2016
Հավերժական ընտանիքի սիրո հույսը
Օգոստոս 2016


Առաջին Նախագահության Ուղերձ, օգոստոս 2016

Հավերժական ընտանիքի սիրո հույսը

Ամենամեծ պարգևը, որը Երկնային Հայրը պատրաստել է Իր զավակների համար, հավերժական կյանքն է (տես ՎևՈւ 14․7)։ Այդ պարգևը Հայր Աստծո և Իր Սիրելի Որդու ներկայության մեջ ընտանիքների հետ հավերժորեն ապրելն է։ Աստծո արքայություններից միայն ամենաբարձրում՝ սելեստիալում, կշարունակվեն ընտանեկան կյանքի սիրո կապերը։

Բոլոս էլ սիրառատ ընտանիքներում ապրելու ուրախության հույսն ունենք։ Մեզանից ոմանք դեռևս չեն ունեցել նման զգացողություն, սակայն գիտենք, որ հնարավոր է այն ունենալ։ Միգուցե մենք տեսել ենք այն ուրիշների կյանքում։ Մեզանից ոմանց համար էլ ընտանիքի սերն ավելի իրական և թանկ է դարձել, երբ մահը բաժանել է մեզ երեխայից, մորից, հորից, եղբորից, քրոջից կամ սիրող ու սիրված տատիկից ու պապիկից։

Մենք բոլորս էլ հույս ունենք, որ մի օր կարող ենք կրկին զգալ ընտանիքի այդ անդամի ջերմությունը, ում անչափ սիրում և փափագում ենք կրկին գրկել։

Մեր սիրելի Երկնային Հայրը գիտի մեր սրտերը։ Նրա նպատակը մեզ երջանկություն պարգևելն է (տես 2 Նեփի 2․25): Ուստի, Նա տվեց Իր Որդու պարգևը, որպեսզի հնարավոր դարձնի երջանիկ ընտանեկան կապերը, որոնք հավերժորեն շարունակվում են։ Քանի որ Փրկիչը ջարդել է մահվան կապանքները, մենք հարություն կառնենք: Քանի որ Հիսուս Քրիստոսը քավել է մեր մեղքերը, մենք կարող ենք մեր հավատքի և ապաշխարության միջոցով արժանի դառնալ սելեստիալ արքայությանը, որտեղ ընտանիքները հավերժորեն կապվում են սիրով։

Տերը Եղիա Մարգարեին ուղարկեց Ջոզեֆ Սմիթի մոտ, որպեսզի վերականգներ քահանայության բանալիները (տես ՎևՈւ 110)։ Այդ բանալիների հետ եկավ կնքման զորությունը՝ Աստծո մեծագույն պարգևն առաջարկելով Իր զավակներին՝ հավերժական կյանք իրար հետ հավերժորեն կապված ընտանիքներում։

Սա մի առաջարկ է, որն ուղղված է աշխարհ եկող Աստծո յուրաքանչյուր զավակի։ Նրա հոգեղեն զավակների մեկ երրորդը մերժեցին Նրա առաջարկը հոգիների աշխարհում։ Բավարար հավատք չունենալու, ապա բացահայտ ապստամբության պատճառով նրանք ընտրեցին երբեք չճաշակել Երկնային Հոր հավերժական ընտանիքների պարգևի ուրախությունը։

Մեզանից նրանք, ովքեր նախաերկրային հոգևոր աշխարհում անցել են ճակատագրական քննությունը և այդպիսով իսկ որակվել են ստանալու մահկանացու մարմինների պարգևը, հավերժական կյանքի մեծ ընտրությունը դեռևս սպասում է մեզ։ Եթե մենք օրհնված ենք գտնելու վերականգնված ավետարանը, մենք կարող ենք ընտրել ուխտեր կապել Աստծո հետ և պահել դրանք, ինչի շնորհիվ մենք կարժանանանք հավերժական կյանքին։ Եթե մենք տոկանք այդ հավատարմությամբ, Սուրբ Հոգին կհաստատի մեր հույսը և վստահությունը, որ մենք գտնվում ենք հավերժական կյանքի ուղու վրա՝ հավերժորեն ապրելու ընտանիքների հետ սելեստիալ արքայությունում։

Ոմանց համար այդ հավերժական ուրախությունը կարող է աղոտ թվալ կամ նույնիսկ հույսը կարող է մարել։ Ծնողները, երեխաները, եղբայրներն ու քույրերը միգուցե կատարել են ընտրություններ, որոնց պատճառով թվում է, թե նրանք այլևս արժանի չեն հավերժական կյանքին։ Դուք նույնիսկ կարող եք մտածել, թե կարող եք արդյոք դեռևս արժանի համարվել Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով:

Աստծո մարգարեն մի անգամ ինձ մի խորհուրդ տվեց, որն ինձ խաղաղություն է տալիս։ Ես մտահոգվում էի, որ ուրիշների կատարած ընտրությունները կարող են անհնարին դարձնել, որ մեր ընտանիքը հավերժ միասին լինի։ Նա ասաց․ «Դուք մտահոգվում եք սխալ խնդրի մասին։ Դուք պարզապես պետք է ապրեք սելեստիալ արքայությանն արժանի կյանքով և ընտանեկան ձեռքբերումներն ավելի հրաշալի կլինեն, քան դուք կարող եք պատկերացնել»։

Բոլոր նրանց համար, ում անձնական փորձառությունը կամ ում ամուսնությունն ու երեխաները կամ դրանց բացակայությունը ստվեր են գցում իրենց հույսերի վրա, ես բերում եմ իմ վկայությունը․ Երկնային Հայրը ճանաչում և սիրում է ձեզ որպես Իր հոգևոր զավակների։ Մինչ դուք նախքան այս կյանքը Նրա և Նրա Սիրելի Որդու հետ էիք, Նրանք ձեր սրտում դրեցին հույս, որը դուք ունեք հավերժական կյանքի համար։ Հիսուս Քրիստոսի Քավության զորության և Սուրբ Հոգու առաջնորդության միջոցով դուք կարող եք այժմ զգալ և գալիք աշխարհում կզգաք ընտանեկան սերը, որը ձեր Հայրը և Նրա Սիրելի Որդին շատ են ուզում, որ դուք ստանաք։

Ես վկայում եմ, որ եթե դուք արժանի ապրեք սելեստիալ արքայությանը, մարգարեական խոստումը, որ «ընտանեկան ձեռքբերումներն ավելի հրաշալի կլինեն, քան դուք կարող եք պատկերացնել», կիրականանա ձեր կյանքում։

Ուսուցում այս ուղերձից

Սկզբում կարող եք պատմել նրանց, ում ուսուցանում եք, այն պահի մասին, երբ դուք երախտապարտ եք եղել հավերժական ընտանիքներ ունենալու հույսի համար։ Հրավիրեք նրանց խորհել այն պահերի մասին, երբ իրենք են երախտագիտություն զգացել հավերժական ընտանիքների համար։ Հարցրեք, թե արդյոք հարմար կգտնեն կիսվել դրանցով։ Ապա դուք կարող եք հրավիրել նրանց խորհել ուղիների մասին, որոնցով կարող են զարգանալ և ավելի արժանի ապրել սելեստիալ արքայությանը, որպեսզի «ընտանեկան ձեռքբերումներն ավելի հրաշալի կլինեն, քան դուք կարող եք պատկերացնել» խոստումն իրականանա իրենց կյանքում։

Տպել