Սուրբ ծննդյան հոգևոր երեկոներ
Երկնային ընծաներ


Երկնային ընծաներ

Փոքրիկ տղան

Ոչ մի փոքրիկ տղա այնքան անհամբերությամբ չի սպասել Սուրբ Ծննդյանը, որքան ես եմ սպասել։ Ես սիրում էի Սուրբ Ծնունդը։ Իսկ իմ ծնողները մեծ վարպետությամբ էին մեր տունը դարձնում ձմեռային հրաշքների փոքրիկ աշխարհ։ Այնտեղ առկա էր զարդարանքը, երաժշտությունը, լույսերը, քաղցրեղենը և իհարկե նվերները։ Օ՜, որքան անհամբերությամբ էի սպասում նվերներին։ Ամեն տարի ազնվորեն ցուցակ էի կազմում սրտիս մեծագույն ցանկությունների մասին։

Քանի որ մենք ապրում էինք ագարակում, նախքան կբացեինք մեր նվերները Սուրբ Ծննդյան առավոտը, մենք տաք հագնվում էինք ձմռան ցրտաշունչ եղանակին և այցելում մեր ագարակի կենդանիներին։ Չկար ավելի լավ բան, քան աշխատանքից հետո ներս վազել ու մասնակցել այդ առավոտվա հրաշալի միջոցառումներին։

Ես դեռ նոր էի սովորում այդ մարդու՝ Հիսուս Քրիստոսի մասին, ում ծնունդը մենք նշում էինք։ Բայց, կարծես թե, դա լավ իրադարձություն էր։ Այդ օրը Նրա ծննդյան տարեդարձն էր, բայց մենք բոլորս նվերներ էինք ստանում։ Ո՞ր երեխան չէր սիրի դա։ Սուրբ Ծննդյան օրերին ամեն ինչ հրաշալի էր։

Բարեբախտաբար, ժամանակի ընթացքում, Փրկիչի մասին իմ հասկացողությունը մեծացավ՝ Նրա ծնունդը և ծննդյան տարեդարձը, Նրա կյանքը և հրաշքները, Նրա զորությունն ու զոհաբերությունները, Նրա Քավությունն ու Հարությունը, բայց հիմնականում՝ Նրա մեծությունն ու Նրա անըմբռնելի սերը։ Այո, Սուրբ Ծնունդն ամբողջովին բարի էր, բայց դա պարզապես այն պատճառով, որ Հիսուս Քրիստոսն էր ամբողջովին բարի։ Կամ ավելի լավ է ասել, որ Հիսուս Քրիստոսն ամբողջովին հրաշալի էր։

Միսիոներական ծառայություն

Շատ երիտասարդների նման ես մեծ ակնկալիքով և անհամբերությամբ էի սպասում միսիայում ծառայելուն, բայց տնից հեռու իմ առաջին Սուրբ Ծնունդը մի փոքր ցնցում էր ինձ համար։ 19-րդ տարեդարձիս նախորդող ամիսներին ես միայն մտածում էի միսիա գնալու մասին։ Ես փոքր էի իմ դասընկերներից և ընկերներից, իսկ նրանցից շատերն արդեն գնացել էին միսիա՝ թողնելով ինձ հետևում։ Կարծես թե զգում էի, որ ես նույնպես պատրաստ եմ միսիա ծառայելուն։ Իմ ծննդյան տարեդարձը միակ բանն էր, որը խոչընդոտ էր հանդիսանում։

Վերջապես, որոշ ժամանակ անց, որը կարծես հավերժություն էր, իմ հերթը եկավ և ես գնացի ՄՈւԿ: Դեկտեմբերի սկզբին ես արդենթռչում էի իմ միսիայի վայրը՝ Սանտյագո, (Չիլի)։ Վերջապես եսճանապարհին էի, իսկ ամենալավն այն էր, որ Սուրբ Ծննդյան օրը շատ մոտ էր։ Ես վստահ էի, որ պատրաստ եմ իմ կյանքի ամենափառահեղ փորձառությանը։

Սակայն, երբ ոտքս դուրս դրեցի ինքնաթիռից, ես հասկացա, որ ամեն ինչ շատ էր տարբերվում Յուտայից։ Այո, Սուրբ Ծնունդը շատ մոտ էր, բայց թվում էր, թե ամառվա կեսն է։ Որտե՞ղ էր ձյունը։ Որտե՞ղ էին երկարաճիտք կոշիկները և վերարկուները։

Ես արագ ներգրավվեցի աշխատանքի դժվարությունների մեջ։ Ես հոգնած էի ճամփորդությունից և երբեմն քնում էի ուսուցանելիս։ Մշակույթը տարբեր էր, լեզուն առեղծվածային էր, և այն ընդհանրապես չէր հնչում այնպես, ինչպես սովորել էի ՄՈւԿ-ում, իսկ սնունդը անսովոր էր։ Եվ խոսելով սնունդի մասին, պիտի ասեմ, որ իմ զուգընկերոջ հետ ինչ-որ վատ բան էինք կերել, որովհետև երկուսս էլ ուժեղ հիվանդացանք։ Ապա, ամենասոսկալին այն էր, որ Չիլիում գտնվելու իմ առաջին օրերին մենք տուժեցինք երկրաշարժից։

Իմ առաջին Սուրբ Ծնունդն էր տնից հեռու և շատ հիվանդ էի։ Պառկած էի անկողնում, մի անծանոթ երկրում, փորձում էի հասկանալ մի լեզու, որը դժվար էի ընկալում և ապրում էի մի մարդու հետ, ում հազիվ էի ճանաչում։ Արդյո՞ք դա էր ողջ միսիոներական աշխատանքը և ինչի համար էի այդքան շտապում։

Չնայած այս բոլոր դժվարություններին, ես իմ ողջ սրտով սկսեցի սիրել Չիլիի ժողովրդին։ Նրանք այնքան հրաշալի մարդիկ էին և շատ հեշտ էր սիրել նրանց, իսկ նրանցից շատերը ցանկանում էին լսել Փրկիչի ուղերձը։ Արտաքին, իրական աշխարհում, որտեղ մարդիկ հուսահատորեն Փրկիչի ուղերձի կարիքն ունեին, ինչ-որ պատճառով տոնածառերը և նվերներով լի գուլպաներն այնքան էլ կարևոր չէին, որքան նախկինում։ Եթե Քրիստոսը թողեց իր երկնային տունը և եկավ երկիր, որպեսզի տառապի և մեռնի մեզ համար, իհարկե, ես կարող էի թողնել իմ տունը և մի քանի փոքրիկ անհարմարություններ կրելով, կիսվել Նրա զարմանահրաշ ուղերձով։

Այդ Սուրբ Ծնունդն ինձ ուսուցանեց այն պարզ ուրախությունը, որն զգում ենք, երբ օգնում ենք մարդկանց ձեռք բերել Երկնային Հոր ամենամեծ պարգևը՝ Նրա երջանկության փառահեղ ծրագիրը, իսկ այն երջանկությունը, որը ես ձեռք բերեցի, երջանկությունն է, որը մարդիկ ցանկանում են միշտ զգալ և ոչ միայն Սուրբ Ծննդյան տոներին։

Այրի տղամարդը և ամուսնությունը

Իմ միսիայից մի քանի տարի անց ես նոր մարտահրավերի բախվեցի։ Ես ճնշված, հոգնած և միայնակ էի։ Դրանից մի քանի ամիս առաջ, համատեղ կյանքի երկու տարիները չբոլորած կինս, անսպասելիորեն, զոհվեց ավտովթարից և միայնակ թողեց ինձ ու մեր 7 ամսական դստերը։

Ես համալսարանում ուսանող էի և ուսանում էի, աշխատում ու փորձում էի սովորել, թե ինչպես լինեմ միայնակ ծնող։ Սուրբ Ծնունդը մոտենում էր, և մինչմյուսներնարձակուրդներին վերադառնում էին իրենց տները, որպեսզի տոների ընթացքում լինեն իրենց ընտանիքների և սիրելիների հետ, ես աշխատանքային պարտականություններից ելնելով, ստիպված էի մնալ դպրոցում: Ես միայնակ և տխուր էի զգում։ Սուրբ Ծնունդը եկավ ու անցավ և ժամանակը շարունակում էր առաջ ընթանալ։

Գրեթե մեկ տարի անց, երբ Սուրբ Ծնունդը նորից մոտենում էր, ես դեռևս մենակ էի։ Այժմ, սուրբ գրություններում ասվում է, որ լավ չէ մարդուն մենակ լինել (տես Ծննդոց 2․18), և ես ամբողջ սրտով համաձայն էի այդ խոսքերի հետ։ Ես զուգընկերոջ կարիք ունեի, իսկ իմ փոքրիկ դուստրը մայրիկի կարիք ուներ։

Ես մտածեցի․ «Միգուցե, ես ամուսնու կատարյալ տարբերակ չեմ, բայց ո՞ր կինը իսկապես չի ցանկանա Սուրբ Ծնունդին նվեր ստանալ իրական, կենդանի նորածին աղջիկ։ Ոչ թե տիկնիկ, այլ իսկական մարդ»։ Եվ բարեբախտաբար, եթե ինչ-որ մեկը կուզենա երեխային, դե ես էլ կլինեմ փաթեթի մի մասը:

Ինձ դուր էր գալիս Նենսի անունով մի երիտասարդ կին, ով իմ կենսաբանության դասարանից էր, բայց արդեն կիսամյակն ավարտվում էր, իսկ ես դեռ բավականաչափ քաջություն չունեի խոսելու նրա հետ: Երկինքները պետք է որ իմ կողմից լինեին, քանի որ օրերից մի օր, միանգամայն պատահաբար, մենքթեսթավորման սենյակ մտանքմիաժամանակ։ Դա իմ հնարավորությունն էր։ Ես զրույցի բռնվեցի նրա հետ, իսկ այդ երեկոյան զանգահարեցի և ժամադրության հրավիրեցի նրան։ Մենք հանդիպեցինք, իսկ հետո նորից հանդիպեցինք և այդպես շարունակ։ Սակայն, ես գիտեի, որ Սուրբ Ծնունդը մոտենում էր և Նենսին տուն կգնար։ Ի՞նչ կարող էի անել, որ այս փոքրիկ կայծը վառ մնար և աճեր, որը նոր էր վառվում մեր միջև։

Ես հանդես եկա մի ծրագրով։ Նենսիի քույրիկի և նրա ընկերոջ օգնությամբ ես գաղտնի կերպով անակնկալ կանեմ Նենսիին, և մինչև Սուրբ Ծնունդն ընկած տասներկու օրվա ընթացքում ես ամեն օր ընծա կմատուցեմ նրան։

Իմ ծրագիրն աշխատեց։ Նենսին ստանում էր ընծաները, բայց ընդհանրապես գաղափար չուներ, թե ում կողմից են դրանք։ Դա մի հանելուկ էր, որ նրա ընտանիքը փորձում էր լուծել։ Նենսիի քույրը և նրա ընկերը խոստացել էին, որ չեն բացահայտի իրենց մասնակցությունը։ Դա իսկապես մի գաղտնի խմբակցություն էր, բայց այն ուներ բարի դրդապատճառներ։

Սակայն, մի երեկո ընտանիքը բացահայտեց գաղտնիքը։ Դռան զանգը հնչեց, ընտանիքը շտապեց դռան մոտ, և նրանք տեսան արագ հեռացող մեքենան։ Նրանք գրի առան մեքենայի համարանիշը, իսկ հաջորդ օրը զանգահարեցին վարորդական վկայականների տրման գրասենյակ, որպեսզի պարզեն, թե ում է պատկանում այդ մեքենան։ Նրանք պարզեցին, որ այն պատկանում է Նենսիի քրոջ ընկերոջ ընտանիքի անդամներից մեկին։ Նրանք իմացան, թե ում կողմից էին ընծաները։ Նենսիի քույրը և նրա ընկերը առաջ եկան և խոստովանեցին այդ ծրագրին իրենց մասնակցությունը։ Անկեղծ ասած, ես ուրախ էի, որ ինձ հայտնաբերեցին, քանի որ Նենսին և ես կարողացանք Սուրբ Ծննդյան օրն իրար հետ անցկացնել, և այդ օրից ի վեր մենք շարունակեցինք ժամադրությունները։

Եվ ինչպես հույս էի տածում, Նենսին իսկապես ցանկացավ Սուրբ Ծնունդին նվեր ստանալ իրական, կենդանի նորածին աղջիկ։ Նա իր սեփական աղջկա պես սիրեց իմ դստերը։ Եվ բարեբախտաբար, ես այդ փաթեթի մասն էի կազմում։ Մենք ամուսնացանք հաջորդ ամռանը։ Դա իմ կյանքի լավագույն ընծաներից մեկն էր։

Ես զգում էի Երկնային Հոր երջանկության մեծ ծրագիրը։ Ես ունեցա հավերժական ընտանիք և մենք կնքվեցինք հավերժության համար։ Հավերժական ամուսնության և ընտանիքի պարգևը մի պարգև է, որը բոլոր հավատարիմները կստանան՝ լինի դա այս , թե մյուս կյանքում։ Կարո՞ղ է արդյոք դրանից մեծ պարգև լինել։

Երբ հետ նայեցի իմ միայնության և տխրության օրերին, ես հասկացա, որ Հիսուս Քրիստոսը մի ժամանակ նույնպես լքված ու միայնակ էր զգացել։ Նա բոլորից առավել էր հասկանում իմ ցավը։ Նույնիսկ, իմ միայնության ամենածանր պահերին ես երբեք լքված չեմ զգացել Նրա կողմից։ Նա ոչ միայն իմ Փրկիչն էր, Նա իմ եղբայրն ու իմ լավագույն ընկերն էր։

Երիտասարդ հայրիկը

Մեր փոքրիկ ընտանիքը սկսեց աճել, և մի քանի տարի անց ես կրկին բախվեցի ևս մեկ մեծ անհանգստության: Երբ Սուրբ Ծնունդը մոտենում էր, Նենսին և ես նայեցինք իրար ու գիտակցեցինք, որ այդ տարի մենք ավելորդ գումար չունեինք մեր փոքր երեխաներին ամանորյա նվերներ գնելու համար։

Ես նոր էի ավարտել համալսարանը, և մենք նոր էինք փորձում ոտքի կանգնել։ Թեև ես լավ աշխատանք ունեի, շուտով պարզ դարձավ, որ ապրելու համար մեր բյուջեն բավարար չէր։ Մեր օգտին աշխատող միակ հանգամանքն այն էր, որ մենք լրիվ տասանորդ վճարող էինք։ Թեև ոչ ոք չգիտեր մեր վիճակը, Երկնային Հայրը և Փրկիչը գիտեին, և նրանք սկսեցին Սուրբ Ծննդյան փոքրիկ հրաշքներ ուղարկել մեզ։

Մի օր դռան զանգը հնչեց։ Հարևանը խաղալիքներով լի արկղով կանգնած էր դռան առջև։ Նա ասաց․ «Մենք մաքրում էինք տունը և գտանք այս խաղալիքները, որոնք մեր երեխաներն այլևս չեն ուզում։ Մտածեցինք, որ միգուցե ձեր երեխաները ցանկանան դրանք»։ Իհարկե, նրանք կցանկանան։

Մի ուրիշ օր դռան զանգը նորից հնչեց։ Այս անգամ մեր ծխից մի քանի անդամներ էին այցելել։ Նրանք կանգնած էին փոքրիկ աղջկա հեծանիվ ձեռքերին։ Նրանք ասացին․ «Մենք այլևս այս հեծանիվի կարիքը չունենք և մտածեցինք ձեր ընտանիքի մասին։ Կարծո՞ւմ եք ձեր դուստրը կօգտագործի այն»։ Մենք շատ ուրախացանք։

Մի քանի շաբաթ առաջ մեր տղան համայնքի խանութում գունավորելու մրցույթի էր մասնակցել։ Մի օր մեզ զանգահարեցին և հայտնեցին ուրախալի լուրը, որ նա հաղթել էր մրցույթում։ Նա նվաճել էր մանկական հայտնի ֆիլմի տեսահոլովակ: Մենք ապշած էինք:

Այդ փոքրիկ հրաշքների արդյունքում մեր երեխաները Սուրբ Ծննդյան համար մի քանի ընծաներ կունենային։ Մենք վճարել էինք մեր տասանորդները և Երկնային Հայրն ու Փրկիչը բացեցին երկնքի պատուհանները և հեղեցին Իրենց օրհնություններն անմիջապես ծխնելույզից ներս։

Ես հիշեցի, որ մանուկ Քրիստոսըծնվել էր շատ համեստ պայմաններում, բայց ուրիշները գտան Նրան և թանկարժեք նվերներ առաջարկեցին: Որպես երկրային հայր,հուսահատված, ես ցանկանում էի իմ երեխաներին տալ այն ամենը, ինչ կարող եմ:

Մեր Երկնային Հայրը նույն բանն է զգում։ Սակայն, Նրա սերը կատարյալ է, Նա ցանկանում է մեզ տալ այն ամենը, ինչ Ինքն ունի։ Դա անըմբռնելի ընծա է։

Վերջաբան

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, երբեմն, մենք բոլորս էլ զգում ենք կամ զգացել ենք միայնակ, հիվանդ, ճնշված, աղքատ կամ տանից հեռու: Բարեբախտաբար, մենք ունենք Հավերժական Հայր և Փրկիչ, ովքեր մեզ հասկանում են։ Եթե մենք դիմենք Նրանց, Նրանք մեր ձեռքից կբռնեն և կառաջնորդեն բոլոր դժվարությունների միջով։

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, օրերից մի օր բոլորս էլ կհանդիպենք մեկին, ով միայնակ, հիվանդ, ճնշված, աղքատ կամ տանից հեռու է գտնվում։ Մեր Հայրն ու Փրկիչը կառաջնորդեն մեզ, որպեսզի օգնենք ուրիշներին, և դա կլինի մեր արտոնությունը։

Մանուկ հասակում Սուրբ Ծնունդը տարվա մեջ միայն մեկ անգամ էր։ Այժմ, երբ մեծահասակ եմ, հասկանում եմ, որ ամեն օրը Սուրբ Ծնունդ է։ Սիրառատ Երկնային Հոր և սիրելի Փրկիչ Հիսուս Քրիստոսի առատաձեռնության շնորհիվ, մենք ամեն օր ստանում ենք երկնային ընծաների շարունակական հոսքը: Երկնային ընծաները բազմաթիվ են հիշատակելու համար։

Հոր և Որդու հանդեպ իմ երախտագիտությունն այնքան մեծ ու խորն է, որը, ինչպես հնում Ամմոնն է ասել․ «ես չեմ կարող արտահայտել փոքրագույն մասն իսկ նրա, [ինչ] զգում եմ» (Ալմա 26․16

Այո, Սուրբ Ծննդյան օրերին մենք տոնում ենք Հիսուս Քրիստոսի տարեդարձը, սակայն Հոր և Որդու բարության շնորհիվ մենք կրկին ստանում ենք բոլոր ընծաները։ Այս մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Տպել