Սուրբ ծննդյան հոգևոր երեկոներ
Ծնվեց Փրկիչը մեր


Ծնվեց Փրկիչը մեր

2023 թվականի Առաջին Նախագահության Սուրբ ծննդյան հոգևոր երեկո

Կիրակի 3 դեկտեմբերի 2023 թ․

Սիրելի եղբայրներ և քույրեր, շնորհավոր Սուրբ ծնունդ:

Մենք երախտագիտությամբ հավաքվել ենք Առաջին Նախագահության հետ Սուրբ ծննդյան այս հոգևոր երեկոյին: Ուր էլ որ լինեք այս տոնական օրերին, թող որ դուք զգաք Աստծո սերը, երբ փառաբանում ենք Հիսուս Քրիստոսին՝ որպես Սուրբ ծնունդի կիզակետ ու կենտրոն:

Սուրբ ծնունդը երաժշտության, համերի ու հոտերի, սպասումների և առատաձեռնության ժամանակ է: Այն նաև հավաքույթների ժամանակ է, անկախ նրանից՝ մոտ ենք ապրում, թե՝ հեռու:

Հաճախ Սուրբ ծնունդը դառնում է ուրախ և հիշարժան առիթ, երբ մենք Սուրբ ծննդյան ուրախություն ենք բերում ուրիշներին՝ առանց մեզ վրա ուշադրություն հրավիրելու: Շատ ընտանիքներ կատարում են Ձմեռ պապի դերը: Շատ անհատներ աշխարհը լուսավորում են Հիսուս Քրիստոսի լույսով:

Սուրբ ծնունդը հիշարժան է դառնում նաև, երբ մենք ստեղծում ենք նոր Սուրբ ծննդյան հիշողություններ: Ժամանակի ընթացքում Սուրբ ծննդյան հիշողությունները դառնում են ավանդույթներ, որոնք կարող են խորացնել մեր սերը Հիսուս Քրիստոսի՝ Աստծո Գառի, Հավերժական Հոր Որդու, աշխարհի Փրկչի հանդեպ։1

Եթե ունեք Սուրբ ծննդյան սիրելի հիշողություններ և ավանդույթներ, կարող եք ուրախությամբ վայելել դրանք այս տոներին: Եթե դուք դեռ բացահայտում եք ձեր Սուրբ ծննդյան ավանդույթները, թող դրանք խորացնեն ձեր սերը Հիսուս Քրիստոսի հանդեպ և օրհնեն ձեզ ամեն տարի:

Կարո՞ղ եմ կիսվել Գոնգերի ընտանիքի Սուրբ ծննդյան երեք սիրելի ավանդույթներով:

Նախ՝ ամեն տարի ես և քույր Գոնգը սիրում ենք կրկին տեսնել Սուրբ ծննդյան զարդարանքները, որոնք պատմում են մեր ընտանիքի պատմությունը:

Ես և քույր Գոնգը երիտասարդ ամուսնական զույգ էինք և սովորում էինք մագիստրատուրայում՝ Անգլիայում: Մենք ապրում էինք մի փոքրիկ բնակարանում՝ ուսանողական սուղ բյուջեով: Մենք հաշվել էինք մեր կոպեկները՝ նախքան կգնեինք մի փխրուն, փոքրիկ տոնածառ, որի ճյուղերն այնքան սակավ էին, որ նույնիսկ Չարլի Բրաունը կխղճար ծառի վիճակին:

Լինելով միշտ ստեղծագործ՝ քույր Գոնգը լվացք կախելու ամրակներից մեր տոնածառի համար փոքրիկ բրիտանացի զինվոր-խաղալիքներ պատրաստեց: Ապա յուրաքանչյուրի վրա նկարեց մի սև բրդե գլխարկ ու ժպիտ:

Արդեն 43 տարի այդ բրիտանացի զինվորները պահակ են կանգնած մեր տոնածառի վրա: Նրանք մեզ հիշեցնում են մեր ամուսնության առաջին Սուրբ ծնունդը, երբ մենք մենակ էինք՝ տնից հեռու և այդպես՝ յուրաքանչյուր հաջորդ Սուրբ ծնունդ:

Մեր որդու ընտանիքը այս լվացք կախելու ամրակները դարձրին «մարդուկներ»: Դրանք պատկերում են միսիոներներին աշխարհի տարբեր մասերում: Տեսնո՞ւմ եք նրանց ժպիտները: Միջազգային հագուստնե՞րը: Իսկ անվանապիտակնե՞րը: Ինձ ասում են, որ մեկը ինձ շատ նման է:

Մեր Սուրբ ծննդյան զարդարանքները թարմացնում են ընկերների մասին ջերմ հիշողությունները և փորձառությունները շատ վայրերում: Ամեն տարի Սուրբ ծննդյան հիշողությունների ընտրանու ուրախ շքերթը մեզ ստիպում է ժպտալ:

Ալմա մարգարեն վկայում է, որ երկիրը կանոնավոր կերպով շարժվում է, ինչն էլ վկայում է, որ Աստված կա: Սուրբ ծնունդը նշանավորում է երկրի 365¼ օրերի՝ արեգակի շուրջը տարեկան պտույտի, մեզ հայտնի կետը: Քանի որ այս տարեկան պտույտը մեզ ամեն տարի վերադարձնում է Սուրբ ծննդյան սիրելի տոներին, ես մտածում եմ, թե ինչի մասին է գրել հեղինակ Ե. Բ. Ուայթը «Ժամանակի շրջանը» ակնարկում:2

Նա առաջարկում է, որ մենք միայն փորձով ենք հասկանում, որ «ժամանակն իրականում ամենևին էլ շրջանաձև չի շարժվում»։ Ժամանակի շրջանը կարող է թվալ «կատարյալ ձևավորված, անփոփոխ, կանխատեսելի՝ առանց սկզբի կամ վերջի»: Բայց միայն այն ժամանակ, երբ մենք երիտասարդ ենք, պատկերացնում ենք, որ ժամանակի որևէ շրջան կարող է սկսվել և ավարտվել, իսկ մենք մնանք նույնը և անգամ չմեծանանք կամ ծերանանք:

Երբ Սուրբ ծնունդը կրկին գալիս է, ես որոշ չափով նույնն եմ, բայց որոշ չափով տարբերվում եմ նախկինից, և այս իրավիճակը անուղղակիորեն ցույց է տալիս, որ ժամանակը (և տարածությունը) կարող է միաժամանակ լինել գծային և շրջանաձև: «Նեղ ու անձուկ» արահետը3 և «մեկ հավերժական շրջանը»4 ինչպե՞ս կարող են լինել ուխտի իրականության լրացնող նկարագրություններ, որոնք կենտրոնացած են Բեթլեհեմում ծնված մանուկ Քրիստոսի վրա:

Այս դեպքում, ինձ համար Սուրբ ծննդյան կախարդանքի մի մասը՝ միաժամանակ երեխա և մեծահասակ լինելն է: Մենք՝ որպես մեծահասակներ, հիանում ենք նրանով, ինչը հիմա ուրախացնում է այն երեխային, որը մենք նախկինում եղել ենք: Եվ մենք ուրախանում ենք երեխայի հետ, երբ միասին ստեղծում և վերստեղծում ենք հիշողություններ ու ավանդույթներ:

Գոնգերի ընտանիքի Սուրբ ծննդյան երկրորդ սիրելի ավանդույթը Սուրբ ծննդյան տեսարանների ցուցադրումն է՝ սուրբ մանուկ Քրիստոսի ծննդյան պատկերներով:

Բոլորիս դուր է գալիս, որ Սուրբ ծննդյան տեսարանները կենտրոնանում են Հիսուս Քրիստոսի վրա՝ հրավիրելով մեզ անել նույնը: Ինչպես վերջերս վերադարձած մի միսիոներ ասաց. «Իմ միսիայից առաջ Հիսուս Քրիստոսն իմ կյանքի մի մասն էր: Հիմա Նա իմ կյանքն է»:

Տեսարանները լինում են ցանկացած երևակայելի չափսերի՝ պատրաստված ամեն երևակայելի նյութից, իսկ միջավայրը՝ վերցված ամեն երևակայելի վայրից: Յուրաքանչյուր տեսարան վկայում է Հիսուս Քրիստոսի մասին և յուրաքանչյուր ազգին, ցեղին, լեզվին ու ժողովրդին խոստացված Նրա օրհնությունների մասին:

Մեզ դուր է գալիս, որ Աստծո զավակները ամենուր պատկերում են մանուկ Հիսուսին, Մարիամին, Հովսեփին, մոգերին, հովիվներին ու կենդանիներին՝ ծանոթ, առնչվող ձևավորումներով, հատկանիշներով ու մանրամասներով: Այս տեսարանները մեզ հիշեցնում են, որ Աստված սիրում է Իր բոլոր զավակներին. մենք կարող ենք տեսնել Աստծո սերը Սուրբ ծննդյան տեսարանների մեջ, որտեղից էլ որ դրանք վերցված լինեն:

Գոնգերի ընտանիքի երրորդ սիրելի ավանդույթը, բացի մեր Փրկչի ծննդյան սուրբ գրությունների պատմությունները միասին կարդալուց, ընտանիքով Չարլզ Դիկենսի Սուրբ ծննդյան երգը հեքիաթը բարձրաձայն կարդալն է:

Եթե ես գլխարկ դնեմ ու շարֆ կապեմ, կարո՞ղ եք մի պահ պատկերացնել, որ ես Էբենիզեր Սքրուջն եմ Սուրբ ծննդյան երգը հեքիաթում:

Մի քանի տարի մեր ընտանիքը կարդում է Սուրբ ծննդյան երգը հեքիաթը՝ սկզբից մինչև վերջ: Մենք խառնում ենք մեր տաք շոկոլադը կոնֆետ-ձեռնափայտով և ծիծաղում ենք «հաստլիկ ու թուխ խնձորներ» և «տաք գինի» արտահայտությունների վրա: Մենք դողում ենք, երբ Ջեյքոբ Մարլիի ուրվականը սեղմում է իր շղթաները: Մենք ավելի կենսուրախ և ինքնավստահ ենք դառնում, երբ Սուրբ ծննդյան Անցյալի, Ներկայի և Ապագայի ոգիներն օգնում են Էբենիզեր Սքրուջին դառնալ նոր մարդ:

Մի քանի տարի մեր ընտանիքը կարդում է Սուրբ ծննդյան երգը հեքիաթի համառոտ տարբերակը, որը կրճատել են մեր որդին ու հարսը, որպեսզի ձանձրանալի չլինի ընտանիքի կրտսեր անդամների համար:

Իսկ մի քանի տարի, ժպիտով ու հումորով, մեր ընտանիքը կարդում է Սուրբ ծննդյան երգը հեքիաթի վերնագիրը, որը նման է մեքենայի բախարգելի (bumper) պիտակի: Այն պարունակում է ընդամենը երկու տող՝ «Հիմարություն է» և «Աստված մեզ օրհնի»։

Չարլզ Դիկենսը սկսեց գրել Սուրբ ծննդյան երգը հեքիաթը 1843 թվականի հոկտեմբերին և ավարտեց դեկտեմբերի սկզբին՝ ընդամենը վեց շաբաթում: 6000 օրինակով առաջին տպաքանակը լույս է տեսել Լոնդոնում՝ 1843 թվականի դեկտեմբերի 19-ին։ Այն սպառվել է Սուրբ ծննդյան նախօրեին:

Նրանք, ովքեր փաստում են Սուրբ ծննդյան երգը հեքիաթի նախապատմությունը, ցույց են տալիս, որ Չարլզ Դիկենսը գրում էր այն ժամանակ, երբ Վիկտորիանական Անգլիան վերանայում էր Սուրբ ծնունդի իմաստը: Ի՞նչ դեր կարող են կամ պետք է խաղան Սուրբ ծննդյան տոները, տոնածառերը, Սուրբ ծննդյան շնորհավորանքները, Սուրբ ծննդյան ընտանեկան հավաքույթները, Սուրբ ծննդյան բացիկները, նույնիսկ Սուրբ ծննդյան երգերը հասարակության մեջ:

Այն ժամանակ, երբ շատերը կորցրել էին նպատակը, մեկուսացած էին ու մենակ, Դիկենսի Սուրբ ծննդյան երգը հեքիաթը բոլորին հույս տվեց՝ բարեկամության, սիրո և քրիստոնեական առաքինությունների խարսխման իր այս պատմության մեջ, երբ Էբենիզեր Սքրուջը խաղաղություն և բժշկում գտավ իր անցյալի, ներկայի և ապագայի համար:

Այն ժամանակ, ինչպես հիմա, Սուրբ ծնունդի իրական իմաստը մեզ ավելի է մոտեցնում Հիսուս Քրիստոսին, որը, որպես մանուկ, ծնվել է մսուրում: Հիսուս Քրիստոսը գիտի, ըստ մարմնի, թե ինչպես սատարի մեզ՝ ողորմությամբ լցված սրտով: Այն ժամանակ, ինչպես հիմա, Սուրբ ծնունդը նշում է ուխտի պատկանելությունը, հաղորդությունը և միությունը Հիսուս Քրիստոսում ու միմյանց մեջ:

Այստեղ թույլ տվեք մեկ այլ Սուրբ ծննդյան երգը հեքիաթին բնորոշ հարց տալ: Ինչո՞ւ, երբ մենք հիշատակում ենք Սքրուջին, հիմնականում մտածում ենք մի փնփնթացող ծեր թշվառի մասին, որը ծաղրում է Սուրբ ծննդյան տոնը՝ համարելով այն մեծ հիմարություն:

Ինչո՞ւ չենք ցանկանում ավելի լավ ճանաչել նոր Սքրուջին: Նոր Սքրո՞ւջը՝ խոնարհ ու երախտապարտ, որն առատաձեռնորեն Բոբ Քրեչիթին նվեր է ուղարկում հնդկահավ՝ որպես Սուրբ ծննդյան անակնկալ: Նոր Սքրո՞ւջը, որը հաշտվում է իր կենսուրախ եղբորորդու՝ Ֆրեդիի հետ։ Նոր Սքրո՞ւջը, որը բարձրացնում է Բոբ Քրեչիթի աշխատավարձը և հոգ է տանում Պստիկ Թիմի մասին:

Թող թերահավատները ծաղրեն։ Նոր Սքրուջը «իր խոստացածից շատ ավելին արեց, անսահման շատ»: Նա դարձավ այնքան լավ մարդ և այնքան լավ ընկեր, ինչպես որ պատկերացնում էր բարի ու հին աշխարհը:

Ուստի մենք ինչո՞ւ չենք հիշում այդ պարոն Սքրուջին: Կա՞ն մեր շուրջը այդպիսիները, կամ գուցե մենք ինքնե՞րս կարող ենք այլ մարդ լինել, եթե միայն դադարենք նրանց կարծրատիպերը ներկայացնել որպես իրենց հին եսը:

Ոչ մի անհատ և ոչ մի ընտանիք կատարյալ չէ։ Յուրաքանչյուրս ունենք թույլ կողմեր և թերություններ՝ բաներ, որոնք ցանկանում ենք ավելի լավ անել: Այս Սուրբ ծնունդին, թերևս, մենք կարող ենք ստանալ և իրար ու ինքներս մեզ առաջարկել Հիսուս Քրիստոսի փոփոխությունների և ապաշխարության, ներելու և մոռանալու թանկարժեք պարգևները:

Եկեք հաշտվենք անցած տարվա հետ։ Բաց թողնենք էմոցիոնալ տագնապն ու աղմուկը, շփումներն ու տհաճությունները, որոնք խուճապ են ստեղծում մեր կյանքում: Թող որ մենք միմյանց շնորհենք մեր նոր հնարավորությունները՝ մեր անցյալի սահմանափակումների վրա կենտրոնանալու փոխարեն: Եկեք յուրաքանչյուրիս մեջ նոր Սքրուջին փոխվելու հնարավորություն տանք:

Մեր Փրկիչը եկավ Սուրբ ծնունդին` ազատագրելու գերիներին, և ոչ միայն նրանց, ովքեր գտնվում էին բանտում: Նա կարող է ազատել մեզ մեր անցյալի ուրվականներից, ազատել մեզ մեր և ուրիշների մեղքերի շղթաներից ու ափսոսանքներից: Հիսուս Քրիստոսը կարող է փրկագնել մեզ մեր եսակենտրոն, եսասիրական եսից՝ Իր մեջ վերածնվելու միջոցով:

«Այսօր … ձեզ համար Փրկիչ ծնվեց, որ է Օծյալ Տերը»:5

Շնորհավոր Սուրբ Ծնունդ:

Թող ձեր Սուրբ ծննդյան ավանդույթներն ու հիշողությունները լինեն ուրախ ու պայծառ։

Թող որ մենք ուրախանանք Հիսուս Քրիստոսով՝ Սուրբ ծնունդին և ամեն օր:

Ես ուրախությամբ վկայում եմ Նրա մասին Նրա սրբազան և սուրբ անունով՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Տպել