Մենք հավատում ենք մաքրաբարո լինելուն
Մաքրաբարոյության օրենքին հնազանդությունը կմեծացնի մեր երջանկությունը մահկանացու կյանքում և հնարավոր կդարձնի մեր առաջընթացը հավերժության մեջ:
Իմ ուղերձը վերաբերում է մի հիմնադրույթային հարցի, որը հոգևոր մեծ հետևանք ունի. Ինչո՞ւ է մաքրաբարոյության օրենքն այդքան կարևոր: Ես աղոթում եմ, որ Սուրբ Հոգին հաստատի իմ շեշտադրած սկզբունքների ճշմարտացիությունը:
Հոր երջանկության ծրագիրը
Մաքրաբարոյության հավերժական կարևորությունը կարող է հասկացվել միայն Իր զավակների համար մեր Երկնային Հոր երջանկության ծրագրի լայնածավալ համատեքստի սահմաններում: «Բոլոր մարդկային էակները՝ տղամարդիկ և կանայք, արարվել են Աստծո պատկերով: Յուրաքանչյուրը երկնային ծնողների կողմից սիրված հոգևոր որդին կամ դուստրն է, և.... ունի աստվածային բնույթ և ճակատագիր»: («Ընտանիք՝ Հայտարարություն Աշխարհին»,” Ensign կամLiahona, նոյ. 2010, 129): Բոլոր տղամարդիկ և կանայք ապրել են Աստծո հետ որպես Նրա հոգևոր զավակներ, նախքան որպես մահկանացու էակներ այս երկիր գալը: Հոր ծրագիրը հնարավոր է դարձնում Նրա հոգևոր որդիներին և դուստրերին ձեռք բերել ֆիզիկական մարմիններ, ձեռք բերել մահկանացու կյանքի փորձառություն և առաջադիմել դեպի վեհացում:
Ֆիզիկական մարմնի կարևորությունը
Մեր ֆիզիկական մարմինը լայն բազմազանությամբ խորը և ուժեղ փորձառությունների հնարավորություն է ընձեռում, որոնք պարզապես հնարավոր չէր լինի ձեռք բերել նախամահկանացու գոյության ընթացքում: Այդպիսով՝ մեր փոխհարաբերությունները մյուս մարդկանց հետ, ճշմարտությունը ճանաչելու և դրա համաձայն գործելու մեր կարողությունը և Հիսուս Քրիստոսի ավետարանի սկզբունքներին և արարողություններին հնազանդվելու մեր ունակությունը ուժեղանում է մեր ֆիզիկական մարմնի շնորհիվ: Մահկանացու կյանքի դպրոցում մենք վայելում ենք քնքշություն, սեր, բարություն, երջանկություն, վիշտ, հիասթափություն, ցավ և նույնիսկ ֆիզիկական սահմանափակումների մարտահրավերներ այն ձևերով, որոնք մեզ պատրաստում են հավերժության համար: Պարզ ասած, կան դասեր, որ մենք պետք է սովորենք և փորձառություններ, որոնք պետք է ունենանք, ինչպես սուրբ գրքերն են նկարագրում «ըստ մարմնի» (1 Նեփի 19.6; Ալմա 7.12–13):
Ծննդարար զորությունը
Երկրի ստեղծումից հետո, Ադամը դրվեց Եդեմական Պարտեզում: Կարևոր էր, սակայն, որ Աստված ասաց. «լավ չէ, որ մարդը մենակ լինի» (Մովսես 3.18; տես նաև Ծննդոց Բ.18), և Եվան դարձավ Ադամի կինը և օգնականը: Անհրաժեշտ էր ինչպես արական այնպես էլ իգական սեռի հոգևոր, ֆիզիկական, մտավոր և հուզական կարողությունների առանձնահատուկ միավորում՝ երջանկության ծրագիրը գործարկելու համար: «Բայց դարձեալ ոչ կինն առանց մարդի, եւ ոչ մարդն առանց կնկայ, Տէրումը» (Ա Կորնթացիս ԺԱ. 11): Տղամարդն ու կինը նախատեսված են, որ միմյանցից սովորեն, զորացնեն, օրհնեն և լրացնեն միմյանց:
Միջոցները, որով արարվում է մահկանացու կյանքը, նշանակված են աստվածայնորեն: «Առաջին պատվիրանը.... որ Աստված տվեց Ադամին և Եվային վերաբերում էր որպես ամուսին և կին նրանց ծնող լինելու ներուժին (Ensign կամ Liahona, նոյ. 2010, 129): Շատանալու և երկիրը լցնելու պատվիրանը ուժի մեջ է ցայսօր: Այսպիսով տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը այն լիազորված ուղին է, որի միջոցով նախամահկանացու ոգիները մտնում են մահկանացու կյանք: Լիակատար սեռական զսպվածությունը նախքան ամուսնությունը և լիարժեք հավատարմությունն ամուսնության մեջ` պաշտպանում են այդ սրբազան աղբյուրի սրբությունը:
Ծննդարար զորությունը հոգևոր առումով կարևոր է: Այդ զորության սխալ օգտագործումը խափանում է Հոր ծրագիրը և մեր մահկանացու գոյությունը: Մեր Երկնային Հայրը և Նրա Սիրելի Որդին արարիչներ են և մեզանից յուրաքանչյուրին վստահվել է Իրենց արարչագործ զորությունից մի մաս: Կյանք ստեղծելու ունակության ճիշտ օգտագործման hատուկ ուղենիշները կենսական տարրեր են Հոր ծրագրում: Այն, թե ինչպես ենք զգում և օգտագործում այդ երկնային զորությունը, ընդհանուր առմամբ կորոշի մեր երջանկությունը մահկանացու կյանքում և մեր ճակատագիրը հավերժության մեջ:
Երեց Դալին Հ. Օուքսը բացատրել է.
«Մահկանացու կյանք ստեղծելու զորությունը ամենավեհ զորությունն է, որ Աստված տվել է Իր զավակներին: Դրա օգտագործումը պահանջվում է առաջին պատվիրանում, բայց մեկ այլ կարևոր պատվիրան է տրված՝ արգելելու դրա սխալ օգտագործումը: Մաքրաբարոյության օրենքի վրա մեր շեշտադրումը բացատրվում է Աստծո ծրագրի իրականացման մեջ ծննդարար ուժերի նպատակների մեր ըմբռնմամբ....
Ամուսնական կապերից դուրս, ծննդարար ուժերի ցանկացած ձևի օգտագործումը մեղք է և այս կամ այն չափով նվաստացնում և այլասերում է տղամարդկանց և կանանց ամենաաստվածային հատկանիշը» (“The Great Plan of Happiness,” Ensign, նոյ. 1993, 74):
Սեռական բարոյականության չափանիշը
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ունի սեռական բարոյականության եզակի, անփոփոխ չափանիշ՝ ինտիմ հարաբերությունները պատշաճ են միայն տղամարդու և կնոջ միջև` ամուսնական կապի մեջ, որը նշանակված է Աստծո ծրագրում: Այդպիսի հարաբերությունները, պարզապես, հետազոտական հետաքրքրասիրություն չեն, ո՛չ ցանկությունների բավարարման, ո՛չ էլ հանգստի կամ զվարճության ինչ-որ ձև են՝ եսասիրաբար հետամուտ լինելու համար:Դրանք նվաճում չեն, որին պիտի հասնենք, ոչ էլ պարզապես գործողություն, որ պիտի կատարենք: : Դրանք ավելի շուտ մահկանացու կյանքում մեր աստվածային էության և ներուժի բարձրագույն արտահայտություններն են՝ ամուսնու և կնոջ միջև զգացմունքային և հոգևոր կապերի զորացման մի ուղի: Մենք բարոյական ազատ կամքով օրհնված գործակալներ ենք և բնորոշվում ենք որպես Աստծո զավակներ՝ մեր աստվածային ժառանգությամբ, և ոչ թե սեռական վարքագծերով, ժամանակակից դիրքորոշումներով կամ աշխարհիկ փիլիսոփայություններով:
Բնական մարդը
Թագավոր Բենյամինի կողմից նկարագրվող բնական մարդը ինչ-որ չափով ապրում է և կենդանի է յուրաքանչյուրիս մեջ (տես Մոսիա 3.19): Բնական տղամարդը կամ կինը չապաշխարող է, մարմնական և զգայական (տես Մոսիա 16.5; Ալմա 42.10; Մովսես 5.13), բավականություններով տարվող և շվայտ, հպարտ է ու եսասեր: Ինչպես Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալն է ուսուցանել. «բնական մարդը» «բիրտ մարդն» է, որը թույլ է տալիս, որ կոպիտ կենդանական կրքերը նսեմացնեն իր հոգևոր հակումները» (“Ocean Currents and Family Influences,” Ensign, Nov. 1974, 112):
Ի հակադրություն՝ «Քրիստոսի մարդը [նաև կինը]» (Հելաման 3.29) հոգևոր է և սանձում է բոլոր կրքերը (տես Ալմա 38.12), ժուժկալ է ու զուսպ, և բարեգործ է ու անձնազոհ: Քրիստոսի տղամարդիկ և կանայք կառչում են Աստծո խոսքից, իրենց մոռանում են և վերցնում Նրա խաչը (տես Մատթեոս ԺԶ.24; Մարկոս Ը.34; Ղուկաս Թ.23; ՎևՈՒ 56.2), և առաջ մղվում հավատարմության, հնազանդության և նվիրվածության անձուկ և նեղ ուղով դեպի Փրկիչն ու Նրա ավետարանը:
Որպես Աստծո որդիներ և դուստրեր՝ մենք ժառանգել ենք աստվածային հատկություններ Նրանից: Բայց մենք ներկայումս ապրում ենք անկում ապրած աշխարհում: Այն նյութերն իսկ, որոնցից ստեղծվել են մեր մարմինները, բնությամբ անկում են ապրել և միշտ ենթակա են մեղքի, քայքայման և մահվան ազդեցության: Հետևաբար, Ադամի անկումը և դրա հոգևոր և ֆիզիկական հետևանքները մեզ վրա ամենաուղղակիորեն ազդում են մեր ֆիզիկական մարմինների միջոցով: Սակայն մենք երկակի էակներ ենք, քանի որ մեր հոգին, որը մեր հավերժական մասն է, բնակվում է ֆիզիկական մարմնում, որն Անկման է ենթակա: Ինչպես Հիսուսն է շեշտել Պետրոս Առաքյալին.«Հոգին յօժար է, բայց մարմինը տկար» (Մատթեոս ԻԶ.41):
Ուրեմն մահկանացու կյանքի ստուգարքի ճշգրիտ բնույթը կարելի է ամփոփել հետևյալ հարցով. Արդյոք ես կարձագանքե՞մ բնական մարդու հակումներին, թե ես կենթարկվեմ Սուրբ Հոգու հորդորներին և կհանեմ բնական մարդուն ու կդառնամ սուրբ՝ Տեր Քրիստոսի քավությամբ (տես Մոսիա 3.19): Սա է ստուգարքը: Բնական մարդու ամեն ախորժակ, ցանկություն, հակում և մղում կարելի է հաղթահարել Հիսուս Քրիստոսի Քավությամբ: Մենք այստեղ՝ երկրի վրա ենք, որպեսզի զարգացնենք աստվածանման հատկանիշներ և սանձենք մարմնական բոլոր կրքերը:
Հակառակորդի մտադրությունը
Հոր ծրագիրը նախագծված է՝ ուղղություն ապահովելու համար Իր զավակներին, օգնելու նրանց երջանիկ դառնալ և նրանց անվտանգ տուն բերելու Նրա մոտ` հարություն առած, վեհացած մարմնով: Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք միասին լինենք լույսի մեջ և լցված լինենք հույսով: Ի հակադրություն՝ Լյուցիֆերը աշխատում է դարձնել Աստծո որդիներին և դուստրերին շփոթված և դժբախտ և խանգարել նրանց հավերժական առաջընթացին: Ստերի հոր համապարփակ մտադրությունն է, որ մենք բոլորս դառնանք «թշվառ ինչպես ինքը» (2 Նեփի 2.27): Լյուցիֆերը կամենում է, որ մենք լիովին մենակ լինենք՝ խավարում և առանց հույսի:
Սատանան անողոքաբար աշխատում է խորտակել Հոր ծրագրի ամենակարևոր տարրերը: Նա չունի մարմին, և նրա հավերժական առաջընթացը կանգ է առել: Ճիշտ ինչպես գետի հունով հոսող ջուրը կանգնեցվում է պատնեշով, այնպես էլ հակառակորդի հավերժական առաջընթացը խափանվել է, որովհետև նա չունի ֆիզիկական մարմին: Իր ապստամբության պատճառով՝ Լյուցիֆերն իրեն զրկել է բոլոր մահկանացու կյանքի օրհնություններից և փորձառություններից, որոնք հնարավոր են միս ու ոսկորից մարմնի միջոցով: Նա չի կարող սովորել դասերը, որոնք կարող է միայն մարմնավորված հոգին սովորել: Նա վրդովվում է ողջ մարդկության տառացի և համընդհանուր հարության իրականությունից: «Նզովված» բառի սուրբգրային համոզիչ իմաստներից մեկը բացատրվում է նրա զարգացումը շարունակելու և մեր Երկնային Հորը նմանվելու անկարողությամբ:
Քանի որ ֆիզիկական մարմինը այդքան կարևոր է Հոր երջանկության ծրագրի և մեր հոգևոր զարգացման համար, Լյուցիֆերը ձգտում է խանգարել մեր առաջընթացին՝ գայթակղելով մեզ՝ մեր մարմինները անպատշաճ ձևով օգտագործելու միջոցով: Հավերժության ծայրահեղ հեգնանքներից մեկն այն է, որ հակառակորդը, որը թշվառ է, հատկապես ֆիզիկական մարմին չունենալու պատճառով, գայթակղում է մեզ կիսել իր թշվառությունը՝ մեր մարմինների անպատշաճ օգտագործմամբ: Հենց այն գործիքը, որը նա չունի, այսպիսով դառնում է գայթակղելու նրա փորձերի գլխավոր նպատակակետը՝ մեզ դեպի հոգևոր կործանում տանելու համար:
Մաքրաբարոյության օրենքը խախտելը դառնաղետ մեղք է և մեր ֆիզիկական խորանների սխալ օգտագործում: Փրկության ծրագիրը իմացողների և հասկացողների համար՝ մարմինը պղծելը ապստամբության գործողությունը է (տես Մոսիա 2.36–37; ՎևՈՒ 64.34–35) և որպես Աստծո որդիներ ու դուստրեր մեր ճշմարիտ ինքնության ուրացում: Երբ նայում ենք մահկանացու կյանքից այն կողմ՝ դեպի հավերժություն, հեշտ է զանազանել, որ հակառակորդի կողմից առաջարկվող կեղծ ընկերակցությունը ժամանակավոր է և սին:
Մաքրաբարո լինելու օրհնությունները
Ալման խորհուրդ է տվել իր որդի Սիբլոնին «սանձել բոլոր [իր] կրքերը, որ [նա] լցվի սիրով» (Ալմա 38.12): Մեզանից յուրաքանչյուրի մեջ բնական մարդուն կարգավարժելը նշանակալիորեն հնարավոր է դարձնում ավելի հարուստ, ավելի խորը և ավելի մշտատև սեր Աստծո և Նրա զավակների հանդեպ: Սերը մեծանում է արդար զսպվածության միջոցով և նվազում է, երբ մենք տեղի ենք տալիս գայթակղություններին:
Նախագահ Մարիոն Գ. Ռոմնին հայտարարել է.
«Ես չեմ կարող մտածել այլ օրհնությունների մասին, որոնք ավելի ջերմեռանդորեն փափագված լինեն, քան նրանք, որոնք խոստացված են մաքուր և առաքինի մարդկանց: Հիսուսը խոսեց տարբեր արժանիքների համար հասանելի առանձնահատուկ պարգևների մասին, բայց պահեց մեծագույնը, ինձ այսպես է թվում՝ սրտով մաքուրների համար, «քանզի նրանք, – ասաց Նա, – կտեսնեն Աստծուն» (Մատթեոս Ե.8): Եվ նրանք ոչ միայն կտեսնեն Տիրոջը, այլև նրանք կզգան իրենց ինչպես տանը Նրա ներկայությամբ:
Ահա.... Փրկչի խոստումը. «Թող առաքինությունը զարդարի քո մտքերն անդադար, այն ժամանակ քո վստահությունը կամրանա Աստծո ներկայության մեջ» (ՎևՈՒ 121.45) (“Trust in the Lord,” Ensign, May 1979, 42):
Մեզ նաև խոստացված է, որ երբ հետևենք առաքինության ուղուն, «Սուրբ Հոգին կլինի [մեր] մշտական ընկերը» (ՎևՈՒ 121.46): Այսպիսով, մաքրաբարոյության օրենքով ապրելը բերում է որոշ մեծագույն օրհնություններ, որոնք տղամարդիկ և կանայք կարող են ստանալ մահկանացու կյանքում՝ պատշաճ հոգևոր վստահություն ընտանիքի, ընկերների, Եկեղեցու հավատակիցների և, ի վերջո, Փրկչի մոտ: Պատկանելու մեր ներքին մղումը իրականություն է դառնում արդարությամբ, երբ մենք հույսով քայլում ենք լույսի մեջ:
Ապաշխարության սկզբունքը
Ձեզանից ոմանք, ովքեր ստանում են այս ուղերձը պետք է ապաշխարեն սեռական կամ այլ մեղքերից: Փրկիչը հաճախ ակնկալվում է որպես Մեծ Բժիշկ և այս անվանումն ունի ինչպես խորհրդանշական այնպես էլ տառացի նշանակություն: Մենք բոլորս ճաշակել ենք ցավ, որն ուղեկցել է ֆիզիկական վնասվածքին կամ վերքին: Երբ ցավի մեջ ենք, մենք, սովորաբար, որոնում ենք հանգիստ և շնորհակալ ենք դեղերի և բուժման համար, որոնք օգնում են թեթևացնել մեր տառապանքը: Համարեք մեղքը որպես հոգևոր վերք, որը հանցանքի զգացում կամ ինչպես Ալման է նկարագրում իր որդի Կորիանթոնին՝ «խղճի խայթ» է առաջացնում ” (Ալմա 42.18): Հանցանքը մեր հոգու համար նույնն է, ինչ ցավը մեր մարմնի համար՝ նախազգուշացում վտանգի մասին և պաշտպանություն հավելյալ վնասից: Փրկչի Քավությունից հոսում է հանգստացնող յուղաքսուք, որը կարող է բժշկել մեր հոգևոր վերքերը, վերացնել հանցանքը: Սակայն այդ յուղաքսուքը կարող է միայն կիրառվել առ Տեր Հիսուս Քրիստոս հավատքի, ապաշխարության և հետևողական հնազանդության սկզբունքով: Անկեղծ ապաշխարության արդյունքն է խղճի խաղաղություն, հանգստություն և հոգևոր ապաքինում և վերածնունդ:
Ձեր եպիսկոպոսը կամ ճյուղի նախագահը հոգևոր բժշկի օգնականն է, որը լիազորված է օգնել ձեզ ապաշխարել և ապաքինվել: Խնդրում ենք հիշեք, այնուամենայնիվ, որ ձեր ապաշխարության չափն ու ուժգնությունը պետք է համապատասխան լինի ձեր մեղքերի բնույթին և սաստկությանը, հատկապես Վերջին Օրերի Սրբերի համար, ովքեր սրբազան ուխտի տակ են: Լուրջ հոգևոր մեղքերը պահանջում են հետևողական բուժում և ժամանակ լիովին և վերջնական ապաքինման համար:
Խոստում և վկայություն
Վարդապետությունը, որ ես նկարագրել եմ, կարող է թվալ հնացած և ժամանակն անցած շատ մարդկանց համար աշխարհում, որը գնալով ավելի շատ է ծաղրում ծննդարար զորության սրբազանությունը և նվազեցնում է մարդկային կյանքի արժեքը: Բայց Տիրոջ ճշմարտությունը չի փոխվում քմահաճույքներից, հանրաճանաչությունից կամ հասարակական կարծիքի քվեների ընդհանուր քանակից: Ես խոստանում եմ, որ մաքրաբարոյության օրենքին հնազանդությունը կմեծացնի մեր երջանկությունը մահկանացու կյանքում և հնարավոր կդարձնի մեր առաջընթացը հավերժության մեջ: Մաքրաբարոյությունը և առաքինությունը միշտ եղել էլ է, միշտ կլինի և այժմ էլ «ամենաթանկն է ու ամենաարժեքավորը՝ բոլոր բաներից առավել» (Մորոնի 9.9): Այդ մասին ես վկայում եմ Տեր Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն: