Այցելող Ուսուցիչների Ուղերձ, հունվար 2012
Հոգատարություն և ծառայություն այցելությամբ ուսուցանելու միջոցով
Ուսումնասիրեք այս նյութը և, ինչպես հարմար է, քննարկեք այն քույրերի հետ, ում այցելում եք: Օգտագործեք հարցերը, որոնք կօգնեն ձեզ ամրացնել ձեր քույրերին և դարձնել Սփոփող Միությունը ձեր իսկ կյանքի ակտիվ մասը:
«Գթություն [նշանակում է] շատ ավելին, քան միայն առատաձեռնության դրսևորում», -սովորեցրել է Նախագահ Հենրի Բ. Այրինգը` Առաջին Նախագահության Առաջին Խորհրդականը: «Գթությունը ծնվել է Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքից և հանդիսանում է Նրա Քավության արդյունքը»:1 Սփոփող Միության քույրերի համար այցելությամբ ուսուցումը կարող է լինել գթասիրտ արարք, Փրկչի հանդեպ մեր հավատքը գործածելու կարևոր եղանակ:
Այցելությամբ ուսուցանելու միջոցով մենք ցուցաբերում ենք հոգատար վերաբերմունք, շփվելով յուրաքանչյուր քրոջ հետ, կիսվելով ավետարանական ուղերձով և փորձելով իմանալ նրա և նրա ընտանիքի կարիքները: «Այցելությամբ ուսուցումը դառնում է Տիրոջ աշխատանքը, երբ մենք կենտրոնանում ենք ոչ թե տոկոսների, այլ մարդկանց վրա», - բացատրում է Ջուլի Բ. Բեքը` Սփոփող Միության գերագույն նախագահը: «Իրականում, այցելությամբ ուսուցումը երբեք չի ավարտվում: Դա ավելի շուտ ապրելաձև է, քան աշխատանք: Որպես այցելող ուսուցիչ հավատարիմ ծառայելով, մենք ապացուցում ենք մեր աշակերտ լինելը»:2
Երբ մենք հետևողականորեն և աղոթքով հոգատար վերաբերմունք ենք ցուցաբերում, մենք սովորում ենք, թե ինչպես լավագույնս ծառայել և բավարարել յուրաքանչյուր քրոջ և նրա ընտանիքի կարիքները: Ծառայությունը կարող է տարբեր ձևեր ունենալ` մեծ և ոչ այնքան մեծ: «Երբեմն փոքր ծառայություն է անհրաժեշտ մատուցել` բարձրացնելու և օրհնելու մեկ ուրիշին, ինչպիսին է տվյալ անձնավորության ընտանիքին վերաբերող հարցը, խրախուսող մի քանի խոսքերը, անկեղծ գովասանքը, շնորհակալական մի փոքր բացիկը, կարճատև հեռախոսազրույցը», - սովորեցրել է Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը: «Եթե մենք ուշադիր և տեղյակ լինենք, և եթե գործենք հուշումների համաձայն, որոնք ստանում ենք, մենք կարող ենք այնքան շատ բարիք գործել: … Անթիվ են Սփոփող Միության այցելող ուսուցիչների հզոր բանակի կողմից ծառայության գործերը»:3
Սուրբ գրություններից
Հովհաննես ԺԳ.15, 34–35, ԻԱ.15, Մոսիա 2.17, Վարդապետություն և Ուխտեր 81.5, Մովսես 1.39
Մեր պատմությունից
1843թ. Եկեղեցու անդամները Նավույում` Իլինոյս, բաժանված էին չորս ծխերի: Այդ տարվա հուլիսին Սփոփող Միության ղեկավարները յուրաքանչյուր ծխի համար նշանակեցին չորս քույրերից բաղկացած այցելող հանձնախմբեր: Այցելող հանձնախմբերի պարտականությունները ներառում էին կարիքների գնահատումը և նվիրատվությունների հավաքումը: Սփոփող Միությունը օգտագործում էր այս նվիրատվությունները կարիքավորների համար հոգալու նպատակով:4
Չնայած այցելող ուսուցիչները այլևս նվիրատվություններ չեն հավաքում, նրանք պահպանում են կարիքները գնահատելու պարտականությունը`հոգևոր և նյութական, և աշխատում են հոգալ այդ կարիքների համար: Էլիզա Ռ. Սնոուն(1804–87) `Սփոփող Միության երկրորդ գերագույն նախագահը, բացատրել է. «Ուսուցիչը … անկասկած պետք է այնքան շատ ունենա Տիրոջ Հոգին, որ տուն մտնելիս իմանա, թե ինչ հոգի է նա հանդիպում այնտեղ: … Աղաչեք Աստծուն և Սուրբ Հոգուն, որ ունենաք [Հոգին], որպեսզի կարողանաք հանդիպել այդ հոգուն, որ տիրում է այդ տանը … և կարողանաք զգալ, թե խաղաղության ու մխիթարության ինչ խոսքեր ասեք, և եթե դուք գտնեք մրսող մի քույր, սեղմեք նրան ձեր կրծքին, ինչպես կգրկեիք մի երեխայի, և տաքացրեք [նրան]»:5
© 2012 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Տպագրված է ԱՄՆ-ում: Անգլերենի հաստատումը. 6/11: Թարգմանության հաստատումը. 6/11: Visiting Teaching Message, January 2012-ի թարգմանությունը: Armenian: 10361 201