2011
Ինչ եմ ցանկանում, որ իմ թոռնուհիները (և թոռները) հասկանան Սփոփող Միության մասին
Նոյեմբեր 2011


Ինչ եմ ցանկանում, որ իմ թոռնուհիները (և թոռները) հասկանան Սփոփող Միության մասին

Սկսած այն օրվանից, որ ավետարանը սկսեց վերականգնվել այս տնտեսությունում, Տիրոջը պետք էր, որ հավատարիմ կանայք մասնակցեին որպես Իր աշակերտներ:

Julie B. Beck

Այս պատմական ժողովին ձեզ դիմելը պատիվ է: Միասին լինելը օրհնություն է մեզ համար: Սփոփող Միությունում գերագույն նախագահ ծառայելու ընթացքում ես մեծ սեր եմ զարգացրել ձեր հանդեպ՝ Եկեղեցու Սփոփող միության քույրեր, և Տերըը մեծացրել է իմ խորաթափանցությունն այն մասին, թե ինչ է Նա զգում մեր վերաբերյալ և ինչ է Նա սպասում մեզնից:

Ես վերնագրել եմ այս ուղերձն այսպես՝ «Ինչ եմ ցանկանում, որ իմ թոռնուհիները (և թոռները) հասկանան Սփոփող Միության մասին»: Իմ մեծ թոռնուհիները եռանդուն կերպով աշխատում են Անձնական Զարգացման վրա և զարգացնում են ազնիվ կին լինելու սովորություններ և գծեր: Շուտով նրանք և իրենց հասակակիցները կկրեն այս աշխարհասփյուռ հիանալի քույրության պատասխանատվությունը:

Ես հուսով եմ, որ այն, ինչ ասեմ այս ուղերձում, կօգնի նրանց և բոլորին, ովքեր կլսեն կամ կկարդան այն, պարզ հասկանալ, թե ինչ էր Տերն ակնկալում Իր դուստրերից, երբ կազմավորվեց Սփոփող Միությունը:

Հին ժամանակների աշակերտության օրինակը

Ես հուսով եմ, որ թոռնուհիներս կհասկանան, որ Սփոփող Միությունը այսօր կազմավորվել է աշակերտության օրինակի հիման վրա, որը գոյություն է ունեցել Եկեղեցում հին ժամանակներում: Երբ Փրկիչը կազմավորեց Իր Եկեղեցին Նոր Կտակարանի ժամանակներում, «կանայք կարևորագույն մասնակիցներն էին [Նրա] ծառայության»:1 Նա այցելեց Մարթային և Մարիամին՝ Նրա երկու ամենանվիրված հետևորդներին, Մարթայի տանը: Մինչ Մարթան լսում էր Նրան և ծառայում համաձայն իրենց ժամանակների սովորույթների, Նա օգնեց նրան տեսնել, որ կարող էր անել ավելին: Նա օգնեց Մարթային և Մարիամին հասկանալ, որ նրանք կարող էին ընտրել «այն բարի բաժինը», որը չէր վերցվի իրենցից:2 Այս մեղմ դիտողությունը ծառայեց որպես հրավեր՝ մասնակցելու Տիրոջ ծառայությանը: Եվ ավելի ուշ Նոր Կտակարանում Մարթայի ամուր վկայությունը Տիրոջ աստվածության վերաբերյալ տալիս է մեզ ավելի մեծ խորաթափանցություն նրա հավատքի և աշակերտության մասին:3

Երբ մենք շարունակում ենք կարդալ Նոր Կտակարանը, մենք իմանում ենք, որ Առաքյալները շարունակել են հաստատել Տիրոջ Եկեղեցին: Մենք նաև իմանում ենք հավատարիմ կանանց մասին, ում աշակերտության օրինակը նպաստել է Եկեղեցու աճին: Պողոսը խոսել է Եփեսոսի4 և Փիլիպպեայի5 կին հետևորդների մասին: Սակայն երբ Տիրոջ ճշմարիտ Եկեղեցին կորավ ուխտադրժության մեջ, աշակերտության այս օրինակը նույնպես կորավ:

Երբ Տերը սկսեց վերականգնել Իր Եկեղեցին Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով, Նա կրկին ներառեց կանանց աշակերտության մեջ: Եկեղեցու պաշտոնական կազմավորումից մի քանի ամիս անց Տերը հայտնեց, որ Էմմա Սմիթը պետք է ձեռնադրվի որպես առաջնորդ և ուսուցիչ Եկեղեցում և որպես պաշտոնական օգնական իր ամուսնու՝ Մարգարեի համար:6 Իր թագավորությունը կառուցելու գործում Տիրոջն օգնելու իր կոչման հետ կապված նրան տրվել էին հրահանգներ, թե ինչպես մեծացներ իր հավատքը և անձնական արդարությունը, ինչպես ամրացներ իր ընտանիքն ու իր տունը, և ինչպես ծառայեր ուրիշներին:

Ես հուսով եմ, իմ թոռնուհիները կհասկանան, որ սկսած այն օրվանից, որ ավետարանը սկսեց վերականգնվել այս տնտեսությունում, Տիրոջը պետք էր, որ հավատարիմ կանայք մասնակցեին որպես Իր աշակերտներ:

Նրանց զարմանալի աջակցության օրինակներից մեկը միսիոներական աշխատանքին էր վերաբերվում: Վաղ շրջանի Եկեղեցու մեծ աճը հնարավոր դարձավ, որովհետև հավատարիմ տղամարդիկ հոժար էին թողնել իրենց ընտանիքները, ճամփորդել անհայտ տեղեր և տանել անհարմարություններ և դժվարություններ ավետարանը ուսուցանելու համար: Սակայն այս տղամարդիկ հասկանում էին, որ իրենց միսիան հնարավոր չէր լինի առանց իրենց կյանքի կանանց լիարժեք հավատքի և ընկերակցության, ովքեր աջակցում էին տներում և բիզնեսներում և եկամուտ էին վաստակում իրենց ընտանիքների և միսիոներների համար: Քույրերը հոգում էին նաև իրենց համայնքներում հավաքված հազարավոր նորադարձների համար: Նրանք մեծապես նվիրված էին կյանքի նոր ձևին՝ օգնելով կառուցել Տիրոջ թագավորությունը:

Կապված Քահանայությանը

Ես հուսով եմ, իմ թոռնուհիները կհասկանան, որ Տերը ոգեշնչեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին կազմավորել Եկեղեցու կանանց «քահանայության ներքո՝ քահանայության օրինակով»7 և սովորեցնել նրանց, թե «ինչպես [նրանք] կունենան արտոնություններ, օրհնություններ և Քահանայության պարգևներ»:8

Երբ Սփոփող Միությունը պաշտոնապես կազմավորվեց, Էմմա Սմիթը շարունակում էր կրել ղեկավար լինելու իր կոչումը: Նա կոչվեց կազմակերպության նախագահ և ունեցավ երկու խորհրդականներ, որոնք ծառայում էին իր հետ նախագահությունում: Փոխանակ ժողովրդի ձայնով ընտրվելուն, ինչպես ընդունված էր Եկեղեցուց դուրս կազմակերպություններում, այս նախագահությունը կանչված էր հայտնությամբ, հաստատված նրանց կողմից, ում նրանք առաջնորդելու էին և ձեռնադրված քահանայության ղեկավարների կողմից, որ ծառայեն իրենց կոչումներում, այսպիսով, որպեսզի «կանչված լինի Աստծո կողմից՝ մարգարեությամբ և իշխանություն ունեցողների ձեռնադրմամբ»:9 Քահանայության ներքո կազմավորված լինելը հնարավոր դարձրեց նախագահության համար ցուցումներ ստանալ Տիրոջից և Իր մարգարեից այս յուրահատուկ աշխատանքի համար: Եվ Սփոփող Միության կազմավորումը հնարավոր դարձրեց, որ տաղանդի, ժամանակի և միջոցների Տիրոջ պահեստը կառավարվի իմաստությամբ և կարգով:

Կանանց այդ առաջին խումբը հասկանում էր, որ իրենց տրված էր ուսուցանելու, ոգեշնչելու և որպես աշակերտներ քույրերին կազմակերպելու իշխանությունը, որպեսզի օգնեն Տիրոջ փրկության աշխատանքում: Իրենց առաջին ժողովներում քույրերին սովորեցվեց Սփոփող Միության առաջնորդող նպատակները՝ մեծացնել հավատքն ու անձնական արդարությունը, ամրացնել ընտանիքներն ու տները և գտնել ու օգնել նրանց, ովքեր կարիքի մեջ են:

Ես հուսով եմ, իմ թոռնուհիները կհասկանան, որ Սփոփող Միության կազմակերպությունը բացառիկ հնարավորությունների, օրհնությունների և միայն տաճարում գտնվող պարգևների առանցքային մասն էր: Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը ուսուցանել է, որ Սփոփող Միությունը «երկրի վրա Աստծո թագավորության կարևորագույն մասն է» և «այնպես է նախագծված և գործում, որ այն օգնում է իր հավատարիմ անդամներին հավերժական կյանք ձեռք բերել մեր Հոր թագավորությունում»:10 Մենք կարող ենք պատկերացնել, թե ինչ էր նշանակում քույրերի համար լինել Ջոզեֆ Սմիթի Կարմիր Աղյուսե Վաճառատանը Սփոփող Միության այդ առաջին ժողովների ժամանակ, իրենց դիմաց ունենալով բլուրը, որտեղ կառուցվում էր Տաճարը, մինչ Մարգարեն սովորեցնում էր նրանց, որ «այնտեղ կլինի ընտրյալ հասարակություն, աշխարհի ամեն չարից բաժանված, ընտիր, առաքինի և սուրբ»:11

Ես հուսով եմ, իմ թոռնուհիները գնահատում են տաճարն այնպես, ինչպես առաջին Սփոփող Միության քույրերը, ովքեր հավատում էին, որ տաճարի օրհնությունները յուրաքանչյուր Վերջին Օրերի Սուրբ կնոջ գլխավոր մրցանակն ու մեծ նպատակն են: Ես հուսով եմ, որ առաջին Սփոփող Միության քույրերի պես, իմ թոռնուհիները կջանան ամեն օր դառնալ բավականաչափ հասուն տաճարային սուրբ ուխտեր կապելու և պահելու համար, և որ երբ նրանք գնան տաճար, նրանք ուշադրություն կդարձնեն ամենին, ինչ ասվում և արվում է: Տաճարի օրհնությունների միջոցով նրանք պարուրված կլինեն փառքով12 և օրհնված՝ ստանալու «արքայության խորհուրդների բանալիները»:13 Միայն տաճարներում կատարվող քահանայության արարողությունների միջոցով նրանք կօրհնվեն իրականացնելու իրենց աստվածային, հավերժական պարտականությունները, և նրանք կխոստանան ապրել ինչպես նվիրված աշակերտներ: Ես երախտապարտ եմ, որ Սփոփող Միություն կազմավորելիս Տիրոջ հիմնական նպատակներից մեկը եղել է կանանց պարտականություն տալը, որ օգնեն իրար պատրաստվել «քահանայության ավելի մեծ օրհնություններին, որոնք գտնվում են տաճարային արարողություններում և ուխտերում»:14

Աշխարհասփյուռ քույրության ապաստանն ու ազդեցությունը

Ես հուսով եմ, իմ թոռնուհիները կհասկանան հրաշալի Սփոփող Միության աշխարհասփյուռ քույրության կարևոր ազդեցությունն ու հնարավորությունը: Սկսած 1842թ. Եկեղեցին լավ տարածվել է Նավույից դուրս, և Սփոփող Միությունը այժմ գտնվում է ավելի քան 170 երկրներում, որտեղ քույրերը խոսում են ավելի, քան 80 լեզուներով: Ամեն շաբաթ նոր ծխեր և ճյուղեր են կազմավորվում, և նոր Սփոփող Միություններ դառնում են հավերժորեն ընդարձակվող քույրության մասը, «տարածվում երկրներով մեկ»:15 Երբ Սփոփող Միությունը համեմատաբար փոքրաքանակ էր և կազմավորված էր հիմնականում Յուտայում, դրա ղեկավարները կարող էին կենտրոնացնել իրենց կազմակերպությունն ու աշակերտությունը հիմնականում տեղական հասարակական ծրագրերի և իրենց մեջ սփոփող աշխատանքների վրա: Նրանք զարգացրեցին տնային արտադրությունները և իրականացրեցին հիվանդանոցներ կառուցելու և հացահատիկի պաշար հավաքելու ծրագրեր: Այդ առաջին Սփոփող Միության ջանքերը օգնեցին հաստատել աշակերտության օրինակներ, որոնք այժմ մեծապես օգտագործվում են: Մինչ Եկեղեցին աճում է, Սփոփող Միությունը հնարավորություն ունի իրականացնելեւ իր նպատակները յուրաքանչյուր ծխում և ճյուղում, յուրաքանչյուր ցցում և շրջանում, հարմարվելով մշտապես փոփոխվող աշխարհին:

Ամեն օր Սփոփող Միության քույրերը ամբողջ աշխարհում հանդիպում են մահկանացու դժվարությունների և փորձառությունների ողջ տեսականուն: Կանայք և նրանց ընտանիքները այսօր ապրում են, դեմ առ դեմ հանդիպելով անսպասելի դեպքերի՝ մտավոր, ֆիզիկական և հոգևոր հիվանդությունների, վթարների և մահվան: Որոշ քույրեր տառապում են միայնակ լինելու և հիասթափվելու արդյունքում, որովհետև նրանք չունեն իրենց սեփական ընտանիքները, իսկ մյուսները տառապում են ընտանիքի անդամների կողմից կատարված վատ ընտրությունների պատճառով: Ոմանք տեսել են պատերազմ, սով կամ բնական աղետներ, ոմանք էլ սովորում են կախվածության մեջ լինելու, գործազրկության կամ չբավականացնող կրթության և գործնական ուսուցման պակասի դժվարությունների մասին: Այս բոլոր դժվարությունները կարող են սասանել մեր հավատքը և թուլացնել անհատներին և ընտանիքներին: Քույրերի աշակերտության կազմավորման հարցում Տիրոջ նպատակներից մեկը եղել է օգնություն ապահովելը, որը նրանց վեր կբարձրացնի «ամենից, որ խոչընդոտում են կնոջ ուրախությանը և զարգացմանը»:16 Յուրաքանչյուր ծխում և ճյուղում կա Սփոփող Միություն, որում կան քույրեր, ովքեր կարող են փնտրել, հայտնություն ստանալ և խորհրդակցել քահանայության ղեկավարների հետ, որպեսզի ամրացնեն իրար և աշխատեն հարցերի լուծման վրա, որոնք կիրառելի են իրենց իսկ տանը և համայնքներում:

Ես հուսով եմ, իմ թոռնուհիները կհասկանան, որ Սփոփող Միության միջոցով նրանց աշակերտությունը մեծանում է և նրանք կարող են այլոց հետ միասին ներգրավվել այնպիսի աշխատանքի մեջ, ինչպիսին արել է Տերը: Այս ծառայության միջոցով նրանք կարող են բաներ փոխել աշխարհում: Եթե պաշտոնական հաշվետվություն պահվեր բոլոր ծառայությունների և բոլոր օգնությունների վերաբերյալ, որոնք մատուցվել են Սփոփող Միության կողմից՝ սկսած դրա կազմավորումից, դա կլիներ ազդեցիկ և հերոսական արձանագրություն:

Իմ թոռնուհիները նաև պետք է իմանան, որ Սփոփող Միության քույրությունը կարող է լինել ապահովության վայր, ապաստան և պաշտպանություն:17 Մինչ մեր ժամանակները ավելի բարդանում են, Սփոփող Միության հավատարիմ քույրերը կօգնեն պաշտպանել Սիոնի տները աշխարհի տհաճ ձայներից և հակառակորդի կլանող ու գայթակղիչ ազդեցությունից: Եվ Սփոփող Միության միջոցով արդար կանանց ազդեցությունը կարող է օրհնել մեր Հոր զավակներից ավելի շատերին:

Հոգատարության և ծառայության աշակերտություն

Ես հուսով եմ, իմ թոռնուհիները կհասկանան, որ այցելությամբ ուսուցումը իրենց աշակերտության արտահայտությունն է և իրենց ուխտերը պատվելու նշանակալից ձև: Մեր աշակերտության այս տարրը կարող է մանրազնին կերպով նմանվել մեր Փրկչի ծառայությանը: Սփոփող Միության վաղ շրջանում յուրաքանչյուր ծխի այցելող հանձնախումբ հանձնարարություն էր ստանում որոշելու կարիքները և հավաքելու նվիրատվություններ՝ կարիքավորներին բաժանելու համար: Տարիների ընթացքում Սփոփող Միության քույրերը և Սփոփող Միության ղեկավարները քայլ առ քայլ սովորել են և զարգացրել ուրիշների համար հոգալու իրենց ունակությունը: Եղել են ժամանակներ, երբ քույրերը ավելի շատ կենտրոնացել են ամբողջական այցելությունների վրա, դասերի ուսուցանման վրա և նշումներ թողնելու վրա, երբ այցելել են իրենց քույրերի տները: Այս փորձառությունները օգնել են քույրերին սովորել հոգատարության օրինակներ: Ճիշտ ինչպես ժողովուրդը Մովսեսի ժամանակներում կենտրոնացած էր օրենքների երկար ցուցակները պահելու վրա, Սփոփող Միության քույրերը երբեմն շատ գրված և չգրված օրենքներ են կիրառել իրենց վրա, ցանկանալով հասկանալ, թե ինչպես ամրացնեն իրար:

Այսօր քույրերի և նրանց ընտանիքների կյանքում սփոփանքի և ապահովության մեծ կարիքից ելնելով, մեր Երկնային Հայրը կարիք ունի, որ մենք հետևենք բարձրագույն ուղուն և ցուցաբերենք մեր աշակերտությունը՝ Նրա զավակների համար անկեղծորեն հոգալով: Մտքում ունենալով այս կարևոր նպատակը, ղեկավարներն ուսուցանվել են խնդրել տեղեկատվություն քույրերի և նրանց ընտանիքների հոգևոր և նյութական բարեկեցության և մատուցված ծառայության մասին:18 Եվ այցելող ուսուցիչները պարտականություն ունեն «անկեղծորեն ճանաչել և սիրել յուրաքանչյուր քրոջ, օգնել նրան ամրացնել իր հավատքը և ծառայություն մատուցել»:19

Որպես Փրկչի հավատարիմ աշակերտներ, մենք կատարելագործվում ենք մեր ունակություններում անելու բաներն այնպես, ինչպես Նա կաներ, եթե Նա լիներ այստեղ: Մենք գիտենք, որ Նրա համար կարևորը մեր հոգատարությունն է, և ուստի մենք փորձում ենք կենտրոնանալ մեր քույրերի համար հոգալու վրա, և ոչ թե որոշ բաներ անելու ցուցակը լրացնելու վրա: Իսկական ծառայությունը չափվում է ավելի շատ մեր գթության խորությամբ, քան թե մեր վիճակագրական տվյալների կատարելությամբ: Մենք կիմանանք, որ մենք հաջողակ ենք որպես այցելող ուսուցիչներ մեր ծառայության մեջ, երբ մեր քույրերը կարող են ասել «Իմ այցելող ուսուցիչը օգնում է ինձ հոգևորապես աճել», «Ես գիտեմ, որ իմ այցելող ուսուցիչը շատ է մտահոգվում իմ և իմ ընտանիքի մասին» և «Եթե ես խնդիրներ ունեմ, ես գիտեմ, որ իմ այցելող ուսուցիչը գործի կանցնի առանց հրավերի սպասելու»: Քույրերն ու առաջնորդները, ովքեր հասկանում են ուրիշներին ծառայելու կարևորությունը, կխորհրդակցեն միասին, թե ինչպես փնտրեն ու ստանան հայտնություն այցելող ուսուցիչներին ոգեշնչելու համար և ինչպես կազմակերպեն և կատարեն իրենց ծառայությունը:

Ի լրացում, այցելությամբ ուսուցումը Տիրոջ հոտի համար հոգալու եպիսկոպոսի պատասխանատվության լրացումն է: Եպիսկոպոսն ու Սփոփող Միության նախագահը ոգեշնչված այցելող ուսուցիչների կարիքն ունեն՝ օգնելու նրանց կատարել իրենց պարտականությունները: Այցելող ուսուցիչների ծառայության միջոցով Սփոփող Միության նախագահը կարող է տեղեկանալ ծխի յուրաքանչյուր քրոջ բարեկեցության վերաբերյալ և զեկուցել նրանց բարեկեցության վերաբերյալ, երբ նա այցելում է իր եպիսկոպոսին:

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը ուսուցանել է մեզ, որ «երբ մենք հավատքով ջանում ենք առանց տատանվելու իրականացնել մեզ տրված պարտականությունները, երբ մենք փնտրում ենք Ամենակարողի ոգեշնչումը մեր պարտականությունները կատարելիս, մենք կարող ենք հասնել հրաշքների»:20 Ես հուսով եմ իմ թոռնուհիները մասնակից կլինեն հրաշքների, երբ նրանք օգնեն, որ այցելությամբ ուսուցանելը դառնա աշակերտության օրինակ, որ Տերը կճանաչի, երբ Նա կրկին գա:

Իրականացնելով Սփոփող Միության նպատակը

Սփոփող Միության վերաբերյալ այս և այլ կարևոր ուսմունքներ այժմ մատչելի են իմ թոռնուհիներին Իմ արքայության դուստրերը. Սփոփող Միության պատմությունը և աշխատանքը գրքի շնորհիվ: Այս գիրքը պարունակում է Սփոփող Միության և այս Եկեղեցու կանանց ժառանգությունը: Այն կմիավորի և կաջակցի աշխարհասփյուռ քույրությանը Սփոփող Միության նպատակներով և աշակերտների օրինակներով և արտոնություններով: Այն մեր Հոր երջանկության ծրագրում կանանց դերերի կարևորության վկայությունն է, և այն տալիս է կայուն չափանիշ, թե ինչին ենք մենք հավատում, ինչ ենք մենք անում և ինչ ենք մենք պաշտպանում: Առաջին Նախագահությունը քաջալերել է մեզ «ուսումնասիրել այս գիրքը և թույլ տալ դրա հավերժական ճշմարտություններին և ոգեշնչող օրինակներին ազդել [մեր] կյանքի վրա»:21

Իմանալով, որ Սփոփող Միության կազմակերպությունը աստվածայնորեն է ստեղծված, Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը Սփոփող Միության քույրերին ասել է. «Դուք եք, որ պիտի առաջնորդեք աշխարհը, և հատկապես՝ աշխարհի կանանց: …Դուք գլուխն եք, ոչ թե պոչը»:22 Մինչ Տիրոջ վերադառնալու ժամանակը մոտենում է, ես հուսով եմ, իմ թոռնուհիները կդառնան ուժեղ, հավատարիմ կանայք, ովքեր կիրառում են Սփոփող Միության սկզբունքներն ու օրինակները իրենց կյանքում: Երբ Սփոփող Միությունը դառնա նրանց համար ապրելակերպ, նրանք միասնության մեջ կծառայեն ուրիշների հետ՝ իրականացնելով դրա աստվածային նպատակները: Ես վկայություն ունեմ Հիսուս Քրիստոսի վերականգնված ճշմարիտ Եկեղեցու վերաբերյալ, և ես երախտապարտ եմ աշակերտության օրինակի համար, որը վերականգնվեց, երբ Տերը ոգեշնչեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին կազմավորել Սփոփող Միությունը: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: