Սպասավորության սկզբունքները, օգոստոս 2019
Կարո՞ղ եմ օգնել որևէ մեկին փոխվել:
Այո: Բայց ձեր դերը կարող է տարբեր լինել, քան դուք եք կարծում:
Մենք ստեղծվել ենք փոխվելու կարողությամբ: Մեր մահկանացու փորձառության նպատակն է` աճել դեպի մեր աստվածային ներուժը: Սպասավորելու ամենամեծ նպատակներից մեկը ուրիշներին օգնելն է` գալ դեպի Քրիստոսը և կատարել այն փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են Նրա ներկայություն վերադառնալու համար: Բայց նրանց ազատ կամքի պատճառով մեր դերը սահմանափակ է, երբ օգնում ենք նրանց Քրիստոսանման դառնալ:
Ահա յոթ ազդեցիկ դասեր Փրկիչից, թե ինչպես կարող ենք օգնել ուրիշներին փոխվելու և Նրան ավելի նմանվելու իրենց ջանքերում:
-
Մի վախեցեք հրավիրել մարդկանց փոխվել։
Փրկիչը չվախեցավ հրավիրել ուրիշներին հետևում թողնել իրենց հին ուղիները և ընդունել Իր ուսմունքները: Նա հրավիրեց Պետրոսին և Հակոբոսին թողնել իրենց գործերը և «մարդկանց որսորդ» դառնալ (Մարկոս 1.17): Նա կոչ արեց շնության մեջ բռնված կնոջը. «Գնա, եւ այսուհետեւ մեղք մի գործիր» (Հովհաննես 8.11)։ Նա հարուստ երիտասարդին հրավիրեց հրաժարվել աշխարհիկ բաների հանդեպ իր կապվածությունից և հետևել Իրեն (տես Մարկոս 10․17–22): Մենք ևս կարող ենք լինել համարձակ և սիրալիր, երբ հրավիրենք ուրիշներին փոփոխություններ կատարել և հետևել Փրկիչին:
-
Հիշեք՝ փոխվելը նրանց ընտրությունն է:
Այնպիսի փոփոխություն, որը Փրկիչն է հրավիրում անել, չի կարելի հարկադրել: Փրկիչն ուսուցանում էր և հրավիրում, բայց նա չէր ստիպում: Հարուստ երիտասարդը «տրտմած գնաց» (Մատթեոս 19.22): Կափառնայումում Նրա աշակերտներից շատերը ընտրեցին «ետ գնալ», և Նա հարցրեց Տասներկուսին՝ արդյո՞ք նրանք էլ էին կամենում հեռանալ (տես Հովհաննես 6.66–67): Հովհաննես Մկրտիչի հետևորդներից շատերն ընտրեցին հետևել Փրկիչին, մյուսները` ոչ (տես Հովհաննես 1.35–37, 10.40–42): Մենք կարող ենք հրավիրել ուրիշներին ավելի նմանվել Նրան, բայց մենք չենք կարող փոխվելու որոշում ընդունել նրանց փոխարեն: Եվ եթե նրանք դեռ չեն որոշել փոխվել, մենք չպետք է հուսահատվենք, ոչ էլ պետք է համարենք, որ ձախողվել ենք:
-
Աղոթեք ուրիշների փոխվելու կարողության համար
Իր միջնորդական աղոթքի ժամանակ Հիսուսը խնդրեց Աստծուն, որ Իր աշակերտները չարից պահպանված լինեն, ավելի շատ նմանվեն Իրեն ու Հորը և լցվեն Աստծո սիրով (տես Հովհաննես 17.11, 21–23, 26): Եվ իմանալով, որ Պետրոսը կարիք կունենա ուժի` իր դերի համար աճելու ջանքերում, Փրկիչն աղոթեց նրա համար (տես Ղուկաս 22.32): Մեր աղոթքներն ուրիշների համար կարող են տարբերություն առաջացնել (տես Հակոբոս 5.16):
-
Ուսուցանեք նրանց ապավինել Նրա զորությանը
Միայն Փրկիչի միջոցով է, որ մենք կարող ենք իսկապես փոխվել և աճել դեպի աստվածային ներուժը, որ մենք բոլորս ունենք: Նա է «ճանապարհը եւ ճշմարտութիւնը եւ կեանքը, ոչ ով չի գալիս Հօր մօտ, եթե ոչ [Նրանով]» (Հովհաննես 14.6): Այդ Նրա զորությունն է, որ կարող է «թույլ կողմերը դարձնել ուժեղ» (Եթեր 12.27)։ Նրա քավիչ զորության հանդեպ հավատքը հնարավոր դարձրեց, որ Ալմա Կրտսերը փոխվի (տես Ալմա 36.16–23): Մենք կարող ենք ուսուցանել ուրիշներին ապավինել Փրկիչին, որպեսզի նրանք ևս կարողանան ունենալ Նրա մաքրագործող զորությունն իրենց կյանքում:
-
Վերաբերվեք ուրիշներին այնպես, ինչպիսին նրանք կարող են դառնալ
Սերը և ընդունումը կարող են փոխվելու հզոր գործոններ լինել: Ջրհորի մոտ Հիսուսին հանդիպած կինը ապրում էր մի մարդու հետ, ով նրա ամուսինը չէր: Հիսուսի աշակերտները «զարմանում էին, որ նա խոսում էր կնոջ հետ» (Հովհաննես 4.27), բայց Հիսուսն ավելի շատ հոգ էր տանում, թե նա ինչ կարող էր դառնալ: Նա ուսուցանեց նրան և նրան հնարավորություն տվեց փոխվելու, որը նա արեց: (Տես Հովհաննես 4․4-42)։
Երբ մենք վերաբերվում ենք ուրիշներին՝ ինչպիսին նրանք եղել են, այլ ոչ թե ինչպիսին նրանք կարող են դառնալ, մենք կարող ենք նրանց ետ պահել: Փոխարենը, մենք կարող ենք ներել և մոռանալ անցյալի սխալները: Մենք կարող ենք հավատալ, որ ուրիշները կարող են փոխվել: Մենք կարող ենք չնկատելու տալ թուլությունները և մատնանշել դրական գծերը, որոնք նրանք գուցե չեն տեսնում իրենց մեջ: «Մենք պարտավոր ենք տեսնել մարդկանց ոչ թե ինչպիսին նրանք կան, այլ ավելի շուտ ինչպիսին նրանք կարող են դառնալ»:1
-
Թողեք, որ գնան իրենց քայլքով
Փոխվելու համար ժամանակ է հարկավոր: Մենք բոլորս «շարունակում ենք համբերությամբ, մինչև [մենք] կատարելագործվում ենք» (Վարդապետություն և Ուխտեր 67.13): Հիսուսը համբերություն ուներ ուրիշների հանդեպ և շարունակում էր ուսուցանել նույնիսկ նրանց, ովքեր հակադրվում էին Իրեն, վկայելով Հոր կողմից Իրեն տրված դերի մասին և պատասխանելով նրանց հարցերին (տես Մատթեոս 12.1–13, Հովհաննես 7.28–29): Մենք կարող ենք համբերատար լինել ուրիշների հետ և խրախուսել նրանց համբերատար լինել իրենք իրենց հետ:
-
Մի հուսահատվեք, եթե նրանք վերադառնան իրենց հին ուղիներին
Քրիստոսի մահից հետո նույնիսկ Պետրոսը և Առաքյալներից մի քանիսը հետ գնացին դեպի այն, ինչը նրանց ծանոթ էր (տես Հովհաննես 21.3): Քրիստոսը հիշեցրեց Պետրոսին, որ նա պետք է «արածեցներ [Իր] ոչխարներին» (տես Հովհաննես 21.15–17), և Պետրոսը վերադարձավ իր ծառայությանը: Շատ հեշտ կարող է լինել վերադառնալ նախկին ուղիներին: Մենք կարող ենք շարունակել աջակցել նրբանկատ խրախուսանքով և ոգեշնչված հրավերներով` շարունակելով հետևել Փրկիչին և ձգտել ավելի նմանվել Նրան:
Թույլ տվեք, որ ուրիշներն աճեն:
Տասներկու Առաքյաների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը պատմում է այս պատմությունը ուրիշների աճը թույլ տալու մասին. «Ինձ պատմեցին մի անգամ մի երիտասարդի մասին, ով շատ տարիներիր դպրոցում բոլորկատակների առարկան էր եղել: Նա ուներ մի քանի թերություններ և նրա հասակակիցների համար հեշտ էր նրան ծաղրելլ: Հետագայում նա տեղափոխվեց մեկ այլ վայր: Նա ի վերջո բանակ գնաց և ունեցավ մի շարք հաջող փորձառություններ` այնտեղ ստանալով կրթություն և ընդհանրապես հեռանալով իր անցյալից: Ամենից առաջ, ինչպես բոլոր զինվորականներն են անում, նա հայտնաբերեց Եկեղեցու գեղեցկությունը և վեհությունը և այնտեղ դարձավ ակտիվ ու երջանիկ:
«Ապա, մի քանի տարի անց նա վերադարձավ իր պատանեկության քաղաքը: Նրա սերնդի մեծ մասը տեղափոխվել էին, բայց ոչ բոլորը: Հավանաբար, երբ նա վերադարձավ, լիովին հաջողակ և լիովին վերածնված, մտածելակերպը, որը գոյություն էր ունեցել անցյալում, դեռ այնտեղ սպասում էր նրա վերադարձին: Իր հայրենի քաղաքի մարդկանց համար նա դեռ ուղղակի նախկին «այսպես ու այնպեսն էր»: …
«Այդ մարդու մեջ եղած Պողոսի ջանքերը` թողնել այն, ինչ ետևում էր և վերցնել պարգևը, որ Աստված էր դրել նրա առջև, աստիճանաբար նվազեց, մինչև որ նա մահացավ` գրեթե այնպես, ինչպես ապրել էր իր պատանեկության տարիներին: Շատ վատ էր, շատ տխուր, որ նա կրկին շրջապատվեց … նրանցով, ովքեր մտածում էին, որ նրա անցյալն ավելի կարևոր էր, քան նրա ապագան: Նրանք հասցրեցին կորզել նրա ձեռքից այն, ինչի համար Քրիստոսը նրան դուրս էր կորզել: Եվ նա մահացավ տխուր, չնայած՝ ոչ իր սեփական մեղքով:…
«Թողեք, որ մարդիկ ապաշխարեն։ Թողեք, որ մարդիկ աճեն։ Հավատացեք, որ մարդիկ կարող են փոխվել և բարելավվել»:2
© 2019 by Intellectual Reserve, Inc. All rights reseved. Տպագրված է ԱՄՆ-ում: Անգլերենի հաստատումը. 6/18 Թարգմանության հաստատումը. 6/18։ Ministering Principles, July 2019-ի թարգմանությունը։ Armenian 15769 201