Սուրբ ծննդյան հոգևոր երեկոներ
Սուրբ ծնունդի ոգին


Սուրբ ծնունդի ոգին

Առաջին Նախագահության Սուրբ ծննդյան հոգևոր երեկո

Կիրակի, 5 դեկտեմբերի, 2021

Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ես երախտապարտ եմ այս Սուրբ ծննդյան համաշխարհային հոգևոր երեկոյին ձեզ հետ լինելու համար։ Վեհ երաժշտությունն ու խոսքերը հուզել են մեր սրտերը։ Դրանք բերել են Սուրբ ծնունդի իրական ոգին, ուրախություն, որը գալիս է Տեր Հիսուս Քրիստոսին երկրպագելուց և սիրելուց։ Մեզ միավորում է Նրա հանդեպ ունեցած մեր սերն ու նվիրումը։

Այդ երկրպագության զգացումը մեծանում է ամեն անգամ, երբ ես կարդում եմ սուրբ գրություններ, որոնք օգնում են ինձ իմանալ, թե ով էր Նա և ով է Նա։ Այդ ընթերցանության և աղոթքների արդյունքում ես սկսել եմ ճանաչել Հիսուսին որպես Եհովա, ով, մեր Երկնային Հոր ղեկավարությամբ, բոլոր բաների Արարիչն է։ Պողոսն այս կերպ է նկարագրել այն.

«Շատ մասերով եւ շատ կերպերով Աստուած առաջուց խօսելով մեր հայրերի հետ մարգարէների ձեռով,

Այս վերջի օրերումը խօսեց մեզ հետ Որդովը, որին ամեն բանի ժառանգ դրաւ, որով աշխարհքն էլ արաւ.

Որ նորա փառքի լոյսը լինելով եւ նորա էութեան նկարագիրը, է որ իր զօրութեան խօսքովն ամեն բան կրում է՝ մեր մեղքերի սրբութիւնն իրանով անելուց յետոյ նստեց Աստուծոյ մեծութեան աջ կողմը բարձունքներումը,

Եւ հրեշտակներիցն այնքան աւելի լաւ եղաւ, որքան նորանցից աւելի գերազանց անուն ժառանգեց։

Որովհետեւ հրեշտակներից որի՞ն ասեց երբէք, Իմ որդին ես դու, ես այսօր ծնեցի քեզ. Եւ դարձեալ՝ Ես նորան Հայր կ’լինիմ, եւ նա ինձ Որդի կ’լինի։

Եւ երբոր անդրանիկին միւսանգամ աշխարհ կ’մտցնէ ասում է. Եւ երկրպագեն նորան Աստուծոյ բոլոր հրեշտակները»։1

Հիսուսի ծնվելու ժամանակ Բեթլեհեմում հրեշտակները երգեցին, և ինչպես մարգարեացվել էր, նոր աստղ հայտնվեց՝ լուսավորելով երկինքը և պատվելով Աստծո Որդու մուտքը մահկանացու կյանք։

Այդ գերագույն էակի մահկանացու ծնունդի իրադարձությունները մեզ մոտ առաջ են բերում զգացողություններ, որ Նա մեզ շատ մոտ է կանգնած։ Նա ընտրեց ցած իջնել Հոր աջ կողմում գտնվող Իր գահից` Իր վրա մահկանացու մարմին վերցնելու համար: Նա արեց դա՝ մղված լինելով Իր Հոր յուրաքանչյուր հոգևոր որդու և դստեր հանդեպ ունեցած սիրուց, ովքեր ծնվելու էին աշխարհում: Նա արեց դա իմ և ձեր հանդեպ ունեցած սիրուց մղված:

Նա կարող էր ծնվել այլ պայմաններում։ Սակայն Հիսուսը ծնվեց մի փոքրիկ գյուղում՝ համեստ պայմաններում։ Հովիվները ողջունեցին Նրան։ Ավելի ուշ մի քանի մոգեր ոգեշնչված առաջնորդվեցին՝ երկրպագելու Նրան։ Քաղաքական առաջնորդը հրամայեց, որ Նա սպանվի: Նրան տարան օտար երկիր՝ կյանքը փրկելու համար։ Երբ հրեշտակն ասաց Նրա մահկանացու ծնողներին, որ Նա կարող է վերադառնալ Իր երկիր, Նրան տարան Նազարեթ։ Մոտ 30 տարի Նա անցկացրեց այնտեղ, մեծանալով և աշխատելով որպես հյուսն, մինչև մարդկանց մեջ Իր ծառայությունը սկսելը։

Գուցե ինձ նման դուք ևս զարմանաք, թե ինչու էր անհրաժեշտ, որ Աստծո կատարյալ Որդին ուղարկվեր այդպիսի առաքելության։ Հիշեք, թե ինչպես է Նա նկարագրել Իր կոչումի խոնարհ ընդունումը.

«Որովհետեւ ես իջայ երկնքիցը, որ ոչ թէ իմ կամքն անեմ, այլ ինձ ուղարկողի կամքը։

Սա է ինձ ուղարկող Հօր կամքը, որ այն ամենը որ նա ինձ տուաւ. Նորանից չ’կորցնեմ. Այլ յետին օրումը յարուցանեմ նորան։

Եւ սա է ինձ ուղարկողի կամքը. որ ամեն ով որ տեսնէ Որդուն եւ հաւատայ նորան, յաւիտենական կեանք ունենայ. Եւ ես յետին օրումը կ’յարուցանեմ նորան»։2

Հիսուսը ցուցադրեց Իր սերը և խոնարհությունը։ Չնայած Հորից Իրեն տրված իշխանությանը և վեհությանը, Հիսուսը հասարակ մարդկանց ընտրեց որպես Իր երկրային աշակերտներ, այդ թվում՝ ձկնորսների, մի հարկահավաքի և նախանձախնդիր Սիմոնին։

Նա քարոզեց և առնչվեց բորոտների, հիվանդների, խեղվածների, արհամարհվածների հետ։ Նա սիրեց և ընդունեց նրանց մեջ ամենացածրին, չնայած Նա ցած էր իջել վերին պալատներից։ Նա ծառայեց նրանց, սիրեց նրանց և բարձրացրեց նրանց։

Այդ ուշագրավ սիրառատ բարությունը և զսպվածությունը իր գագաթնակետին հասավ անգամ Նրա երկրային առաքելության վերջում։ Նա հանդիպեց ընդդիմության և ատելության, իմանալով, որ դրանք մասն էին կազմում այն առաքելության, որին Ինքը կանչվել էր և որը ընդունել էր։ Իսկ Նրա առաքելությունն էր՝ տանջվել բոլոր նրանց մեղքերի և թուլությունների համար, ովքեր գալիս են մահկանացու կյանք։

Դուք հիշում եք Հակոբի խոսքերը, երբ նա ուսուցանում էր Հիսուս Քրիստոսի Քավության մասին.

«Օ՜, որքան մեծ է սրբությունը մեր Աստծո: Քանզի նա գիտի բոլոր բաները, և չկա որևէ բան, որ նա չիմանա:

Եվ նա գալիս է աշխարհ, որպեսզի փրկի բոլոր մարդկանց, եթե նրանք ականջ դնեն նրա ձայնին. քանզի ահա, նա տանում է բոլոր մարդկանց ցավերը, այո, ամեն մի ապրող արարածի ցավերը` և տղամարդկանց, և կանանց, և երեխաների, որոնք պատկանում են Ադամի ընտանիքին:

Եվ նա տանում է այս, որպեսզի հարությունը կարողանա անցնել բոլոր մարդկանց վրա, որպեսզի բոլորը կարողանան կանգնել նրա առջև այն մեծ և դատաստանի օրը»:3

Բեթլեհեմի մսուրում գտնվող մանուկը Աստծո Որդին էր, ով ուղարկվել էր Հոր կողմից, որ դառնա մեր Փրկիչը։ Նա Հոր Միածին Որդին էր մարմնում։ Նա մեր Օրինակն է։

Սուրբ ծնունդի ոգին ունենալու համար մենք պետք է փորձենք սիրել այնպես, ինչպես Նա սիրեց։ Եվ Նա պատվիրել է ձեզ և ինձ՝ «իրար սիրէք, ինչպէս որ ես ձեզ սիրեցի»։4

Այդ խոսքերում դուք կարող եք զգալ Սուրբ ծնունդի ոգին՝ ինչպես ես եմ զգացել։ Ես զգացել եմ լույսը և լավատեսությունը, որոնք ամեն անգամ գալիս են Սուրբ Հոգու ազդեցությամբ, երբ հիշում և խորհում եմ Աշխարհի Փրկիչի օրինակի շուրջ։

Ինձ համար, հավանաբար, ամենաքաղցր հիշողությունն այն է, որ Տերը պատրաստ կանգնած է` օգնելու մեզ, ինչ էլ որ պատահի մեզ հետ։ Ինչպես ուսուցանել է Մորմոնը․

«Աստված, իմանալով բոլոր բաները, լինելով հավիտենականությունից հավիտենականություն, ահա, նա հրեշտակներ ուղարկեց՝ սպասավորելու մարդկանց զավակներին, հայտնի դարձնելու Քրիստոսի գալստի վերաբերյալ. և Քրիստոսի միջոցով պիտի գա ամեն բարի բան։

Եվ Աստված իր իսկ բերանով նույնպես հայտարարեց մարգարեներին, որ Քրիստոսը պիտի գա։

Եվ ահա, եղան զանազան ուղիներ, որոնցով նա մարդկանց զավակներին հայտնեց բաներ, որոնք բարի են. և բոլոր բաները, որոնք բարի են, գալիս են Քրիստոսից. այլապես մարդիկ ընկած էին, և ոչ մի բարի բան չէր կարող գալ նրանց։

Ուստի, հրեշտակների սպասավորումով, և ամեն խոսքով, որը դուրս էր եկել Աստծո բերանից, մարդիկ սկսեցին հավատք գործադրել առ Քրիստոս. և այսպես, հավատքով նրանք որդեգրեցին այն ամենը, ինչ բարի էր. և դա այդպես էր մինչև Քրիստոսի գալուստը։

Եվ հետո, երբ նա եկավ, այնուհետև էլ մարդիկ փրկվում էին հավատքով առ նրա անունը. և հավատքով նրանք դառնում են Աստծո որդիներն ու [դուստրերը]: Եվ այնպես անկասկած, ինչպես ապրում է Քրիստոսը, նա ասել է այս խոսքերը մեր հայրերին՝ ասելով. Ինչ էլ որ դուք խնդրեք Հորը՝ իմ անունով, որը բարի է, հավատքով հավատալով, որ դուք կստանաք, ահա, դա կարվի ձեզ համար»:5

Այս օրերին ձեզանից շատերն աղոթում են ուժի համար, որպեսզի դիմանաք փորձություններին, որոնք, կարծես, ձեր ուժերից վեր են թվում։ Ես վկայում եմ, որ Փրկիչը և Հայրը լսել են ձեր աղերսը, երբ խնդրել եք սփոփանք և լավագույնը ձեզ և նրանց համար, ում սիրում ու ծառայում եք։

Պատասխանները կգան, ինչպես դրանք եկան մարգարե Ջոզեֆ Սմիթին։ Ջոզեֆի՝ օգնության համար ասված աղոթքում դուք կտեսնեք ձեր սեփականը։ Եվ դուք կզգաք Աստծո սերը Ջոզեֆի հանդեպ և ձեր հանդեպ՝ Ջոզեֆի աղոթքին տրված Նրա մխիթարող պատասխանի միջոցով։ Ջոզեֆն աղաղակել է․

«Ո՜վ Աստված, ո՞րտեղ ես դու։ Եվ ո՞րտեղ է տաղավարը, որ ծածկում է քո թաքնված տեղը։

Որքա՞ն պիտի քո ձեռքը ետ պահվի, և քո աչքը, այո՛, քո մաքուր աչքը հավերժական երկինքներից նայի քո ժողովրդի և քո ծառաների հանդեպ անարդարություններին, և քո ականջը թափանցեն նրանց աղաղակները»։6

Եվ Տերը պատասխանեց, ինչպես Նա կարող է պատասխանել ձեզ և ինձ․

«Խաղաղություն քո հոգուն. քո ձախորդություններն ու քո չարչարանքները կտևեն միայն մի փոքր պահ.

Եվ հետո, եթե դու լավ համբերես, Աստված քեզ վեր կբարձրացնի. դու կհաղթես քո բոլոր թշնամիներին։

Ընկերներդ կանգնած են կողքիդ, և նրանք կրկին կողջունեն քեզ ջերմ սրտերով ու բարյացակամ ձեռքերով»։7

Իմ օրինակով ես գիտեմ, որ խոստումները ճշմարիտ են ձեզ համար, ինձ համար և նրանց համար, ում մենք սիրում ենք։ Տերը զգացել է մեր ցավերը։ Նա ընտրել է դա մեր հանդեպ սիրուց մղված։ Նա գիտի՝ ինչպես օգնել մեզ խաղաղություն զգալ դժվարությունների ժամանակ, նույնիսկ, եթե փորձությունը շարունակվում է։ Նա կուղարկի ընկերներ՝ կանգնելու ձեր կողքին «ջերմ սրտերով ու բարյացակամ ձեռքերով»։ Մեր սրտերը ավելի լավը կդառնան, մինչ մենք կդիմանանք անձնական փորձություններին՝ Նրա հանդեպ հավատքի միջոցով։8 Եվ այդ փոփոխությամբ մենք կդառնանք այն ընկերները, որոնց Տերը կարող է ուղարկել մարդկանց մոտ՝ որպես հրեշտակներ։

Որպես Նրա վկա, ես հայտարարում եմ, որ Բեթլեհեմում ծնված մանուկը Հիսուս Քրիստոսն է՝ Աստծո սիրելի Որդին։ Ես խոստանում եմ, որ երբ դուք խնդրեք Երկնային Հորը հավատքով և Հիսուս Քրիստոսի անունով, Հոգին ձեզ և ձեր սիրելիներին կբերի խաղաղության զգացողություններ։

Ես իմ սերն եմ հղում ձեզ՝ մաղթելով, որ դուք ունենաք ուրախությամբ լի Սուրբ ծնունդ այս տարի և միշտ։ Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն:

Տպել