2022 թվականի հոգևոր հավաքներ
Ընտրություններ հավերժության համար


31:24

Ընտրություններ հավերժության համար

Համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար Նախագահ Նելսոնի հետ

Կիրակի, 15 մայիս 2022 թ.

Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ես և քույր Նելսոնը ամիսներ շարունակ անհամբեր սպասել ենք այս երեկոյին: Վենդին մեծ հավատքի և իմաստության տեր կին է: Ես ձեզ խորհուրդ եմ տալիս լսել նրա ուսմունքները:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոն և քույր Վենդի Վ. Նելսոն

Հրաշալի՜ է, որ կարող ենք հանդիպել Ահարոնյան Քահանայության վերականգնման տարեդարձին: Ինչպես գիտեք, 1829 թ. մայիսի 15-ին Մարգարե Ջոզեֆ Սմիթը և Օլիվեր Քաուդերին ծնկի իջան անտառի մի մեկուսի վայրում՝ Փենսիլվանիա նահանգի Հարմոնիում գտնվող Ջոզեֆի և Էմմայի տան մոտ: Քույր Նելսոնը և ես եղել ենք կարմիր թխկիների այդ պուրակում:

Հովհաննես Մկրտիչը Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին շնորհում է Ահարոնյան Քահանայությունը

Այս պուրակը սրբազան դարձավ այն բանից հետո, երբ Հովհաննես Մկրտիչը Ահարոնյան Քահանայություն շնորհեց Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին:

Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին շնորհում են Մելքիսեդեկյան Քահանայություն:

Ավելի ուշ նույն տեղանքում Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը վերականգնեցին Մելքիսեդեկյան Քահանայությունը։

2015 թվականի սեպտեմբերին ես նվիրագործել եմ Քահանայության վերականգնման վայրը: Նախորդ բոլոր հանձնարարություններից, որ ես ստացել էի այն ժամանակ, դա ինձ համար ամենակարևորն էր: Այդ վայրը հիշատակում է մարդուն տրված քահանայության իշխանության և բանալիների վերականգնումը երկրի վրա: Այդ և մյուս բանալիները անհրաժեշտ էին՝ առաջնորդելու Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցին և մեզ հնարավորություն տալու կատարել և ստանալ հիմնական արարողությունները, ներառյալ՝ հավերժության համար ընտանիքների կնքումը: Նվիրագործման այդ օրը եզակի պահ էր իմ կյանքում:

Իսկ այս օրերը եզակի ժամանակաշրջան են ձեր կյանքում: Նման այլ ժամանակաշրջան չի լինի։ Դուք սահմանում եք առաջնահերթություններ և օրինաչափություններ, որոնք կտրուկ կազդեն ոչ միայն ձեր մահկանացու կյանքի, այլ նաև ձեր հավերժական կյանքի վրա:

Եկեք խոսենք կյանքի մասին: Դա մի բան է, որի հետ ես փոքր-ինչ առնչություն եմ ունեցել: Ես մեծացել եմ Մեծ ճգնաժամի տարիներին: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ես եղել եմ դեռահաս։ Ես մի քանի անգամ ականատես եմ եղել, որ ինչ-որ մեկը մոտ է եղել մահվան։ Բազմիցս եղել եմ վեց մայրցամաքներում և դեռ չեմ հանդիպել մի ժողովրդի կամ մշակույթի, որն ինձ համար ոգեշնչող չի եղել:

Նաև դժբախտություն եմ տեսել իմ կյանքում։ Ես տեսել եմ, թե ինչպես են իմ երկու թանկագին դուստրերը դանդաղ, ցավագին և ճակատագրական ձևով մահացել քաղցկեղից: Եվ ես հողին եմ հանձնել իմ հրաշալի կնոջը՝ Դենզելին, ով մեր 10 երեխաների մայրն է: Իմանալով, որ լավ չէ մարդուն մենակ լինել,1 ես որոշեցի նորից ամուսնանալ: Ես ամուսնացա մեկ այլ հրաշալի կնոջ՝ սիրելի Վենդիի հետ:

Ես տեսել եմ, թե ինչպես են իմ ընկերներն ու ընտանիքի անդամները հերոսական ընտրություններ կատարում և ապրում օրինակելի կյանքով: Եվ ես տեսել եմ, որ ուրիշներն աղետալի որոշումներ են կայացրել, որոնք կանգնեցրել են նրանց առաջընթացը:

Մի խոսքով, ես երկար եմ ապրել, և այս պահին դադարել եմ կանաչ բանան գնել (որ գուցե չհասցնեմ ապրել մինչ դրանց հասնելը): Եվ նաև դադարել եմ ժամանակ ծախսել այն բաների վրա, որոնք կարևոր չեն: Բայց դուք կարևոր եք ինձ համար։ Եվ ձեր ապագան ինձ համար շատ կարևոր է: Ինձ համար պատիվ է, որ ձեզանից շատերը մասնակցում են այս հավաքին։ Եվ ես շնորհակալ եմ այն երաժիշտներին, որոնք օգնեցին մեզ սկսել նման հրաշալի տրամադրությամբ:

Այս երեկո ուզում եմ ձեզ հետ խոսել ձեր ապագայի մասին: Ես և քույր Նելսոնը վերջերս մասնակցեցինք մի համալսարանի նախագահի երդմնակալության արարողությանը: Այդ հիանալի միջոցառման ժամանակ ես մտածում էի ամբողջ աշխարհի անթիվ մանկավարժների մասին, ովքեր նվիրված ուսուցանում են ձեր տարիքի տղաներին և աղջիկներին: Կրթությունը շատ կարևոր է։ Ես դա համարում եմ կրոնական պատասխանատվություն։ Աստծո փառքը բանականություն է։2

Այնուամենայնիվ, մեծ տարբերություն կա աշխարհիկ մանկավարժների պարտականությունների և իմ՝ որպես երկրի վրա ավագ առաքյալի, պարտականությունների միջև: Նրանց գործն է կրթել և պատրաստել ձեզ մահկանացու փորձառությանը, այսինքն՝ ինչպես հաջողության հասնել ձեր կյանքի գործում: Իմ պարտականությունն է կրթել և պատրաստել ձեզ անմահ փորձառությանը, այսինքն՝ ինչպես ձեռք բերել հավերժական կյանք:

Բարձրագույն ուսումնական լավագույն հաստատությունների ուսումը սահմանափակումներ ունի, քանի որ աշխարհիկ կրթությունը, ընդհանուր առմամբ, անտեսում է երեք հիմնական ճշմարտություն, որոնց մասին հազվադեպ են խոսում.

  1. Առաջին՝ մենք բոլորս մեռնելու ենք։3

  2. Երկրորդ՝ Հիսուս Քրիստոսի շնորհիվ մենք բոլորս հարություն ենք առնելու և անմահանալու:4

  3. Եվ երրորդ՝ մեզ բոլորիս սպասում է դատաստանի օրը։5

Այս երեք բացարձակ ճշմարտությունները պետք է կազմեն ձեր հոգևոր կրթության հիմքը:

Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվության վերականգնման շնորհիվ մենք շատ բան գիտենք մեր հետմահու հնարավորությունների մասին: Մենք գիտենք, որ մեր Երկնային Հոր տանը շատ «բնակարաններ» կան։6 Մենք գիտենք, որ Աստված այնքան է սիրում Իր զավակներին և ինչպես նախագահ Դալլին Հ. Օուքսն է ուսուցանել․ «Աստծո բոլոր զավակները, մի քանի բացառություններով, «վերջապես կհայտնվեն փառքի արքայությունում»:7 Միայն մտածեք այդ մասին։ Մեր Հայրը ստեղծեց փառքի արքայություններ՝ թելեստիալ, թերեստրիալ և սելեստիալ, որպեսզի փառավոր տեղ ապահովի Իր զավակներին:

Այս երեկո իմ նպատակն է համոզվել, որ դուք հստակ գիտակցում և հասկանում եք այն ճշմարտությունը, որ այս կյանքն իսկապես այն ժամանակն է, երբ դուք պետք է որոշեք, թե դուք ինչպիսի կյանքով եք ուզում ապրել հավիտենականության մեջ: Հիմա է ձեր ժամանակը «պատրաստվելու համար հանդիպելու Աստծուն»։8

Մահկանացու կյանքը հազիվ թե նանովայրկյան լինի՝ հավերժության հետ համեմատած: Բայց, իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, դա շատ կարևոր նանովայրկյան է: Այս կյանքի ընթացքում մենք պետք է ընտրենք, թե որ օրենքներին ենք պատրաստ հնազանդվել՝ սելեստիալ, թերեստրիալ, թե թելեստիալ արքայության օրենքներին6, և, հետևաբար, փառքի որ արքայությունում կապրենք հավերժ:

Յուրաքանչյուր արդար ընտրություն, որը դուք կկատարեք այստեղ, հսկայական օգուտ կտա ձեզ այս կյանքում։ Բայց մահկանացու կյանքում կատարած արդար ընտրությունները աներևակայելի օգուտ կտան հավերժական կյանքում։ Եթե դուք ընտրեք ուխտեր կապել Աստծո հետ և հավատարիմ մնալ այդ ուխտերին, դուք «[ձեր] գլխին փառք կավելացնեք հավիտյանս հավիտենից»:10

Այս ճշմարտությունները պետք է ձեր մեջ արթնացնեն ՀԲԹՎ-ի կամ հնարավորությունը բաց թողնելու վախի զգացումը։ Դուք սելեստիալ արքայությունը ձեռք բերելու ներուժ ունեք: Առավելագույն ՀԲԹՎ-ն կլինի այն, երբ չհասնեք սելեստիալ արքայության՝ բնակվելով ավելի ցածր արքայությունում, քանի որ այստեղ՝ երկրի վրա դուք որոշել եք ապրել միայն ցածր արքայության օրենքներով:

Հակառակորդը, իհարկե, չի ուզում, որ դուք նույնիսկ մտածեք վաղվա օրվա մասին, էլ չեմ խոսում հավիտենական կյանքի մասին։ Բայց խնդրում եմ, անտեղյակ կամ միամիտ մի եղեք մահկանացու կյանքի հնարավորությունների և մարտահրավերների վերաբերյալ: Դրա համար պետք է հասկանաք երեք հիմնարար ճշմարտություն, որոնք կօգնեն ձեզ նախագծել ձեր հետագա ընթացքը.

  1. Նախ՝ իմացեք այն ճշմարտությունը, թե ով եք դուք:

  2. Երկրորդ՝ իմացեք ճշմարտությունն այն մասին, թե Երկնային Հայրը և Նրա Որդին ինչ են ձեզ առաջարկել։

  3. Եվ երրորդ՝ իմացեք ձեր դարձին վերաբերող ճշմարտությունը:

Ես կխոսեմ այս երեք կետերի մասին:

Նախ՝ իմացեք այն ճշմարտությունը, թե ով եք դուք: Կարծում եմ, որ եթե Տերը խոսեր ձեզ հետ այս երեկո, առաջին հերթին Նա կցանկանար համոզվել, որ դուք հասկանում եք ձեր ճշմարիտ ինքնությունը:11 Իմ սիրելի՛ ընկերներ, դուք բառացիորեն Աստծո հոգևոր զավակներն եք: Դուք այս ճշմարտությունը երգել եք այն պահից սկսած, երբ սովորեցիք «Աստծո զավակն եմ» երգի բառերը։12 Բայց արդյո՞ք այդ հավերժական ճշմարտությունը դրոշմված է ձեր սրտում: Արդյո՞ք այս ճշմարտությունն օգնել է ձեզ գայթակղության հանդիպելիս:13

Վախենում եմ, որ գուցե այնքան հաճախ եք լսել այս ճշմարտությունը, որ այն ավելի շուտ որպես կարգախոս է հնչում, քան աստվածային ճշմարտություն: Այնուամենայնիվ, այն, թե ինչ եք մտածում ձեր ինքնության մասին, ազդում է ձեր երբևէ կայացրած գրեթե յուրաքանչյուր որոշման վրա:

2006 թվականին, երբ ամուսնացա Վենդիի հետ, ինձ սպասում էին անակնկալներ, որոնցից շատերը բավականին լավն էին: Այդ անակնկալներից մեկը նրա ունեցած հագուստի քանակն էր, որոնց վրա պատկերված էին տարբերանշաններ այն համալսարաններից, որոնք նա ավարտել էր և այն վայրերից, որտեղ նա ճանապարհորդել էր և այլն: Ամեն անգամ, երբ նա հագնում էր այդ հագուստներից մեկը, ես ծաղրում էի նրան՝ ասելով. «Ո՞ւմ ես այսօր գովազդում»: Նա հրավիրեց ինձ միանալու զվարճանքին:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոն և քույր Վենդի Վ. Նելսոն

Պիտակները կարող են հետաքրքիր լինել և արտահայտել ձեր աջակցությունը ցանկացած դրական բանի նկատմամբ: Ժամանակի ընթացքում շատ պիտակներ կկորցնեն իրենց արդիականությունը ձեզ համար։ Եվ ոչ բոլոր պիտակներն ունեն հավասար արժեք։ Բայց, եթե որևէ պիտակ փոխարինում է ձեր ամենակարևոր որակավորումներին, ձեր հոգևորը կարող է վնասվել։

Օրինակ, եթե ըստ կարևորության դասակարգեի այն դասակարգումները, որոնք կիրառելի են ինձ համար, ես կասեի. Նախ՝ ես Աստծո զավակն եմ՝ Աստծո որդին, հետո՝ ուխտի որդին, հետո՝ Հիսուս Քրիստոսի աշակերտը և Նրա վերականգնված Եկեղեցու նվիրված անդամը:

Հաջորդը կգան իմ պատվավոր կոչումները՝ որպես ամուսին և հայր, ապա՝ Տեր Հիսուս Քրիստոսի Առաքյալ:

Բոլոր մյուս պիտակները, որոնք վերաբերում են ինձ, օրինակ՝ բժիշկ, վիրաբույժ, գիտաշխատող, պրոֆեսոր, լեյտենանտ, կապիտան, բժշկական գիտությունների թեկնածու, ամերիկացի և այլն, գտնվում են ցուցակի ներքևում։

Հիմա եկեք հարցն ուղղենք ձեզ։ Ո՞վ եք դուք:

Առաջին հերթին դուք Աստծո զավակն եք:

Երկրորդ՝ որպես Եկեղեցու անդամ, դուք ուխտի զավակն եք: Եվ երրորդ՝ դուք Հիսուս Քրիստոսի աշակերտն եք:

Այս երեկո ես խնդրում եմ ձեզ չփոխարինել այս երեք կարևոր և անփոփոխ որակավորումները այլ որակավորումներով, քանի որ դա կարող է խանգարել ձեր առաջընթացին կամ սխալ դասակարգել ձեր կարծրատիպերը, որոնք կխանգարեն ձեր հավերժական առաջընթացին:

Օրինակ, եթե ձեզ հիմնականում նույնացնում են որպես ամերիկացի, նրանք, ովքեր ամերիկացի չեն, կարող են մտածել. «Ես գիտեմ այն ամենը, ինչ պետք է իմանալ ձեր մասին», և վերագրել ձեզ սխալ կարծիքներ:

Եթե դուք ինքներդ ձեզ նույնացնեք ձեր քաղաքական պատկանելությամբ, դուք անմիջապես կդասակարգվեք որոշակի համոզմունքներ ունեցողների շարքում, չնայած ես չեմ ճանաչում որևէ մեկի, ով հավատում է այն ամենին, ինչ ներկայումս ընդունում է իրենց նախընտրած քաղաքական կուսակցությունը:

Մենք կարող ենք երկար շարունակել այս ցանկը՝ ներկայացնելով տարբեր պիտակներ կրելու նեղ մտածելակերպը, որոնք մենք կամ այլ մարդիկ վերագրում են մեզ:

Ոմանք կարող են ինձ պիտակավորել որպես «ծերուկ»: Բայց ես շատ ավելի երիտասարդ եմ, քան Ադամն ու Նոյն էին:14 Էյջիզմը (տարիքային խտրականությունը), ռասիզմը, ազգայնականությունը, սեքսիզմը և մի շարք այլ «իզմեր» համընդհանուր սահմանափակումներ են:

Ողբերգական է, երբ ինչ-որ մեկը հավատում է այն պիտակին, որն իրեն տվել է մեկ ուրիշը: Պատկերացրեք երեխայի վիրավորանքը, ում ասում են՝ «դու հիմար ես»։ Որակավորումներն ու պիտակները հզոր ազդեցություն ունեն:

Հակառակորդը ուրախանում է պիտակներ դնելով, քանի որ դրանք բաժանում են մեզ և սահմանափակում են մեր կարծիքը՝ ինքներս մեր և միմյանց մասին: Ցավալի է, երբ մենք ավելի շատ հարգում ենք պիտակները, քան միմյանց:

Պիտակները կարող են հանգեցնել քննադատության և թշնամանքի: Ազգության, ռասայի, սեռական կողմնորոշման, սեռի, կրթական աստիճանի, մշակույթի կամ այլ նշանակալի որակավորումների պատճառով ուրիշների նկատմամբ ցանկացած բռնություն կամ նախապաշարմունք վիրավորական է մեր Արարչի համար: Նման վատ վերաբերմունքը ստիպում է մեզ զգալ մեր կարգավիճակից ցած՝ որպես Նրա ուխտի որդիներ և դուստրեր:

Կան տարբեր պիտակներ, որոնք, իհարկե, կարող են ձեզ համար շատ կարևոր լինել: Խնդրում եմ ինձ սխալ չհասկանաք։ Ես չեմ ասում, որ այլ դասակարգումներն ու որակավորումները էական չեն։ Ես պարզապես ասում եմ, որ ոչ մի որակավորում չպետք է հեռացնի, փոխարինի կամ առաջնահերթ լինի այս երեք մնայուն դասակարգումներից՝ «Աստծո զավակի», «ուխտի զավակի» և «Հիսուս Քրիստոսի աշակերտի»:

Ցանկացած որակավորում, որն անհամատեղելի է այդ երեք հիմնական դասակարգումների հետ, ի վերջո, ձեզ կհիասթափեցնի: Այլ պիտակները ժամանակի ընթացքում կհիասթափեցնեն ձեզ, քանի որ նրանք զորություն չունեն առաջնորդելու ձեզ դեպի հավերժական կյանք՝ Աստծո սելեստիալ արքայությունում:

Աշխարհիկ որակավորումները երբեք չեն տա ձեզ տեսլական այն մասին, թե վերջում ով կարող եք դառնալ: Նրանք երբեք չեն հաստատի ձեր աստվածային ԴՆԹ-ն կամ ձեր անսահմանափակ, աստվածային ներուժը:

Քանի որ գոյություն ունի փրկության մեծ ծրագիր, որի հեղինակն է Երկնային Հայրը, մի՞թե արդար չի լինի, որ դուք նույնպես աստվածային ճակատագիր ունենաք:15

Սխալ մի հասկացեք․ ձեր ներուժն աստվածային է: Երբ ջանասիրաբար փնտրեք, Աստված ձեզ հուշումներ կտա, թե ով կարող եք դառնալ։

Ուրեմն ո՞վ եք դուք։ Նախ և առաջ, դուք Աստծո զավակն եք, ուխտի զավակը և Հիսուս Քրիստոսի աշակերտը: Երբ դուք ընդունեք այս ճշմարտությունները, մեր Երկնային Հայրը կօգնի ձեզ հասնել ձեր վերջնական նպատակին՝ ապրելու հավերժ Իր սուրբ ներկայության մեջ:

Երկրորդ՝ իմացեք ճշմարտությունը այն մասին, թե ինչ են ձեզ առաջարկել Հայր Աստվածը և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը:

Կարճ ասած, նրանք ձեզ առաջարկել են ամեն ինչ։

Իր զավակների համար Երկնային Հոր ծրագիրը թույլ է տալիս մեզ ապրել այնտեղ, որտեղ Նա է ապրում և ապրել այնպես, ինչպես Նա է ապրում՝ ի վերջո, ավելի ու ավելի նմանվելով Իրեն: Նրա ծրագիրը բառացիորեն մեզ տալիս է ողջ հավերժության ամենառատ օրհնությունները, ներառյալ «Քրիստոսի հետ ժառանգակիցներ» դառնալու ներուժը:16

Աստված ամենագետ և ամենատես է։ Ամբողջ հավերժության ընթացքում ոչ ոք երբեք չի ճանաչի ձեզ և չի հոգա ձեր մասին ավելի շատ, քան Նա: Ոչ ոք երբեք ձեզ ավելի մոտ չի լինի, քան Նա: Դուք կարող եք հեղել ձեր սիրտը Նրա առաջ և վստահ լինել, որ Նա կուղարկի Սուրբ Հոգին և հրեշտակներին՝ հոգ տանելու ձեր մասին: Նա ցույց տվեց Իր մեծագույն սերը, երբ ուղարկեց Իր Միածին Որդուն, որ մեռնի ձեզ համար՝ լինելով ձեր Փրկիչն ու ձեր Քավիչը:

Իր Քավության միջոցով Տեր Հիսուս Քրիստոսը հաղթեց աշխարհին:17 Հետևաբար, Նա «հզոր է ․․․ ձեզ ամեն անարդարությունից սրբելու»։18 Նա կազատի ձեզ ամենադաժան փորձություններից՝ Իր ուրույն ձևով և Իր ուրույն ժամանակին:19 Երբ դուք հավատքով մոտենաք Նրան, Նա կառաջնորդի, կպահպանի և կպաշտպանի ձեզ: Նա կբուժի ձեր կոտրված սիրտը և կմխիթարի ձեզ նեղության ժամանակ:20 Նա ձեզ հնարավորություն կտա ստանալ Իր զորությունը: Եվ Նա ձեր կյանքում հնարավոր կդարձնի անհնարինը:

Հիսուս Քրիստոսը ձեզ համար հույսի, խաղաղության և ուրախության միակ հարատև աղբյուրն է: Սատանան երբե՛ք չի կարող լինել դրանցից որևէ մեկը: Եվ սատանան երբե՛ք չի օգնի ձեզ:

Մյուս կողմից, Աստծո գործը և փառքն է` իրականացնել մարդու «անմահությունը և հավերժական կյանքը»։21 Աստված կանի այն ամենը, ինչ կարող է, բացի ձեր ազատ կամքը խլելուց, որ օգնի ձեզ բաց չթողնել ողջ հավերժության մեծագույն օրհնությունները:

Աստված առանձնահատուկ սեր է տածում բոլոր այն մարդկանց հանդեպ, ովքեր Իր հետ ուխտ են կապում մկրտության ջրերում:22 Եվ այդ աստվածային սերն աճում է, երբ լրացուցիչ ուխտեր են կնքվում և հավատարմորեն պահվում: Այնուհետև՝ մահկանացու կյանքի ավարտին, մեր Երկնային Հոր հետ յուրաքանչյուր ուխտի զավակի վերամիավորումը արժեքավոր է դառնում:23

Նաև, Նա խորապես հոգ է տանում, որ Իր բոլոր զավակները հնարավորություն ունենան լսելու վերականգնված ավետարանի ավետիքը: Երկնային Հայրն Իր զավակներին երկիր է ուղարկել ավելի քան վեց հազարամյակների ընթացքում: Այդ մարդկանցից շատերը դեռ չեն ստացել այն արարողությունները, որոնք նրանց կարժանացնեն հավերժական կյանքին: Այդ իսկ պատճառով տաճարներն այդքան կարևոր են։ Դա է պատճառը, որ վարագույրի երկու կողմում Իսրայելի հավաքումը այսօր Երկրի վրա կատարվող կարևորագույն աշխատանքն է։ Դուք՝ իմ սիրելի գործընկերներ այս սուրբ գործում, էական դերակատարում ունեք այս հավաքման գործում, և ես շնորհակալ եմ ձեզ դրա համար։

Դա հանգեցնում է երրորդ կետին։

Իմացեք ձեր դարձին վերաբերող ճշմարտությունը: Ճշմարտությունն այն է, որ դուք պետք է պատասխանատվություն ստանձնեք ձեր անձնական դարձի մեջ: Ոչ ոք չի կարող անել դա ձեր փոխարեն:

Այժմ, եկեք քննարկենք մի քանի հարց։ Ցանկանու՞մ եք խաղաղություն զգալ այն մտահոգությունների առնչությամբ, որոնք այժմ տանջում են ձեզ: Ցանկանու՞մ եք ավելի լավ ճանաչել Հիսուս Քրիստոսին: Ցանկանու՞մ եք իմանալ, թե Նրա աստվածային զորությունը ինչպես կարող է բուժել ձեր վերքերը և թուլությունները: Ցանկանու՞մ եք ձեր կյանքում զգալ Հիսուս Քրիստոսի Քավության քաղցր, հանգստացնող զորությունը:

Այս հարցերին պատասխանելու ձգտումը կպահանջի ջանքեր՝ մեծ ջանքեր: Ես խնդրում եմ ձեզ, որ պատասխանատվություն ստանձնեք ձեր վկայության համար։ Աշխատեք դրա համար: Պահպանեք այն։ Հոգ տարեք դրա մասին։ Զարգացրեք, որ այն աճի։ Սնուցեք այն ճշմարտությամբ։ Մի աղտոտեք այն անհավատ տղամարդկանց և կանանց կեղծ փիլիսոփայություններով, իսկ հետո զարմացեք, թե ինչու է ձեր վկայությունը նվազում:

Ամեն օր ջերմեռանդ ու խոնարհ աղոթեք: Սովորեք հնագույն և ժամանակակից մարգարեների խոսքերը: Խնդրեք, որ Տերն ուսուցանի ձեզ, թե ինչպես ավելի լավ լսեք Նրան: Ավելի շատ ժամանակ անցկացրեք տաճարում և ավելի շատ ժամանակ հատկացրեք ընտանեկան պատմության աշխատանքին:

Երբ ձեր վկայությունը դառնա ձեր առաջնահերթությունը, կտեսնեք, որ հրաշքներ են կատարվում ձեր կյանքում:

Եթե հարցեր ունենաք, իսկ ես հուսով եմ, որ կունենաք, պատասխաններ փնտրեք՝ հավատալու մեծ ցանկությամբ: Ավետարանի մասին սովորեք այն ամենը, ինչ կարող եք, և չմոռանաք առաջնորդության համար դիմել ճշմարտությամբ լի աղբյուրներին: Մենք ապրում ենք մի տնտեսության մեջ, երբ «ոչինչ ետ չի պահվի»։24 Դրանից հետո, ժամանակի ընթացքում Տերը կպատասխանի մեր բոլոր հարցերին:

Միևնույն ժամանակ, ընկղմվեք հայտնության հարուստ ջրամբարում, որը հասանելի է մեզ։ Ես խոստանում եմ, որ դա կամրապնդի ձեր վկայությունը, նույնիսկ, եթե ձեր որոշ հարցերի պատասխանները դեռևս չեն տրվել: Անկեղծ հավատքով տրված ձեր հարցերը միշտ կհանգեցնեն ավելի մեծ հավատքի և ավելի շատ գիտելիքի:

Եթե ընկերներն ու ընտանիքի անդամները հեռանան Եկեղեցուց, շարունակեք սիրել նրանց: Դուք չէ, որ պետք է դատեք ուրիշների ընտրությունը, ինչպես որ դուք արժանի չեք քննադատվելու՝ հավատարիմ մնալու համար:

Խնդրում եմ, լսեք ինձ, երբ ասում եմ, որ չմոլորվեք նրանց կողմից, ում կասկածները կարող են սնվել այն բաներից, որոնք դուք չեք կարող տեսնել նրանց կյանքում: Թող ձեր թերահավատ ընկերները տեսնեն, թե որքան եք դուք սիրում Տիրոջը և Նրա ավետարանը: Զարմացրե՛ք նրանց կասկածող սրտերը ձեր հավատացող սրտով:

Երբ դուք պատասխանատվություն եք ստանձնում ձեր վկայության համար և օգնում, որ այն աճի, դուք դառնում եք ավելի հզոր գործիք Տիրոջ ձեռքում: Դուք «կոգեշնչվեք ավելի արդար դրդապատճառից»22․ Հիսուս Քրիստոսի դրդապատճառից:

Այս երկրի վրա ավելի կարևոր բան չկա, քան հավաքել Իսրայելը Նրա համար: Թող ձեր Երկնային Հայրն իմանա, որ դուք ցանկանում եք օգնել: Խնդրեք Նրան, որ ձեզ լծի այս փառահեղ գործին: Իսկ հետո նայեք կողքից և հիացեք, թե ինչ է տեղի ունենում, երբ թույլ եք տալիս, որ Աստված տնօրինի ձեր կյանքում:

Իմ սիրելի՛ երիտասարդ ընկերներ, ես սիրում եմ ձեզ: Շնորհակալ եմ ձեզ։ Ես հավատում եմ ձեր ներուժին։ Որպես Տիրոջ մարգարե՝ ես օրհնում եմ ձեզ, որ իմանաք ճշմարտությունը ձեր ով լինելու մասին, և արժևորեք ճշմարտությունն այն մասին, թե իրականում ինչ փառահեղ ներուժ ունեք: Ես օրհնում եմ ձեզ, որ պատասխանատվություն ստանձնեք ձեր վկայության համար։ Եվ օրհնում եմ ձեզ, որ ունենաք ցանկություն և ուժ՝ պահելու ձեր ուխտերը:

Եթե դա անեք, ես խոստանում եմ, որ դուք կզգաք հոգևոր աճ, վախից ձերբազատում և այնպիսի վստահություն, որը դժվար թե հիմա պատկերացնեք: Դուք դրական ազդեցություն թողնելու ուժ կգտնեք, որը վեր կլինի ձեր բնական կարողություններից։ Եվ ես խոստանում եմ, որ ձեր ապագան ավելի ոգևորիչ կլինի, քան այն, ինչին այժմ կարող եք հավատալ:

Ես օրհնում եմ ձեզ և ևս մեկ անգամ արտահայտում ձեր հանդեպ իմ երախտագիտությունը․ Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն:

Հղումներ

  1. Ծննդոց 2.18, Մովսես 3.18, Աբրահամ 5,14։

  2. Տես Վարդապետություն և Ուխտեր 93․36:

  3. Sես Ա Կորնթացիս 15.22:

  4. Տես Հովհաննես 11․25։

  5. Տես Մորմոն 3.20:

  6. Տես Հովհաննես 14․2, Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն Ա Կորնթացիս 15․40, (Ա Կորնթացիս 15․40, ծանոթագրություն ա), Վարդապետություն և Ուխտեր 76․89–98, 131․1։

  7. Դալլին Հ. Օուքս, «Աստվածային սերը Հոր ծրագրում», Լիահոնա, մայիս 2022, 101։

  8. Տես Ալմա 12․24, 34․32։

  9. Տես Վարդապետություն և Ուխտեր 88․22-24:

  10. Աբրահամ 3.26։

  11. Սա այն է, ինչ Տերն ուսուցանեց հին Ամերիկայի ժողովրդին, երբ խոսեց նրանց հետ: Բացահայտելուց հետո, թե ով է Ինքը, Նա Իր ունկնդիրներին ասաց, թե ովքեր են նրանք. «Եվ ահա Եվ ահա, դուք եք մարգարեների զավակները. և դուք Իսրայելի տնից եք. և դուք այն ուխտից եք» (3 Նեփի 20․25, շեղագրերն ավելացված են)։ Այս ճշգրիտ ճշմարտությունները նույնպես հայտարարվել են մարդկանց աստվածաշնչյան ժամանակներում (տես Գործք Առաքելոց 3․25

  12. «Աստծո Զավակն եմ» Հիմներ և մանկական երգեր, հր. 58։

  13. Որպես երիտասարդ աղջիկներ և տղաներ, դուք մեջբերում եք թեմաներ, որոնք սկսվում են «Ես երկնային ծնողների սիրելի դուստրն եմ՝ աստվածային էությամբ և հավերժական ճակատագրով» և «Ես Աստծո սիրելի որդին եմ և Նա գործ ունի ինձ համար» (Ընդհանուր ձեռնարկ. Ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 11.1.2, 10.1.2, ChurchofJesusChrist.org):

  14. Ադամը մահացավ 930 տարեկանում (տես Ծննդոց 5.5), Նոյը մահացավ 950 տարեկանում (տես Ծննդոց 9.29):

  15. Նախագահ Օրսոն Հայդը (1805–78), Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահը, ասել է, որ «մենք ավելի լավ էինք հասկանում բաները [նախաերկրային աշխարհում], քան այս ցածր աշխարհում»։ Նա շարունակեց՝ ենթադրություն անելով այն խոստումների մասին, որոնք մենք հավանաբար տվել ենք այնտեղ. «Հնարավոր է, որ մենք մեր ձեռքով ստորագրել ենք դրա հոդվածները, որոնք կարող են պահվել վերևի արխիվներում, որպեսզի մեզ ներկայացվեն, երբ մենք հարություն առնենք մեռելներից և դատվենք մեր իսկ խոսքերի համաձայն՝ ըստ այն ամենի, ինչ գրված է գրքերում» (“Remarks,” Deseret News, Dec. 21, 1859, 322)։

  16. Հռովմայեցիս 8․17:

  17. Տես Հովհաննես 16.33, Վարդապետություն և Ուխտեր 50.41:

  18. Ալմա 7․14:

  19. Տերը հզոր է մեզ ազատելու ճիշտ այնպես, ինչպես Նա ազատեց Նեփիին Լաբանի ճիրաններից (տես 1 Նեփի 4.3):

  20. Տես Ղուկաս 4.18, Ալմա 7.10-12:

  21. Մովսես 1.39։

  22. Հին Կտակարանի եբրայերեն լեզվում Աստծո ուխտի սիրո բառը hesed է։

  23. Տես Սաղմոս 116․15։

  24. Վարդապետություն և Ուխտեր 121․28:

  25. Ալմա 43․45․ «Քանզի նրանք չէին կռվում միապետության, ոչ էլ իշխանության համար, այլ նրանք կռվում էին իրենց տների և իրենց ազատության, իրենց կանանց և իրենց երեխաների և իրենց ամեն ինչի համար, այո, իրենց պաշտամունքի ծեսերի և իրենց եկեղեցու համար»: