Եկեք Քրիստոսի մոտ
«Եկեք Քրիստոսի մոտ» հրավեր է: Դա ամենակարևոր հրավերն է, որ դուք երբևէ կարող եք առաջարկել մեկ այլ անձի: Դա ամենակարևոր հրավերն է, որ որևէ մեկը կարող է ընդունել: Այս տնտեսության մեջ ավետարանի Վերականգնման սկզբից ի վեր դա այն կոչն է, որը Հիսուս Քրիստոսը տվել է Իր ներկայացուցիչներին: Նրանց խնդիրն է` «զգուշացնել, մեկնաբանել, հորդորել, ուսուցանել և բոլորին հրավիրել` գալ Քրիստոսի մոտ»:1
Եկեղեցու յուրաքանչյուր անդամ մկրտության ուխտը ընդունելիս դառնում է աշակերտ, որը խոստանում է կանգնել որպես Հիսուս Քրիստոսի վկա բոլոր ժամանակներում ցանկացած տեղում, որտեղ որ կարող է լինել:2 Մեր վկայության նպատակն է` հրավիրել մարդկանց գալ դեպի Նա:
Մենք բոլորս պետք է խորապես հետաքրքրված լինենք սովորելու, թե ինչպես այդ հրավերն արդյունավետ տարածենք: Փորձից մենք գիտենք, որ ոմանք չեն արձագանքի: Միայն մի քանիսն արձագանքեցին, երբ Փրկիչն Ինքն առաջարկեց այդ հրավերը Իր երկրային ծառայության ժամանակ: Բայց մեծ էր Նրա ուրախությունը նրանց համար, ովքեր ճանաչեցին Իր ձայնը: Եվ մեծ է մեր ուրախությունը, երբ նրանց, ում մենք հրավիրում ենք, գալիս են Նրա մոտ:
Իմանալ, որ Նա է ճանապարհը
Արժե մտածել մեր կյանքի այն պահերի մասին, երբ մարդիկ արձագանքել են: Անձամբ ես օրինաչափություն եմ նկատել այդ հրավերը ընդունելու մեջ: Ամեն դեպքում Սուրբ Հոգին առնվազն երեք ճշմարտություն է բացել նրանց: Փորձառությունները ոչ միշտ են գալիս այն հերթականությամբ, որը ես նշում եմ, սակայն դրանք բոլորը հասնում են նրանց սրտերին, ովքեր իսկապես գալիս են Քրիստոսի մոտ:
Առաջինը, նրանք սկսում են զգալ, որ միակ ճանապարհը, որով կարող են ունենալ այս կյանքում և գալիք աշխարհում այդքան ցանկալի երջանկությունը, Հիսուս Քրիստոսի միջոցով է: Նրանք սկսում են հավատալ Մորմոնի Գրքի այս խոսքերին. «Ես ասում եմ ձեզ, ինչպես որ այս բաները ճշմարիտ են, և ինչպես կենդանի է Տեր Աստված, չկա ոչ մի ուրիշ անուն երկնքի տակ տրված, բացի այս Հիսուս Քրիստոսից, որի մասին ես խոսեցի, որի միջոցով մարդ կարող է փրկվել»:3
Այդ վստահությունը հեշտ չէ զգալ մի աշխարհում, որտեղ շատ ձայներ ասում են, որ չկա Աստված, չկա մեղք, իսկ երջանկությունը հաճույքի մեջ է կայանում: Սակայն մեր ձայները կարող են լինել ավելի հզոր, եթե մենք ձեռք բերենք այն պարգևը, որը հաստատուն վկայություն է տալիս, որ Հիսուսը Քրիստոսն է և աշխարհի Փրկիչը: Այդ վկայությունն ավելի զորեղ կլինի, եթե արտացոլի ձեր անձնական փորձառությունները կապված ձեր կյանքում գործող Հիսուս Քրիստոսի Քավության հետ: Եթե դուք ավելի հաճախ մտածեք այն մասին, թե ինչպես է Նրա Քավությունը փոխել ձեզ, և եթե հաճախ շնորհակալություն հայտնեք, դուք կտեսնեք, որ Նրա մասին ձեր վկայությունը զորություն է ստանում ուրիշների սրտերին հասնելու համար: Երբ ձեր անձնական վկայությամբ հրավիրվածները զգան այդ վկայությունը, նրանք կընդունեն Նրան որպես իրենց Տեր և Փրկիչ: Եվ այդ ընդունումը կջերմացնի նրանց և ձեր սրտերը:
Ուխտ կապել և հնազանդվել
Երկրորդ, նրանք, ովքեր ես գիտեմ, որ իսկապես գալիս են Նրա մոտ, ուխտ են կապում Նրան հնազանդվելու և հետևելու: Դա կարող է սկսել պարզ որոշումներ կայացնելուց և պահելուց, օրինակ Մորմոնի Գիրքը կարդալուց կամ հաղորդության ժողովին հաճախելուց: Դա պետք է բխի իրենց հավատքից, որ Հիսուսը Քրիստոսն է և Փրկիչը: Երբ նրանք պահում են իրենց պարտավորվածությունը, ելնելով հավատքից, նրանք զգում են ինչ-որ բան: Նրանք հնարավոր է չկարողանան ձևակերպել այդ զգացումները բառերով, սակայն ավելի լավ են զգում: Հնազանդությունը, անգամ ամենափոքր բաներում, Աստծուց բերում է այդ օրհնությունը: Եվ ժամանակի ընթացքում նրանք ունենում են ապաշխարող սիրտ և սկսում են զգալ մկրտության ուխտը կատարելու, Փրկչի անունն իրենց վրա վերցնելու և մեղքից մաքրվելու ցանկություն:
Մարդիկ այդ որոշիչ ընտրությունը կատարում են տարբեր պատճառներով: Սկզբում այն անձը, որին մենք ուսուցանում ենք, չի տեսնում մկրտվելու անհրաժեշտությունը: Ի վերջո, նա իր ողջ կյանքում փորձել է լավ մարդ լինել: Նա լուրջ մեղք չի կատարել: Երեխա հասակում նա մկրտվել է մեկ այլ եկեղեցում: Ապա երկու միտք է ծագում նրա ուղեղում: Առաջինը, որ Փրկիչը մկրտվել է հնազանդությունից ելնելով, երբեք մեղք գործած չլինելով: Մյուսը, որ նա ցանկանում է ճշմարիտ քահանայության իշխանության միջոցով պարտավորվածություն վերցնել իր վրա, ինչպես Փրկիչը գնաց Հովհաննեսի մոտ մկրտվելու:
Մեկ այլ երիտասարդ, որին մենք ուսուցանում էինք, որոշեց մկրտվել, քանի որ նրա սիրտը կոտրված էր այն վշտից, որը նա զգում էր իր մեղքերի համար: Երբ նա դուրս եկավ մկրտության ջրերից, նա գրկախառնվեց ինձ հետ, արցունքները հոսում էին նրա այտերով, և նա ասաց ականջիս. «Ես մաքուր եմ: Ես մաքուր եմ»:
Մկրտության ուխտը կապելու նրանց որոշումները բխում էին նրանց ընդհանուր հավատքից: Նրանք գիտեին, որ եթե պահեին Փրկչի պատվիրաններին հնազանդվելու ուխտը, Նա կպահի Իր ուխտը, որը կտանի նրանց դեպի հավերժական կյանք: Նրանք պատրաստ էին գալ Նրա մոտ, որպեսզի փոխվեին և առաջնորդվեին Նրանով, և ժամանակի ընթացքում նմանվեին Նրան:
Աշխատել նմանվել Նրան
Սա հանգեցնում է երրորդ հանգամանքին, որը ես նկատել եմ նրանց կյանքում, ովքեր իսկապես գալիս են դեպի Նա: Նրանք աշխատում են նմանվել Նրան: Նրանք աշխատում են մյուսների հետ վարվել այնպես, ինչպես Նա կվարվեր: Ես և դուք նկատել ենք դա հավատարիմ մարդկանց կյանքում, նրանից հետո, երբ նրանք մկրտվել են և ստացել Սուրբ Հոգին: Մի անգամ իմ միսիոներ զուգընկերոջ հետ ես այցելեցի մի ընտանիք, որին ուսուցանել և մկրտել էինք միայն մի քանի շաբաթ առաջ: Ծնողները մեզ տարան իրենց նկուղ մի սենյակ ցույց տալու: Դա նրանց երկու դուստրերից մեկի ննջարանն էր եղել: Սակայն այժմ նա տեղափոխվել էր իր քրոջ սենյակը: Ննջարանը, որ նա զբաղեցնում էր, լցված էր այն ամենով, ինչի կարիք կարող է ունենալ ընտանիքն աղետի պահին:
Մենք ոչինչ չէինք սովորեցրել նրանց արտակարգ իրավիճակներին պատրաստվելու մասին: Երբ հարցրեցինք, թե ինչու էին նրանք նման դժվար գործեր ձեռնարկել այդքան կարճ ժամանակում, նրանք պատասխանեցին, որ Եկեղեցու ամսագրում կարդացել էին, որ Տերը ընտանիքներին խրախուսում է պատրաստ լինել իրենց և մյուսների համար հոգ տանելուն: Նրանք ասացին. «Այսպես չե՞ն անում Վերջին Օրերի Սրբերը»:
Այդ պարզ հավատքը վերաբերում էր այն ամենին, ինչ նրանք զգում էին, որ իրենցից ակնկալում էր Փրկիչը: Եվ Նրան հետևելու նրանց ցանկությունը երկարատև էր: Եվ դա փոխեց նրանց: Նրանք միշտ բարի էին, աշխատում էին օգնել մյուսներին: Գթություն ցուցաբերելու այդ ունակությունն աճում էր: Եվ դա է վարվելակերպը բոլոր նրանց, ովքեր շարունակում են գալ դեպի Նա` կյանքի ընթացքում:
Մենք երբեմն խոսում ենք անդամներին պահելու մասին: Մենք կարող ենք և պետք է ընկեր լինենք նրանց համար, ովքեր որոշել են գալ դեպի Նա: Նրանք կարող են հուսահատվել, երբ փորձությունները սկսվեն, ինչպես միշտ պատահում է: Սակայն մենք պետք է հիշենք, որ լավագույն և վստահելի ընկերները, որ նրանք ունեն, դա Փրկիչն է և Նրա Հայրը, որը նաև իրենց Հայրն է: Երկնային Հայրը և Փրկիչը նրանց կուղարկեն Սուրբ Հոգին մխիթարելու և հաստատելու իրենց հավատքը, եթե նրանք խոնարհաբար հնազանդվեն: Օրինակ, նոր անդամի հետ տնային կամ այցելող ուսուցում կատարելիս, եթե նրան հնարավորություն տաք աղոթելու կամ ուսուցանելու, կամ հանդիպում նշանակելու, դուք նրան ավելի մեծ ուժ կտաք, ոչ թե պարզապես սեր կարտահայտեք: Եվ դա կբարձրացնի նրանց իրենց փորձություններից վեր և կպաշտպանի հպարտությունից, երբ օրհնությունները սկսեն գալ, իսկ դրանք կգան:
Սրտի փոփոխություն
Մեկ այլ հիանալի բան կպատահի: Երբ դուք ձեր սիրտը տաք, հրավիրելով մարդկանց գալ Քրիստոսի մոտ, ձեր սիրտը կփոխվի: Դուք կանեք Նրա աշխատանքը Նրա համար: Դուք կտեսնեք, որ Նա պահում է ձեր ծառայության մեջ ձեզ հետ մեկ լինելու Իր խոստումը: Դուք կսկսեք ճանաչել Նրան: Եվ ժամանակի ընթացքում դուք կնմանվեք Նրան և «կկատարելագործվեք նրանում»:4 Օգնելով ուրիշներին գալ դեպի նա, դուք կտեսնեք, որ դուք ինքներդ եք եկել Իր մոտ: Եթե ուզում եք լինել Նրա կողքին, զգալ Նրա խաղաղությունը, դուք դա կարող եք անել լավագույն ձևով Նրան ծառայելով:
Նա է ասել.
«Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ և բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ:
Ձեզ վրա առեք իմ լուծը և ինձանից սովորեցեք. որովհետև ես հեզ եմ և սրտով խոնարհ, և ձեր անձերի համար հանգստություն կգտնեք:
Որովհետև իմ լուծը քաղցր է, և իմ բեռը` թեթև»:5
Ես վկայում եմ, որ Նա կպահի այդ խոստումը նրանց համար, ում մենք հրավիրում ենք գալ Իր մոտ: Եվ Նա պահում է այդ խոստումը նրանց համար, ովքեր ծառայում են Իրեն, հրավիրելով մարդկանց: