մեզանից յուրաքանչյուրին անհատապես և Նա սիրում է մեզ՝ մեկ առ մեկ: Նա ցանկանում է օրհնել մեզ:
Հիսուսն ասել է.
«Կամ ո՞վ է ձեզանից այն մարդն, որ եթե նորանից իր որդին հաց ուզէ, մի՞թե քար կտայ նորան:
Եվ եթե ձուկ ուզէ, մի՞թէ օձ կտայ նորան:
Արդ, եթե դուք չար լինելով, գիտէք բարի պարգեւներ տալ ձեր որդկանցը, ո՞րքան ավելի ձեր Հայրը, որ երկնքումն է, բարիքներ կտայ նորանց, որ խնդրում են իրանից»: (Մատթեոս 7.9–11):
Հավանաբար, անձնական փորձառությունս կօգնի բացատրել այդ հարցը: Երբ ես Բոստոնի մանկական հիվանդանոցում մասնագիտացման ուղարկված երիտասարդ բժիշկ էի, ես աշխատում էի երկար ժամեր և հիմնականում ճանապարհորդում էի Մասաչուսետսի Վոթերթաունում գտնվող մեր տնից մինչև հիվանդանոց հեծանվով, քանի որ կինս և երիտասարդ ընտանիքս մեր մեքենայի կարիքն ունեին: Մի երեկո ես հեծանվով գնում էի տուն հիվանդանոցում շատ ժամեր աշխատելուց հետո, զգալով խիստ հոգնած և սոված և մի քիչ հուսահատված: Ես գիտեի, որ պարտավոր էի կնոջս և չորս փոքրիկ երեխաներիս տալ ոչ միայն իմ ժամանակն ու էներգիան, երբ տուն հասնեի, այլ նաև զվարթ տրամադրություն: Անկեղծ ասած ինձ համար ուղղակի դժվար էր ոտնակներն անդադար պտտելը:
Ճանապարհս անցնում էր հավի տապակա վաճառող խանութի մոտով, և ես զգում էի, որ շատ ավելի սակավ քաղցած և ավելի քիչ հոգնած կլինեի, եթե կարողանայի կանգ առնել և մի կտոր հավ ուտել տուն տանող իմ ճանապարհին: Ես գիտեի, որ նրանք տապակած հավի ազդրերի և ոտքի զեղջված վաճառք էին կատարում մեկ հատը 29 ցենտով, բայց երբ նայեցի դրամապանակիս մեջ, տեսա որ ընդամենն ունեի մեկ 5 ցենտանոց մետաղադրամ: Շարունակելով վարել հեծանիվս, ես պատմեցի Տիրոջը իմ իրավիճակի մասին և խնդրեցի, որ նա Իր ողորմության համաձայն, թույլ տար, որ ճանապարհի կողքին գտնեի մի հատ 25 ցենտանոց մետաղադրամ: Ես ասացի Նրան, որ չէի ուզում դա որպես նշան, որ ես իսկապես երախտապարտ կլինեի, եթե Նա շնորհեր ինձ այդ բարի օրհնությունը:
Ես սկսեցի ավելի ուշադիր նայել գետնին, բայց ոչինչ չտեսա: Փորձելով մնալ հավատքով լեցուն, բայց վերաբերմունքով խոնարհ, մինչ վարում էի հեծանիվս, ես մոտեցա խանութին: Ապա հավի վաճառատան փողոցի գրեթե ուղիղ հակառակ կողմում ես տեսա գետնին 25 ցենտանոց մի մետաղադրամ: Երախտագիտությամբ և հանգստացած՝ ես վերցրեցի այն, գնեցի հավով բրդուճը, հաճույքով կերա մինչև վերջին փշուրը և երջանիկ տուն վերադարձա:
Իր ողորմածությամբ երկնքի Աստվածը՝ Արարիչն ու ամենուրեք բոլոր բաների Կառավարիչը լսել էր աղոթքը մի շատ փոքր բանի վերաբերյալ: Ինչ-որ մեկը երևի հարցնի, թե ինչու էր Նա Իրեն նեղություն պատճառել այդպիսի փոքր բանի համար: Ես եկել եմ այն համոզման, որ մեր Երկնային Հայրն այնքան է սիրում մեզ, որ այն բաները, որոնք կարևոր են մեզ համար, դառնում են կարևոր Նրա համար, հենց այն պատճառով, որ Նա սիրում է մեզ: Ուրեմն որքա՞ն ավելի շատ Նա կուզենա օգնել մեզ մեր խնդրած մեծ բաներում, որոնք ճիշտ են (տես 3 Նեփի 18.20):
Փոքր երեխաներ, պատանիներ և նաև չափահասներ, խնդրում ենք հավատացեք, թե որքան շատ է ձեր սիրառատ Երկնային Հայրը կամենում օրհնել ձեզ: Բայց քանի որ Նա չի խախտի ձեր կամքի ազատությունը, մենք պետք է Նրանից օգնություն խնդրենք: Սա հիմնականում արվում է աղոթքի միջոցով: Աղոթքը Աստծո կողմից մարդուն տրված ամենաթանկարժեք պարգևներից մեկն է:
Մի առիթով Հիսուսի աշակերտները խնդրեցին. «Տեր, սովորեցրու մեզ աղոթք անել» (Ղուկաս ԺԱ.1): Ի պատասխան՝ Հիսուսը տվեց մեզ մի օրինակ, որը կարող է աղոթքի հիմնական սկզբունքների վերաբերյալ ծառայել մեզ որպես ուղեցույց (տես Ռասել Մ. Նելսոն «Դասեր Տիրոջ աղոթքներից», Լիահոնա, մայիս 2009, 46–49, տես նաև Մատթեոս Զ.9–13, Ղուկաս ԺԱ.1–4): Ըստ Հիսուսի օրինակի.
{ Մենք սկսում ենք խոսել մեր Երկնային Հոր հետ. «Մեր Հայր, որ երկնքումն ես» (Մատթեոս Զ.9, Ղուկաս ԺԱ.2): Մեր արտոնությունն է ուղղակիորեն մոտենալ մեր Հորը: Մենք չենք աղոթում որևէ այլ էակի: Հիշեք, որ մեզ խորհուրդ է տրվել խուսափել կրկնություններից, ներառյալ Հոր անունը խիստ հաճախ օգտագործելը, երբ աղոթում ենք:1
«Քո անունը սուրբ լինի» (Մատթեոս Զ.9; Ղուկաս ԺԱ.2): Հիսուսը դիմեց Իր Հորը երկրպագության ոգով, ընդունելով Նրա մեծությունը և տալով Նրան փառաբանություն և շնորհակալություն: Անշուշտ Աստծուն հարգելու և սրտառուչ ու առանձնահատուկ շնորհակալություն հայտնելու այս հարցը արդյունավետ աղոթքի բանալիներրց մեկն է:
«Քո արքայությունը գայ: Քո կամքը լինի» (Մատթեոս Զ.10, Ղուկաս ԺԱ.2): Մենք պատրաստակամորեն ընդունում ենք մեր կախվածությունը Տիրոջից և արտահայտում մեր ցանկությունը՝ Նրա կամքը կատարելու, նույնիսկ, եթե այն նույնը չէ, ինչ որ մեր կամքը: Անգլերեն Աստվածաշնչի բառարանը բացատրում է. «Աղոթքը գործողություն է, որի միջոցով Հոր և երեխայի կամքը բերվում է համաձայնության միմյանց հետ: Աղոթքի նպատակը Աստծո կամքը փոխելը չէ, այլ մեզ և ուրիշների համար օրհնություններ ապահովելը, որոնք Աստված արդեն կամենում է շնորհել, բայց որոնք մենք պետք է խնդրենք, որ ստանանք» (Bible Dictionary, “Prayer”):
«Մեր ամեն օրուայ հացը տուր մեզ այսօր» (Մատթեոս Զ.11, տես Ղուկաս ԺԱ.3): Մենք խնդրում ենք այն բաները, որոնք մենք կամենում ենք Տիրոջից: Աստծուց ինչ որ բաներ խնդրելիս ազնվությունը կարևոր է: Օրինակ լիովին ազնիվ չէր լինի Տիրոջից օգնություն խնդրել դպրոցում ստուգարքի համար, եթե ուշադրություն չեմ դարձրել դասերին, չեմ կատարել հանձնարարված տնային աշխատանքը կամ պարապել ստուգարքի համար: Հաճախ, երբ ես աղոթում եմ,Հոգին ինձ մեղմորեն հուշում է ընդունել, որ ես պետք է ավելի շատ բան անեմ այն օգնությունը ստանալու համար, որը խնդրում եմ Տիրոջից: Ուրեմն ես պետք է պարտավորվեմ և անեմ իմ մասը: Երկնային կարգին հակառակ է, որ Տերն անի մեզ համար այն, ինչ մենք կարող ենք ինքներս անել:
«Եւ թող մեզ մեր պարտքերը» (Մատթեոս Զ.4) կամ մեկ այլ տարբերակում «Եւ թող մեզ մեր մեղքերը» (Ղուկաս ԺԱ.4): Անձնական աղոթքի հիմնական և երբեմն մոռացված մաս է ապաշխարությունը: Որպեսզի ապաշխարությունը գործի, այն պետք է լինի առնաձնահատուկ, անկեղծ և տևական:
«Ինչպես մենք էլ թողնում ենք մեր պարտականներին» (Մատթեոս Զ.12, տես նաև Ղուկաս ԺԱ.4): Փրկիչը հստակ կապ է հաստատել մեր մեղքերից ներվելու և ուրիշներին ներելու միջև, ովքեր մեզ անիրավություն են արել: Երբեմն ուրիշների կողմից մեզ հասցրած անիրավությունները շատ, շատ ցավոտ են և շատ դժվար է ներել կամ մոռանալ: Այնքան երախտապարտ եմ այն սփոփանքի և բժշկության համար, որ ես գտել եմ Տիրոջ հրավերում՝ թողնելու, որ մեր ցավերը գնան, և դրանք հանձնել Իրեն: Վարդապետություն և Ուխտերի 64 բաժնում, Նա ասել է.
«Ես Տերս կներեմ, ում որ կներեմ, բայց ձեզանից պահանջվում է ներել բոլոր մարդկանց:
Եվ դուք պետք է ասեք ձեր սրրտերում. Թող Աստված դատի իմ և քո միջև, և հատուցի քեզ՝ քո գործերի համեմատ» (հատվածներ 10–11):
Ապա մենք պետք է հարցը լիովին մի կողմ դնենք, թույլ տալով, որ Տերը վերցնի դա այնտեղից, եթե մենք կամենում ենք բժշկվել:
«Եվ մի թող որ տարվենք փորձության, այլ ազատիր մեզ չարից» (Մատթեոս 6.13, ծանուցում ա; ՋՍԹ, Մատթեոս 6,14; տես նաև Ղուկաս 11.4): Այսպիսով, մեր աղոթքներում մենք կարող ենք սկսել Աստծո ողջ զրահը հագնելու պաշտպանական գործընթացը (տես Եփեսացիս Զ.11, ՎևՈՒ 27.15) ակնկալելով սպասվող օրը և խնդրելով օգնություն, երբեմն երկյուղալի բաների դեմ, որոնք կարող են մեզ հանդիպել: Իմ ընկերներ, խնդրում եմ, մի մոռացեք խնդրել Տիրոջը պաշտպանել ձեզ և լինել ձեզ հետ:
«Որովհետեւ քոնն է թագաւորութիւնը եւ զորութիւնը եւ փառքը յավիտեանս» (Մատթեոս Զ.13): Որքան ուսանելի է, որ Հիսուսն ավարտեց այս աղոթքը կրկին փառաբանելով Աստծուն և արտահայտելով Իր ակնածանքն ու հնազանդությունը Հորը: Երբ մենք իսկապես հավատում ենք, որ Աստված է կառավարում Իր թագավորությունը և որ Նա ունի ողջ զորությունն ու ողջ փառքը, մենք ընդունում ենք, որ Նա իսկապես հոգ է տանում, որ Նա սիրում է մեզ կատարյալ սիրով, և որ Նա ուզում է, որ մենք երջանիկ լինենք: Ես պարզել եմ, որ ուրախալի կյանքի գաղտնիքներից մեկը ընդունելն է, որ Տիրոջ ուղով գործեր անելը ինձ ավելի երջանիկ կդարձնի, քան իմ ձևով գործեր անելը:
Կա վտանգ, որ մարդ կարող է բավականաչափ լավ չզգալ աղոթելու համար: Այդ գաղափարը գալիս է այն չար ոգուց, որը նա է, ով սովորեցնում է մեզ չաղոթել (տես 2 Նեփի 32.8): Նույնքան ողբերգական է մտածել, որ մենք խիստ մեղսավոր ենք աղոթելու համար, որքան մի շատ հիվանդ մարդու համար հավատալն է, որ ինքը չափից ավելի հիվանդ է՝ բժշկի գնալու համար:
Մենք չպետք է ենթադրենք, անկախ նրանից թե որքան անկեղծ է այդ, որ ցանկացած աղոթք կլինի խիստ արդյունավետ, եթե աղոթք ասելն այն ամենն է, ինչ մենք անում ենք: Մենք չպետք է միայն ասենք մեր աղոթքները, մենք պետք է ապրենք դրանցով: Տերը շատ ավելի գոհ է այն մարդուց, ով աղոթում է, իսկ հետո գնում աշխատելու, քան այն մարդուց, ով միայն աղոթում է: Ճիշտ դեղի նման, աղոթքը գործում է միայն այն ժամանակ, երբ մենք օգտագործում ենք այն, ինչպես որ մեզ ուսուցանվել է:
Երբ ես ասում եմ, որ աղոթքը քաղցր արտոնություն է, դա ուղղակի միայն այն պատճառով չէ, որ ես երախտապարտ եմ Երկնային Հոր հետ խոսել կարողանալու և սուրբ Հոգին զգալու համար, երբ աղոթում եմ: Դա նաև այն պատճառով է, որ Նա իրականում պատասխանում է և խոսում մեզ հետ: Իհարկե, այն ձևը, որով Նա խոսում է մեզ հետ, սովորաբար ձայնով չէ, որը մենք լսում ենք: Նախագահ Բոյդ Ք. Փաքերը բացատրել է. «Ոգեշնչման քաղցր, հանգիստ ձայնը գալիս է ավելի շատ որպես զգացողություն, քան որպես հնչյուն: Մաքուր բանականությունը կարող է խոսվել մտքում … Այս առաջնորդությունը գալիս է որպես մտքեր, որպես զգացումներ հուշումների և տպավորությունների ձևով» (“Prayer and Promptings,” Liahona, Nov. 2009, 44):
Երբեմն մեզ թվում է, որ ոչ մի պատասխան չենք ստանում մեր անկեղծ և ջանասեր աղոթքներին: Հավատք է պահանջվում հիշելու համար, որ Տերը պատասխանում է Իր ժամանակին և Իր ձևով՝ որպեսզի լավագույն ձևով օրհնի մեզ: Կամ հետագա խորհրդածությունների ժամանակ, մենք հաճախ հասկանում ենք, որ մենք արդեն լիակատար գիտակցում ենք, թե ինչ պիտի անենք:
Խնդրում եմ մի հուսալքվեք, եթե դա չի գործում ձեզ համար անմիջապես: Ինչպես օտար լեզու սովորելիս, այն պրակտիկա է պահանջում և ջանք: Սակայն իմացեք խնդրում եմ, որ դուք կարող եք սովորել Հոգու լեզուն, և երբ դա անեք, այն կտա ձեզ մեծ հավատք և արդարակեցության ուժ:
Ինձ համար թանկ է մեր սիրելի մարգարե Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի խորհուրդը, ով ասել է. «Դիմելով բոլոր նրանց, ովքեր իմ ձայնի լսելիության սահմաններում են, ովքեր մաքառում են փոքր և մեծ մարտահրավերների և դժվարությունների դեմ, աղոթքը հոգևոր ուժ տվողն է, այն տանում է դեպի խաղաղություն: Աղոթքը միջոց է, որով մենք մոտենում ենք մեր Հորը Երկնքում, որը սիրում է մեզ: Խոսեք Նրա հետ աղոթքով, ապա լսեք պատասխանը: Հրաշքները գործվում են աղոթքի միջոցով» («Եղեք ձեր լավագույնը», Լիահոնա, մայիս 2009, 68):
Ես խորապես երախտապարտ եմ իմ սուրբ Երկնային Հորը աղոթքով մոտենալու արտոնության համար: Ես շնորհակալ եմ այն անհամար առիթների համար, որ Նա լսել է ու պատասխանել ինձ: Քանի որ Նա պատասխանում է ինձ, երբեմն էլ մարգարեական և հրաշագործ ձևով, ես գիտեմ, որ Նա ապրում է: Ես նաև խոնարհաբար վկայում եմ, որ Հիսուսը՝ Նրա սուրբ Որդին, մեր կենդանի Փրկիչն է: Սա Նրա Եկեղեցին է և թագավորությունը երկրի վրա. այս աշխատանքը ճշմարիտ է: Թոմաս Ս. Մոնսոնը, որի համար մենք ջերմեռանդորեն աղոթում ենք, Նրա մարգարեն է. այս բաների մասին ես վկայում եմ լիակատար վստահությամբ՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: