2010–2019 թթ․
Փրկագնում
Ապրիլ 2013


15:21

Փրկագնում

Հետևելով Քրիստոսին, ձգտում ենք մասնակցել և առաջ տանել Նրա փրկագնող աշխատանքը:

Գաղութային ժամանակներում աշխատանքի մեծ պահանջարկ կար Ամերիկայում: 18-րդ դարի ընթացքում և 19-րդ դարի սկզբներին ներգաղթյալ աշխատողներ էին հավաքագրվում Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում և Եվրոպական այլ երկրներում, սակայն ցանկացողներից շատերը չէին կարողանում վճարել ճանապարհավարձը: Նրանց համար սովորական երևույթ էր` ճամփորդել համաձայնագրով կամ պայմանագրով, ըստ որի նրանք պետք է որոշ ժամանակահատված իրենց աշխատանքով վճարեին իրենց ուղեվարձի դիմաց: Մյուսները գալիս էին այն խոստումով, որ ժամանելուն պես արդեն Ամերիկայում բնակվող ընտանիքի անդամները պետք է վճարեին իրենց ուղեվարձը, բայց դա տեղի չունենալու դեպքում, նորեկները պարտավոր էին վճարել իրենց ուղեվարձը ըստ համաձայնագրի: Այդ պայմանագրային ներգաղթյալներին անվանում էին «փրկագնվածներ»: Նրանք պետք է հատուցեին իրենց ուղեվարձի դիմաց, այսինքն` իրենց աշխատանքով գնել իրենց ազատությունը:1

Հիսուս Քրիստոսին բնութագրող առավել կարևոր անվանումներից է` Փրկագնող: Ինչպես նշեցի ներգաղթյալ «փրկագնողների» մասին իմ կարճ պատմության մեջ, փրկագնել նշանակում է վճարել պարտավորությունը կամ պարտքը: Փրկագնել նաև նշանակում է փրկել կամ ազատ արձակել` փրկագին տալով: Եթե ինչ-որ մեկը սխալ է գործել և ապա ուղղել է այն կամ փոխհատուցել, մենք ասում ենք, որ նա փրկագնել է իրեն: Այս նշանակություններից յուրաքանչյուրը բացահայտում է տարբեր կողմերը մեծ Փրկագնման, որ կատարեց Հիսուս Քրիստոսն Իր Քավությամբ, որն ըստ բառարանի նշանակում է` «ազատել մեղքից և նրա պատիժներից, զոհ մատուցելով մեղսավորի համար»:2

Փրկչի Փրկագնումը բաղկացած է երկու մասից: Առաջինը, այն քավում է Ադամի զանցանքը և՝ իբրև հետևանք, մարդու Անկումը, հաղթահարելով այսպես կոչված Անկման ուղղակի ազդեցությունները` ֆիզիկական մահը և հոգևոր մահը: Ֆիզիկական մահը, գիտենք, որն է, իսկ հոգևոր մահը` Աստծուց մարդու առանձնանալն է: Պողոսի խոսքերով. «Քանզի ինչպես Ադամով ամենը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով ամենը կենդանանում են» (Ա Կորնթացիս 15.22): Ֆիզիկական և հոգևոր մահից այս փրկագնումը կրում է համընդհանուր և անպայմանական բնույթ: 3

Փրկչի Քավության երկրորդ մասը` Անկման անուղղակի հետևանքներից, ի տարբերություն Ադամի զանցանքի, մեր իսկ մեղքերից փրկագնումն է: Անկման շնորհիվ մենք ծնվել ենք մահկանացու կյանքում, որտեղ գերիշխում է մեղքը, որը չենթարկվելն է աստվածայնորեն հաստատված օրենքին: Խոսելով բոլորիս մասին, Տերն ասել է.

«Ճիշտ այդպես, երբ նրանք սկսում են մեծանալ, մեղքը ծնվում է նրանց սրտում, և նրանք դառնություն են ճաշակում, որպեսզի սովորեն գնահատել բարին:

Եվ նրանց տրված է բարին տարբերել չարից. ուստի նրանք գործակալն են իրենց անձի» (Մովսես 6.55–56):

Քանի որ մենք հաշվետու ենք մեր ընտրությունների համար, մեր մեղքերից փրկագնումը պայմանական է` պայմանավորված խոստովանությամբ, մեղքը թողնելով և բարեպաշտ կյանքով, կամ այլ խոսքով, ապաշխարությամբ (տես ՎևՈւ 58.43): «Ուստի,- պատվիրում է Տերը,- Ուսուցանեք ձեր երեխաներին, որ բոլոր մարդիկ, ամենուրեք, պետք է ապաշխարեն, այլապես նրանք ոչ մի կերպ չեն ժառանգի Աստծո արքայությունը, քանզի ոչ մի անմաքուր բան չի կարող բնակվել այնտեղ, կամ բնակվել նրա ներկայության մեջ» (Մովսես 6.57):

Գեթսեմանիում Փրկչի տառապանքը և խաչի վրա Նրա հոգևարքը փրկագնում է մեզ մեղքից` բավարարելով մեզ համար արդարադատության պահանջները: Նա կարեկցում, ներում և սրբագործում է նրանց, ովքեր ապաշխարում են: Քավությունը նաև վճարում է արդարադատության պարտքը մեզ` բժշկելով և փոխհատուցելով մեր անմեղ կրած տառապանքները: «Քանզի ահա, նա տանում է բոլոր մարդկանց ցավերը, այո, ամեն մի ապրող արարածի ցավերը՝ և՛ տղամարդկանց, և՛ կանանց, և՛ երեխաների, որոնք պատկանում են Ադամի ընտանիքին» (2 Նեփի 9.21; տես նաև Ալմա 7.11–12):4

Հետևելով Քրիստոսին, ձգտում ենք մասնակցել և առաջ տանել Նրա փրկագնող աշխատանքը: Մեծագույն ծառայությունը, որ կարող ենք մատուցել մյուսներին, սկսած մեր ընտանիքից, դա` բերել նրանց Քրիստոսի մոտ հավատքով և ապաշխարությամբ, որպեսզի նրանք կարողանան ճաշակել Նրա Փրկագնումը, որն է` խաղաղություն և ուրախություն այժմ, և անմահություն և հավերժական կյանք գալիք աշխարհում: Մեր միսիոներների աշխատանքը Տիրոջ փրկագնող սիրո հրաշալի դրսևորումն է: Որպես Նրա լիազորված սուրհանդակներ, նրանք առ Հիսուս Քրիստոս հավատքի, ապաշխարության, մկրտության և Սուրբ Հոգու պարգևի անզուգական օրհնություններ են առաջարկում` բացելով հոգևոր վերածննդի և փրկագնման ուղին:

Մենք նաև կարող ենք աջակցել Տիրոջ փրկագնման գործին՝ հօգուտ նրանց, ովքեր գերեզմանի այն կողմում են: «Այս տնտեսության հավատարիմ երեցները, հեռանալով մահկանացու կյանքից, շարունակում են իրենց աշխատանքները՝ քարոզելով ապաշխարության ավետարանը և փրկագնումը, Աստծո Միածին Որդու զոհաբերության միջոցով, նրանց մեջ, ովքեր խավարում են և մեղքի գերության տակ՝ մահացածների հոգիների մեծ աշխարհում» (ՎևՈւ 138.57): Աստծո տաճարներում փոխարինող ծեսերի օգնությամբ, որ մենք առաջարկում ենք, կարող են ազատվել անգամ նրանք, ովքեր մահացել են մեղքի գերության մեջ: 5

Չնայած փրկագնման առավել կարևոր գործոնները ապաշխարությունը և ներումն են, կա մի շատ կարևոր աշխարհիկ գործոն ևս: Ասվում է, որ Հիսուսը ման էր գալիս բարիք գործելով, (տես Գործք 10.38), բժշկելով հիվանդներին և հաշմանդամներին, կերակրելով քաղցած ամբոխին, ուսուցանելով առավել տպավորիչ ձևով: «Մարդի Որդին չեկավ որ իրան ծառայեն, այլ որ ինքը ծառայէ, և շատերի փոխանակ իր անձը փրկանք տա» (Մատթեոս 20.28): Թող որ մենք ևս, Սուրբ Հոգու ազդեցությամբ, շրջենք բարիք գործելով` հետևելով Վարդապետի փրկագնող օրինակին:

Այսպիսի փրկագնող աշխատանքը նշանակում է` օգնել մարդկանց լուծել իրենց խնդիրները: Դա նշանակում է ընկերանալ աղքատի և թույլի հետ, մեղմել տառապյալի ցավը, շտկել սխալները, պաշտպանել ճշմարտությունը, ամրացնել աճող սերնդին, ձգտել ապահովության և երջանկության տանը: Երկրի վրա մեր փրկագնող աշխատանքը հիմնականում պետք է լինի մյուսներին օգնելը, որպեսզի նրանք աճեն և հասնեն իրենց արդար հույսերին և ձգտումներին:

Վիկտոր Հյուգոյի Թշվառները վեպից մի օրինակ, թեպետ գեղարվեստական, միշտ հուզել և ոգեշնչել է ինձ: Պատմության սկզբում բարի Եպիսկոպոս Բիանվենյուն ուտելիք և գիշերելու օթևան է տալիս անտուն Ժան Վալժանին, որը նոր էր ազատվել 19 տարի բանտում անցկացնելուց հետո: Նա բանտարկվել էր իր քրոջ սովահար երեխաներին կերակրելու նպատակով հացի բոքոն գողանալու համար: Չարացած և անուղղելի Վալժանը Եպիսկոպոս Բիանվենյույի բարությանը պատասխանում է նրա արծաթե իրերը գողանալով: Իսկ երբ ժանդարմների մոտ կասկած հարուցելով ձերբակալվում է, Վալժանը ստում է, ասելով, որ արծաթեղենը տրվել է իրեն որպես նվեր: Երբ ժանդարմները նրան տանում են եպիկսպոսի տուն, ի զարմանս Վալժանի, Եպիսկոպոս Բիանվենյուն հաստատում է նրա ասածը և իր խոսքն ավելի տպավորիչ դարձնելու համար ասում է. «Բայց ես տվել էի նաև մոմակալները, որոնք նույնպես արծաթից էին, և արժեին երկու հարյուր ֆրանկ: Ինչո՞ւ ապսեների հետ դրանք էլ չես վերցրել»:

Եպիսկոպոսը, մոտենալով նրան, ցածրաձայն ասում է.

«Մի մոռացիր, երբեք չմոռանաս, որ դու խոստացել ես ինձ, որ այս արծաթեղենը կօգտագործես ազնիվ մարդ դառնալու համար»:

Ժան Վալժանը, որը չէր հիշում այդ խոստման մասին, շփոթված կանգնած էր: Եպիսկոպոսը ... հանդիսավոր շարունակում է.

«Ժան Վալժան, եղբայրս, դու այլևս պատկանում ես ոչ թե չարին, այլ բարուն: Քո հոգին ես գնում եմ քեզանից: Ես վերցնում եմ այն խավար մտքերից և կորստի հոգուց և տալիս եմ Աստծուն»:

Ժան Վալժանն, իրոք, դարձավ նոր մարդ, ազնիվ մարդ և բարերար: Իր ողջ կյանքի ընթացքում նա պահեց երկու արծաթե մոմակալները, որոնք իրեն հիշեցնում էին, որ իր կյանքը փրկագնվել էր Աստծո համար:6

Աշխարհիկ փրկագնման որոշ տեսակները գալիս են համատեղ ջանքերի շնորհիվ: Դա պատճառներից մեկն է, որ Փրկիչը եկեղեցի ստեղծեց: Քվորումներում, օժանդակ կազմակերպություններում, ցցերում, ծխերում և ճյուղերում մենք կարող ենք ոչ միայն ուսուցանել և քաջալերել միմյանց ավետարանում, այլև մարդկանց և ռեսուրսները համախմբելով՝ կյանքի պահանջները բավարարել: Մարդիկ, ովքեր գործում են միայնակ կամ որոշակի խմբերով, միշտ չէ, որ կարող են միջոցներ տրամադրել ավելի մեծ խնդիրների լուծման համար: Որպես Հիսուս Քրիստոսի հետևորդներ մենք Սրբերի համայնք ենք, կազմակերպված՝ օգնելու բավարարել կարիքները մեր ընկեր Սրբերի և շատ-շատերի, որոնց կարող ենք հասնել աշխարհում:

Անցյալ տարվա մեր մարդասիրական ջանքերի արդյունքում, որոնց մասին նշեց Երեց Դալլին Հ. Օքսը, 36 երկրում 890 000 մարդ ունի մաքուր ջուր, 57 երկրում 70 000 մարդ ունի անվասայլակ, 25 երկրում բարելավվել է 75 000 մարդու տեսողություն, իսկ 52 երկրում մարդիկ օգնություն են ստացել բնական աղետներից հետո: Գործելով մյուսների հետ, Եկեղեցին օգնել է պատվաստումներ կատարել մոտ 8 միլիոն երեխաների և կյանքի համար անհրաժեշտ պարագաներ է տրամադրել Թուրքիայի, Լիբանանի և Հորդանանի փախստականների ճամբարներում գտնվող սիրիացիներին: Միևնույն ժամանակ, 2012 թվին Եկեղեցու կարիքավոր անդամները ստացել են միլիոնավոր դոլլարներ՝ ծոմապահությունից և բարօրության այլ ծառայություններից: Շնորհակալություն ձեր առատաձեռնության համար:

Այս ամենը չի սկսվել հաշվելու համար անհատական բարի գործերը և օգնությունը՝ տրամադրված ուտելիքը, հագուստը, գումարը, խնամքը և հազարավոր այլ տեսակի սփոփանքն ու կարեկցանքը, որով մենք մասնակցում ենք Քրիստոսանման փրկագնող աշխատանքին: Մանուկ հասակում ես ականատես եմ եղել, ինչպես է մայրս փրկագնել կարիքի մեջ գտնվող մի կնոջ: Շատ տարիներ առաջ, երբ երեխաները փոքր էին, մայրս ծանր վիրահատություն տարավ, որը գրեթե խլեց նրա կյանքը, և նա մոտ մեկ տարի մնաց անկողնուն գամված: Այդ ընթացքում ընտանիքի և ծխի անդամներն օգնում էին մայրիկիս և մեր ընտանիքին: Լրացուցիչ օգնության համար ծխի Սփոփող Միության Նախագահը՝ Քույր Աբրահամը, առաջարկեց, որ ծնողներս որպես վարձու աշխատող վերցնեին ծխից մի կնոջ, որն աշխատանքի կարիք ուներ: Այս պատմության մեջ ես կփոխեմ այդ կնոջ և նրա դստեր անունները՝ Սառա և Էնի: Այսպես է մայրս պատմել.

«Կարծես երեկ լիներ: Պառկած էի անկողնում և Քույր Աբրահամը բերեց Սառային իմ ննջասենյակի դռան մոտ: Սիրտս ճմլվեց: Կյանքում նման անհրապույր անձնավորություն չէի տեսել՝ նիհար, գզգզված, չսանրված մազերով, կոր ուսերով, գլխիկոր հատակին նայող հայացքով: Նրա հագին չորս չափս մեծ տնային զգեստ էր: Նա չէր նայում և այնքան ցածր էր խոսում, որ չէի կարողանում լսել: Նրա ետևում թաքնված էր երեք տարեկան մի աղջնակ: Ի՞նչ եմ անելու այս էակի հետ: Նրանց գնալուց հետո ես լաց եղա: Ինձ օգնություն էր պետք, ոչ թե ավելնորդ խնդիրներ: Քույր Աբրահամը մի փոքր մնաց նրա հետ և նրանք արագ տունը կարգի բերեցին և ճաշ պատրաստեցին: Քույր Աբրահամն ասաց, որ կարող եմ մի քանի օր փորձել, հայտնելով, որ այդ աղջիկը դժվար իրավիճակում էր և, իրոք, օգնության կարիք ուներ:

Հաջորդ առավոտյան, երբ Սառան եկավ, ես նրան խնդրեցի, որ մոտենար մահճակալիս, որպեսզի նրան ավելի լավ լսեի: Նա հարցրեց, թե ինչ պետք է աներ: Ես ասացի նրան և ապա ավելացրեցի. «Իսկ ամենակարևորը իմ տղաներն են, ժամանակ անցկացրու նրանց հետ, կարդա նրանց համար, նրանք ավելի կարևոր են, քան տունը»: Նա լավ խոհարար էր, տունը մաքուր էր պահում, լվացքն անում էր և լավ էր վերաբերվում տղաներին:

Շաբաթներ անց ես իմացա Սառայի պատմությունը: [Թույլ լսողության պատճառով նա դպրոցում լավ չէր սովորում և, ի վերջո, դուրս էր մնացել: Ամուսնացել էր հարբեցող մարդու հետ, ծնվել էր Էնին, որը դարձել էր Սառայի կյանքի ուրախությունը: Մի ձմեռային գիշեր նրա ամուսինը տուն է գալիս հարբած, և ստիպում Սառային և Էնիին գիշերանոցներով նստել մեքենան, և ապա նրանց իջեցնում է մայրուղու մոտ: Նրանք այլևս նրան չէին տեսել: Ոտաբոբիկ և սառած Սառան և Էնին, ոտքով անցնելով մի քանի մղոն, հասնում են իր մոր տուն:] Մայրը թույլ է տալիս, որ նրանք մնան մի պայմանով, որ նա կատարեր ողջ տնային աշխատանքը, ճաշը պատրաստեր և հոգ տաներ դպրոցական տարիքի քրոջ և եղբոր համար:

Մենք տարանք Սառային ականջի բժշկի մոտ, և նա լսողական սարք ստացավ: ... Մենք նրան տարանք մեծերի դպրոց, և նա ավարտեց իր դպրոցը, ստանալով վկայական: Նա գնաց երեկոյան դպրոց, ավելի ուշ ավարտեց քոլեջը և ուսուցանում էր հատուկ դպրոցում: Նա փոքր տուն գնեց: Էնին ամուսնացավ տաճարում և երկու երեխա ունեցավ: Ի վերջո, Սառան ականջների մի քանի վիրահատություն տարավ և կարողացավ նորմալ լսել: Տարիներ անց նա թոշակի անցավ և միսիա ծառայեց: ... Սառան հաճախ էր մեզ շնորհակալություն ասում, նշելով, որ շատ բան էր սովորել ինձանից, հատկապես երբ ասել էի նրան, որ իմ տղաները կարևոր էին ավելի, քան տունը: Նա ասաց, որ նա սովորել էր այդպես վարվել Էնիի հետ:... Դա մի հրաշալի դաս էր ինձ համար, որ հապճեպ դատողություններ չանեի մարդկանց վերաբերյալ: Սառան շատ հատուկ կին է»:

Որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ, մեր ուժերի սահմանում պետք է անենք ամեն ինչ, որ ազատենք մյուսներին տառապանքից և բեռից: Բացի այդ, մեր մեծագույն փրկագնող ծառայությունը կլինի նրանց Քրիստոսին մոտեցնելը: Առանց մահից ու մեղքից Նրա Փրկագնման, մենք ունենք միայն հասարակական արդարության ավետարան: Այն կարող է այժմ օգնություն և հաշտեցում պարգևել, բայց զորություն չունի երկնքից կատարյալ արդարություն և անսահման ողորմածություն իջեցնել: Կատարյալ փրկագնումը Հիսուս Քրիստոսի և միայն Նրա մեջ է: Ես խոնարհ և երախտապարտ ընդունում եմ Նրան որպես Քավիչ, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Sես Merriam-Webster’s Collegiate Dictionary, 10th ed. (1993), “redemptioner”:

  2. Webster’s New World College Dictionary, 3rd ed. (1988), “redeem.”

  3. «Աստծո Որդին քավել է նախնական հանցանքը, որով ծնողների մեղքը չի դրվի զավակների գլխին, քանզի նրանք անմեղ են աշխարհի հիմնադրումից ի վեր» (Մովսես 6.54): Քրիստոսի Փրկագնումով բոլորը դուրս են գալիս գերեզմանից և հարություն առնում դեպի անմահություն: Ինչպես նաև, բոլորը հաղթահարում են հոգևոր մահը` բերվելով Աստծո ներկայություն` դատվելու: Հիսուսն ասել է. «Ինչպես ես բարձրացվեցի մարդկանց կողմից, ճիշտ նույնպես մարդիկ կբարձրացվեն Հոր կողմից՝ կանգնելու իմ առջև, դատվելու ըստ իրենց գործերի» (3 Նեփի 27.14): Մեղքից մաքրվածները կմնան Աստծո հետ երկնային արքայությունում, իսկ ովքեր չեն ապաշխարել և մաքուր չեն, չեն կարող բնակվել սուրբ Աստծո հետ, և Դատաստանից հետո նրանքպետք է հեռանան և ուստի կրկին անգամ հոգևոր մահ կրեն: Սա երբեմն կոչվում է երկրորդ մահ կամ երկրորդ անգամ հոգևոր մահ կրել: (Տես Հելաման 14.15–18:)

  4. Մեր անձնական մեղքերը ի նկատի ունենալով է, որ սուրբ գրությունները խոսում են նրանց մասին, ովքեր օգուտ չեն ստանում փրկագնումից. «Ամբարիշտները մնում են, կարծես ոչ մի փրկագնում չէր արվել, բացի արձակելը մահվան կապանքներից» (Ալմա 11.41): «Նա, ով չի գործադրում հավատք ի ապաշխարություն, ենթակա է արդարադատության պահանջների ամբողջ օրենքին. հետևաբար, միայն նրա համար, ով ունի հավատք ապաշխարության համար, իրագործվում է փրկագնման մեծ և հավերժական ծրագիրը» (Ալմա 34.16): Եթե մարդը մերժում է Փրկչի Քավությունը, նա պետք է ինքնուրույն ազատվի արդարադատության իր պարտքից: Հիսուսն ասել է. «Քանզի ահա, ես` Աստվածս, տառապել եմ այս բաները բոլորի համար, որպեսզի նրանք չտառապեն, եթե ապաշխարեն. Բայց եթե չապաշխարեն, նրանք պետք է տառապեն, ճիշտ ինչպես ես»: ( Վարդապետություն և Ուխտեր 19.16–17): Չփրկագնված մարդու տառապանքը մեղքի համար հայտնի է որպես դժոխք: Դա նշանակում է ենթակա լինել դևին և աստվածաշնչյան փոխաբերական խոսքերով նկարագրվում է որպես շղթաներ կամ կրակի և ծծումբի լիճ: Լեքին աղերսում էր իր որդիներին, որ ընտրեն Քրիստոսի Փրկագնումը «և չընտրեք հավերժական մահ՝ համաձայն մարմնի կամքին ու չարությանը, որը նրանում է, որը տալիս է դևի ոգուն գերելու զորություն՝ վար բերելու ձեզ դժոխք, որ նա կարողանա իշխել ձեզ վրա՝ իր սեփական թագավորությունում» (2 Նեփի 2.29): Նույնիսկ, Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ դժոխքը վերջ ունի, և ովքեր ստիպված են անցնել դրա միջով, «փրկագնվում են դևից վերջին հարությանը» (Վարդապետություն և Ուխտեր 76.85): Համեմատաբար, մի քանի «կորստի որդիները» միայն նրանք [են], որոնց վրա երկրորդ մահը [հարատև] զորություն կունենա. Այո՛, ճշմարիտ, միայն նրանք, որոնք չեն փրկագնվի Տիրոջը հարմար ժամանակ, նրա ցասումը կրելուց հետո» (Վարդապետություն և Ուխտեր 76.32, 37–38):

  5. Մարգարե Ջոզեֆ Սմիթը ցնծում էր. «Թող մահացածները հավերժական գովքի օրհներգ ասեն Էմմանուել Թագավորին, որը, նախքան աշխարհի լինելը, կարգել է այն, ինչը մեզ հնարավորություն կտա բանտից փրկագնելու նրանց. քանզի բանտարկյալները պիտի ազատվեն»: (Վարդապետություն և Ուխտեր 128.22):

  6. Sես Վիկտոր Հյուգո, Թշվառները (1992), 91–92: