Երեկո Բարձրագույն Իշխանության հետ
«Հիսուսն էլ նորանց ասեց. Ես եմ կեանքի հացը»


«Հիսուսն էլ նորանց ասեց. Ես եմ կեանքի հացը»

Երեկո Ջերիթ Վ. Գոնգի հետ

ԵԿՀ-ի կրոնի ուսուցիչներին ուղղված ելույթ • Փետրվարի 17, 2017 • Սոլթ Լեյք Թաբերնաքլ

Թանկագին եղբայրներ և քույրեր, այս հավաքույթն ինձ համար առանձնահատուկ արտոնություն է։ Շնորհակալ եմ ձեր ուղարկած սիրո և քաջալերանքի այդքան շատ բարի ուղերձների համար։ Մինչ մենք խոսում ենք Քրիստոսի մասին, ուրախանում ենք Քրիստոսով, 1 սովորում ենք Քրիստոսի մասին, ես աղոթում եմ , որ մենք լցվենք պատկառանքով և ավելի շատ մոտենանք Նրան։

Ընտանիքի անդամնե՛ր և կողակիցնե՛ր, մեծ պատիվ է, որ դուք մեզ հետ եք։ Կողակից բառը անգլերենում հնչում է համեմունք բառի նման։ Կարելի է ասել, մեր սիրելի՛ կողակիցներ, որ դուք համ եք տալիս մեր կյանքին։ Դուք վաղ արթնանում եք, ուշ եք քնում և ամեն քայլափոխը հավատքով եք անում։ Երախտապարտ ենք և՛ ձեր էության համար, և՛ ձեր գործերի համար։

Բարձրագույն իշխանավորի ներկայությամբ երեկոյին մասնակցելու հանձնարարությունը գալիս է նամակի ձևով, որը ստորագրվում է նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի, նախագահ Հենրի Բ. Այրինգի և նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի կողմից։ Ես զգում եմ մեր առաջին նախագահության սերը ձեզանից յուրաքանչյուրի հանդեպ, երբ նրանք խնդրում են Տիրոջը օրհնել և ոգեշնչել այս հավաքույթի մեր ջանքերը։

Երբ նոր էի ստացել այս հանձնարարությունը, ես խնդրեցի Երեց Քիմ Քլարկին և եղբայր Չադ Վեբին ուսուցանել ինձ ձեր մասին՝ մեր սեմինարիայի և ինստիտուտի ուսուցիչների, միսիոներների և ԵԿՀ-ի աշխատակիցների մասին, որ սփռված եք ողջ աշխարհով։

Ես տեղեկացա, որ մենք 133 երկրներում ուսուցանող 45731 կանչված ուսուցիչներ և միսիոներներ ունենք։ Ձեզանից 34527-ը ծառայում են Միացյալ Նահանգներից դուրս, իսկ մնացյալ 11204-ը ծառայում են Միացյալ Նահանգներում։ Ամեն տարի, միասին վերցրած, դուք 20807605 ժամ ծառայություն եք մատուցում։ Շնորհակալությո՛ւն ձեզ։

Ես նաև տեղեկացա, որ Սեմինարիաների և Կրոնի Ինստիտուտների 2878 աշխատակիցները ծառայում են 129 երկրներում․ 1849-ը՝ Միացյալ Նահանգներում, իսկ 1029-ը Միացյալ Նահանգներից դուրս։ Դուք հավատարիմ ծառայություն եք կատարում այբբենարանի առաջինից մինչև վերջին տառերով սկսվող այնպիսի երկներում, ինչպիսիք են՝ Ալբանիան, Ֆիլիպինները, Բոսնիան, Բուլղարիան, Հունգարիան, Լիտվան, Մոզամբիկը և մյուս տառերով սկսվող այլ երկներ։ Շնորհակալությո՛ւն ձեզ։

Ձեզանից ոմանք ուսուցանել են երկար տարիներ: Օրինակ, Քույր Էնիդ Մեյը՝ Բրիտանական Կոլումբիայից, 35 տարի ուսուցանել է Սեմինարիայում և միայն վերջերս է ազատվել: Քույր Մեյը ուսուցանել է իր սեփական 10 երեխաներից 9-ին, իր թոռներից 2-ին և իր ներկայիս եպիսկոպոսին: Քույր Մեյը պատմել է, թե ինչպես էր ամեն տարի աղոթում, որ իր մեքենան դիմանար մինչև ուսումնական տարվա վերջ: Սեմինարիան ուսուցանելու նրա վերջին օրը, մեքենան կայանելիս, փոխանցման տուփը ի վերջո խափանվեց։

Ոմանք էլ նոր են սկսել ուսուցանել։ Օրինակ՝ քույր Ջենգ Դոնգրանը՝ Կորեայում, կամ Յոհանա Մերկադերը՝ Դոմինիկյան Հանրապետությունում, ով այս տարի է սկսել ուսուցանել՝ Եկեղեցու անդամ դառնալուց ընդամենը վեց շաբաթ անց։

Քույր Մարգարեթ Մասային՝ Քենիայում, սկսել է ուսուցանել սեմինարիայում Եկեղեցուն միանալուց ընդամենը մի քանի շաբաթ անց: Քույր Մասային համեստորեն ասում է, որ իր շատ ուսանողներ, ծնված լինելով Եկեղեցում, ուսուցանել են իրեն և օգնել ավետարանի այնպիսի հիմք դնել, որն օրհնել է նրա հետագա 17 տարիների դասավանդումը սեմինարիայում:

Դուք ուսուցանում և ծառայում եք բոլոր կլիմայական գոտիներում, տարբեր հանգամանքներում, տարբեր ծագում ունեցող աշակերտների հետ, մեծ ու փոքր տարբեր դասարաններում։

Եղբայր Բենյամին Հեդֆիլդը ուսուցանում է հյուսիսային բևեռում՝ Ալյասկա նահանգում։ Իսկ Քույր Լորենա Թոսենը ուսուցանում է Ուշուայայում՝ Անտարկտիդայից ոչ շատ հեռու, որտեղ հարավային բևեռն է։

Ամեն չորեքշաբթի Սոլթ Լեյքի համալսարանի ինստիտուտում եղբայր Ջարեդ Հալվերսոնի դասարան է այցելում մոտ 400 ուսանող։ Ես հարցրել եմ եղբայր Հալվերսոնին, թե ինչպես է նա անում այդ։ Նա ասել է․ «Ես ուսուցանում եմ խմբին, բայց աշխատում եմ անհատապես՝ թեմա առ թեմա»։

Լեհաստանում չափահաս երիտասարդ քույր Դագմարա Մարտինյուկը, շուտ է արթնանում, որպեսզի հացի փռում աշխատի, իսկ աշխատանքից հետո ուշ է քնում, որ պատրաստվի ինստիտուտի դաս ուսուցանելու։

Հոնդուրասում քույր Միրա Ֆլորես-Ագուիլարի սեմինարիայի դասը սկսվում է առավոտյան ժամը 5․00-ին։ Իսկ Արգենտինայի Սան Ժուան քաղաքում եղբայր Ռուբեն Ադրովերի ինստիտուտի դասը սկսվում է երեկոյան ժամը 10․00։

Դուք նաև տարրական և հիմնական դպրոցի դասեր եք ուսուցանում Մեքսիկայում, Քիրիբատիում, Ֆիջիում, Տոնգայում և Սամոայում։

Ձեր շնորհիվ ավելի շատ երիտասարդներ և չափահասներ են կարդում սուրբ գրությունները և ապրող մարգարեների խոսքերը, քան երբևէ նախկինում:

Ձեր շնորհիվ ավելի շատ երիտասարդներ են սովորում հոգևոր գիտելիքներ ձեռք բերել և պատասխաններ ստանալ իրենց հարցերին՝ հասկանալով վարդապետությունը:

Եվ ձեր շնորհիվ «Հիմնական դասընթացները» Եկեղեցու բուհերում և կրոնի ինստիտուտներում ուսանողներին ավելի շատ են մոտեցնում Հիսուս Քրիստոսին՝ Գլխավոր Հիմնաքարին:

Մենք կրկին հիանում ենք նրանով, թե ով եք դուք և ինչպես եք դուք ծառայում։ Որտեղ էլ որ լինեք, ինչպիսին էլ լինեն ձեր հանգամանքները, շնորհակալ ենք այս երեկո բաց սրտով և բաց մտքով, մեկ, երկու կամ մի քանի հոգով հավաքվելու համար՝ Քրիստոսի անունով։2

Մի անգամ, երբ երկարատև հանձնարարությունից հետո միասին ջերմ զգացումներով վայրէջք էինք կատարում Սոլթ Լեյքի օդակայանում, Նախագահ Բոյդ Ք․ Փաքերն ասաց․ «Ջերիթ, կինս՝ Դոնան, այս պահին հացը դնում է ջեռոցը։ Երբ տուն հասնեմ, թարմ և տաք հաց կուտեմ»։

Կարո՞ղ եք պատկերացնել կամ հիշել համեղ հացի համը։ Հիշո՞ւմ եք թարմ, տաք հացի բույրը: Հիշո՞ւմ եք նրա համը, հավանաբար, մի քիչ քաղցր, մի քիչ աղի։

Հացը համընդհանուր օգտագործում ունեցող ուտելիք է։ Բոլոր դարաշրջաններում, բոլոր հանգամանքներում մարդիկ հաց են կերել: Իհարկե, մեր համաշխարհային հավաքում հացը կլինի տարբեր չափսի, ձևի և բաղադրության,․ անգամ տարբեր անուններով կկոչվի:

Հնարավոր է, այն պատճառով, որ բոլոր մարդիկ ամենուր հասկանում են հացի իմաստը ևօգտագործում են այն , մեր Փրկիչը հայտարարել է․ «Ես եմ կեանքի հացը»։3

Այս աշխարհում՝ փշի ու տատասկի մեջ, մենք հացը երեսի քրտինքով ենք վաստակում՝ ինչպես Ադամն ու Եվան: Կամքի ազատության հետ տրվում են նաև իրական ընտրություններ: Հոգևոր աճը գալիս է իրական մարտահրավերներից։ Բայց մեր Փրկիչը չի թողնում, որ մենք տեսնենք այս աշխարհի միայն քարն ու փուշը, սահմանափակումներն ու պակասությունները: Մեր Փրկիչը մեզ օրհնում է մանանայով՝ հանապազօրյա հացով, Իր հաղորդության խոստումով, որ մենք կարող ենք ունենալ կյանք, հույս, ուրախություն և կարող ենք լիուլի վայելել այդ ամենը:4

Մեր Տերը հայտարարում է․

«Ես՝ Տերս եմ տարածել երկինքները և հաստատել երկիրը՝ իմ իսկ ձեռքերի գործերը. և բոլոր բաները նրանցում իմն են:

Եվ իմ նպատակն է՝ ապահովել իմ սրբերին. …

Քանզի երկիրը լի է, և բավականաչափ կա նաև խնայելու համար»։5

Այլ կերպ ասած՝ Նրա աշխարհը քար ու փուշի աշխարհ չէ։ Նրա աշխարհը հացի ու ձկան աշխարհ է։

Հիշու՞մ եք, ինչպես Հիսուսը կերակրեց բազմությանը մի քանի հացով ու ձկով։ Եկե՛ք դիտենք և պատկերացնենք, որ մենք այնտեղ էինք։

[Տեսանյութ]

Հիսուս․ «Տեսե՛ք, բազմությունը»։

Ա աշակերտ․ «Տեղս անապատ է, եւ ժամանակն արդէն անցել է. Ժողովուրդներն արձակիր որ գնան գիւղերն իրանց համար կերակուր առնեն։ Նրանք ուտելու բան չունեն»։

Հիսուս․«Դուք տուէք նորանց ուտել»։

Բ աշակերտ․ «Գնա՞նք երկու հարիւր դահեկանի հաց առնենք, եւ դորանց տանք որ ուտեն»։

Հիսուս․ «Քա՞նի հաց ունիք»։

Ա աշակերտ․ «Հինգ, եւ երկու ձուկ»։

Հիսուս․ «Ինձ մոտ բերեք նրանց։ Գունդ գունդ բաժանեք՝ հիսուն հիսուն, որ նրանք կերակրվեն․ ..․ Ո՜վ Հայր, երկնքի և երկրի Տեր, շնորհակալ եմ քո լիառատ օրհնությունների համար․ ամեն»։6

[Տեսանյութի վերջը]

Նոր Կտակարանի չորս հիշատակարաններում7 նկարագրվում է, թե Փրկիչն ինչպես 5000 մարդ կերակրեց։ Նոր Կտակարանի երկու լրացուցիչ պատմություն նկարագրում են,8 թե ինչպես մեկ այլ առիթով Փրկիչը 4000 մարդու կերակրեց։ Մարդկանց այդ մեծ խմբերում երևի կային տղամարդիկ, կանայք և երեխաներ։9

Մենք երբեմն ասում ենք, որ Աստված կա մանրամասներում: Վերջերս ես համակցեցի մեր Փրկիչի կողմից 5000 մարդ կերակրելու Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի ավետարանների և աստվածաշնչյան ծանոթագրությունների սուրբ գրային մանրամասները և մի բառացի պատմություն կազմեցի։

Խնդրում եմ, հրավիրեք Սուրբ Հոգուն, որպեսզի նա բացի մեր հասկացողությունը, մինչ մենք կուսումնասիրենք սուրբ գրային պատմությունները և ավետարանի սկզբունքները, որոնք կարող ենք գտնել մեր Փրկիչի օրինակում:

Մենք աղոթում ենք, որ Փրկիչի ծառայության ավելի մեծ գնահատանքը մեզ, մեր ընտանիքներին և մեր ուսանողներին ավելի շատ կմոտեցնի Նրան:

Ահա սուրբ գրության հատվածների այդ համակցումը․

«Եւ առաքեալները Յիսուսի մօտ ժողովուեցան, եւ պատմեցին նորան բոլորը՝ թէ՛ ինչ որ արել էին, թէ՛ ինչ որ սովորեցրել էին։

Եւ նա ասեց նորանց. Դուք առանձին անապատ տեղ եկէք [այսինքն՝ մեկուսի կամ խաղաղ մի վայր], եւ մի քիչ հանգիստ առէք. որովհետեւ եկող եւ գնացողները շատ էին, եւ հաց ուտելու էլ ժամանակ չ’ունէին․ …

Եւ ժողովուրդները տեսան նորանց որ գնում էին, եւ շատերը ճանաչեցին նորան. Եւ ամեն քաղաքներից ոտով այնտեղ էին վազում, եւ նորանից առաջ եկան եւ նորա մօտ հաւաքուեցան։

Եւ երբոր Յիսուսը դուրս եկաւ շատ ամբոխ տեսաւ, եւ նորանց վերայ գթաց. Որովհետեւ հովիւ չ’ունեցող ոչխարների պէս էին»։10

«Եւ ժողովուրդներն իմանալով, նորա ետեւից գնացին. Եւ նորանց ընդունեց եւ նորանց հետ Աստուծոյ արքայութեան մասին խօսում էր, եւ նորանց՝ որ բժշկութեան կարօտ էին՝ բժշկում էր»։11

«Եւ երբոր իրիկուն եղավ, աշակերտները նորա մօտ եկան եւ ասեցին. Տեղս անապատ է, եւ ժամանակն արդէն անցել է. Ժողովուրդներն արձակիր»,12 «որ չորս կողմի շէները եւ գիւղերը գնան իրանց համար հաց առնեն. Որովհետեւ այստեղ ուտելու բան չ’ունին»։13

«Յիսուսն էլ ասեց նորանց. Պէտք չէ որ գնան, դուք տուէք նորանց ուտել»։14

«Նորանք էլ ասեցին նորան, Գնա՞նք երկու հարիւր դահեկանի հաց առնենք, եւ դորանց տանք որ ուտեն»։15

«Նորա աշակերտներից մէկը, Անդրէասը՝ Սիմօն Պետրոսի եղբայրն՝ ասեց նորան.

Այստեղ մէկ տղայ կայ, որ հինգ գարիէ հաց ունի եւ երկու փոքր ձուկ. բայց սա ի՞նչ է այդչափ մարդկանց համար»։16

«Նա էլ ասեց. Նորանք այստեղ բերէք ինձ մօտ»։17

«Եւ հրամայեց նորանց՝ որ ամենքը գունդ գունդ կանանչ խոտի վերայ նստեն»։18«Եւ շատ խոտ կար այն տեղը»։19 «Եւ դաս դաս նստեցին, հարիւր հարիւր՝ եւ յիսուն յիսուն»։20

Եւ այն հինգ հացն եւ երկու ձուկն առաւ, դէպի երկինքը նայեց, օրհնեց նորանց եւ կտրեց»,21 «գոհացաւ»,22 «հացերը տուաւ աշակերտներին, եւ աշակերտները ժողովուրդներին»։23 «Եւ այն երկու ձուկը բաժանեց ամենին»24 «որչափ որ կամեցան»։25

«Եւ ամենքը կերան»26 «եւ [ամենքը] կշտացան»։27

«Եւ երբոր կշտացան, ասեց իր աշակերտներին. Ժողովեցէք աւելացած կտորները՝ որ բան չ’կորչի»։28

«Եւ կտորների աւելացածը տասներկու քթոց լիքը վեր առան»29 «եւ կտորներիցը տասնեւերկու կողով լցրին այն հինգ գարիէ հացիցը»30 «եւ ձկներիցն էլ»31 «որ ուտողներիցն աւելացաւ»։32

«Եւ ուտողները հինգ հազարի չափ մարդիկ էին բացի կանանցից եւ երեխաներից»։33

«Եւ նորանց [հրաժեշտ տալով, նա] վեր ելաւ սարը աղօթք անելու»։34

«Բայց մարդիկն՝ երբոր տեսան այն նշանն որ արաւ Յիսուսը, ասում էին թէ Սա է ճշմարտապէս այն մարգարէն որ պիտի աշխարհք գար»։35

Ի՞նչ նկատեցիք, կամ զգացիք, կամ սովորեցիք նրանից, որ Հիսուսը կերակրում է մեզանից յուրաքանչյուրին և մեզ բոլորիս՝ հինգ հացով և երկու փոքր ձկով։ Արդյո՞ք հացի համը մանանայի նման էր՝ քաղցր, ինչպես համեմ և մեղր։36 Եվ ինչպե՞ս երկու ձուկը կերակրեցին մեզ, հագեցրեցին մեզ բոլորիս։

Ահա ինը բան, որ ես եմ նկատում և զգում։ Հնարավոր է, նրանք կարող են օգնել մեզ ավելի լավ հասկանալ մեր Փրկիչին, մոտեցնել մեզ Նրան և հրավիրել մեզ ավելի շատ նմանվել Նրան:

Թեմա 1․ Մեր Փրկիչը կարեկցանք է զգում մեր հանդեպ։

Մեր Փրկիչի հրաշքներից շատերը սկսվում են Նրա ըմբռնումով ու կարեկցանքով։ Նա գիտի մեր սրտերն ու հանգամանքները: Նա լի է կարեկցանքով մեր հույսերի ու մեր ցավերի, մեր ցանկությունների և մեր կարիքների հանդեպ:

Հոգեգան ապրումների մի ժամանակշրջան էր։ Հովհաննես Մկրտիչին գլխատել էին, նրա գլուխը սկուտեղի վրա բերել էին՝ որպես ոխակալ մոր պարող դստերը տված խղճալի արքայի խոստում։ Փրկիչը և Նրա աշակերտները գնացել էին մեկուսի վայր՝ հանգստանալու: Սակայն, ի՞նչ զգաց մեր Փրկիչը, երբ տեսավ մարդկանց մեծ խմբին։ Նա «նորանց վերայ գթաց»: 37 Նա ընդունում է նրանց: Նա սովորեցնում է նրանց: Նա բուժում է նրանց: Եվ զուտ գործնականորեն Նա գիտի՝ նրանք «ուտելու բան չ’ունին»:38

Իր ծառայության ընթացքում Փրկիչը ուղղորդվում էր կարեկցանքով՝ կարեկցանք բորոտի հանդեպ,39 կարեկցանք պիղծ ոգով դիվահարված որդի ունեցող մարդու հանդեպ,40 կարեկցանք մինուճար որդին մահացած որբևայրի մոր հանդեպ։41 Մեր Փրկիչը մեզ սովորեցնում է բարի Սամարացու նման լինել, ով կարեկցանք ցուցաբերեց այն մարդու հանդեպ, ում վիրավորել էին և թողել մեռնելու։42

Անառակ որդու հայրը նույնպես կարեկցանք ցուցաբերեց և վազեց դեպի իր որդին, «դեռ որ նա հեռու էր»։43 Հետաքրքիր է, որ այստեղ ևս խոսվում է հացի մասին․ երբ անառակ որդին «ինքն իրան» եկավ, նա ասաց. «Քանի՜ վարձկաններ ունի իմ հայրը՝ հացով լցուած»։44

Մեր Փրկիչը սկսում է կարեկցանքով: Նա եզրափակում է քաղցրությամբ:

Ավետարանի պատմությունն ասում է, որ բազմությանը կերակրելուց հետո, Հիսուսը «ժողովուրդին արձակեց»։ Սակայն, ըստ Մարկոսի ավետարանի տողատակի ծանոթագրության, հունարեն բնագրերում «ժողովրդին արձակելու» փոխարեն ասվում է՝ Նա «ժողովրդին հրաժեշտ տվեց»։45 Կարո՞ղ եք լսել Հիսուսին կարեկցանքով հրաժեշտ տալիս, երբ ժողովրդին կերակրելուց հետո նրանք հեռանում են։

Թեմա 2․ Մեր Փրկիչը սկսում է նրանից, ինչ իրենք ունեն։

Ցանկանալով կերակրել բազմությանը՝ մեր Փրկիչը սկսում է, հարցնելով իր աշակերտներին, թե նրանք ինչ ունեն: Նա աշխարհի Արարիչն է՝ երկնքի և երկրի Տերը, սակայն նա սկսում է նրանից, թե ինչ ունեն և որտեղից կարող են սկսել:

«Այստեղ մէկ տղայ կայ, որ հինգ գարիէ հաց ունի եւ երկու փոքր ձուկ»։46

Մեր Փրկիչը սկսում է նրանից, ինչ իրենք ունեն․ «Նորանք այստեղ բերէք ինձ մօտ»։47

Դուք երբևէ նայո՞ւմ եք, թե ով եք դուք, ինչ եք ուսուցանում կամ ում եք ուսուցանում և զարմանում եք, թե արդյո՞ք ձեր ունեցածը բավարար է։ Գուցե, աշակերտների նման մենք նայում ենք մեր ունեցած մի քանի փոքր հացին և ձկներին և զարմանում․ «բայց սա ի՞նչ է այդչափ մարդկանց համար»48

Որպես ուսուցիչներ` մենք հրավիրում ենք յուրաքանչյուր ուսանողի մասնակցություն ունենալ դասարանում: Ուսանողներից ոմանք շատ են ներդնում, ոմանք՝ քիչ: Որպես ուսանողներ և ուսուցիչներ (և երկուսն էլ մեզ վերաբերում է), մենք սկսում ենք նրանով, ինչ ունենք, ինչ հիմա կանք: Ապա Նա կարող է զորացնել մեզ և բազմապատկել մեր ջանքերը: Մեր եղածից աճելու սկզբունքը արտացոլում է Մորմոնի Գրքի այն ճշմարտությունը, որ մենք փրկվում ենք Նրա շնորհով, «այն ամենից հետո, ինչ մենք կարող ենք անել»:49

Նա ժպտում է, երբ մենք բերում ենք այն, ինչ ունենք և ինչ կանք և գալիս ենք Նրա մոտ:

Թեմա 3․ Մեր Փրկիչը գործը անում է կարգապահությամբ։

Դուք երբևէ հայտնվե՞լ եք մեծ բազմության շրջապատում, որը հրմշտում է և փորձում է ինչ-որ բանի հասնել։ Ես եղել եմ նման իրավիճակում։ Առջևի մարդկանց չէին հետաքրքրում ետևի մարդիկ։ Ես վախենում էի, որ եթե մեկը ընկներ, նրան ոտնակոխ կանեին:

Ի տարբերություն սրա, մեր Փրկիչը «հրամայեց նորանց [աշակերտներին], որ ամենքը գունդ գունդ․․․․ նստեն։50 Այդ գունդերը կազմակերպված էին «դաս դաս․․․ հարիւր հարիւր՝ եւ յիսուն յիսուն»։51

Եկեղեցում մենք խոսում ենք ռահվիրաների գունդերի (ընկերությունների) մասին։ Մենք խոսում ենք տաճարում գունդ գունդ (խմբերով) երկրպագելու մասին։ Մեզ համար գունդ բառը նշանակում է վեհ նպատակներով միացած կարգապահ խումբ։

Եվ մինչ այդ վայրը անապատ էր կոչվում, մեր Տերը թույլ չտվեց բազմությանը նստել փոշոտ դատարկ գետնին։ Նա գունդերին նստել տվեց «կանանչ խոտի վերայ»։52 Նա ընտրել էր մի վայր, որտեղ «շատ խոտ կար այն տեղը»։53

Թեմա 4․ Մեր Փրկիչը գոհություն է հայտնում։

Նա վերցրեց հացը և ձկները և «դէպի երկինքը նայեց, օրհնեց նորանց եւ կտրեց»։54

Երկնքի և երկրի Արարիչը՝ թագավորների Թագավորը, նախքան հացն ու ձուկը կբաժաներ բազմությանը , Ինքը գոհություն է հայտնում և շատացնում՝ «որչափ որ կամեցան» ուտել։55

Թեմա 5․ Մեր Փրկիչը կերակրում է աշակերտներին և նրանց պատվիրում է կերակրել բազմությանը:

Դա մի կարգ է, բայց կարգից ավելին է: Այն ամրապնդում է հովիվներին, որպեսզի հովիվները կարողանան ամրապնդել ոչխարներին: Այն սովորեցնում է ուսուցիչներին, որպեսզի ուսուցիչները կարողանան սովորեցնել ուսանողներին: Այն աստվածային օրինաչափություն է Աստվածաշնչում, Մորմոնի Գրքում և Նրա վերականգնված Եկեղեցում, և Նա «հացերը տուաւ աշակերտներին, եւ աշակերտները ժողովուրդներին»:56

Դա հոգևոր պարգև տալու և պարգև ստանալու մեծ շնորհն է: Սովորեցնելու պարտավորության գիտակցությունը մեզ օգնում է սովորել: Որպեսզի օգնենք ուրիշներին սովորել, մենք սովորում ենք ուսուցանել: Սովորելու և ուսուցանելու մեր օրինակը մեր ուսանողներին օգնում է իմանալ՝ ինչպես կարող են նրանք նույնպես սովորել և սովորեցնել։

Թեմա 6․ Մեր Փրկիչը կերակրում է 5000 հոգու և միաժամանակ մեկ հոգու։

Հրաշքով, ինչ-որ կերպ, հացն ու ձկները կտրտվում, և ապա բազմապատկվում են բազմության յուրաքանչյուր անձին. «Եւ ամենքը կերան»57 և ամենքը «կշտացան»։58

Սա հրաշք է, որին ուսուցիչներս ձգտում ենք՝ ուսուցանել մեր ողջ դասարանին և դասարանի յուրաքանչյուր անձի։ Սա պահանջում է ուշադրություն դարձնել և՛ 5000-ին, և՛ մեկին: Այն հրավիրում է անդրադառնալ ինչպես ընդհանուր մտահոգություններին, այնպես էլ անհատական ​​կարիքներին: Եվ ավելին, քան հակակշիռ, այն հոգևոր հրաշք է խնդրում, որպեսզի այն, ինչով սկսելու ենք, բավարար լինի։

Թեմա 7․ Մեր Փրկիչը ապահովում է, որ ոչինչ չկորչի։

«Եւ երբոր կշտացան, ասեց իր աշակերտներին. Ժողովեցէք աւելացած կտորները՝ որ բան չ’կորչի»։59

Մեր ունեցածով երախտագիտությամբ սկսելն ապահովում է, որ ավարտելիս ոչինչ չկորչի։ Երկնային տնտեսվարությունը վատնողական չէ: Ամեն բան, ինչ հայցվում է սկզբում, չի մնում, որ վերջում կորչի:

Երեց Ռիչարդ Գ․ Սքոթը կիսվել է, թե մենք ինչպես կարող ենք գրել տպավորություններն ու իմանալ, թե արդյոք տրվա՞ծ է ավելին։60 Այս կրկնվող գործընթացը՝ խնդրելու, ստանալու, արձանագրելու, խորհելու, հնազանդվելու, հարցնելու, թե արդյոք կա՞ ավելին, արտացոլում է մեր Փրկիչի հայտարարությունը, որ լսողներին ավելին կտրվի։61

Եվ ավելին տրվել է։ Իրեն որպես կյանքի հաց նկարագրելիս՝ Փրկիչը նկատել է․ «Սա է ինձ ուղարկող Հօր կամքը, որ այն ամենը որ նա ինձ տուաւ. Նորանից չ’կորցնեմ»։62 Նա պահպանում է նրանց, ում ստացել է Հոր կողմից, որպեսզի ոչ ոք չկորչի: Որպես ուսուցիչներ, միսիոներներ, աշխատակիցներ, մենք անում ենք ամեն բան մեր հավատքով ու զօրությամբ, որպեսզի պահպանենք նրանց, ովքեր վստահվել են մեր խնամքին, որպեսզի ոչ ոք չկորչի:

Թեմա 8․ Մեր Փրկիչի հետ վերջում մենք ավելի շատ ունենք, քան երբ սկսել էինք։

Գոհությամբ ապահովելով, որ ոչինչ չկորչի, աշակերտները տեսնում են մեկ այլ հրաշք․ «Եւ կտորների աւելացածը [ժողովեցին]»63 եւ «կտորներիցը տասնեւերկու կողով լցրին այն հինգ գարիէ հացիցը»64 «եւ ձկներիցն էլ»65 «որ ուտողներիցն աւելացաւ»։66

Հոգևոր բազմապատկման հրաշքն այն է, որ մեր Փրկիչի հետ գործակցելիս մենք ավարտում ենք, ունենալով ավելի շատ, քան երբ սկսել էինք: Մենք ավարտում ենք ավելի մեծ սիրով, ավելի խորը գիտելիքով, ավելի շատ ոգեշնչմամբ, ավելի շատ բարությամբ, քան երբ սկսել էինք: Հոգով լի ուսուցումը ջուրը գցած հացի նման վերադառնում է՝ ինչպես հացն ու ձուկը՝ ավելին, քան սկզբում:

Եկեք ամփոփենք մինչ այժմ քննարկածը․

Մեր Փրկիչը հասկանում է մեր սիրտն ու հանգամանքները։ Նա կարեկցանքով լի է, որ օրհնի և ամեն կերպ մեզ հագեցնի։

Նա սկսում է մեր եղածից, մեր ունեցածից, այսինքն՝ ընդունելով պատանու մի քանի հացն ու ձուկը:

Նա գործը շարունակում է կարգապահությամբ։

Նա երախտապարտ է։ Նախքան օրհնելն ու կտրելը, նա հայացքն ուղղում է դեպի երկինք։

Նա կիսվում է նախ՝ աշակերտների հետ, ապա աշակերտներին խնդրում է տալ ժողովրդին:

Նա գիտի, թե ինչպես պետք է միաժամանակ հոգալ ու սովորեցնել և՛ 5000-ին, և՛ մեկին։

Նա գոհությամբ հավաքում է մնացորդը, որպեսզի ոչինչ չկորչի։

Նա մեզ օգնում է գիտակցել, որ ավարտել ենք, ունենալով ավելի շատ, քան երբ սկսել էինք։

Եվ կա ավելին։ Բազմության կերակրելը ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին անգամն է, որ մեր Փրկիչն օգտագործում է հացն ու ձուկը, որպեսզի ուսուցանի և վկայի Իր առատաձեռնության մասին։

Այսպիսով, մեր իններորդ՝ վերջին թեման․

Թեմա 9․ Նրանց համար, ովքեր աչքեր ունեն՝ տեսնելու և ականջներ՝ լսելու, մեր Փրկիչը սովորեցնում և վկայում է հաղորդության լիառատության մասին։

«Բայց մարդիկն՝ երբոր տեսան այն նշանն որ արաւ Յիսուսը, ասում էին թէ Սա է ճշմարտապէս այն մարգարէն որ պիտի աշխարհք գար»։67

Ավելի ուշ, հատուկ ակնարկելով հացը և ձկները, մեր Փրկիչը հարցնում է Իր աշակերտներին․

«Չէ՞ք յիշում։

Երբոր այն հինգ հացը այն հինգ հազարի համար կտրեցի, քանի՞ կողով լիքը վեր առաք նորա կտորները. Եւ նորան ասեցին՝ Տասնեւերկու։

Եւ երբոր եօթը հացը չորս հազարին համար, քանի՞ զամբիւղ լիքը վեր առաք նորա կտորները. Եւ նորանք ասեցին, Եօթը»։68

Որպես կրկնություն․ Նրանն է հացերի ու ձկների աշխարհը՝ առատությամբ։

Ջրհորի մոտ կանգնած կնոջն օգտագործելով որպես չոր երկրամասի հատուկ խորհրդանիշ, մեր Փրկիչն Իրեն հայտարարում է որպես կենդանի ջուր։ Հիսուսը նրան ասաց․ «Ով որ խմէ այն ջրիցը որ ես կ’տամ նորան, նա յաւիտեան չի ծարաւիլ։ Այլ այն ջուրը, որ ես կ’տամ նորան, ջրի աղբիւր կ’լինի նորանում, որ յաւիտենական կեանքի համար կ’բղխէ»։69

Նրանց, ովքեր հարցնում են Հիսուսին․ «Մեր հայրերը անապատումը մանանան կերան. կարո՞ղ ես երկնքիցը հաց տալ մեզ, որ ուտենք»։70 Հիուսը պատասխանում է․ «Իմ Հայրը տալիս է․․․․ երկնքից ճշմարիտ հացը»։71 «Ես եմ կեանքի հացը»։72 «Ինձ հաւատացողը յաւիտենական կեանք ունի»։73

Չկա ոչինչ ավելի հիմնական, ավելի կենսական, ոչ էլ ավելի համընդանուր, քան հացն ու ջուրը։ Ի՞նչ ենք մենք ստանում, երբ միացնում ենք կյանքի հացն ու կենդանի ջուրը։ Իհարկե, ստանում ենք հաղորդություն:

Իր մահկանացու ծառայության ավարտին՝ մի օրինաչափությամբ, որը ծանոթ էր աշակերտներին, մեր Փրկիչը «հաց առաւ, գոհացաւ, կտրեց եւ նորանց տուաւ, եւ ասեց․․․․ այս արէք իմ յիշատակի համար»։74

Իր հարություն առած ծառայության սկզբում, կրկին ծանոթ օրինակ ցույց տալով, մեր Փրկիչը հաստատեց հաղորդությունը Նեփիացիների՝ Իր ուրիշ ոչխարների մեջ․

Նա պատվիրում է Իր աշակերտներին հաց ու գինի բերել։

Նա բազմությանը պատվիրում է նստել գետնին:

Նա վերցնում է հացը, կտրում և օրհնում է այն:

Նա տալիս է իր աշակերտներին և հրահանգում, որ ուտեն։

Եվ երբ աշակերտները ուտում և հագենում են, նա պատվիրում է, որ աշակերտները տան բազմությանը:

Եվ բազմությունը ուտում է և հագենում։75

Ավելի ուշ, մեր Տերը կրկին սպասավորում է հաղորդությունը Նեփիացիներին՝ այս անգամ հրաշքով ապահովելով հաց ու գինի․

«Արդ, ո՛չ հաց, ո՛չ էլ գինի կար բերված աշակերտների կողմից․․․ ․

Բայց նա իրոք նրանց հաց տվեց, որ ուտեն, և նաև գինի, որ խմեն»։76

Նա խոստանում է՝ ով որ ուտի հացը և գինին իր հոգու համար, «երբեք չպիտի քաղցի, ոչ էլ ծարավի, այլ պիտի հագենա»։77

Իսկապես, «երբ բազմությունը՝ բոլորը, կերան և խմեցին, ահա, նրանք լցվեցին Հոգով»։78

Սա հաղորդության մեծ խոստման կատարումն է բոլոր տարիքի ամեն հանգամանքներում ապրող տղամարդկանց և կանանց՝ մեզանից յուրաքանչյուրի համար, ում կյանքը մեծապես կախված է հացից ու ջրից․ «Եվ երանելի են բոլոր նրանք, ովքեր քաղցած և ծարավ են արդարության, քանզի նրանք կլցվեն Սուրբ Հոգով»:79

Եղբայրներ և քույրեր, շնորհակալությո՛ւն, որ հոգևոր սով ու ծարավ ապրող այս աշխարհում արտակարգ սովորողներ և ուսուցիչներ եք ։ Շնորհակալությո՛ւն, որ անում եք ամեն ինչ, որ յուրաքանչյուր դաս, ուսանողի հետ յուրաքանչյուր հաղորդակցություն նմանվի հացի և ձկան հոգևոր խրախճանքին։

Եղբայրներ և քույրեր, ես զգացել եմ, թե ինչպես է իմ Փրկիչի հանդեպ սիրո լիությունը կենդանի ջրի աղբյուր դարձել և վարարել իմ ներսում։

Վերջերս, երբ արտոնություն ունեցա բաժանել հացն ու ջուրը, ես զգացի մեր Փրկիչի մեծ սերը այդ սրբազան խորհրդանշանները ընդունողների հանդեպ։ Ես նաև զգացի մեծ երախտագիտություն մեր Փրկիչի հանդեպ, որ հաստատել է հաղորդության արարողությունը:

Ժամանակ առ ժամանակ, երբ ես մտորում եմ (այդ թվում, հանգստության օրը), ես զգում եմ խաղաղ հավանություն, որ այս պահին անում եմ, ինչ կարող եմ: Ավելի հաճախ ես զգում եմ հույս և քաջալերանք, որ չնայած իմ թերություններին, ես կարող եմ «գալ Քրիստոսի մոտ և կատարելագործվել նրանում»։80

Հուսով եմ, որ յուրաքանչյուրդ նոր ձևով կնայեք հացին ու ձկանը, հացին ու ջրին։81

Հուսով եմ նաև, որ դուք կգտնեք ուրախություն, լավ ապրումներ կունենաք և կոգեշնչվեք, միահյուսելով սուրբ գրային պատմությունները, ավետարանի սկզբունքները և ապրող մարգարեների ու առաքյալների խոսքերը, մինչ դուք իրականացնում եք ձեր սրբազան վստահությունը՝ օգնելով մեր ուսանողներին ավելի լավ ճանաչել մեր Փրկիչին և պատկառանքով մոտենալ Նրան։

Հուսով եմ հիշում եք, որ «Տիրոջն է երկիրը եւ նորա լիութիւնը»:82 Նրանն է հացերի ու ձկների աշխարհը: Նրա հաղորդության խոստումն է, որ բավականաչափ կա նաև խնայելու համար։

Ես երախտագիտությամբ վկայում եմ Աստծո՝ մեր Հավերժական Հոր մասին․ Նրա Սուրբ Որդու՝ մեր Փրկիչի՝ Հիսուս Քրիստոսի և Սուրբ Հոգու մասին: Ես երախտագիտությամբ վկայում եմ վերականգնված ճշմարտությունների մասին և քահանայության իշխանությունը Մարգարե Ջոզեֆից Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնին այսօր անխախտ իրավահաջորդությամբ անցնելու մասին, սուրբ գրությունների մասին և մխիթարության, առաջնորդության և ուրախության մասին, որ մենք ստանում ենք, երբ Նրա Հոգին մեզ հետ ենք ունենում, երբ մենք միշտ հիշում ենք Նրան:

Անկախ նրանից, որտեղ եք դուք, անկախ նրանից, ինչպիսին են ձեր հանգամանքները, անկախ նրանից, ինչպիսին են ձեր ուրախություններն ու մարտահրավերները, ես հույս ունեմ, որ այս երեկո դուք զգացիք, թե որքան է Տերը և Նրա Եկեղեցին սիրում ձեզ: Նա իսկապե՛ս սիրում է ձեզ: Մենք նույնպես սիրում ենք ձեզ։ Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի սուրբ և սրբազան անունով․ ամեն:

Տպել