Նախագահ Ռասսել Մ. Նելսոն՝ առաջնորդություն ստացած, պատրաստված, նվիրված։
Որպես հայտնի սրտի վիրաբույժ, տասնամյակներ շարունակ նա սրտեր էր վերականգնում, այնուհետև, որպես Տեր Հիսուս Քրիստոսի Առաքյալ, սրտեր էր փոխում, իսկ այժմ հուսալի ձեռքերով և անսպառ սիրով Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը սկսում է Եկեղեցու Նախագահի իր ծառայությունը։
Երբ Եկեղեցու Նախագահը մահանում է, բոլորը կենտրոնանում են նրա իրավահաջորդի ընտրության գործընթացի վրա։ Իրականում, այդ գործընթացը սկսվել է շատ տարիներ առաջ՝ Տիրոջ առաջնորդությամբ։ Այս սուրբ կոչման համար Ռասսել Մ․ Նելսոնը կյանքի պատրաստություն է անցել։ Ես այդ պատրաստության մեծ մասի ականատեսն եմ եղել։
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի նախապատրաստությունը հիմնված է նրա կյանքի ողջ փորձի և նվաճումների հանրագումարի վրա: Սրտի վիրաբուժության ոլորտում նա եղել է առաջիններից մեկը: Նա փայլուն գրող և բանախոս է, ով կարողանում է շփվել տարբեր լեզուներով: Նա ճանաչում ու սիրում է մարդկանց և հասկանում է որոշումների հետևանքները նրանց կյանքում: Նա սուրբ գրությունների և սուրբ տաճարի գիտակ է և սիրում է դրանք։ Նա փորձառու կառավարիչ է, ով արագ և վճռական որոշումներ է կայացնում:
Նախագահ Նելսոնն անձամբ է ճանաչել և շատ դեպքերում ուսուցանվել է Եկեղեցու 16 նախորդ նախագահներից 10-ի կողմից: Այժմ, որպես 17-րդ նախագահ, նա սկսում է իր նախագահական ծառայությունը՝ հավաստիացնելով Վերջին Օրերի Սրբերին, որ Հիսուս Քրիստոսը շարունակելու է առաջնորդել Իր Եկեղեցին:
«Տերը միշտ ուսուցանել և ոգեշնչել է Իր մարգարեներին, և միշտ կանի դա»,- ասել է նա 2018թ.-ի հունվարի 16-ի հեռարձակման հայտարարության ժամանակ։ «Տերն է ղեկի մոտ։ Մենք, ովքեր ձեռնադրվել ենք լինելու Նրա սուրբ անվան վկաները աշխարհում, կշարունակենք փնտրել և իմանալ Նրա կամքը ու հետևել դրան»։1
Աստծո զավակների հավերժական բարեկեցության հանդեպ Նախագահ Նելսոնի մտահոգությունը արդյունքն է նրա ողջ կյանքի անկեղծ ծառայության։ Որպես սրտի վիրաբույժ, նա անմիջականորեն դիպչել է շատ սրտերի, իսկ իր զորավոր ուսմունքների, անձնուրաց ծառայության և անխոնջ սիրո շնորհիվ նա փոխաբերական իմաստով դիպչել է աշխարհով մեկ սփռված բազմաթիվ սրբերի սրտերին: Ինչպես նա ասել է հունվար ամսվա պատմական հեռարձակման ժամանակ, այդ սերն «աճել է տասնամյակներ շարունակ ձեզ հանդիպելու և ձեզ ծառայելու արդյունքում»։2
Հիմնական պատրաստություն
Իր մասնագիտական ասպարեզում դոկտոր Նելսոնը հայտնի է որպես նորարար գիտնական և սրտաբան-վիրաբույժ: Այս ամենը, ինչպես նաև նրա օրինակելի ընտանեկան կյանքը, նրա նախապատրաստության հիմնական բաղադրիչն էր:
Ռասսել Մ. Նելսոնը ծնվել է 1924 թվականի սեպտեմբերի 9-ին Մարիոն Ս. և Էդնա Անդերսոն Նելսոնների ընտանիքում: Ռասսելի մանկության տարիներին նրա երկու ծնողներն էլ Եկեղեցու քիչ ակտիվ անդամներ էին, բայց նրանք իրենց զավակներին շրջապատել էին սիրով և երբեմն նրանց ուղարկում էին կիրակնօրյա դպրոց: Սկզբում երիտասարդ Ռասսելը հետաքրքրված չէր եկեղեցով և նախընտրում էր ֆուտբոլ խաղալ ընկերների հետ: Բայց երբ նա դարձավ 16 տարեկան, նրա սիրտը սկսեց արձագանքել ավետարանի ճշմարտություններին, և նա իր եղբայրների հետ միասին մկրտվեց: Տարիներ անց, իրենց զավակների օրինակի և համոզման շնորհիվ Նելսոն ամուսինները վերադարձան ակտիվ ծառայության։
Երիտասարդ Ռասսելը արձագանքեց նաև կրթություն ստանալու խոստումին։ Ինչպես ավելի ուշ ուսուցանել է, նա հասկացավ, որ կրթության ձգտումը կրոնական պատասխանատվություն է։ Տասնվեց տարեկանում նա ավարտեց ավագ դպրոցը և ընդունվեց Յուտայի Համալսարան, որտեղ Երկրորդ աշխարհամարտի միջազգային հակամարտությունը թույլ չտվեց նրան ծառայել լիաժամկետ միսիայում։
Բակալավրատում սովորելու ժամանակ Ռասսելի երաժշտական տաղանդը ստիպեց նրան միանալ համալսարանի երաժշտական խմբին: Առաջատար սոպրանո Դանցել Ուայթը գրավեց նրա ուշադրությունը։ 1945թ. բակալավրի աստիճան ստանալուց անմիջապես հետո նրանք ամուսնացան։ 22 տարեկանում բժշկի գերազանցության դիպլոմով նա ավարտեց Յուտայի համալսարանը: Նա տեղափոխվեց Մինեսոտայի համալսարան՝ դոկտորական դիսերտացիա գրելու համար: Այնտեղ նա այն թիմի կարևոր անդամ էր, որը սրտի բաց վիրահատության զարգացման առաջին քայլերն էր անում: Հետագայում նա վիրահատություններ է կատարել Մինեսոտայի և ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքի Մասաչուսեթսի ընդհանուր հիվանդանոցում։
Իր կրթությանը և ընտանիքի մեծացմանը զուգընթաց, դոկտոր Նելսոնը կանչվեց ծառայելու Կորեական պատերազմի ժամանակ, քանի որ այդ ժամանակ բանակում բժիշկների մեծ կարիք կար։ Որպես վիրաբույժ վերապատրաստում ունենալու պատճառով նա տեղափոխվել է Վաշինգտոն Կ․Տ․, որտեղ Ուոլթեր Ռիդի Ազգային ռազմական բժշկական կենտրոնում ստեղծեց վիրաբուժական հետազոտական բաժին: 1953թ.-ին իր զիվորական պարտավորությունը կատարելուց հետո մեկ տարի անցկացրեց Բոստոնում գտնվող Մասաչուսեթսի ընդհանուր հիվանդանոցում՝ Հարվարդի ծառայությունում: Ապա, 1954 թվականին նա ստացավ գիտությունների թեկնածուի կոչումը Մինեսոտայի համալսարանում:
Չնայած նրա զբաղված բժշկական ուսումնառությանը և կարիերային, դոկտոր Նելսոնը միշտ իր ընտանիքին առաջին տեղում է դրել։ Դանցել Ուայթ Նելսոնը միշտ նրա կողքին էր և աջակցում էր իր ամուսնուն ընտանեկան, եկեղեցական, մասնագիտական և ռազմական պարտականություններում։ Նրանց մշտական, փոխադարձ աջակցող և սիրառատ փոխհարաբերությունները՝ ոգեշնչում և կայուն ազդեցություն թողեցին նրանց բոլոր 10 երեխաների վրա՝ 9 դուստր և մեկ որդի: Ըստ նրանց դստեր Սիլվիա Վեբստերի, նրանց փոխհարաբերությունները «շատ հաճելի ու անձնուրաց էին»։ Նրանց կրտսեր որդին՝ Ռասսել Նելսոն կրտսերը, հիշում է․ «Միշտ երևում էր, որ իմ ծնողները շատ էին սիրում իրար»։3
Նրանց ամուսնության 60-րդ տարելիցը չբոլորած, Դանցել Նելսոնն անսպասելիորեն մահացավ։ Երկար միայնակ մնալուց հետո Երեց Նելսոնն ամուսնացավ Վենդի Վաթսոնի հետ, ով նախկինում ամուսնացած չէր եղել, ում թեկնածուական աստիճանը, Բրիգամ Յանգ Համալսարանում պրոֆեսորական փորձը և Նելսոնների ընտանիքի հետ սիրառատ փոխհարաբերությունները նրան կատարյալ կողակից էին դարձնում Երեց և Նախագահ Նելսոնի համար:
«Համոզված եմ, որ դժվար է ոտք դնել 200 հոգուց բաղկացած մի ընտանիք և քեզ զգալ ընկերական միջավայրում»,- ասել է դուստր Սիլվիան։ «Վենդին հրաշալի կերպով կարողացել է դրան հասնել»։4 Ռասսել կրտսերն ավելացրել է․ «Վենդին հրաշալի զուգընկեր է եղել նրա համար։ … Ես տեսնում եմ, թե ինչպես է տարիների ընթացքում նա պատրաստվել այս պաշտոնի և այս կոչման համար, և այդ գործում նրա կյանքի առանցքային մասը Վենդին է»:5
Այս պահին Նելսոնների ընտանիքի անդամների թիվը հասնում է 10 երեխաների, 57 թոռների և 116 ծոռների: Ամեն ամսի ծննդյան տոները և տարելիցները նշելու համար բոլորը հավաքվում են իրար հետ։
«Բոլոր թագավորություններին տրված է օրենք»
Բժշկական համալսարանում Ռասսել Մ. Նելսոնը սովորեց, որ ոչ մի բժիշկ չպետք է դիպչի մարդկային սրտին, քանի որ դիպչելու դեպքում այն կդադարի բաբախել։ Սակայն, մի քանի տարի անց, դոկտոր Նելսոնը և նրա ընկերակից հետազոտողները զեկուցեցին շան վրա արհեստական սիրտ-թոքային համակարգի առաջին հաջող փորձի կիրառման մասին: Սիրտ-թոքային համակարգի սարքը վերահսկում է հիվանդի շրջանառությունը, թույլ տալով վիրահատություն կատարել չբաբախող սրտի վրա: Դոկտոր Նելսոնի և նրա գործընկերների այս առաջընթացը շուտով կիրառվեց մարդկանց վրա և այժմ հանգեցրել է աշխարհում ավելի քան 1,5 միլիոն սրտի բաց վիրահատությունների:
Այս բացահայտման պատճառ դարձած ոգեշնչումը դոկտոր Նելսոնը ստացավ այն ժամանակ, երբ խորհում էր Վարդապետություն և Ուխտերի հետևյալ հատվածների շուրջ.
«Բոլոր թագավորություններին տրված է օրենք …
Եվ ամեն մի թագավորության տրված է օրենք. և ամեն մի օրենքում կան նաև որոշակի սահմաններ և պայմաններ» (ՎևՈւ 88․36, 38)։6
Դոկտոր Նելսոնը մտածեց, որ եթե ինքն աշխատի, ուսումնասիրի և ճիշտ հարցեր տա, ապա ինքը և իր թիմակիցները կիմանան, թե ինչն է ղեկավարում բաբախող սիրտը։ Նա ասաց, որ «սուրբ գրությունների հասկացողության և դրանք այդ ոլորտին «նմանեցնելու» շնորհիվ է վիրահատության այդ ոլորտը հեշտ դարձել ինձ համար»։7
Իր կյանքի ընթացքում ավետարանի սկզբունքների կիրառման այս ունակությունն օրհնեց նախագահ Նելսոնին, նրա ընտանիքին, Եկեղեցուն և աշխարհը Դա նախ Առաքյալ, իսկ այժմ Եկեղեցու Նախագահ դառնալու նրա բանալին էր։
Իր մասնագիտական կարիերայի ընթացքում դոկտոր Նելսոնը արագորեն դարձավ հանրաճանաչ վիրաբույժ և բժշկական հետազոտող: 1955թ.-ին նա ստանձնեց Յուտայի համալսարանի վիրաբուժության հետազոտող պրոֆեսորի կոչումը: Այնտեղ նա կառուցեց սիրտ-թոքային սարքը, որն օգտագործեց Յուտայում սրտի առաջին բաց վիրահատության համար, որն առաջին նման վիրահատությունն էր Միսիսիպի գետի արևմտյան մասում: Նա դասախոսել է և բազմաթիվ գլուխներ է գրել բժշկական դասագրքերում և այլ հրատարակությունների ավելի քան 70 հեղինակավոր աշխատություններում: Մինչև առաքյալ կանչվելը նա կատարել է շուրջ 7,000 վիրահատություն։8
Բժշկական հմտությունից բացի դոկտոր Նելսոնը ոգեշնչող ուսուցիչ և արդյունավետ կառավարիչ էր։ Նրա կրած հատկություններն իրեն անգնահատելի դարձրեցին բժշկական ոլորտում, իսկ հետագայում՝ առանձնահատուկ Եկեղեցու իր կոչումներում:
Դոկտոր Նելսոնն ասել է․ «Բժշկի հիմնական պարտականությունն ուսուցանելն է»։ Նա ավելացրել է․ «Բժիշկը գործում է բարձր մակարդակով, երբ իր հիվանդին սովորեցնում է այն, ինչը սխալ է, և թե ինչ կարելի է անել դա ուղղելու համար»:9
Դոկտոր Նելսոնն ուսուցանելու և կրթելու այդ պատրաստակամությունը և հետաքրքրասիրությունը ցույց տվեց արտասահմանյան երկրներ մեկնելու և բժշկական ընթացակարգերն ուսուցանելու միջոցով: Որպեսզի կարողանար ուսուցանել, նա սովորեց մի քանի լեզուներ, այդ թվում՝ ֆրանսերեն, պորտուգալերեն, գերմաներեն, ռուսերեն և իսպաներեն, որպեսզի կարողանար ավելի լավ շփվել բժիշկների հետ և ուսուցանել հետազոտողներին այլ երկրներում։ Ժողովներից մեկից հետո, որտեղ Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը (1895-1985) խորհուրդ տվեց մարդկանց սովորել չինարեն, դոկտոր Նելսոնը և նրա կինը, Դանցելը, անմիջապես սկսեցին սովորել մանդարին: Այդ լեզվին տիրապետելը թույլ տվեց նրան աշխատել Չինաստանի բժշկական հանրության հետ, որտեղ նա դասախոսություններ կարդաց և վիրահատություններ կատարեց՝ այդ թվում փրկելով Չինաստանի ազգային հերոսներից մեկի կյանքը:10
Փնտրեք նախ Աստծո արքայությունը։
Որքան էլ տպավորիչ լինեին Նախագահ Նելսոնի բժշկական հաջողությունները, նա իր ուշադրությունը կենտրոնացրեց Տիրոջ և Նրա աշխատանքի վրա: Եկեղեցու անդամներից շատերը չգիտեն, որ 1955-1965թթ.-ին նա որպես միսիոներ ծառայել է Տաճարային Հրապարակում, որտեղ յուրաքանչյուր հինգշաբթի ժամը 16։00-17։00 ուղեկցել է այցելուներին։ Որպես վիրաբույժ, դա նրա ամենազբաղված ժամանակաշրջանն էր։ Ավելի ուշ նա գրել է․ «1964թ.-ին բժշկության մեջ մենք սկսեցինք աորտայի փականի փոխարինման գործընթացը։ Մահացության տոկոսը բարձր էր և յուրաքանչյուր հիվանդին հատկացված ժամանակը երկար էր՝ երբեմն՝ ժամեր, իսկ երբեմն էլ՝ օրեր»։11
Շատերի համար այդ իրականությունը անհնար կդարձներ որևէ կոչում կրել։ Բայց ոչ Դոկտոր Նելսոնի համար։ 1964թ.-ին, երբ նա և մյուս թեկնածուները հարցազրույց անցան ցցի նախագահի կոչման համար, այդ ժամանակ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Սպենսեր Վ․ Քիմբալը Երեց Լեգռան Ռիչարդսի հետ (1886–1983) ասացին նրան․ «Մենք զգում ենք, որ Տերը ցանկանում է, որ դու նախագահես այս ցցում։ Մեր բազմաթիվ հարցազրույցների ժամանակ, երբ քո անունը շոշափվում էր, պատասխանը սովորական էր, «Օ՜, նա լավ թեկնածու չէ» կամ «Նա բավարար ժամանակ չունի» կամ երկուսն էլ։ Այնուամենայնիվ, մենք զգում ենք, որ Տերը կանչում է քեզ։ Այժմ, եթե դու զգում ես, որ շատ զբաղված ես և չպետք է ընդունես կոչը, դա քո իրավունքն է …»։
«Ես պարզապես պատասխանեցի, որ այդ որոշումը կայացվել է 1945թ.-ի օգոստոսի 31-ին, երբ Քույր Նելսոնը և ես ամուսնացանք տաճարում։ Այդ ժամանակ մենք պարտավորություն ստանձնեցինք «առաջ Աստծո արքայությունը և նրա արդարությունը խնդրել», իմանալով, որ լրացուցիչ ամեն բան կտրվի, ինչպես Տերն է խոստացել (տես Մատթեոս 6․33)»։12
Կոչումն ընդունելու դոկտոր Նելսոնի այդ պատրաստակամությունը լուսաբանվում է Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի վերջերս ասված խոսքերում, որտեղ այն անվանվում է «Ռասսել Նելսոնի երեխայական խոնարհություն և հավատքի պարզություն … Նա այնքան խոնարհ է, նա այնքան մանկական է գրեթե բոլոր այն մարդկային փոխհարաբերություններում, որտեղ մասնակցություն է ունեցել»:13
Երեց Քիմբալը Դոկտոր Նելսոնին տվեց օրհնություն, խոստանալով, որ աորտայի փականի վիրահատության հետ կապված մահացության մակարդակը կնվազի, և այդ գործընթացն այլևս չի վատնի նրա ժամանակը և էներգիան:
«Հաջորդ տարի վիրահատության համար պահանջվող ժամանակն իսկապես կրճատվեց, և ես ունեցա անհրաժեշտ ժամանակը այդ և այլ կոչումներում ծառայելու համար»,- ասել է դոկտոր Նելսոնը։ «Փաստորեն, մահացության մակարդակը նվազեց և դարձավ ընդունելի ու տանելի։ Բավականին հետաքրքիր է, որ դա հենց այն նույն վիրահատությունն էր, որն ութ տարի անց կատարեցի Նախագահ Քիմբալի համար»։14
Աշխատանքի և Եկեղեցու կոչումների պահանջն այնքան շատ էր, որ տանն անցկացնելու դոկտոր Նելսոնի ազատ ժամանակը սահմանափակ էր։ Սակայն, նա ամեն ինչ անում էր, որպեսզի իր կինը և 10 զավակները առաջին տեղում լինեին։ Երբ նա տանն էր, իր ժամանակն ամբողջովին նվիրում էր ընտանիքին։ Շատ անգամներ աշխարհում ճամփորդելիս նա հաճախ իր հետ վերցնում էր կնոջը կամ երեխաներից մեկին։ Չնայած Դանցելը նրա բացակայության ժամանակ հրաշալի հոգ էր տանում երեխաների մասին, նա շատ երախտապարտ էր, որ զբաղված աշխատանքից և կոչումներից ազատ ժամանակը նա նվիրում էր ընտանիքին։ «Երբ նա տանն է, ամբողջովին նվիրվում է ընտանիքին» - մի առիթով Դանցելն ասել է Նախագահ Հարլոդ Բ. Լիին (1899–1973), ով այդ ժամանակ Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահն էր։15 Նախագահ Լին այդ տողերը հաճախ կրկնում էր զբաղված քահանայության ղեկավարներին, երբ նրանց խորհուրդ էր տալիս կենտրոնանալ իրենց ընտանիքների վրա։
Հետևել Մարգարեին
Ես Դոկտոր Ռասսել Մ. Նելսոնի մասնագիտական կյանքի և նրա կնոջ Դանցելի մի կարևոր դրվագի ականատեսն ու փոքր մասնակիցն եմ: Դա տեղի է ունեցել ավելի քան 52 տարի առաջ՝ 1965 թվականին, Նելսոնների հետ իմ առաջին հանդիպման ժամանակ: Իր կենսագրականում Դոկտոր Նելսոնը պատմում է, թե ինչպես են իրեն առաջարկել աշխատել որպես վիրաբուժության պրոֆեսոր Չիկագոյի համալսարանի սրտանոթային և կրծքային վիրաբուժության բաժանմունքում և նախագահել այն: Նա գրել է, որ այդ առաջարկը «նրան հնարավորության կտար ֆինանսական միջոցներ ներգրավել, ստանալ հետազոտական լաբորատորիա և անձնակազմ, ինչը կլիներ ցանկացած ակադեմիկոսի երազանքի իրականացումը: Որպես լրացուցիչ խթան, առաջարկը չորս տարվա ուսումնառություն էր խոստանում մեր բոլոր ինը երեխաների համար, իրենց ընտրած համալսարանում, որտեղ բոլոր հաշիվները վճարվելու էր Չիկագոյի համալսարանի կողմից»: Դեկանն ասել էր դոկտոր Նելսոնին․ «Պատճառներից մեկը, որ մենք ցանկանում ենք, որ աշխատեք մեզ մոտ, այն է, որ մենք գիտենք, որ դուք լավ մորմոն եք։ Մենք ցանկանում ենք ձեզ տեսնել մեր ֆակուլտետում։ Մենք ցանկանում ենք, որ դուք այս Համալսարան բերեք այն ազդեցությունը, որը մորմոն անդամը կարող է բերել»։16
Այդ հիանալի բժշկին այդպիսի ծայրահեղ եղանակով հավաքագրելու նպատակով դեկանը հեռախոսով զանգահարեց ինձ, որպեսզի ես համոզեի Նելսոններին տեղափոխել Չիկագո: Այդ ժամանակ ես Չիկագոյի համալսարանում իրավագիտության պրոֆեսոր էի և ճանաչում էի բժշկության դեկանին, որովհետև միասին ծառայել էինք համալսարանի անձնակազմի հանձնախմբում։ Դեկանը խնդրեց Նելսոններին ընթրիքի հրավիրել մեր տուն։ Նա հորդորեց ինձ պատմել Չիկագոյում գտնվող Եկեղեցու մասին ամեն ինչ, քանի որ գիտեր, որ դա նրանց համար չափազանց կարևոր է:
Այդպես իմ կինը՝ Ջունը, և ես հանդիպեցինք Դանցել և Ռասսել Նելսոններին, ընթրեցինք ու հիանալի կիրակի երեկո անցկացրինք Չիկագոյի մեր տանը՝ 1965թ․ նոյեմբերի 21-ին։ Մենք ամեն ինչ արեցինք, որ համոզեինք նրանց տեղափոխվել Չիկագո: Նրա ինքնակենսագրականից ավելի ուշ իմացա, որ «նրանք շատ էին հետաքրքրված այդ առաջարկով և նույնիսկ տուն էին ընտրել Չիկագոյի արվարձաններից մեկում, որտեղ կարող էին մեծացնել իրենց ընտանիքը»։17
Այն, ինչ հետո պատահեց, ցույց է տալիս, թե ինչպես է Տիրոջ ոգեշնչումն ուղղորդել Ռասսել Մ․ Նելսոնի որոշումները և նախապատրաստել նրան։ Սոլթ Լեյք Սիթիում նա խորհուրդ է հարցրել Նախագահ Դեյվիդ Օ Մակքեյից (1873-1970), որպեսզի կողմնորոշվեր Նելսոնների համար այդ կարևոր որոշման հարցում։ Մարգարեն աղոթեց և պատասխանը եկավ՝ «Ոչ»։
Նախագահ Մակքեյն ասաց․ «Դու արդեն ապրում ես աշխարհի լավագույն քաղաքում։ Քո ապրելակերպը հավասարը չունի աշխարհում։ Այստեղ քո դուստրերը կունենան ամենալավ շրջապատը։ Նրանք քեզ համար ավելի կարևոր են, քան ցանկացած համբավ կամ ապագա, որը կառաջարկի որևէ համալսարան։ Ո՛չ, եղբայր Նելսոն, քո տեղն այստեղ է՝ Սոլթ Լեյք Սիթիում։ Ամբողջ աշխարհից մարդիկ կգան քեզ մոտ, քանի որ դու այստեղ ես։ Չեմ կարծում, որ պետք է գնաս Չիկագո»։18
Լցված հավատքով, դոկտոր Նելսոնը հրաժարվեց Չիկագոյի առաջարկից և մնաց Սոլթ Լեյքում։ Այնտեղ, հետագա տարիներին, նա սրտի բաց վիրահատություններ կատարեց և երկարացրեց բազում շնորհակալ հիվանդների կյանքը, այդ թվում՝ Նախագահ Քիմբալի, Երեց Ռիչարդ Լ․ Էվանսի (1906–71), Նախագահ Բոյդ Ք. Փաքերի (1924–2015) և Եկեղեցու բազմաթիվ այլ ղեկավարների, անդամների և նրանց ընտանիքների կյանքը։
Ջունի և ինձ համար Չիկագոյի մեր տան հանդիպումը Ռասսել և Դանցել Նելսոնների հետ երկար ու թանկ ընկերության սկիզբն էր։ Վեց տարի անց նա ազատվեց ցցի նախագահի կոչումից և կանչվեց Կիրակնօրյա դպրոցի գերագույն նախագահ: Այդ նույն տարում ես նշանակվեցի Բրիգամ Յանգ Համալսարանի նախագահ։ Տարիներ շարունակ մենք միասին ծառայել ենք Տասներկու Առաքյալների Քվորումում, իսկ այժմ մենք միասին ծառայելու ենք Առաջին Նախագահությունում, որը 52 տարի առաջ երկու ակադեմիկոսների և նրանց կանանց միջև Չիկագոյում սկսված բարեկամության արդյունքն է:
Փոխել սրտերը
1984թ.-ի ապրիլի 7-ին դոկտոր Նելսոնը կարգվում է որպես Առաքյալ և ձեռնադրվում Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ: Նա ասել է․ «Մի կարճ ակնթարթում բժիշկ և վիրաբույժ լինելու վերջին քառասուն տարվա կենտրոնացումը փոխվեց, և իմ մնացած կյանքը նվիրվեց իմ Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին ծառայելուն»։19
Առաքյալ կանչվելու ժամանակ Երեց Նելսոնը հայտարարել է․ «Այն աշխատանքը, որը կատարում եմ, աշխարհի ամենակարևոր գործն է։ Այն համընդհանուր է, բավարարող և դժվար։ Եվ ես պետք է լավագույն ձևով գործեմ, որովհետև հաշվետու եմ այս կոչման համար»։20
Առաքյալ դառնալուց հետո և 2015 թ.-ից Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ կարգվելուց հետո Նախագահ Նելսոնը շարունակեց ճամփորդել աշխարհով՝ կիսվելով հավերժական կյանքի խոսքերով և փոխելով մարդկանց սրտերը։ Իր առաջին հանձնարարություններից մեկը Արևելյան Եվրոպայի ազգերի համար ավետարանի դռներ բացելն էր։ «Հինգ տարիների ընթացքում ես կատարեցի 27 ուղևորություն Եվրոպայի 31 ազգերի մեջ»,- ասել է Նախագահ Նելսոնը։ «Նախագահ [Էզրա Թավթ] Բենսոնի մահից առաջ … ես կարողացա զեկուցել նրան, որ մենք կատարել ենք մեր հանձնարարությունը․ այժմ Եկեղեցին հաստատված է Արևելյան Եվրոպայի բոլոր երկրներում»։21
Նախագահ Նելսոնն ավետարանը քարոզելու համար նաև նվիրագործել է 27 երկրներ, այդ թվում՝ Բուլղարիան, Խորվաթիան, Սալվադորը, Եթովպիան, Ֆրանսիական Պոլինեզիան, Ղազախստանը և Ռուսաստանը: Մի անգամ, չորս օրում նա նվիրագործեց վեց տարբեր երկրներ։22 Առաքելական ծառայության ընթացքում մինչ այժմ այցելել է 133 երկիր։23
Տասներկուսի Քվորումի անդամ ծառայելու ժամանակ Երեց Ռասսել Մ. Նելսոնը երկար տարիներ որպես նախագահ ծառայել է այդ քվորումի բոլոր երեք հիմնական խորհուրդներում՝ Միսիոներների, Տաճարային և Ընտանեկան Պատմության և Գործադիր Քահանայության (ներկայիս Գործադիր Քահանայության և Ընտանիքի):
Եկեղեցին զգալի փոփոխություններ է կրել Տասներկուսի Քվորումում Երեց Նելսոնի ծառայության տարիներինլ, որտեղ նա ծառայել է Եկեղեցու հինգ նախագահների հետ: 1984 թվականից ի վեր Եկեղեցին երկու անգամից ավել կրկնապատկվել է և մոտ 6 միլիոնից հասել է 16 միլիոնի: Տասներկու Առաքյալների Քվորումն ու Առաջին Նախագահությունը հրապարակել են երկու պաշտոնական հայտարարություններ․ 1995 թվականին՝ «Ընտանիք, հայտարարություն աշխարհին», և 2000 թվականին՝ «Կենդանի Քրիստոսը»: Գործող տաճարների թիվը 30-ից (1984) աճել է մինչև 159-ը (2017): 2010 թվականին, երբ Երեց Նելսոնը կանչվեց որպես Միսիոներական գործադիր խորհրդի նախագահ, Եկեղեցին ուներ 58000 միսիոներ: Այժմ, մեծ աճից հետո, երբ ծառայության տարիքն իջեցվեց, թիվը հասավ շուրջ 67000-ի:
Անձնական հատկանիշներ
Բժիշկ, Երեց, իսկ այժմ Նախագահ Նելսոնի մասին մինչ այժմ բերված փաստերը հայտնի են հանրությանը։ Այժմ ես կմեկնաբանեմ տարիների ընթացքում իմ նկատած նրա հրաշալի անձնական հատկանիշներից մի քանիսը։
Նախ՝ Ռասսել Մ. Նելսոնը չափազանց հաճելի մարդ է, լավ ընկեր ու գործընկեր: Նա շատ բարի և կարեկից է իր անձնական բոլոր հարաբերություններում: Նա հրաշալի օրինակ է, ջանասեր և զգույշ է մոտենում իր պարտականություններին` ընտանիքին, Եկեղեցուն և մասնագիտությանը: Եվ նրա հետ ժամանակը ուրախ է անցնում։
Նրա ղեկավարման ոճը միշտ ընկերական է և նրա հետ հեշտ է շփվել։ Ավագ ղեկավարների մոտ դա ամենացանկալի հատկանիշն է։ Մենք չենք վարանում նրա հետ խոսել որոշակի թեմայի շուրջ կամ չենք զգում, որ հոգս ենք պատճառում նրան։ Երբևէ չենք վախենում նրա հետ խոսել որևէ թեմայի մասին։ Նախագահ Նելսոնը շատ բաց է, շատ հասանելի, նրա հետ խոսելը շատ հեշտ է։
Որոշում ընդունելիս Նախագահ Նելսոնին մտահոգում է այդ որոշման ընդհանուր ազդեցությունը։ Նա լավ է հասկանում որոշումների կամ քաղաքականության հավանական ազդեցությունը և ճշգրիտ պատկերացում ունի անդամների տարբեր խմբերի՝ ծերերի, երիտասարդների, քիչ ակտիվների, Եկեղեցու ղեկավարների և այլ անձանց կողմից վարդապետության կիրառման եղանակների մասին: Այդ հատկանիշը տեսել եմ մյուս առաջնորդների մեջ, բայց նախագահ Նելսոնի տեսլականն այս թեմայի վերաբերյալ բացառիկ է: Գուցե դա բխում է բժիշկ լինելու իր փորձից, որը մարմնի մի մասի համար դեղ չի նշանակում՝ առանց այլ մասերի վրա դրա ազդեցության մասին մտածելու:
Նախագահ Նելսոնը շատ լավ պատվիրակ է, ավելի լավը, քան մյուս ղեկավարները, որոնց ես ճանաչել եմ աշխատանքում և Եկեղեցում։ Հավանաբար, դա նույնպես կապված է վիրաբույժի աշխատանքի հետ, ով կատարում է յուրահատուկ առաջադրանք այն բանից հետո (և առաջ), երբ մյուսները կատարում են իրենց առաջադրանքը։
Նախագահ Նելսոնի մեկ այլ նշանակալից հատկանիշը նրա համբերությունն է: Խնդիրները լուծելիս կամ գործեր կատարելիս նա խուսափում է վեճերից: Նա խելամտորեն շրջանցում է «եկեք հենց հիմա լուծենք դա» մարտավարությունը և ժամանակ է տալիս, որ խնդիրներն ինքնուրույն հարթվեն։ Այդ հատկանիշը շատ կարևոր է նրա կոչման մեջ, ճիշտ այնպես, ինչպես երկուս ու կես տարի Տասներկուսի Քվորումի Նախագահ ծառայելու ժամանակ:
Գովելով Նախագահ Նելսոնի համբերությունը, պետք է գովաբանեմ նաև հակասող հատկանիշը։ Նա չի վարանում որոշումներ կայացնելիս։ Երբ պատշաճ ժամանակն է և խնդիրը պատրաստ է որոշման համար, նա որոշումներ է կայացնում արագ և վճռականորեն: Նա լավ գիտակցում է, երբ է խնդիրը պահանջում համբերություն և քննարկում, և մենք երբ պետք է նախապատվությունը տանք այլընտրանքային տարբերակներին և առաջ գնանք Տիրոջ աշխատանքում: Նրա ղեկավար ընկերներին դա դուր է գալիս։
Նախագահ Նելսոնը նաև համախմբող է։ Նա ներդաշնակ է դարձնում միանգամայն հակասական տեսակետներ և համախմբում է տարբեր մարդկանց: Դա ղեկավարի հրաշալի հատկություն է այն անդամների համար, ովքեր հավատարիմ են նույն աստվածային վարդապետությանը, բայց սերում են տարբեր մշակույթներից և ավանդույթներից:
Ռասել Մ. Նելսոնն ունի դիվանագիտության բնատուր պարգևներ, որոնց ականատեսն եմ եղել անձամբ: Նա դրանք օգտագործել է իր մասնագիտական գործունեության մեջ, նույնիսկ՝ Չինաստանում։ Տասներկուսի Քվորում կանչվելուց ի վեր նա Արևելյան Եվրոպայում Եկեղեցու համար դռներ բացեց՝ հրաշալի հանգամանքների հաջորդականությամբ: Բացի այդ, որպես Տիրոջ ծառա, նա այցելել է 133 տարբեր երկրներ: Ի՜նչ հրաշալի նախապատրաստություն այն մեծ պաշտոնի համար, որին նա այժմ կանչվել է:
Նախագահ Նելսոնի հրաշալի հատկանիշներից մեկ ուրիշը, ի զարմանս ոմանց, գրելու նրա հմտությունն է: Նրա գրավոր հաղորդակցությունը պարզ է և ուրիշների գրվածքները խմբագրելու նրա պատրաստակամությունը միշտ օգտակար է: Տասներկուսի անդամները փոխանակվում են սևագրերով, որպեսզի կարևոր ելույթների տեքստերում ուղղումներ կատարեն։ Ես հասկացա, որ այդ ժամանակ ոչ ոք չի առաջարկում ավելի լավ ուղղումներ իմ ելույթներում, քան Նախագահ Նելսոնը: Ես, որ իմ մասնագիտական կյանքում աշխատել եմ բառերի հետ, զարմանում էի, որ ինձ այդքան փայլուն կերպով ուղղում էր մեկը, ով իր ողջ կյանքում աշխատել է մարդկանց մարմինների հետ։ Ես հանգիստ էի զգում, իմանալով, որ նրա օրինակելի ելույթները տքնաջան աշխատանքի արդյունք են։ Մի անգամ, նրա ձեռագրերից մեկը ստուգելու ժամանակ ես նկատեցի, որ դա նրա ութերորդ սևագիրն էր։ Եթե ես ծանոթ լինեի դոկտոր Նելսոնի մասնագիտական հրապարակումների հրաշալի արձանագրությանը, ես չէի զարմանա, որ Տասներկուսի Քվորումի մեջ նրանից ավելի լավ գրող չկար:
Շատերին հետաքրքրում է մեր նոր նախագահի տարիքը՝ 93 տարեկան։ Մեզանից յուրաքանչյուրը, ով սերտորեն համագործակցում է նրա հետ, մտահոգված է միայն նրանով, թե ինչպես կարող է նրա պես եռանդուն մնալ։ Նա շատ ակտիվ է ֆիզիկապես և մտավոր առումով։ Նրա հիշողությունը տպավորիչ է։ Նա հաճախ դահուկավարում է՝ շատ քիչ հանգստանալով։ Նա դեռ օգտագործում է ձյուն մաքրելու իր մեքենան՝ իր և հարևանի մուտքերը մաքրելու համար։24 Յուրաքանչյուր հինգշաբթի ես նրա անսահման եռանդի ականատեսն եմ ։ Երբ մենք ավարտում ենք մեր հանդիպումը Սոլթ Լեյքի տաճարում, ոմանք վերելակով են իջնում ներքև, իսկ ոմանք էլ, մեծ քայլեր կատարելով, աստիճաններով են իջնում մեր վերնահարկից։ Նախագահ Նելսոնը միշտ արագ իջնում է աստիճաններով։ Ես միշտ ապարդյուն փորձում եմ հասնել նրան։
Փրկիչին նվիրված
Նախագահ Նելսոնն ասել է․ «Առաքյալի ծառայության յուրաքանչյուր օրը սովորելու և ապագայում ավելի մեծ պատասխանատվության պատրաստվելու օր է»։25 Նրա համար Եկեեցին ղեկավարելու համար պատրաստվելու ժամանակն ավարտված է, և նա ստացել է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու նախագահի սրբազան թիկնոցը։ Նրա այս ղեկավարման ընթացքում ի՞նչ կարող ենք ակնկալել նրա պատրաստությունից։
Ամենակարևորը՝ նրա նվիրվածությունն է Տեր Հիսուս Քրիստոսին, ով Իր Եկեղեցու ղեկավարն է։ Ինչպես Նախագահ Նելսոնն է ասել իր հունվար ամսվա ուղերձում, որ մեջբերել եմ ավելի վաղ․ «Մենք … կշարունակենք փնտրել և իմանալ Նրա կամքը ու հետևել դրան»։26 Միևնույն ժամանակ, Նախագահ Նելսոնի ոգեշնչված ուսմունքները շոշափում են հավանական կարևոր թեմաները։
2017 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողովում Նախագահ Նելսոնը Եկեղեցու անդամներին հիշեցրեց Մորմոնի Գրքի մեծ կարևորության մասին: Նա կիսվեց Մորմոնի Գրքի իր անձնական ուսումնասիրության արդյունքներով, այդ թվում՝ այն ցուցակով, թե ինչի մասին է Մորմոնի Գիրքը, ինչ է այն հաստատում, ինչ է հերքում, ինչ է իրականացնում, ինչ է պարզաբանում և ինչ է հայտնում։ Նա հորդորեց անդամներին ամեն օր ուսումնասիրել և խորհել այդ գրքի մասին։27
2018 թվականի հունվարի 16-ին՝ նշանակվելուց երկու օր անց Նախագահ Նելսոնը հայտարարեց, որ նոր Առաջին Նախագահությունը կսկսի իր ծառայությունը՝ «մտքում ունենալով վերջնական նպատակը»: Այդ «վերջնական նպատակը» անհատների փրկությունն է ու ընտանիքների կնքումը Տիրոջ տանը։ «Այդ իսկ պատճառով մենք այսօր խոսում ենք ձեզ հետ տաճարից»,- ասել է Նախագահ Նելսոնը Սոլթ Լեյքի Տաճարի կցակառույցից։
«Նպատակը, որին մեզանից յուրաքանչյուրը ձգտում է, զորությամբ Տիրոջ տանը օժտվելն է, ընտանիքներով կնքվելը, տաճարում կապած ուխտերին հավատարիմ մնալը, ինչը մեզ արժանի կդարձնի Աստծո մեծագույն պարգևին՝ հավերժական կյանքին։ Տաճարային արարողությունները և այնտեղ կապած ձեր ուխտերը կարևորագույն հիմք են՝ ձեր կյանքը, ձեր ամուսնությունը և ընտանիքը ամրացնելու ու հակառակորդի հարձակումներին դիմակայելու ձեր ունակության համար։ Տաճարում երկրպագությունը և ձեր ծառայությունը ձեր նախնիներին կօրհնեն ձեզ ավելի մեծ անձնական հայտնություններով ու խաղաղությամբ և կամրացնեն ուխտի ուղու վրա մնալու ձեր վճռականությունը»։28
Նախագահ Նելսոնը Սրբերին նաև կոչ է արել մնալ ուխտի ուղու վրա․ «Փրկիչին հետևելու ձեր պարտավորվածությունը՝ ուխտեր կապելով Նրա հետ և պահելով այդ ուխտերը, դուռ կբացի տղամարդկանց, կանանց և երեխաների համար նախատեսված հոգևոր բոլոր օրհնությունների և արտոնությունների առաջ»։ Այդ ուղուց մոլորվածների համար նա ասել է․ «Ես հրավիրում եմ ձեզ իմ սրտում եղած ամբողջ հույսով, որ ետ վերադառնաք։ Անկախ ձեր մտահոգություններից, անկախ ձեր խնդիրներից, Տիրոջ այս Եկեղեցում ձեզ համար տեղ կա։ Դուք և դեռ չծնված սերունդները կօրհնվեք, եթե դուք այժմ վերադառնաք ուխտի ուղու վրա»։29
Ահա մեկ այլ հանգամանք։ «Հատվածները, որոնք կենդանի առասպել են դարձել ինձ համար Վարդապետություն և Ուխտերի 88-րդ բաժնում են, որտեղ Տերն ասում է․ «Ես կարագացնեմ իմ աշխատանքն իր ժամանակին»,- ասել է Նախագահ Նելսոնը։ «Եվ ես ապրել եմ, … որ տեսնեմ այդ արագացումը»։30 Այժմ, նա կառաջնորդի դա։
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը միշտ վկայել է Հիսուս Քրիստոսի աստվածայնության և փրկության ծրագրի ճշմարտացիության մասին, որը մեր Երկնային Հայրը և Նրա Սիրելի Որդին տվել են մեզ տեղեկացնելու և առաջնորդելու համար: Երբ Նախագահ Նելսոնն առաջնորդի Եկեղեցին դեպի ապագա, Վերջին Օրերի Սրբերը կարող են մեծ մխիթարություն գտնել, իմանալով, որ նա կառաջնորդի իրենց՝ երկնային կամքին համապատասխան: «Ես հայտարարում եմ, որ նվիրված եմ Աստծուն՝ Հավերժական Հորը, և Նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին»,- ասել է նա։ «Ես ճանաչում եմ Նրանց, ես սիրում եմ Նրանց և պարտավորվում եմ ծառայել Նրանց և ձեզ՝ մինչև իմ կյանքի վերջին շունչը»։31
Ես սիրում եմ Տիրոջ այդ ծառային, իմ երկարամյա գործընկերոջն ու ընկերոջը՝ Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնին։ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու իմ ընկերակից անդամների հետ միասին ես բարձր եմ գնահատում նրա ուսմունքները և սպասում եմ նրա ոգեշնչված մարգարեական առաջնորդությանը։ Ես վկայում եմ, որ նա կանչվել է Աստծո կողմից մեր օրերում Եկեղեցին առաջնորդելու համար։
Նախագահ Ռասսել Մ. Նելսոն
-
Ծնվել է 1924թ․ սեպտեմբերի 9-ին Սոլթ Լեյք Սիթիում, Յուտա, ԱՄՆ։
-
Մեծացել է Մեծ Ճգնաժամի տարիներին։ Հիշում է, ինչպես էր թույլտվություն խնդրում ադամաթուզ ուտելու համար (ընտանեկան բյուջեի համար թանկարժեք սննթամթերք)։
-
10 տարեկանում սկսեց աշխատել որպես առաքիչ իր հոր գովազդի գործակալությունում։
-
Սիրում է խաղալ Scrabble®։
-
Ստացել է բակալավրի կոչում 1945թ․-ին և բժիշկի որակավորում 1947թ․-ին՝ 22 տարեկան հասակում Յուտայի Համալսարանում։
-
Ստացել է վիրաբուժության դոկտորի կոչում 1954թ․-ին Մինեսոտայի Համալսարանում։
-
Իրականացրել է սրտի բաց վիրահատության առաին հաջող փորձը Յուտայում, 1955թ․-ին, սիրտ-թոքային սարքի օգնությամբ, որի մշակմանը մասնակցել է։
-
Դարձել է ԱՄՆ-ի առաջատար սրտաբան վիրաբույժերից մեկը։ Միայն 1983թ․-ին կատարել է 360 վիրահատություն։
-
Իրականացրել է Նախագահ Սպենսեր Վ․ Քիմբալի սրտի բաց վիրահատություն։
-
Սովորել է չինարեն նրանից հետո, երբ ժողովներից մեկում մարգարեն խրախուսեց մարդկանց անել ավելին՝ ավետարանը բոլոր ազգերին, հատկապես Չինաստան, հասցնելու համար։
-
Կանչվել է որպես Առաքյալ 1984 թ.-ի ապրիլի 7-ին։
-
Կարգվել է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու 17-րդ Նախագահ 2018թ․-ի հունվարի 14-ին։
-
Այցելել է 133 երկիր։
-
Ծառայել է երկամյա բժշկական առաքելությամբ ԱՄՆ բանակում Կորեայի պատերազմի ժամանակ, այցելելով բոլոր M.A.S.H. միավորները Կորեայում և դաշտային հիվանդանոցներում։
-
Երիտասարդ տարիքում կատարյալ ձայն ունենալու շնորհիվ ելույթ է ունեցել երաժշտական ներկայացումներում։
-
Ամուսնացել է Դանցել Ուայթի հետ 1945թ․ օգոստոսի 31-ին Սոլթ Լեյք Տաճարում։
-
Դանցելը մահացել է 2005թ․ փետրվարի12-ին։
-
Ամուսնացել է Վենդի Լ․ Վաթսոնի հետ 2006թ․ ապրիլի -ին Սոլթ Լեյք Տաճարում:
-
Դահուկավարումը նրա սիրված զբաղմունքներից մեկն է։
-
Ունի 10 զավակ, 57 թոռ և 118 ծոռ: