2014
Սրտերը շրջելու խոստումը
Հուլիս 2014


Առաջին Նախագահության ուղերձ, հուլիս 2014

Սրտերը շրջելու խոստումը

Նախագահ Հենրի Բ. Այրինգ

Իմ մայրը` Միլդրիդ Բենիոն Այրինգը, մեծացել է Գրենջերի գյուղական համայնքում, որը գտնվում է Յուտայում, ԱՄՆ: Նրա եղբայրներից մեկը` Ռոյը, շարունակում էր ընտանեկան գործը, որն առնչվում էր ոչխարաբուծության հետ: Երիտասարդ տարիքում նա շաբաթներ շարունակ հեռու էր լինում ընտանիքից: Ժամանակի ընթացքում նա ավելի քիչ էր հետաքրքրվում Եկեղեցով: Վերջիվերջո, նա տեղափոխվեց Այդահո, ԱՄՆ, ամուսնացավ և ունեցավ երեք երեխա: Նա մահացավ 34 տարեկանում, երբ նրա կինը 28 տարեկան էր, իսկ երեխաները փոքր էին:

Չնայած որ Ռոյի փոքրիկ ընտանիքը Այդահոյում էր, իսկ մայրս տեղափոխվել էր Նյու Ջերսի, ԱՄՆ` մոտ 2,500 մղոն (4,025 կմ) այդտեղից հեռու, նա հաճախ նրանց գրում էր սիրո և խրախուսանքի նամակներ: Քեռուս ընտանիքը մայրիկիս քնքշորեն դիմում էր «Հորաքույր Միդ»:

Տարիներ անցան, և մի օր ես հեռախոսազանգ ստացա քեռուս տղաներից մեկից: Ինձ ասացին, որ Ռոյի այրին մահացել է: Քեռուս տղան ասաց. «Հորաքույր Միդը կուզենար, որ դու իմանայիր այդ մասին»: Հորաքույր Միդը վաղուց մահացել էր, բայց այդ ընտանիքը դեռ զգում էր նրա սերը և շտապեց տեղեկացնել ինձ:

Ես տպավորված էի այն ամենով, թե որքան շատ է մայրս իր ընտանիքում կատարել մի դեր, որը նման էր Նեփիացի մարգարեների կատարած դերին իրենց ընտանիքներում` մոտ մնալով իրենց հարազատներին, ում ցանկանում էին բերել դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը: Նեփին գրեց մի հիշատակարան, որը, նա հույս ուներ, որ ազդեցություն կունենար իր եղբայրների զավակների վրա, որպեսզի վերադառնան դեպի իրենց հայրապետի` Լեքիի հավատքը: Մոսիայի որդիները ցուցաբերեցին այդ նույն սերը, երբ նրանք ավետարանը քարոզեցին Լեքիի սերունդներին:

Տերն ուղիներ է տվել մեզ, որպեսզի մենք զգանք սեր ընտանիքում, որը կարող է շարունակվել հավերժ: Այսօր Եկեղեցում երիտասարդները զգում են, թե ինչպես են իրենց սրտերը դառնում դեպի իրենց ընտանիքը: Նրանք փնտրում են ընտանիքի անդամների անուններ, ովքեր այս կյանքում հնարավորություն չեն ունեցել ստանալ փրկության արարողությունները: Նրանք տանում են այդ անունները դեպի տաճար: Երբ նրանք մտնում են մկրտության ջրերի մեջ, նրանք հնարավորություն ունեն զգալու Տիրոջ և ընտանիքի անդամների սերը, ում համար կատարում են փոխանորդի արարողությունները:

Ես մինչև հիմա հիշում եմ իմ քեռու որդու ձայնի մեջ նկատվող սերը, ով զանգահարեց և ասաց. «Մեր մայրը մահացել է, հորաքույր Միդը կուզենար, որ դու իմանայիր այդ մասին»:

Դուք, ովքեր կատարում եք արարողություններ ընտանիքի անդամների համար, առաջ եք ընթանում սիրով, ինչպես արեցին Մոսիայի որդիներն ու Նեփի մարգարեն: Նրանց նման դուք ուրախություն կզգաք նրանց համար, ովքեր ընդունում են ձեր նվիրաբերությունը: Դուք նաև կարող եք ակնկալել, որ կզգաք նույն մեծ գոհացումը, որ Ամմոնը զգաց, ով իր հեռավոր ընտանիքի անդամների մեջ իր միսիոներական սպասավորման մասին ասաց.

«Հետևաբար, եկեք հրճվենք, այո, մենք կհրճվենք Տիրոջով. քանզի մեր ուրախությունը լիակատար է, այո, մենք կգովաբանենք մեր Աստծուն հավիտյան: Ահա, ո՞վ կարող է անչափ շատ հրճվել Տիրոջով: Այո, ո՞վ կարող է անչափ շատ խոսել նրա մեծ զորության մասին և մարդկանց զավակների հանդեպ նրա ողորմության և նրա երկայնամտության մասին: Ահա, ես ասում եմ ձեզ, ես չեմ կարող արտահայտել փոքրագույն մասն իսկ նրա, ինչ զգում եմ» (Ալմա 26.16):

Ես վկայում եմ, որ ձեր սիրո զգացումները, որ դուք ունեք ձեր ընտանիքի անդամների նկատմամբ, որտեղ էլ որ նրանք լինեն, այն խոստումի իրականացումն են, որ Եղիան գալու է: Նա եկել է: Զավակների սրտերը դառնում են դեպի իրենց հայրերը, և հայրերի սրտերը դառնում են դեպի իրենց զավակները (տես Մաղաքիա 4.5–6; Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.38–39): Երբ դուք մղում եք զգում գտնել ձեր նախնիների անուններն ու տանել դրանք տաճար, ապա դուք ճաշակում եք այդ մարգարեության իրականացումը:

Օրհնություն է ապրելն այն ժամանակահատվածում, երբ սրտերը դառնալու խոստումն իրականանում է: Միլդրիդ Բենիոն Այրինգը զգում էր այդ մղումն իր սրտում: Նա սիրում էր իր եղբոր ընտանիքին և նա հետաքրքրված էր նրանցով: Նրանք զգում էին, որ իրենց սրտերը սիրով դարձել էին դեպի Հորաքույր Միդը, քանի որ նրանք գիտեին, որ նա սիրում էր իրենց:

Ուսուցանում այս ուղերձից

Նրանց հետ, ում այցելում եք, կարող եք կարդալ Եղիայի ոգու մասին մարգարեությունները (տես Մաղաքիա 4.5–6; Ջոզեֆ Սմիթ— Պատմություն 1.38–39): Քննարկեք ընտանեկան պատմության մեջ ներգրավվելու եղանակների մասին` ներառյալ այնպիսի գործիքների մասին, ինչպիսիք են՝ ինդեքսավորումը, լուսանկարումը և օրագրում գրանցելը: Եթե նրանք, ում դուք այցելում եք, տեղյակ չենFamilySearch.org, կարող եք որոշակի ժամանակ տրամադրել նրանց բացատրելու համար: