Ինչո՞ւ ամուսնանալ, ինչո՞ւ ընտանիք ունենալ
Տղամարդու և կնոջ ամուսնության վրա հիմնված ընտանիքը լավագույն պայմաններն է ստեղծում Աստծո ծրագրի իրականացման համար։
Լոնդոնում գտնվող հայտնի Վեսթմինսթեր Աբբայության Արևմտյան Մեծ Դռան վերևում գտնվում են 20-րդ դարի 10 քրիստոնյա նահատակների արձանները։ Նրանց մեջ է Դիտրիխ Բոնհյոֆերը՝ գերմանացի փայլուն աստվածաբանը՝ ծնված 1906թ.:1 Բոնհյոֆերը դարձավ նացիստական դիկտատուրայի և հրեաների և այլոց հանդեպ վերաբերմունքի մասին բարձրաձայնող քննադատ։ Իր ակտիվ ընդդիմության համար նա ձերբակալվել և, ի վերջո, մահապատժի է ենթարկվել համակենտրոնացման ճամբարում։ Բենհյոֆերի գրչին են պատկանում բազմաթիվ գործեր, և նրա ամենահայտնի գործերից մի քանիսը նամակներն են, որ համակիր պահակներն օգնել են նրան գաղտնի դուրս հանել բանտից, որոնք ավելի ուշ տպագրվել են Նամակներ և թղթեր բանտից վերնագրով։
Այդ նամակներից մեկն ուղղված էր նրա զարմուհուն՝ նախքան նրա ամուսնանալը։ Այն ընդգրկում էր հետևյալ կարևոր մտքերը․ «Ամուսնությունն ավելին է, քան ձեր սերը միմյանց հանդեպ։ … Սիրելիս աշխարհում դուք միայն տեսնում եք ձեզ երկուսիդ, սակայն ամուսնության մեջ դուք կապ եք հանդիսանում սերունդների շղթայում, ում Աստված ուղարկում է գալու և մահանալու իր փառքի համար, և կանչում է իր արքայություն։ Սիրելիս դուք տեսնում եք միայն ձեր իսկ երջանկության հաճելի վիճակը, սակայն ամուսնանալիս դուք պարտավորություն եք ստանձնում աշխարհի և մարդկության հանդեպ։ Ձեր սերը ձեր իսկ տիրապետության տակ է, սակայն ամուսնությունն ավելի է, քան ինչ-որ անձնական բան․ դա կարգավիճակ է, պաշտոն։ Ճիշտ ինչպես թագը, և ոչ թե լոկ թագավորելու ցանկությունն է, որ թագավոր է դարձնում, այնպես էլ ամուսնությունը, և ոչ թե լոկ միմյանց հանդեպ ունեցած սերն է, որ միավորում է ձեզ Աստծո և մարդկանց աչքում։ … Այսպիսով, սերը գալիս է ձեզանից, իսկ ամուսնությունը՝ վերից, Աստծուց»։2
Ի՞նչ եղանակով է տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը մեծացնում միմյանց հանդեպ ունեցած սերը և նրանց անձնական երջանկությունը, երբ «պարտավորություն են ստանձնում աշխարհի և մարդկության հանդեպ»։ Ի՞նչ առումով է այն գալիս «վերից, Աստծուց»։ Սա հասկանալու համար մենք պետք է հետ գնանք դեպի սկիզբը։
Մարգարեները հայտնել են, որ մենք նախ գոյություն ենք ունեցել որպես բանականություններ, և որ Աստված մեզ ձև է տվել, կամ հոգևոր մարմին. Այդպես մենք դարձել ենք Նրա հոգևոր զավակները՝ երկնային ծնողների որդիներն ու դուստրերը։3 Հոգիների այս նախաերկրային գոյության ընթացքում եկել է ժամանակ, երբ Նրա ցանկությունն իրականացնելու համար, որ մենք «կարողանայինք արտոնություն ունենալ զարգանալու իր նման»,4 մեր Երկնային Հայրը պատրաստեց հնարավորություն տվող ծրագիր։ Սուրբ գրություններում տարբեր անուններ են տրվում դրան, ինչպես օրինակ «փրկության ծրագիր»,5 «երջանկության մեծ ծրագիր»,6 «փրկագնման ծրագիր»։7 Ծրագրի սկզբունքային երկու նպատակներն այս խոսքերով են մեկնաբանվել Աբրահամին․
«Եվ նրանց մեջ կանգնած էր մեկը, որն Աստծո նման էր, և նա ասաց նրանց, ովքեր իր հետ էին․ Մենք կիջնենք ներքև, քանզի մի տարածություն կա այնտեղ, և մենք կվերցնենք այս նյութերից և կստեղծենք մի երկիր, որի վրա [այս հոգիները] կկարողանան բնակվել․
Եվ դրանով մենք նրանց կստուգենք, որպեսզի տեսնենք, թե արդյոք նրանք կանեն այն ամենը, ինչ Տերը՝ իրենց Աստվածը, կպատվիրի նրանց․
Եվ նրանց, ովքեր պահում են իրենց առաջին վիճակը, կտրվի ավելին․և նրանք, ովքեր կպահեն իրենց երկրորդ վիճակը, նրանց գլխին փառք կավելացվի հավիտյանս հավիտենից»։8
Երախտապարտ ենք մեր Երկնային Հորը, որ մենք արդեն իսկ դարձել էինք հոգևոր էակներ։ Այժմ Նա առաջարկում էր մեզ մի ուղի՝ այդ էությունը կատարելագործելու համար։ Ֆիզիկական տարրի ավելացումը առանցքային դեր է խաղում գոյության լրիվության և փառքի համար, որն Աստված Ինքը վայելում է։ Եթե նախաերկրային հոգևոր աշխարհում Աստծո հետ ապրելիս մենք համաձայնվեինք մասնակցել Նրա ծրագրին, կամ, այլ կերպ ասած, «պահեինք մեր առաջին վիճակը», մեզ «կտրվեր ավելին», այսինքն ֆիզիկական մարմին, ինչպես որ եկանք ապրելու երկրի վրա, որը Նա ստեղծեց մեզ համար։
Եթե հետո, մեր մահկանացու փորձառության ընթացքում, մենք ընտրեինք «անել այն ամենը, ինչ Տերը՝ [մեր] Աստվածը, կպատվիրեր [մեզ]», մենք կպահեինք մեր «երկրորդ վիճակը»։ Սա նշանակում է, որ մեր ընտրություններով մենք ցույց կտայինք Աստծուն (և ինքներս մեզ) մեր նվիրվածությունը և կարողությունը ապրելու նրա սելեստիալ օրենքով, մինչ կգտնվեինք Նրա ներկայությունից դուրս և ֆիզիկական մարմնում՝ դրա ողջ զորությամբ, ցանկություններով և կրքերով։ Կկարողանայի՞նք մենք սանձել մարմինը, որպեսզի այն դառնար գործիք հոգու համար, այլ ոչ թե դրա տերը։ Կարելի՞ էր, որ մեզ վստահվեին, թե ժամանակավորապես և թե հավերժության մեջ, աստվածային զորությունները, ներառելով կյանք արարելու զորությունը։ Կկարողանայի՞նք մենք ինքներս հաղթել չարին։ Ովքեր կանեին դա, «նրանց գլխին փառք կավերացվեր հավիտյանս հավիտենից», այդ փառքի մի շատ կարևոր մասը լինելով հարություն առած, անմահ և փառավորված ֆիզիկական մարմինը։9 Կասկած չկա, որ մենք ցնծությամբ ընդունեցինք այս հոյակապ հնարավորությունները և խոստումները։10
Առնվազն չորս բան էր անհրաժեշտ այս աստվածային ծրագրի հաջողության համար:
Առաջինը աշխարհի Արարումն էր, որը լինելու էր մեր ապրելու վայրը։ Ինչպիսին էլ լինեին արարման գործընթացի մանրամասները, մենք գիտենք, որ դա պատահականություն չէր, այլ այն առաջնորդվում էր Հայր Աստծո կողմից և իրականացվում Հիսուս Քրիստոսի կողմից․ «Ամեն ինչ նորանով եղաւ, եւ առանց նորան ոչինչ չեղաւ, ինչ որ եղաւ»։11
Երկրորդը մահկանացության պայմանն էր։ Ադամն ու Եվան ներկայացնում էին այն բոլոր մարդկանց, ովքեր ընտրել էին մասնակցելու Հոր երջանկության մեծ ծրագրին։12 Նրանց Անկումը պայմաններ ստեղծեց, որոնք անհրաժեշտ էին մեր ֆիզիկական ծննդի և մահկանացու փորձառության և սովորելու համար՝ Աստծո ներկայությունից դուրս։ Անկման հետ եկավ բարու և չարի իմացությունը և ընտրելու աստվածատուր զորությունը։13 Ի վերջո, Անկումը առաջ բերեց ֆիզիկական մահը, որն անհրաժեշտ էր մեր մահկանացու կյանքը ժամանակավոր դարձնելու համար, որպեսզի մենք հավիտյան չապրեինք մեր մեղքերի մեջ։14
Երրորդը Անկումից փրկագնումն էր։ Մենք տեսնում ենք մահվան դերը մեր Երկնային Հոր ծրագրում, սակայն այդ ծրագիրը կխափանվեր առանց մի միջոցի, որով մահը կհաղթվեր վերջում՝ թե ֆիզիկական և թե հոգևոր։ Այսպիսով, Փրկիչը՝ Աստծո Միածին Որդին՝ Հիսուս Քրիստոսը, տառապեց և մահացավ, որպեսզի քավեր Ադամի և Եվայի օրինազանցությունը, դրանով իսկ ապահովելով հարությունը և բոլոր մարդկանց անմահությունը։ Եվ քանի որ մեզանից ոչ մեկը կատարելապես և շարունակաբար չէր հնազանդվելու ավետարանի օրենքին, Նրա Քավությունը նաև փրկում է մեզ մեր իսկ մեղքերից՝ ապաշխարության պայմանով։ Փրկչի փրկագնող շնորհով, որը ներում է ապահովում մեղքերից և հոգու մաքրագործում, մենք կարող ենք կրկին ծնվել հոգևորապես և հաշտվել Աստծո հետ։ Մեր հոգևոր մահը՝ մեր բաժանումն Աստծուց, վերջ կունենա։15
Չորրորդը և վերջինը մեր ֆիզիկական ծննդի և Աստծո թագավորությունում հետագա հոգևոր վերածննդի պայմաններն էին։ Որպեսզի Իր աշխատանքն առաջ գնար և մենք կարողանայինք վեհացման հասնել Իր հետ միասին,16 Աստված կարգեց, որ տղամարդիկ ու կանայք ամուսնանային և զավակներ ծնեին, այդպիսով իսկ Աստծո հետ միասին արարելով ֆիզիկական մարմիններ, որոնք մահկանացու փորձարկման բանալին են և կարևոր են Նրա հետ հավերժական փառքին արժանանանլու համար։ Նա նաև կարգեց, որ ծնողները պետք է ընտանիքներ կազմեն և մեծացնեն իրենց երեխաներին լույսի և ճշմարտության մեջ՝17 առաջնորդելով նրանց հուսալ Քրիստոսին։ Հայրը պատվիրում է մեզ․
«Այս բաներն ազատ սովորեցրեք ձեր զավակներին՝ ասելով․
Քանի որ դուք աշխարհում ծնվել եք ջրով և արյունով և ոգով, որն արարել եմ ես, և այդպես փոշուց կենդանի հոգի դարձավ, ճիշտ այդպես, դուք պետք է վերստին ծնվեք երկնքի արքայության մեջ՝ ջրով և [Սուրբ] Հոգով, և մաքրվեք արյունով, այսինքն՝ իմ Միածնի արյունով, որպեսզի դուք սրբագործվեք բոլոր մեղքերից և վայելեք հավերժական կյանքի խոսքերն այս աշխարհում և հավերժական կյանք՝ գալիք աշխարհում, այսինքն՝ անմահության փառքը»։18
Երբ իմանում ենք, թե ինչու ենք լքել մեր Երկնային Հոր ներկայությունը և թե ինչ է պահանջվում վերադառնալու և Նրա հետ վեհացվելու համար, շատ պարզ է դառնում, որ ոչ մի բան այս կյանքի մեր ժամանակահատվածում չի կարող ավելի կարևոր լինել, քան ֆիզիկական ծնունդը և հոգևոր վերածնունդը՝ հավերժական կյանքի երկու նախապայմանները։ Դրանք իրականանում են, Դիտրիխ Բոնհյոֆերի խոսքերով ասած, ամուսնության «պաշտոնում», երբ կատարում ենք մեր «պարտավորությունը … մարդկության հանդեպ», այս աստվածային հաստատությունում՝ տրված «վերից, Աստծուց»։ Դա «կապն է սերունդների շղթայում», այստեղ և հաջորդ կյանքում, դա երկնքի կարգն է։
Տղամարդու և կնոջ ամուսնության վրա հիմնված ընտանիքը լավագույն պայմաններն է ստեղծում Աստծո ծրագրի իրականացման համար․ երեխաների ծննդի համար, ովքեր գալիս են Աստծո մոտից մաքուր ու անմեղ վիճակում, և սովորելու և նախապատրաստվելու միջավայրի համար, որի կարիքը նրանք կունենան հաջողակ մահկանացու կյանքի և գալիք աշխարհում հավերժական կյանքի համար։ Նման ամուսնությունների վրա կառուցված մի քանի ընտանիքներն անգամ կենսական նշանակություն կարող են ունենալ հասարակության գոյատևման և ծաղկունքի համար։ Այդ իսկ պատճառով համայնքները և ազգերը ընդհանուր առմամբ քաջալերում և պաշտպանում են ամուսնությունը և ընտանիքը՝ որպես արտոնյալ հաստատություններ։ Դա երբեք չի վերաբերել միայն չափահասների սիրուն և երջանկությանը։
Հասարակական կարծիքը ամուսնության և ընտանիքների վերաբերյալ ըստ ամուսնացած տղամարդկանց և կանանց համակող է։19 Ուստի, «մենք զգուշացնում ենք, որ ընտանիքի քայքայումը անհատներին, համայնքներին և ազգերին կպատճառի այն դժբախտությունները, որոնց մասին կանխագուշակել էին հին ու նոր մարգարեները»։20 Սակայն մեր հայտարարությունները ամուսնության և ընտանիքի դերի մասին չեն հիմնվում հասարակական կարծիքի վրա, այլ հիմնվում են ճշմարտության վրա, որ դրանք Աստծո ստեղծագործություններն են։ Դա Նա էր, որ սկզբում ստեղծեց Ադամին ու Եվային Իր պատկերով, արու և էգ, և միացրեց նրանց որպես ամուսին և կին, որ դառնան «մեկ մարմին» և շատանան ու լցնեն երկիրը։21 Յուրաքանչյուր անհատ ունի աստվածային տեսք, սակայն ամուսնու և կնոջ ամուսնական միության մեջ է, երբ նրանք մեկ են դառնում, որ մենք թերևս ձեռք ենք բերում Աստծո պատկերով՝ արու և էգ, ստեղծված լինելու ամենալիարժեք իմաստը։ Ոչ մենք, ոչ էլ որևէ մահկանացու էակ չի կարող վերափոխել ամուսնության այս աստվածային կարգը։ Դա մարդու կողմից հորինված կարգ չէ։ Այսպիսի ամուսնությունը իսկապես «վերից, Աստծուց» է տրված և երջանկության ծրագրի մաս է հանդիսանում, ճիշտ ինչպես Անկումը և Քավությունը։
Նախաերկրային աշխարհում Լյուցիֆերն ապստամբեց Աստծո և նրա ծրագրի դեմ, և նրա ընդդիմությունը գնալով ավելի է մեծանում։ Նա պայքարում է ամուսնությունների և ընտանիքներ կազմելու դեմ, և որտեղ ամուսնություններն ու ընտանիքներն արդեն գոյություն ունեն, նա անում է ամեն բան դրանք կործանելու համար։ Նա հարձակում է գործում ամեն բանի վրա, ինչը սրբազան է և վերաբերում է մարդկային գրավչությանը, դուրս մղելով այն ամուսնության ենթատեքստից անվերջ թվացող անբարո մտքերով և գործողություններով։ Նա ձգտում է համոզել տղամարդկանց ու կանանց, որ ամուսնության և ընտանիքի առաջնահերթությունը կարող է անտեսվել կամ կարող են հրաժարվել դրանցից, կամ գոնե դրանք իրենց տեղը զիջեն կարիերային, այլ նվաճումներին, կամ ինքնակայացման և անձնական ազատության փնտրտուքներին։ Հակառակորդն անշուշտ ուրախանում է, երբ ծնողները թերանում են ուսուցանել իրենց երեխաներին հավատք ունենալ առ Քրիստոսը և վերածնվել հոգևորապես։ Եղբայրներ և քույրեր, կան շատ լավ բաներ, շատ կարևոր բաներ, սակայն մի քանիսն են միանգամայն անհրաժեշտ։
Ամուսնության և ընտանիքի վերաբերյալ հիմնական ճշմարտությունները հայտարարելը չի նշանակում անտեսել կամ թերագնահատել նրանց զոհաբերությունները և հաջողությունները, ում համար կատարելությունը ներկայիս իրականությունը չէ։ Ձեզանից ոմանք զրկված են ամուսնության օրհնությունից բազմաթիվ պատճառներով, ինչպիսին են օրինակ կենսունակ հեռանկարների բացակայությունը, նույն սեռի հանդեպ համակրանքը, ֆիզիկական կամ մտավոր խնդիրները, կամ պարզապես ձախողվելու վախը, որը առնվազն մի պահ ստվերում է թողնում հավատը։ Կամ միգուցե դուք ամուսնացել եք, սակայն այդ ամուսնությանը վերջ է դրվել, և դուք մենակ եք թողնվել հաղթահարելու այն, ինչը երկուսը միասին հազիվ են կարողանում գլուխ բերել։ Ձեզանից ոմանք, ովքեր ամուսնացած են, չեն կարողանում երեխաներ ունենալ՝ անկախ մեծ ցանկությունից ու աղերսանքի աղոթքներից։
Այնուամենայնիվ, յուրաքանչյուրը պարգևներ ունի, յուրաքանչյուրն ունի տաղանդներ, յուրաքանչյուրը կարող է նպաստել աստվածային ծրագրի իրականացմանը յուրաքանչյուր սերնդում։ Շատ լավ բաների, շատ խիստ անհրաժեշտ բաների, նույնիսկ երբեմն ամեն բանի, որ անհրաժեշտ է այս պահին, կարելի է հասնել ոչ կատարյալ պայմաններում։ Ձեզանից շատերն անում են իրենց լավագույնը։ Եվ երբ դուք, ովքեր տանում են մահկանացու կյանքի ամենածանր բեռները, կանգնում եք պաշտպանելու Աստծո ծրագիրը, որպեսզի Նրա զավակները վեհացման հասնեն, մենք բոլորս պատրաստ ենք վճռական քայլերով առաջ ընթանալու։ Մենք վստահաբար վկայում ենք, որ Հիսուս Քրիստոսի Քավությունը նախատեսված էր և, ի վերջո, կփոխհատուցի բոլոր նրանց զրկանքներն ու կորուստները, ովքեր դիմում են Նրան։ Ոչ ոքի համար չի նախատեսված, որ պետք է ստանա ավելի քիչ, քան ամենը, որ Հայրն ունի Իր զավակների համար։
Մի երիտասարդ մայր վերջերս կիսվեց ինձ հետ իրեն անհանգստացնող մի հարցով, որ ինքն իրեն անհամապատասխան էր զգում այս ամենաբարձր կոչումներում։ Ես զգացի, որ նրան մտահոգող խնդիրները փոքր էին և նա կարիք չուներ մտահոգվելու․ նա ամեն բան լավ էր անում։ Սակայն ես գիտեի, որ նա ցանկանում էր միայն գոհացնել Աստծուն և արժանի լինել Նրա վստահությանը։ Ես ասացի հավաստիացնող խոսքեր և իմ սրտում աղերսեցի, որ Աստված՝ նրա Երկնային Հայրը, մխիթարեր նրան Իր սիրով և Իր հավանության վկայությամբ, երբ նա կատարեր Իր աշխատանքը։
Դա է իմ աղոթքը մեզ բոլորիս համար այսօր։ Թող որ մեզանից յուրաքանչյուրն արժանանա Նրա հավանությանը։ Թող որ ամուսնությունները և ընտանիքները բարգավաճեն, և անկախ այն բանից, թե մեր ապագան լի է այս օրհնություններով մահկանացու կյանքում, թե ոչ, թող որ Տիրոջ շնորհը երջանկություն բերի այժմ և հավատք, որ խոստումներն անկասկած կիրականանան։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։