Սուրբ ծննդյան հոգևոր երեկոներ
Սուրբ ծննդյան մեծագույն պարգևը


Սուրբ ծննդյան մեծագույն պարգևը

2022 թվականի Առաջին Նախագահության Սուրբ ծննդյան հոգևոր երեկո

4 դեկտեմբերի 2022 թ․, կիրակի

«Եվ երբ հրեշտակները նրանց մոտից երկինք բարձրացան, հովիվներն իրար ասացին. «Եկեք մինչև Բեթլեհեմ գնանք ու տեսնենք տեղի ունեցածը, որը Տերը ցույց տվեց մեզ»։

Շտապելով եկան և գտան Մարիամին ու Հովսեփին և երեխային՝ մսուրի մեջ պառկած»:1

Ղուկասի կողմից գրված Նոր Կտակարանի այս պարզ հատվածները մեր մտքում ուրվագծում են Հիսուս Քրիստոսի սուրբ ծննդյան տեսարանը, որն այսօր նշվում է ամբողջ աշխարհում:

Մեր հայրենիքում՝ Պորտուգալիայում, սիրելի ավանդույթ է դարձել սուրբգրային այս իրադարձության՝ Սուրբ ծննդյան տեսարանի վերստեղծումը: Սուրբ ծննդյան տոների ընթացքում դուք կգտնեք Սուրբ ծննդյան տեսարանի օրինակներն ամբողջ երկրով մեկ, տարբեր վայրերում․ մի ավանդույթ, որը նույնպես ներկայացված է շատ տներում: Սուրբ ծննդյան տեսարանի ստեղծման համար հաճախ պետք է հավաքել թարմ մամուռ, խոտ, քարեր և այլ բնական նյութեր՝ Սուրբ ծննդյան տեսարանի համար իրական ետնապատկեր ստեղծելու համար:

Սուրբ ծննդյան տեսարանի ստեղծման այս տոնական ավանդույթը մեր մանկության և պատանեկության տարիների սիրված միջոցառումն էր մեր ծնողների, իսկ ավելի ուշ՝ մեր երեխաների հետ: Սուրբ ծննդյան տեսարանի ստեղծումն իմ ամենասիրած միջոցառումներից մեկն էր տարվա այս եղանակին:

Մենք փայտե տուփի մեջ էինք պահում բոլոր այն փոքրիկ արձանիկները, որոնք օգտագործում էինք Սուրբ ծննդյան տեսարանի և դրա շրջակայքի ստեղծման համար: Հաճախ պատկերվում էր նաև մեր գյուղի փոքրիկ մանրաքանդակը։ Ամեն տարվա Սուրբ ծննդյան օրը մեր հավաքածուին ավելանում էին մի քանի նոր արձանիկներ կամ տարրեր։ Հավաքածուն բաղկացած էր գյուղացիներից, տներից, ֆերմերներից և կենդանիների արձանիկներից, հողմաղացներից, ջրաղացներից և բնության այլ տարրերից՝ բլուրներից ու ձորերից, ծառերից ու դաշտերից։ Անդրադարձող հայելիների կտորները օգտագործվում էին գետերն ու առուները նմանակելու համար։ Երբեմն նույնիսկ կամուրջներն էին պատկերվում։ Եվ, իհարկե, այդ ամենի կենտրոնում ամենակարևոր արձանիկներն էին, որոնք նկարագրված են սուրբ գրություններում. ոչխարների հոտեր և «դաշտում մնացող հովիվներ, որոնք գիշերն իրենց հոտերն էին պահում»2, մի հրեշտակ, որն ասաց հովիվներին չվախենալ, և ազդարարեց Փրկչի ծնունդը՝ «մեծ ուրախության ավետիք» բերելով բոլոր մարդկանց»3 և Մարիամի ու Հովսեփի աչքի ընկնող կերպարները՝ դրված մսուրի շուրջը:4 Այնուհետև կար մի աստղ, որի մասին սուրբ գրություններում գրված է, որ մեծ ուրախություն պատճառեց մոգերին, և առաջնորդեց նրանց Հիսուսի մոտ գալու իրենց ճանապարհին:5

Ընտանիքի բոլոր անդամները պետք է մասնակցեին Սուրբ ծննդյան տեսարանի ստեղծմանը։ Մի քանի օրվա կամ նույնիսկ շաբաթների ընթացքում, հավաքածուն աստիճանաբար ստեղծվում էր և բոլոր բաղադրիչները տեղադրվում էին իրենց պատշաճ տեղում:

Ողջ տոների ընթացքում մենք հիանում էինք Սուրբ ծննդյան տեսարանով և հիշում Մատթեոսի և Ղուկասի պատմություններում նկարագրված իրադարձությունները, որոնք այս տոնակատարությունն այդքան իմաստ էին տալիս։ Մենք պատմում էինք Մարիամի հավատքի մասին, Հովսեփի և Մարիամի ճամփորդության մասին, որոնք «Գալիլեայից՝ Նազարեթ քաղաքից, գնացին Հուդա՝ Դավթի քաղաքը, որ Բեթլեհեմ [էր] կոչվում6, և պատմում էինք այնտեղ մնալու համար տեղ գտնելու նրանց դժվարության մասին։

Սակայն ի վերջո, Սուրբ ծննդյան օրը գալիս էր, և մանուկ Հիսուսի արձանիկը դրվում էր մսուրի մեջ։ Ապա սկսում էինք քննարկել, թե որքան կարևոր է Հիսուս Քրիստոսը մեր կյանքում, Նա ինչ արեց մեզ համար7, և այն, որ Նա մեծագույն պարգևն էր՝ բոլոր պարգևներից առավել։

Այս սուրբ ծննդյան երգն ամփոփում է տոնի տրամադրությունը․

«Ո՜վ Մարիամի քնքուշ Մանուկ,

Ո՜վ դու մաքուր, արդար Մանուկ։

Բարուրված խոտերում մսուրի,

Սուրբ ծննդյան օրն այս բարի։

Ամեն ազգի հույսերն հառած,

Դեմքիդ պայծառ կենտրոնացած։

Ո՜վ դու Մանուկ փառքով լցված,

Ո՜վ դու Մանուկ համեստ ծնված:

Հովիվները գալով հեռվից,

Փառք են տվել աստղի տակից։

Իսկ Մոգերը ծնկի իջել,

Ու հարգանքի տուրք մատուցել:

Հրեշտակներ երգեր ածել,

Մանո՛ւկ Արքա Քեզ գովերգել։

Բալասանն է մեր վշտերի,

Հառում լուսե աչուկներում:

Դու թանկ պարգև մարդկանց տրված,

Երկինքները մեզ ժառանգած»։

Փրկիչն ինքը վկայեց մեզ տրված Իր պարգևի մասին. «Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք։ Աշխարհում նեղություն պիտի ունենաք, բայց քաջալերվե՛ք, որովհետև ես հաղթել եմ աշխարհին»:9

«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա»։10

Ի՜նչ արտասովոր պարգև, ի՜նչ վսեմ պարգև։

«Սուրբ ծննդյան տոները լավ ժամանակ է, որպեսզի մտածենք այն օրհնությունների և հնարավորությունների մասին, որոնք ստացել ենք մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի ծննդի, կյանքի, Քավության և Հարության շնորհիվ:11

Նույնիսկ դժվարությունների և փորձությունների ժամանակ12 ես մտածում եմ խաղաղություն և հույս գտնելու օրհնության մասին․ աստվածային առաջնորդության օրհնության մասին՝ և՛ հաղթանակի, և՛ հուսահատության ժամանակներում13․ ավելի մեծ հեռանկարի և նպատակի օրհնության մասին՝ իմանալով և հավատալով, որ այս մահկանացու փորձառությունից հետո կյանքը շարունակվում է14․ երախտագիտության օրհնության մասին՝ նույնիսկ այն դեպքում, երբ մեր ունեցածը քիչ է՝ մեր կարիքները բավարարելու համար․ մխիթարվելու օրհնության մասին, երբ մենք մեզ միայնակ ենք զգում15 և այն օրհնության մասին, որ կարողանանք տալ, նույնիսկ, երբ մենք քիչ ունենք:

Այս և շատ ուրիշ օրհնություններ մենք ունենք Հիսուս Քրիստոսի շնորհիվ: Այո՛, ես անհամբեր սպասում էի, թե երբ կարող էինք Սուրբ ծննդյան մեր ստեղծած տեսարանում մանուկ Հիսուսին դնել մսուրում Սուրբ ծննդյան օրը: Նա, ով մեր մեծագույն պարգևն է, տվեց մեզ այդպիսի արժեքավոր օրհնություններ՝ Իր կյանքի, օրինակի, ուսմունքների և զոհաբերության շնորհիվ:

Ապա ես հարցնում եմ ձեզ. արդյո՞ք մենք չպետք է այս օրհնությունների շնորհիվ թեթևացնենք ուրիշների բեռը, օգնենք և քաջալերենք նրանց հոգով զգալ այս սուրբ տոնը և նշել առաջին Սուրբ ծննդյան ժամանակ հովիվներին հայտարարված բարի լուրը:

Քրիստոսը կարող է մեր Սուրբ ծնունդը վերափոխել և բարությունից ու կարեկցանքից զատ մեր տոնը պարուրել գթությամբ, որը «Քրիստոսի մաքուր սերն է, և [որը] տևում է հավերժ»:16 «Թեև մեր զգացմունքները գալիս և անցնում են, Նրա սերը մեր հանդեպ չի անցնում»։17 Նրա սերը շարունակվում է ողջ տարվա ընթացքում և մեր ողջ կյանքում:

Սուրբ ծննդյան տոներին Քրիստոսի վրա ավելի շատ կենտրոնանալով, մենք ավելի շատ կզգանք Նրա սերը մեր կյանքում և ավելի շատ կկարողանանք սիրել ու ծառայել մեր շրջապատի մարդկանց։

Երբ պահում ենք Սուրբ ծննդյան հոգին, մենք պահում ենք Քրիստոսի Հոգին: Թող որ այս տոներին մենք կենտրոնանանք Հիսուս Քրիստոսի՝ Աշխարհի Լույսի վրա, և թողնենք, որ մեր լույսը շողա այս օրերին։ Ինչպես նաև ուրիշների հետ կիսվենք մեր սիրով, մեր կարեկցանքով և մեր ծառայությամբ:

Նրա ծննդյան շնորհիվ մեր գոյությունն իմաստ ստացավ։ Նրա ծննդյան շնորհիվ մենք հույս ստացանք։ Նա աշխարհի Փրկիչն է և Նա մեր մեծագույն պարգևն է. դրա մասին եմ բերում իմ վկայությունը։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Տպել