Եվ մի փոքր երեխա կառաջնորդի նրանց
Ամուսիններն ու կանայք պետք է հասկանան, որ իրենց առաջին կոչումը, որից նրանք երբեք չեն ազատվի, միմյանց և ապա իրենց երեխաների հանդեպ է:
Տարիներ առաջ, մի ցուրտ գիշեր երկաթուղային կայարանում, իմ վագոնի պատուհանը կամաց թխկացրեցին: Այնտեղ կանգնած էր մի ցրտահարված երեխա՝ հագին հին շապիկ, այտուցված ծնոտը կեղտոտ լաթով փաթաթած: Նրա գլուխը պատված էր քոսով: Նրա ձեռքին ժանգոտված թիթեղյա աման էր և գդալ, որից երևում էր, որ նա որբ մուրացկան է: Երբ փորձում էի բացել պատուհանը, որ նրան փող տայի, գնացքը սկսեց շարժվել:
Ես երբեք չեմ մոռանա այդ սովահար փոքրիկ տղային՝ կանգնած ցրտին, ձեռքին բռնած դատարկ ամանը: Ոչ էլ կմոռանամ որքան անօգնական էի ինձ զգում, երբ գնացքը սկսեց շարժվել և հեռանալ, իսկ նա մնաց կառամատույցին կանգնած:
Մի քանի տարի անց Սասկոյում, որը բարձրադիր քաղաք է Պերուի Անդերում, Երեց Ա. Թեոդոր Թաթլը և ես հաղորդության ժողով էինք անցկացնում երկար նեղ սենյակում, որի դուռը բացվում էր դեպի փողոց: Երեկո էր և երբ Երեց Թաթլը ելույթ էր ունենում, մոտ վեց տարեկան մի փոքր տղա հայտնվեց դռների մեջ: Նրա հագին մինչև ծնկները հասնող մաշված շապիկ էր:
Ձախ կողմում մի փոքր սեղանի վրա ապսեով դրված էր հաղորդության հացը: Այդ քաղցած փողոցի որբուկը տեսնելով հացը, փոքր քայլերով դանդաղ պատի երկայնքով սկսեց մոտենալ: Նա գրեթե սեղանի մոտ էր, երբ շարքից մի կին տեսավ նրան: Գլխի խիստ շարժումով նա տղային դուրս վռնդեց: Ես ներքուստ խռովվեցի:
Մի փոքր անց փոքրիկ տղան վերադարձավ: Նա պատին սեղմված մոտենում էր՝ նայելով մեկ հացին, մեկ ինձ: Երբ նա հասավ այն կետին, որտեղից այդ կինը կարող էր տեսնել նրան, ես պարզեցի ձեռքերս, և նա վազելով եկավ ինձ մոտ: Ես նրան նստեցրի ծնկներիս:
Ապա, ասես խորդանշական ձևով, ես նրան նստեցրի Երեց Թաթլի աթոռին: Փակող աղոթքից հետո այդ սովահար փոքրիկ տղան դուրս նետվեց դեպի գիշերվա մթությունը:
Երբ տուն վերադարձա, Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալին պատմեցի այդ դեպքի մասին: Նա խորապես հուզվեց և ինձ ասաց. «Դու քո ծնկների վրա էիր դրել մի ազգ»: Նա մի քանի անգամ ինձ ասաց. «Այդ փորձառությունը շատ ավելի խորը իմաստ ունի, որը դու հետո կհասկանաս»:
Ես մոտ 100 անգամ այցելել եմ Լատինական Ամերիկայի երկրներ, և ամեն անգամ փնտրում էի այդ փոքր տղային մարդկանց մեջ: Այժմ ես գիտեմ, թե ինչ ի նկատի ուներ Նախագահ Քիմբալը:
Ես հանդիպեցի ցրտից դողացող մեկ ուրիշ տղայի Սոլթ Լեյք Սիթիում: Ձմեռային ցուրտ գիշեր էր: Մենք դուրս էինք եկել հյուրանոցում տեղի ունեցած Սուրբ Ծննդյան ընթրիքից: Փողոցի ծայրից վազելով եկան վեց կամ ութ աղմկոտ տղաներ: Նրանք բոլորն էլ պետք է տանը լինեին, ոչ թե ցրտին դրսում:
Տղաներից մեկը վերարկու չուներ: Նա անընդհատ ցատկոտում էր, որպեսզի շատ չմրսեր: Նա անհետացավ փողոցի նրբանցքում, գնալով անկասկած մի փոքր խղճուկ բնակարան, որտեղ իր անկողնում չուներ բավականաչափ ծածկոցներ տաքանալու համար:
Գիշերը, երբ ծածկվում եմ վերմակով, աղոթում եմ նրանց համար, ովքեր տաք անկողին չունեն:
Ես Ճապոնիայի Օսակայում էի, երբ Երկրորդ Համաշխարհայինն ավարտվեց: Քաղաքը քանդուքար էր, փողոցներում ամենուր թափված էին քարեր ու աղբ, ռումբերից առաջացած փոսեր կային: Թեպետ ծառերի մեծ մասը վնասվել էր, մի քանիսը դեռևս կանգուն էին կոտրտված ճյուղերով ու ճեղքված բներով, որոնք քաջություն էին ունեցել տերևներով մի քանի շյուղեր արձակել:
Մի փոքրիկ աղջնակ, հագին մաշված գունավոր կիմանո, թխկենու դեղին տերևների փունջ էր հավաքում: Այդ փոքրիկը կարծես անտեղյակ շուրջը տիրող ավերածություններից, մագլցում էր քարաբեկորների վրա՝ իր փնջին նոր տերևներ ավելացնելով: Նա գտել էր իր աշխարհում մնացած միակ գեղեցկությունը: Պետք է ասեմ, որ նա էր իր աշխարհի գեղեցիկ մասը: Նրա մասին մտածելիս հավատքս աճում է: Այդ աղջնակը հույսի մարմնացում էր:
Մորմոնն ուսուցանել է, որ «փոքր երեխաները կենդանի են Քրիստոսով»1 և ապաշխարելու կարիք չունեն:
Անցյալ դարի սկզբներին երկու միսիոներներ էին ծառայում Միացյալ Նահանգների հարավային լեռներում: Մի օր սարի գագաթից նրանք տեսան, որ հեռվում մարդիկ են հավաքվել: Միսիոներները հազվադեպ էին քարոզելու նման հնարավորություն ունենում, այնպես որ նրանք իջան ներքև՝ հովիտ:
Փոքր տղա էր խեղդվել և թաղում պետք է լիներ: Նրա ծնողները սպասում էին, որ քահանան գար և «խոսք ասեր» իրենց որդու համար: Միսիոներները մի փոքր հեռու կանգնած էին, երբ շրջիկ քահանան դառնալով դեպի սգացող հայրը և մայրը, սկսեց իր քարոզը: Եթե ծնողները ակնկալում էին սփոփանք ստանալ այդ հանդերձով մարդուց, նրանք պետք է հուսահատվեին:
Նա խիստ հանդիմանեց նրանց, որ տղային չէին մկրտել: Նրանք մկրտությունը հետաձգել էին ամեն անգամ մի պատճառով, իսկ այժմ արդեն ուշ էր: Նա շատ կտրուկ ասաց նրանց, որ այդ տղան գնացել է դժոխք, իրենց մեղքով: Նրանք պետք է մեղադրվեին իրենց երեխայի անվերջ տանջանքի համար:
Երբ քարոզն ավարտվեց և գերեզմանը ծածկվեց, երեցները մոտեցան վշտահար ծնողներին: «Մենք Տիրոջ ծառաներն ենք,- ասացին մորը,- և ձեզ ուղերձ ունենք հաղորդելու»: Հեծկլտացող ծնողները լսում էին, ինչպես երկու երեցները կարդացին հայտնություններից և իրենց վկայությունը բերեցին կենդանիների և մահացածների փրկագնման բանալիների վերականգնման մասին:
Ես ինչ-որ տեղ կարեկցում եմ այդ քարոզչին: Նա գործում էր իր ունեցած լույսի և գիտելիքի համաձայն: Բայց կա ավելին, որ նա պետք է կարողանար առաջարկել: Դա ավետարանի լիությունն է:
Երեցները եկան որպես սփոփողներ, ուսուցիչներ, Տիրոջ ծառաներ, որպես Հիսուս Քրիստոսի ավետարանի լիազորված սպասավորներ:
Այդ երեխաները, որոնց մասին ես խոսեցի, ներկայացնում են մեր Երկնային Հոր բոլոր զավակներին: «Ահա որդիքը Տիրոջ ժառանգությունն են … երանի այն մարդին որ իր կապարճը նորանցով լցրեց»:2
Կյանքի ստեղծումը մեծ պատասխանատվություն է ամուսնացած զույգի համար: Արժանի և պատասխանատու ծնող լինելը մահկանացու կյանքի մարտահրավերն է: Ոչ տղամարդը, ոչ էլ կինը չեն կարող միայնակ երեխաներ ունենալ: Նախասահմանված է, որ երեխաները պետք է ունենան երկու ծնող՝ և հայր և մայր, և դա չի կարող փոխարինվել ոչ մի այլ եղանակով կամ գործընթացով:
Տարիներ առաջ մի կին արտասվելով պատմեց ինձ, որ քոլեջում ուսանելիս իր ընկերոջ հետ միասին նա լուրջ սխալ էր կատարել: Ընկերը պայմանավորվել էր արհեստական վիժեցում կատարելու համար: Նրանք ժամանակին ավարտեցին ուսումը, ամուսնացան և մի քանի երեխաներ ունեցան: Այդ կինն ասաց ինձ, թե ինչպիսի տառապանք է զգում իր ընտանիքին, իր գեղեցիկ երեխաներին նայելիս, երբ մտքով տեսնում է այդ բացակայող երեխայի դատարկ տեղը:
Եթե այդ զույգը հասկանա և կիրառի Ավետարանը, նրանք կիմանան, որ այդ փորձառությունները և իրենց կեղեքող ցավը կարող են ջնջվել: Ոչ մի ցավ հարատև չի: Հեշտ չէ, և չի ենթադրվում, որ կյանքը պետք է հեշտ կամ արդար լինի: Ապաշխարությունը և տևական հույսը, որ գալիս է ներումից, միշտ կարժենան ջանքին:
Մեկ այլ երիտասարդ զույգ արտասվելով պատմեց ինձ, որ հենց նոր բժշկի մոտից են գալիս, որը նրանց ասել է, որ չեն կարող իրենց երեխաներն ունենալ: Նրանք հուզված էին այդ սրտակեղեք լուրից: Նրանք զարմացան, երբ ես ասացի, որ իրականում իրենք շատ բախտավոր են: Նրանց ապշեցրեց իմ խոսքը: Ես ասացի, որ նրանց վիճակը շատ ավելի լավ է, քան այն զույգերի, ովքեր կարող են դառնալ ծնող, սակայն հրաժարվում են և եսասիրաբար խուսափում են այդ պատասխանատվությունից:
Ես նրանց ասացի. «Առնվազն դուք ուզում եք երեխաներ, և այդ ցանկությունը ի օգուտ ձեզ կլինի և երկրային կյանքում և դրանից հետո, որովհետև այն կպարգևի հոգևոր և զգայական կայունություն: Վերջիվերջո, դուք շատ ավելի լավ վիճակում կլինեք, որովհետև դուք ցանկացել եք երեխաներ և չեք կարողացել ունենալ, ի տարբերություն նրանց, ովքեր կարողացել են, սակայն չեն ցանկացել երեխաներ ունենալ:
Կան մարդիկ, որ չեն ամուսնանում և մնում են առանց երեխաների: Որոշ կանայք կամ տղամարդիկ էլ, իրենց համար անցանկալի հանգամանքերում հայտնվելով, երեխաներին միայնակ են մեծացնում: Դրանք ժամանակավոր իրավիճակներ են: Եթե ոչ մահկանացու կյանքում, ապա հավերժության մեջ արդար իղձերն ու ցանկությունները կիրականանան:
«Եթե միայն այս կյանքումն ունինք հույս Քրիստոսի վրա, ամեն մարդկանցից ավելի ողորմելի ենք»:3
Եկեղեցու գործունեության հիմնական նպատակն է՝ տեսնել ամուսինը, կինը և իրենց երեխաները երջանիկ իրենց տանը, ավետարանի սկզբունքներով պաշտպանված, հավիտենական քահանայության ուխտերով ապահով կնքված: Ամուսիններն ու կանայք պետք է հասկանան, որ իրենց առաջին կոչումը, որից նրանք երբեք չեն ազատվի, միմյանց և ապա իրենց երեխաների հանդեպ է:
Ծնող լինելու մեծ հայտնագործություններից մեկն այն է, որ մենք մեր երեխաներից շատ ավելին ենք սովորում այն մասին, թե իրականում ինչն է ավելի կարևոր, քան երբևէ սովորել ենք մեր ծնողներից: Մենք հասկանում ենք Եսայիայի մարգարեության ճշմարտությունը, որ «մի փոքր երեխա կառաջնորդի նրանց»:4
Երուսաղեմում «Հիսուսն իր մոտ մի երեխա կանչելով, նրան կանգնեցրեց նրանց մեջտեղը.
Եվ ասաց. Ճշմարիտ ասում եմ ձեզ. եթե դարձ չգաք և չլինիք երեխաների նման, չեք մտնիլ երկնքի արքայությունը:
Արդ ով որ իր անձը այս երեխայի նման խոնարհեցնե, նա է մեծ երկնքի արքայության մեջ»:5
«Հիսուսն ասաց. Թույլ տվեք այդ երեխաներին՝ և դրանց մի արգելեք ինձ մոտ գալ. որովհետև այդպիսիներին է երկնքի արքայությունը:
Եվ նրանց վրա ձեռք դրավ, և այնտեղից գնաց»:6
Մորմոնի Գրքում մենք կարդում ենք Նոր Աշխարհ Հիսուս Քրիստոսի այցելության մասին: Նա բժշկեց և օրհնեց մարդկանց և պատվիրեց, որ փոքր երեխաներին բերեն Իր մոտ:
Մորմոնը գրել է. «Նրանք բերեցին իրենց փոքր երեխաներին և դրեցին նրանց ներքև՝ գետնի վրա, նրա շուրջը, և Հիսուսը կանգնեց մեջտեղում. և բազմությունը ճանապարհ տվեց, մինչև նրանք բոլորը բերվեցին նրա մոտ»:7
Ապա Նա պատվիրեց մարդկանց ծնկի իջնել: Երեխաներով շրջապատված մեր Փրկիչը ծնկի իջավ և աղոթեց մեր Երկնային Հորը: Աղոթքից հետո Փրկիչն արտասվեց, և «նա վերցրեց նրանց փոքր երեխաներին, մեկ առ մեկ, և օրհնեց նրանց, և նրանց համար աղոթեց Հորը:
Եվ երբ նա արեց այս, նա կրկին արտասվեց»:8
Ես կարող եմ հասկանալ երեխաների հանդեպ Փրկչի արտահայտած զգացմունքները: Դեռ շատ բան կա սովորելու, հետևելով Նրա օրինակին՝ ձգտելով աղոթել «այդ փոքրիկների»9 համար, օրհնել և ուսուցանել նրանց:
Ես 11 երեխաներով ընտանիքի 10-րդ երեխան էի: Որքան գիտեմ, ոչ հայրս և ոչ էլ մայրս չեն ծառայել Եկեղեցու աչքի ընկնող պաշտոնում:
Նրանք հավատարմորեն ծառայել են որպես ծնող իրենց ամենակարևոր կոչման մեջ: Մեր հայրը ղեկավարել է մեր տունը արդարակեցության մեջ, երբեք չբարկանալով և չվախեցնելով: Եվ մեր հոր վառ օրինակը զորանում էր մեր մոր մեղմ խորհրդով: Ավետարանը հզոր ազդեցություն ունի Փաքերների ընտանիքից յուրաքանչյուրի կյանքում և մյուս սերնդի, մյուս, և մյուս, որքանով որ տեսել ենք:
Հուսով եմ, կորակվեմ որպես իմ հոր նման լավ մարդ: Նախքան Երկնային Հորից գովեստի խոսքեր լսելը, հուսով եմ նախ այդ խոսքերը կլսեմ իմ մահկանացու հորից:
Շատ անգամներ եմ մտածել, թե ինչու պետք է կանչվեի որպես Առաքյալ և ապա Տասներկուսի Քվորումի Նախագահ, չնայած որ դուրս եմ եկել մի ընտանիքից, որի հայրը կարող էր համարվել ոչ ակտիվ: Ես Տասներկուսի մեջ նման բնութագիր ունեցող միակ անդամը չեմ:
Ի վերջո, ես կարողացա տեսնել և հասկանալ, որ միգուցե այդ հանգամանքով էր պայմանավորված իմ կանչվելը: Եվ ես կարողացա հասկանալ, ինչու Եկեղեցու ողջ գործունեության մեջ մենք՝ ղեկավարներս, պետք է հնարավորություն տանք ծնողներին և երեխաներին, որպեսզի ընտանիքով միասին լինելու ժամանակ ունենան: Քահանայության ղեկավարները պետք է ուշադիր լինեն, որ Եկեղեցին դառնա օրհնություն ընտանիքի համար:
Հիսուս Քրիստոսի ավետարանով ապրելու առումով կան բազմաթիվ բաներ, որ չեն կարող չափվել ըստ հաճախելիության թղթերում գրանցված թվերի: Մենք զբաղված ենք շենքերով, բյուջեներով, ծրագրերով և ընթացակարգերով: Այդ պատճառով, հնարավոր է, աչքից վրիպի Հիսուս Քրիստոսի ավետարանի բուն ոգին:
Շատ հաճախ ինձ մոտ են գալիս և ասում. «Նախագահ Փաքեր, լավ չէր լինի՞, եթե …»:
Ես սովորաբար ընդհատում եմ նրանց և ասում «ոչ», որովհետև կասկածում եմ, որ դրանից հետո նրանք կնշեն մի նոր միջոցառում կամ ծրագիր, որը կավելացնի ընտանիքի ժամանակային և ֆինանսական բեռը:
Ընտանիքի ժամանակը սուրբ ժամանակ է, և այն պետք է պաշտպանվի և հարգվի: Մենք հորդորում ենք մեր անդամներին՝ նվիրվածություն ցուցաբերել իրենց ընտանիքներին:
Երբ մենք ամուսնացանք, կինս և ես որոշեցինք, որ կընդունենք մեր երեխաներին՝ աշխարհ բերելով նրանց և մեծացնելով: Ժամանակի ընթացքում նրանք իրենց ընտանիքները կազմեցին:
Մեր ամուսնության ընթացքում երկու անգամ մեր երկու փոքր տղաների ծնվելու ժամանակ բժիշկը մեզ ասել է. «Չեմ կարծում, որ կկարողանաք պահել այս մեկին»:
Երկու անգամ էլ մենք ասել ենք, որ կտանք մեր կյանքը, միայն թե մեր փոքրիկը ապրի: Այդ առաջարկի ժամանակ մենք գիտակցել ենք, որ այդ նվիրվածությունը նման է այն զգացմունքին, որ Երկնային Հայրը տածում է յուրաքանչյուրիս հանդեպ: Ինչպիսի աստվածային միտք:
Այժմ մեր կյանքի մայրամուտին, Քույր Փաքերը և ես հասկանում ենք և վկայություն ունենք, որ ընտանիքները կարող են հավերժ լինել: Եթե հնազանդվենք պատվիրաններին և լիովին ապրենք ավետարանով, մենք կպաշտպանվենք և կօրհնվենք: Մեր զավակների, թոռների և ծոռների հետ մեր աղոթքն է, որ մեր աճող ընտանիքից յուրաքանչյուրն այդ նույն նվիրվածությունն ունենա այդ թանկագին փոքրիկների հանդեպ:
Հայրեր և մայրեր, երբ մյուս անգամ ձեր ձեռքերի մեջ առնեք նորածին մանկանը, կարող եք ներքին տեսիլք ունենալ կյանքի խորհուրդների և նպատակների մասին: Դուք ավելի լավ կհասկանաք, թե ինչու է Եկեղեցին հենց այսպիսին և ինչու է ընտանիքը հիմնական կազմակերպությունը ժամանակի և հավերժության մեջ: Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը ճշմարիտ է, որ փրկագնման ծրագիրը, որը կոչվել է երջանկության ծրագիր, ընտանիքների համար ծրագիր է: Ես աղոթում եմ Տիրոջը, որ Եկեղեցու ընտանիքները օրհնվեն, ծնողները և զավակները, որ այս աշխատանքը առաջ ընթանա Հոր ծրագրով: Ես բերում եմ այս վկայությունը Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: