2010–2019 թթ․
Հայրը և Որդին
Ապրիլ 2013


11:6

Հայրը և Որդին

Հիսուս Քրիստոսի ավետարանի կենտրոնական սկզբունքն ու դրա փրկելու զորությունը Հոր և Որդու մասին ճիշտ ըմբռնումն է:

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, ես երախտապարտ եմ խոսքս ուղղել ձեզ այս կեսօրին, ոգեշնչող գերագույն համաժողովի այս միջավայրում:

Խոսելով ինձ համար մի շատ սրբազան թեմայի մասին` առաջին հերթին ես կցանկանայի երախտագիտությամբ ընդունել ողջ պատմության ընթացքում շատ Քրիստոնյաների` այդ թվում ֆրանսիացի բողոքական և իռլանդացի կաթոլիկ իմ նախահայրերի նվիրվածությունը: Հանուն իրենց հավատքի և Աստծո երկրպագության` նրանցից շատերը զոհաբերեցին պաշտոն, ունեցվածք և նույնիսկ իրենց կյանքը` ի պաշտպանություն իրենց Աստծո և իրենց կրոնի:1

Որպես Վերջին Օրերի Սրբեր և Քրիստոնյաներ` մենք նույնպես ունենք ամուր և խորը հավատք առ Աստված` Հավերժական Հայրը և Նրա Որդի Հիսուս Քրիստոս: Աստծո նկատմամբ նվիրվածությունը միշտ մնում է որպես սրբազան և անհատական հարց մեզանից յուրաքանչյուրի և մեր Արարչի միջև:

Հավերժական կյանքի մեր որոնումը ոչինչ է, քան պարզապես ձգտում` հասկանալու, թե ով է Աստված, և որ վերադառնանք ապրելու Նրա հետ: Փրկիչն աղոթեց Իր Հորը. «Եւ սա է յաւիտենական կեանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած. և նորան, որ ուղարկեցիր` Յիսուսին Քրիստոսին»:2

Նույնիսկ հենց Իր` մեր Փրկչի կողմից կատարված հայտարարությունը հասկանալով` Հոր և Որդու էության մասին տարածված տեսակետը շատ դարերի ընթացքում և ողջ մարդկության մեջ ակնհայտորեն չի համապատասխանում սուրբ գրությունների ուսմունքների հետ:

Մենք հարգալից կերպով հաստատում ենք, որ Հիսուս Քրիստոսի Ավետարանի կենտրոնական սկզբունքն ու դրա փրկելու զորությունը Հոր և Որդու մասին ճիշտ ըմբռնումն է:3

Հիսուս Քրիստոսի ավետարանի այս ամենահիմնարար սկզբունքի կարևորությունը հաստատվում է Մարգարե Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքի միջոցով, 1820թ.-ին: Մարգարեն գրել է. «Ես տեսա երկու Անձնավորություն, ինձանից վեր` օդի մեջ կանգնած, որոնց պայծառությունն ու փառքն ամեն նկարագրությունից վեր էր: Նրանցից մեկը խոսեց ինձ հետ, դիմելով ինձ անունով, և ասաց` մատնացույց անելով մյուսին. Սա է Իմ Սիրելի Որդին: Լսի՛ր Նրան»:4

Պատանի Ջոզեֆի այս փորձառությունը, որին հետևեցին շատ ուրիշ տեսիլքներ և հայտնություններ, բացահայտում է, որ Աստված իրականում գոյություն ունի; Հայրը և Իր Որդին` Հիսուս Քրիստոսը, երկու առանձին և տարբեր էակներ են; մարդը ստեղծվել է Աստծո պատկերով; մեր Երկնային Հայրը բառացիորեն Հիսուս Քրիստոսի հայրն է; Աստված շարունակում է Իրեն հայտնի դարձնել մարդուն; Աստված միշտ մոտ է և հետքրքրված է մեզանով; Նա պատասխանում է մեր աղոթքներին:

Չնայած Հոր և Որդու նմանատիպ հայտնությունները սուրբ գրություններում համեմատաբար քիչ են` Առաջին Տեսիլքի նշանավոր փաստն այն է, որ այն այնքան լավ է համաձայնվում սուրբ գրություններում այլ գրառումների հետ:

Նոր Կտակարանում, օրինակ, մենք կարդում ենք Ստեփաննոսի վերջին վկայությունը իր չարչարանքների ժամանակ: Նա ասաց. «Ահա տեսնում եմ երկինքը բացուած, և Մարդի Որդին կանգնած Աստուծոյ աջ կողմումը»:5

Պատմոս կղզու հզոր տեսիլքում Հովհաննես Առաքյալը տեսնում է. «ամենակարող Տեր Աստծուն»,6 ինչպես նաև Աստծո Գառին, ով «[Իր] արյունովը մեզ [գնեց]»:7

Հոր և Որդու մասին վարդապետությունը Մորմոնի Գրքում Սուրբ Աստվածաշնչի հետ մեկտեղ կանգնում է փառահեղ վկայությամբ: Մորմոնի Գիրքն արձանագրում է մեր Փրկչի այցելությունը Նեփիացիներին, որտեղ Հոր ձայնը մոտ 2,500 Նեփիացիների առկայությամբ ներկայացնում է հարություն առած Քրիստոսին. «Ահա իմ Սիրելի Որդին, որից ես շատ գոհ եմ, որով ես փառավորեցի իմ անունը, լսե՛ք նրան»:8

Չորս ավետարաններում Քրիստոսն Ինքը դիմում է Իր Երկնային Հորը 160 անգամ, մինչ Նեփիացիների մեջ Իր կարճատև երեքօրյա ծառայության ընթացքում, ինչպես գրառված է Մորմոնի Գրքում, Նա հիշատակում է Իր Հորը 122 անգամ:

