Ամուսնություն, փող և հավատք
Հեղինակն ապրում է Աշանտի շրջանում, (Գանա):
Հարսնացուս և ես քիչ ժամանակ ունեինք մեր հարսանիքից առաջ և էլ ավելի քիչ փող, բայց մենք ունեինք մի բան, որը նույնիսկ ավելի կարևոր էր՝ դա հավատքն է:
Ես մասնակցում էի երիտասարդ ամուրիների համաժողովին Կումասիում (Գանա), ոչ թե այն պատճառով, որ ընկերուհու կարիք ունեի, (ես արդեն նշանված էի), այլ ես զգում էի, որ ավելի շատ շարժառիթի կարիք ունեի և այդ համաժողովը ճիշտ վայր էր՝ այն գտնելու համար: Համաժողովում իմ աղոթքներն իսկապես ստացան իրենց պատասխանները, երբ Քույր Քոլը՝ մի տարեց միսիոներ, ով նշանակված էր աշխատելու չափահաս ամուրիների հետ, խոսեց տաճարային ամուսնության կարևորության մասին:
Քննարկման ավարտին մոտ նրա դեմքի արտահայտությունը հանկարծ փոխվեց և նա ասաց. «Դուք ամուսնանալու համար կարիք չունեք փողի, այն ամենը, որի կարիքը դուք ունեք, հավատքն է»: Ես այնպիսի մի զգացում ունեցա, որ նա ուղղակի խոսում էր ինձ հետ, բայց չէի կարծում, որ դա իսկապես ինձ էր վերաբերում, որովհետև մենք պետք է գնեինք մի քանի իրեր հարսանքին նախապատրաստվելու համար: Ես ասացի մտքումս. «Ինչպե՞ս կարող եմ փողի կարիք չունենալ, այլ միայն հավատքի»:
Շաբաթվա ընթացքում ես կրկին և կրկին մտածում էի այդ մասին: Ընթացքում ես հարցրի ինքս ինձ. «Միթե՞ Աստված սահմանափակված է այն բաներում, որ Նա կարող է անել»: Սկզբում ես մտածեցի ոչ, բայց երկրորդ միտքն էր՝ այո: Բայց հետո եկավ հետևյալ հարցը. «Ինչպե՞ս կարող է Նա սահմանափակված լինել, եթե Նա ամենազոր է»: Հոգին ուսուցանեց ինձ պատասխանը. Աստծո օրհնությունները կախված են Նրա հանդեպ մեր հնազանդությունից: Մեզ օրհնելու Իր կարողությամբ Նա սահմանափակված չէ, բայց մենք պետք է հրավիրենք այդ օրհնությունները, հավատք գործադրելով անել այն, ինչ Նա կկամենար, որ անենք:
Հետագայում ես այցելեցի իմ հարսնացու Պրիսիլային՝ քննարկելու մեր մտադրված ամուսնության ծրագրերը: Չնայած փողի մեր սղությանը, մենք որոշեցինք ընտրել մի ամսաթիվ մեր հարսանիքի համար, բայց մենք չէինք կարողանում որոշել մի որոշակի ամսաթիվ: Մենք համաձայնության եկանք, որ նա պետք է հարցնի իր եպիսկոպոսից, թե որ ամսաթվերն են ազատ ծխի և ցցի օրացույցներում: Նրա առաջարկած երկու ամսաթվերից մենք ընտրեցինք 2014թ-ի սեպտեմբերի 27-ը, որը նշանակում էր, որ մենք ընդամենը յոթ շաբաթ ունեինք մինչև հարսանիքի օրը:
Պրիսիլան հարցրեց.Օբիմ, որը [նշանակում է «իմ սիրտ» Իգբո լեզվում], դու փող ունե՞ս: Ժամանակը կարճ է»:
Ես պատասխանեցի. «Ոչ, բայց ես հավատք ունեմ»:
Նա ծիծաղեց և ասաց.«Շատ լավ: Արի ծոմ պահենք և աղոթենք»: Վերափոխելով 1 Նեփի 3.17-ը, նա շարունակեց. «Տերը կբացի ճանապարհ մեզ համար, որովհետև Նա պատվիրել է մեզ ամուսնանալ»:
Այս շաբաթվա ընթացքում ինձ վճարվեց մի աշխատանքի համար, որը ես արել էի ամիսներ առաջ: Ապա Պրիսիլան ասաց ինձ, որ նա ցանկանում էր սկսել մի գործ ավելի շատ փող հավաքելու համար: Այն փողով, որ ես էի աշխատել, նա գնեց օգտագործված ձեռքի պայուսակներ կանաց համար և վերավաճառեց դրանք: Անհրաժեշտ իրերի իր ցուցակից որոշ իրեր գնելուց հետո նա դեռ իմ տված փողի կրկնակի չափից ավելի փող ուներ:
Այդ ժամանակ ես աշխատանք չունեի: Յուրաքանչյուր խոստացված աշխատանք ձախողվում էր: Մեզ մնացել էր երկու շաբաթ և դեռ գնելու անհրաժեշտ բաներ կային: Հարսնացուս առաջարկեց, որ ամսաթիվը տեղափոխվեր: «Հրաշքը ճանապարհին է», դա այն ամենն էր, ինչ ես ասացի:
Մեր հարսանիքի օրից հենց երկու օր առաջ, հրաշքը տեղի ունեցավ. ինձ վճարեցին մի աշխատանքի համար, որը ես կատարել էի ավելի քան երկու շաբաթ առաջ: Ես նաև սովորում էի, որ հավատքով և տքնաջան աշխատանքով Տերը կօրհնի մեզ իրականացնել մեր արդար նպատակները:
Մենք գնացինք բանկ կանխիկացնելու չեկը, իսկ այնտեղից դեպի շուկա՝ գնելու մնացած անհրաժեշտ իրերը, հորդառատ անձրևի տակ, որը մենք համարեցինք երկնքի հավանությունը մեր հավատքի գործին:
24 ժամ չանցած մենք ամուսնացանք: Երբ մեզ խնդրեցին փոխադարձ խոստումներ տալ, զգացումն այնպիսին էր, որը ես երբևէ չէի ունեցել իմ կյանքում: Ես այնքան կայացած էի զգում, որ հավատում էի, որ կարող էի անել բոլոր բաները հավատքի միջոցով՝ այդ պահից ի վեր: Մենք հետագայում կնքվեցինք Ակրա Գանա Տաճարում:
Չնայած դուք գուցե որոշ գումարի կարիք ունենաք ամուսնությանը պատրաստվելու համար, բայց ամենակարևոր բանը, որի կարիքը դուք ունեք, հավատքն է: