Մեկ հարց, որը կարող է փոխել ձեր կյանքը
Համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար նախագահ Նելսոնի հետ
Կիրակի, 15 մայիս 2022 թ
Մեր սիրելի՛ եղբայրներ և քույրեր, մենք ձեզ շատ ենք սիրում: Շատ կուզենայինք բոլորիդ մեզ հետ տուն տանել։ Իսկ որ ավելի կարևոր է, մենք աղոթում ենք, որ այն, ինչ Սուրբ Հոգին կուսուցանի այս երեկո, օգնի ձեզ ավելի լավ պատրաստվել Տուն վերադառնալու համար. Տուն՝ մեծատառ Տ տառով։
Այս երեկո կցանկանայի ձեզ հետ խոսել մեկ հարցի շուրջ․ մեկ հարց, որը կարող է փոխել ձեր կյանքը: Այս մեկ հարցը կարող է մեծացնել ձեր վստահությունը, նվազեցնել ձեր անհանգստությունը, շարժառիթ հանդիսանալ ձեզ համար, բարձրացնել ձեր տրամադրությունը և լավատեսությունը, բարձրացնել ձեր արդյունավետությունը, մեծացնել ձեր կենտրոնացումը և հստակեցնել միտքը, օգնել ձեզ դիմակայել գայթակղությանը, օգնել ձեզ բացահայտել խաբեությունը, մեծացնել ձեր երախտագիտությունը, նվազեցնել լարվածությունը ձեր կյանքում, մեծացնել սիրելու ձեր կարողությունը և օգնել ձեզ ավելի լավ որոշումներ կայացնել: Այդ մեկ հարցը ձեզ ուրախություն, մխիթարություն, սեր և խաղաղություն կպարգևի:
Ինչո՞ւ եմ այդքան վստահ։
Որովհետև դա այն է, ինչ ձեր հասակակից 30 ընկերներ ուսուցանել են ինձ: Եվ ես հավատո՛ւմ եմ նրանց։
Այդ երիտասարդ չափահասներն ինձ ուսուցանել են, որ երբ ինքներդ ձեզ տալիս եք այդ հարցը, այն օգնում է ձեզ հետամուտ լինել այն ամենին, ինչն իսկապես կարևոր է կյանքում, օգնում է ձեզ փոփոխություններ կատարել ձեր կյանքում, որոնք դուք ցանկանում եք կատարել, և նույնիսկ օգնում է ձեզ անկեղծորեն ապաշխարել:
Ձեր ընկերներն ասել են, որ այս հարցը կտա ձեզ աչքեր՝ տեսնելու այնպես, ինչպես նախկինում չեք տեսել՝ Տիրոջ ձեռքը ձեր կյանքում, երկրի գեղեցկությունը և մարդկանց բարությունը: Կարճ ասած, քանի որ այս հարցը ձեզ հաղորդակցության մեջ կդնի Տիրոջ Հոգու և ձեր հոգու աստվածային ԴՆԹ-ի հետ, այս մեկ հարցը ձեզ ավելի շատ լույս և ճշմարտություն կպարգևի:
Ձեր հասակակիցները նաև ուսուցանել են, որ այս հարցը կօգնի ձեզ, անկախ նրանից, թե որքան զբաղված կամ միապաղաղ է ձեր կյանքը ներկայումս: Նույնիսկ նշանակություն չունի, թե ինչպես եք դուք ձեզ զգում՝ ուրախ եք, թե տխուր, մեկուսացած, գերծանրաբեռնված, ընկճված, ոգևորված, անհանգիստ, հուզված, միայնակ, լքված, ճնշված, անտեսված, թե՝ անչափ ուրախ: Դա նշանակություն չունի։ Այս մեկ հարցը կարող է օգնել ձեզ:
Կցանկանայի՞ք լսել այդ հարցը։
Հիանալի՜ է։
Սկզբում ներկայացնեմ նախապատմությունը. Հիսուս Քրիստոսը՝ մեր Փրկիչը, մեր Քավիչը, և այս եկեղեցու՝ Իր Եկեղեցու ղեկավարը, շատ հստակ ասել է, որ Ինքը ցանկանում է, որ ես և դուք դառնանք ավելի սուրբ: Նա նույնիսկ պատվիրում է մեզ դա՝ ասելով. «Դուք պետք է … սրբություն գործադրեք իմ առաջ»:1 Նա դրանով չի սահմանափակվում։ Նա այդ տողին ավելացնում է անդադար բառը։
Արդյո՞ք չափազանց դժվար և պարզապես անհնարին է թվում անդադար սրբություն գործադրելը: Ես լիովին հասկանում եմ, որ դուք մտածում եք. «Քույր Նելսոն, ես պարզապես չեմ կարող դա անել»: Թույլ տվեք վստահեցնել ձեզ, թե ինչու ես գիտեմ, որ դուք կարող եք դա անել:
Մեր ամուսնությունից առաջ ես աշխատում էի որպես հոգեբան, ամուսնության և ընտանեկան թերապևտ և ԲՅՀ պրոֆեսոր: Իմ մասնագիտական կյանքի այդ 30 տարիների ընթացքում ես սովորեցի հարցերի ուժի մասին: Որոշ հարցեր օգնում են իրերը բացահայտել բոլորովին նոր ձևով՝ բացելով մեր սրտերն ու մտքերը ամեն տեսակի հնարավորության համար, որը մենք հակառակ դեպքում չէինք նկատի: Այսպիսով, երկու ամիս առաջ, երբ մտածում էի հարցերի ուժի մասին, ես հրավիրեցի 30 երիտասարդ չափահաս ընկերների, որոնք ձեր տարիքին էին՝ ամուսնացած և ամուրի, որպեսզի երեք օր շարունակ միասին փորձարկում անեինք այս մեկ հարցի շուրջ։ Ես խնդրեցի նրանց անել հետևյալը. «Երեք օր անընդմեջ՝ ամեն օր, ընդամենը մեկ իրավիճակում, հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ կաներ սուրբ չափահաս երիտասարդը (նման իրավիճակում)»:
Այդքա՛նը։ Դա էր հարցի էությունը․ «Ի՞նչ կաներ սուրբ չափահաս երիտասարդը»:
Օրինակ․2
-
Ինչպե՞ս կսկսեր իր օրը սուրբ չափահաս երիտասարդը:
-
Ի՞նչ կլիներ նրա «անելիքների» ցանկում:
-
Ինչպե՞ս կխոսեր ընկերոջ հետ, կամ ինչպե՞ս գնումներ կկատարեր, կխաղար, կաղոթեր, լվացք կաներ կամ կընթերցեր երեխայի համար։
-
Ի՞նչ կլսեր կամ կասեր սուրբ երիտասարդ չափահասը, կամ ինչպե՞ս կգրեր, կկարդար, կդիտեր և կհագնվեր։
-
Եթե սուրբ չափահաս երիտասարդին սուտ մեղադրանքներ ներկայացնեին, դավաճանեին կամ սխալ հասկանային, ի՞նչ կաներ նա:
-
Ի՞նչ կաներ նա իսկապես դժվարին իրավիճակում, որտեղ նրա արժեքները կամ բարոյական հատկանիշները կփորձվեին:
-
Նա ինչպե՞ս կպատրաստվեր ընդունելու հաղորդությունը ամեն կիրակի:
-
Սուրբ երիտասարդ չափահասը ինչպե՞ս կօգտագործեր իր ժամանակը, որպեսզի նախապատրաստվեր ամուսնությանը, այլ ոչ թե սպասեր դրան:
-
Ամուսնացած սուրբ երիտասարդ չափահասներն ինչպե՞ս կամրապնդեին իրենց ամուսնությունը:
Եվ ի՞նչ տեղի ունեցավ։ ԱՄՆ-ի մի քանի նահանգներում և Կանադայի երկու քաղաքներում 30 չափահաս երիտասարդ գնացին գործելու՝ իրենք իրենց հարցնելով. «Ի՞նչ կաներ սուրբ չափահաս երիտասարդը»:
Սկսվեց սովորական առօրյա գործերի մի շրջան, որոնցից յուրաքանչյուրն այժմ արվում էր այնպես, ինչպես դա կաներ սուրբ չափահաս երիտասարդը: Ընդամենը մի քանի օր անց մեծ քանակությամբ զեկույցներ ստացանք։
Թույլ տվեք պատմել, թե ինչ արեցին ձեր ընկերներից մի քանիսը:3
-
Նրանք ավելի մեծ երախտագիտությամբ էին ուտում ճաշի գազարները։
-
Սովորական երաժշտությունն ու փոդքասթները փոխարինվեցին ոգեշնչող երաժշտությամբ, գերագույն համաժողովի ելույթներով և «Եկ, հետևիր ինձ» փոդքաստներով:
-
Սոցիալական մեդիայի ժամանակատար հավելվածները ջնջվեցին։
-
Անպարկեշտ բառապաշարով հեռուստածրագրերն անջատվեցին։
-
Հսկայական «անելիքների ցուցակները» վերադասավորվեցին ըստ առաջնահերթության։
-
Աղոթքներն ասվում էին նախքան դժվար տնային առաջադրանքներ կատարելը՝ հրավիրելով Սուրբ Հոգուն ուսուցանել իրենց։
-
Սուրբ գրությունները կարդում էին տարբեր ժամանակ, այդ թվում՝ քննության մեկնարկից անմիջապես առաջ, որը հրաշալի արդյունքներ էր ապահովում։
-
Վերականգնվեցին հոգևորապես զորացնող սովորությունները, որոնք կորսվել էին միսիայից տուն վերադառնալուց հետո:
-
Կիսվեցին վկայություններով դասընկերների հետ։
-
Խանդը, որ տածում էին այն ընկերների հանդեպ, ովքեր ժամադրվում և ամուսնանում էին, փոխարինվեց նրանց հանդեպ սիրով և ուրախությամբ:
-
Մեքենա վարելու ժամանակը դարձավ հանգիստ խորհելու ժամանակ:
-
Շարունակական բացասական մտքերի փոխարեն սկսեցին հաշվել փոքր հաղթանակները և բազմաթիվ օրհնությունները:
-
Էլեկտրոնային սարքերի վրա ժամանակ վատնելու փոխարեն սկսեցին զանգահարել և անձնական այցելություններ կատարել։
-
Տաճարին տրամադրվող ժամանակն ավելացավ, ինչպես նաև ավելացավ ամուսինների տնայի՛ն գործերը:
-
Ե՛վ Երկնային Հոր, և՛ Հիսուս Քրիստոսի սերն առատորեն զգացվեց:
Ուրիշ ի՞նչ տեղի ունեցավ։
Մի երիտասարդ չափահաս բացահայտեց «իմ ազատ կամքի ո՛ւժը։ Նա շարունակել է. «Երբ որոշեցի գերագույն համաժողովը դիտել այնպես, ինչպես կդիտեր սուրբ երիտասարդ չափահասը, ես սկսեցի այն դիտել ոչ թե մարդկանց հաճոյանալու կամ իմ մասին կարծիք ձևավորելու նպատակով: Ես դիտում էի, քանի որ գիտեի, որ այս Եկեղեցին ճշմարիտ է: Ավետարանը ճշմարիտ է: Ելույթ ունեցող տղամարդիկ և կանայք ոգեշնչված էին և առաջնորդվում են Տիրոջ կողմից, և ես ցանկանում էի սովորել»:
Մի կին, որը միշտ ցանկանում էր մարդկանց գոհացնել, պատմել է, որ աշխատավայրում նրա լարվածությունը նվազել է։ Նա գրել է. «Երբ սկսեցի ինքս ինձ ուղղել այդ հարցը, իմ տեսակետը լիովին փոխվեց։ Ես վերագտա իմ վստահությունը, քանի որ հիշում էի ավելի կարևոր բաների նշանակությունը: Ես սովորեցի, որ սրբանալուն զուգընթաց սկսում ես քիչ անհանգստանալ, թե ինչ են ցանկանում ուրիշները ինձանից, և ավելի շատ անհանգստանում ես, թե ինչ է ցանկանում Աստված»։
Այժմ, իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ներկայումս Սոլթ Լեյքի տաճարը դեռևս ճարտարապետական հրաշք է, բայց այն Տիրոջ գործող տաճար չէ: Քանի որ այդ արտակարգ կառույցը ենթարկվում է լայնածավալ վերանորոգման և կատարվում են կանգուն պահելու կայունացման աշխատանքներ, Սոլթ Լեյքի տաճարը շահագործումից հանվել է որպես տաճար: Երբ տաճարը շահագործումից հանվում է, այն ինչը սուրբ է, ինչը վերաբերում է արարողություններին և հրահանգներին, հանվում է: Դժբախտաբար, նույնը կարող է պատահել մարդկանց հետ:
Ցավոք, սատանայի հարվածների, մեծ ու ընդարձակ շենքում գտնվող մարդկանց վատ ընտրությունների և հավերժական կյանքին սպառնացող հայացքների պատճառով, շատ երիտասարդ չափահասների սրբությունը հեռացվել է իրենց կյանքից: Այս երիտասարդ չափահասները, այսպես ասած, շահագործումից հանվել են որպես «Աստծո տաճար[ներ]»:4
Այժմ, անկախ նրանից՝ դա տեղի է ունեցել ձեզ հետ, թե ոչ, ես հրավիրում եմ ձեր կյանքում վերականգնել կամ ավելացնել սրբությունը՝ ճշտորեն կատարելով այն, ինչ Տերն է պատվիրել՝ «անդադար … սրբություն գործադրել»: Դուք կարող եք սկսել այս գործընթացը՝ անելով այն, ինչ արեցին ձեր հասակակիցները. Երեք օր անընդմեջ՝ ամեն օր ընդամենը մեկ իրավիճակում, հարցրեք ինքներդ ձեզ․ «Ի՞նչ կաներ սուրբ չափահաս երիտասարդը»: Իսկ հետո հետևեք՝ համաձայն ստացած պատասխանի։
Երբ ձեր կյանքը գնալով զբաղված ու դժվար դառնա,5 ամեն օր փորձեք մի փոքր ավելի սուրբ դառնալ և արագ ապաշխարեք, երբ սխալ գործեք․ դուք ուրախություն կգտնեք այս կյանքում և հավերժական կյանք՝ գալիք աշխարհում: Դուք լիակատար ու անմոռանալի ձևով կզգաք այն, ինչ խոստացավ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսը, երբ ասաց. «Ես կարող եմ ձեզ սուրբ դարձնել»:6
Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, այժմ ձեզ համար ելույթ կունենա նախագահ Նելսոնը: Ես վկայում եմ ձեզ, և ես կարող էի վկայել ցանկացած երկրի դատարանում, որ նախագահ Ռասսել Մ. Նելսոնը Տիրոջ մարգարեն է երկրի վրա այսօր՝ ընտրված և հրահանգված Նրա կողմից: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։