Երեխաներ
Ես վկայում եմ երեխաների մեծ օրհնության և երջանկության մասին, որը նրանք կպարգևեն մեզ այս կյանքում և հավերժություններում:
Երբ մենք նայում ենք երեխայի աչքերի մեջ, մենք տեսնում ենք ընկերակից Աստծո որդու կամ դստեր, որը մեր կողքին կանգնած էր նախաերկրային կյանքում:
Երեխաներ ունենալու հնարավորություն ունեցող ամուսնու և կնոջ մեծագույն արտոնությունն է մահկանացու մարմիններ ստեղծել Աստծո այս զավակների համար: Մենք հավատում ենք ընտանիքներին և մենք հավատում ենք երեխաներին:
Երբ երեխա է ծնվում ամուսնու և կնոջ կյանքում, նրանք իրականացնում են մեր Երկնային Հոր ծրագրի երեխաներ աշխարհ բերելու մասը: Տերն ասել է. «Սա է իմ գործը և իմ փառքը` իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը»:1 Մինչև անմահությունը պիտի լինի մահկանացություն:
Ընտանիքը հաստատված է Աստծո կողմից: Ընտանիքները առանցքային են մեր Երկնային Հոր ծրագրում այստեղ` երկրի վրա, և հավերժության մեջ: Ինչպես կարդում ենք սուրբ գրություններում, երբ Ադամն ու Եվան միացան ամուսնությամբ, «Աստուած օրհնեց նորանց, եւ Աստուած ասաց նորանց. Աճեցէք և շատացէք, եւ լցրէք երկիրը»:2 Մեր օրերում մարգարեներն ու առաքյալները հայտարարել են. «Ադամին և Եվային Աստծո կողմից տրված առաջին պատվիրանը որպես ամուսին և կին նրանց ծնող դառնալու հնարավորությունն էր: Մենք հայտարարում ենք, որ դեռևս ուժի մեջ է բազմանալու և երկիրը լցնելու վերաբերյալ Իր զավակներին տրված Աստծո պատվիրանը»:3
Այս պատվիրանը չի մոռացվել կամ մի կողմ դրվել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում:4 Մենք խորին երախտագիտություն ենք հայտնում հսկայական հավատքի համար, որ ցուցաբերվում է ամուսինների և կանանց կողմից (հատկապես մեր կանանց) երեխաներ ունենալու նրանց պատրաստակամությամբ: Երբ և քանի երեխա ունենալը անձնական որոշումներ են, որոնք կայացվում են ամուսնու, կնոջ և Տիրոջ կողմից: Սրանք սուրբ որոշումներ են, որոշումներ, որոնք պետք է կայացվեն անկեղծ աղոթքի միջոցով և գործի դրվեն մեծ հավատքով:
Տարիներ առաջ Յոթանասուն Երեց Ջեյմս Օ. Մեյսոնը կիսվեց ինձ հետ այս պատմությամբ. «Մեր վեցերորդ երեխայի ծնունդը մի անմոռանալի փորձառություն էր: Մինչ ես հայացքս սևեռել էի այդ գեղեցիկ նորածին դստեր վրա` նրա ծնունդից ընդամենը րոպեներ անց, պարզ լսեցի մի ձայն, որը հայտարարեց. «Դեռևս մեկն էլ կծնվի և դա տղա կլինի»: Անխոհեմորեն, ես ետ վազեցի իմ ամբողջովին ուժասպառ եղած կնոջ անկողնու մոտ և հայտնեցի նրան բարի լուրը: Ես շատ սխալ ժամանակ էի ընտրել դրա համար»:5 Տարեցտարի Մեյսոնները սպասում էին իրենց յոթերորդ երեխայի ժամանմանը: Երեք, չորս, հինգ, վեց, յոթը տարիներ անցան: Վերջապես ութը տարի անց նրանց յոթերորդ երեխան ծնվեց` մի փոքրիկ տղա:
Անցած ապրիլին Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը հայտարարեց.
«Եթե մի ժամանակ Եկեղեցու և հասարակության չափանիշները հիմնականում համընկնում էին, այժմ մեծ անդունդ կա մեր մեջ, որը գնալով ավելի է խորանում: …
Մարդկության Փրկիչը՝ Իր մասին խոսելով, ասել է, որ լինելով աշխարհում, այս աշխարհից չէ:5 Մենք ևս կարող ենք լինել աշխարհում, սակայն ոչ աշխարհից, եթե մերժենք կեղծ հասկացողություններն ու կեղծ ուսմունքները և հավատարիմ մնանք Աստծո պատվիրաններին:6
Այսօր աշխարհում շատ ձայներ նսեմացնում են երեխաներ ունենալու կարևորությունը կամ խորհուրդ են տալիս հետաձգել կամ սահմանափակել երեխաներ ունենալը: Իմ դուստրերը վերջերս ուղարկեցին ինձ մի նյութ, որը գրված էր Քրիստոնյա կնոջ կողմից (ոչ մեր հավատքից), ով հինգ երեխաներ ունի: Նա գրում է. «Մեծանալով այս քաղաքակրթության մեջ, շատ դժվար է աստվածաշնչյան մտածելակերպ ունենալ մայրության վերաբերյալ: … Երեխաները դասվում են քոլեջից շատ ավելի ցածր: Միանշանակ, աշխարհով մեկ շրջագայելուց ցածր, գիշերային ժամանցներ անցկացնելուց ցածր: Մարզասրահում ձեր մարմինը կատարելագործելուց ցածր: Ցածր ցանկացած աշխատանքից, որը դուք ունեք կամ հույս ունեք ունենալու»: Նա այնուհետև ավելացնում է. «Մայրությունը հաճելի զբաղմունք չէ, այն կոչում է: Դուք չեք հավաքում երեխաներ, որովհետև նրանք ձեզ համար ավելի գեղեցիկ են, քան նամականիշները: Դա այն չէ, ինչ կարող եք անել, եթե ժամանակը բավականացնի: Դա այն է, ինչի համար Աստված տվել է ձեզ ժամանակ»:7
Փոքր երեխաներ ունենալը հեշտ չէ: Շատ ժամանակ պարզապես դժվար է: Մի երիտասարդ մայր ավտոբուս բարձրացավ յոթ երեխաների հետ: Ավտոբուսի վարորդը հարցրեց. «Նրանք բոլորը ձե՞րն են, տիկին: Թե՞ սա դաշտախնջույք է»:
«Նրանք բոլորն էլ իմն են»,- պատասխանում է նա: «Եվ դա դաշտախնջույք չէ»:8
Մինչ աշխարհը ավելի ու ավելի հաճախ է հարցնում. «Նրանք բոլորը ձե՞րն են», շնորհակալ եմ ձեզ, որ Եկեղեցում ստեղծում եք ապաստան ընտանիքների համար, որտեղ մենք պատվում և օգնում ենք մայրերին:
Արդարակյաց հոր համար բավարար խոսքեր չկան արտահայտելու երախտագիտությունն ու սերը, որ նա զգում է իր կնոջ հանդեպ` երեխաներ բերելու և խնամելու անչափ մեծ պարգևի համար:
Երեց Մեյսոնը մեկ այլ փորձառություն էր ունեցել իր ամուսնությունից ընդամենը շաբաթներ անց, որն օգնեց նրան որոշել իր ընտանիքի պարտականությունների առաջնահերթությունը: Նա ասել է.
«Մարին ու ես պատճառաբանում էինք, որ որպեսզի ես ավարտեմ բժշկական դպրոցը անհրաժեշտ կլինի, որ նա շարունակի աշխատել: Չնայած մենք այդպես չէիք ուզում, երեխաներ ավելի ուշ պիտի ունենայինք: [Իմ ծնողների տանը Եկեղեցու թերթն աչքի անցկացնելիս] ես մի հոդված տեսա Երեց Սպենսեր Վ. Քիմբալի կողմից գրված, ով այն ժամանակ Տասներկուսի Քվորումից էր, [որտեղ ընդգծում էր] ամուսնության հետ կապված պարտականությունները: Ըստ Երեց Քիմբալի, սուրբ պարտականություններից մեկը շատանալն ու երկիրը լցնելն էր: Իմ ծնողների տունը մոտ էր Եկեղեցու վարչական շենքին: Ես անմիջապես քայլեցի դեպի գրասենյակները և նրա հոդվածը կարդալուց 30 րոպե անց նստած էի գրասեղանի մոտ`Երեց Սպենսեր Վ. Քիմբալի առջև»: (Սա այսօր այդքան էլ հեշտ չի լինի):
«Ես բացատրեցի, որ ուզում էի բժիշկ դառնալ: Այլընտրանք չկար բացի մեր երեխաներ ունենալը հետաձգելուց: Երեց Քիմբալը համբերատար լսեց և այնուհետև պատասխանեց մեղմ ձայնով. «Եղբայր Մեյսոն, արդյո՞ք Տերը կցանկանար, որ դուք խախտեիք նրա կարևորագույն պատվիրաններից մեկը բժիշկ դառնալու համար: Տիրոջ օգնությամբ դուք կարող եք ունենալ ձեր ընտանիքը և միևնույն ժամանակ դառնալ բժիշկ: Որտե՞ղ է ձեր հավատքը»»:
Երեց Մեյսոնը շարունակում է. «Մեր առաջին երեխան ծնվեց դեռ մեկ տարին չանցած: Մարին ու ես ջանասիրաբար աշխատում էինք և Տերը բացեց երկնքի պատուհանները»: Մեյսոնները օրհնվեցին ևս երկու երեխաներով, մինչև նա ավարտեց բժշկական դպրոցը չորս տարի անց:9
Աշխարհով մեկ անկայուն տնտեսության և ֆինանսական անորոշության ժամանակներ են: Ապրիլի գերագույն համաժողովին Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ասել է. «Եթե դուք մտահոգվում եք կնոջը և ընտանիքին ֆինանսապես ապահովելու մասին, ուզում եմ հավաստիացնել ձեզ, որ ամոթ չէ, երբ զույգը տնտեսում և խնայում է: Հիմնականում այդ դժվար պահերին է, որ դուք մոտենում եք իրար` սովորելով զոհաբերել և դժվար որոշումներ կայացնել»:10
Երեց Քիմբալի մինչև հոգու խորքը թափանցող «Որտե՞ղ է ձեր հավատքը» հարցը ուղղում է մեզ դեպի սուրբ գրությունները:
Եդեմի պարտեզում չէր, որ Ադամն ու Եվան ունեցան իրենց առաջին երեխան: Թողնելով պարտեզը, «Ադամը [և Եվան] սկսեցին մշակել երկիրը … Ադամը գիտեցավ իր կնոջը և նա որդիներ և դուստրեր բերեց, և [հավատքով գործելով] նրանք սկսեցին բազմանալ և լցնել երկիրը»:11
Ոսկով, արծաթով և թանկարժեք բաներով լի իրենց Երուսաղեմի տանը չէր, որ Լեքին ու Սարիան, հավատքով գործելով, բերեցին իրենց որդիներ Հակոբին ու Հովսեփին: Դա անապատում էր: Լեքին խոսեց իր որդի Հակոբի մասին. «Անապատում, իմ նեղության օրերում, իմ առաջնեկն ես դու»:12 Լեքին ասել է Հովսեփի մասին. «Դու ծնվեցիր [մեր] չարչարանքների անապատում. այո, [մեր] մեծագույն վշտի օրերին քո մայրը ծնեց քեզ»:13
Ելից գրքում մի մարդ ու կին ամուսնացան և, հավատքով գործելով, տղա երեխա ունեցան: Դռան վրա ողջունող նշան չկար` հայտարարելու նրա ծնունդը: Նրանք թաքցրեցին նրան, քանի որ Փարավոնը հրամայել էր, որ յուրաքանչյուր իսրայելացի նորածին տղայի «գետը գցեցէք»:14 Դուք գիտեք պատմության շարունակությունը. երեխան խնամքով դրվել էր փոքրիկ տապանակի մեջ, դրվել գետում, հսկվել իր քրոջ կողմից, գտնվել Փարավոնի աղջկա կողմից և պահվել իր սեփական մոր հոգատարության ներքո` որպես նրա դայակ: Տղան վերադարձվել էր Փարավոնի դստերը, ով վերցրել էր նրան որպես իր որդի և կոչել նրան Մովսես:
Երեխայի ծննդյան ամենասիրված պատմության մեջ չկար զարդարված մանկան սենյակ կամ թանկարժեք օրորոց` միայն մսուր աշխարհի Փրկչի համար:
«Լավագույն ժամանակներում և … վատագույն ժամանակներում»,15 Աստծո ճշմարիտ սրբերը, հավատքով գործելով, երբեք չեն մոռացել, մերժել կամ անուշադրության մատնել «շատանալու և երկիրը լցնելու … Աստծո պատվիրանը»:16 Մենք հավատքով առաջ ենք գնում, գիտակցելով, որ երբ և քանի երեխա ունենալու որոշումը կայացվում է ամուսնու և կնոջ և Տիրոջ կողմից: Մենք չպետք է քննադատենք միմյանց այս հարցի շուրջ:
Երեխաներ բերելը նուրբ հարց է, որը կարող է շատ ցավագին լինել արդար կանանց համար, ովքեր հնարավորություն չունեն ամուսնանալու ու ընտանիք ունենալու: Խոսքս ուղղում եմ ձեզ` ազնիվ կանայք, մեր Երկնային Հայրը գիտի ձեր աղոթքներն ու ցանկությունները: Որքան երախտապարտ ենք մենք ձեր ակնառու ազդեցության համար, ներառյալ քնքուշ ձեռքերով երեխաներին հասնելու համար, ովքեր ձեր հավատքի և ամրության կարիքն ունեն:
Երեխաներ բերելը կարող է նաև վշտալի թեմա լինել արդար զույգերի համար, ովքեր ամուսնանում են և պարվում, որ չեն կարող երեխաներ ունենալ, որոնց նրանք այնքան անհամբեր սպասել են, կամ ամուսնու և կնոջ համար, ովքեր ծրագրում են ունենալ մեծ ընտանիք, սակայն օրհնված են ավելի փոքր ընտանիքով:
Մենք չենք կարող միշտ նկարագրել մեր մահկանացության դժվարությունները: Երբեմն կյանքը շատ անարդար է թվում, հատկապես, երբ մեր մեծագույն ցանկությունն է անել ճիշտ այն բաները, ինչ Տերն է պատվիրել: Որպես Տիրոջ ծառա, ես հավատացնում եմ ձեզ, որ այս խոստումը հավաստի է. «Հավատարիմ անդամները, ում հանգամանքները նրանց թույլ չեն տալիս ստանալու հավերժական ամուսնության և ծնող լինելու օրհնությունները այս կյանքում, կստանան բոլոր խոստացված օրհնությունները հավերժության մեջ, [եթե] նրանք պահում են ուխտերը, որոնք նրանք կապել են Աստծո հետ»:17
Նախագահ Ջ. Սքոթ Դորիուսը` Պերու Լիմա Արևմտյան Միսիայից, պատմել է ինձ իրենց պատմությունը: Նա ասել է.
«Բեքին ու ես ամուսնացած էինք արդեն 25 տարի, առանց հնարավորության ունենալու [կամ որդեգրելու] երեխաներ: Մենք տեղափոխվել էինք մի քանի անգամ: Ամեն անգամ նոր միջավայրում մեզ ներկայացնելը դժվար էր, երբեմն, ցավագին: Ծխի անդամները խորհում էին, թե ինչու մենք երեխաներ [չունեինք]: Նրանք միակ խորհողները չէին:
Երբ ես կանչվեցի լինել եպիսկոպոս, ծխի անդամները մտահոգություն [արտահայտեցին], որ ես ոչ մի փորձ չունեի երեխաների և պատանիների հետ: Ես շնորհակալություն հայտնեցի նրանց` իրենց հաստատող քվեարկության համար և խնդրեցի նրանց թույլ տալ ինձ կատարելագործել երեխաներ մեծացնելու իմ ունակությունները իրենց երեխաների հետ աշխատելով: Նրանք սիրով համաձայնվեցին:
Մենք սպասեցինք, հեռանկար ձեռք բերեցինք և սովորեցինք համբերել: Ամուսնությունից 25 տարի անց մի հրաշք երեխա եկավ մեր կյանք: Մենք որդեգրեցինք երկու տարեկան Նիկոլին և այնուհետև նորածին Նիկոլային: Օտարներն այժմ հաճոյախոսություններ են ուղղում մեզ մեր գեղեցիկ թոռնիկների համար: Մենք ծիծաղում և ասում ենք. «Նրանք մեր երեխաներն են: Մենք մեր կյանքը հակառակ հերթականությամբ ենք ապրում»»:18
Եղբայրներ և քույրեր, մենք չպետք է քննադատաբար վերաբերվենք իրար այս սուրբ և անձնական պատասխանատվության առնչությամբ:
«Եւ [Հիսուսը] մի երեխայ … գրկելով ասաց …
Ով որ այսպիսի երեխաներից մէկին իմ անունովն ընդունի` ինձ է ընդունում. Եւ ով որ ինձ ընդունի … ընդունում է … ինձ ուղարկողին»:19
Ինչ հրաշալի օրհնություն մենք ունենք` ընդունելու Աստծո որդիներին ու դուստրերին մեր տուն:
Եկեք խոնարհաբար և աղոթքով ձգտենք հասկանալ և ընդունել Աստծո պատվիրանները` ակնածանքով լսելով Նրա Սուրբ Հոգու ձայնին:
Ընտանիքները առանցքային են Աստծո հավերժական ծրագրում: Ես վկայում եմ երեխաների մեծ օրհնության և երջանկության մասին, որը նրանք կպարգևեն մեզ այս կյանքում և հավերժություններում: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: