2020 թվականի հոգևոր հավաքներ
11 Քրիստոֆերսոն


Տերը կօգնի մեզ կառուցել Իր արքայությունը

Համաշխարհային հոգևոր հավաք երիտասարդ չափահասների համար

12 հունվարի, 2020թ․

Շնորհակալություն երգչախումբ, այդ գեղեցիկ երաժշտության համար: Այն մեր սիրելի ստեղծագործություններից է: Շնորհակալություն այդքան գեղեցիկ կատարման համար: Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ես այնքան երախտապարտ եմ այս երեկո ձեզ հետ խոսելու հնարավորության համար: Ես վերջերս շատ եմ խորհել այն բաների մասին, որոնք ամրացրել են իմ հավատքը կյանքիս ընթացքում: Մի բան, որ ես իսկապես հասկացել եմ, այն է, որ մեր Երկնային Հայրն իսկապես օգնում է մեզ, հատկապես, երբ մենք փորձում ենք անել այն ամենը, ինչ կարող ենք` այս երկրագնդի վրա Նրա պատվիրանները պահելու և Նրա արքայությունը կառուցելու համար:

Մարգարե Նեփին ցույց տվեց այդ հավատքը իր ողջ կյանքի ընթացքում: Չնայած նա շատ տառապանքներ կրեց և ընդդիմության հանդիպեց, նա մնաց անսասան և միշտ շնորհակալություն հայտնեց Աստծուն Իր օրհնությունների համար: Նա սա ասաց ութ տարի ամայի անապատում դեգերելուց հետո.

«Եթե … մարդկանց զավակները պահում են Աստծո պատվիրանները, նա կերակրում է նրանց և ուժեղացնում է նրանց, և ապահովում միջոցներ, որոնցով նրանք կարող են իրագործել այն, ինչ նա պատվիրել է նրանց. ուստի, նա մեզ համար միջոցներ էր ապահովում, մինչ մենք դեգերում էինք անապատում»:1

Ես գիտեմ, որ այս սկզբունքը ճշմարիտ է: Թույլ տվեք կիսվել Եկեղեցու պատմությունից մի պատմվածքով: 1830-ականների վերջում Եկեղեցու անդամների մեծ մասը հավաքվեց Միսսուրի նահանգում, որտեղ նրանք հույս ունեին հաստատել Սիոնը: Բայց 1839 թվականին խառնամբոխը ստիպեց նրանց հեռանալ նահանգից։ Նրանց տներն ավերվեցին և անասուններն ու կենցաղային իրերը թալանվեցին, նրանք ուղևորվեցին դեպի հյուսիս-արևելք` Իլլինոյս, որտեղ նրանք տեղակայվեցին ճահճահողերի վրա՝ Միսիսիպի գետի ափերին: Նրանք ցամաքեցրին ճահիճը և հիմնադրեցին մի գեղեցիկ քաղաք, որը կոչեցին Նավու: Բայց Եկեղեցու հանդեպ բացասական վերաբերմունքը շարունակվում էր, և Մարգարե Ջոզեֆ Սմիթը, ընդամենը հինգ տարի անց, նահատակվեց իր եղբայր Հայրումի հետ: Հազիվ էին ավարտել տաճարը, երբ կրկին բռնագաղթեցին 1946 թվականի փետրվարին` խստաշունչ ձմռանը փախչելով Միսիսիպի գետի վրայով: Նրանց մեջ էր Բենջամին Ֆ. Ջոնսոն անունով մի մարդ` իմ պապի պապը, փոքր երեխաներով իր ընտանիքի հետ: Նա պատմել է այդ ժամանակի մասին իր ինքնակենսագրության մեջ.

«Արդ ահա և մենք, սկսելով ճամփորդությունը ձմռան կեսին՝ առանց մեկ դոլարի, առանց որևէ գիտելիքի՝ դրա երկարության կամ պահանջվող ժամանակի վերաբերյալ … միայն ունենալով պաշարներ, որոնք կբավարարեին մեր գոյատևման համար առավելագույնը մի քանի շաբաթ և վատ առողջական վիճակով, որը վերջին տարում կամ ավելի երկար, չափազանց անհուսալի էր: Ես հաճախ էի տանջվում ստամոքսիս սուր, կտրող ցավից, որը երբեմն ստիպում էր քրտնահոսել բոլոր ծակոտիներից: … Սա և այլ մարսողական խնդիրներ ինձ անկարող էին դարձնում այդպիսի ծանր աշխատանքների համար: Միայն թիմերի մասին հոգ տանելու պարտականությունները և այլ ճամբարային պարտականություններ ինձ իսկապես հիանալի էին թվում: …

«Մի քանի օր ճամբարում լինելուց հետո, մի քանիսը սկսեցին բողոքել դժվարությունից և աղքատիկ սննդից, բայց Նախագահ Բրիգամ Յանգը առյուծի պես բղավեց նրանց վրա և ասաց նրանց, որ բոլոր նրանք, ովքեր չէին կարող սկսել ապրել խաշած լոբով և եգիպտացորենով, պետք է վստահեին Աստծուն և երախտապարտ լինեին նրա համար, ինչ ստանում էին, կամ պետք է անմիջապես հետ վերադառնային, քանի որ Սրբերի ճամբարը վատ տեղ էր նրանց համար: Ես ընդունեցի սա որպես Տիրոջ խոսք, բայց ի՞նչ պետք է անեի ես: Երկար ժամանակ ես չէի կարողանում ուտել եգիպտացորենի հաց կամ լոբի, քանի որ դրանք ստամոքսումս առաջացնում էին այդ անտանելի ցավերը: Ուրեմն ինչպե՞ս կարող էի ես շարունակել, քանի որ առավելագույնը, որ մենք ունեինք որպես ուտելիք, եգիպտացորենն էր և լոբին: Ես զգացի, որ դա կենաց և մահու խնդիր էր ինձ համար»:

Այստեղ ես ընդհատում եմ պատմվածքս, ավելացնելով, որ ոչ շատ տարիներ առաջ նրա 22 տարեկան քույրը մահացել էր ստամոքսի նույնատիպ խնդիրներից, այնպես որ նա հավանաբար չէր չափազանցնում իր երկյուղները: Նա շարունակել է.

«Ես այդ հարցը քննարկեցի ընտանիքիս հետ: Ես ասացի նրանց, որ ես այնտեղ էի` վստահելով Տիրոջը, և եթե Նա մեզ հետ չէր, Նա իհարկե մեր հետևում չէր, և ես չպետք է հետ գնայի: Ես պատրաստ էի ուտել այնպիսի ուտելիք, ինչպիսին ունեինք և երախտապարտ լինել դրա համար: Եվ եթե Տերը հոգ չտաներ մեզ համար այժմ, որքան շուտ մենք բոլորս մահանայինք, այնքան ավելի լավ, քանի որ մենք ի վիճակի չէինք լինի ինքներս մեզ համար հոգ տանել կամ պաշտպանել մեր կյանքը այդ ճամփորդության ընթացքում»:

Մեկ ամիս անց նա հաղորդել այդ մասին իր օրագրում.

«Լոբին և եգիպտացորենը, որոնք նախկինում ինձ համար ուտելի չէին, ես կարողացա ուտել ախորժակով, և այդ ժամանակից ի վեր հին հետևանքը չվերադարձավ ինձ ճամփորդության ընթացքում: Ես ասել էի Տիրոջը այն, ինչ Նրա ծառան էր ասել, որ ես Նրա օգնությամբ կկատարեի ամեն պահանջ, և եթե դա Նրա կամքն էր, որ ես պետք է ապրեի՝ լինելու Նրա ծառան, Նա պետք է դարձներ իմ ուտելիքը իմ ստամոքսի վիճակին համապատասխան, ինչը ես գիտեմ, որ Նա արեց»:

Իմ նախնիների հավատքը և մարգարեների օրինակը զորացրել են ինձ իմ կյանքի ընթացքում և օգնել ինձ վստահել Տիրոջը, նույնիսկ դժվարին պահերին: Ես հիշում եմ մեր ամուսնության վաղ շրջանում այն պահը, երբ մեր դրամական միջոցները առանձնապես սուղ էին: Մենք երկու փոքր երեխաներ ունեցանք այն երեք տարիների ընթացքում, երբ Երեց Քրիստոֆերսոնը համալսարանում գիտական աստիճան էր ստանում: Մենք որոշել էինք, որ ընտանիք կազմելուց հետո ես տնից դուրս չէի աշխատելու, այսպիսով, ես փորձեցի տանը անել ինչ կարող էի` մեզ կերակրելու մի քիչ փող վաստակելու համար: Ամուսինս նաև ուներ մի քանի ժամանակավոր աշխատանքներ և ամառային գործ, որն ապահովում էր եկամտի հիմնական մասը: Այնուամենայնիվ, մենք շատ չունեինք: Մենք մի ասացվածք ունեինք, որ եթե դա ուտելիք չէր, վարձ կամ մեր հին ավտոմեքենայի համար վառելիք, մեզ հարկավոր չէր այն գնել:

Մի կիրակի հենց մի քանի ամիս Երեց Քրիստոֆերսոնի ավարտական արարողությունից առաջ, մեր եպիսկոպոսը ներկայացրեց կառուցման ֆոնդի ծրագիր` մեր հնացած եկեղեցին վերանորոգելու համար: Յուրաքանչյուր ընտանիքից պահանջվում էր հարկ վճարել՝ ծախսերը փակելու համար: Մենք այլևս կառուցման ֆոնդի հարկեր չունենք, բայց այդ օրերում ծխերը և ցցերը օգնում էին վճարել եկեղեցիների կառուցման կամ վերանորոգման ծախսերի մի մասը, բացի տասանորդի նվիրատվությունից, որը մենք ևս վճարում էինք:

Ինչպես ծխի մյուս անդամները, մենք ևս նստեցինք եպիսկոպոսի հետ քննարկելու, թե մենք որքան պետք է նվիրաբերեինք՝ ելնելով մեր եկամտից: Մեզ առաջարկվող հարկը բարձր չէր, բայց այդ ժամանակ մեզ շատ քիչ փող մնաց: Որոշ ավարտական ուսանողներ, ովքեր մեր իրավիճակում էին և շուտով հեռանալու էին, մտածեցին, որ ազնիվ չէր կառուցման ֆոնդին վճարել, քանի որ իրենք այնտեղ չէին լինելու, երբ վերանորգումներն ավարտվեին: Այնուամենայնիվ, մենք որոշեցինք վճարել նվիրատվություն կառուցման ֆոնդին, չնայած մենք չգիտեինք, թե ինչպես էինք հասցնելու մինչև ուսումնական տարվա վերջը: Հիմա, գուցե մտածեք, որ մենք կարող ենք պարզապես հանել վարկային քարտը և գանձել մեր ամսական ծախսերը և վճարել դրանք ժամանակի ընթացքում, բայց մենք այլ դարաշրջանից ենք եկել: Այդ օրերին դուք չէիք կարող ստանալ վարկային քարտ, մինչև չունենայիք լիաժամկետ աշխատանքի ապացույց և ձեր եկամուտը պետք է լիներ որոշակի մակարդակի վրա: Այսպիսով, մենք չէինք կարող որակավորվել վարկային քարտի համար։ Դա կարող է կոշտ թվալ, բայց մի քիչ խիստ քաղաքականությունը, թե ով կարող է ձեռք բերել վարկային քարտ այսօր, կարող է փրկել շատ մարդկանց՝ պարտքի հետ կապված այն խնդիրներից, որոնք նրանք այժմ կրում են:

Համենայն դեպս, դրանից հենց մի քանի շաբաթ անց մի գիշեր մենք վարում էինք մեքենան մի խաղաղ փողոցով ներքև և կանգ առանք կանգառի նշանի մոտ: Հենց այդ պահին մեր հետևում լսեցինք արգելակների ճռռոց և հարված մեր հին մեքենայի հետնամասին: Երեց Քրիստոֆերսոնը դուրս եկավ ստուգելու, իսկ ես մնացի մեքենայում։ Որոշ ժամանակ անց նա վերադարձավ մեքենա, և ես հարցրեցի նրան, թե ինչ էր պատահել: Նա ասաց, որ միայն հարվածամեղմիչն էր վնասվել: Մարդը, ով հարվածել էր մեզ, շրջիկ առևտրական էր և ապրում էր մեկ այլ քաղաքում: Նա գիտակցում էր, որ իր արգելակները վատ վիճակում էին, բայց չգիտեր, որ դրանք այդքան վատ վիճակում էին: Նրան հարկավոր էր իր մեքենան աշխատանքի համար և հույս ուներ, որ կարող էր մեզ հետ մասնավոր կարգով լուծել հարցը, որպեսզի իր ավտոմեքենայի ապահովագրությունը չավելանար և անդորագիր չտրվեր, որի համար ևս անհրաժեշտ կլիներ վճարել: Ի վերջո, ոչ մեկս չէր վնասվել: Կարծում եմ նա ինքն էլ բավականին խիստ բյուջեի վրա էր: Նա ասել էր, որ եթե մենք գրավոր հաշվարկ ստանանք վերանորոգման ծախսերի վերաբերյալ և այն տանենք նրա քաղաքային ծայրամասի իր մոթելի սենյակը, նա անձամբ մեզ կվճարեր:

Դե ես այնքան էլ միամիտ չէի: Կարծում եմ, իմ սիրելի ամուսինը, ում ես լիովին վստահում էի, բավականին դյուրահավատ գտնվեց այս դեպքում: Նա միթե՞ իսկապես կարծում էր, որ այդ մարդը կկատարեր իր խոստումը: Ինչպիսի՞ շանսեր կային, որ այդ մարդը չէր գնա քաղաքից: Այսպիսով, Երեց Քրիստոֆերսոնը ստացավ հաշվարկը վերանորոգման համար, գնաց այդ մոթելը և գտավ այդ մարդուն։ Այդ մարդը չեկ դուրս գրեց գումարի համար, և կռահեք, թե ինչ եղավ: Չեկը կե՛ղծ չէր:

Ահա այդ պատմության շարունակությունը: Չեկը գրեթե նույն գումարի չափով էր, ինչ կառուցման ֆոնդին մեր վճարած գումարը: Մենք, անշուշտ, կարող էինք սպասել, մինչև որ նա հաստատուն աշխատավարձ ստանար, որպեսզի հոգ տաներ վերանորոգման մասին, իսկ այդ ընթացքում մենք կարողացանք ծայրը ծայրին հասցնել, ինչը կասկածում էինք, թե կարող էինք անել: Սա վկայություն էր մեզ համար, որ Տերն իսկապես, ինչպես Նեփին է ասել. «Ապահովում է միջոցներ, որոնցով [մենք] կարող ենք իրագործել այն, ինչ նա պատվիրել է»:2 Ես հասկացա, որ հավատքը հաճախ նշանակում է քայլ կատարել խավարում, բայց երբ անում ենք, ես գիտեմ Տերը կլուսավորի ուղին մեր առջևում: Ես նաև երախտապարտ եմ սիրառատ Երկնային Հոր համար, ով հսկում է մեզ և հոգ է տանում մեր մասին: Ես գիտեմ՝ սա Նրա Եկեղեցին է, և մեր Փրկիչն ապրում է: Ես շնորհակալ եմ Տիրոջը այն օրհնությունների համար, որ ավետարանը բերել է մեր կյանք: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Տպել