2021 թվականի հոգևոր հավաքներ
Տեսլական և հավասարակշռություն


Տեսլական և հավասարակշռություն

Համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար • 2 մայիսի, 2021 • Ռահվիրաների Կենտրոն

Երեց Գարի Ի․ Սթիվենսոն․ Իմ սիրելի երիտասարդ քույրեր և եղբայրներ, սս և Լեսան շատ ուրախ ենք ողջունել ձեզ չափահաս երիտասարդների այս համաշխարհային հոգևոր հավաքին։ Ելույթը սկսելուց առաջ ցանկանում եմ ձեզ փոխանցել նախագահ Ռասսել Մ. Նելսոնի և Առաջին Նախագահության անկեղծ ու ջերմ ողջույնները: Նրանք սիրում են ձեզ, մենք ևս սիրում ենք ձեզ, և միասին մենք պատվում և հաստատում ենք նրանց:

Քույր Լեսա Սթիվենսոն․ Այսօր ձեզ հետ կապ ենք հաստատել Վերջին Օրերի Սրբերի պատմության մի եզակի և առանձնահատուկ վայրից։ Եվ ես նկատի ունեմ «վայրը»:

Երեց Սթիվենսոն․ Մենք Ռահվիրաների նոր նվիրագործած կենտրոնում ենք՝ Սոլթ Լեյք Սիթիի (Յուտա) ստորին բլուրներում գտնվող Հերիթեջ Պարկի Սա է այդ վայրը հուշարձանի հարևանությամբ․ մի «վայրում», որը նշում է նախագահ Բրիգամ Յանգի կարևոր «Սա է այդ վայրը»1 հայտարարությունը, որին նախորդել էր շուրջ 175 տարի առաջ տեղի ունեցած ռահվիրաների առաջին խմբի դժվարին գաղթը։

Քույր Սթիվենսոն․ Ֆիզիկապես և հոգեպես տանջված այս Վերջին Օրերի Սրբերը փախան կատաղի հալածանքներից, որպեսզի հաստատվեն այստեղ՝ անապատի այս հովտում: Պատկերացրեք Սոլթ Լեյքի հովտի համայնապատկերը, որը սպասում էր նրանց: Լայն սփռված անապատային տարածությունները, գետնին քամուց պտտվող եղեսպակի թուփը ապացուցում էին, որ այստեղ բնակություն հաստատելը դժվար էր լինելու:

Երեց Սթիվենսոն․ Այնուամենայնիվ, նրանք օրհնվեցին աներևակայելի երկնային տեսլականով, որը հաստատում է Հին Կտակարանի Եսայիայի մարգարեությունը, որ Տերը «դրոշակ կբարձրացնի ազգերի համար»։2 Այս հավատարիմ Սրբերը մեկ անգամ ևս ձեռք բերեցին խաղաղություն, նպատակ և ավետարանի մի վեհ տեսլական, որը շատ ավելի բարձր էր, քան լեռների գագաթները, որոնցով նրանք բարձրացան՝ Սոլթ Լեյքի հովիտ հասնելու համար:

Քույր Սթիվենսոն․ Այդ ռահվիրաները և նրանցից հետո եկողները պատմություն կերտեցին՝ անապատում հաստատելով այս վայրը։ Աստված օրհնեց նրանց, երբ սկսվեց Իսրայելի հավաքումը։

Երեց Սթիվենսոն․ Նույնիսկ այսօր ռահվիրաների այդ նույն ոգին և տեսլականը կարելի է գտնել ամբողջ աշխարհի Վերջին Օրերի Սրբերի մեջ:

Ընդամենը մի քանի շաբաթ առաջ Տասներկու Առաքյալների Քվորումի գործող նախագահ Մ. Ռասսել Բալլարդը նվիրագործեց Ռահվիրաների այս նոր կենտրոնը:

Իրենց ընտանիքներով մարդիկ կարող են գալ այստեղ և ամբողջությամբ հասկանալ ծանր դժվարությունների միջով անցած վաղ շրջանի Վերջին Օրերի Սրբերի փառահեղ նվաճումները։ Ամեն ինչ նրանց դեմ էր։ Ռահվիրաները գիշեր-ցերեկ կանչում էին Տիրոջը, երբ առաջընթաց էին ունենում՝ սնունդ աճեցնելու, լեռնային ձորերից ջուրը դուրս հանելու, տուն, ապաստարաններ, դպրոցներ, հավաքատներ և նույնիսկ տաճար կառուցելու գործում:

Քույր Սթիվենսոն. Միշտ էլ դժվար է պատկերացնել նրանց կրած չարչարանքները։ Տիրոջ կողմից ապրող մարգարեների մեջ ներշնչված աստվածային տեսլականի շնորհիվ օրհնվում էր Նրա ընտրյալ զավակների կյանքը՝ իրականացնելով Տիրոջ նպատակները։

Երեց Սթիվենսոն․ Ինչպես տեսնում եք, Ռահվիրաների կենտրոնում իմ կանգնած վայրից մի քանի մետր հեռավորության կամարաձև ապակին է, որը նայում է «Սա է այդ վայրը» հուշարձանին: Իսկ դրանից ներքև փայլուն տեսարան է բացվում այն քաղաքի վրա, որը նրանք սկսել են կառուցել շատ վաղուց: Բացի դրանից, մի համայնապատկեր կամ տեսլական է բացվում դեպի արևմուտք և մայր մտնող արևի հորիզոն։ Այդ ոգեշնչող տեսարանը՝ զուգորդված անցյալի մասին մեր պատկերացումներով, ընդլայնում և հարստացնում է ռահվիրաների տեսլականի մեր հեռանկարը: Փոխաբերական իմաստով այն կարող է ամրապնդել ավետարանի մասին մեր անձնական տեսլականը և առաջնորդել մեզ, երբ մեր կյանքում կայացում ենք որոշումներ և բախվում կյանքի մարտահրավերներին: Մարգարեի՝ «Սա է այդ վայրը»3 հայտարարությունից օրեր անց, տաճարի, Եկեղեցու գլխավոր գրասենյակի և ազգերի համար դրոշ դառնալու տեսլականը սկսեց իրականություն դառնալու իր առաջին քայլերը:

Ուստի, այս երեկո մենք կօգտագործենք անցյալը և մեր ռահվիրա նախնիների տեսլականը, որպեսզի հստակեցնենք մեր ապագայի տեսլականը։ Ուինսթոն Չերչիլի ոգեշնչող խոսքերը հատկապես արդիական են թվում մեր այսօրվա զրույցի համար. «Որքան հեռուն տեսնենք հետևում, այնքան հեռուն կտեսնենք առջևում»:4

Քույր Սթիվենսոն․ Կասկած չկա, որ աշխարհում անորոշություն է տիրում։ Շուրջ մեկուկես տարի ընթացող աննախադեպ համավարակից հետո ի՞նչ է սպասվում: Ապագային նայելիս մեզանից յուրաքանչյուրին անհրաժեշտ է նույն աստվածային տեսլականը և երկնային առաջնորդությունը, որոնք ունեցել են այդ վաղ օրերի Սրբերը։

Երեց Սթիվենսոն. Գուցե վստահ չեք, թե որ ուղղությամբ պետք է շարժվեք: Կարող եք ամուր կառչել միսիա ծառայելու, կրթություն ստանալու և կարիերա սկսելու երազանքներից: Կամ կարող եք մտածել սիրահարվելու, ամուսնանալու և ընտանիք կազմելու մասին և ստանալ տաճարի օրհնությունները ձեր և ձեր սիրելիների համար: Կամ գուցե դուք ստեղծել եք ձեր հավերժական ընտանիքը և այժմ հաղթահարում եք ձեր փոքր երեխաների դաստիարակության մարտահրավերները:

Մեր վերջնական նպատակը մեկն է․ առաջ ընթանալ ուխտի ճանապարհով՝ հավատարմորեն պատրաստվելով վեհացման: Ավետարանի հեռանկարը տեսլական է ապահովում, որպեսզի ես և դուք հստակ տեսնենք այդ ճանապարհը։

Քույր Սթիվենսոն․ Խոսելով ուխտի ճանապարհի վրա մնալու մասին՝ նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն ասել է. «Կարևորը սուրբ ուխտեր կապելն ու պահելն է: Մենք ենք ընտրում՝ ապրել և մնալ Տիրոջ ուխտի ճանապարհի վրա։ Դա դժվարին ճանապարհ չէ։ Դա է այս կյանքում իսկական ուրախության և գալիք կյանքում հավերժական կյանքի ճանապարհը։5

Երեց Սթիվենսոն. Այսպիսով, մենք հույս ունենք, որ կարող ենք ձեզ հետ կիսվել մեր անձնական փորձառություններից մի քանիսով, որոնք կարող են առաջնորդել ձեզ, երբ ձգտում եք կողմնորոշվել, թե ինչ է անհրաժեշտ տեսլականով և հավասարակշռությամբ առաջ գնալու համար:

«Եկեք, Սրբեր», -կատարում է Բոներ ընտանիքը։

Եկեք, Սրբեր, ոչնչից չերկնչենք,

Ուրախ առաջ գնանք:

Թեև ճամփան դժվարագույն կարծենք`

Օրհնություն կստանանք:

Ավելի լավ է պայքարենք,

Հոգսերը փուչ հեռու վանենք:

Խմենք նեկտարն ուրախության,

Լավ է լավ, ամեն բան։ Լավ է լավ, ամեն բան։

Մեր ծանր վիճակն ինչո՞ւ իզուր ողբանք՝

Կարգին է ամեն բան:

Ավելի մեծ պարգև պիտի ստանանք,

Թե կռվենք անվարան:

Գոտիներդ կապեք, արիացեք,

Աստծուց մի հեռացեք:

Շուտով կպատմենք հեքիաթն այն,

Լավ է լավ, ամեն բան։ Լավ է լավ, ամեն բան։

Աստծո նշած տեղը կգտնենք մենք,

Հեռու արևմուտքում:

Ուր չար մարդուց հեռու կլինենք մենք,

Օրհնված այս կյանքում:

Օդը երգով կլցնենք մենք,

Աստծո փառքը կթնդացնենք՝

Կավելացնենք հետո վրան՝

Լավ է լավ, ամեն բան։ Լավ է լավ, ամեն բան։

Իսկ թե մեռնենք ճամփան դեռ չավարտած,

Լավ է լավ, Լավ է լավ, ամեն բան։

Երեց Սթիվենսոն․ «Երջանիկ հավիտյան։ Լավ է ամեն բան»6 խոսքերն իրականում վաղ ռահվիրաների տեսլականի մի ուշագրավ հայտարարություն է: Նրանց տրվել էր այդ տեսլականը, որ մարտահրավերների և տառապանքների պայմաններում «լավ է ամեն բան», քանի որ նրանք ունեին ավետարանի հեռանկարը։

Մենք կարող ենք մեկ ժամ խոսել տեսլականի մասին, որը ոմանք բնութագրում են որպես «ուրիշների համար անտեսանելի իրեր տեսնելու արվեստ»:7 Դա առաջ է բերում մի հարց, որը դուք երբեմն տալիս եք ինքներդ ձեզ. «Ինչպե՞ս եմ ինձ տեսնում տարիներ անց: Որտե՞ղ եմ եղել։ Եվ ո՞ւր եմ գնում:

Քույր Սթիվենսոն. Երբեմն մենք պարզապես պետք է գիտակցենք, որ ունենալով ավետարանի հեռանկար և Սուրբ Հոգու պարգևը, մենք ունենք ավելի մեծ տեսլական այն մասին, թե ինչ է հնարավոր: Դա այն դեպքն է, երբ սկսում եք զբաղվել ձեր կրթությամբ և մասնագիտությամբ, չնայած դեռ մտածում եք, թե որ ուղղությամբ պետք է շարժվեք։

Երեց Սթիվենսոն. Ես այդպիսի իրավիճակում եմ հայտնվել իմ վաղ մասնագիտական կարիերայի ընթացքում: Ուսանող ժամանակ ես իմ մասնագիտական կյանքը սկսեցի մանկության ընկերոջ հետ, սկսելով մի գործ՝ նվերներ ներմուծելով Ասիայից: Հաջորդ 30 տարիների ընթացքում մեր ընկերությունը մեծապես փոխվեց և գործի մասշտաբներն աճեցին։ Մեզ հաճախ հարցնում էին. «Երբ սկսեցիք ձեր բիզնեսը, տեսլական ունեի՞ք դրա վերաբերյալ»: Կարճ պատասխանն է՝ «ոչ ամբողջովին»։

Տեսլականը պետք է պարբերաբար և կանոնավոր կերպով ճշգրտվի։ Պղնձե նվերներ ներկրելու փոքր բիզնեսից աճելու և սպորտային ապրանքների մեծ մատակարար դառնալու համար պահանջվեց մեծ հաջողություն և մեր տեսլականի ճշգրտումներ։ Ոչ թե թուլության, այլ ուժի նշան է, երբ թողնում ես ամեն ինչ և ստեղծում նոր ծրագիր, վերաիմաստավորում ու իսկապես կատարում ճշգրտումներ։

Քույր Սթիվենսոն. Սակայն, հենց այստեղ է կայանում մեր տեսլականը գտնելու մեծ առավելությունը, որը մենք բոլորս ունենք։ Ավետարանի մասին ունեցած ձեր գիտելիքի շնորհիվ, որը ունեին նաև ռահվիրաները, դուք ստացել եք ավետարանի հեռանկար։ Ձեր առավելությունն այն է, որ ձեր մահկանացու ճամփորդությունը տեսնում եք բառացիորեն երկնային բնապատկերով:

Երեց Սթիվենսոն. Հավիտենական կամ ավետարանի հեռանկարը հստակություն է մտցնում, որն ուրիշները չեն տեսնում, նույնիսկ կրթության և մասնագիտության աշխարհիկ հարցերում: Կցանկանայինք դա ցույց տալ ոչ թե բառերով, այլ պատկերներով:

Կխնդրեինք նայեք այս նկարին։ Այժմ, ի՞նչ եք դուք տեսնում: Գիտե՞ք արդյոք, թե ինչ է պատկերված այս նկարում։

Իսկ այժմ, արդյո՞ք այս նոր հեռանկարը հստակություն է մտցնում։ Արդյո՞ք դա ամբողջ պատկերն է։ Ի՞նչ եք կարծում: Եկեք նայենք հաջորդականությանը, երբ այն բացվում է, նայեք ուշադիր։

Երեց Սթիվենսոն. Այս պարզ վարժության միջոցով դուք կարող եք տեսնել ձեր տեսադաշտից այն կողմ։ Որքան հեռու եք գնում, այնքան ընդլայնվում է ձեր տեսլականը։

Իմաստուն և հայտնի առակում ասվում է․ «Առանց մարգարէության ժողովուրդը կվայրենանայ»։8

Այնուհետև, այս ճշմարիտ սկզբունքը մեր օրերում նկարագրեց նախագահ Մ. Ռասսել Բալլարդը, երբ նա ասաց. «Նրանք, ովքեր այս աշխարհում շատ բաների են հասնում, այն մարդիկ են, ովքեր ունեն իրենց կյանքի տեսլականը»:9 Շատ ճիշտ է ասված։

Մեր ավետարանի հեռանկարից սկիզբ առնող մեր հոգևոր տեսլականը պատկերացում է տալիս կյանքի բոլոր առաջնահերթությունների մասին: Այն թույլ է տալիս, որ մենք հավասարեցնենք այդ առաջնահերթությունները և պահենք դրանք պատշաճ կերպով հավասարակշռված: Ահա թե ինչու ենք սերտ կապ տեսնում տեսլականի և հավասարակշռության միջև:

Կցանկանայի ձեզ հետ կիսվել հավասարակշռության սկզբունքով՝ պատմելով իմ ունեցած փորձառությունը։

Իմ ընկերներից մեկը, ով հայտնի է իր բնագավառում, մի ժամանակ եղել է ուղղաթիռի հմուտ և փորձառու օդաչու: Աշնանային մի արևոտ օր նա զանգահարեց և ասաց մեզ, որ ինքնաթիռով թռչում է Սոլթ Լեյք Սիթի և հարցրեց, թե արդյո՞ք ես և իմ գործընկերը չէինք ցանկանա, որ նա ճանապարհին մեզ ցած իջեցներ լեռներում գտնվող մեր աշխատավայրում։

Մեքենայով այնտեղ հասնելու համար կպահանջվեր երկու ժամ։ Ուղղաթիռով մեզանից ընդամենը 15 րոպե կպահանջվեր: Այսպիսով, մենք որոշեցինք գնալ նրա հետ։

Այդ օրը թռիչքի համար գեղեցիկ օր էր։ Մենք տեսանք աշնանային տերևների գույները, երբ սկսեցինք վայրէջք կատարել: Մեզ մնացել էր մեկ րոպե վայրէջք կատարելու համար, երբ ուղղաթիռի պոչային պտուտակի աշխատանքը խաթարվեց։ Դրա հետևանքով ուղղաթիռը սկսեց օդում անվերահսկելի պտտվել։ Դրանք ծանր պահեր էին։

Բարեբախտաբար օդաչուն բնազդով անմիջապես հիշեց, թե ինչ էր սովորել վթարային վայրէջքի մասին սովորած արձանագրություններում։ Նա գիտեր, որ մենք ողջ չենք մնա, եթե սկզբում վայրէջք կատարեինք ուղղաթիռի դիմացի կամ ներքևի մասով։

Անվերահսկելի պտույտի մեջ նա հմտորեն ուղղաթիռը շրջեց կողքի վրա և մենք ընկանք հողին:

Վառելիքի արտահոսք կար, իսկ շարժիչից կրակ էր երևում։ Նա կարողացավ անջատել շարժիչը, և մենք ուղղաթիռից դուրս եկանք առանց պայթյունի: Օդաչուի գործողությունների և Տիրոջ նախախնամությամբ մենք օրհնվեցինք՝ փրկվելով ուղղաթիռի վթարից։

Ուղղաթիռների մասին ես այդ օրվանից շատ բան եմ սովորել: Ուղղաթիռը վթարի ենթարկվեց՝ այն օդում պահող կարևոր տարրերի միջև անհավասարակշռության՝ պոչային մասին շարժիչի անսարքության պատճառով: Երբ հավասարակշռություն է պահվում գլխավոր շարժիչի և պոչային մասի շարժիչի արագությունների միջև և պահվում է ճիշտ անկյան թեքություն, ապա ուղղաթիռի թռիչքը հիանալի է։ Եթե այդ ամենը չի պահվում, ապա՝ սարսափելի է։ Ես անձամբ կարող եմ վկայել այդ մասին։

Եկեք ժամանակ հատկացնենք այս կարևոր տարրերն ավելի մանրամասն ուսումնասիրելու համար:

Առաջինը՝ գլխավոր շարժիչն է: Պտուտակի թիակների պտտման և լայնության շնորհիվ ստեղծվում է վերամբարձ և քաշող ուժ։ Այնուամենայնիվ, գլխավոր շարժիչի ստեղծած քաշող ուժը պետք է ինչ-որ կերպ հավասարակշռվի, հակառակ դեպքում ուղղաթիռը դուրս կգա վերահսկողությունից:

Քույր Սթիվենսոն. Ահա թե ինչու ուղղաթիռը պոչային մասում ունի շարժիչ։ Դրա ստեղծած քաշող ուժը հակադրվում է գլխավերևի պտուտակներին։ Գլխավոր շարժիչի արագությունը վերահսկվում է օդաչուի կողմից՝ ձեռքի կառավարման միջոցով: Պոչային մասի շարժիչի արագությունը վերահսկվում է օդաչուի ոտքի միջոցով: Այդ երկու շարժիչների արագությունների շարունակական փոփոխությունները շատ կարևոր են։

Եթե այդպես չարվի, ապա ելքը բարենպաստ չի լինի։

Երեց Սթիվենսոն. Հաջորդը բռնակն է։ Բռնակը կարգավորում է ուղղաթիռի անկյան թեքությունը, որն իր հերթին վերահսկում է ուղղաթիռի ուղղությունը, շրջադարձի կարողությունը և կայունությունը՝ համատեղ աշխատելով գլխավոր և պոչային մասի շարժիչների հետ։ Օդաչուն աջ ձեռքով գործարկում է բռնակը:

Վերջապես, ուղղաթիռի բեռնվածությունից և անկյան թեքությունից է կախված գլխավոր և պոչային մասի շարժիչներից պահանջվող արագությունն ու հզորությունը:

Քույր Սթիվենսոն. Երբ այդ բոլոր մասերն աշխատում են միաժամանակ, պահպանվում է հրաշալի հավասարակշռություն։ Գլխավոր շարժիչը, պոչային մասի շարժիչը, բռնակը, բեռնվածությունը և անկյունը բառացիորեն հաղթահարում են ձգողականության ուժը:

Ինչպե՞ս կարող ենք ուղղաթիռի գեղեցիկ, բայց բարդ թռիչքը կապել մեր կյանքում հավասարակշռություն ունենալու հետ:

Երեց Սթիվենսոն. Թույլ տվեք ներկայացնել մտքեր, որոնք ներշնչված են ղեկավարների համաժողովի ժամանակ նախագահ Գորդոն Բ. Հինքլիի ելույթից, որին ես տարիներ առաջ մի առիթով մասնակցել եմ։ Դա կապ կստեղծի դրանց միջև։

Նա նկարագրել է, որ «մեզանից յուրաքանչյուրը քառապատիկ պատասխանատվություն ունի: Նախ՝ մենք պատասխանատու ենք մեր ընտանիքների համար: Երկրորդ՝ մենք պատասխանատու ենք մեր գործատուների առաջ: Երրորդ՝ մենք պատասխանատու ենք Տիրոջ աշխատանքի համար: Չորրորդ՝ մենք պատասխանատու ենք ինքներս մեզ համար»։10

Օգտվելով ուղղաթիռի կարևոր տարրերի փոխկախվածության միջոցով հավասարակշռություն պահելու նույն համանմանությունից, եկեք այդ չորս պատասխանատվությունը նույն կերպ դիտարկենք:

Քույր Սթիվենսոն․ Սկսենք տնից և ընտանիքից՝ բոլորիդ կյանքի կարևորագույն տարրերից: Կարևոր է, որ չանտեսեք ընտանիքը, որին պատկանում եք։ «Դուք ավելի արժեքավոր ոչինչ չունեք: … Այս կյանքից դուք միայն կտանեք ընտանեկան հարաբերությունները»։11 Վերջին տարիներին շատ բան է արվել Եկեղեցու ղեկավարների կողմից՝ ընդգծելու տան և ընտանիքի կարևորությունը:

Տանը և Եկեղեցում ավետարանի ուսումնասիրության ու ժողովների ճշգրտված ժամանակացույցի միջև գոյություն ունեցող նոր հավասարակշռության վերջին առաջնորդությունը հիանալի կերպով ցույց է տալիս, որ տունը և ընտանիքը պետք է համարվի մեր կյանքի գլխավոր շարժիչը:

Նախագահ Նելսոնը կոչ է արել մեզ «ջանասիրաբար ձգտել [մեր] տները վերածել ավետարանի ուսուցման կենտրոնի»։ Երբ մենք անենք դա, նա խոստացել է, որ «ժամանակի ընթացքում ձեր հանգստության օրերն իսկապես կդառնան բերկրանք։ Ձեր երեխաները ոգևորված կսովորեն և կապրեն Փրկիչի ուսմունքներով, իսկ հակառակորդի ազդեցությունը ձեր կյանքի և ձեր տան վրա կնվազի։ Փոփոխությունները ձեր ընտանիքներում կլինեն նշանակալից և շարունակական»։12

Երեց Սթիվենսոն. Հաջորդը՝ եկեք քննարկենք ձեր աշխատանքային կամ մասնագիտական կյանքը. ձեր աշխատանքը կամ ուսանողների համար ձեր երազած կրթությունը, որը կօգնի ձեզ ունենալ լրիվ դրույքով մասնագիտություն կամ աշխատանք: Կրթությունն, իհարկե, բարձրացնում է ձեր աշխատունակությունը: Աշխատանքը թույլ է տալիս հոգ տանել ինքներդ ձեզ, ձեր ընտանիքի և այլոց մասին: Աշխատանքն օգնում է ինքնապահով դառնալ՝ ինչպես նյութապես, այնպես էլ հոգևոր: Ձեր աշխատանքային միջավայրում դուք պատասխանատվություն ունեք ձեր գործատուի առջև՝ լինելու անկեղծ և նվիրված, ապահովել ակնկալվող արդյունքները, որի համար դուք վարձատրվում եք։ Դուք ձգտում եք ձեր ուժերի սահմանում լավագույնը կատարել ձեր աշխատանքի կամ մասնագիտության մեջ:

Մեր համեմատության համար կարող եք աշխատանքը համեմատել պոչային մասի շարժիչի հետ։

Քույր Սթիվենսոն. Որպեսզի լինեք լավագույնը ձեր և ձեր ընտանիքի համար, պետք է լինեք լավագույնը ձեր աշխատանքում: Երկուսն էլ սերտորեն կապված են միմյանց հետ, և երկուսի միջև հավասարակշռությունը կարևոր է: Ավելի ու ավելի շատ գործատուներ, սոցիոլոգներ և բիզնես խորհրդատուներ են ընդունում աշխատանքի և կյանքի հավասարակշռության առավելությունները:

Երեց Սթիվենսոն. Կյանքի հավասարակշռության երրորդ կարևոր տարրը վերաբերում է Տիրոջը և Նրա աշխատանքին: Սա է այն հիմնական նպատակներից մեկը, թե ինչու մենք բոլորս աշխարհ եկանք: Մենք այստեղ ենք, որպեսզի սիրենք, պատվենք, հնազանդվենք և ծառայենք Նրան և մեր Երկնային Հոր զավակներին՝ մեր եղբայրներին և քույրերին ամբողջ աշխարհում: Տերը մեր ջանքերի կարիքն ունի՝ Իր արքայության կառուցման գործում:

«Պլանավորեք ձեր ժամանակը՝ եկեղեցու ձեր պարտականությունները հոգալու համար»:13 Ես կարծում եմ, որ պլանավորում բառը բավականին ուսանելի է: Մեզ համար դա մտածված ընտրություն է՝ «ժամանակ հատկացնել» Տիրոջը և Նրա Եկեղեցուն ծառայելու համար, ինչպես նաև՝ կարգավորել այդ ժամանակը:

Քույր Սթիվենսոն. Կամավոր առաջնորդությունն ու ծառայությունը Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցու տարբերակիչ տարրերից երկուսն են: Ձեզանից յուրաքանչյուրին կխնդրեն տարբեր ձևերով նպաստել արքայության կառուցմանը: Կոչումները, որոնք ստանում եք դուք և ձեր ընտանիքի մյուս անդամները, կարող են տրվել այնպիսի պահերի, որոնք գուցե հարմար չեն թվում: Ուստի, «եթե դուք ցանկություն ունեք Աստծուն ծառայելու, ապա կանչված եք գործին»։14

Բացի այդ, մեր սիրելի մարգարե նախագահ Նելսոնը մեզ սովորեցրել է, որ մեր աշխարհը փոխվում է, ինչպես նաև փոխվում է Տիրոջ Եկեղեցում մեր ծառայությունը: Նա մեզ խրախուսել է ընդունել «նոր բնականոն կյանքը»: Նա կոչ է արել «սպասավորել ուրիշներին։ Ունենալ հավերժական հեռանկար: [Եվ] մեծարել [մեր] կոչումները»։15

Երեց Սթիվենսոն. Նման խրախուսման շնորհիվ մենք բոլորս տեսլական ենք ստանում՝ կատարելու այն, ինչի համար մեզ կանչել են, բայց նաև խորհուրդ է տրվում ունենալ հավերժական հեռանկար, կամ այլ կերպ ասած՝ այն հավասարակշռել մեր մյուս հրատապ պարտականությունների հետ: Եկեղեցու ծառայության մասին մտածում եմ որպես ուղղաթիռի բռնակի, որը և՛ կայունացնում է, և՛ ուղղորդում է մեզ:

Քույր Սթիվենսոն. Հավասարակշռություն պահելու վերջին տարրը ինքներս մեր հանդեպ պատասխանատվություն ունենալն է։

Կյանքը կարող է շատ զբաղված լինել։ Կարևոր է, որ երբեմն դադար տանք՝ վերալիցքավորվելու և ավելի մոտիկից նայելու մեր անձնական կարիքներին, ինչպիսիք են՝ հանգիստը, ֆիզիկական վարժությունները, բացօդյա հանգիստը և հոգևոր անձնական զարգացումը: Եկեղեցու ղեկավարները արժեքավոր և գործնական առաջարկներ են տվել վերջերս, որոնք կօգնեն մեզ իրականացնել դա:

Երեց Սթիվենսոն. Այո, նրանք տվել են այդ առաջարկները, Լեսա: Վերջերս նախագահ Բալլարդն առաջարկել է, թե որքան կարևոր է հանգիստ ժամանակ գտնել։ Նա ասել է.

«Թեպետ տեխնոլոգիաները միշտ օրհնություն են եղել իմ կյանքում, դրանք կարող են նաև շեղել և խոչընդոտ հանդիսանալ մեր և Տիրոջ ձայնը լսելու մեր ունակության միջև: Ես ասում եմ իմ թոռներին, որ նրանք պետք է ամեն օր հանգիստ ժամանակ հատկացնեն իրենց կյանքի մասին մտածելու համար և խորհեն, թե Տերն ինչ է ուզում, որ նրանք անեն: ․․․

Ես չեմ կարող խառնաշփոթության մեջ կապվել երկինքների հետ: ․․․ Երբ ես … ձգտում եմ մնալ հանգիստ, այդ ժամանակ ես տպավորություններ եմ ստանում»:16

Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդ խոսում է վճռական աղոթքի մասին. Նա ասել է հետևյալը. «Հրաշալի դաս ենք սովորում, երբ … հրատապ, վճռական աղոթքի միջոցով հաղթահարում ենք … հակառակորդի ընդդիմությունը, օրվա հոգսերը կամ մեր մտքի խառնաշփոթը»:17

Քույր Սթիվենսոն. Քույր Ջին Բինգհեմը՝ Սփոփող Միության Գերագույն նախագահը, նկարագրել է ինքներս մեզ օգնելու երեք տարրեր, որոնցից յուրաքանչյուրը շատ արժեքավոր է:

Նախ՝ նա հրավիրում է Հոգին սուրբ գրությունների շնորհիվ: Նա ասում է․ «Առավոտյան Սուրբ Հոգին ունենալու համար ես առաջինը կարդում եմ սուրբ գրությունները: Դա օգնում է ինձ կարգի բերել միտքս՝ հայտնություն ստանալու համար»:

Նրա երկրորդ տարրը՝ տաճարային երկրպագությունն է։ «Փրկիչի ձայնը ավելի հստակ լսելու եղանակներից մեկը տաճար այցելելն է: Երբեմն, երբ նստած եմ տաճարում, ստանում եմ աղոթքներիս պատասխանը, կամ ինչ-որ բան է անցնում մտքովս, երբ ես հանդարտ եմ Հոգուն լսելու համար»:

Երրորդ՝ նա ասում է․ «երաժշտությունն … օգնում է ինձ լսել Փրկիչի ձայնը: Ես սիրում եմ օրհներգեր լսել, նույնիսկ, եթե պարզապես գործիքային երաժշտություն եմ լսում՝ առանց բառերի: Ես գիտեմ դրանց բառերը, քանի որ դրանք շատ եմ երգել, ուստի դրանք գալիս են իմ միտքը»:18

Երեց Սթիվենսոն. Թվում է, որ մեզ համար ժամանակ հատկացնելը հաճախ ամենադժվարն է, բայց և շատ կարևոր է: Ես լսել եմ, որ դա նկարագրում են որպես բավականաչափ դադար՝ ծանրաբեռնված աշխատանքի մեջ սղոցի սայրը սրելու համար:

Քույր Սթիվենսոն. Մենք կօրհնվենք, եթե հիշենք, որ պատասխանատու ենք ինքներս մեր առջև, և դա քայլ առ քայլ դարձնենք մեր կյանքի անբաժանելի մասը։ Հասկացել եմ, որ ֆիզիկական, հուզական և հոգևոր զարգացումը ոչ միայն մեծ օգուտ է բերում անձամբ ինձ, այլև թույլ է տալիս ոգեշնչել ընտանիքս և ընկերներին:

Տեսեք, թե որքան սահուն են ընթանում մեր կյանքի այս չորս կողմերը, եթե կատարվում են տեսլականով և հավասարակշռությամբ: Նրանք այնքան լավ են համադրվում, այնպես չէ՞:

Երեց Սթիվենսոն. Այո, այդպես է։ Նույնիսկ, երբ խոսում ենք մեր կյանքի այս տարբեր ոլորտները հավասարակշռելու մասին, մենք պետք է ճիշտ տեսանկյունից դիտարկենք այն:

Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը սա շատ պրագմատիկ կերպով ամփոփեց սոցցանցի վերջին գրառման մեջ: Նա ասել է․ «Երբեմն մենք մտածում ենք մեր բոլոր պարտականությունների մասին՝ տանը, դպրոցում, աշխատավայրում և եկեղեցում ու մտածում ենք, թե ինչպե՞ս կարող ենք հավասարակշռել մեր ժամանակի այդ բազմաթիվ պահանջները: Փոխանակ ինքներս մեզ ծանրաբեռնենք՝ փորձելով անել ամեն ինչ, մենք պետք է մի քանի հիմնարար բաներ գտնենք, որոնք մեր կարևոր առաջնահերթություններն են: Այդ ժամանակ մենք կարող ենք ձգտել, որպեսզի յուրաքանչյուրին արժանացնենք անհրաժեշտ ուշադրության»:19

Լեսա, սա ինձ հիշեցնում է հայրիկիս հետ ունեցած մի շատ հիշարժան փորձառություն։ Ես երիտասարդ հայր էի, նոր կանչված եպիսկոպոս էի և ունեի պատասխանատու բիզնես։ Մի գիշեր, ես ուշացա ընտանեկան ծննդյան երեկույթից: Մեր երեխաներն ու նրանց զարմիկները վազում էին շուրջբոլոր: Բայց ես անտարբեր մտա տուն և նստեցի սենյակի անկյունում՝ մտածելով իմ բիզնեսի այդ օրվա գործերի և այն, թե ինչ է տեղի ունենում ծխում:

Հայրս մոտեցավ ինձ և ոչ բնորոշ խիստ ձայնով ասաց. «Գարի, ի՞նչ ես անում»: Երբ ես պատմեցի նրան եկեղեցու և աշխատանքի պարտականությունների հետ կապված իմ հոգսերի մասին, ես վստահ էի, որ նա կլցվի կարեկցանքով։ Դա այդպես չէր։ Իրականում, նա նստեց կողքիս և ասաց, որ անհանգստանում է ինձ համար, և որ ես պետք է որոշ ճշգրտումներ կատարեմ, որպեսզի այդպես անտարբեր չլինեմ ընտանիքիս նկատմամբ, երբ նրանց հետ եմ։ Հիշո՞ւմ ես դա Լեսա:

Քույրս Սթիվենսոն․ Ես դա լավ եմ հիշում։

Երեց Սթիվենսոն․ Նա ասաց․ «Երբ դու տանն ես, տունը դարձրու առաջնահերթություն, ոչ թե եկեղեցին և աշխատանքը: Երբ դու աշխատանքի ես, առաջնահերթությունը տուր աշխատանքին, այլ ոչ թե տանը կամ եկեղեցուն: Երբ եկեղեցում ես, առաջնահերթություն դարձրու եկեղեցին, այլ ոչ թե աշխատանքը կամ տունը»:

Այժմ այս խորհրդին դժվար էր ինտեգրվել, և նույնիսկ հիմա հեռու եմ կատարյալ լինելուց, այն ինձ իսկապես օգնեց։ Այն թեթևություն պարգևեց ինձ այդ պահին և մեծապես օրհնեց իմ կյանքը: Այսպիսով, ես կհրավիրեի, որ դուք մտածեիք այդ մասին և փրձեիք այդպես վարվել։

Հետաքրքիր է, որ դա գրեթե նույնն է, ինչ երեց Բեդնարը խորհուրդ տվեց սոցիալական լրատվամիջոցներում իր գրառման մեջ, որը նշեցինք: Նա կիսվել է, որ «դա կարող է պարզունակ թվալ, բայց մենք չպետք է հիասթափվենք և ջանք ու ժամանակ վատնենք՝ փորձելով հասնել կատարյալ հավասարակշռության այն բոլոր կարևոր գործերի մեջ, որոնք մենք պետք է անենք: Երբ մենք անկեղծորեն աղոթենք Աստծուն օգնության համար, որպեսզի հասկանանք, թե ինչն է առավել կարևոր, Նա ամեն օր մեզ կառաջնորդի և կօգնի կենտրոնացնել մեր ջանքերը»:20

Քույր Սթիվենսոն. Այս պահին կուզենայի կիսվել մի վատ լուրով: Եթե դուք հետևեք այս խորհրդին և առաջ շարժվեք՝ պահելով հավասարակշռություն և տեսլական, ապա, ամենայն հավանականությամբ, դեռ կհանդիպեք մի քանի անհաջողության: Դուք դեռ մի քանի «քերծվածքներ ու կապտուկներ» կստանաք։

Կլինեն պահեր, երբ ձեր տեսլականը մշուշապատ երևա, կամ գուցե չկարողանաք պահել ձեր հավասարակշռությունը: Բայց ահա լավ լուրը. դուք սիրող Երկնային Հոր որդիներն ու դուստրերն եք:

Սուրբ գրություններն ուսուցանում են, որ «Որովհետեւ Աստուած չտուաւ մեզ երկչոտութեան հոգի, այլ զորութեան եւ զգաստութեան»:21 Եվ մի մոռացեք Տիրոջ այս կարևոր խոստումը․ «Ուրախ եղեք, և մի վախեցեք, քանզի ես՝ Տերս, ձեզ հետ եմ, և ես կանգնելու եմ ձեր կողքին»։22 Եվ այսպես, դուք ունեք անսպառ, աստվածային ուժի աղբյուր մեր սիրելի Փրկիչ Հիսուս Քրիստոսի մեջ:

Երեց Սթիվենսոն. Այժմ լսեք նախագահ Նելսոնի ներշնչված խրախուսանքը, որը նա այսօր տալիս է յուրաքանչյուրիդ․ «Աստված գիտեր, որ … ուխտի ճանապարհը հեշտ չէ գտնել կամ մնալ դրա վրա: Նա ուղարկեց Իր Միածին Որդուն՝ քավելու մեր մեղքերը և ցույց տալու մեզ ճանապարհը: Աստվածային զորությունը հասանելի է բոլոր նրանց, ովքեր սիրում և հետևում են Հիսուս Քրիստոսին․ դա մեզ բժշկելու, զորացնելու, մեղքից մաքրելու և մեզ մեծարելու զորությունն է, որպեսզի անենք այնպիսի գործեր, որոնք երբեք չէինք կարող ինքնուրույն անել»:23

Երեց Սթիվենսոն․ Գիտելիքն այն մասին, թե իրականում ով եք դուք և ով է ձեր կողմից, թող օգնի ձեզ ապրել հստակ տեսլականով և կայուն հավասարակշռությամբ: Տերը «կմեծացնի ձեր հնարավորությունները, կընդլայնի ձեր տեսլականը և կզորացնի ձեզ»:24

Երեց Սթիվենսոն. Դե, հիանալի է եղել այս երեկո ձեզ հետ լինել: Մենք կցանկանայինք այժմ եզրափակել՝ հայտնելով մեր երախտագիտությունը, հրավեր հղելով յուրաքանչյուրիդ և բերելով մեր վկայությունները: Ես հրավիրում եմ ձեզ նախ մտածել, թե ինչպես է ավետարանի ձեր տեսլականը հավաստիացնում և հաստատում ձեր ինքնությունը՝ որպես Աստծո դուստրեր և որդիներ:

Երկրորդ, մտածեք, թե ինչպես եք վերաբերվում ձեր քառապատիկ պատասխանատվությանը՝ տանը և ընտանիքում, կրթության և աշխատանքի մեջ, Եկեղեցում և ինքներդ ձեր առջև:

Երրորդ, ես հրավիրում եմ ձեզ գտնել մի հանգիստ տեղ և գրել որոշ մտքեր, թե ինչ եք զգացել այս հոգևոր հավաքի ընթացքում: Հիշեք, , որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ, ձեզանից յուրաքանչյուրն օժտված է Սուրբ Հոգու ընկերակցության պարգևով:

Քույր Սթիվենսոն. Երբ դուք գործեք Երեց Սթիվենսոնի հրավերի համաձայն, եկեք չմոռանանք մեզանից առաջ ծնված ռահվիրաներին, նրանց, ում մասին մենք խոսեցինք, ովքեր կազմավորել են այս հովիտը, ինչպես նաև չմոռանանք յուրաքանչյուրիս ընտանիքում և ձեր հայրենի երկրում ապրող ռահվիրաններին: Ռահվիրայի նրանց ոգին և դժվար գործեր կատարելու նրանց օրինակը վստահություն կհաղորդեն, որ դուք նույնպես դժվարին գործեր կատարեք:

Երեց Սթիվենսոն․ Ինչպես վաղ Վերջին օրերի Սրբերը, մենք ուշադիր հետևում ենք, թե ինչ է կատարվում։ Մենք նայում ենք վերև։ Եվ նայում ենք ինքներս մեզ՝ ավետարանի տեսլականի և հավասարակշռության համար։

Քույր Սթիվենսոն. Ես բերում եմ իմ վկայությունը, որ դուք կարող եք ձեռք բերել «հույսի այդ կատարյալ պայծառությունը»։25 Երկնային Հայրը գիտի ձեզանից յուրաքանչյուրի անունը և Նա սիրում է ձեզ։ Ես բերում եմ իմ վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին՝ որպես կենդանի Աստծո Միածին Որդու, և անում եմ դա Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Երեց Սթիվենսոն։ Ամեն։ Շնորհակալական Լեսա։ Ես նույնպես բերում եմ իմ վկայությունն ու վկայում եմ ձեզ՝ մեր երիտասարդ, գեղեցիկ քույրեր և եղբայրներ: Ես բերում եմ իմ վկայությունը, որ մենք սիրող երկնային ծնողների զավակներն ենք, որ Երկնային Հայրը սիրում է մեզ, և Հոր վարդապետությունն ու ցանկությունն այն է, որ Իր բոլոր զավակները վերադառնան Իր մոտ:

Այժմ այս վարդապետությունը գոյություն ունի Նրա Որդու՝ մեր սիրող Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհիվ: Նրա Քավության շնորհիվ է, որ մենք կարող ենք վերադառնալ մեր սիրող Երկնային Հոր ներկայությունը: Ես դրա մասին վկայում եմ։ Ես բերում եմ իմ վկայությունը Հիսուս Քրիստոսի և Նրա՝ որպես մեր Փրկիչ և Քավիչ սուրբ դերի մասին: Եվ ես դա անում եմ Նրա անունով՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Տպել