2020 թվականի հոգևոր հավաքներ
12christofferson


2:3

Ընտրություն և պարտավորություն

Համաշխարհային հոգևոր հավաք երիտասարդ չափահասների համար

12 հունվարի, 2020թ․

Շնորհակալ եմ Երկնային Հորից այս երեկո ձեր բոլորի հետ լինելու հնարավորության համար։ Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել կնոջս և հաստատել նրա խոսքերը: Եվ ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել այս հրաշալի երգչախմբին։ Դրանք ևս մեկ ապացույց են այն բանի, թե որքան արժեքավոր է ինստիտուտը։ Ես սիրում եմ ինստիտուտը։ Հուսով եմ, որ դուք բոլորդ, ովքեր հնարավորություն ունեք, ոչ միայն ընդգրկված են, այլև հաճախում և ակտիվորեն մասնակցում եք ինստիտուտի ծրագրերին: Դա լավագույն գործերից մեկն է, որ անում ենք Եկեղեցում։ Այն համարը, որը երգչախումբը երգեց մի պահ առաջ, որը միգուցե ծանոթ է ձեզանից ոմանց, մի օրհներգ է, որը գրել է Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը: Բառերը նրան են, և զգացմունքներն ու արտահայտությունը հասնում են իմ սրտին, և հավատում եմ, որ դրանք նույնպես հասնում են ձեր սրտին: Եվ ես նրա սերն ու ողջույններն են հղում ձեզ։ Թույլ տվեք երախտագիտության խոսք ասեմ նաև Նախագահ Աստրիդ Թումինեսին և Յուտա Վելի համալսարանի ղեկավար կազմին և աշխատակազմին՝ այս առիթով նրանց գթառատ հյուրընկալության համար:

Մի քանի տարի առաջ ես և Երեց Լ. Թոմ Փերին միասին ծառայում էինք Նյու Յորքում: Այնտեղ մենք այցելեցինք Բրուքլինի հայտնի սինագոգը։ Սինագոգը մի շքեղ շինություն էր, որը գտնվում էր այնպիսի թաղամասում, որը եղել էր և, հավանաբար, դեռևս համարվում է քաղաքի հարակից թաղամասերի բարձրադիր հատվածներից մեկը: Այդ կինը, ով Հրեական Բարեփոխումների ժողովարանի ռաբբին էր, ողջունեց մեզ սրտանց և ցույց տվեց պատմական շենքը: Սկզբնական սինագոգը եղել էր մի նրբագեղ կառույց, բայց այժմ այն հիմնանորոգման կարիք ուներ։ Այդ ռաբբին պատմեց, որ իր ժողովարանի թվաքանակն անկում է ապրել, և սինագոգն ու դրա ծրագրերը պահպանելու համար անհրաժեշտ միջոցները, ներառյալ ցերեկային դպրոցը, չէին բավականացնում:

Զրուցելու ընթացքում նա նշեց, որ, ընդհանուր առմամբ, չափահաս երիտասարդները նվիրված էին իրենց հրեական ժառանգությանը, բայց ինչ-ինչ պատճառներով նրանք դժկամորեն էին միանում և դառնում ժողովարանի նվիրված անդամներ: Չնայած դրան, նրանք շենքը պարբերաբար օգտագործում էին հասարակական միջոցառումների համար: Շենքը նրանց համար հավաքատեղի էր, և նրանք հաճախ նվիրատվություններ էին անում, որոնք օգնում էին ծածկել շենքի օգտագործման համար անհրաժեշտ ծախսերը, սակայն քչերն էին պատրաստ դառնալ այն ժողովարանի անդամները, որոնք երկրպագում էին այնտեղ:

Ես և Երեց Փերին այդ ռաբբիի հետ քննարկում էինք, թե ինչը կարող էր լինել դրա պատճառը։ Այդ չափահաս երիտասարդների մեծ մասն ամուրի է, և շատերի հետ իր շփումների արդյունքում նա նկատել է, որ նրանք իրենց կյանքում մեծ առաջնահերթություն չեն տալիս կրոնին: Մյուսները պարզապես չէին ցանկանում որևէ պարտավորություն ստանձնել այս կամ մեկ այլ սինագոգում։ Երեց Փերին մտածեց, որ դա հայտնի (կամ ոչ հայտնի) «ԲԹՎ» –ի (բաց թողնելու վախի) դրսևորումն է, որ եթե նրանք պարտավորվեն անել դա, գուցե բաց թողնեին որևէ այլ բան:

Եվ սա, ըստ էության, այն թեման է, որի մասին այս երեկո կցանկանայի խոսել ձեզ հետ՝ ընտրության և պարտավորության թեման։

Եկեք սկսենք և նկատենք, որ «բաց թողնելու վախը» իր տեսակի մեջ միանգամայն առողջ մտածելակերպ է: Հնարավորության դեպքում, մենք բոլորս ցանկանում ենք փորձել լավագույն բաները և կյանքի ցանկացած ոլորտում հասնել լավագույն արդյունքների: Բայց հետաձգել թվացյալ հավերժ ընտրության կատարումը կամ պարտավորության ստանձնումը, քանի որ դրա պատճառով կարող եք բաց թողնել որևէ այլ բան, որը հնարավոր է, ավելի լավն է, առողջ մտածելակերպ չէ: Յուրաքանչյուր ընտրություն կանխորոշում է այլ հնարավորություններ։ Եթե դուք որոշում եք առավոտյան աշխատանքի կամ դպրոց գնալ, միևնույն ժամանակ չեք կարող Netflix- ում ֆիլմ դիտել (կամ կարո՞ղ եք): Եթե դուք գնում եք համալսարան և քաղաքաշինության մասնագիտություն ստանում, դուք բաց եք թողնում պատմության, արվեստի, կենսաբանության կամ որևէ այլ առարկայի (եթե իհարկե, միշտ չեք մնում համալսարանում) մասնագիտություն ստանալու հնարավորությունը։ Եթե այժմ ճանապարհորդում եք դեպի Աֆրիկայի Վիկտորիա ջրվեժ, ապա այդ պահին չեք կարող մեկ այլ վայր մեկնել և բաց թողնել այլ վայրերը տեսնելու հնարավորությունը։ Եթե որոշում եք միսիա գնալ, ապա այդ ժամանակ հրաժարվում եք բազմաթիվ հասարակական միջոցառումներից և այդ օրինակները բազմաթիվ են։ Բայց քանի դեռ չեք կատարել ընտրություն և պարտավորվել շարժվել որևէ ուղղությամբ, ապա ձեր կյանքը կլինի բավականին անկայուն և, ի վերջո, դուք բաց կթողնեք շատ լավ բաներ։

Ինչպես կինս է ժամանակ առ ժամանակ նկատում․ «Դու չես կարող ամեն ինչ ունենալ, որտե՞ղ ես տեղավորելու դրանք»։ Մենք չենք կարող ունենալ այն ամենը, ինչը հաճելի է և չենք կարող անել այն ամենը, ինչը հաճելի է կամ հետաքրքիր։ Նույնիսկ, եթե որոշում կայացնեք ընտրել միայն «բարեհամբավ, գովեստի արժանի» բաներ»,1 միևնույն է դուք չեք կարող ունենալ կամ զգալ ամեն ինչ։ Պարզապես մահկանացու կյանքում ոչ-ոք չունի այդ ժամանակը, միջոցները կամ տարածությունը։ Եվ այսպիսով, մենք պետք է պարտավորվենք որոշակի ընտրություններ կատարել և իմանալ, որ այդպես վարվելով մենք բաց ենք թողնում այլ ընտրություններ, նույնիսկ, եթե դրանք բարի են: Պետք է նաև հիշել, որ ընտրության անտեղի ձգձգումը հաճախ ինքնին առաջ է բերում ընտրություն։

Ամուսնությունը դրա վառ օրինակն է։ Ընտրելով մի զուգընկեր, մենք բաց ենք թողնում մյուսներին։ Օրինակ, Տերն ասում է. «Սիրիր կնոջդ քո ողջ սրտով ու հարիր նրան և ուրիշ ոչ մեկի»։2 Այդ ընտրության վերջնական լինելու պատճառով ոմանք դիմադրում են այնպիսի անձնավորության հանդեպ պարտավորությանը, ում նրանք շատ պաշտում են, ում նրանք սիրում են և ում հետ կարող էին երջանիկ ու հավերժ առաջ ընթանալ՝ մտավախություն ունենալով, որ ինչ-որ տեղ կարող է լինել ավելի կատարյալ մեկը, ում նրանք չէին ցանկանա բաց թողնել։ Ես հիշում եմ մի երիտասարդի, ում տարիներ առաջ ճանաչում էի, ով մերժեց հրաշալի մի աղջկա, քանի որ նրա կարծիքով այդ աղջիկը ատամների բազմաթիվ լիցքեր ուներ կատարած։ Ես պատասխանեցի, որ դուք ցանկանում եք կատարելություն, որը գոյություն չունի և, ի դեպ, դադարե՞լ եք կարծել, որ դուք ինքներդ մոտ չեք կատարյալ մարդ լինելուն։

Սա չափահաս երիտասարդների հավաք է։ Եվ ձեզանից շատերի համար նպատակը չափահաս դառնալն է։ Դուք ունեք կամ հետամուտ եք հասուն մարդու պարտականությունների, նվաճումների և ներդրումների, իսկ դրան հակառակ կարող եք ձգձգել չափահաս դառնալը և ներգրավվել անվերջ խրախճանքի մեջ։ Տասը տարի առաջ գրող և գիտնական Չարլզ Մյուրեյը խոսեց «կյանքը լավ ապրելու» իմաստի մասին: Նա ասաց․ «Ես խոսում եմ այն բաների մասին, որոնց, ծերության ժամանակ հետ նայելիս, կարող ենք ասել, որ հպարտանում ենք ինքներս մեզանով և մեր գործերով»։3

Մյուրեյը վերհիշում է մի դեպքի մասին, երբ Ցյուրիխում գտնվող լսարանի առջև խոսում էր այն խորը բավարարվածության մասին, որը բխում է կյանքը լավ ապրելուց։ Նա ասաց․ «Ելույթից հետո ներկա քսանհինգ ունկնդիրներից մի քանիսը մոտեցան և պարզ ասացին, որ «կյանքը լավ ապրելու» արտահայտությունն իրենց համար իմաստ չունի: Նրանք շատ լավ ժամանակ էին անցկացնում իրենց ներկայիս սեռական զուգընկերոջ հետ, նոր BMW-ի և Մայորկայի իրենց տանը արձակուրդ անցկացնելու ժամանակ և իրենց կյանքում ոչ մի բաց չէին տեսնում, որը լրացնելու կարիք ուներ: Հետաքրքիր էր», - ասաց Մյուրեյը, - «լսել դա բարձրաձայն, բայց անսպասելի չէր: … Այդ մտածելակերպը նման էր սրան․ մարդկային էակները քիմիական նյութերի հավաքածու են, որոնց ակտիվացնում են, ապա որոշ ժամանակ անց՝ ապակտիվացնում։ Կյանքի նպատակն այն է, որ որքան հնարավոր է պետք է ժամանակը հաճելի անցկացնել»։4

Իր խոսքի վերջում Մյուրեյն այս ճանաչողական հայտարարությունն արեց. «Դարավոր փորձից մարդկությունը հասկացել է, որ կյանքը լավ ապրելու համար մենք պետք է շփվենք մեր շրջապատի հետ»։5 Իսկական չափահասները հասկանում են դա։ Նրանք գիտակցում են, որ անձնական հաճույքը երբեք չի հանդիսանում կյանքի իմաստը և չի կարող հանդիսանալ կյանքի նպատակը։ Այդ ճշմարտության հիմքում ընկած են երկու մեծ պատվիրանները․ սիրել Աստծուն քո բոլոր սրտովը, քո բոլոր անձովը և մտքովը և սիրել քո ընկերին քո անձի պես։6 Ինչպես Հիսուսն է ասել․ «Այս երկու պատուիրանքից կախուած են բոլոր օրէնքը եւ մարգարէքը»:7 Ավետարանի ուխտը,8 իր հավերժական կյանքի խոստումով, հիմնվում է այս երկու մեծ պատվիրանների վրա՝ տրված հերթականությամբ՝ առաջին և երկրորդ։ Հավատարիմ լինելը այս երկու մեծ պատվիրաններին սահմանում է կյանքը լավ ապրելու և չափահաս լինելու իմաստը։

Ի վերջո, գոյություն չունի չեզոք, չպարտավորված ուղի, որին պետք է հետևել, համենայն դեպս, երբ խոսքը գնում է հավերժական հետևանքների մասին։ Ալման նկատի ուներ դա, երբ ուսուցանում էր, որ Քրիստոսը՝ Բարի Հովիվը, կանչում է, որ մենք հետևենք Նրան աշակերտության և երջանկության ուղիով․

«Ահա, ես ասում եմ ձեզ, որ բարի հովիվը կանչում է ձեզ. այո, և իր իսկ անունով է նա կանչում ձեզ, որն անունն է Քրիստոսի. և եթե դուք չեք կամենում ականջ դնել բարի հովվի ձայնին՝ այն անվանը, որով դուք կանչվում եք, ահա, դուք բարի հովվի ոչխարները չեք:

Եվ արդ, եթե դուք բարի հովվի ոչխարները չեք, ո՞ր փարախից եք դուք: Ահա, ես ասում եմ ձեզ, որ դևն է ձեր հովիվը, և դուք նրա փարախից եք. և այժմ ո՞վ կարող է ժխտել այս»:9

Ալման ուսուցանում է այն իրականությունը, որ կա միայն երկու տարբերակ, և որ Քրիստոսն է միայն բարի այլընտրանքը։ Եթե դուք չեք ընտրում Քրիստոսին, ապա դուք ինքնաբերաբար հետևում եք կեղծ աստծուն, հետևում եք այն սխալ ուղուն, որը մեղմ ասած, հանգեցնում է վերջնական և նույնիսկ հավերժական հիասթափության։ Այսպիսով, եթե դուք չեք հետևում Փրկիչին, դուք մերժում եք Նրան։10

Իմանալով այդ մասին, մենք չպետք է դժկամությամբ նվիրվենք Տիրոջը և պետք է ձգտենք Նրա հետ մեկ դառնալ։ Ինչպես Վերջին Ընթրիքի ժամանակ Նա աղոթեց Իր առաքյալների և նրանց համար, ովքեր կհավատան առաքյալների խոսքերին․ «Որ ամենքը մեկ լինեն, ինչպես դու, Հայր, ինձանում, և ես քեզանում, որ նորանք էլ մեզանում մեկ լինեն»:11 Արդյո՞ք դա այն չէ, որտեղ ցանկանում ենք գտնվել։ Ապա ինչո՞ւ հապաղել և չստանձնել կատարյալ և անսահման պարտավորություն։ Ինչո՞ւ հետաձգել և մեզ վրա չվերցնել Նրա բեռը, իմանալով, որ Նրա «լուծը քաղցր է և նրա բեռը թեթև»։12

Ձախողվելու վախը

Պատասխանելով իմ հարցին, ես տեսնում եմ, որ անկախ տրամաբանությունից և Հոգու աղերսներից, կան մի քանի պատճառներ, երբ մարդ կարող է դժկամություն զգալ։ Պատճառներից մեկն այն մտահոգությունն է, որ մենք չենք կարող այդքան երկարաժամկետ պարտավորություն կատարել։ Կարո՞ղ ենք իսկապես հետևել դրան և արդյո՞ք լավ չէր լինի պարտավորություն չվերցնել, եթե հնարավոր է, որ կձախողենք։

Սա հասկանալի մտահոգություն է, բայց ի պատասխան նշեմ, որ շատ կարևոր իմաստով դուք արդեն արել եք դա։ Երբ նախաերկրային աշխարհում դուք որոշեցիք ընդունել փրկության և վեհացման ծրագիրը, որը պատրաստվել էր Հոր կողմից և ղեկավարվել Որդու կողմից, դուք ընտրեցիք Քրիստոսին։ Ձեր ֆիզիկական ծնունդը վկայում է այն մասին, որ դուք արդեն պարտավորված եք։ Դուք պահել եք ձեր «առաջին վիճակը»13 և այժմ հարցն այն է, թե արդյո՞ք դուք կպահեք այդ պարտավորությունը այս «երկրորդ վիճակում» և «[ձեր] գլխին փառք ավելացրել հավիտյանս հավիտենից»։14 Մենք չպետք է վախենանք վերահաստատել մեր նախաերկրային պարտավորությունը, հատկապես, երբ մտածում ենք, թե որքան անազնիվ է դրա այլընտրանքը։

Եվ մենք չպետք է ապրենք ձախողման հանդեպ վախով: Մենք միայնակ չենք: Մենք առանց օգնության չենք։ Յուրաքանչյուր մարդ, ով իսկապես պարտավորվում է լինել Քրիստոսի լիարժեք աշակերտը, չի կարող ձախողվել: Եթե մենք կապված լինենք Նրա հետ, ով իջավ ամեն բանից ցած, ով հաղթահարեց բոլոր բաները, և ով այժմ ունի ամբողջ զորությունը, մենք չենք կարող ձախողվել:15 Մեր Երկնային Հայրը և Փրկիչը պարզապես անտարբեր դիտորդներ չեն, որոնց հետաքրքրում է, թե արդյոք մեզ մոտ ամեն ինչ կստացվի, թե ոչ: Պատկերացնո՞ւմ եք, որ նրանք երկնքից նայում են և ասում են. «Նայեք Սամին: Նա վերջին անգամ նման իրավիճակի առնչվելիս ամեն ինչ խառնեց, և գրազ կգամ, որ նա նորից կխառնի ամեն ինչ»։ Կամ․ «Հեյ նայեք: Սանդրայի ընկերները նրան դժվարին կացության մեջ են դրել։ Հետաքրքիր կլինի տեսնել, արդյո՞ք նա դուրս կգա այս իրավիճակից»: Իհարկե, դա ծիծաղելի է: Նրանք եռանդուն գործում են մեր կողքին, մշտական օգնություն, առաջնորդություն և միջոցներ են տրամադրում և, հավանաբար, ավելին կտային, եթե մենք դա ընդունեինք։

Ես ավելի վաղ ասացի, որ երբ մենք պատվում ենք ուխտերը, որոնք կապում են մեզ Քրիստոսի և Նրա զորության հետ, մենք չենք կարող ձախողվել: Ի վերջո դա ճիշտ է, բայց ես ընդունում եմ, որ երբեմն մենք բոլորս ունենում ենք ձախողումներ՝ մեր սխալներն ու մեղքերը և այն ազդեցությունը, որը երբեմն ունենում են ուրիշների սխալներն ու մեղքերը մեզ վրա: Բայց ունենալով ապաշխարության և ներման պարգևները, բոլոր այս անհաջողություններն ու ձախողումները լավագույն դեպքում ժամանակավոր են: Դրանցից ոչ մեկը չի կարող զրկել մեզ հավերժական կյանքից, եթե մենք չհանձնվենք։ Ինչո՞ւ: Որովհետև, երբ անում ենք ամեն բան, որպեսզի վերականգնվենք, մենք կարող ենք ստանալ Քրիստոսի շնորհը՝ լուծելու և վերանորոգելու այն ամենը, ինչը մենք չենք կարող անել: Հիշեք, որ Քրիստոսի քավող զորությունը կամ շնորհը ոչ միայն հեռացնում է մեղքի և սխալի զգացումը, այլ նաև սրբագործում և մեզ դարձնում է սուրբ էակներ՝ ընդունակ ապրելու Աստծո ներկայության մեջ։16

Ես չեմ ասում, որ այս ամենը հեշտ է։ Ինչպես ես, այնպես էլ դուք, գիտեք, որ կյանքը լի է դժվարություններով և շատ տհաճ բաներով, նույնիսկ՝ ողբերգություններով: Եվ ասել, թե Հիսուս Քրիստոսի հավատարիմ աշակերտներն ենք շատ ավելի հեշտ է, քան՝ անելը: Հիսուսի համար շատ դժվար էր լինել Իր Հոր աշակերտը և խմել Իր «դառը բաժակը»։17 Բայց Նա դա արեց և Նա գիտի, թե ինչպես կարող է օգնել մեզ հաջողությամբ քայլել աշակերտության ճանապարհով: Բացի այդ, Փրկիչն ունի օգնելու զորություն և պատրաստակամություն։ Նա մեզ կօգնի այնքան, որքան այդ օգնության կարիքը լինի և կմնա այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ լինի։ Նա ասում է․ «Այո՛, և որքան հաճախ որ իմ ժողովուրդն ապաշխարի, ես կներեմ նրանց, իրենց զանցանքները՝ իմ դեմ»:18 Ձախողման հանդեպ վախը պատճառ չէ, որ լիովին և ամբողջովին չպարտավորվենք Քրիստոսին։ Պարզապես շարունակեք ապաշխարել և հնարավոր ամեն բան արեք, որ լավը լինեք և դա բավարար է։

Զոհաբերություն

Կարող եմ բերել մեկ այլ պատճառ, երբ մարդը կարող է դժկամորեն պատասխանել Բարի Հովվի կանչին և միանալ Նրա հոտին, և դա հնարավոր զոհաբերության հանդեպ վախն է։ Բոլորդ հիշում եք այն երիտասարդին, ով անկեղծորեն հարցրեց Հիսուսին, թե «էլ ինչ բանով եմ պակաս», որ հավերժական կյանք ունենամ։19 Մարկոսն ասում է, որ «Յիսուսն էլ նորան մտիկ տուաւ՝ նորան սիրեց [կարծում եմ դա կարևոր է], եւ ասեց նորան. Մէկ բան պակաս է քեզ, գնա, ինչ որ ունիս ծախիր եւ աղքատներին տուր. Եւ գանձ կ’ունենաս երկնքումը. Եւ խաչն առած՝ եկ ինձ հետեւիր»։20 Դուք հիշում եք պատասխանը․ «Նա էլ այն խօսքի համար դժուարացած՝ գնաց տրտմած. Որովհետեւ շատ ինչքի տէր էր»։21

Հուսով եմ, որ մտածելով այդ մասին, այս հարուստ երիտասարդը սրտի փոփոխություն ունեցավ և հետագայում ընդունեց Փրկիչի հրավերը: Ամեն դեպքում, մենք բոլորս գիտակցում ենք, որ Քրիստոսին պարտավորվելը զոհաբերություն է պահանջում: Մի բան, որ պետք է զոհաբերենք, կլինի «բաց թողնելու վախը», քանի որ գիտենք, որ մենք իրականում շատ բաներ բաց կթողնենք: Այսպիսով, կյանքում շատ ընտրություններ անհամատեղելի են աշակերտի կյանքի հետ, և նույնիսկ, շատ լավ բաներ կարող են բացառվել, քանի որ աշակերտ լինելու համար անհրաժեշտ ժամանակը և միջոցները ծախսվում են ավելի լավ կամ լավագույն բաների համար։

Այդ անկեղծ երիտասարդը, ով Փրկիչին հարցրեց, թե «էլ ինչ բանով եմ պակաս», արդեն մեռած է։ Ինչ հարստություն էլ նա ունեցած լիներ, հավանաբար, այլևս գոյություն չունի, և, ամեն դեպքում, նա չունի դրանք, և ոչ էլ որևէ կերպ կարող է դրանք օգտագործել։ Այդ ժամանակ որքան էլ մեծ զոհաբերություն լիներ դա նրա համար, արդյո՞ք նա ավելի լավ տարբերակ ուներ, քան Վարդապետի հրավերն ընդունելը։ Կարո՞ղ էր որևէ բան, որը նա ուներ կամ իր հարստության միջոցով ձեռք էր բերել, համեմատվել նրա հետ, ինչը Տերն էր, ի վերջո, առաջարկում նրան։ Մենք գիտենք, որ այն ամենը, ինչը Փրկիչը խնդրում է մեզանից, ներառյալ մեր կյանքը, աննշան է վեհացման համեմատ: Մենք չենք կարող նույնիսկ պատկերացնել․ «Ինչ որ աչք չտեսավ և ականջ չլսեց և մարդի սիրտ չընկավ, այն պատրաստեց Աստված իրան սիրողների համար»:22

Աշակերտի կոչման զոհաբերություններից վախենալու փոխարեն մենք պետք է ողջունենք հոգևոր զորությամբ աճելու հնարավորությունը, ապրենք մեծ ուրախություն, և ամեն մեկս գտնենք մեր կյանքի իրական իմաստը։ Զոհաբերությունը, հատկապես Քրիստոսի գործին զոհաբերելը, ցույց է տալիս լրջություն. մենք իսկապես պատրաստվում ենք պահել երկու մեծ պատվիրանները՝ սիրել Աստծուն և մերձավորին: Զոհաբերություն՝ նշանակում է, որ մենք իսկապես բարիք կգործենք աշխարհում։

Սրտով, զորությամբ, մտքով և ուժով սիրելով մեր Երկնային Հորը և Նրա Սիրելի Որդուն, մենք հոգով հասկանում ենք ովքեր ենք մենք։ Սա մեզ տալիս է մի տեսակ անվտանգության զգացում, որը թույլ է տալիս մեզ չկենտրոնանալ միայն մեր վրա և նայել միջավայրին ու իսկապես, տեսնել ուրիշներին՝ տեսնել նրանց կարիքները և նրանց առջև ծառացած իրականությունը՝ ցանկանալով հասկանալ և օգնել նրանց: Բարի Սամարացու առակում քահանան և Ղևտացին ճանապարհի մյուս կողմում նայեցին վիրավոր ճամփորդին, բայց նրանք իրականում չտեսան նրան։ Միայն սամարացին իսկապես տեսավ վիրավոր անծանոթին և արդյունքում «նորան գթաց եւ մօտ եկաւ՝ նորա խոցերը փաթաթեց»։23 Շատերն են հարատև մենություն զգում։ Անշուշտ մեր զոհաբերությունները կարող են նկատելի լինել:

Պարտավորություն

Համապարփակ պարտավորությունը, որը ուրախության երախտիք է և՛ այստեղ, և՛ այս կյանքից հետո, պարտավորությունն է Աստծուն՝ մեր Հավերժական Հորը և Նրա Որդուն` Տեր Հիսուս Քրիստոսին: Օմնիի գրքում մենք կարդում ենք այս պերճախոս աղերսը․

«Ես կկամենայի, որ դուք գաք Քրիստոսի մոտ, որը Սուրբն է Իսրայելի, և ճաշակեք նրա փրկությունից և նրա փրկագնման զորությունից: Այո՛, եկեք նրա մոտ և մատուցեք ձեր ողջ հոգիները նրան՝ որպես ընծա, և շարունակեք ծոմով ու աղոթքով, և համբերեք մինչև վերջ, և ինչպես կենդանի է Տերը, դուք կփրկվեք»։24

Մի պատմություն կա հոր մասին, ով իր փոքր տղային պառկեցրեց քնելու և ննջասենյակից հեռանալով լսեց մի ձայն։ Վերադառնալով ննջասենյակ նա տեսավ իր որդուն հատակին ընկած և հարցրեց, թե ինչպե՞ս է ընկել անկողնուց: Տղան պատասխանեց․ «Ես ամբողջությամբ չէի խորացել անկողնում»։ Հավաստիացեք, որ Աստծո հանդեպ ձեր պարտավորության ժամանակ դուք ամբողջությամբ «խորանաք» դրա մեջ։

Դուք Քրիստոսի մարմնի մասն եք կազմում։25 Դուք մասն եք դրա։ Ամբողջովին պարտավորվեք՝ ազատորեն տալով և ստանալով։ Իսկապես տեսեք ձեր շրջապատի մարդկանց և տեսեք այնպես, որ ձեր կյանքն էլ լինի լավ ապրած կյանք, սպասավորության, օրհնության և բավարարվածության կյանք։ Օրհնված և սրբագործված կյանք՝ Փրկչի կողմից, ով հաղթահարել է բոլոր բաները, և որի շնորհով դուք նույնպես կհաղթահարեք:

Անցյալ տարվա ամռանը Թաբերնաքլի երգչախմբի և Տաճարային հրապարակի նվագախմբի կողմից Ռահվիրաների օրվան նվիրված համերգի ժամանակ ելույթ ունեցավ մի տաղանդավոր նորվեգացի երգչուհի, ում անունը Սիսել էր։ Ներկաները, ինչպես նաև ես, խորապես հուզված էինք նրա «Հապաղել» երգով, որը հիշեցնում էր սաղմոսներից մի հատված «Դադարեցէք եւ ճանաչեցէք, որ ես եմ Աստուած»:26

Ես կցանկանայի ցուցադրել այդ առիթով Սիսելի կատարած երգի տեսաձայնագրությունը, և երբ դուք լսեք այն, խնդրում եմ ձեզ խորհել այն ուղերձի մասին, որ մենք կարող ենք ունենալ լիակատար վստահություն՝ Աստծո և Նրա հիասքանչ սիրո և պատրաստակամության հանդեպ, որ կօրհնի և կպահպանի մեզ, ինչ էլ որ պատահի։ Եվ խորհեք՝ ձեր կյանքը և ինքներդ ձեզ Նրան պարտավորելու սրբության մասին, ինչ էլ որ պատահի։

Երբ խորափես շփոթված եմ,

Հուսահատ եմ երբ սաստիկ,

Երբ մտքերս խառնված են

Ձայնը անուշ ասում է ինձ․

Դանդաղիր, խաղաղվիր,

Սպասիր, ձայնին մեղմ ու կամաց,

Երբ կհնչի, այդժամ լսիր,

Եվ իմացիր՝ Նա է Աստված։

Երբ դժվար է օրը իմ,

Երբ վստահ չեմ ես ինձ զգում,

Երբ ճնշված եմ տակավին,

Ձայնն է հանգիստ այդ հնչում․

Դանդաղիր, խաղաղվիր, հոգիս,

Սպասիր, ձայնին մեղմ ու կամաց,

Երբ կհնչի, այդժամ լսիր,

Եվ իմացիր՝ Նա է Աստված։

Եվ իմացիր՝ Նա է Աստված։27

Դադարեցրեք։ Կարգավորեք ձեր միտքը և հանդարտ որոշեք, որ ընտրեք Աստծուն։ Հանգիստ մի պահ ընտրեք, երբ դուք կարող եք ծնկի իջնել մեկուսի մի վայրում և ասել ձեր Երկնային Հորը՝ Հիսուս Քրիստոսի անունով, որ դուք Նրանն եք, որ մարմնով և հոգով հավատարիմ եք Նրան, Նրա Որդուն և ավետարանի ուղուն: Ապա հետևեք, թե ուր է Նա առաջնորդում՝ այժմ և ձեր ողջ կյանքում: Այլևս մի՛ վարանեք և մի՛ հապաղեք, այլ շարունակեք ձեր կյանքի նպատակը և առաքելությունը։ Մահկանացու կյանքն այնքան կարճ է։ Այս ժամանակը հաշվարկեք այնպես, որ ձեր հավերժությունը լինի ուրախություն, ոչ թե՝ ափսոսաք: Արդյո՞ք չեք զգում, որ Հոգին հուշում է ձեզ, որ սա ճշմարիտ է։ Եվ առաջ գնացեք վստահությամբ։

Ես խոստանում եմ ձեզ, որ Տիրոջ վարձքը նրա համար, որ դուք տալիս եք ամեն ինչ, կլինի այն ամենը, ինչ Նա պետք է տա․ «Լաւ չափով՝ թափ տրուած շարժուած լիփ լիքը կ’տան ձեր գոգը»։28 Նրա հարության իրականությունն ապացույցն է այն բանի, որ Նա ունի ամբողջ զորությունը, որ Նա կարող է մատուցել իր խոստացածը և, որ Նա մատուցում է իր խոստացածը։ Նա է կյանքը և Նա եկավ, որ մենք կյանք ունենանք և «և էլ ավելի ունենանք»։29 Ես ասում եմ ձեզ որպես մեկը, ով գիտի, որ Հիսուս Քրիստոսը հարություն առած Քավիչն է: Այդ փաստն ամենակարևորն է աշխարհում և հավերժության մեջ։ Ձեզ եմ առաջարկում Նրա օրհնությունը և իմ վկայությունը՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: