Միայն թվային տարբերակով. Չափահաս երիտասարդներ
Տանը անցկացվող Եկեղեցին ինչ ուսուցանեց ինձ միասին հանդիպելու մասին
Ես տխրեցի, երբ եկեղեցու ժողովները ժամանակավորապես դադարեցվեցին համավարակի պատճառով: Այժմ ես շնորհակալ եմ սովորած դասերի համար։
Հեղինակն ապրում է Սկանիայում (Շվեդիա):
Եկեղեցի գնալը միշտ եղել է իմ շաբաթվա կարևոր իրադարձություններից մեկը: Ինձ դուր էր գալիս միանալ ընկերներիս և ընտանիքիս հետ և մի կողմ դնել աշխարհի անհանգստությունները՝ միասին երկրպագելիս։
Այնուհետև ամեն ինչ փոխվեց համավարակի պատճառով: Այն ժամանակ Շվեդիայում կորոնավիրուսով վարակվածների բազմաթիվ դեպքեր չկային և սովորականի նման դպրոցներն աշխատում էին, այնպես որ ես իսկապես չէի հասկանում, թե ինչու Եկեղեցու ղեկավարները մտածեցին, որ ժողովները դադարեցնելու անհրաժեշտություն կա: Թեև աշխարհով մեկ խառնաշփոթ էր տիրում, ես ուզում էի կիրակի հանդիպել ընկերներիս հետ: Բայց հետո ես իմացա, որ Եկեղեցու ժողովները ժամանակավորապես դադարեցվել են, և որ մենք պետք է երկրպագենք տանը: Ես և՛ տխուր էի, և՛ մի փոքր հիասթափված:
Երբ կիրակին եկավ, ես հագա զգեստս և դիմահարդարվեցի, նախաճաշեցի և ծնողներիս հետ նստեցի: Ես տեսա, որ հայրս հոգատարությամբ պատրաստեց հաղորդությունը, հացն ու ջուրը ծածկեց սպիտակ կտորով և իր սուրբ գրությունները բացեց հաղորդության աղոթքների համար:
Շուտով եկավ ժամանակը, որ հաղորդության օրհներգը երգենք: Երբ հայրս սկսեց հացը կտրել, ես ուժեղ զգացի Հոգին: Թվում էր, թե Նա ինձ ասում էր, որ Հիսուս Քրիստոսի Քավությունը հատուկ ինձ համար է: Ես սկսեցի լաց լինել, և երբ նայեցի մայրիկիս, տեսա, որ նա նույնպես լաց է լինում և ժպտում է ինձ. նա նույնպես զգում էր Հոգին:
Չնայած ես սկզբում թերահավատորեն էի վերաբերվում, հիմա գիտեմ, որ հաղորդությունը տանն ընդունելն անձնական և գեղեցիկ հնարավորություն է: Վերջին շաբաթների ընթացքում ես ավելի շատ երախտագիտություն եմ զգացել քահանայության և վերականգնված ավետարանի հանդեպ, որն առաջարկում է մեզ մխիթարություն և խաղաղություն անհանգիստ ժամանակներում: Նաև զգացել եմ այն սերը, որը մեր Երկնային Հայրը տածում է Իր բոլոր զավակների հանդեպ։ Եվ ես հատուկ երախտագիտություն եմ զգացել մարգարեի հանդեպ, ով օգնում է մեզ իմանալ, թե ինչ անել, նույնիսկ, երբ չենք հասկանում, թե ինչու:
Այն օրվանից, երբ մենք նախնական հրահանգներ ստացանք տանը եկեղեցի անցկացնելու համար, COVID-19-ով վարակվել են Շվեդիայի հազարավոր մարդիկ և այն շարունակում է տարածվել Երկրի գրեթե յուրաքանչյուր պետությունում: Եվ չնայած ես սիրում եմ մի քանի սիրելիների հետ տանը եկեղեցի անցկացնելու մտերմիկ բնույթը, ես նաև հասկացել եմ, որ այն նման չէ Եկեղեցի գնալուն և միասին՝ որպես ծուխ կամ ճյուղ երկրպագելուն։ Հաղորդության ժողովի և այլ ժողովների ժամանակ միմյանց կողմից ոգեշնչվելն անփոխարինելի է:
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիսթոֆերսոնն ուսուցանել է․ «Տիրոջ հիմնական նպատակներից մեկը Սրբերի այնպիսի համայնքի ստեղծումն է, որտեղ նրանք կաջակցեն մեկը մյուսին «այս նեղ և անձուկ արահետի վրա, որը տանում է դեպի հավերժական կյանք» [2 Նեփի 31․18]»։1
Ես հասկացել եմ, որ եկեղեցին ավելին է, քան ամեն շաբաթ ընկերների հետ միասին հավաքվելը: Այն հաղորդություն ընդունելու, պատկանելության զգացման, միմյանց սատարելու և Աստծո արքայության մեջ հավատքի համայնք կառուցելու մասին է: Միշտ երախտապարտ կլինեմ միասին հավաքվելու կարևորության օրհնության համար, որ կարող եմ COVID-19-ի այս ժամանակներում տանը եկեղեցի անցկացնել և նոր մտքեր ունենալ։ Հաղորդության ժողովն ավելի յուրահատուկ կլինի, երբ կարողանանք կրկին միասին հանդիպել: