2010–2019 թթ․
Չորս կոչում
Ապրիլ 2013


19:19

Չորս կոչում

Ես ցանկանում եմ առաջարկել չորս կոչում ... որոնք կարող են օգնել մեզ հասկանալ մեր դերը Աստծո հավերժական ծրագրում և մեր ներուժը՝ որպես քահանայություն կրողներ:

Իմ թանկագին եղբայրներ և սիրելի ընկերներ, սիրտս լցված է երախտագիտությամբ և ուրախությամբ, որ ձեզ հետ եմ այսօր: Ես գովաբանում եմ ձեզ՝ հայրեր և պապեր, որ բերել եք ձեր որդիներին ու թոռներին: Շնորհավորում եմ ձեզ, երիտասարդ տղաներ, այստեղ գալու ընտրության առթիվ: Սա այն տեղն է, որտեղ դուք պետք է լինեք: Հուսով եմ, որ դուք կկարողանաք զգալ այն եղբայրությունը, որ միավորում է մեզ, իմ աղոթքն է, որ այստեղ, ձեր եղբայրների շրջապատում, դուք գտնեք ընդունելություն, աջակցություն և ընկերություն:

Տղամարդիկս, երբեմն, մեզ բնորոշում ենք կոչումներով: Մեզանից շատերն ունեն բազմաթիվ կոչումներ և յուրաքանչյուրն ինչ-որ մի կարևոր բան է ասում մեր ինքնության մասին: Օրինակ, որոշ կոչումներ բնութագրում են մեր դերը ընտանիքում, ինչպիսիք են՝ որդի, եղբայր, ամուսին և հայր կոչումները: Կան կոչումներ, որոնք նկարագրում են մեր մասնագիտությունն աշխարհում, ինչպիսիք են՝ բժիշկ, զինվոր կամ արհեստավոր կոչումները: Կան նաև կոչումներ, որոնք նկարագրում են մեր դիրքը Եկեղեցում:

Այսօր ես ցանկանում եմ առաջարկել չորս կոչում, որոնք կարծում եմ, վերաբերում են բոլոր քահանայություն կրողներին՝ աշխարհով մեկ, կոչումներ, որոնք կարող են օգնել մեզ ճանաչել մեր դերը Աստծո հավերժական ծրագրում և հասկանալ մեր ներուժը՝ որպես քահանայություն կրողներ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում:

Երկնային Հոր Որդի

Մի կոչում, որն առավել հիմնարար ձևով բնորոշում է բոլորիս՝ Երկնային Հոր որդի կոչումն է: Անկախ նրանից, թե ինչ պետք է մենք անենք կյանքում, մենք երբեք չպետք է մոռանանք, որ մենք, բառացիորեն, Աստծո հոգևոր զավակներն ենք: Մենք Նրա զավակներն էինք նախքան այս աշխարհ գալը, և մենք ընդմիշտ նրա զավակները կլինենք: Այս հիմնարար ճշմարտությունը պետք է փոխի այն, թե ինչպես ենք մենք վերաբերվում ինքներս մեզ, մեր եղբայրներին ու քույրերին և առհասարակ կյանքին:

Ցավոք, մեզանից ոչ ոք չի ապրում այդ կոչման համապատասխան, «որովհետեւ ամենքը մեղանչեցին, եւ Աստուծոյ փառքիցը պակասուած են»:1

Գիտելիքը, որ Աստծո որդի ես, բայց այդ կոչման չափով չես կարողանում ապրել, կարող է, երբեմն, հուսահատեցնող լինել: Հակառակորդը սիրում է օգտվել այդ զգացումներից: Սատանան ցանկանում է, որ ինքդ քեզ բնորոշես քո մեղքերով, այլ ոչ թե քո աստվածային ներուժով: Եղբայրներ, մի՛ լսեք նրան:

Բոլորս տեսել ենք մանուկին քայլել սովորելիս: Նա մի փոքրիկ քայլ է անում և երերում է: Նա ընկնում է: Արդյոք մենք հանդիմանո՞ւմ ենք նման փորձը: Իհարկե, ո՛չ: Ո՞ր Հայրը կպատժի իր մանուկին սայթաքելու համար: Մենք խրախուսում ենք, ողջունում ենք և գովաբանում ենք, քանի որ յուրաքանչյուր փոքր քայլի հետ երեխան ավելի շատ է նմանվում իր ծնողներին:

Արդ, եղբայրներ, եթե համեմատենք Աստծո կատարելության հետ, մենք՝ մահկանացուներս, նկուն, անվստահ մանուկներ ենք: Բայց մեր սիրող Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք ավելի շատ նմանվենք Իրեն և դա, իմ թանկագիր եղբայրներ, պետք է լինի նաև մեր Հավերժական նպատակը: Աստված հասկանում է, որ մենք դրան հասնում ենք ոչ թե մի ակնթարթում, այլ քայլ առ քայլ:

Ես չեմ հավատում այնպիսի Աստծո, որը ստեղծած կլիներ կանոններ ու պատվիրաններ միայն նրա համար, որ մենք ձախողվեինք, իսկ Նա մեզ պատժեր: Ես հավատում եմ Երկնային Հոր, որը սիրող և հոգատար է, և որն ուրախանում է մեր ոտքի կանգնելու և նրա ուղղությամբ քայլելու բոլոր ջանքերով: Նույնիսկ երբ սայթաքում ենք, նա մեզ կոչ է անում չհուսալքվել, երբեք չհանձնվել, ոչ էլ փախչել մեզ բաժին ընկած ծառայության դաշտից, այլ քաջ լինել, հավատքը վերգտնել և շարունակել ջանք գործադրել:

Մեր Երկնային Հայրը դաստիարակում է իր երեխաներին և հաճախ անտեսանելի երկնային օգնություն է ուղարկում նրանց, ովքեր ցանկանում են հետևել Փրկչին:

Հիսուս Քրիստոսի աշակերտ

Եվ դա մեզ բերում է դեպի հաջորդ կոչման, որը բոլորս կիսում ենք. բոլոր նրանք, ովքեր լրջորեն ձգտում են հետևել Քրիստոսին, համարվում են Նրա աշակերտները: Թեև ընդունում ենք, որ մեզանից ոչ ոք կատարյալ չէ, մենք չենք օգտագործում այդ փաստը որպես արդարացում, որպեսզի իջեցնենք մեր ակնկալիքները՝ ապրենք մեր արտոնություններից ցածր, հետաձգենք մեր ապաշխարությունը կամ հրաժարվենք աճել՝ մեր Վարդապետի և Թագավորի ավելի լավը, ավելի կատարյալ, ավելի մաքուր հետևորդներ դառնալով:

Հիշեք, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին չի հիմնվել կատարյալ տղամարդկանց և կանանց համար, ոչ էլ նրանց համար, ովքեր կատարյալ են կամ ազատված են մահկանացու գայթակղություններից, այլ ինձ և ձեր նման մարդկանց համար: Եվ այն կառուցված է մեր Քավչի՝ Տեր Հիսուս Քրիստոսի վեմի2 վրա, ում Քավությամբ մենք կարող ենք մաքրվել և դառնալ «Աստծո ընտանիքի համաքաղաքացիներ»:3

Առանց Հիսուս Քրիստոսի Քավության, կյանքը կլիներ մահվան մատնված ճանապարհ՝ առանց հույսի կամ ապագայի: Իսկ երբ կա Քավությունը, կյանքը ազվացնող, ոգեշնչող՝ աճի և զարգացման ճանապարհ է, որը տանում է դեպի հավերժական կյանք մեր Երկնային Հոր ներկայության մեջ:

Մինդեռ Քավությունը նախատեսված է մեզ օգնելու, որ ավելի շատ նմանվենք Քրիստոսին, այն նախատեսված չէ բոլորիս նույնը դարձնելու համար: Երբեմն, մենք շփոթում ենք անձի տարբերությունը մեղքի հետ: Մենք կարող ենք նույնիսկ սխալվել, մտածելով, որ քանի որ մեկը տարբերվում է մեզանից, նշանակում է, նա հաճելի չէ Աստծոն: Մտածողության այդ ուղին տանում այն համոզմունքին, որ Եկեղեցին բոլոր անդամներին ցանկանում է ստեղծել մի կաղապարից, որպեսզի յուրաքանչյուրն ունենա նույն արտաքին տեսքը, նույն բանը զգա, նույն ձևով մտածի և բոլորի նման վարվի: Դա հակասում է Աստծո հանճարին, որը յուրաքանչյուր տղամարդու ստեղծել է իր եղբորից տարբեր, յուրաքանչյուր որդու՝ իր հորից տարբեր: Նույնիսկ միանման երկվորյակները նույնը չեն իրենց անձի ու հոգու էությամբ:

Այն հակասում է նաև Հիսուս Քրիստոսի Եկեղեցու մտադրությանն ու նպատակին, որն ընդունում և պաշտպանում է Աստծո զավակներից յուրաքանչյուրի կամքի բարոյական ազատությունը՝ իր բոլոր հեռու գնացող հետևանքներով: Որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ` մենք միասնական ենք վերականգնված ավետարանի մեր վկայությամբ և Աստծո պատվիրանները պահելու մեր պարտավորությամբ: Բայց մենք տարբեր ենք մեր մշակութային, սոցիալական և քաղաքական նախասիրություններով:

Եկեղեցին բարգավաճում է, երբ մենք օգտվում ենք այս բազմազանությունից և խրախուսում միմյանց զարգացնել և օգտագործել մեր տաղանդները, որպեսզի բարձրացնենք և ամրապնդենք մեր ընկերակից աշակերտներին:

Եղբայրներ, աշակերտությունը Փրկչին հետևելու կյանքի տևողությամբ ճամփորդություն է: Բեթլեհեմից Գողգոթա տանող այլաբանական մեր ճամփորդության ժամանակ շատ առիթներ կլինեն ճանապարհից հրաժարվելու: Երբեմն մեզ կթվա, որ ճանապարհը մեր հուսացածից ավելին է պահանջում: Սակայն որպես քահանայության տղամարդիկ, պետք է քաջություն ունենանք հետևելու մեր Քավչին, նույնիսկ այն ժամանակ, երբ մեր խաչը կրելը շատ ծանր է թվում:

Աստծո Որդուն հետևելու ամեն քայլափոխին մենք հնարավոր է հիշենք, որ դեռ կատարյալ չենք: Բայց եկեք լինենք կայուն և հաստատակամ ​​աշակերտներ: Եկեք չհանձնվենք: Եկեք հավատրիմ լինենք մեր ուխտերին: Եկեք երբեք չկորցնենք մեր Բարեխոսի ու Քավչի հորիզոնը մինչ քայլում ենք դեպի Նա՝ առաջ գնալով անկատար քայլերով:

Հոգիներ բժշկող

Եղբայրներ, եթե իրապես հետևում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, մենք պետք է ընդունենք երրորդ՝ հոգիներ բժշկողի կոչումը: Մենք, որ կարգվել ենք Աստծո քահանայության, կոչված ենք տիրապետելու «բժշկելու արվեստին»:4

Մեր գործն է կառուցել, վերանորոգել, ամրացնել, բարձրացնել և ամբողջական դարձնել: Մեր հանձնարարականն է՝ հետևել Փրկչի օրինակին և օգնության հասնել նրանց, ովքեր տառապում են: Մենք «սգում ենք նրանց հետ, ովքեր սգում են.... և մխիթարում ենք նրանց, ովքեր կարիք ունեն մխիթարության»:5 Մենք կապում ենք չարչարվածի վերքերը: Մենք «սատարում ենք թույլերին, բարձրացնում ընկած ձեռքերը և ամրացնում տկար ծնկները»:6

Մենք բժշկող ենք՝ որպես տնային ուսուցիչներ: Մենք բժշկող ենք՝ որպես քահանայության ղեկավարներ: Մենք պետք է հավատարիմ և նվիրված բժշկող լինենք՝ որպես հայրեր, որդիներ, եղբայրներ և ամուսիններ: Մի ձեռքում մենք կրում ենք նվիրագործված յուղի սրվակ՝ հիվանդին օրհնելու համար. մյուս ձեռքում ունենք մի նկանակ հաց՝ սովածին կերակրելու համար. իսկ մեր սրտում կրում ենք Աստծո խաղաղ խոսքը, որը «բժշկում է վիրավոր հոգին»:7

Դա մեր առաջնային և գլխավոր պատասխանատվությունն է՝ որպես քահանայություն կրողներ, և դա վերաբերում է և՛ Ահարոնյան, և՛ Մելքիսեդեկյան քահանայություն կրողներին: Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը կյանքեր է օրհնում ոչ միայն այն ժամանակ, երբ մենք հավատում ենք, այլ ավելի շատ այն ժամանակ, երբ ապրում ենք հավատքով: Ավետարանի սկզբունքների կիրառման ժամանակ է որ անհատները և ընտանիքներն ուժեղանում են: Մեր արտոնությունն ու պատասխանատվությունն է՝ ոչ միայն ճիշտը խոսել, այլ նաև ճիշտը գործել:

Փրկիչը գործում է հրաշքներ: Նա մեծ Բժիշկն է: Նա մեր օրինակն է, մեր լույսը, նույնիսկ ամենամութ պահերին, և Նա մեզ ցույց է տալիս ճիշտ ճանապարհը:

Եկեք հետևե՛նք Նրան: Եկեք բարձրանանք հասնենք մեր կոչմանը և դառնանք բժշկող՝ ծառայելով Աստծուն և մեր մերձավորին:

Հավերժական կյանքի ժառանգորդ

Չորրորդ կոչումը, որը բոլորս կիսում ենք, մեզ վերադարձնում է մեր ցուցակի առաջին կոչմանը: Որպես մեր Երկնային Հոր զավակներ՝ բոլորս ժառանգներ ենք այն ամենի, ինչ Նա ունի:

«Նոյն ինքն Հոգին վկայութիւն է տալիս մեր հոգուն հետ, որ մենք Աստուծոյ որդիք ենք։

Եւ եթէ որդիք՝ ապա ժառանգներ էլ, Աստուծոյ ժառանգներ եւ Քրիստոսի ժառանգակիցներ. որ եթէ նորա չարչարանքներին կցորդ ենք՝ փառքին էլ մասնակից լինինք»։8

Մտածեք այս մասին, սիրելի եղբայրներ: Մենք Քրիստոսի ժառանգակիցնե՛ր ենք:

Ուրեմն իմաստ ունի՞, որ մեզանից շատերը մեր արժեքավոր ժամանակից, մտքերից, միջոցներից ու էներգիայից այդքան շատ ծախսում ենք, հետամուտ լինելով հեղինակության կամ ունեցվածքի, կամ էլ թույլ ենք տալիս, որ նորագույն ու զարմանահրաշ էլեկտրոնային հարմարանքներն այդքան շատ զվարճեցնեն մեզ:

Տերը մեր առջև դրել է աստվածային խոստում, որ «ովքեր հավատարիմ են այս երկու քահանայությունները ստանալու.... և իրենց կոչումը մեծարելու.... ընդունում են ինձ, ասում է Տերը.... Եվ նա, ով ընդունում է ինձ, ընդունում է իմ Հորը.... Հետևաբար, այն ամենն, ինչ իմ Հայրն ունի, կտրվի նրան»:9

Իմ մտքի զորությունից վեր է պատկերացնել այն ամենն, ինչ այդ խոստումը ներառում է: Սակայն գիտեմ, որ այն մեծ է, այն աստվածային է, այն հավերժական է, և դրա համար արժե ներդնել մեր կյանքի բոլոր ջանքերը:

Իմանալով դա, ինչպե՞ս կարող ենք հաճույքով ու ուրախությամբ չծառայել Տիրոջը և մեր մերձավորներին և ինչպե՞ս կարող ենք չապրել Աստծո քահանայության մեր պարտականությունների բարձրության վրա:

Սա ամենավսեմ աշխատանքն է, որը կպահանջի մեր բոլոր զգայարանները և կլարի մեր բոլոր կարողությունները: Մենք ցանկանո՞ւմ ենք տեսնել երկինքները բաց և նկատել, թե ինչպես են Սուրբ Հոգու հուշումները ճանապարհը ցույց տալիս մեզ: Ուրեմն, եկեք վերցնենք մեր մանգաղը և ողջ մեր զորությունը ներդնենք այս մեծ աշխատանքի համար՝ աշխատանք, որն շատ ավելի՛ մեծ է, քան մենք ինքներս:

Աստծուն և մեր մերձավորին ծառայելը կպարտավորեցնի և կփոխակերպի մեզ՝ դարձնելով մեր պատկերացրածից շատ ավելի լավը:

Գուցե մտածում եք, որ ձեր կարիքն առանձնապես չի զգացվում, որ դուք անտեսված եք կամ ցանկալի չեք, որ դուք տեղ չունեք:

Ինձ համար մեծ ցավ կլինի իմանալ, որ որևէ քահանայություն կրող այսպես է զգում իրեն: Անկասկած, դուք ցանկալի եք ձեր Երկնային Հոր համար, և Նա չի անտեսել ձեզ: Նա սիրում է ձեզ: Եվ ես ձեզ վստահեցնում եմ, որ դուք պե՛տք եք նաև ձեր եկեղեցուն:

Դուք գիտե՞ք, որ «Այս աշխարհքի յիմարներին Աստուած ընտրեց՝ որ ամաչեցնէ իմաստուններին. Եւ աշխարհքիս տկարներին Աստուած ընտրեց՝ որ ամաչեցնէ զօրաւորներին»։10

Գուցե ճիշտ է, որ մենք թույլ ենք: Գուցե մենք իմաստուն չենք, ոչ էլ հզոր: Բայց երբ Աստուած գործում է մեր միջոցով, ոչ ոք և ոչինչ չի կարող դեմ կանգնել մեզ:11

Սա է պատճառը, որ ձեր կարիքը կա: Դուք ունեք ուրույն ներդրում կատարելու ձեր մասը և Աստված կարող է մեծացնել այդ ներդրումը զորավոր ձևով: Ներդրում կատարելու ունակությունը կախված չէ եկեղեցական ձեր կոչումից: Ծառայելու ձեր հնարավորություններն անվերջ են: Եթե ​​դուք սպասում եք ներս մտնելու հրավերի, ես ձեզ կոչ եմ անում խաղադաշտ մտնել:

Մի սպասեք որոշակի կոչման Աստծո արքայության կառուցման գործում լիովին ներգրավված լինելու համար: Որպես քահանայություն կրող՝ դուք արդեն կանչված եք աշխատելու: Ուսումնասիրեք Աստծո խոսքն ամեն օր, աղոթեք Երկնային Հորն ամեն օր, յուրացրեք վերականգնված ավետարանի սկզբունքները, գոհություն հայտնեք Աստծուն և խնդրեք Նրա առաջնորդությունը: Այնուհետև, ապրեք ըստ ձեր սովորածի, նախ՝ ձեր ընտանիքում, բայց նաև ձեր կյանքի բոլոր իրավիճակներում:

Մեծ Ստեղծագործողի սիմֆոնիայում դուք ունեք ձեր ուրույն մասը՝ կատարելու, ձեր ուրույն նոտաները՝ նվագելու: Եթե ձեր մասը չկատարեք, վստահաբար, սիմֆոնիան կշարունակվի: Բայց եթե ոտքի կանգնեք և միանաք նվագախմբին և թույլ տաք, որ Աստծո զորությունը գործի ձեր միջոցով, դուք կտեսնեք, որ «երկնքի պատուհանները» բացվում են և Նա «ձեզ համար օրհնութիւն է թափում՝ մինչեւ որ դրա համար տեղ չլինի»:12 Բարձրացե՛ք, հասեք ձեր իրական ներուժին` որպես Աստծո որդիներ, և դուք կարող եք բարու ուժ լինել ձեր ընտանիքի, ձեր տան, ձեր համայնքի, ձեր ժողովրդի և իրապես աշխարհի համար:

Եվ այդ ընթացում, երբ «կորցնում եք ձեր անձը»13 մերձավորի ծառայության մեջ, դուք կաճեք և կզարգանաք, մինչև որ հասնեք «Քրիստոսի կատարյալ հասակի չափին»:14 Այն ժամանակ դուք պատրաստ կլինեք Քրիստոսի հետ ժառանգելու այն ամենն, ինչ ձեր Հայրն ունի:

Դուք կարևոր եք Աստծո համար

Իմ սիրելի եղբայրներ, իմ սիրելի եղբայրներ, դուք կարևոր եք: Դուք սիրված եք: Դուք անհրաժեշտություն եք: Այս աշխատանքը ճշմարիտ է: Քահանայությունը, որ դուք պատիվ ունեք կրելու, իրապես Աստծուց է:

Ես աղոթում եմ, որ երբ դուք խորհեք քահանայություն կրողի բազմաթիվ արժանի կոչումների համար, դուք աստվածային զով քամի զգաք ձեր մեջքին, որը ձեզ շարունակ բարձրացնում է վեր՝ դեպի ձեր մեծ ժառանգությունը, որը Երկնային Հոր կողմից պահված է ձեզ համար: Ես թողնում եմ ձեզ այս օրհնությունը և իմ վկայությունը՝ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: