Երեկո Բարձրագույն Իշխանության հետ
Երեկո Բարձրագույն Իշխանավորի հետ. Կարևոր հատվածներ


Երեկո Բարձրագույն Իշխանավորի հետ. Կարևոր հատվածներ

Երեկո Բարձրագույն Իշխանավորի հետ

Ուրբաթ, փետրվարի 7, 2020թ.

Երեց Բեդնարը հիշեցրեց մեզ, որ ուսուցանելը պատմելը չէ, որ այն ներառում է՝ լսել, դիտարկել ու պարզաբանել: Այն իհարկե, նաև ներառում է՝ հրավիրել Սուրբ Հոգուն, որպեսզի ուսուցանի մեզ:

Հարց

Նախագահ Նելսոնը վերջերս ուսուցանել է անձնական հայտնության կարևորության մասին։ Դուք ի՞նչ կուսուցանեք անձնական հայտնություն ստանալու մասին։

Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

Երբ մենք հարգում ենք մեր ուխտերը, մենք կարող ենք Սուրբ Հոգուն ունենալ որպես մեր մշտական ուղեկից: Մենք հաճախ խոսում ենք այնպես, կարծես Տիրոջ ձայնը Նրա Հոգու միջոցով լսելը հազվադեպ իրադարձություն է: Մենք պետք է ավելի շատ կենտրոնանանք նրա վրա, որ հասկանանք, թե որն է Հոգու հեռանալու պատճառը։ Եթե դուք և ես անում ենք մեզանից կախված ամեն ինչ և չենք գործում լուրջ օրինազանցություն, ապա մենք միշտ կարող ենք ապավինել Սուրբ Հոգուն, որ առաջնորդի մեզ:

Շատերը կարծես հավատում են, որ Սուրբ Հոգու կողմից ներշնչվելը մի տպավորիչ, մեծ և հանկարծակի իրադարձություն է։ Ճշմարտությունն այն է, որ Սուրբ Հոգին ժամանակի ընթացքում մեզ առաջնորդում է մեղմ, հանդարտ և աստիճանական եղանակներով։ Դուք հաճախ չեք հասկանա, որ դուք հայտնություն եք ստանում այն պահին, երբ հայտնություն եք ստանում:

Նեփին այս նախատիպի կատարյալ օրինակ է: Նա գնաց՝ նախապես չիմանալով այն բաները, որոնք պետք է աներ։1 Նա առաջ շարժվեց, բայց միշտ չէ, որ գիտակցում էր, որ առաջնորդվում է։ Մենք պետք է կապ ստեղծենք նրա հետ, որ այն ինչ տեղի ունեցավ Նեփիի հետ, հավանաբար, պետք է որ մեր դեպքում էլ ճիշտ լինի։

Եկեղեցու անդամները երբեմն վախենում են, որ իրենք կսխալվեն, և այդ պատճառով առաջ չեն մղվում։ Նեփին և նրա եղբայրները վիճակ գցեցին։ Այն լավ չաշխատեց։ Արդյո՞ք Նեփիի համար այդ փորձառությունը սխալմունք էր։ Ոչ: Նա հրաշալի դաս սովորեց։ Երբ իրենց ոսկու և ունեցվածքի միջոցով նրանք փորձեցին ստանալ արույրե թիթեղները Լաբանից, Նեփին մեկ ուրիշ դաս սովորեց, որը պատրաստեց նրան ապագայի համար։

Կան սկզբունքներ՝ կապված հայտնություն ստանալու հետ: Օրինակ, Նախագահ Փաքերն ասել է. «Նախագահ Հարոլդ Բ. Լին մի անգամ ինձ ասել է, որ ոգեշնչումը հեշտությամբ ենք ստանում, երբ մնում ենք այնպիսի վայրում, որն առնչվում է հայտնություն ստանալու կարիքներին: … Նախագահ Լին ճիշտ էր»։2 Իմաստություն կա նրա մեջ, որ լինենք ճիշտ վայրում, խորհենք, աղոթենք և օգնություն խնդրենք։

Այդ սկզբունքը մեծապես արդյունավետ է սպասավորության դեպքում։ Սպասավորման հանձնարարություններ ունեցող մարդկանցից շատերը կարծում են, որ միայն տեքստը բավարար է։ Կան դեպքեր, որտեղ անհրաժեշտ է լինել տանը և նայել մարդկանց աչքերին։ Դուք պետք է տպավորություններ և ոգեշնչում ստանաք տանը, որը դուք երբեք այլ կերպ չեք ստանա:

Հարց

Չէիք օգնի մեզ ավելի լավ հասկանալ այն հայտնությունը, որը ստացել են Նախագահ Նելսոնը և Եկեղեցու մյուս ղեկավարները։

Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

Եկեղեցու շատ անդաներ խոսում են այն մասին, թե որքան շատ հայտնություններ ենք ստացել Նախագահ Նելսոնի Եկեղեցու նախագահ դառնալուց ի վեր: Այն ճշգրտումները, որոնք առաջ են գալիս այժմ, աղոթքով քննարկվել են տարիների և նույնիսկ տասնամյակների ընթացքում: Շատ դեպքերում հայտնություն ստանում ենք ոչ թե նրա համար, թե ինչ պետք է անենք, այլ երբ պետք է տվյալ բանն անենք։

Հարց

Բացի նրանից, որ հայտնություն կստանանք, թե երբ պետք է տվյալ բանն անենք, ժամանակ առ ժամանակ մենք հայտնություն կստանանք նաև այն մասին, թե ինչ անենք, ճի՞շտ է:

Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

Իրարամերժ մի դարձրեք այն․ դա ոչ մեկն է, ոչ էլ՝ մյուսը: Շատ դեպքերում, հայտնությունն այն մասին, թե ինչ պետք է անել, շատ պարզ է: Բայց շատ մարդիկ դժվարանում են այն հարցում, թե երբ անեն դա։ Ուստի, ըստ անհրաժեշտության, մենք կարող ենք հայտնություն ստանալ այն մասին, թե ինչ անել, և երբ դա անել, ոչ թե պարզապես մեկը կամ մյուսը:

Հարց

Որպես ուսուցիչներ, մենք պատրաստում ենք մեր դասերը և աղոթում ուսանողների համար: Ինչպե՞ս հայտնություն ստանանք նրանց համար, ում ուսուցանում և ծառայում ենք:

Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

Ձեր դասերի պատրաստության և աղոթքների ժամանակ հաճախ մի հանկարծակի միտք կծագի, ոգեշնչման մի փայլատակում կունենաք և հնարավոր է, որ որևէ անուն հնչի ձեր մտքում կամ նույնիսկ տեսնեք ծանոթ մի դեմք։ Մարգարե Ջոզեֆ Սմիթը դա նկարագրել է որպես «մտքերի հանկարծակի փայլատակում»։3 Երբ այն հանկարծակի ծագի, դուք կարող եք հասկանալ, որ ստացել եք հենց այն, ինչ անհրաժեշտ է, և այդ դեպքերը բավականին ուշագրավ են:

Ներըմբռնման մեծագույն աղբյուրներից մեկը, որը դուք կունենաք, այն հարցերն են, որոնք ձեր ուսանողները կտան: Մի քանի տարիների ընթացքում ես վարժվել եմ՝ պատասխանելով հազարավոր երիտասարդների և երիտասարդ ամուրիների հարցերին։ Ժողովների մեծաքանակ լինելու պատճառով ես հաճախ թույլ եմ տալիս, որ իրենց հարցերն ինձ ուղարկեն վերահսկվող ձևով: (Ես չեմ առաջարկում ձեզ նույն կերպ վարվել)։ Այդ անանուն հարցերը հանդիսանում են սովորելու մեծագույն փորձառություններից մեկը, որը կարող է ունենալ ցանկացած անձ, ով աշխատում է երիտասարդների հետ: Նրանք իսկապես տալիս են իրենց անհանգստացնող հարցերը և թե ինչ օգնության կարիք ունեն։ Ինչպե՞ս կարող ենք իմանալ՝ ինչ ասել կամ ուսուցանել, մինչև չիմանանք, թե ինչ են նրանք մտածում:

Հարց

Հայտնություն փնտրելիս մենք չպետք է ունենանք հրահանգչական ցուցակ. այն գործերի ցուցակը, որոնք պետք է անենք և երբ պետք է անենք։ Այն ավելի շատ պետք է սկզբունքների վրա հիմնվի, ճի՞շտ է: Այնուամենայնիվ, մենք ունենք Նեփիի, Ջոզեֆ Սմիթի և Ջոզեֆ Ֆ. Սմիթի օրինակները, ովքեր կարդում են սուրբ գրությունները, լսում են մարգարեին և հետո ստանում են հայտնություն: Արդյո՞ք դրանք սկզբունքներ են, թե օրինաչափություն:

Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

Մենք սնվում եք Աստծո խոսքով, այնպես որ կարող եք լսել և ճանաչել Տիրոջ ձայնը: Երբ մենք հայտնություն ենք փնտրում ըստ ցուցակի, թե արդյո՞ք այդ բաները կկատարվեն, այդ ժամանակ մենք հայտնվում ենք վտանգավոր հողի վրա։ Մենք պետք է սպասենք Տիրոջը, հասկանանք և արձագանքենք Նրա ժամանակին․ մենք հայտնություն չենք պահանջում ըստ մեր ժամանակի։

Հարց

Ինչպե՞ս պետք է մեր կյանքն ապրենք, որ միշտ պատրաստ լինենք հայտնությանը, երբ Տերը պատրաստ լինի հեղել այն մեզ վրա։

Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

Պատրաստ լինել արտահայտությունը շատ կարևոր է։ Մենք միշտ պետք է պատրաստ ապրենք հայտնությանը, որ «մենք կարող ենք միշտ նրա Հոգին մեզ հետ ունենալ»:4

Գուցե ոմանք դա ծայրահեղություն են դարձնում. խնդրում եմ օգտագործեք ողջախոհությունը:

Մտածեք, թե ինչպես Օլիվեր Քաուդերին դարձավ Ջոզեֆ Սմիթի գրագիրը: Նա լսեց ոսկե թիթեղների մասին, Ջոզեֆ Սմիթի մասին և ցանկացավ հանդիպել Ջոզեֆին։ Նա գործեց ըստ այդ ցանկության։

Տերը հայտարարեց Օլիվերին․

«Օրհնված ես դու այն բանի համար, որ արել ես. քանզի դու հարցրել ես ինձ, և ահա, այնքան հաճախ, որքան հարցրել ես ինձ, դու հրահանգներ ես ստացել իմ Հոգուց: Եթե դա այդպես չլիներ, դու չէիր լինի այն տեղում, որտեղ հիմա գտնվում ես:

Ահա, դու գիտես, որ հարցրել ես ինձ, և ես լուսավորել եմ քո միտքը»:5

Հաջորդ նախադասությունը այս հատվածում ինձ համար ամենահամոզիչն է: Օլիվերը ոգեշնչված էր և նա գաղափար չուներ, որ ինքը ոգեշնչված է: Նա ստանում էր հայտնություն, և գաղափար չուներ, որ ստանում է հայտնություն: Այսպիսով, հայտնությունը Ջոզեֆի միջոցով եկավ Օլիվերին՝ ասելու Օլիվերին, որ նա ոգեշնչված էր և նա ստանում էր հայտնություն:

«Ահա, դու գիտես, որ հարցրել ես ինձ, և ես լուսավորել եմ քո միտքը. և այժմ ես ասում եմ քեզ այս բաները, որ կարողանաս իմանալ, որ դու լուսավորվել ես ճշմարտության Հոգով»:6

Դա նկատի ունեմ, երբ ասում եմ, Նրա Հոգին միշտ մեզ հետ ունենանք:

Հարց

Դուք նշեցիք, որ Նեփին և նրա եղբայրները վիճակ գցեցին, որպեսզի որոշեն, թե ով է գնալու և խնդրելու արույրե թիթեղները, իսկ հետո փորձեցին է ոսկով և արծաթով գնել դրանք։ Եթե մենք գիտենք, որ պետք է անենք ինչ-որ բան, ինչպե՞ս կարող ենք համոզվել, որ անում ենք դա ճիշտ ժամանակին: Ինչպե՞ս ենք իմանում, որ ճիշտ ենք գործում:

Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

Նեփին սխալ չգործեց կամ չսխալվեց ժամկետներում: Դա ուսման փորձառություն էր՝ տող առ տող, ցուցում առ ցուցում: Ամեն անգամ փորձելիս նա պատրաստվում էր՝ «նախապես չիմանալով բաները, որոնք [նա] պետք է աներ»:7

Եթե անում ենք հնարավոր ամեն բան և ջանում ենք նվիրաբերվել ու նվիրվել, մենք ուրիշների վրա սխալ կերպով չենք ներգործի։ Երկինքն է պատասխանատու այս աշխատանքի համար, ոչ՝ ե՛ս, ոչ՝ դո՛ւք: Որպես Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ, ես անընդհատ ունենում եմ հանձնարարություններ, որոնք ես ուղղակի չեմ կարող ինքնուրույն անել: Երբ դուք անեք այն ամենը, ինչ կարող եք, դուք կզարգանաք և կաճեք։ Միշտ չէ, որ գիտակցաբար կհասկանաք, թե երբ է ճիշտ ժամանակը։ Պարզապես գործեք ձեր ուժերի ներածին չափով։

Նախագահ Հինքլին հաճախ ուսուցանում էր. «Ամեն ինչ պարզապես ստացվում է»: Եվ ես հավատում էի դրան, բայց դեռ մտածում էի. «Դե լավ, պետք է որ դրանից ավելին լինի»։ Որքան ավելի եմ ծերանում, այնքան ավելի շատ եմ հասկանում, որ դա գոյություն ունեցող միակ պատասխանն է: Աստված ձեզ միայնակ չի թողնի, երբ փորձեք սատարել, խնամել ու սպասավորել Իր զավակներին: Եթե դուք անեք ամեն հնարավոր բան, ամեն ինչ կստացվի: Եվ այդ ընթացքում դուք դասեր կսովորեք:

Հարց

Ինչպե՞ս պետք է ուսուցանենք այն ուսանողներին, ովքեր, հնարավոր է, անհամապատասխան զգան, որ պետք է միշտ պատրաստ լինեն հայտնություն ստանալու համար: Դա գուցե նրանց համար վհատեցնող հանձնարարություն թվա:

Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Ի՞նչ եմ ասելու նրանց» մտածելու փոխարեն, կենտրոնացեք՝ «ի՞նչ եմ հարցնելու նրանց» արտահայտության վրա։ Եվ ոչ միայն «ի՞նչ եմ հարցնելու նրանց, այլ ի՞նչ եմ հրավիրելու նրանց անել»։

Հարցեր տալու գործողությունը ինքնին հրավիրում է նրանց գործել: Եթե այդ ուսանողը պատասխանի, ապա դա Քրիստոսի հանդեպ հավատքի արտահայություն է: Հավատքը գործելու և զորության սկզբունք է: Երբ գործում ենք համաձայն Քրիստոսի ուսմունքների, ապա մենք օրհնվում ենք Նրա զորությամբ: Այն, ինչ մեզանից շատերը կամենում են, զորությունն է, որպեսզի կարողանանք գործել: Դա իրոք աշխատում է։

Մեր նպատակը ոչ թե պետք է լինի, թե «ի՞նչ պետք է ասեմ նրանց»։ Այլ, պետք է մեզ հարց տանք, թե «գործելու ի՞նչ հրավեր կարող եմ հղել նրանց: Ի՞նչ ոգեշնչող հարց կարող եմ տալ, որը եթե կամենան պատասխանել, կհրավիրի Սուրբ Հոգուն այդ մարդու կյանք»: Հարցերը, որոնք կարող ենք տալ, իսկապես շատ պարզ են, օրինակ՝ «ի՞նչ եք սովորում»։ Պատասխանելով հարցերին, այդ անձնավորությունը հրավիրում է Սուրբ Հոգուն՝ առաջնորդելու իր պատասխանները։ Մեր դերը նրանում է, որ ապահով դարձնենք այդ բաների քննարկումը և հրավիրենք նրանց գործել այնպես, որ Սուրբ Հոգին ուսուցանի:

Եթե դուք սիրում եք նրանց, և եթե դուք իսկապես փորձում եք անել այն, ինչ Աստված է կամենում, դուք կառաջնորդվեք ամենապարզ ուղիներով: Հարցերը չպետք է բարդ լինեն։ Դուք փորձում եք պարզել, թե որքանով են նրանք հասկանում, որովհետև իսկապես հոգ եք տանում նրանց մասին:

Երիտասարդների մոտ միշտ գոյություն ունի որևէ արդարացված պատճառ, երբ նրանք հեռանում են։ Ուղղակի շատ են այն մարդիկ, ում չեն հրավիրվել սովորելու ինքնուրույն. նրանք պարզապես ապավինում են այն պատասխաններին, որոնք այլ մարդիկ են ասել իրենց։ «Եթե Հիսուս Քրիստոսի և Նրա վերականգնված ավետարանի մասին իմ և ձեր գիտելիքը սահմանափակվում է նրանով, ինչ ուրիշներն են ուսուցանում կամ ասում մեզ, ապա Նրա … մասին մեր վկայության հիմքը կառուցված է ավազի վրա»:8 Այդ պատճառով պետք է նրանց ինքնուրույն գործելու և սովորելու հրավեր հղել, որը կօգնի նրանց ամուր հիմք կառուցել։

Հարց

Մի երիտասարդ տղամարդ Մորմոնի Գիրքը կարդաց առաջին անգամ և եկավ այն եզրակացության, որ չզգաց Հոգին։ Երևի նա սպասում էր, որ երկնքի հրեշտակները հայտարարեին, որ դա ճիշտ է: Ինչպե՞ս կարող ենք օգնել նման իրավիճակներում։

Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

Եկեղեցու շատ հավատարիմ անդամներ կան, ովքեր կարծում են, որ չեն համապատասխանում, քանի որ նրանք տպավորիչ փորձառություններ չեն ունեցել, ինչպես նրանք, որոնք երբեմն նկարագրվում են ծոմի և վկայության ժողովներում: Տպավորիչ փորձառություններն ընդհանուր կանոն չեն։ Եթե դուք հարգում եք ձեր ուխտերը և առաջ եք մղվում, ապա ամեն ինչ կարգին է։ Սավուղը դարձի չեկավ լույսի ազդեցությունից։ Ալմա Կրտսերը դարձի չեկավ հրեշտակի կողմից։

«Թող առաքինությունը զարդարի քո մտքերն անդադար. այն ժամանակ քո վստահությունը կամրանա Աստծո ներկայության մեջ»։9 Ոչ թե վստահություն ձեր հանդեպ, այլ՝ վստահությունը Նրանց հանդեպ՝ անելու այն, ինչ մեզանից ոչ ոք չի կարող անել:

Եղբայր Չադ Վեբ

Այն, ինչ համոզում է մեզ անել բարիք, հավատալ Քրիստոսին, Աստծուց է։10 Կարող ենք զարմանալ մի օր, երբ իմանանք, որ մեր մտքերը, որոնք կարծում էինք մերն են, իրականում Սուրբ Հոգուց էին: Երբ փորձում ենք բարիք գործել, մեր մտքերը կառաջնորդվեն Սուրբ Հոգու կողմից:

Հայտնության վերաբերյալ իր ելույթի մեջ, Նախագահ Նելսոնը մեզ հրավիրեց բացել մեր սրտերը Երկնային Հոր առաջ, խոսել Նրա հետ, անկեղծ լինել Նրա հետ և հետո ականջ դնել: Նա մեզ խնդրեց գրի առնել տպավորությունները, որոնք գալիս են, և գործել ըստ դրանց: Ապա նա խնդրեց․ «Երբ կրկնեք այս գործընթացը օրեցօր, ամիս առ ամիս, տարեց տարի, դուք «կաճեք հայտնության սկզբունքի մեջ»:11

Իմ կյանքում ստացած հայտնությունների մեծ մասը ես չեմ ստացել աղոթելու ժամանակ։ Ես աղոթում եմ, խորհում,իսկ հետո փորձում գրի առնել տպավորությունները, որոնք ստանում եմ: Բայց, երբ ես գործում եմ ըստ դրանց, ապա այդ ժամանակ է գալիս ոգեշնչումը: Դասի ժամանակ, օրհներգ երգելիս, ինչ-որ մեկի հետ զրուցելիս կամ այլ միջավայրում, աղոթքների պատասխանները սկսում են գալ:

Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

Մի զգուշացում. հայտնության եղանակները կամ գործելակերպերը կարող են տարբեր լինել ամբողջ աշխարհում: Օրինակ, Աֆրիկայում մարդիկ հաճախ ուշագրավ երազներ են տեսնում: Անսովոր բան չէ միսիոներների համար, երբ փողոցում ինչ-որ մեկին հանդիպելիս, այդ մարդն ասում է. «Ես քեզ տեսել եմ երազումս, և դուք ուղերձ ունեք Աստծուց: Ես ուզում եմ լսել, թե ինչ ունեք ինձ ասելու»: Ես երազներ չեմ տեսնում, ինչպես տեսնում են Աֆրիկայի որոշ հավատարիմ Սրբեր:

Մենք հիմնականում սովորեցնում ենք մեր սեփական փորձից, այնպես որ մենք պետք է զգույշ լինենք, որ մեր փորձառության օրինակը չպարտադրենք ուրիշներին։ Դա չի նշանակում, որ նրանց օրինակն ավելի քիչ ծանրակշիռ կամ օգտակար է: Հիշեք, որ կան մի շարք տարբեր եղանակներ, որոնցով Տիրոջ Հոգին կարող է կապ հաստատել որևէ մեկի սրտի կամ մտքի հետ:

Ինքներդ ընդունեք այն բաները, որոնք դուք հրավիրում և խնդրում եք ուրիշներին անել, որ նրանք կարողանան գործել և սովորել ինքնուրույն:

Հարց

Ինչպե՞ս ենք մեծացնում անձնական հայտնություն ստանալու մեր ունակության հանդեպ վստահությունը, որ չապավինենք այն գործընթացին, որի մասին մենք կարդացել ենք կամ լսել ենք ուրիշներից։

Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթի մեջբերումը մի հրաշալի նյութ է այն մարդու համար, ով սկսում է ձեռք բերել հայտնություն ստանալու վստահությունը։

«Ցույց տվեք ինձ Վերջին Օրերի Սրբերի, ովքեր հենվում են հրաշքների, նշանների և տեսիլքների վրա, որպեսզի հաստատուն կանգնեն Եկեղեցում, և ես ձեզ ցույց կտամ Եկեղեցու անդամների, ովքեր լավ դիրք չունեն Աստծո առաջ, և ովքեր քայլում են սայթաքուն արահետներով: Մեզ հայտնված հրաշալի դրսևորումներով չէ, որ մենք պետք է հաստատվենք ճշմարտության մեջ, այլ համեստության և Աստծո օրենքներին և պատվիրաններին հավատարիմ հնազանդության շնորհիվ է։ …

Իմ պատանեկության օրերին … ես հաճախ էի խնդրում Տիրոջը ինձ մի հրաշալի բան ցույց տալ, որպեսզի ես կարողանայի վկայություն ստանալ: Սակայն Տերը հրաշքները հետ պահեց ինձանից և ինձ ցույց տվեց ճշմարտությունը, տող առ տող … մինչև նա ինձ տվեց իմանալու ճշմարտությունը իմ ողջ էությամբ, և մինչև կասկածն ու վախը ամբողջովին հեռացան ինձանից: Նա ստիպված չեղավ երկնքից հրեշտակ ուղարկել սա անելու համար, կամ էլ խոսեր հրեշտակապետի փողով: Կենդանի Աստծո Հոգու մեղմ հանդարտ ձայնով շշնջոցների մեջոցով Նա ինձ տվեց վկայություն:

Եվ այս սկզբունքով և զորությամբ նա կտա մարդկանց բոլոր զավակներին ճշմարտության իմացություն, որը կմնա նրանց հետ, և դա նրանց կստիպի իմանալ ճշմարտությունը, ինչպես Աստված գիտի դա, և կատարել Հոր կամքը, ինչպես Քրիստոսն է դա անում: Եվ բազում հրաշալի դրսևորումներ երբեք չէին կարող ի կատար ածել սա»:12

Բոլոր այն մարդիկ, ովքեր դժվարանում են, կարող են կատարել առաջին քայլերը և կատարել այն, ինչ արեց Ջոզեֆ Ֆ. Սմիթը:

Եկեղեցու որոշ անդամներ ուզում են լույս տեսնել Դամասկոսի ճանապարհին և հետո հավատալ: Իրո՞ք: Արդյո՞ք Սավուղը այն իրավիճակում էր, որ կարող էր ճանաչել այդ մեղմ, հանդարտ ձայնը: Նա պետք է որ հոգևոր նախազգուշացնող կոչ զգար: Շատերն ակնկալում են հրեշտակ տեսնել, ինչպես Ալմա կրտսերը։ Իրո՞ք: Ալման այն իրավիճակում չէր, որ լսեր այդ մեղմ, հանդարտ ձայնը։ Նա պետք է որ հոգևոր նախազգուշացնող կոչ զգար: Իսկ Նախագահ Ջոզեֆ Ֆ․ Սմիթը վկայել է, որ դա ոչ լույսը և ոչ էլ հրեշտակն է։ Մեղմ և հանդարտ ձայնի ճանաչումն է վստահություն հաղորդում։ Ուղղակի գնա և գործիր:

Եթե մենք պատվիրանները չենք պահում, մենք չենք կարող ունենալ այդ վստահությունը, և չենք ունենա Հոգու ընկերակցությունը: Կան երիտասարդներ, ովքեր պետք է ապաշխարեն և կան երիտասարդներ, ովքեր այնքան խստապահանջ են իրենց հանդեպ, որ երբեք չեն կարծում, որ բավականաչափ լավն են: Պարտադիր չէ, որ կատարյալ լինեք․ պարզապես պետք է անկեղծ ապաշխարեք, լինեք բարի, անեք հնարավոր ամեն բան և առաջ մղվեք։

Հարց

Դուք շատ եք խոսել և գրել ուսանողների և նրանց առաջընթացի վրա կենտրոնացած լինելու մասին։ Կցանկանայի՞ք մեզ ավելին ուսուցանել՝ Սուրբ Հոգուն այդ գործընթացին հրավիրելու մասին:

Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Ուսուցիչ նշանակեք ձեր մեջ, և թող բոլորը միանգամից խոսնակ չլինեն. այլ տվյալ պահին թող մեկը խոսի, և թող բոլորը լսեն նրա ասածները, որ բոլորի խոսելուց հետո, բոլորը կարողանան միմյանցով շենանալ, և որ ամեն մարդ [և կին] ունենա հավասար արտոնություն»։13 Մենք չենք ուսուցիչները․ այլ՝ Սուրբ Հոգին է: Այդ հատվածը մի հորդոր է, որ Սուրբ Հոգուն նշանակենք ուսուցիչ: «Օրինակը», - ոչ միայն միակ օրինակը, - այն է, որ թողեք տվյալ պահին մեկը և թող բոլորը լսեն նրա ասածները: Դա այնքան պարզ է հնչում և այն, նույնիսկ, կարող է հեշտ թվալ:

Եթե մարդիկ չվախենան, նրանք կարող են արտահայտել իրենց հարցերը և իրենց մտահոգությունները։ Նրանք տեսնելով չեն սովորում սենյակում գտնվող այլ մարդկանցից, այլ ինչ-որ մեկի խոսքերը կարող են թույլ տալ, որ Սուրբ Հոգին անհատապես ուսուցանի նրանց: Նրանք մասնակցում են Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի հավաքական քննարկմանը, երբ այդտեղ գտնվող բոլոր մարդիկ խնդրում, փնտրում և թակում են: Եվ մենք հրավիրում ենք, որ նրանք մասնակցեն հավատքի այդ անհատական և հավաքական վարժությանը: Նշանակել բառը չի նշանակում հաստատել: Մենք չենք կարող հաստատել, որ Սուրբ Հոգին լինի ուսուցիչ, բայց մենք կարող ենք հրավիրել և գրավել, որ Սուրբ Հոգին լինի ուսուցիչ:

Միսիոներական մի ժողովի ժամանակ մենք քննարկեցինք մի շարք հարցեր, և ես հարցրի միսիոներներին. «Ի՞նչ եք լսում, որը չի ասվել»: Մի 18-ամյա միսիոներ, ով չորս շաբաթ առաջ էր միսիա եկել, պատասխանեց. «Երեց Բեդնար, եթե ես ձեր կամ մեկ այլ միսիոների բերանով լսում եմ պատասխանը, դա ուղերձ է բոլորի համար: Եթե ես դա զգում եմ իմ սրտում կամ մտածում եմ մտքումս, դա Աստծուց է և միայն ինձ համար է»: Դուք ապշա՞ծ եք այդ պատասխանից։ Որքա՞ն ժամանակ կպահանջվեր որևէ մեկին դասախոսելու, ինչ-որ դերախաղի կամ այլ փորձառություն միջոցով 18-ամյա պատանուն այդ հոգևոր ներըմբռնումն ուսուցանելու համար:

Ուստի, հրավիրելով ուրիշներին գործել՝ գործադրելով իրենց հավատքը, օգնում է գրավել Սուրբ Հոգուն, ով նրանց կուսուցանի անհատապես, իսկ բոլորին՝ հավաքականորեն։

Շատ կարևոր է կենտրոնանալ սովորելու վրա, իսկ Սուրբ Հոգուն նշանակել ուսուցիչ: Մենք պետք է մեր դերը կատարենք։ Մենք հրավիրում, հրապուրում և առաջնորդում ենք, ապա Սուրբ Հոգին ուշագրավ կերպով ուղղորդում է։

Հարց

Մի երիտասարդ աղջիկ ինձ հարցրեց, թե արդյո՞ք հիշում եմ, որ իրեն սովորեցրել եմ որոշակի սկզբունք: Նա ասաց, որ դա ընդմիշտ փոխել է իր կյանքը։ Ես հիշեցի իրավիճակը, և ես այդ ժամանակ ընդհանրապես չէի սովորեցնում։ Իրականում նա բաց թողեց այն կետը, ինչ ես փորձում էի ուսուցանել: Հոգին ուսուցանեց նրան։ Ինչպե՞ս ենք օգնում ուսանողներին ճանաչել, որ նրանք ստանում են հայտնություն, որպեսզի նրանք վստահություն ունենան և շարունակեն այն ինքնուրույն փնտրել։

Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

Ի՞նչ հրավեր կարող եք հղել նրան, որ նա աչքեր ունենա տեսնելու այն, ինչը նախկինում չի տեսել:

Սուրբ Հոգին բոլոր բաները կբերի մեր հիշողության մեջ:14 Նա մի ուշագրավ փորձառություն ունեցավ, որտեղ նա մի բան լսեց, որը հստակորեն չէր ասվել։ Օգնեք, որ նա բացահայտի դա։ Խնդրեք, որ նա մտածի իր փորձառության մասին և բացահայտի մեկ կամ երկու նմանատիպ դրվագ: Օգնեք, որ նա գտնի օրինաչափությունն այդ երկու կամ երեք բաների մեջ, որոնք տեղի են ունեցել և պարզել, թե ինչն է պարգևել այդ հոգևոր ներըմբռնումը։

Մեր երիտասարդները մեծապես տարբերվում են իրարից, և նրանք ունեն տարբեր տեսակի մարտահրավերներ և խնդիրներ: Բայց մենք պետք է ակնկալենք, որ նրանք լինեն այնպիսին, ինչպիսին մենք նկարագրում ենք նրանց: Եվ մենք պարտավոր ենք հրավիրել, որ նրանք գործեն։ Եվ դուք կմնաք զարմացած, թե ինչպիսին են նրանք դարձել։ Նախ մտածեք այն մասին, թե ինչն է նրանց հրավիրել դա անել, որպեսզի նրանք սովորեն այն, ինչ նրանք պետք է սովորեն:

Հարց

Կօգնե՞ք մեզ հասկանալ կամ, միգուցե, սովորել, թե ինչպես ավելի լավ լսել կամ դիտարկել։

Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

Ես խորհուրդ կտայի, որ դուք ձեռք բերեք Մորմոնի Գրքի ոչ թանկ մի օրինակ և կարդաք այն սկզբից մինչև վերջ, փնտրելով «աչքեր տեսնելու և ականջներ լսելու», կամ նմանատիպ ձևակերպումների բոլոր օրինակները: Փնտրեք նաև Վարդապետություն և Ուխտերում և Նոր Կտակարանում։ Կարդացեք սուրբ գրությունները որպես գործակալ՝ խնդրելով, փնտրելով և թակելով և հարցրեք. «Ինչպե՞ս եմ տեսնում այն, ինչը սովորաբար չեմ տեսնում: Ինչպե՞ս եմ լսում այն, ինչը սովորաբար չեմ լսում։ Երբ այդ հարցերը մտքում կարդաք սուրբ գրությունները, Սուրբ Հոգին կուսուցանի ձեզ և կտա ձեր հարցերի պատասխանները։ Ես չեմ կարող պատասխանել ձեզ․ Սուրբ Հոգին կուսուցանի ձեզ անհատապես, գաղտնի և անձնապես։

Թույլ տվեք կիսվել օրինակով։ Կինս՝ Սյուզանը, միշտ եղել է շատ հավատարիմ այցելող ուսուցիչ։ Երբ ճշգրտումներ արվեցին սպասավորության մեջ և Նախագահ Նելսոնը խնդրեց «ավելի բարձր և ավելի սուրբ»15 սպասավորության եղանակներ, Սյուզանը լսում էր և ցանկանում էր հասկանալ, թե որոնք են այդ եղանակները։ Մտածելուց և աղոթելուց հետո նա մի ապշեցուցիչ եզրակացության հանգեց․ հարցնել այն իր քույրերին, որոնց նա սպասավորում է, «թե նրանց համար ի՞նչ է նշանակում ավելի բարձր և ավելի սուրբ սպասավորություն»։

Դա ամենապարզ և ակնհայտ հարցն էր, որը կարող էիք տալ, բայց նրա քույրերի պատասխանները զարմանալի էին: Մի քույր խնդրեց միասին տաճար գնալ: Մեկ այլ քույր խնդրեց ընթերցել գերագույն համաժողովի մի ելույթ և այնուհետև միասին ճաշել, որպեսզի քննարկեն իրենց սովորածը: Սյուզանը մտածում էր, թե արդյոք նախկինում ինչ-որ բան սխալ էր արել։ Նա ոչինչ սխալ չէր արել։ Ավելի բարձր և ավելի սուրբ․ աչքերը բացվեցին՝ տեսնելու այնպես, որ նախկինում չէին տեսել։

Հարց

Մնացած մի քանի րոպեների ընթացքում կկիսվե՞ք ձեր զգացումներով և ձեր վկայությամբ։

Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

Ես սիրում եմ ձեզ: Ինձ դուր է գալիս, թե ովքեր եք դուք, և ովքեր եք ցանկանում դառնալ։ Ինձ դուր է գալիս այն, ինչ անում եք։ Մենք բոլորս կարող ենք կատարելագործվել, բայց ուզում եմ ասել՝ շնորհակալություն: Առաջին Նախագահության, Տասներկու Առաքյալների Քվորումի և Եկեղեցու կրթության խորհրդի անունից շնորհակալություն եմ հայտնում։

Մեծ օրհնություն է՝ ապրել այս երկրի վրա ժամանակների լրության տնտեսության այս ժամանակներում։ Տարիներ առաջ Նախագահ Գորդոն Բ. Հինքլին մի քանի անգամ ասել է ինձ. «Դեյվիդ, սա վերականգնված եկեղեցու պատմության մեջ ամենահրաշալի ժամանակաշրջանն է»: Եվ նա բացարձակապես ճիշտ էր:

Մտածեք այն բաների շուրջ, որոնք մենք կարող ենք տեսնել։ Մտածեք այն մասին, որ այս տարի Առաջին Տեսիլքի 200-րդ տարեդարձն է։ Հայտարարվել են տաճարներ Պապուա Նոր Գվինեայում և Կամբոջայի Պնոմ Փեն քաղաքում: Մենք ունենք միսիոներներ Սովետական Միությունում և նախկին կոմունիստական երկրներում և ունենք տաճար Ուկրաինայում: Վերականգնված Եկեղեցու պատմության մեջ սա ամենահրաշալի ժամանակաշրջանն է։

Մենք այսօր ունենք բացառիկ պարտականություն։ Եթե մենք փրկվել ենք այս օրվա համար, դա այն պատճառով է, որ մենք անելիքներ շատ ունենք, և մեր դերն է, որ օգնենք աճող սերնդին պատրաստ լինել: Վերականգնված Եկեղեցու պատմության մեջ սա ամենահրաշալի ժամանակաշրջանն է՝ ամենամեծ ընդդիմության և ամենամեծ հնարավորությունների ժամանակաշրջանը։ Այսօր, մենք միասին ունենք ծառայելու, վկայություն տալու, սպասավորելու և սատարելու հնարավորությունը։

Ես աղոթում եմ, որ Սուրբ Հոգին լրացնի բացը՝ իմ արտահայտած բառերի և այն մտքի, որը ցանկանում եմ հաղորդել: Ես վկայում եմ, որ Հայրը և Որդին իսկապես հայտնվեցին Ջոզեֆ Սմիթին 200 տարի առաջ։ Ես վկայում եմ, որ Հայրը մեր Հայրն է, և Նա երջանկության ծրագրի հեղինակն է։ Ես գիտեմ և ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսը՝ Հավերժական Հոր Միածին Որդին է: Ես վկայում եմ, որ Նա ապրում է: Նա հարություն է առել։ Գերեզմանը դատարկ է։ «Այստեղ չէ, այլ հարություն առավ»:16

Ես վկայում եմ, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով քահանայության իշխանությունը և քահանայության բանալիները վերականգնվել են երկրի վրա, և Հոր ու Որդու հայտնվելով դրվել է ավետարանի վերականգնման սկիզբը: Ես վկայում եմ, որ Վերականգնումը շարունակվում է։

Ես բերում եմ այս վկայությունը և արտահայտում եմ իմ սերը ձեր հանդեպ՝ Տեր Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն:

Տպել