«Ընկերակից ծառաներ», գլուխ 7, Սրբեր. Հիսուս Քրիստոսի Եկեղեցու պատմությունը վերջին օրերում, Հատոր 1. Ճշմարտության դրոշը, 1815–1846 (2018)
Գլուխ 7․ «Ընկերակից ծառաներ»
Գլուխ 7
Ընկերակից ծառաներ
1829 թվականի գարունը մինչև մայիս ամիսը ցուրտ ու խոնավ էր։ Մինչ Հարմոնիի շրջակայքի հողագործները մնացել էին տանը, հետաձգելով գարնանացանը՝ մինչև եղանակները կլավանային, Ջոզեֆը և Օլիվերը աշխատում էին հնարավորինս շատ թարգմանություն անել:1
Նրանք հասել էին պատմության այն մասին, թե ինչ էր տեղի ունենում Նեփիացիների ու Լամանացիների միջև այն ժամանակ, երբ Հիսուսը մահացավ Երուսաղեմում։ Պատմության մեջ պատմվում էր ավերածություններ պատճառող ու ցամաքը ձևափոխող զանգվածային երկրաշարժերի ու փոթորիկների մասին։ Մի քանի քաղաքներ գետնի տակն անցան, մի քանիսն էլ կրակի մատնվեցին։ Կայծակը ժամեր շարունակ ճեղքում էր երկինքը, իսկ արևն անհետացել էր՝ թանձր խավարի մեջ թողնելով կենդանի մնացածներին։ Երեք օր շարունակ մարդիկ լաց էին լինում՝ սգալով մահացածների կորուստը։2
Ի վերջո, Հիսուս Քրիստոսի ձայնը ճեղքեց մռայլությունը։ «Այժմ չե՞ք վերադառնա ինձ մոտ, – հարցրեց Նա, – և ապաշխարեք ձեր մեղքերից, և դարձի չե՞ք գա, որպեսզի ես կարողանամ բուժել ձեզ»:3 Նա բարձրացրեց խավարը և մարդիկ ապաշխարեցին։ Շուտով նրանցից շատերը հավաքվել էին տաճարի մոտ՝ Բաունթիֆիլ կոչվող վայրում, որտեղ նրանք խոսում էին երկրի վրա անհավատալի փոփոխությունների մասին։4
Մինչ մարդիկ խոսում էին իրար հետ, նրանք տեսան, որ Աստծո Որդին իջնում է երկնքից: «Ես եմ Հիսուս Քրիստոսը, – ասաց Նա, – ում մասին մարգարեները վկայել էին, որ պիտի գա աշխարհ»:5 Նա մնաց նրանց մեջ որոշ ժամանակ, սովորեցրեց Իր ավետարանը և պատվիրեց նրանց, որ մկրտվեն ընկղմումով՝ մեղքերի թողության համար:
«Ով որ հավատում է ինձ և մկրտվում, նույնը պիտի փրկվի, – հայտարարեց Նա։ – Այդ նրանք են, ովքեր պիտի ժառանգեն Աստծո արքայությունը»:6 Նախքան երկինք բարձրանալը, Նա արդար մարդկանց իշխանություն տվեց՝ մկրտելու նրանց, ովքեր հավատում էին Իրեն։7
Թարգմանելով այդ ուսմունքները՝ Ջոզեֆն ու Օլիվերը ցնցված էին։ Ինչպես իր եղբայր Ալվինը, Ջոզեֆը երբեք չէր մկրտվել, և նա ցանկանում էր ավելին իմանալ այդ արարողության և այն իրականացնելու անհրաժեշտ իշխանության մասին:8
1829 թվականի մայիսի 15-ին անձրևները դադարել էին և Ջոզեֆն ու Օլիվերը գնացին Սասքուեհանա գետի մոտակա անտառը։ Ծնկի իջնելով՝ նրանք հարցրին Աստծուն մկրտության և մեղքերի թողության մասին։ Աղոթելիս, Քավիչի ձայնը խաղաղությամբ խոսեց նրանց հետ, և լույսի ամպի մեջ մի հրեշտակ հայտնվեց։ Նա ներկայացավ որպես Հովհաննես Մկրտիչ և իր ձեռքերը դրեց նրանց գլխին։ Ուրախությունը լցրեց նրանց սիրտը, մինչ նրանք օղակված էին Աստծո սիրով։
«Իմ ընկերակից ծառաներ, – հայտարարեց Հովհաննեսը, – Մեսիայի անունով ես շնորհում եմ ձեզ Ահարոնի Քահանայությունը, որը կրում է հրեշտակների սպասավորության, ապաշխարության ավետարանի և մեղքերի թողության համար ընկղմումով մկրտության բանալիները»։9
Հրեշտակը մեղմ ձայն ուներ, բայց այն թափանցեց Ջոզեֆի և Օլիվերի սրտի խորքերը։10 Նա բացատրեց, որ Ահարոնյան Քահանայությունը նրանց թույլ է տալիս մկրտություններ կատարել և պատվիրեց նրանց իր հեռանալուց հետո մկրտել մեկմեկու: Նա նաև ասաց, որ քահանայության լրացուցիչ իշխանություն կստանան հետագայում, որը նրանց հնարավորություն կտա Սուրբ Հոգու պարգև շնորհել միմյանց և նրանց, ովքեր մկրտվել են:
Հովհաննես Մկրտիչի հեռանալուց հետո Ջոզեֆն ու Օլիվերը քայլեցին դեպի գետը և մտան ջուրը։ Նախ՝ Ջոզեֆը մկրտեց Օլիվերին, և ջրից դուրս գալուց հետո Օլիվերը սկսեց մարգարեանալ բաների մասին, որոնք շուտով տեղի կունենան։ Ապա Օլիվերը մկրտեց Ջոզեֆին, ով ջրից բարձրանալով մարգարեացավ Քրիստոսի եկեղեցու բարձրանալու մասին, որը Տերը խոստացել էր հաստատել նրանց մեջ։11
Հետևելով Հովհաննես Մկրտիչի հրահանգներին՝ նրանք վերադարձան անտառ և մեկմեկու կարգեցին Ահարոնյան Քահանայության։ Աստվածաշնչի իրենց ուսումնասիրության մեջ, ինչպեսև հնադարյան հիշատակարանի թարգմանության ժամանակ, Ջոզեֆն ու Օլիվերը հաճախ էին կարդացել Աստծո անունով գործելու իշխանության մասին։ Այժմ նրանք իրենք էին կրում այդ իշխանությունը։
Մկրտությունից հետո Ջոզեֆն ու Օլիվերը նկատեցին, որ նախկինում դժվար հասկանալի ու առեղծվածային սուրբ գրությունները անսպասելիորեն ավելի պարզ էին դարձել։ Նրանց միտքը լցվել էր ճշմարտությունով ու հասկացողությունով։12
Իսկ Նյու Յորք նահանգում Օլիվերի ընկեր Դեյվիդ Ուիթմերը մեծ ցանկություն էր զգում ավելին իմանալ Ջոզեֆի աշխատանքի մասին: Թեև Դեյվիդը ապրում էր Ֆայեթում՝ Մանչեսթերից մոտ երեսուն մղոն հեռու, նա և Օլիվերը ընկերներ էին դարձել, երբ Օլիվերը դասավանդում էր դպրոցում և ապրում էր Սմիթների տանը: Նրանք հաճախ էին խոսում ոսկե թիթեղների մասին, և երբ Օլիվերը տեղափոխվեց Հարմոնի, նա խոստացավ Դեյվիդին, որ կգրի թարգմանության մասին։
Կարճ ժամանակ անց նամակագրությունը սկսվեց։ Օլիվերը գրում էր, որ Ջոզեֆը մանրամասներ գիտեր իր կյանքի մասին, ինչը ոչ ոք չէր կարող իմանալ, եթե հայտնություն ստացած չլիներ Աստծուց։ Նա նկարագրել էր Ջոզեֆին տված Տիրոջ խոսքերը և հիշատակարանների թարգմանությունը։ Նամակներից մեկում Օլիվերը թարգմանությունից մի քանի հատվածներով էր կիսվել՝ վկայելով գրության ճշմարտացիության մասին։
Մեկ այլ նամակում Օլիվերը հայտնեց, որ Աստծո կամքն է, որ Դեյվիդը իր լծվածքով ու սայլով գա Հարմոնի, որպեսզի օգնի Ջոզեֆին, Էմմային ու Օլիվերին տեղափոխվել Ֆայեթ՝ Ուիթմերների տուն, որտեղ նրանք կավարտեն թարգմանությունը:13 Հարմոնիում մարդիկ սկսել էին վատ վերաբերվել Սմիթներին։ Մարդկանց մի խումբ անգամ սպառնացել էր, որ կհարձակվի նրանց վրա, և եթե չլիներ Էմմայի ընտանիքի հեղինակությունը, նրանց, հնարավոր է, լուրջ վնաս հասցրած կլինեին։14
Դեյվիդը Օլիվերի նամակները կարդում էր ծնողներին, եղբայրներին ու քույրերին, որոնք համաձայնվեցին իրենց տանը հյուրընկալել Ջոզեֆին, Էմմային ու Օլիվերին։ Ուիթմերները գերմանախոս նորաբնակների ժառանգներ էին և աշխատասեր ու բարեպաշտ մարդկանց համբավ ունեին։ Նրանց ագարակը բավական մոտ էր Սմիթների տուն այցելելու համար, և բավականաչափ հեռու էր, որպեսզի գողերը վտանգ չներկայացնեին նրանց համար։15
Դեյվիդը ցանկանում էր անմիջապես գնալ Հարմոնի, սակայն հայրը նրան հիշեցրեց, որ գնալուց առաջ երկու օրվա ծանր աշխատանք ուներ։ Ցանքսի ժամանակ էր, և Դեյվիդը պետք է քսան ակր հող հերկեր ու կավիճով հարստացներ, որը կօգներ ցորենի աճին։ Հայրը ասաց, որ նա պետք է նախ աղոթի ու իմանա, թե արդյոք անմիջապես մեկնելը բացարձակ անհրաժեշտություն էր։
Դեյվիդը լսեց հոր խորհուրդը և աղոթելիս զգաց, որ Հոգին հուշում է Հարմոնի գնալուց առաջ ավարտել տան գործը։
Հաջորդ առավոտյան Դեյվիդը գնաց դաշտ ու տեսավ, որ հողը մուգ շերտերով շուռ է տված, կարծես նախորդ երեկոյան ակոս բացված լիներ։ Շարունակելով հետազոտել հողակտորը, նա տեսավ, որ գիշերվա ընթացքում մոտ վեց ակր հող է հերկվել և վերջին ակոսին գութանը պատրաստ սպասում է իրեն, որ վերջացնի աշխատանքը։
Լսելով, թե ինչ է կատարվել՝ Դեյվիդի հայրը ապշահար եղավ։ «Աստծո ձեռքը պետք է որ այստեղ լինի, – ասաց նա, – կարծում եմ՝ կավիճը տալուց հետո դու պետք է հնարավորինս շուտ գնաս Պենսիլվանիա»:
Դեյվիդը ջանասիրաբար աշխատեց, որպեսզի հողի մնացած մասը նախապատրաստի հաջող ցանքսին։ Ավարտելով գործը՝ նա իր սայլը կցեց ձիերի մի ուժեղ լծվածքի և սպասվածից ավելի շուտ գնաց Հարմոնի։16
Ջոզեֆի, Էմմայի և Օլիվերի տեղափոխվելուց հետո Դեյվիդի մայրը շատ էր ծանրաբեռնված։ Մերի Ուիթմերը և նրա ամուսին Պիտերը արդեն ութ երեխա ունեին՝ տասնհինգից երեսուն տարեկան, և մի քանիսը, որ առանձնացել էին, նույնպես հարևանությամբ էին ապրում։ Նրանց կարիքները հոգալու համար Մերիի օրերը հագեցած էին աշխատանքով, և երեք հյուրերը գործը ավելացրել էին: Մերին հավատում էր Ջոզեֆի կոչմանը ու չէր դժգոհում, սակայն նա հոգնածություն էր զգում։17
Ֆայեթում հեղձուցիչ շոգ էր այդ ամռանը։ Մինչ Մերին լվացք էր անում և ուտելիք էր պատրաստում, Ջոզեֆը վերնահարկում թելադրում էր թարգմանությունը։ Սովորաբար Օլիվերն էր գրում իր համար, սակայն երբեմն, Էմման կամ Ուիթմերներից մեկն էր վերցնում գրիչը։18 Ջոզեֆն ու Օլիվերը, երբ հոգնում էին թարգմանության լարվածությունից, երբեմն քայլում էին դեպի մոտակա լճակը և քարեր էին նետում ջրի վրայով։
Մերին հանգստանալու ժամանակ չէր ունենում և ավելացած աշխատանքն ու լարվածությունը դժվար էր տանել։
Մի օր գոմի մոտ կանգնած, որտեղ կովերն էին կթում, Մերին ալեհեր մազերով մի մարդու տեսավ՝ ուսին մի ուսապարկ գցած: Նրա հանկարծակի հայտնվելը վախեցրեց Մերիին, բայց երբ տղամարդը մոտեցավ, մեղմ ձայնով խոսեց նրա հետ ու հանգստացրեց նրան։
«Իմ անունը Մորոնի է», ասաց նա։ «Քո հոգսերն ավելացել են, և դու շատ հոգնել ես այդ ավելացած աշխատանքից»։ Նա իջեցրեց ուսապարկը և Մերին տեսավ, թե ինչպես է նա քանդում պարկի կապը։19
«Դու շատ հավատարիմ ու ջանասեր ես եղել քո գործերում», շարունակեց նա։ «Հետևաբար, պատշաճ է, որ դու վկայություն ստանաս քո հավատքի ամրապնդման համար»։20
Մորոնին բացեց ուսապարկը և հանեց ոսկե թիթեղները։ Նա պահեց դրանք Մերիի առջև ու թերթեց էջերը, որպեսզի նա տեսնի թիթեղների գրությունները։ Հասնելով վերջին էջին՝ նա հորդորեց նրան մի որոշ ժամանակ համբերատար ու հավատարիմ լինել իր ավելացած բեռը կրելու համար։ Նա խոստացավ, որ կինը կօրհնվի այդ ամենի համար։21
Քիչ անց տարեց մարդը անհետացավ՝ մենակ թողնելով Մերիին։ Նրա գործերը չպակասեցին, սակայն այլևս ծանր չէին նրա համար։22
Ուիթմերների ագարակում Ջոզեֆը արագ էր թարգմանում, սակայն կային նաև դժվարությամբ լի օրեր։ Միտքը զբաղվում էր այլ խնդիրներով, և նա չէր կարողանում կենտրոնանալ հոգևոր բաների վրա։23 Ուիթմերների փոքր տունը միշտ զբաղված էր, և ուշադրությունը շեղող բաներ շատ կային։ Այնտեղ տեղափոխվելով՝ Ջոզեֆն ու Էմման կորցրել էին հարաբերական առանձնությունը, որ վայելում էին Հարմոնիում։
Մի առավոտ, պատրաստվելով թարգմանել, Ջոզեֆը վիճեց Էմմայի հետ։ Քիչ անց, վերնահարկում միանալով Օլիվերին ու Դեյվիդին, նա նկատեց, որ մի վանկ անգամ չի կարողանում թարգմանել։
Նա դուրս եկավ սենյակից և գնաց այգի: Մեկ ժամի չափ նա այգում մնաց ու աղոթեց։ Երբ վերադարձավ, նա ընդունեց, որ սխալվել է և Էմմայից ներողություն խնդրեց։ Ապա վերադարձավ ու կարողացավ սովորականի պես շարունակել թարգմանությունը։24
Այժմ նա թարգմանում էր հիշատակարանի վերջին մասը, հայտնի որպես Նեփիի փոքր թիթեղներ, որն իրականում գրքի սկիզբն էր լինելու։ Հայտնի դարձնելով մի պատմություն, որը նման էր նրան, ինչ ինքը և Մարտինը թարգմանել ու կորցրել էին, փոքր թիթեղները պատմում էին Նեփի անունով երիտասարդի մասին, որի ընտանիքին Աստված առաջնորդում էր Երուսաղեմից դեպի նոր խոստացված երկիր: Այնտեղ բացատրվում էր թիթեղների սկզբնաղբյուրի մասին և նեփիացի ու լամանացի ժողովուրդների միջև վաղ շրջանի լարվածությունների մասին։ Ամենակարևորը, փոքր թիթեղները զորավոր վկայություն էին պարունակում Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության մասին։
Թիթեղների վերջին էջի գրությունները թարգմանելիս Ջոզեֆը հայտնաբերեց հիշատակարանի նպատակը և գիրքը կազմող հին մարգարե-պատմաբանի անունով այն վերնագրեց Մորմոնի Գիրք։25
Մորմոնի Գրքի թարգմանությունը սկսելուց ի վեր, Ջոզեֆը շատ բան էր սովորել Աստծո աշխատանքում իր ապագա դերի մասին։ Գրքի էջերում նա ճանաչեց հիմնական ուսմունքները, որոնք սովորել էր Աստվածաշնչից, ինչպեսև սովորեց նոր ճշմարտություններ և հասկացողություններ Հիսուս Քրիստոսի ու Նրա ավետարանի մասին: Նա հայտնեց նաև հատվածներ վերջին օրերի մասին, որոնք մարգարեանում էին Ջոզեֆ անունով ընտրված տեսանողի մասին, որը երևան կբերի Տիրոջ խոսքը ու կորցրած գիտելիքների և ուխտերի վերականգնող կդառնա:26
Հիշատակարանում նա տեղեկացավ, որ Նեփին ընդարձակվել էր կնքված գրքի մասին Եսայիայի մարգարեության վերաբերյալ, որը ուսյալ մարդը չէր կարող կարդալ։ Կարդալով այդ մարգարեությունը՝ Ջոզեֆը հիշեց Մարտին Հարրիսի առանձնազրույցը պրոֆեսոր Անտոնի հետ։ Այն հաստատում էր, որ միայն Աստված կարող է գիրքը ի հայտ բերել հողի միջից և հաստատել Քրիստոսի եկեղեցին վերջին օրերում։27
Երբ Ջոզեֆն ու իր ընկերները ավարտեցին թարգմանությունը, նրանց միտքը դարձավ Տիրոջ կողմից Մորմոնի Գրքում և Իր հայտնություններում տրված երեք վկաներին թիթեղները ցույց տալու վերաբերյալ խոստումին: Ջոզեֆի ծնողները և Մարտին Հարրիսը այդ ժամանակ այցելել էին Ուիթմերների ագարակ և մի առավոտ Մարտինը, Օլիվերը և Դեյվիդը Ջոզեֆին խնդրեցին թույլ տալ, որ իրենք լինեն վկաները։ Ջոզեֆը աղոթեց և Տերը պատասխանեց, ասելով, որ եթե նրանք ամբողջովին ապավինում են Նրան և պարտավորություն են վերցնում, որ կվկայեն ճշմարտության մասին, ապա կարող են տեսնել թիթեղները:28
«Դու պետք է քեզ խոնարհեցնես Աստծո առաջ այս օրը, – ասաց Ջոզեֆը Մարտինին, մասնավորապես, – և ներում խնդրես քո մեղքերի համար, եթե հնարավոր է»։29
Ավելի ուշ՝ նույն օրը, Ջոզեֆը երեք տղամարդկանց առաջնորդեց դեպի Ուիթմերների տան մոտակա անտառը։ Նրանք ծնկի եկան, և յուրաքանչյուրը հերթով աղոթեց, որ իրեն ցույց տրվի թիթեղները, բայց ոչինչ տեղի չունեցավ: Նրանք փորձեցին երկրորդ անգամ, սակայն կրկին ոչինչ տեղի չունեցավ։ Ի վերջո, Մարտինը վեր կացավ, ասելով, որ ինքն է պատճառը, որ երկինքները չեն բացվում։
Ջոզեֆը, Օլիվերը և Դեյվիդը վերադարձան աղոթքի և շուտով փայլող լույսի մեջ մի հրեշտակ հայտնվեց նրանց գլխավերևում։30 Նա թիթեղներ ուներ իր ձեռքում, որոնք մեկ առ մեկ թերթեց, ցույց տալով տղամարդկանց յուրաքանչյուր էջի վրա փորագրված գրանշանները։ Մի սեղան հայտնվեց նրա կողքին՝ վրան Մորմոնի գրքում նկարագրված մշակույթի հնադարյան առարկաները՝ մեկնիչները, լանջապանակը, սուրը և զարմանահրաշ կողմնացույցը, որ առաջնորդում էր Նեփիի ընտանիքին Երուսաղեմից մինչև խոստացված երկիրը:
Տղամարդիկ լսեցին, թե ինչպես Աստծո ձայնը հայտարարեց. «Այս թիթեղները հայտնի են դարձվել Աստծո զորությամբ և դրանք թարգմանվել են Աստծո զորությամբ: Թիթեղների թարգմանությունը, որ դուք տեսել եք, ճիշտ է, և ես պատվիրում եմ ձեզ վկայություն բերել այն մասին, ինչ այժմ տեսնում եք ու լսում»:31
Երբ հրեշտակը հեռացավ, Ջոզեֆը քայլեց անտառի խորքը և գտավ Մարտինին ծնկի իջած։ Մարտինը նրան ասաց, որ դեռ վկայություն չի ստացել Տիրոջից, սակայն դեռ ցանկանում էր տեսնել թիթեղները։ Նա խնդրեց, որ Ջոզեֆը իր հետ աղոթի։ Ջոզեֆը ծնկի իջավ նրա կողքին, և դեռ կես բառ չասած, նրանք տեսան նույն հրեշտակին, որը ցույց տվեց թիթեղները և մյուս հնադարյան առարկաները։
«Բավարա՛ր է, բավարա՛ր է, – Բացականչեց Մարտինը։ – Իմ աչքերը տեսա՛ն։ Իմ աչքերը տեսա՛ն»։32
Ջոզեֆն ու Երեք վկաները օրվա երկրորդ կեսին վերադարձան Ուիթմերի տուն։ Մերի Ուիթմերը զրուցում էր Ջոզեֆի ծնողների հետ, երբ Ջոզեֆը ներս վազեց սենյակ։ «Հայրի՛կ. Մայրի՛կ», ասաց նա: «Չեք պատկերացնի՝ որքան երջանիկ եմ ես»։
Նա ցած իջավ՝ նստելով մոր կողքին։ «Տերը թույլ տվեց, որ բացի ինձանից թիթեղները ցույց տրվեն ևս երեք հոգու, – ասաց նա։ – Այժմ նրանք գիտեն, որ ես չեմ շրջում ու մարդկանց խաբում»։
Նա զգում էր՝ կարծես ուսերից մի մեծ քար ընկավ: «Այժմ նրանք կկիսեն պատասխանատվության մասը», ասաց նա։ «Ես այլևս միայնակ չեմ լինի ամբողջ աշխարհում»։
Հաջորդը Մարտինը մտավ սենյակ, գրեթե շողալով ուրախությունից: «Հենց նոր ես երկնքի հրեշտակ տեսա», բացականչեց նա։ «Օրհնում եմ Աստծուն իմ հոգու անկեղծությամբ, որ նա բարեհաճ գտնվեց իմ հանդեպ և ինձ՝ անարժանիս վկայություն պարգևեց Նրա աշխատանքի մեծության մասին»:33
Մի քանի օր անց Ուիթմերները հյուրընկալվեցին Սմիթների ընտանիքում Մանչեստրի նրանց ագարակում։ Իմանալով, որ Տերը խոստացել էր հաստատել իր խոսքերը «այնքան շատ վկաների բերանով, որքան նրան բարի կթվա», Ջոզեֆը իր հոր, Հայրումի ու Սամուելի հետ, ինչպեսև Դեյվիդ Ուիթմերի չորս եղբայրների՝ Քրիստիանի, Ջեյկոբի, Պիտեր կրտսերի ու Ջոնի և նրանց փեսայի՝ Հայամ Պեյջի հետ, գնացին անտառ:34
Տղամարդիկ հավաքվեցին մի վայրում, որտեղ Սմիթների ընտանիքը հաճախ առանձնանում էր աղոթելու: Տիրոջ թույլտվությամբ, Ջոզեֆը բացեց թիթեղները և ցույց տվեց խմբին: Նրանք հրեշտակ չտեսան, ինչպես երեք Վկաները, բայց Ջոզեֆը թույլ տվեց, որ նրանք իրենց ձեռքը վերցնեն հիշատակարանը, թերթեն էջերը և ստուգեն նրա հնադարյան գրությունը: Թիթեղներին դիպչելը ամրապնդեց նրանց հավատքը, որ հրեշտակի և հնադարյան հիշատակարանի վերաբերյալ Ջոզեֆի վկայությունը ճշմարիտ էր:35
Այժմ, երբ թարգմանությունն ավարտված էր, և նա վկաներ ուներ իր զարմանահրաշ վկայությունը հաստատելու համար, Ջոզեֆն այլևս չուներ թիթեղների կարիքը։ Երբ տղամարդիկ հեռացան անտառից և վերադարձան տուն, հրեշտակը հայտնվեց, և Ջոզեֆը նրա խնամքին վերադարձրեց հիշատակարանը:36