Երեխաների միության ձեռնարկներ և միացյալ ժամ
Հունիս. Ես կհետևեմ Երկնային Հոր ծրագրին՝ մկրտվելով և հաստատվելով


Հունիս

Ես կհետևեմ Երկնային Հոր ծրագրին՝ մկրտվելով և հաստատվելով

«Եկեք ինձ մոտ և մկրտվեք իմ անունով, որպեսզի դուք կարողանաք ստանալ ձեր մեղքերին թողություն և լցվել Սուրբ Հոգով» (3 Նեփի 30.2):

Այստեղ տրված մտքերին ավելացրեք ձեր մտքերը: Ամեն շաբաթ ծրագրեք, թե ինչպես կարող եք (1) ներկայացնել վարդապետությունը, (2) օգնել երեխաներին այն հասկանալ, և (3) օգնել նրանց կիրառել այն իրենց կյանքում: Հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ պետք է անեն երեխաները, որպեսզի սովորեն, և ինչպե՞ս կարող եմ ես օգնել նրանց զգալ Հոգին»:

Շաբաթ 1. Ես կհետևեմ Հիսուս Քրիստոսին մկրտվելով և հաստատվելով և իմ մկրտության ուխտերը պահելով:

Նախօրոք տարբեր գույնի թղթերից կտրեք երկու մեծ ոտնահետքեր: Մեկի վրա գրեք «մկրտվելով և հաստատվելով» և մյուսի վրա` «և իմ մկրտության ուխտերը պահելով»: Երկու գույներով մի քանի ավելի փոքր ոտնահետքեր պատրաստեք: Հետևյալ արտահայտություններից մեկական գրեք առաջին գույնի ոտնահետքերի վրա. 8 տարեկան, ապաշխարել, հարցազրույց եպիսկոպոսի հետ, ընկղմում, քահանայության իշխանություն, ուխտ, սպիտակ հագուստներ, Սուրբ Հոգի: Երկրորդ գույնի յուրաքանչյուր փոքրիկ ոտնահետքի վրա գրեք մեկական չափանիշ «Ավետարանի իմ չափանիշները» գրքույկից: Բոլոր փոքրիկ ոտնահետքերը խառը դրեք սենյակով մեկ:

Ներկայացրեք վարդապետությունը. Գրատախտակին գրեք «Ես կհետևեմ Հիսուս Քրիստոսին …»: Մեծ ոտնահետքերը հերթով դրեք գրատախտակին և միասին կարդացեք այն: Բացատրեք, որ սրանք անհրաժեշտ քայլեր են Երկնային Հոր ծրագրում: Եթե անհրաժեշտ է, օգնեք երեխաներին հասկանալ, թե ինչ է մկրտության ուխտը:

գրատախտակ

Ոտնահետքեր հնարավոր է գտնել sharingtime.lds.org կայքում

Օգնեք հասկանալ և կիրառել (խաղալով համընկումների խաղ). Մի երեխայի խնդրեք գտնել առաջին գույնի ոտնահետքերից մեկը: Խնդրեք նրան կարդալ ոտնահետքի վրայի բառը կամ արտահայտությունը և դնել այն գրատախտակին համապատասխան մեծ ոտնահետքի տակ: Հարցրեք երեխաներին, թե ինչ կապ ունի սա մկրտության և հաստատման հետ: Կրկնեք առաջին գույնի բոլոր ոտնահետքերի հետ:

Խնդրեք մի երեխայի գտնել երկրորդ գույնի մի ոտնահետք: Խնդրեք նրան կարդալ ոտնահետքի բառը կամ արտահայտությունը և դնել այն գրատախտակին համապատասխան մեծ ոտնահետքի տակ: Քննարկեք, թե ոտնահետքի վրա գրված ավետարանի չափանիշը ինչպես կօգնի երեխաներին պահել իրենց մկրտության ուխտերը: Կրկնեք մյուս ոտնահետքերով:

Շաբաթ 2. Եթե ես ապրեմ արժանի ձևով, Սուրբ Հոգին կօգնի ինձ ընտրել ճիշտը:

Ներկայացրեք վարդապետությունը (երգ երգելով). Հարցրեք երեխաներին, թե մկրտվելուց հետո մեզ ինչ պարգև է տրվել: Երգեք «Սուրբ Հոգին» (CS, 105) երգի երկրորդ տունը: Նախքան երգելը խնդրեք երեխաներին լսել հետևյալ հարցի պատասխանը. Ի՞նչ է մեզ օգնում անել Սուրբ Հոգին: Օգնեք երեխաներին հասկանալ, որ ցածր, մեղմ ձայնը Սուրբ Հոգին է և որ Նա օգնում է մեզ ընտրել ճիշտը:

Օգնեք հասկանալ (առարկայական դասի դիտելով). Բացատրեք, որ մենք պետք է սովորենք լսել Սուրբ Հոգու հուշումներին, ուշադրություն դարձնելով մեր մտքերին և մեր սրտերում ունեցած զգացմունքներին (տես ՎևՈՒ 8.2): Թող մի երեխա ապակե տարայի մեջ կոպեկ դնի և թափահարի այն: Թող երեխաները ուշադրություն դարձնեն այն բանին, թե որքան պարզ նրանք կարողանում են լսել ձայնը: Թող երեխաները գդալով հող, բրինձ, ավազ կամ բամբակ լցնեն տարայի մեջ: Ամեն գդալից հետո թող երեխան տարան կրկին թափահարի, և թող երեխաները մեկնաբանեն, թե ինչպես է սա ազդում ձայնի վրա: Շարունակեք գդալներով ավելացնելն այնքան ժամանակ, մինչև որ երեխաներն այլևս չլսեն կոպեկի ձայնը: Սա նմանեցրեք Սուրբ Հոգուն լսելու դժվարությանը, երբ մեր կյանքը լի է ուշադրությունը շեղող բաներով կամ մեղքով: Տարան դատարկեք և կրկին ցուցադրեք, թե որքան պարզ կարող է կոպեկը լսելի լինել: Վկայեք, որ պատվիրանները պահելը և մեր մեղքերից ապաշխարելը օգնում է մեզ լսել Սուրբ Հոգուն:

հողով լի տարան թափահարող երեխա

Վարդապետությունը առարկայի հետ կապելը կօգնի երեխաներին հիշել ուսուցանված դասը:

Օգնեք կիրառել (կիսվելով մտքերով). Երեխաներին բաժանեք խմբերի և թող յուրաքանչյուր խումբ իրար փոխանցի մի փոքրիկ առարկա մինչ դուք երգեք կամ ասեք «Սուրբ Հոգին» երգի բառերը: Անսպասելի կանգ առեք և թող յուրաքանչյուր երեխա, ով ունի առարկան, ասի մի բան, որ կարող է անել` Սուրբ Հոգուն ավելի պարզ լսելու համար: Ավարտեք` միասին երգելով «Սուրբ Հոգին» երգը:

Շաբաթ 3. Երբ ես հաղորդություն եմ ընդունում, ես վերանորոգում եմ իմ մկրտության ուխտերը:

Ներկայացրեք վարդապետությունը (նայելով նկարներ). Ցուցադրեք մկրտության նկար և հաղորդության նկար և հարցրեք, թե ինչ կապ ունեն իրար հետ այդ նկարները: Հիշեցրեք երեխաներին, որ մենք ուխտեր ենք կապում Երկնային Հոր հետ, երբ մենք մկրտվում ենք, և բացատրեք, որ երբ մենք հաղորդություն ենք ընդունում, մենք վերանորոգում ենք մեր մկրտության ուխտերը:

Օգնեք հասկանալ (լսելով և քննարկելով). Հրավիրեք երեխաներին մատով ցույց տալ իրենց կամ երկինքը, նշելու համար, թե ով է խոստում կապում, մինչ դուք կարդում եք հաղորդության աղոթքի հետևյալ հատվածները (տես ՎևՈՒ 20.77). «իրենց վրա վերցնել անունը քո Որդու», «միշտ հիշել նրան», «պահել նրա պատվիրանները», «նրա Հոգին միշտ իրենց հետ ունենան»: Քննարկեք յուրաքանչյուր արտահայտության իմաստը:

Օգնեք կիրառել (գործողություններ կատարելով). Խնդրեք երեխաներին մտածել մի գործողություն, որը կհիշեցնի նրանց հաղորդության ժողովի ժամանակ լսած ուխտի յուրաքանչյուր մասը, ինչպես օրինակ` դնել իրենց ձեռքը իրենց սրտին (իրենց վրա վերցնել անունը քո Որդու), ցույց տալ իրենց ճակատը (միշտ հիշել նրան), գրքի տեսքով բացել իրենց ձեռքերը (պահել նրա պատվիրանները) և իրենց ձեռքերը փաթաթել իրենց շուրջը (նրա Հոգին միշտ իրենց հետ ունենան): Մի քանի անգամ կրկնեք բոլոր չորս խոստումները գործողությունների հետ միասին: Խրախուսեք երեխաներին իրենց մտքում կրկնել այս գործողությունները, երբ նրանք լսում են հաղորդության աղոթքները:

գործողություններ կատարող երեխաները

Շաբաթ 4. Եթե ես ապաշխարեմ, ես կարող եմ ներվել:

Ներկայացրեք վարդապետությունը (դասավորելով բառերը ճիշտ հերթականությամբ). Խնդրեք երեխաներին բացատրել ապաշխարել և ներել բառերի իմաստը: Յուրաքանչյուր խմբի տվեք մեկական ծրար, որոնց մեջ կլինեն առանձին թերթիկների վրա գրված հետևյալ բառերը. Եթե, ես, ապաշխարեմ, ես, կարող, եմ, ներվել: Հրավիրեք յուրաքանչյուր խմբին իրենց բառերը դնել ճիշտ հերթականությամբ: Երբ նրանք ավարտեն, թող բոլոր երեխաները միասին կրկնեն նախադասությունը:

Օգնեք հասկանալ (բեմականացնելով սուրբ գրությունների պատմությունները). Ձեր բառերով պատմեք անառակ որդու պատմությունը (տես Ղուկաս ԺԵ.11–24), օգտագործելով որքան հնարավոր է շատ գործողություններ (օրինակ` ցույց տվեք ձեր երկու մատները երկու տղաներին ներկայացնելու համար և տրորեք ձեր փորը սոված լինելը ներկայացնելու համար): Հրավիրեք երեխաներին լսել ձեր պատմությունը և անաղմուկ կրկնօրինակել ձեր գործողությունները: Ցույց տվեք անառակ որդուն ներկայացնող նկար և հարցրեք, թե ինչպես է այս պատմության հայրը նման մեր Երկնային Հորը: Բացատրեք, որ ճիշտ այդ հոր նման մեր Երկնային Հայրն էլ մեզ է սիրում և ցանկանում է, որ մենք վերադառնանք Նրա մոտ: Նա կների մեզ մեր կատարած բոլոր սխալները, եթե մենք ապաշխարենք:

Օգնեք կիրառել (կարդալով սուրբ գրություն). Հրավիրեք մի երեխայի կարդալ Մոսիա 26.30: Խնդրեք երեխաներին լսել, թե որքան հաճախ կարող է մեկը ներվել: Հրավիրեք նրանց լուռ մտածել, թե ինչ կանեն հաջորդ անգամ, երբ որևէ սխալ բան անեն: