2021
Թե ինչպես տղան փրկեց գյուղը
Ապրիլ 2021


«Թե ինչպես տղան փրկեց գյուղը», Երիտասարդներին զորացնելու համար, ապրիլ 2021 թ., 10-11

Երիտասարդներին զորացնելու համար ամենամսյա ուղերձ, ապրիլ 2021 թ.

Թե ինչպես տղան փրկեց գյուղը

Թոմ Ֆանենեն հազիվ 12 տարեկան էր, սակայն, երբ մահացու մի հիվանդություն հարվածեց իր սամոական գյուղին, նա կոչվեց մեծ գործեր անելու:

Սամոական կղզում տղան օգնում է հիվանդ գյուղացուն

Նկարը՝ Ջեյմս Մադսենի, լուսանկարը՝ Getty Images-ի

Ինչպես հուշում է այս տարվա երիտասարդների թեման, դուք «դնում եք հիմքը մի մեծ գործի» (Վարդապետություն և Ուխտեր 64․33)։ Եկեղեցու պատմության ողջ ընթացքում երիտասարդ մարդիկ հաճախ են ճգնաժամային պահերին կարևոր դեր խաղացել Աստծո արքայությունը կառուցելու գործում: Ահա մի օրինակ:

Համաճարակ կղզում

Ավելի քան 100 տարի առաջ Խաղաղ օվկիանոսի Սամոա կղզիներում մի երիտասարդ տղա՝ Թոմ Ֆանենեն, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամների կյանքի ու մահվան իրավիճակում կարևոր օգնություն ցուցաբերեց:

Թոմն ապրում էր Սաունիատու անունով մի գյուղում, որը հիմնվել էր Վերջին Օրերի Սրբերի կողմից՝ որպես հավաքների վայր, և իրենց համայնքն էր դարձել: Ինչպես Աստծո Սրբերը տարբեր ժամանակներում ու վայրերում, Աստծո արքայությունը միասին կառուցելիս նրանք տեսել են և՛ փորձություններ, և՛ հրաշքներ: Փորձություններից մեկը վրա հասավ 1918 թվականին, երբ գրիպի համավարակը հասավ իրենց գյուղ:

Հիվանդությունը կործանիչ էր և արագ էր տարածվում: Գյուղի մոտ 400 բնակիչներից գրեթե բոլորը գամված էին անկողնուն: Միայն երկուսն էին ոտքի վրա՝ մի տարեց մարդ և 12-ամյա Թոմը:

Հավատք և ջանասիրություն

Մինչ այդ Թոմի ընտանիքն արդեն բախվել էր ծանր հիվանդության և հավատք գործադրելով՝ հրաշքներ էր տեսել: Թոմի կրտսեր եղբայրը՝ Աիլաման, հիվանդ էր դրանից մի քանի տարի առաջ: Եվ նրանց հայրը՝ Էլիսալան, երազում հստակ ցուցումներ ստացավ, թե ինչպես խնամել Աիլամային. գտիր վիլի-վիլի ծառը, պոկիր կեղևի մի մասը և փորելով դուրս քաշիր ծառի հյութը: Էլիսալան այդպես էլ արեց և բերեց հյութն Աիլամային: Տղան խմեց այն և շուտով ապաքինվեց: Այնպես որ Թոմը տեսել էր, թե գործող հավատքն ինչպես կարող էր հաղթահարել հիվանդությունը:

1918 թվականի գրիպի համավարակի ժամանակ Թոմը գործադրեց իր հավատքը՝ եռանդով խնամելով գյուղացիներին: «Ամեն առավոտ ես շրջում էի տնից տուն՝ մարդկանց կերակրելու և լվանալու համար, ինչպես նաև տեսնելու, թե ով է մահացել», - ասել է նա:

Նա դույլերով ջուր էր հավաքում աղբյուրից և բաժանում տները: Նա բարձրանում էր կոկոսի ծառերի վրա, քաղում ընկույզները, մաքրում դրանք և հավաքում միջի հյութը՝ հիվանդներին տանելու համար: Նա նաև մորթեց գյուղի բոլոր հավերը՝ յուրաքանչյուր ընտանիքին ապուր պատրաստելու համար:

Փոխելով կյանքը

Այս համավարակի ժամանակ Սամոայի բնակչության գրեթե մեկ քառորդը մահացավ գրիպից: Թոմի համագյուղացիներից ոմանք նույնպես մահացան: Թոմն օգնեց փորել գերեզմանները և թաղել ավելի քան 20 հոգու, այդ թվում իր հարազատ հորը՝ Էլիսալային:

Սակայն Թոմի ջանասիրության և խնամքի շնորհիվ գյուղացիներից շատերը ողջ մնացին: Նա փոխեց նրանց կյանքը և օգնեց Տիրոջ արքայությունը Սամոայում կառուցելու գործում: Նա «դրեց հիմքը մի մեծ գործի»:

Եվ ինչ-որ կերպով դուք էլ եք դա անում:

Գուցե դուք կոչված չեք անել այն, ինչ Թոմն արեց, բայց իրականում դուք էլ եք տարբեր կերպ գործադրում հավատքը, և մի օր այն կփոխի ձեր և ուրիշների կյանքը և կօգնի Աստծո արքայության կառուցման գործում:

Դուք օրինակ եք ծառայում ձեր ընտանիքի, ընկերների և ուրիշների համար՝ ցուցադրելով առաքինություն, համբերություն, բարություն և սեր: Դուք ծառայում եք ուրիշներին։ Դուք ուսումնասիրում եք սուրբ գրությունները և աղոթում եք: Դուք կիսվում եք Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի մասին ճշմարտություններով:

Այս վերջին տարվա ընթացքում ձեզանից շատերը անում էին դա՝ համավարակի միջով անցնելիս: Միգուցե դուք ջուր և կոկոսի ընկույզներ չեք բերել և չեք խնամել 400 մարդու, սակայն դուք բազմաթիվ այլ ձևերով մարդկանց պարգևել եք սփոփանք, հույս, ուրախություն և խաղաղություն:

Կարևոր է ոչ այնքան ձեր տարիքը, որքան ձեր հավատքը և աշխատելու և ուրիշներին ծառայելու ձեր ցանկությունը: Անցյալի օրինակները, այդ թվում Թոմ Ֆանենեի օրինակը, կարող են օգնել ձեզ տեսնել, որ դուք պետք եք Աստծո մեծ գործի հիմքը դնելու համար: