Անձնական խաղաղությունն արդարության պարգևն է
Կյանքի փորձություններով հանդերձ` Փրկչի Քավության և Նրա ողորմածության շնորհիվ, արդար կյանքը կպարգևատրվի անձնական խաղաղությամբ:
Վերջերս ունեցած իմ փորձառությունները պատճառ հանդիսացան, որպեսզի ես խորհեմ խաղաղության հետ առնչվող վարդապետության մասին և, հատկապես, Հիսուս Քրիստոսի դերի մասին, որ օգնում է մեզանից յուրաքանչյուրին գտնել հարատև անձնական խաղաղություն:
Վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղի ունեցած երկու իրադարձություններ խորապես հուզեցին ինձ: Առաջինը, ես խոսեցի Էմիլի Փարկերի հուղարկավորության ժամանակ` մի թանկագին վեց տարեկան փոքրիկ, ով կորցրեց իր կյանքը Նյութաունի, Կոնեկտիկուտ, ողբերգական կրակոցի ժամանակ 25 ուրիշների հետ` որոնց թվում 19 երեխաներ էին: Ես սգացի նրա ընտանիքի հետ, և հասկացա, որ շատերն են զրկված խաղաղությունից: Ես ուժ ու հավատ տեսա նրա ծնողների` Ռոբերտ և Ալիսա Փարկերների մեջ:
Երկրորդը, Աբիդջանի Այվորի Քոստ քաղաքում ես հանդիպեցի Եկեղեցու հազարավոր հավատարիմ անդամների հետ:1 Այս ֆրանսախոս արևմտա-աֆրիկյան երկիրը կրել է շատ տնտեսական դժվարություններ, ռազմական հեղաշրջում և վերջերս տեղի ունեցած երկու ռազմական պատերազմ, որ ավարտվեցին 2011-ին: Այնուամենայնիվ, մինչ նրանց հետ էի, զգում էի հատուկ խաղաղություն:
Հաճախ իրադարձություններն այնպես են ընթանում, որ զրկում են մեզ խաղաղությունից և ստիպում ավելի խոցելի զգալ:
Ո՞վ կարող է մոռանալ 2001թ.-ի սեպտեմբերի 11-ի կործանարար հարձակումները Միացյալ Նահանգների տարբեր տեղերում: Նման իրադարձությունները մեզ հիշեցնում են, թե որքան արագ մեր խաղաղության և ապահովության զգացումները կարող են փլուզվել:
Մեր ավագ որդին և նրա կինը, ովքեր սպասում էին իրենց առաջին երեխային, Նյու Յորքի համաշխարհային առևտրի կենտրոնից երեք թաղամաս այն կողմ էին ապրում, երբ առաջին ինքնաթիռը բախվեց Հյուսիսային Աշտարակին: Նրանք բարձրացան իրենց բազմաբնակարան շենքի կտուր և սարսափեցին, երբ տեսան այդ զարհուրելի պատահարը, ինչը նրանք կարծում էին, որ այդպես էր: Հետո նրանք ականատես եղան, թե ինչպես երկրորդ ինքնաթիռը բախվեց Հարավային Աշտարակին: Նրանք անմիջապես հասկացան, որ դա դժբախտ պատահար չէր, և կարծեցին, որ Մանհեթենի հարավային մասը ենթարկվում է հարձակումների: Երբ Հարավային Աշտարակը փլուզվեց, նրանց շենքը ծածկվեց փոշու ամպով, որը տարածվեց Մանհեթենի ողջ հարավային մասով:
Շփոթված լինելով այն ամենից, ինչին ականատես եղան, և մտահոգվելով հետագա հարձակումների մասին` նրանք տեղափոխվեցին ավելի ապահով տարածք և հետո Լինկոլնի կենտրոնում գտնվող Մանհեթեն ցցի Եկեղեցու շենք: Երբ նրանք հասան, տեսան, որ Հարավային Մանհեթենի տասնյակ այլ անդամներ կայացրել էին ցցի կենտրոնում հավաքվելու նույն որոշումը: Նրանք մեզ զանգահարեցին, որպեսզի տեղեկացնեն, թե որտեղ են: Ես հանգստացա, որ նրանք ապահով են, սակայն չզարմացա նրանց գտնվելու վայրի մասին: Ժամանակակից հայտնությունն ուսուցանում է, որ Սիոնի ցցերը պաշտպանություն և «ապաստան [են] փոթորկից ու ցասումից, երբ այն անխառն կթափվի ողջ երկրի վրա»:2
Նրանք չէին կարող վերադառնալ իրենց բնակարան ավելի քան մեկ շաբաթ և ցնցված էին անմեղ կյանքերի կորստից, սակայն նրանք չկրեցին որևէ հարատև վնաս:
Մինչ խորհում էի այս իրադարձությունների մասին, ինձ խորապես հուզեց համընդհանուր կամ համաշխարհային խաղաղության և անձնական խաղաղության միջև եղած վարդապետական տարբերությունը:3
Փրկչի ծնվելու ժամանակ երկնավոր զորքի մի բազմություն օրհնում էին Աստծուն և վկայակոչում. «Փառք Աստուծոյ բարձունքումը, և երկրի վերայ` խաղաղութիւն, և մարդկանց մէջ հաճութիւն»:4
Այնուամենայնիվ, ցավալիորեն տեսնում ենք, որ նույնիսկ Աստծո Որդու ծննդյանը հետևող այս հավերժորեն նշանակալից ժամանակաշրջանում Հերովդես թագավորը կոտորեց Բեթլեհմի անմեղ մանուկներին:5
Ընտրությունը կարևոր է երջանկության ծրագրում: Այն ի նկատի ունի սերը, զոհաբերությունը, անձնական զարգացումն ու փորձառությունը, որ անհրաժեշտ են մեր հավերժական առաջընթացի համար: Այս ընտրությունը նաև թույլ է տալիս, որ մենք մահկանացու կյանքում զգանք բոլոր ցավերն ու տառապանքները, նույնիսկ երբ դրանց պատճառ են հանդիսանում այնպիսի բաները, որ մենք չենք հասկանում, կամ ուրիշների չարամիտ կործանարար ընտրությունները: Երկնքում տեղի ունեցած պատերազմն ինքնին մղվում էր մեր բարոյական ընտրությունը պաշտպանելու համար և կարևոր է Փրկչի երկրային ծառայությունը հասկանալու համար:
Ինչպես ասվում է Մատթէոսի 10-րդ գլխում, Փրկիչը հրահանգներ տվեց Տասներկուսին, և ընդունեց, որ Իր առաքելությունը չի նվաճի համընդհանուր խաղաղություն այս մահկանացու կյանքում: Առաքյալներին ասվեց իրենց այցելած արժանի տների վրա թողնել խաղաղության օրհնություն, բայց զգուշացվեց, որ նրանք կլինեն «գայլերի մեջ … [և] ամենից կատուիք իմ անունի համար. բայց ով որ կհամբերէ մինչեւ վերջը, նա կապրի»:6 Մի կարևոր արտահայտություն է արված 34-րդ հատվածում. «Մի կարծէք թէ ես եկայ երկրիս վերայ խաղաղութիւն գցելու»:7 Ակնհայտ է, որ համընդհանուր խաղաղություն գոյություն չի ունեցել երկրի վրա Քրիստոսի մահկանացու ծառայության ժամանակ, և ոչ էլ հիմա գոյություն ունի:
Վարդապետություն և Ուխտերի Տիրոջ նախաբանում մի քանի շատ կարևոր սկզբունքներ են ուսուցանվում: Ինչ վերաբերում է նրանց, ովքեր չեն ապաշխարում, Նրա Հոգին (Քրիստոսի Հոգին), որ տրվում է ամեն մարդու, ով աշխարհ է գալիս,8 «միշտ չի տքնի մարդու հետ»:9 Նաև «խաղաղությունը պիտի վերցվի երկրի վրայից»:10 Մարգարեները հայտարարել են, որ խաղաղությունը իսկապես վերցվել է երկրի վրայից:11 Լյուցիֆերը դեռ կապված չէ և իշխանություն է գործադրում այս աշխարհում:12
Ամենուրեք լավ մարդկանց արդար ցանկությունը միշտ եղել է ու կլինի աշխարհում խաղաղություն ունենալը: Մենք երբեք չպետք է հանձնվենք այս նպատակին հասնելու համար: Սակայն, Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթն ուսուցանել է. «Խաղաղության և սիրո այդ ոգին երբեք չի կարող գալ աշխարհ … մինչև մարդկությունը չընդունի Աստծո ճշմարտությունն ու Աստծո ուղերձը …, և ճանաչի նրա զորությունն ու իշխանությունը, որն աստվածային է»:13
Մենք ողջ սրտով հույս ունենք և աղոթում ենք համընդհանուր խաղաղության համար, բայց դա մեր դերն է որպես անհատներ և ընտանիքներ նվաճել այնպիսի խաղաղություն, որը հանդիսանում է արդարության համար խոստացված պարգևը: Այս խաղաղությունը Փրկչի առաքելության և քավող զոհաբերության խոստացված պարգև է:
Այս սկզբունքը հակիրճ կերպով ներկայացված է Վարդապետություն և Ուխտերում. «Բայց իմացեք, որ նա, ով արդարության գործեր է անում, պիտի ստանա իր վարձքը, այսինքն` խաղաղություն այս աշխարհում և հավերժական կյանք գալիք աշխարհում»:14
Նախագահ Ջոն Թեյլորն ուսուցանել է, որ խաղաղությունը ոչ միայն ցանկալի է, այլ «այն Աստծո պարգևն է»:15
Այն խաղաղությունը, որ ես ի նկատի ունեմ, պարզապես ժամանակավոր հանգստություն չէ: Դա հարատև խորը երջանկություն է և հոգևոր բավարարվածություն:16
Նախագահ Հեբեր Ջ. Գրանտը Փրկչի խաղաղությունը նկարագրել է հետևյալ կերպ. «Նրա խաղաղությունը կմեղմացնի մեր տառապանքը, կսրտապնդի մեր կոտրված սրտերը, կհեռացնի մեր միջից ատելության զգացումները, մեր մեջ կծնի սեր մեր ընկերների նկատմամբ, որը կլցնի մեր հոգիները հանգստությամբ և երջանկությամբ»:17 Էմիլի Փարկերի ծնողների հետ իմ հանդիպումների ընթացքում ես տեսա, որ Փրկչի խաղաղությունը մեղմացրել է նրանց տառապանքը և օգնում է սրտապնդել նրանց կոտրված սրտերը: Հատկանշական է, որ կրակոցից անմիջապես հետո Եղբայր Փարկերը ներում արտահայտեց ոճրագործի նկատմամբ: Ճիշտ այնպես, ինչպես Նախագահ Գրանտն է ասել, Փրկչի խաղաղությունը կարող է «հեռացնել մեր միջից ատելության զգացումները»: Դատաստանը Տիրոջինն է:
Այվորի Քոստի Սրբերը խաղաղություն գտան իրենց երկրում քաղաքացիական պատերազմի ժամանակահատվածում` կենտրոնանալով Հիսուս Քրիստոսի ավետարանով ապրելու վրա` առանձնակի ուշադրություն հատկացնելով ընտանեկան պատմությանը և իրենց նախնիների համար տաճարային աշխատանքին:18
Մենք բոլորս խաղաղություն ենք փափագում: Խաղաղությունը պարզապես ապահովություն կամ պատերազմի, բռնության, հակասության կամ անօրինության բացակայություն չէ: Խաղաղությունը գալիս է այն գիտելիքից, որ Փրկիչը գիտի, թե ով ենք մենք, և գիտի, որ մենք ունենք հավատք Նրա հանդեպ, սիրում ենք Նրան և պահում ենք Նրա պատվիրանները նույնիսկ և հատկապես կյանքի ջախջախիչ փորձությունների ու ողբերգությունների ժամանակ: Տիրոջ պատասխանը Մարգարե Ջոզեֆ Սմիթին Լիբերթիի բանտում մխիթարություն է բերում մեր սրտերին.
«Որդի՛ս, խաղաղություն քո հոգուն. քո ձախորդություններն ու քո չարչարանքները կտևեն միայն մի փոքր պահ.
Եվ հետո, եթե դու լավ համբերես, Աստված քեզ վեր կբարձրացնի»:19
Հիշեք, «Աստուած խռովութեան Աստուած չէ, այլ խաղաղութեան»:20 Նրանց համար, ովքեր մերժում են Աստծուն, չկա խաղաղություն: Մենք բոլորս մասնակցեցինք երկնքի խորհուրդներին, որոնք ապահովեցին բարոյական ընտրությունը` գիտենալով, որ կլինի սարսափելի ցավ և նույնիսկ սոսկալի ողբերգություն, քանի որ մարդիկ ճիշտ չեն գործածի իրենց ընտրությունը: Մենք հասկացանք, որ սա կարող էր մեր զայրույթի, շփոթվածության, անպաշտպանության և խոցելիության պատճառ հանդիսանալ: Բայց մենք նաև գիտեինք, որ Փրկչի Քավությունը կհաղթահարեր և կփոխհատուցեր մահկանացու կյանքի բոլոր անարդարությունների համար և խաղաղություն կբերեր մեզ: Երեց Մարիոն Դ. Հենկսը իր տան պատին շրջանակով կախել էր Ուգո Բետիի կողմից արված հայտարարությունը. «Հավատալ Աստծուն նշանակում է գիտենալ, որ բոլոր կանոններն արդար կլինեն, և կլինեն հիանալի անակնկալներ»:21
Որո՞նք են խաղաղության աղբյուրները: Շատերը փնտրում են խաղաղություն աշխարհիկ ուղիներով, որ երբևէ հաջողության չեն հասել և չեն հասնի: Խաղաղություն չես գտնի` ձեռք բերելով մեծ հարստություն, իշխանություն կամ հանրաճանաչություն:22 Խաղաղություն չես գտնի հաճույքի, զվարճանքի կամ ժամանցի փնտրտուքի մեջ: Սրանցից ոչ մեկը, նույիսկ առատությամբ, չի կարող ստեղծել որևէ հարատև երջանկություն կամ խաղաղություն:
Էմմա Լու Թայնեի սիրելի օրհներգը տալիս է համապատասխան հարցեր. «Ու՞ր կարող եմ դիմել խաղաղության համար: Ու՞ր է իմ սփոփանքը, երբ մյուս բաներն ինձ չեն ամոքում»:23 Պատասխանը Փրկիչն է, ով խաղաղության Աստվածն է: Նա «Խաղաղութեան իշխանն է»:24
Ինչպե՞ս ենք մոտ մնում Փրկչին: Աստծո առջև ինքներս մեզ հնազանդեցնելը, միշտ աղոթելը, մեղքերից ապաշխարելը, կոտրված սրտով և փշրված հոգով մկրտության ջրերը մտնելը և Հիսուս Քրիստոսի ճշմարիտ առաքյալներ դառնալը արդարության հիանալի օրինակներ են, որը պարգևատրվում է հարատև խաղաղությամբ:25 Երբ Բենյամին Թագավորը Քրիստոսի Քավությանը վերաբերող իր հուզիչ ուղերձը հղեց, բազմությունն ընկավ գետնին: «Տիրոջ Հոգին եկավ նրանց վրա և նրանք լցվեցին ուրախությամբ, ստացած լինելով իրենց մեղքերին թողություն, և ունենալով խղճմտանքի խաղաղություն այն արտասովոր հավատքի շնորհիվ, որ նրանք ունեին Հիսուս Քրիստոսում»:26 Ապաշխարությունը և արդար ապրելը բերում են խղճմտանքի խաղաղություն, որը կարևոր է բավարարվածության համար:27 Մեծ օրինազանցության դեպքում անհրաժեշտ է խոստովանություն, որպեսզի խաղաղություն լինի:28 Գուցե չկա ոչինչ, որ հնարավոր լինի համեմատել այն խաղաղության հետ, որը գալիս է մեղքից կքված հոգուց, երբ նա իր բեռը տալիս է Տիրոջը և հայցում է Քավության օրհնությունները: Ինչպես ասվում է Եկեղեցու հայտնի օրհներգերից մեկում` «Ես կթողնեմ իմ բեռը Նրա ոտքերի մոտ ու հետո երգելով կգնամ»:29
Իմ սիրտը հրճվում է, երբ ես տեսնում եմ, որ մեր օրերում տաս հազարավոր երիտասարդ տղամարդիկ, երիտասարդ կանայք ու տարեց միսիոներներ ընդունել են մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի սուրհանդակները լինելու կանչը: Նրանք տանում են խաղաղության վերականգնված ավետարանն աշխարհին, միևնույն ժամանակ` մեկ հոգու և մեկ ընտանիքի,– արդարության աշխատանք, որը խաղաղություն է բերում Երկնային Հոր զավակներին:
Եկեղեցին ապաստարան է, որտեղ Քրիստոսի հետևորդները խաղաղություն են գտնում: Որոշ երիտասարդներ աշխարհում ասում են, որ նրանք հոգևոր են, բայց ոչ կրոնասեր: Հոգևոր զգալը լավ է որպես առաջին քայլ: Այնուամենայնիվ, դա Եկեղեցում է, որ մենք ընկերանում ենք, ուսուցանվում և սնուցվում Աստծո բարի խոսքով: Առավել կարևոր քահանայության իշխանությունն է Եկեղեցում, որը հնարավորություն է տալիս սրբազան արարողությունների և ուխտերի իրականացմանը, որոնք ընտանիքներ են կապում միասին և պատրաստում են մեզանից յուրաքանչյուրին վերադառնալ Հայր Աստծո և Հիսուս Քրիստոսի մոտ սելեստիալ թագավորություն: Այս արարողությունները խաղաղություն են բերում, որովհետև դրանք ուխտեր են` կապված Տիրոջ հետ:
Տաճարներն այն վայրերն են, որտեղ այս սրբազան արարողություններից շատերը տեղի են ունենում, և նաև աշխարհից հեռու խաղաղ ապաստարանի աղբյուր են: Նրանք, ովքեր այցելում են տաճար կամ մասնակցում են տաճարային բաց դռներին, նույնպես զգում են այս խաղաղությունը: Մի փորձառություն, որի մասին ես շատ լավ եմ հիշում, կապված է Սուվա Ֆիջիի տաճարի բաց դռների և նվիրագործման հետ: Այդտեղ տեղի էին ունեցել քաղաքական խռովություններ, որոնց արդյունքում խռովարարներն այրել ու կողոպտել էին Սուվայի գործարար մասը` օկուպացնելով կառավարության շենքերը և պատանդ պահելով օրենսդիրներին: Երկիրը կառավարվում էր զինված ուժերի կողմից: Ֆիջիի զինվորականները Եկեղեցուն սահմանափակ թույլտվություն տվեցին հավաքել ժողովրդին բաց դռների օրվա համար և մի փոքր խումբ` նվիրագործման համար: Եկեղեցու անդամներն ընդհանուր առմամբ հրավիրված չէին իրենց անվտանգության պատճառով: Սա միակ տաճարային նվիրագործումն էր Նավույի նախնական Տաճարից հետո, որն անցկացվեց շատ դժվար պայմաններում:
Մի անձնավորություն, ով հրավիրված էր բաց դռների արարողությանը, հնդկական ծագումով մի հաճելի Հինդու կին էր` Խորհրդարանի անդամ, ում ի սկզբանե պատանդ էին պահել, բայց հետո բաց թողել, որովհետև նա կին էր:
Սելեստիալ սենյակում` աշխարհի անհանգստությունից հեռու, նա արտասվեց` իրեն պատած խաղաղության զգացմունքների մասին արտահայտվելիս: Նա զգաց Սուրբ Հոգու սփոփանքն ու տաճարի սրբազան էության մասին վկայությունը:
Փրկիչը ճշմարիտ խաղաղության աղբյուրն է: Կյանքի փորձություններով հանդերձ` Փրկչի Քավության և Նրա ողորմածության շնորհիվ, արդար կյանքը կպարգևատրվի անձնական խաղաղությամբ: Մտերիմ միջավայրում, որտեղ Զատիկն էին նշում, Փրկիչը խոստացավ Իր Առաքյալներին, որ նրանք կօրհնվեն «Մխիթարիչով` Սուրբ Հոգով» և հետո ասաց այս կարևոր բառերը. «Խաղաղութիւն եմ թողում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ. ոչ թէ ինչպէս աշխարհքն է տալիս` ես տալիս եմ ձեզ»:30 Հետո, հենց Իր Միջնորդական Աղոթքից առաջ, ասաց. «Այս բաները խօսեցի ձեզ հետ, որ ինձանում խաղաղութիւն ունենաք. աշխարհքումը նեղութիւն կունենաք. բայց քաջացեք, ես յաղթել եմ աշխարհքին»:31
Էլիզա Ր. Սնոուն շատ գեղեցիկ է գրել այս հասկացության վերաբերյալ.
Բարձրացրեք ձեր սրտերը գովք առ Աստված;
Թող ձեր ուրախությունը երբեք չդադարի:
Չնայած ձախորդությունը տարածվում է աշխարհում,
Քրիստոսն ասում է. «Ինձանում խաղաղություն կունենաք»:32
Ես այսպես եմ վկայում Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: