Այցելող ուսուցիչների ուղերձ, հուլիս 2017
Որպեսզի նրանք կարողանան մեկ լինել
Աղոթքով ուսումնասիրեք այս նյութը և ոգեշնչում փնտրեք, թե ինչով կարող եք կիսվել: Սփոփող Միության նպատակի ըմռնումն ինչպե՞ս է պատրաստում Աստծո դուստրերին հավերժական կյանքի օրհնությունների համար:
«Հիսուսը կատարյալ միասնության հասավ Հոր հետ՝ ենթարկելով Իրեն Հոր կամքին՝ թե՛ մարմնով, թե՛ հոգով»,- ուսուցանել է Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնը:
«… Անշուշտ, մենք չենք կարող լինել մեկ՝ Աստծո և Քրիստոսի հետ, մինչև Նրանց կամքն ու շահը չդարձնենք մեր մեծագույն ցանկությունը: Նման հնազանդության չեն հասնում մի օրում, բայց եթե կամենում ենք, Սուրբ Հոգու միջոցով Տերը կուսուցանի մեզ, մինչև որ ժամանակի ընթացքում հստակ կարող է ասվել, որ Նա մեզանում է, ինչպես Հայրը Նրանում»։1
Լինդա Ք․ Բըրթընը՝ Սփոփող Միության Գերագույն Նախագահը, ուսուցանել է, թե ինչպես աշխատել այս միության ուղությամբ․ «Կապելով և պահելով մեր ուխտերը, մենք ցույց ենք տալիս, որ ցանկանում ենք դառնալ Փրկիչի նման: Մենք պետք է ձգտենք մեր վարքով առավելագույնս արտահայտել սիրելի օրհներգի խոսքերը՝ «Կգնամ, ուր կուզես Դու, Տեր։ … Կասեմ, ինչ կուզես Դու, Տեր: … Կլինեմ, ինչ կուզես Դու, Տեր»:2
Երեց Քրիստոֆերսոնը նաև հիշեցրել է մեզ, որ «մինչ մենք օր օրի և շաբաթ առ շաբաթ ջանում ենք հետևել Քրիստոսի ցույց տված ուղուն, մեր հոգին հաստատում է դրա նշանակությունը, ներքուստ մղվող պայքարը նվազում է և փորձությունները դադարում են անհանգստացնել մեզ»:3
Նեյլ Ֆ․ Մերիոթը՝ Երիտասարդ Կանանց Գերագույն Նախագահության Երկրորդ Խորհրդականը, վկայություն է բերում մեր կամքը Աստծո կամքի հետ համաձայնեցնելու ջանքերից բխող օրհնությունների մասին․ «Ես պայքարել եմ, որպեսզի հեռացնեմ ինձանից ամեն բան իմ ձևով անելու մարդկային ցանկությունը, երբ, ի վերջո, գիտակցել եմ, որ իմ ճանապարհները շատ թերի են, սահմանափակ և զիջում են Հիսուս Քրիստոսի ուղուն։ [Մեր Երկնային Հոր] ուղին այն արահետն է, որը տանում է դեպի երջանկություն այս կյանքում և հավերժական կյանք՝ գալիք աշխարհում»։4 Եկեք խոնարհաբար ձգտենք մեկ դառնալ՝ մեր Երկնային Հոր և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի հետ:
Լրացուցիչ սուրբ գրություններ և տեղեկություններ
Հովհաննես 17․20–21, Եփեսացիս 4․13, Վարդապետություն և Ուխտեր 38․27, reliefsociety.lds.org
© 2017 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները վերապահված են: Տպագրված է ԱՄՆ-ում։ Անգլերենի հաստատումը. 6/17: Թարգմանության հաստատումը. 6/17: First Presidency Message, July 2017-ի թարգմանությունը: Armenian. 97927 201