Ինստիտուտ
1․ Խնդրեք հավատքով


«Խնդրեք հավատքով», գլուխ 1՝ Սրբեր. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու պատմությունը, Հատոր 1, Ճշմարտության չափանիշը, 1815–1846 (2018)

Գլուխ 1․ «Խնդրեք հավատքով»

Գլուխ 1

Խնդրեք հավատքով

Թամբորա լեռը

1815 թվականին ինդոնեզական Սամբավա կղզու բուսականությունը փարթամ և կանաչ էր վերջին անձրևից հետո: Ընտանիքները նախապես պատրաստվում էին չոր սեզոնին, ինչպես անում էին ամեն տարի, սերունդներ շարունակ՝ մշակելով բրնձի դաշտերը Թամբորա կոչվող հրաբխի ստվերում:

Ապրիլի 5-ին, տասնամյակներ տևած քնից հետո, լեռը մռնչալով արթնացավ՝ ժայթքելով մոխիր ու կրակ: Հարյուրավոր մղոններ հեռու ականատեսները թնդանոթի համազարկի ձայնին նման ձայն լսեցին: Փոքր ժայթքումները շարունակվեցին օրեր շարունակ: Ապա, ապրիլի 10-ի երեկոյան ամբողջ լեռը պայթեց: Երեք կրակե շիթեր կրակեցին դեպի երկինք, միանալով մեկ ընդհանուր պայթյունի մեջ: Հեղուկ կրակը վար հոսեց լեռնալանջով՝ հիմնահատակ ծածկելով գյուղը: Պտտահողմեր էին մոլեգնում ողջ տարածքով մեկ՝ արմատախիլ անելով ծառերը և ավերելով տները:1

Այդ քաոսը շարունակվեց ողջ գիշերը և հաջորդ օրը: Մոխիրը մղոններով ծածկեց հողն ու ծովը՝ որոշ տեղերում կուտակվելով երկու ոտնաչափ բարձրությամբ: Կեսօրը թվում էր կեսգիշեր: Փոթորկած ծովի ջրերը ծփում էին ափեզրի վրայով՝ ոչնչացնելով բերքը և հեղեղելով գյուղերը: Շաբաթներ շարունակ Թամբորան մոխիր, քար և կրակ էր անձրևում:2

Հաջորդ ամիսների ընթացքում պայթյունի ազդեցությունները ալեկոծում էին ողջ երկրագունդը: Տպավորիչ արևամուտները ողջ աշխարհով հիացմունք էին առաջացնում դիտորդների մոտ: Սակայն վառ գույները քողարկում էին հրաբխի մոխրի մահացու հետևանքները, երբ այն արդեն օղակել էր երկիրը: Հաջորդ տարիների ընթացքում եղանակը դարձավ անկանխատեսելի և կործանարար:3

Պայթյունը Հնդկաստանում առաջացրեց ջերմաստիճանի անկում և խոլերան սպանեց հազարավորների՝ կործանելով ընտանիքներ: Չինաստանի բերրի դաշտավայրերում մեղմ նորմալ կլիման փոխարինվեց ամառային ձնաբքերով և հորդառատ անձրևները ոչնչացրին բերքը: Եվրոպայում ուտելիքի պաշարները նվազեցին՝ առաջացնելով սով և խուճապ:4

Ամենուրեք մարդիկ բացատրություններ էին փնտրում տառապանքի և մահվան համար, ինչն առաջացել էր տարօրինակ եղանակից: Հնդկաստանում հինդուական տաճարներում արձագանքում էին սուրբ մարդկանց աղոթքներն ու երգերը: Չինացի բանաստեղծները փորձում էին լուծել ցավին և կորստին առնչվող հարցերը: Ֆրանսիայում և Բրիտանիայում քաղաքացիները ծնկի էին իջնում, վախեցած իրենց վրա եկած սոսկալի աղետներից, որոնք կանխագուշակվել էին Աստվածաշնչում: Հյուսիսային Ամերիկայում քահանաները քարոզում էին, որ Աստված պատժում է կամակոր քրիստոնյաներին և հնչեցնում էին սպառնալիքներ՝ կրոնական զգացմունքները վառ պահելու համար:

Ողջ երկրով մեկ մարդիկ եկեղեցիներում հավաքվում էին վերածննդի ժողովների, ձգտելով իմանալ, թե ինչպես կարող են փրկվել գալիք կործանումից:5


Թամբորայի ժայթքումը ազդեց Հյուսիսային Ամերիկայի եղանակի վրա հաջորդ տարվա ընթացքում: Գարունն անցավ՝ տեղը զիջելով ձնաբքերին և կործանիչ սառնամանիքներին, իսկ 1816 թվականն անցավ, մնալով հիշողության մեջ՝ որպես տարի առանց ամառվա:6 Վերմոնտում՝ Միացյալ Նահանգների ամենահյուսիսային անկյունում, ժայռոտ բլուրները տարիներ շարունակ վհատեցրել էին Ջոզեֆ Սմիթ Ավագ անունով մի ֆերմերի: Բայց տարվա այդ եղանակին, երբ նա և նրա կինը՝ Լյուսի Մակ Սմիթը, տեսան, թե իրենց մշակաբույսերն ինչպես խորշոմեցին դաժան սառնամանիքներից, հասկացան, որ իրենց սպասվում էր ֆինանսական կործանում և անորոշ ապագա, եթե մնային այդտեղ:

Քառասունհինգ տարեկան Ջոզեֆ Ավագը այլևս երիտասարդ չէր և նոր հողատարածքից սկսելու հեռանկարը հուսահատեցնող էր: Նա գիտեր, որ իր ավագ որդիները՝ տասնութամյա Ալվինը և տասնվեցամյա Հայրումը կարող էին օգնել իրեն հողը մաքրելիս, տուն կառուցելիս, բույսերը տնկելիս և բերքը հավաքելիս: Նրա տասներեքամյա դուստր Սոֆրոնյան բավական մեծ էր տան գործեր կատարելու և ֆերմայում Լյուսիին օգնելու համար: Նրա կրտսեր որդիները՝ ութամյա Սամուելը և հնգամյա Վիլյամը, արդեն սկսում էին օգնել, իսկ երեքամյա Կատարինան և նորածին Դոն Կառլոսը մի օր կմեծանային և իրենց ներդրումը կկատարեին:

Բայց նրա միջնեկ որդու՝ տասնամյա Ջոզեֆ Կրտսերի հարցը այլ էր: Չորս տարի առաջ Ջոզեֆ Կրտսերը վիրահատություն էր տարել՝ ոտքի վարակը հեռացնելու համար: Դրանից հետո նա քայլում էր հենակներով: Թեև նրա ոտքը սկսում էր կրկին ամրանալ, այնուամենայնիվ Ջոզեֆ Կրտսերը ցավից կաղում էր և Ջոզեֆ Ավագը չգիտեր, թե արդյո՞ք նա Ալվինի և Հայրումի նման ամրակազմ կդառնար:7

Համոզված լինելով, որ կարող էին միմյանց ապավինել, Սմիթները վճռեցին թողնել իրենց տունը Վերմոնտում՝ ավելի լավ հողակտոր գտնելու ակնկալիքով:8 Տարածքի մարդկանցից շատերի նման Ջոզեֆ Ավագը որոշեց ուղևորվել դեպի Նյու Յորք նահանգը, որտեղ նա հույս ուներ ապառիկով մի լավ ագարակ գնել: Նա այդ ժամանակ կբերեր Լյուսիին ու երեխաներին, և ընտանիքը կկարողանար նոր կյանք սկսել:

Երբ Ջոզեֆ Ավագը ուղևորվեց Նյու Յորք, Ալվինը և Հայրումը հրաժեշտ տալուց առաջ նրա հետ քայլեցին մի քիչ: Ջոզեֆ Ավագը քնքշորեն սիրում էր իր կնոջն ու երեխաներին, սակայն նա ի վիճակի չէր կյանքում կայունություն ապահովել նրանց համար: Ձախորդությունը և անհաջողակ ներդրումներն ընտանիքին մատնել էին աղքատության և անկայունության: Գուցե Նյու Յորքում այլ կերպ լիներ:9


Հաջորդ ձմռանը Ջոզեֆ Կրտսերն իր մոր, եղբայրների և քույրերի հետ կաղալով քայլեց ձյան միջով: Նրանք ճամփա էին ընկել դեպի Նյու Յորք նահանգի Պալմիրա կոչվող գյուղը, որի մոտակայքում Ջոզեֆ Ավագը գտել էր լավ հողակտոր և սպասում էր իր ընտանիքին:

Քանի որ ամուսինը չէր կարող օգնել տեղափոխվելիս, Լյուսին վարձել էր պարոն Հովարդ անունով մի մարդու իրենց կառքը քշելու համար: Պարոն Հովարդը նրանց իրերի հետ անփույթ վարվեց և թղթախաղում ու հարբեցողությամբ վատնեց այն փողը, որը նրանք վճարել էին իրեն: Այնուհետև, երբ նրանց միացավ ևս մեկ ընտանիք, որը ճամփորդում էր դեպի արևմուտք, պարոն Հովարդը Ջոզեֆին դուրս գցեց կառքից, որպեսզի մյուս ընտանիքի դուստրերը կարողանային նստել իր հետ, երբ նա վարում էր կառքը:

Գիտենալով, թե որքան շատ ցավ էր պատճառում Ջոզեֆին քայլելը, Ալվինը և Հայրումը փորձեցին մի քանի անգամ կանգնեցնել պարոն Հովարդին: Բայց ամեն անգամ նա հարվածում էր նրանց իր մտրակի կոթով:10

Եթե ավելի մեծ լիներ, Ջոզեֆը հավանաբար կփորձեր ինքը կանգնեցնել պարոն Հովարդին: Նրա ցավող ոտքը ետ էր պահել նրան աշխատանքից և խաղից, բայց ուժեղ կամքն օգնում էր նրա թույլ մարմնին: Բժիշկները նրա ոտքի վարակված հատվածը կտրել-բացելուց և ախտահարված մասերը ոսկորից հեռացնելուց առաջ ցանկանում էին կապել նրան կամ ոգելից խմիչք խմեցնել ցավը մեղմելու համար: Սակայն Ջոզեֆը միայն խնդրեց, որ հայրը բռնի իրեն:

Այդ ընթացքում նա արթուն էր և զգաստ, իսկ դեմքը՝ գունատ և քրտինքով պատված: Նրա մայրը, ով սովորաբար շատ ուժեղ էր, երբ լսեց նրա ճիչերը, գրեթե ուշագնաց եղավ: Դրանից հետո նա հավանաբար զգաց, որ կարող էր տանել ամեն ինչ:11

Երբ Ջոզեֆը կաղալով քայլում էր կառքի կողքով, նա տեսնում էր, որ մայրն անշուշտ մի կերպ էր հանդուրժում պարոն Հովարդին: Նրանք արդեն անցել էին երկու հարյուր մղոն, և այդ ընթացքում նա ավելի քան համբերատար էր եղել կառապանի վատ վերաբերմունքի հանդեպ:


Պալմիրայից մոտ հարյուր մղոն հեռու Լյուսին պատրաստվում էր ևս մեկ օրվա ճանապարհի համար, երբ տեսավ Ալվինին դեպի իր կողմը վազելիս: Պարոն Հովարդը նրանց իրերը և ուղեբեռը գցել էր փողոցում և պատրաստվում էր մեկնել իրենց ձիերով և կառքով:

Լյուսին գտավ այդ մարդուն բարում: «Ինչպես կա՛ Աստված երկնքում, - հայտարարեց նա,- այդ կառքը և ձիերը ու դրանց հետ եղած ապրանքներն իմն են»:

Նա նայեց բարում գտնվողներին: Այն լցված էր տղամարդկանցով և կանանցով, որոնցից շատերն իր նման ճամփորդներ էին: «Այս մարդը,- ասաց նա, նայելով նրանց աչքերին,-որոշել է խլել ինձանից իմ ճամփորդությունը շարունակելու բոլոր միջոցները, թողնելով ինձ բացարձակ ընչազուրկ ութ փոքր երեխաների հետ»:

Պարոն Հովարդն ասաց, որ արդեն ծախսել է այն փողը, որը [Լյուսին] վճարել էր իրեն կառքը վարելու համար, և չի կարող շարունակել ճանապարհը:

«Դուք ինձ հարկավոր չեք», ասաց Լյուսին: «Ես ինձ վրա եմ վերցնում պատասխանատվությունը»:

Նա թողեց պարոն Հովարդին բարում և երդվեց միավորել իր երեխաներին իրենց հոր հետ, ինչ էլ որ լիներ:12


Ցուրտ էր, իսկ ճանապարհը ցեխոտ, բայց Լյուսին ապահով հասցրեց իր ընտանիքին Պալմիրա: Տեսնելով, թե ինչպես էին երեխաները փաթաթվում իրենց հորը և համբուրում նրա դեմքը, Լյուսին վարձատրված զգաց այն ամենի համար, ինչ նրանք տարել էին այդտեղ հասնելու համար:

Ընտանիքը շուտով մի փոքրիկ տուն վարձեց քաղաքում, և նրանք քննարկեցին, թե ինչպես ձեռք բերեն իրենց սեփական ագարակը:13 Լավագույն ծրագիրը, որը նրանք մտածեցին, մոտակա անտառներում աշխատելն էր, մինչև բավականաչափ փող կունենային հողի կանխավճարը մուծելու համար: Ջոզեֆ Ավագը և մեծ որդիները ջրհորներ էին փորում և խոտ հնձում կանխիկ գումարով, մինչ Լյուսին և դուստրերը կարկանդակ էին թխում, արմատներից գարեջուր պատրաստում և զարդանախշերով կտորներ վաճառում:14

Երբ Ջոզեֆ Կրտսերը մեծացավ, նրա ոտքը սկսեց ամրանալ, և նա կարողանում էր հեշտությամբ քայլել Պալմիրայում: Քաղաքում նա շփվում էր տարածքի մարդկանց հետ, որոնցից շատերը դառնում էին դեպի կրոնը՝ բավարարելու հոգևոր ձգտումները և բացատրելու կյանքի դժվարությունները: Ջոզեֆը և նրա ընտանիքը չէին պատկանում որևէ եկեղեցու, բայց նրանց հարևաններից շատերը երկրպագում էին Պրեսբիտերական բարձրաշեն ժողովատներից մեկում, Մկրտականների ժողովատանը, Քվեյքերների դահլիճում կամ ճամբարում, որտեղ ճամփորդող Մեթոդիստները ժամանակ առ ժամանակ վերածննդի ժողովներ էին անցկացնում:15

Երբ Ջոզեֆը տասներկու տարեկան էր, կրոնական բանավեճերը հեղեղել էին Պալմիրան: Թեև նա լավ չէր կարդում, սակայն սիրում էր խորը մտածել գաղափարների շուրջ: Նա լսում էր քարոզիչներին, հույս ունենալով ավելի շատ բան սովորել իր անմահ հոգու մասին, բայց նրանց քարոզները հաճախ նրան անհանգիստ վիճակի էին հասցնում: Նրանք ասում էին, որ նա մեղսագործ է մեղավոր աշխարհում, անօգնական՝ առանց Հիսուս Քրիստոսի փրկարար շնորհի: Եվ չնայած Ջոզեֆը հավատում էր ուղերձին և վատ էր զգում իր մեղքերի համար, նա չգիտեր, թե ինչպես ներում գտներ:16

Նա կարծում էր, որ եկեղեցի գնալը կարող էր օգնել իրեն, բայց երկրպագելու համար չէր կարողանում հաստատվել մի տեղում: Տարբեր եկեղեցիներ անվերջ վիճում էին, թե մարդիկ ինչպես կարող էին զերծ մնալ մեղքից: Որոշ ժամանակ այս վիճաբանությունները լսելուց հետո Ջոզեֆը հուսահատվեց՝ տեսնելով մարդկանց նույն Աստվածաշունչը կարդալիս, բայց դրա իմաստի վերաբերյալ տարբեր եզրակացությունների հանգելիս: Նա հավատում էր, որ Աստծո ճշմարտությունն այնտեղ՝ ինչ-որ տեղ էր, բայց չգիտեր, թե ինչպես գտնել այն:17

Նրա ծնողները նույնպես չգիտեին: Լյուսին և Ջոզեֆ Ավագը քրիստոնյա ընտանիքներից էին, և երկուսն էլ հավատում էին Աստվածաշնչին և Հիսուս Քրիստոսին: Լյուսին հաճախում էր եկեղեցու ժողովներին և իր երեխաներին իր հետ էր տանում: Նա փնտրում էր Հիսուս Քրիստոսի ճշմարիտ եկեղեցին իր քրոջ մահից հետո, ով մի քանի տարի առաջ էր մահացել:

Մի անգամ, Ջոզեֆի ծնունդից որոշ ժամանակ առաջ ծանր հիվանդանալուց հետո նա վախենում էր, որ կմահանա, այդպես էլ չգտնելով ճշմարտությունը: Նա մի մութ ու ամայի անդունդ զգաց իր և Փրկիչի միջև և գիտեր, որ պատրաստ չէ հաջորդ կյանքի համար:

Ամբողջ գիշեր արթուն պառկած նա աղոթում էր Աստծուն, խոստանալով Նրան, որ եթե Նա թույլ տա իրեն ապրել, նա կգտնի Հիսուս Քրիստոսի եկեղեցին: Երբ աղոթում էր, Տիրոջ ձայնը խոսեց նրա հետ, վստահեցնելով, որ եթե նա փնտրի, ապա կգտնի: Նա շատ եկեղեցիներ էր այցելել այդ օրվանից, սակայն դեռ չէր գտել ճշմարիտը: Նույնիսկ այն պարագայում, երբ թվում էր, թե Փրկիչի եկեղեցին այլևս երկրի վրա չէր, Լյուսին շարունակում էր որոնել, հավատալով, որ եկեղեցի գնալն ավելի լավ է, քան չգնալը: 18

Կնոջ նման, Ջոզեֆ Ավագը նույնպես քաղց էր զգում ճշմարտության համար: Սակայն, նրա կարծիքով, եկեղեցի ընդհանրապես չհաճախելն ավելի գերադասելի էր, քան սխալ եկեղեցի գնալը: Հետևելով իր հոր խորհրդին Ջոզեֆ Ավագը պրպտում էր սուրբ գրությունները, ջերմեռանդորեն աղոթում և հավատում, որ Հիսուս Քրիստոսը եկել էր փրկելու աշխարհը:19 Սակայն նա չէր տեսնում ընդհանրություն՝ իր շրջապատի եկեղեցիներում տիրող խառնաշփոթի ու տարաձայնությունների և այն բանի միջև, ինչն ըստ իրեն ճշմարիտ էր: Մի գիշեր նա երազում տեսավ, որ միմյանց հետ վիճող քարոզիչները նման էին անասունների, որոնք մռնչում էին, փորելով հողն իրենց եղջյուրներով, ինչը խորացրեց նրա մտահոգությունը, որ այդ մարդիկ քիչ բան գիտեին Աստծո թագավորության մասին:20

Ծնողների դժգոհությունը՝ կապված տեղական եկեղեցիների հետ, ավելի շփոթեցրեց Ջոզեֆ Կրտսերին:21 Նրա հոգին վտանգի տակ էր, բայց ոչ ոք չէր կարող նրան բավարարող պատասխաններ տալ:


Մեկ տարուց ավելի իրենց փողը խնայելուց հետո Սմիթները բավականաչափ գումար ունեցան՝ վճարում կատարելու հարյուր ակր անտառի համար Մանչեստերում, անմիջապես Պալմիրայի հարավում: Այնտեղ, վարձու գործերի միջև ընկած ժամանակահատվածներում, նրանք ծակում էին թխկենու ծառերը քաղցր հյութ քամելու համար, տնկում մրգատու այգի և մաքրում դաշտեր՝ մշակաբույսեր աճեցնելու նպատակով:22

Հողի հետ աշխատելիս, երիտասարդ Ջոզեֆը շարունակում էր անհանգստանալ իր մեղքերի և իր հոգու բարօրության համար: Պալմիրայում կրոնական վերածնունդը հանդարտվել էր, սակայն քարոզիչներն այնտեղ և ամբողջ տարածաշրջանում շարունակում էին մրցել նորադարձների համար:23 Օր ու գիշեր Ջոզեֆը նայում էր արևի, լուսնի և աստղերի վեհափառ և կանոնավոր շարժմանը երկնքում և հիանում կյանքով վխտացող երկրագնդով: Նա նաև նայում էր իր շրջապատի մարդկանց և հիանում նրանց ուժով ու բանականությամբ: Ամեն բան կարծես վկայում էր, որ Աստված գոյություն ունի և, որ Նա ստեղծել է մարդկությանը Իր իսկ պատկերով: Բայց ինչպե՞ս կարող էր Ջոզեֆը հասնել Նրան:24

1819 թվականի ամռանը, երբ Ջոզեֆը տասներեք տարեկան էր, Մեթոդիստ քարոզիչները հավաքվել էին համաժողովի Սմիթների ագարակից մի քանի մղոն հեռու և տարածվել գյուղական տեղանքում՝ դարձի բերելու Ջոզեֆի ընտանիքի նման ընտանիքներին: Քարոզիչների հաջողությունն անհանգստացրեց այդ տարածքի մյուս քարոզիչներին, և շուտով նորադարձների համար մրցակցությունը թեժացավ:

Ջոզեֆը հաճախում էր ժողովների, լսում հոգեխռով քարոզներ և ականատես լինում նորադարձների ուրախության աղաղակներին: Նա ցանկանում էր ճչալ նրանց հետ, սակայն այնպիսի զգացում էր ունենում, որ գտնվում է խոսքերի և կարծիքների պատերազմի դաշտում: «Այս բոլոր խմբակցություններից ո՞րն է ճիշտ, կամ, միգուցե նրանք բոլորը սխա՞լ են», - հարցնում էր նա ինքն իրեն: «Եթե դրանցից որևէ մեկը ճիշտ է, ապա ո՞րն է և ի՞նչպես կարող եմ դա իմանալ»: Նա գիտեր, որ Քրիստոսի շնորհի կարիքն ուներ, բայց այդքան շատ մարդկանց և եկեղեցիների մեջ, որոնք բախվում էին կրոնի շուրջ, նա չգիտեր, թե որտեղ գտներ այն:25

Հույսը, որ նա կարող էր պատասխաններ գտնել և խաղաղություն՝ իր հոգու համար, թվում էր, թե լքում էր նրան: Նա մտածում էր, թե ինչպես կարելի էր գտնել ճշմարտությունը, այդքան մեծ աղմուկի մեջ:26


Երբ Ջոզեֆը մասնակցում էր մի քարոզի, նա լսեց մի քարոզչի մեջբերումը Նոր Կտակարանի Հակոբոսի առաջին գլխից: «Բայց եթէ մէկը ձեզանից իմաստութեան պակասութիւն ունի թող խնդրէ Աստուածանից, որ ամենին տալիս է առատութեամբ եւ չէ նախատում, եւ կ’տրուի նորան»:27

Ջոզեֆը տուն գնաց և կարդաց այդ հատվածը Աստվածաշնչում: «Սուրբ գրքի ոչ մի հատված երբևէ այդպիսի ուժով չի ազդել մարդու սրտի վրա, ինչպես այդ ժամանակ եղավ ինձ հետ»,- հիշում էր նա: «Այն ասես մեծ ուժով ներթափանցեց սրտիս զգացմունքների խորքը: Ես խորհեցի այդ մասին կրկին ու կրկին, իմանալով, որ եթե կար մեկը, ով իմաստության պակաս ուներ՝ դա ես էի»: Նա ուսումնասիրել էր Աստվածաշունչը նախկինում, որը, կարծես, պարունակում էր բոլոր պատասխանները: Բայց այժմ Աստվածաշունչն ասում էր նրան, որ կարող էր ուղղակիորեն գնալ Աստծո մոտ՝ իր հարցերին անձամբ պատասխաններ ստանալու համար:

Ջոզեֆը որոշեց աղոթել: Նա երբեք նախկինում բարձրաձայն չէր աղոթել, բայց վստահում էր Աստվածաշնչի խոստումին: «Հաւատքով խնդրէ առանց երկմտելու»,- այսպես էր ուսուցանվում այնտեղ:28 Աստված կլսեր իր հարցերը, եթե նույնիսկ դրանք անհեթեթ հնչեին:

Հղումներ

  1. Raffles, “Narrative of the Effects of the Eruption,” 4–5, 19, 23–24.

  2. Raffles, “Narrative of the Effects of the Eruption,” 5, 7–8, 11.

  3. Wood, Tambora, 97.

  4. Wood, Tambora, 78–120; Statham, Indian Recollections, 214; Klingaman and Klingaman, Year without Summer, 116–18.

  5. Wood, Tambora, 81–109; Klingaman and Klingaman, Year without Summer, 76–86, 115–20.

  6. Klingaman and Klingaman, Year without Summer, 48–50, 194–203.

  7. Joseph Smith History, 1838–56, volume A-1, 131; Lucy Mack Smith, History, 1844–45, book 2, [11]–book 3, [2]. Topic: Joseph Smith’s Leg Surgery

  8. Lucy Mack Smith, History, 1844–45, book 3, [3]; Stilwell, Migration from Vermont, 124–50.

  9. Lucy Mack Smith, History, 1844–45, book 3, [4]; Bushman, Rough Stone Rolling, 18–19, 25–28. Topic: Joseph Sr. and Lucy Mack Smith Family

  10. Lucy Mack Smith, History, 1844–45, book 3, [5]; Joseph Smith History, 1838–56, volume A-1, 131–32.

  11. Lucy Mack Smith, History, 1844–45, book 3, [2]; Joseph Smith History, 1838–56, volume A-1, 131.

  12. Lucy Mack Smith, History, 1844–45, book 3, [5]–[6]; Lucy Mack Smith, History, 1845, 67; Joseph Smith History, 1838–56, volume A-1, 132. Topic: Lucy Mack Smith

  13. Lucy Mack Smith, History, 1844–45, book 3, [6]–[7].

  14. Lucy Mack Smith, History, 1844–45, book 3, [7]; Tucker, Origin, Rise, and Progress of Mormonism, 12. Topic: Joseph Sr. and Lucy Mack Smith Family

  15. Cook, Palmyra and Vicinity, 247–61. Topics: Palmyra and Manchester; Christian Churches in Joseph Smith’s Day

  16. Joseph Smith History, circa Summer 1832, 1–2, in JSP, H1:11–12.

  17. Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.5–6; Joseph Smith History, 1838–56, volume A-1, [1]–2, in JSP, H1:208–10 (draft 2). Topic: Religious Beliefs in Joseph Smith’s Day

  18. Lucy Mack Smith, History, 1844–45, book 2, [1]–[6]; “Records of the Session of the Presbyterian Church in Palmyra,” Mar. 10, 1830.

  19. Asael Smith to “My Dear Selfs,” Apr. 10, 1799, Asael Smith, Letter and Genealogy Record, 1799, circa 1817–46, Church History Library.

  20. Lucy Mack Smith, History, 1844–45, miscellany, [5]; Anderson, Joseph Smith’s New England Heritage, 161–62.

  21. Joseph Smith—History 1:8–10; Joseph Smith History, 1838–56, volume A-1, 2, in JSP, H1:208–10 (draft 2). Topic: Religious Beliefs in Joseph Smith’s Day

  22. Lucy Mack Smith, History, 1844–45, book 3, [8]–[10]; Joseph Smith History, circa Summer 1832, 1, in JSP, H1:11. Topic: Sacred Grove and Smith Family Farm

  23. Topic: Awakenings and Revivals

  24. Գործք 10,34–35; Joseph Smith History, circa Summer 1832, 2, in JSP, H1:12.

  25. Neibaur, Journal, May 24, 1844, available at josephsmithpapers.org; Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.10; Joseph Smith, “Church History,” Times and Seasons, Mar. 1, 1842, 3:706, in JSP, H1:494.

  26. Joseph Smith, Journal, Nov. 9–11, 1835, in JSP, J1:87; Joseph Smith—History 1:8–9; Joseph Smith History, 1838–56, volume A-1, 2, in JSP, H1:210 (draft 2).

  27. “Wm. B. Smith’s Last Statement,” Zion’s Ensign, Jan. 13, 1894, 6; Հակոբոս 1.5:

  28. Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.11–14, Joseph Smith History, 1838–56, volume A-1, 2–3, in JSP, H1:210–12 (draft 2); Հակոբոս 1.6: