Սուրբ ծննդյան հոգևոր երեկոներ
Լույսն ու կյանքն աշխարհի


Լույսն ու կյանքն աշխարհի

(3 Նեփի 11․11)

Փրկչի ծննդյան ամենասիրված ու ամենահայտնի հատվածները գտնվում են Նոր Կտակարանի Ղուկասի գրքի երկրորդ գլխում։ Իմ սիրտը լցվում է երախտագիտությամբ, երբ ամեն անգամ կարդում եմ Հովսեփի և Մարիամի Բեթլեհեմ ճամփորդելու, հասարակ մսուրի, Տեր Հիսուսի Քրիստոսի համեստ ծննդյան և «մեծ ուրախություն» ավետող հրեշտակների մասին (Ղուկաս 2․10

Վերջին օրերում ավետարանի վերականգնման շնորհիվ Փրկչի ծննդյան մասին մի կարևոր լրացուցիչ պատմություն է տրվել Մորմոնի Գրքում։ Իմ ուղերձն առաջ է քաշում առաջին Սուրբ Ծննդյան այս լրացուցիչ նկարագրությունը։ Քույրեր և եղբայրներ, երբ միասին քննարկենք այդ դրվագը, հրավիրում եմ, որ դուք ձեզ պատկերացնեք այդ իրադարձությունների կենտրոնում, և ոչ թե պարզապես լսեք խոսքերը։

Իմ աղոթքն է, որ Սուրբ Հոգու օգնությամբ դուք նմանեցնեք այդ հատվածները ձեզ և ձեր ընտանիքին (տես 1 Նեփի 19․23) և ձեր սրտերը լցնեք Սուրբ Ծննդյան ճշմարիտ ոգով։

Սամուել Լամանացին

Մեր պատմությունը սկսվում է Զարահեմլա երկրից՝ Փրկչի ծնունդից ընդամենը մի քանի տարի առաջ։ Սամուել Լամանացին ժողովրդի շրջանում սկսեց ապաշխարություն քարոզել և մարգարեանալ Քրիստոսի մասին։ Այժմ պատկերացրեք, որ դուք 10 տարեկան եք և այն բազմության մեջ եք, ովքեր լսում են, թե ինչպես է Աստծո մարգարեն կանխագուշակում գալիք իրադարձությունները։

Սամուելը հայտարարեց․ «Ահա, ես տալիս եմ ձեզ մի նշան. քանզի կանցնի ևս հինգ տարի, և ահա, հետո գալիս է Աստծո Որդին՝ փրկագնելու բոլոր նրանց, ովքեր կհավատան նրա անունին։

Եվ ահա, սա կտամ ես ձեզ որպես նշան նրա գալստի ժամանակ. քանզի ահա, պիտի լինեն մեծ լույսեր երկնքում, այնպես որ չպիտի լինի խավար, այնպես որ մարդուն պիտի թվա, կարծես ցերեկ է։

Հետևաբար, պիտի լինի մեկ ցերեկ, և մի գիշեր ու մի ցերեկ, կարծես թե դա մեկ օր էր և գիշեր չէր եղել, և դա պիտի լինի ձեզ՝ որպես նշան. …

Եվ ահա, մի նոր աստղ պիտի ծագի …  և դա նույնպես նշան պիտի լինի ձեզ համար» (Հելաման 14․2–5

Փրկչի ծնունդը

Երբ ժամանակն անցավ, «մարգարեների մարգարեությունները սկսեցին ավելի լիովին իրագործվել. քանզի սկսեցին ավելի մեծ նշաններ և ավելի մեծ հրաշքներ գործվել ժողովրդի մեջ» (3 Նեփի 1․4

Խնդրում եմ այժմ պատկերացրեք, որ հինգ տարի անց դուք արդեն 15 տարեկան եք։ Ձեր ներկա կյանքի իրավիճակի մասին խորհելիս հստակորեն կարող եք վերհիշել Սամուելի մարգարեությունները։

«Բայց եղան ոմանք, ովքեր սկսեցին ասել, որ ժամանակն անցած է խոսքերն իրագործվելու համար, որոնք ասվել էին Սամուել Լամանացու կողմից։

Եվ նրանք սկսեցին ծիծաղել իրենց եղբայրների վրա՝ ասելով. Ահա, ժամանակն անցել է և Սամուելի խոսքերը չիրագործվեցին. հետևաբար, ձեր հավատքն այս բանի վերաբերյալ զուր է։

Եվ եղավ այնպես, որ նրանք մեծ աղմուկ բարձրացրեցին ամբողջ երկրում. և այն մարդիկ, ովքեր հավատում էին, սկսեցին շատ տրտմել, որ չլինի թե ինչ-որ պատճառով, այն բաները, որոնք ասվել էին, տեղի չունենային։

Բայց ահա, նրանք աննկուն սպասում էին այն օրվան և այն գիշերվան ու այն օրվան, որը պետք է լիներ ինչպես մեկ օր, կարծես չկար գիշեր, որպեսզի նրանք իմանային, որ իրենց հավատքը զուր չէր եղել։

Արդ եղավ այնպես, որ անհավատների կողմից նշանակվեց մի օր, որ բոլոր նրանք, ովքեր հավատում էին այդ ավանդություններին, պետք է մահվան դատապարտվեին, եթե չլիներ նշանը, որը տրվել էր Սամուել մարգարեի կողմից» (3 Նեփի 1․5–9

Եղբայրներ և քույրեր, կարո՞ղ ենք անգամ պատկերացնել, թե ինչպես կվարվեինք, եթե սպասեինք Նրա գալուստի նշանին և նաև առերեսվել մահվան զարհուրելի վերջնաժամկետին։ Արդյո՞ք դուք և ես հաստատուն կկանգնեինք հավատքում, թե՞ կտատանվեինք և ետ կքաշվեինք։

Այնուհետև, իսկապես, Սամուելի կողմից կանխագուշակած Քրիստոսի ծննդյան նշանը տրվեց։ Կրոնական հետապնդումների մթնոլորտում և մոտ 15 տարեկան զգայուն տարիքում, մի երեկո դուք զմայլված ականատես եղաք, թե ինչպես արևը մայր մտավ, սակայն խավար չտիրեց։

«Եվ մարդիկ սկսեցին ապշած մնալ, որովհետև խավար չեղավ, երբ գիշերը եկավ։ …

Եվ նրանք սկսեցին գիտենալ, որ Աստծո Որդին պետք է շուտով հայտնվի. այո, … բոլոր ժողովուրդը … այնքան սաստիկ ապշած էին, որ նրանք ընկան գետնին։ 

Եվ եղավ այնպես, որ բոլոր այդ գիշերը խավար չեղավ, այլ այնպես լույս էր, կարծես կեսօր լիներ։ Եվ եղավ այնպես, որ արևը կրկին ծագեց առավոտյան … և նրանք գիտեին, որ դա այն օրն էր, որ Տերը պիտի ծնվեր, այն նշանի շնորհիվ, որը տրվել էր։

Եվ դա կատարվել էր, այո, բոլոր բաները, ամեն մասնիկ՝ մարգարեների խոսքերի համաձայն։

Եվ նաև եղավ այնպես, որ մի նոր աստղ հայտնվեց՝ խոսքի համաձայն» (3 Նեփի 1․15, 17, 19–21

Հիսուսի ծննդյան օրը հավատացյալների ազատման օրն էր Նոր Աշխարհում։ Լույսը՝ որպես Փրկչի ծննդյան նշան, բառացիորեն փրկեց նրանց կյանքը։

Փրկչի մահը և Հարությունը

Եղբայրներ և քույրեր այժմ պատկերացրեք, որ ավելի քան 30 տարի է անցել և այժմ դուք բոլորում եք ձեր 50 ամյակը։ Դուք դեռևս վառ կերպով կարող եք հիշել Սամուելի ուսմունքները և որպես պատանի ձեր զգացմունքները, երբ Տիրոջ ծննդյան նշանը տրվեց։

Սամուելի կողմից կանխագուշակած նշաններից մեկը երեք օր տիրող թանձր խավարն էր (տես Հելաման 14․27, 3 Նեփի 8․3

«Եվ եղավ այնպես, որ թանձր խավար էր ողջ երկրի երեսին, այնպես որ այնտեղի բնակիչները, ովքեր չէին զոհվել, կարող էին զգալ խավարի մեգը․

Եվ խավարի հետևանքով չէր կարող լինել ոչ մի լույս, ո՛չ մոմեր, ո՛չ ջահեր. ո՛չ էլ հնարավոր էր կրակ վառել … , այնպես որ չէր կարող լինել որևէ լույս ընդհանրապես.

Եվ չկար որևէ նշմարվող լույս՝ ո՛չ կրակ, ո՛չ կայծ, ո՛չ արևը, ո՛չ լուսինը, ո՛չ աստղերը, քանի որ այնքան մեծ էին խավարի մշուշները, որոնք երկրի երեսին էին։

Եվ եղավ այնպես, որ դա տևեց երեք օրերի ընթացքում, երբ չկար ոչ մի նշմարվող լույս» (3 Նեփի 8․20–23

Ի՞նչ զգացում կապրեիք, եթե այդ երեք օրն աննկարագրելի մթության մեջ մնայիք, իսկ հետո կարճ ժամանակ անց 2,500 հոգանոց բազմության հետ հավաքվեիք Լիառատ երկրի տաճարի շուրջբոլորը։ Կարո՞ղ եք պատկերացնել այդ պահի վեհությունը, երբ Փրկիչը երկնքից իջավ և ասաց․ «ահա, ես եմ Հիսուս Քրիստոսը, … ես եմ լույսն ու կյանքն աշխարհի» (3 Նեփի 11․10–11, շեղագիրն ավելացված է)։

Տաճարի այդ հատուկ ժողովում առաջին բառը, որով Փրկիչը նկարագրեց Իրեն, դա «լույսն» էր։ Սամուելը կանխագուշակել էր լույսի նշանը։ Լույսի նշանը տրվել էր Փրկչի ծննդյան ժամանակ։ Հավաքված բազմության համար սոսկալի խավարն ու վախը փարատվեցին ճշմարիտ լույսով՝ Հիսուս Քրիստոսով։

Մորմոնի Գրքի առաջին Սուրբ Ծննդյան պատմությունն օգնում է մեզ սովորել և ավելի լիարժեք կերպով հասկանալ, որ Հիսուս Քրիստոսն է այն «լույսը, որը շողում է խավարում» (տես ՎևՈւ 10․57–61)։ Մեր կյանքի ցանկացած ժամանակաշրջանում, բոլոր իրավիճակներում ու հանդիպած ցանկացած դժվարության ժամանակ՝ Հիսուս Քրիստոսն է այն լույսը, որը փարատում է վախը, վստահություն ու ուղղություն է տալիս և ծնում է տևական խաղաղություն ու ուրախություն։

Սուրբ Ծննդյան մեր հիշարժան ու հարատև ավանդույթներից շատերն իրենց մեջ ներառում են տարբեր տեսակի լույսեր՝ լույսեր ծառերի վրա, մեր տան ներսում և դրսում վառվող լույսեր, մոմեր մեր սեղաններին։ Թող որ ցանկացած տոնի գեղեցիկ լույսերը մեզ հիշեցնեն Նրա մասին, ով բոլոր լույսերի աղբյուրն է։

Խավարի մեջ փողոցների,

Լույսն է շողում հավերժական։

Հույսն ու վախը տարիների,

Այս երեկո հանգիստ առան։

(“O Little Town of Bethlehem,” Hymns, no. 208)

Ես վկայում եմ, որ Հիսուսը ծնվել է Բեթլեհեմում, հաղթանակած ավարտին է հասցրել Իր մահկանացու առաքելությունն ու ծառայությունը և որպես մեր հարություն առած Տեր ապրում է այսօր։ Այդ ամենի մասին ես վկայում եմ Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Տպել