Օրինակ` Մատթէոսի գրքում Հիսուսն ասում է. «Ոչ թէ ամեն ինձ Տէ՛ր, Տէ՛ր ասողը կմտնէ երկնքի արքայութիւնը. այլ նա որ կատարում է իմ Հօր կամքը, որ երկնքումն է»:9

Հովհաննեսի գրքում Նա վկայում է. «Որդին իրանից կարող չէ ոչինչ անել, թէ որ չտեսնէ Հօրն անելիս»:10

Եվ Ղուկասի գրքում Նա բացականչում է. «Հայր, հոգիս քո ձեռն եմ աւանդում»:11

Ամեն անգամ, երբ մեր Տերը դիմում է Իր Երկնային Հորը, Նա անում է դա մեծագույն ակնածանքով և հնազանդությամբ:

Սա ասելով` ես հույս ունեմ, որ որևէ տարաձայնություն չի լինի: Հիսուս Քրիստոսը մեծ Եհովան է, Իսրայելի Աստվածը, խոստացված Մեսիան, և Իր անսահման Քավության շնորհիվ Նա մեր Փրկիչն է և աշխարհի Քավիչը: Նրա մասին Պողոս Առաքյալը հայտարարել է. «Եւ յետոյ վախճանը, երբ որ [Քրիստոսը] թագաւորութիւնը Աստուծուն և Հօրը կտայ. Երբոր [Քրիստոսը] կխափանէ ամեն իշխանութիւնը և ամեն պետութիւնը և զօրութիւնը»:12

Փրկչի Քավության նախօրեին Նա Իր Հորն ասաց Իր մեծ Միջնորդական Աղոթքը: Նա աղոթեց.

«Բայց ոչ թէ միայն նորանց [այլ կերպ ասած` Իր Առաքյալների] համար եմ աղաչում, այլ նորանց համար էլ, որ նորանց խօսքովը կհավատան ինձ;

Որ ամենքը մէկ լինեն, ինչպէս դու, Հայր, ինձանում, և ես քեզանում, որ նորանք էլ մեզանում մէկ լինեն. որ աշխարհքը հաւատայ, թէ դու ուղարկեցիր ինձ:

«Եւ ես այն փառքն` որ ինձ տուիր` նորանց տուի, որ մէկ լինեն` ինչպէս մենք էլ մէկ ենք»:13

Հայրը և Որդին ակնհայտորեն առանձին էակներ են, բայց Նրանք կատարելապես միավորված են և մեկ են զորությամբ և նպատակով: Նրանց միասնությունը վերապահված չէ միայն Իրենց համար. այլ Նրանք ցանկանում են այս նույն միասնությունը յուրաքանչյուրի համար, ով նվիրվածությամբ կհետևի և կհնազանդվի Իրենց պատվիրաններին:

Ինչպե՞ս կարող է ջանասիրաբար Աստծուն փնտրողը ծանոթանալ Հոր և Որդու հետ: Մեր Փրկիչը խոստացավ. «Բայց Մխիթարիչը` Սուրբ Հոգին, … ամեն բան կսովորեցնէ ձեզ»:14

Մորմոնի Գրքում Նեփին, Քրիստոսի վարդապետության մասին խոսելիս, հայտարարեց, որ Սուրբ Հոգին «վկայում է Հոր և Որդու մասին»:15

Ճշմարիտ է, որ Տիրոջ կամքով Սուրբ Հոգու զորությունը կամ ազդեցությունը երբեմն ցանկացած մարդ, անկախ իր կրոնական համոզմունքից, կարող է զգալ: Բայց Սուրբ Հոգու լրիվ չափը կամ պարգևը գալիս է միայն այն ժամանակ, երբ մարդը «կոտրված սրտով և փշրված հոգով»16 ստանում է մկրտության արարողությունները և ձեռնադրման միջոցով Սուրբ Հոգու17 պարգևը: Այս և այլ սրբազան արարողություններ կարող են կատարվել միայն Աստծո քահանայության առաջնորդության և զորության ներքո: Այս մասին մենք ուսուցանվում ենք.

«Եվ այս մեծագույն քահանայությունը սպասավորում է ավետարանը և կրում է արքայության խորհուրդների բանալիները, այսինքն` Աստծո գիտության բանալիները:

Հետևաբար, նրա արարողություններում է բացահայտվում աստվածայնության զորությունը»:18

Այս ըմբռնմամբ, Հոր և Որդու վարդապետությունը հավերժական ընտանիքի վարդապետությունն է: Յուրաքանչյուր մարդկային էակ նախապես գոյություն է ունեցել որպես երկնային ծնողների հոգևոր զավակ,19 որտեղ Քրիստոսն եղավ Հոր Առաջնեկը այս երկնային ընտանիքում:20

Դա վերաբերում է մեզ բոլորիս: Մենք մեր Երկնային Հոր զավակներն ենք:

Նախագահ Էզրա Թավթ Բենսոնը մարգարեական ներըմբռնմամբ ասել է. «Երբ անցնենք վարագույրից այն կողմ, ոչինչ մեզ չի զարմացնի ավելի շատ, քան հասկանալը, թե որքան լավ ենք ճանաչում մեր [Երկնային] Հորը, և թե որքան ծանոթ է մեզ նրա դեմքը»:21

Ես սովորել եմ, որ մարդկային լեզվով հնարավոր չէ արտահայտել այն բաները, որոնք հայտնի են դարձվում Սուրբ Հոգով և Աստծո զորությամբ: Այս ոգով է, որ ես բերում եմ իմ կարևոր վկայությունը մեր Հավերժական Հոր և Իր սուրբ Որդու` Հիսուս Քրիստոսի իսկության, մոտ լինելու և բարության մասին: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: