Առաջնորդություն ճամփորդության ընթացքում
Երեկո Բարձրագույն Իշխանավորի հետ
5 Փետրվար, 2020թ.
Մենք շատ երախտապարտ ենք, որ ձեզ հետ ենք այս երեկո: Ես և Ջիլը չորս տարի անցկացրինք Եվրոպայի հրաշալի ժողովրդի հետ` հանձնարարություն կատարելով, և շատ զարմացած և ուրախ էինք, երբ Նախագահ Նելսոնը խնդրեց մեզ վերադառնալ ԵԿՀ: Թվում է, կարծես, տուն ենք եկել ձեզ հետ ավելի մոտիկից շփվելու համար, քանի որ դուք այդքան մեծ ջանք ու հոգի եք ներդրել՝ օգնելով երիտասարդներին սովորել և ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով:
Դիտարկելով մեր և ուրիշների կյանքում ճամփորդությունների ոլորաններն ու շրջադարձերը, ես մտածեցի այն ճամփորդության մասին, որով մենք ենք առաջ ընթանում դեպի հավերժական կյանք: Մեզանից նրանք, ովքեր ընդունում են Հիսուս Քրիստոսին և Նրա Քավությունը, ունեն նմանատիպ կենսաձև: Չնայած մարտահրավերներին, մենք հավատք ենք գործադրում Փրկիչի հանդեպ և հետևում ենք Նրան: Մենք ապաշխարում ենք մեր մեղքերի համար, ստանում ենք անհրաժեշտ արարողությունները և համբերում մինչև վերջ: Բայց յուրաքանչյուրի կյանքի հանգամանքները շատ են տարբերվում մյուսներից, տարբեր են նաև մարտահրավերները, որոնց մենք դիմակայում ենք:
Մտածեք դեպի խոստումի երկիր Լեքիի ընտանիքի ճամփորդության մասին: Նրանց առանձնահատուկ ճամփորդությունը կարող է որոշ գաղափարներ տալ մեր անձնական ճամփորդությունների վերաբերյալ: Նրանք գիտեին, որ ուղևորվում են դեպի խոստումի երկիր, բայց քիչ բան գիտեին նպատակակետի կամ այնտեղ հասնելու ճշգրիտ ուղու մասին: Այդ ճամփորդության ընթացքում նրանք դիմակայեցին լուրջ մարտահրավերների: Նույնիսկ Նեփին, ով չէր տրտնջում, բացատրել է, որ իրենք «տարել էին շատ չարչարանքներ և շատ դժվարություն, այո, նույնիսկ այնքան շատ, որ չէին կարող դրանք բոլորը գրել»։1
Նրանք առաջնորդություն ունեին այդ ճանապարհին: Փաստորեն, գիշերը Լեքիին ասվեց, որ «այգաբացին նա պետք է ճանապարհ ընկնի դեպի անապատ»:2 Հաջորդ առավոտ իր վրանի դռան մոտ նա գտավ Լիահոնան, որն աստվածային ուղղորդում ապահովեց նրանց ճամփորդության վերաբերյալ: Բայց Լիահոնան չփոխեց նրանց և իրենց խոստումի երկրի միջև առկա աշխարհագրությունը: Այն չկրճատեց Արաբական թերակղզին, ոչ էլ ծովերը, որ նրանք պետք է անցնեին: Նրանք դեռ պետք է առաջ շարժվեին` բախվելով մարտահրավերների, որոնք բնորոշ էին այդ դյուցազնական ճամփորդությանը: Բայց Լիահոնան առաջնորդում էր նրանց դեպի «անապատի ավելի բերրի մասերը»,3 և եթե նրանք չէին ծուլանում, այն օգնում էր նրանց ճիշտ ուղղություն ընտրել:4
Լամանը և Լեմուելը տրտնջում էին այն դժվարությունների պատճառով, որոնց դիմակայում էին ճամփորդության ընթացքում: Այդ դժվարություններից մի քանիսը առաջանում էին ինքնըստինքյան: Սակայն, նույնիսկ, երբ նրանք հետևում էին ուղղությանը և ճիշտ էին ճամփորդում, այնուամենայնիվ, ստիպված էին հում մսով ճաշեր ուտել և դիմանալ անապատի բոցավառ արևին: Լամանի և Լեմուելի փորձառության նման, երբեմն մարդիկ մտածում են, թե չեն հանդիպի դժվարությունների, թե ամեն ինչ հեշտ կլինի, եթե անեն ամեն ինչ ճիշտ ձևով։ Դա պարզապես այդպես չէ: Դա նշանակում է, որ մեզ կզորացնեն և կառաջնորդեն, բայց չի նշանակում, որ մենք չենք բախվի դժվարությունների::
Չնայած նրանք շարժվում էին խմբով, նրանցից յուրաքանչյուրը նաև անձնական ճամփորդության մեջ էր: Չնայած ճամփորդությունը նրանց բերեց նույն ֆիզիկական վայրը, նրանց անհատական հավերժական հետագիծը խիստ տարբեր էր և որոշվում էր ճանապարհի ընթացքում նրանց անձնական որոշումներով ու գործողություններով:
Այս կյանքի ընթացքում մեզանից յուրաքանչյուրն ունի մի անձնական և անհատականացված ճամփորդություն, բայց մենք այդ ճամփորդության պարտավորություններով կիսվում ենք նաև ուրիշների հետ: Օրինակ, համատեղ ջանքերով մենք ճամփորդության մեջ ենք կրոնի սեմինարիայի, ինստիտուտի և Եկեղեցու կրթության ոլորտներում: Մենք ունենք նպատակակետ, մենք հիմնականում գիտենք, թե ուր ենք գնում, բայց մենք չգիտենք բոլոր խոչընդոտները կամ այնտեղ հասնելու երթուղու յուրաքանչյուր մանրամասը:
Մեզանից յուրաքանչյուրն ընտրում է, թե ինչպես ենք ճամփորդելու խմբի հետ: Գուցե մենք տրտնջանք: Գուցե ուրախանանք: Գուցե մենք շնորհակալ լինենք նույնիսկ մարտահրավերների մեջ: Եկեղեցու քաղաքականության որոշ փոփոխություններ կամ ընթացակարգեր կարող են դժվարություններ առաջացնել: Ես մեծ գոհունակությամբ տեսնում եմ, թե ինչպես էր ՍևԻ & -ն արձագանքում ոգեշնչված փոփոխություններին` շեշտը դնելով տնակենտրոն և Եկեղեցու կողմից աջակցվող ավետարանի ուսուցման վրա:
Մենք կդիմակայենք և իրոք դիմակայում ենք դժվարությունների: Հետևելով Տիրոջ առաջնորդությանը՝ մենք կարող ենք հաղթահարել և սովորել այդ դժվարություններից: Մարգարե Ջոզեֆ Սմիթն ասել է. «Պարզ ու ակնհայտ է, որ Տերը տվել է մեզ ուժ այն աշխատանքին համապատասխան, որը պետք է արվի, և այն գործերի համաձայն, որոնք դրված են մեր առջև, և շնորհ ու օգնություն, երբ մեր կարիքները պահանջեն»:5
Մենք ստանում ենք առաջնորդություն, որը մեր ճամփորդության ընթացքում օգնում է մեզ ընտրել ամենաճիշտ երթուղին և ճամփորդել անապատի ավելի բերրի մասերով: Մենք առաջնորդություն ունենք մարգարեների կողմից: Ես գիտեմ, որ մենք ղեկավարվում ենք մարգարեների, տեսանողների ու հայտնողների կողմից: Ինչպիսի՜ օրհնություն: Մենք ուղղորդվում ենք Եկեղեցու Կրթության Խորհրդի կողմից և մենք ունենք նաև Եղբայր Վեբին, նրա թիմը և այլ ոգեշնչված ղեկավարներ: Բացի այդ, մեզանից յուրաքանչյուրն ունի անձնական առաջնորդության իրավունք, քանի որ մեր անհատական հանձնարարություններում մենք բախվում ենք առանձնահատուկ խնդիրների հետ:
Թե՛ Եկեղեցու կրթության խորհուրդը, և թե՛ այդ խորհրդի գործադիր կոմիտեն հանդիպում են ամեն ամիս: Այդ ժողովների ընթացքում մենք ուղղորդում և խորհուրդ ենք ստանում: Մենք ունենք նաև «Երեկո Բարձրագույն Իշխանավորի հետ» ամենամյա օրհնությունը և տարիների ընթացքում մենք ստացել ենք շատ օգտակար և նպատակաուղղված առաջնորդություն մեր ճամփորդության ընթացքում՝ որպես կազմակերպություն և անհատապես, մեզ օգնելու համար:
Ես աղոթում եմ, որ մենք բաց լինենք Տիրոջ կողմից առաջնորդության և ուղղորդման համար: Ես գիտեմ, որ Նա ապրում է և կօգնի ու կառաջնորդի մեզ:
Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: