Մենք խոսում ենք Քրիստոսի մասին
Ապաշխարիր, դարձիր դեպի Տերը և բժշկվիր
«Ահա, ով որ ապաշխարել է իր մեղքերից, նա ներվում է, և ես՝ Տերս, այլևս չեմ հիշում դրանք» (ՎևՈւ 58.42):
Վերջերս իմ ծանոթ մի լավ և հավատքով կին ավտովթարի հետևանքով լուրջ վնասվածքներ էր ստացել: Կոտրվել էին նրա կողերը և ողը: Նրա վերականգնումը պահանջում էր, որ նա հագներ ձգող գոտի մեջքին և վզին, որպեսզի դրանք անշարժ վիճակում լինեին: Գոտին շատ անհարմար էր երևու, սակայն անհրաժեշտ էր հագնել այն: Դա ապահովելու էր մեջքը և վիզը ապաքինվելու համար անհրաժեշտ պայմաններ:
Ապաշխարությունը գոտու նման է: Երբ մեղանչում ենք, մենք վնասում ենք մեր հոգին, և աստվածային բժշկում է անհրաժեշտ կրկին առողջանալու համար: Ապաշխարությունն ապահովում է պայման, որը թույլ է տալիս, որ Փրկիչը Քավության զորության շնորհիվ բժշկի մեզ (տես 3 Նեփի 9.13): Եթե ապաշխարության ինչ-որ մաս անհարմար է, կոտրված մեջքին հագցված գոտու նման, ամեն դեպքում մենք պետք է ապաշխարենք:
Առաջին Նախագահության Երկրորդ Խորհրդական Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը ուսուցանել է. «Անկեղծ ապաշխարությունը մեզ վերադարձնում է անելու այն, ինչ ճիշտ է: Որպեսզի անկեղծորեն ապաշխարենք, մենք պետք է ընդունենք մեր մեղքերը և զղջանք, կամ զգանք աստվածային տրտմություն, և խոստովանենք այդ մեղքերն Աստծուն: Եթե մեր մեղքերը լուրջ են, մենք պետք է նաև խոստովանենք դրանք մեր լիազորված քահանայության ղեկավարին: Մենք պետք է խնդրենք Աստծուն, որ ների մեզ և անենք այն ամենը, ինչ կարող ենք, որ ուղղենք մեր գործողությունների արդյունքում պատճառված վնասը: Ապաշխարություն նշանակում է մտքի ու սրտի փոփոխություն՝ մենք դադարում ենք անել այն ամենը, ինչը սխալ է, և սկսում ենք անել այն, ինչ ճիշտ է: Դա նորոգում է Աստծո, մեր և ընդհանրապես կյանքի հանդեպ մեր մոտեցումը»:1
Երբ մենք հաջողությամբ ավարտում ենք ապաշխարության ընթացքը, արդյունքը բժշկումն է, սփոփանքը և երջանկությունը: Դորոթի Ջ. Ռ. Վայթը գրել է.
Արցունքները, որ հոսում են արտաքուստ,
Մաքուր լվանում են ներքուստ:2
Տերը աղերսում է համառելով, սիրով և համոզումով, որ մենք ապաշխարենք, որովհետև Նա ցանկանում է բժշկել մեզ: Նա Իր մարմնով և հոգով տառապել է վճարելով մեր մեղքերի համար պատիժը, եթե մենք ապաշխարենք: Նա բացատրում է.
«Քանզի ահա, ես՝ Աստվածս, տառապել եմ այս բաները բոլորի համար, որպեսզի նրանք չտառապեն, եթե ապաշխարեն.
Բայց եթե չապաշխարեն, նրանք պետք է տառապեն, ճիշտ ինչպես ես.
Տառապանք, որը ստիպեց ինձ, նույնիսկ Աստծուս, բոլորից մեծագույնիս, ցավից դողալ և արյունահոսել ամեն մի ծակոտիից և տառապել՝ թե՛ մարմնով, թե՛ ոգով,- և ես ցանկացա, որ գուցե չխմեմ դառը բաժակը և ընկրկեմ,-
Այնուամենայնիվ, փա՛ռք լինի Հորը, և ես ճաշակեցի ու ավարտեցի իմ նախապատրաստությունները մարդկանց զավակների համար:
Ուստի, ես կրկին պատվիրում եմ քեզ ապաշխարել» (ՎևՈւ 19.16–20):
Թող որ մենք ապաշխարենք այժմ, դառնանք դեպի Տերը և բժշկվենք: