Առաջին Նախագահության Ուղերձ, Սեպտեմբեր 2013
Սրբերը բոլոր ժամանակներում
Ես մանկության հիշողություններ ունեմ աշխարհի մի վայրի մասին, որը տարվա փոփոխվող եղանակների պատճառով կարող էր ծառայել որպես նկարներով մի բացիկ: Յուրաքանչյուր անցնող ամիս չքնաղ էր և հրաշալի: Կատարյալ ձմեռային օրվա ընթացքում ճերմակ ձյունը ծածկում էր սարերն ու քաղաքի փողոցները: Գարունը բերում էր մաքրող անձրևներ և կանաչ հագնված կյանքի պոռթկում: Ամռան ծույլ երկինքները պայծառ արևի շողերի համար ծառայում էին որպես հաճելի կապույտ կտավ: Եվ գրավիչ աշունը փոխակերպում էր բնությունը նարնջագույնի, դեղինի և կարմիրի հիանալի երանգների: Երեխա ժամանակ ես սիրում էի յուրաքանչյուր եղանակը, և մինչև հիմա սիրում եմ յուրաքնաչյուրի բնույթն ու յուրահատկությունը:
Մենք նույնպես ունենք եղանակներ մեր կյանքում: Մի քանիսը ջերմ ու հաճելի են: Մյուսները՝ ոչ: Որոշ օրեր մեր կյանքում այս օրացույցի նկարների նման գեղեցիկ են: Մինչդեռ, կան այնպիսի օրեր ու հանգամանքներ, որոնք պատճառում են կսկիծ և մեր կյանք են բերում հուսահատության, վրդովմունքի և դառնության խորը զգացումներ:
Ես վստահ եմ, որ եղել են պահեր, երբ մենք բոլորս մտածել ենք, որ լավ կլիներ բնակվել միայն կատարյալ եղանակների նկարներով լցված օրերով երկրում և խուսափել դրանց միջև եղած տհաճ ժամանակներից:
Բայց դա անհնար է: Ոչ էլ ցանկալի:
Երբ ես նայում եմ իմ սեփական կյանքին, ակնհայտ է, որ շատ անգամ ամենամեծ աճն ապրել եմ փոթորկոտ ժամանակների միջով անցնելիս:
Մեր իմաստուն Երկնային Հայրը գիտեր, որ որպեսզի Իր զավակները լինեն այնպիսի էակներ, ինչպիսին նախատեսված են դառնալ, նրանք իրենց ժամանակավոր մահկանացու կյանքի ընթացքում կարիք կունենան ճաշակել ձախորդության ժամանակաշրջաններ: Մորմոնի Գրքի մարգարե Լեքին ասել է, որ առանց հակադրության «արդարությունը չէր կարող իրագործվել» (2Նեփի 2.11): Իսկապես, կյանքի դառնությունն է, որ թույլ է տալիս մեզ հասկանալ, հակադրել և գնահատել դրա քաղցրությունը (տես ՎևՈւ 29.39; Մովսես 6.55):
Նախագահ Բրիգամ Յանգն այսպես է ասել. «Բոլոր խելացի էակները, ովքեր պսակված են փառքի, անմահության և հավերժական կյանքի պսակով, իրենց փառքն ու վեհացումը ստանալու համար պետք է անցնեն խելացի էակների համար նշանակված յուրաքանչյուր փորձության միջով: Ամեն դժբախտություն, որ կարող է գալ մահկանացու էակների վրա, տառապանք է բերում, … որպեսզի նախապատրաստի նրանց վայելել Տիրոջ ներկայությունը: … Ամեն փորձություն և փորձառություն, որի միջով դուք անցել եք, անհրաժեշտ է ձեր փրկության համար»:1
Հարցը նրանում չէ, թե արդյոք մենք կճաշակենք ձախորդության ժամանակաշրջաններ, այլ նրանում, թե ինչպես կդիմակայենք փոթորիկներին: Կյանքի անընդհատ փոփոխվող ժամանակաշրջաններում մեր մեծ հնարավորությունն է Աստծո հավատարիմ խոսքից ամուր կառչելը, քանի որ Նրա խորհորդը մեզ ոչ միայն կյանքի փոթորիկներին դիմակայելու համար է նախատեսված, այլ նաև առաջնորդելու մեզ անցյալում թողնել դրանք: Մեր Երկնային Հայրն Իր խոսքը տվել է Իր մարգարեների միջոցով՝—թանկագին գիտելիք՝ նախատեսված առաջնորդելու մեզ դժվարին ժամանակաշրջանների մարտահրավերների միջով դեպի հավերժական կյանքի անասելի ուրախություն և փայլուն լույս: Մեր կենսափորձի կարևորագույն մասն է կազմում ճշմարտությունից ու արդարակեցությունից ամուր կառչելու ուժ, խիզախություն և ողջամտություն զարգացնելը՝ չնայած մեր կրած հարվածներին:
Նրանք, ովքեր մտել են մկրտության ջրերը և ստացել են Սուրբ Հոգու պարգևը, իրենց ոտքերը դրել են առաքելության ճանապարհի վրա և Փրկչի հետքերին հաստատուն և հավատարմորեն հետևելու պարտականություն են ստացել:
Փրկիչն ուսուցանել է, որ արևը ծագում է «չարերի և բաիների վերայ, և … անձրև է [գալիս] արդարների և անիրավների վերայ» (Մատթէոս 5.45): Երբեմն մենք չենք կարող հասկանալ, թե ինչու են կյանքում դժվար, նույնիսկ անարդար բաներ տեղի ունենում: Բայց որպես Քրիստոսի հետևորդներ, մենք վստահում ենք, որ եթե մենք «փնտրենք ջանասիրաբար, աղոթենք անդադար և լինենք հավատացող, … բոլոր բաները միաժամանակ կգործեն [մեր] բարիքի համար, եթե [մենք] ուղիղ քայլենք» (ՎևՈւ 90.24; շեշտադրումն ավելացված է):
Որպես Նրա Եկեղեցու անդամներ, որպես Սրբեր, մենք ծառայում ենք ուրախությամբ և հաճույքով բոլոր եղանակներին և բոլոր ժամանակներում: Եվ եթե մենք այսպես վարվենք, մեր սրտերը կլցվեն սրբազան հավատքով, ամոքիչ հույսով և երկնային գթությամբ:
Մինչդեռ, մենք պետք է անցնենք բոլոր եղանակների միջով՝ և՛ հաճելի, և՛ ցավոտ: Բայց անկախ եղանակից, որպես Հիսուս Քրիստոսի հետևորդներ, մենք կդնենք մեր հույսը Նրա վրա, մինչ կքայլենք դեպի Նրա լույսը:
Մի խոսքով, մենք Աստծո Սրբերն ենք՝ վճռած սովորել Նրա մասին, սիրել Նրան և սիրել մեր մերձավորին: Մենք ճամփորդներ ենք առաքելության օրհնված ճանապարհի վրա, և մենք հաստատուն կերպով կքայլենք դեպի մեր երկնային նպատակը:
Հետևաբար, եկեք լինենք Սրբեր գարնանը, ամռանը, աշնանն ու ձմռանը: Եկեք լինենք Սրբեր բոլոր եղանակներին:
© 2013 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները վերապահված են: Տպագրված է ԱՄՆ-ում: Անգլերենի հաստատումը. 6/13: Թարգմանության հաստատումը. 6/13: First Presidency Message, September 2013. Armenian.-ի թարգմանությունը 10669 201