«2. Աջակցել անհատներին և ընտանիքներին փրկության և վեհացման աշխատանքում», Ընդհանուր ձեռնարկ․ ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում (2020)։
«2. Աջակցել անհատներին և ընտանիքներին», Ընդհանուր ձեռնարկ։
2.
Աջակցել անհատներին և ընտանիքներին փրկության և վեհացման աշխատանքում
2.0
Նախաբան
Որպես Հիսուս Քրիստոսի Եկեղեցու ղեկավար, դուք աջակցում եք անհատներին և ընտանիքներին՝ կատարելու փրկության և վեհացման աշխատանքը (տես 1.2)։ Այս աշխատանքի վերջնական նպատակն է՝ օգնել Աստծո բոլոր զավակներին ստանալ հավերժական կյանքի օրհնությունները և ուրախության լրիվությունը:
Փրկության և վեհացման աշխատանքի մեծ մասն իրականացվում է ընտանիքների միջոցով: Եկեղեցու բոլոր անդամների համար այս աշխատանքը կենտրոնացած է տան մեջ: Այս գլուխը կօգնի ձեզ հասկանալ․
-
Ընտանիքների դերն Աստծո ծրագրում։
-
Փրկության և վեհացման աշխատանքը տներում։
-
Փոխհարաբերությունները տան և եկեղեցու միջև։
2.1
Ընտանիքների դերը Աստծո ծրագրում
Ընտանիքը հաստատված է Աստծո կողմից և Նրա ծրագրի հիմնական մասն է: Մեզանից յուրաքանչյուրը «երկնային ծնողների կողմից սիրված հոգևոր որդին կամ դուստրն է, և ունի աստվածային բնույթ և ճակատագիր (Ընտանիք․ Հայտարարություն աշխարհին», ChurchofJesusChrist.org)։ Մենք նրանց ընտանիքի անդամներն ենք։ Նախքան երկրի վրա ծնվելը, մենք ապրում էինք նրանց հետ:
Որպես իր ծրագրի մաս, Երկնային Հայրն ընտանիքներ է ստեղծել երկրի վրա: Նա ուզում է, որ ընտանիքները մեզ երջանկություն պարգևեն։ Ընտանիքները հնարավորություն են տալիս՝ սովորել, աճել, ծառայել, ապաշխարել և ներել: Ընտանիքները կարող են օգնել մեզ պատրաստվել հավերժական կյանքին:
Այս կյանքում շատ մարդիկ սիրող ընտանեկան հարաբերությունների սահմանափակ հնարավորություններ ունեն: Ոչ մի ընտանիք զերծ չէ մարտահրավերներից, ցավից և վշտից: Անհատները և ընտանիքները հավատք են գործադրում Տիրոջ հանդեպ և ձգտում են ապրել ընտանիքին առնչվող Նրա հայտնած ճշմարտությունների համաձայն: Փրկիչը խոստացել է, որ Նա կօգնի կրել բոլոր նրանց բեռները, ովքեր գալիս են Իր մոտ (տես Մատթեոս 11․28–30)։
Երկնային Հոր երջանկության ծրագիրը երաշխավորում է, որ Նրա բոլոր զավակները հնարավորություն կունենան ընդունել Իր ավետարանը և ստանալ Իր մեծագույն օրհնությունները (տես Վարդապետություն և Ուխտեր 137․7–10)։ Բոլոր նրանք, ովքեր Աստծո հետ ուխտեր են կապում և պահում դրանք, կարող են զգալ ուրախություն և «խաղաղություն այս կյանքում և հավերժական կյանք գալիք աշխարհում» (Վարդապետություն և Ուխտեր 59․23, տես նաև Մոսիա 2․41)։
Հավերժական կյանքի մասին Աստծո խոստումը ներառում է՝ հավերժական ամուսնության, երեխաներ ունենալու և հավերժական ընտանիքի մյուս բոլոր օրհնությունները: Այս խոստումը վերաբերում է նրանց, ովքեր Եկեղեցում ներկայումս ամուսնացած չեն կամ ընտանիք չունեն (տես 38.1.4): Թեպետ վեհացման օրհնությունների ստացման ստույգ ժամանակը և եղանակը հայտնի չեն, այդ օրհնությունները երաշխավորված են նրանց համար, ովքեր ձգտում են ապրել որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ:
2.1.1
Հավերժական ընտանիքներ
Հավերժական ընտանիքները ստեղծվում են, երբ տաճարում կնքման արարողությունները ստանալիս Եկեղեցու անդամներն ուխտեր են կապում: Հավերժական ընտանիքի օրհնություններն իրագործվում են, երբ անդամները պահում են այդ ուխտերը և սխալներ գործելիս ապաշխարում են: Եկեղեցու ղեկավարներն օգնում են, որ անդամները պատրաստվեն այդ արարողություններին և պատվեն իրենց ուխտերը:
Յուրաքանչյուր ոք տարբեր դեր է կատարում հավերժական ընտանիքում: Ընտանեկան բոլոր դերերը սուրբ են և կարևոր: Այս դերերում կարող են ընդգրկվել մայրն ու հայրը, դուստրը և որդին, քույրն ու եղբայրը, մորաքույրն ու քեռին, տատիկն ու պապիկը: Եթե այդ դերերը կատարվում են սիրով, դա օգնում է Աստծո զավակներին առաջ շարժվել դեպի հավերժական կյանք:
Հավերժական ընտանիքներ հաստատելու բնութագրերից մեկը տաճարներում արարողություններ կատարելն է, որոնք թույլ են տալիս անդամներին կնքվել իրենց մահացած նախնիների հետ:
Հասկանալով Աստծո ծրագիրը՝ անդամները ձգտում են ձեռք բերել հավերժական ընտանիքի օրհնությունները: Դրա համար պետք է պատրաստվել և դառնալ արժանի և սիրող ամուսին/կին ու ծնող։
2.1.2
Ամուսին և կին
Տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը կարգված է Աստծո կողմից (տես Վարդապետություն և Ուխտեր 49․15)։ Ամուսինը և կինը պետք է միասին առաջ ընթանան դեպի հավերժական կյանք (տես Ա Կորնթացիս 11․11)։
Հավերժական կյանք ստանալու պահանջներից մեկն այն է, որ տղամարդը և կինը մտնեն սելեստիալ ամուսնության ուխտի մեջ (տես Վարդապետություն և Ուխտեր 131․1–4)։ Ամուսինները կապում են այդ ուխտը, երբ տաճարում ստանում են ամուսնության կնքման արարողությունը: Այս ուխտը հավերժական ընտանիք ստեղծելու հիմքն է։ Եթե նրանք հավատարմորեն պահում են այդ ուխտը, ապա նրանց ամուսնությունը շարունակվում է հավիտյան։ Ի վերջո, նրանք կարող են դառնալ Աստծո նման (տես Վարդապետություն և Ուխտեր 132․19–20)։
Աստված պատվիրել է, որ ամուսիններն ու կանայք հարեն միմյանց (տես Ծննդոց 2․24, Վարդապետություն և Ուխտեր 42․22)։ Այս ենթատեքստում հարել բառը նշանակում է՝ լիովին նվիրվել և հավատարիմ լինել ինչ-որ մեկին: Ամուսնացած զույգերը հարում են միմյանց, երբ սիրում ու ծառայում են միմյանց։
Միմյանց հարելու ժամանակ ամուսինն ու կինը ցուցաբերում են նաև լիակատար հավատարմություն։ Ամուսնու և կնոջ միջև ֆիզիկական մտերմությունը սքանչելի ու սուրբ է։ Այն կարգված է Աստծո կողմից՝ երեխաներ ստեղծելու և միմյանց հանդեպ սեր արտահայտելու համար: Քնքշությունն ու հարգանքը, այլ ոչ եսասիրությունը, պետք է առաջնորդեն նրանց մտերիմ հարաբերությունները:
Աստված պատվիրել է, որ սեռական մտերմությունը պետք է պահպանել տղամարդու և կնոջ ամուսնության համար: Ամուսնությունից առաջ սեռական մաքրությունը և ամուսնության ընթացքում հավատարմությունն օգնում են անհատներին իսկապես երջանիկ լինել և խուսափել հոգևոր, հուզական և ֆիզիկական վնասներից: Ծնողներին ու Եկեղեցու ղեկավարներին հորդորում ենք հնարավոր ամեն ինչ անել՝ այս ուսմունքն ամրապնդելու համար։ (Sես 38.6.5։)
Իրենց ընտանիքը հիմնելիս ամուսինները պետք է ձգտեն միասնական լինել (տես Ծննդոց 2․24)։ Ամուսնության մեջ միասնական լինելու համար պահանջվում է լիարժեք գործընկերություն և պարտականությունների բաշխում: Ամուսինն ու կինը հավասար են Աստծո աչքում։ Մեկը չպետք է գերիշխի մյուսի վրա: Նրանց որոշումները պիտի ընդունվեն միասնության և սիրո մեջ՝ երկուսի լիարժեք մասնակցությամբ:
Ադամն ու Եվան օրինակ դարձան ամուսինների ու կանանց համար։ Նրանք աշխատեցին, աղոթեցին ու երկրպագեցին միասին (տես Մովսես 5․1, 4)։ Իրենց երեխաներին նրանք ուսուցանեցին ավետարանը և միասին սգացին իրենց փորձությունների ժամանակ (տես Մովսես 5․12, 27)։ Նրանք միաբան էին Աստծո և միմյանց հետ։
2.1.3
Ծնողներ և երեխաներ
«Անմահություն և հավերժական կյանք» ստանալուց առաջ Աստծո զավակները պիտի ստանան մահկանացու մարմին (Մովսես 1․39)։ Որպես ամուսին և կին՝ Ադամին ու Եվային տված Աստծո առաջին պատվիրանը երեխաներ ունենալն էր (տես Ծննդոց 1․28)։ Վերջին օրերի մարգարեներն ուսուցանել են, որ «դեռևս ուժի մեջ է Իր զավակներին տված շատանալու և երկիրը լցնելու վերաբերյալ Աստծո պատվիրանը» («Ընտանիք` Հայտարարություն աշխարհին», տես նաև Վարդապետություն և Ուխտեր 49․16–17)։
Ամուսինների համար սուրբ արտոնություն և պատասխանատվություն է հոգ տանել իրենց ծնած կամ որդեգրած զավակների մասին։ Որդեգրող ծնողներն ունեն նույն օրհնություններն ու պարտականությունները, ինչ կենսաբանական ծնողները:
Սիրող ամուսինն ու կինը միասին ստեղծում են լավագույն պայմաններն իրենց երեխաների կրթության և դաստիարակության համար: Անհատական հանգամանքները կարող են խանգարել ծնողներին միասին մեծացնել իրենց երեխաներին: Այնուամենայնիվ, Տերը կօրհնի նրանց, երբ նրանք փնտրեն Իր օգնությունը և ձգտեն պահել Իր հետ կապած իրենց ուխտերը։
Ծնողները կարևոր պատասխանատվություն ունեն պատրաստել իրենց երեխաներին՝ հավերժական կյանքի օրհնությունները ստանալու համար: Նրանք ուսուցանում են իրենց երեխաներին սիրել և ծառայել Աստծուն և ուրիշներին (տես Մատթեոս 22․36–40)։ Նրանք ուսուցանում են նրանց աղոթել Երկնային Հորը և ուսումնասիրել Աստծո խոսքը (տես Ալմա 37․36–37, 44–46)։ Նրանք օգնում են իրենց երեխաներին հասկանալ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի, ապաշխարության, մկրտության և Սուրբ Հոգու պարգևի վարդապետությունը (տես Վարդապետություն և Ուխտեր 68․25)։ Նրանք նաև օգնում են երեխաներին պատրաստվել և ուխտեր կապել փրկության և վեհացման արարողությունները ստանալիս:
«Հայրերը պետք է ղեկավարեն իրենց ընտանիքները սիրով ու առաքինությամբ, և պատասխանատու լինեն ապահովելու ընտանիքի կենսական կարիքներն ու պաշտպանությունը» («Ընտանիք` Հայտարարություն աշխարհին»)։ Երբ ամուսինը կամ հայրը բացակայում է տնից, մայրն է ղեկավարում ընտանիքը։
Ընտանիքը ղեկավարելու պարտականության ժամանակ ծնողն օգնում է ընտանիքի անդամներին վերադառնալ և ապրել Աստծո ներկայության մեջ: Դա արվում է, երբ մեղմությամբ, հեզությամբ և անկեղծ սիրով ծառայում և ուսուցանում են՝ հետևելով Հիսուս Քրիստոսի օրինակին (տես Մատթեոս 20․26–28)։ Ընտանիքը ղեկավարելու ընթացքում տվյալ ծնողն ընտանիքի անդամներին առաջնորդում է նրանց կանոնավոր աղոթքների, ավետարանի ուսումնասիրության և երկրպագության այլ դրսևորումների ժամանակ։ Ծնողները միասին են կատարում այդ պարտականությունները։
«Մայրերը, հատկապես, պատասխանատու են իրենց երեխաների դաստիարակման համար» («Ընտանիք` Հայտարարություն աշխարհին»)։ Դաստիարակել նշանակում է՝ կերակրել, ուսուցանել և աջակցել՝ հետևելով Փրկիչի օրինակին (տես 3 Նեփի 10․4)։ Ամուսնու հետ միաբանվելով՝ մայրն օգնում է իր ընտանիքին սովորել ավետարանի ճշմարտությունները և զարգացնել հավատը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ: Նրանք միասին խթանում են սիրո մթնոլորտը ընտանիքում:
«Այս սուրբ պարտականություններն իրականացնելիս, հայրերն ու մայրերը պարտավոր են օգնել միմյանց, որպես հավասար գործընկերներ» («Ընտանիք` Հայտարարություն աշխարհին»)։ Նրանք աղոթքով խորհրդակցում են միմյանց և Տիրոջ հետ: Նրանք միասին որոշումներ են ընդունում միասնության և սիրո մեջ՝ երկուսի լիարժեք մասնակցությամբ:
2.2
Փրկության և վեհացման աշխատանքը տներում
Առաջին Նախագահությունն ասել է. «Տունը արդար կյանք ունենալու հիմքն է» (Առաջին Նախագահության նամակ, 11 փետրվարի 1999 թ.): Իրենց տներում անհատներն ու ընտանիքները մասնակցում են փրկության և վեհացման աշխատանքին։ Այս աշխատանքը բաղկացած է աստվածայնորեն նշանակված չորս պարտականություններից:
-
Ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով (տես 1.2.1)
-
Հոգ տանել կարիքավորների մասին (տես 1.2.2)
-
Հրավիրել բոլորին ընդունել ավետարանը (տես 1.2.3)
-
Միավորել ընտանիքները հավերժության համար (տես 1.2.4)
Որպեսզի աջակցեն անդամներին տանը կատարել փրկության և վեհացման աշխատանքը, Եկեղեցու ղեկավարները խրախուսում են նրանց հիմնել մի տուն, որտեղ ներկա է Հոգին: Նրանք նաև խրախուսում են անդամներին` հանգստության օրը սուրբ պահել, տանը ուսումնասիրել և սովորել ավետարանը և ամեն շաբաթ անցկացնել ընտանեկան երեկոներ: Ղեկավարները հատուկ ուշադրություն են դարձնում այն անհատներին, ովքեր կարող են զուրկ լինել ընտանիքի անդամների օգնությունից կամ խրախուսանքից:
2.2.1
Տուն, որտեղ ներկա է Տիրոջ Հոգին
Եկեղեցու անդամներին խորհուրդ է տրվում իրենց տները դարձնել հոգևոր ուժի և ուրախության մի վայր: Նրանք կարող են Տիրոջ Հոգին իրենց տուն հրավիրել՝ կատարելով պարզ գործողություններ։ Յուրաքանչյուր տուն կարող է լինել՝ «աղոթքի տուն, ծոմապահության տուն, հավատքի տուն, ուսման տուն, փառքի տուն, կարգ ու կանոնի տուն, Աստծո տուն» (Վարդապետություն և Ուխտեր 88․119)։
2.2.2
Պահել հանգստության օրը
Աստված պատվիրեց Իր զավակներին «հիշել հանգստության օրը, նորան սուրբ պահելու համար» (Ելից 20․8)։ Կիրակի օրը Եկեղեցու անդամները հավաքվում են, որպեսզի ճաշակեն հաղորդությունը՝ ի հիշատակ Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության (տես Վարդապետություն և Ուխտեր 59․12)։ Կիրակին ավետարանը սովորելու և ուսուցանելու օր է՝ եկեղեցում և տանը: Անդամները կարող են զորացվել կիրակի օրը, երբ կատարեն այնպիսի գործողություններ, ինչպիսիք են.
-
Անհատական երկրպագություն աղոթքի և ծոմ պահելու միջոցով:
-
Ավետարանի ուսումնասիրություն և ուսուցում։
-
Սպասավորություն և ծառայություն ուրիշներին։
-
Ընտանեկան պատմություն։
-
Ընտանեկան ուրախ ժամանց:
-
Համապատասխան այլ հավաքներ:
2.2.3
Ավետարանի ուսումնասիրություն և ուսուցում տանը
Ավետարանի ուսումնասիրությունը և ուսուցումը տնակենտրոն են և աջակցվում են Եկեղեցու կողմից: Եկեղեցու ղեկավարները խրախուսում են բոլոր անդամներին կիրակի օրը և ամբողջ շաբաթվա ընթացքում իրենց տներում ուսումնասիրել ավետարանը: Ուսումնասիրելով ավետարանը տանը՝ անհատներն ու ընտանիքները զորացվում են։ Դա ամրապնդում է Երկնային Հոր և Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ դարձը։
Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում նկարագրված սուրբ գրությունների ուսումնասիրությունը տանը առաջարկվող ավետարանի ուսումնասիրության դասընթացն է։ Եկ, հետևիր ինձ ծրագրի շնորհիվ Երեխաների միության, Կիրակնօրյա դպրոցի, Երիտասարդ կանանց, Ահարոնյան Քահանայության քվորումների, սեմինարիայի և ավետարանի տնային ուսումնասիրության դասերն անցկացվում են նույն հերթականությամբ:
Անհատները և ընտանիքները ոգեշնչում են փնտրում, երբ որոշում են, թե ինչը լավագույնս կհամապատասխանի իրենց կարիքներին: Բացի Եկ, հետևիր ինձ ձեռնարկում առաջարկվող սուրբ գրությունների հատվածներից, նրանք կարող են աղոթքով ուսումնասիրել հետևյալը․
-
Մորմոնի Գիրքը և մյուս սուրբ գրությունները։
-
Գերագույն համաժողովի ելույթները։
-
Եկեղեցու ամսագրերը և այլ ոգեշնչող նյութեր։
2.2.4
Ընտանեկան երեկո և այլ միջոցառումներ
Վերջին օրերի մարգարեները Եկեղեցու անդամներին խորհուրդ են տվել ամեն շաբաթ անցկացնել ընտանեկան երեկոներ: Անհատների և ընտանիքների համար դա կարող է դառնալ ավետարանը սովորելու, վկայություններն ամրապնդելու, միասնություն կառուցելու և միմյանց հետ շփվելու նվիրական ժամանակ:
Ընտանեկան երեկոն ճկուն է և համապատասխանում է անդամների պայմաններին: Այն կարող է անցկացվել կիրակի կամ մնացած օրերին և այլ հարմար պահերին: Այն կարող է ներառել․
-
Ավետարանի ուսումնասիրություն և ուսուցում (ցանկության դեպքում կարելի է օգտագործել Եկ, հետևիր ինձ ծրագրի նյութերը)։
-
Ծառայել ուրիշներին։
-
Երգել կամ նվագել հիմներ և Երեխաների միության երգեր (տես գլուխ 19)։
-
Օգնել ընտանիքի անդամներին յուրացնել Երեխաների և երիտասարդների զարգացման ծրագիրը։
-
Ընտանեկան խորհուրդ՝ նպատակներ դնելու, խնդիրներ լուծելու և ժամանակացույցերը համակարգելու համար:
-
Ժամանցային միջոցառումներ
Միայնակ անդամները և մյուսները կարող են կիրակի օրվա սովորական երկրպագության ծառայություններից դուրս խմբերով հավաքվել՝ ընտանեկան երեկոյին մասնակցելու և ավետարանի ուսումնասիրության միջոցով միմյանց զորացնելու նպատակով: Եկ, հետևիր ինձ նյութը կարող է օգտակար լինել նրանց համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել միասին։
Ղեկավարները հատուկ ուշադրություն են դարձնում և օգնում նրանց, ովքեր առաջին անգամ են անցկացնում ընտանեկան երեկոներ և ուսումնասիրում ավետարանը:
Ընտանեկան երեկոյից բացի, ղեկավարները խրախուսում են ընտանիքներին շաբաթվա ընթացքում նախապատվությունը տալ միասին ժամանակ անցկացնելուն։ Դա կարող է ներառել՝ ճաշել միասին, աշխատել ու ծառայել միասին և անցկացնել ժամանցային միջոցառումներ։
Ընտանիքներին միասին ժամանակ անցկացնելու հնարավորություն տալու համար ղեկավարները պետք է երկուշաբթի երեկոյան չկազմակերպեն եկեղեցու ժողովներ և միջոցառումներ:
Ղեկավարները խրախուսում են անդամներին հետևողականորեն անցկացնել ընտանեկան երեկոներ և ընտանիքով ժամանակ անցկացնել (տես Վարդապետություն և Ուխտեր 64․33)։
2.2.5
Աջակցել անհատներին
Եկեղեցու ղեկավարներն օգնում են այն անդամներին, որոնց ընտանիքները չեն օգնում նրանց։ Օժանդակ աջակցություն պահանջող անդամներն են․
-
Երեխաները, երիտասարդները և չափահասները, որոնց ընտանիքներն ակտիվորեն չեն մասնակցում Եկեղեցու ժողովներին և միջոցառումներին:
-
Բոլոր տարիքի չափահաս ամուրիները, ներառյալ միայնակ ծնողները և այրի անդամները:
Ղեկավարներն օգնում են, որ այդ անդամներն ու նրանց ընտանիքներն ունենան ընկերներ, մարդկանց հետ առողջ շփումներ և հոգևոր աճի հնարավորություններ: Ղեկավարները խրախուսում և աջակցում են նրանց՝ Հիսուս Քրիստոսի ավետարանը սովորելու և ապրելու իրենց ջանքերում: Ղեկավարները նրանց հնարավորություն են տալիս նաև ծառայել Եկեղեցում:
2.3
Փոխհարաբերությունները տան և եկեղեցու միջև
Փրկության և վեհացման աշխատանքը կենտրոնացած է տանը և աջակցվում է Եկեղեցու կողմից: Հետևյալ սկզբունքները վերաբերում են տան ու եկեղեցու միջև փոխհարաբերություններին։
-
Ղեկավարներն ու ուսուցիչները հարգում են ծնողների դերը և աջակցում են նրանց: Ղեկավարներն ու ուսուցիչներն արդյունավետ կապ են հաստատում և պահպանում ծնողների հետ:
-
Ղեկավարները պետք է հավաստիանան, որ Եկեղեցու ժողովները, միջոցառումները և ծրագրերն աջակցում են անհատներին և ընտանիքներին՝ իրենց տներում փրկության և վեհացման աշխատանքը կատարելու հարցում:
-
Եկեղեցու որոշ ժողովներ առաջնային են յուրաքանչյուր ծխում կամ ճյուղում: Դրանք ներառում են՝ հաղորդության ժողովները, կիրակնօրյա դասերը և քվորումի ժողովները: Շատ այլ ժողովներ, միջոցառումներ և ծրագրեր առաջնային չեն: Ըստ անհրաժեշտության՝ ղեկավարները կազմակերպում են դրանք՝ բավարարելով անհատների և ընտանիքների կարիքները: Ղեկավարները հաշվի են առնում տեղական հանգամանքներն ու միջոցները:
-
Անհատներն ու ընտանիքները հաշվի են առնում իրենց հանգամանքները, երբ որոշումներ են կայացնում Եկեղեցու ոչ առաջնային ծրագրերին մասնակցելու վերաբերյալ։
-
Եկեղեցու ծառայությունն ու մասնակցությունը ենթադրում է որոշակի զոհաբերություն: Տերը կօրհնի անդամներին, երբ նրանք ծառայեն և զոհաբերեն Իր Եկեղեցում: Այնուամենայնիվ, Եկեղեցու ծառայությանը հատկացրած ժամանակը չպետք է խանգարի անդամներին կատարել իրենց պարտականությունները տանը, աշխատավայրում և այլուր։ Ղեկավարներն ու անդամները չպետք է իրենց ծանրաբեռնեն Եկեղեցու չափազանց շատ պարտականություններով: Չպետք է նաև խնդրել, որ նրանք մեծ զոհաբերություններ կատարեն՝ Եկեղեցու ծրագրերին կամ միջոցառումներին աջակցելու համար:
Երբ անդամները հետևեն այս սկզբունքներին և Հոգու հուշումներին, Երկնային Հայրը կօրհնի նրանց ջանքերը: