Տարածաշրջանի Նախագահության ուղերձը
Ինչպես ծառայել մեր մերձավորներին
Ես հիշում եմ, թե ինչպես էի ապրում ու մեծանում մի հրաշալի տան մեջ, որտեղ, գուցե, չկային շատ աշխարհիկ իրեր, բայց միշտ կար շատ սեր, որը կբավականացներ մեր ընտանիքին և ուրիշներին: Ծնողներս մեզ միշտ սովորեցնում էին, թե ինչպես սպասավորել՝ փնտրելով կարիքավորներին:
Երբ լրացավ իմ տասնչորս տարին, ես իմ հայրիկի տնային ուսուցման կրտսեր զուգընկերն էի, մինչ մեկնեցի միսիա: Ես սովորում էի հայտնաբերել ուրիշների կարիքները՝ հետևելով, թե իմ ծնողներն ինչպես էին հոգում մարդկանց կարիքները, առանց հետաքրքրվելու, թե որտեղից էին նրանք ծնունդով կամ ինչպես էին ապրել իրենց կյանքը: Միշտ ունկնդրող ականջ կար, հեռախոսազանգ կամ հրավեր կիրակնօրյա ճաշին:
Որպես ծնողներ, մենք կարող ենք հետաքրքրվել, թե ինչպես օգնել մեր զավակներին հասկանալ Հիսուս Քրիստոսի ավետարանը: Ես սովորել եմ և հասկացել, որ դա քիչ առնչություն ունի մեծ գործեր և սուրբ գրություններից մեջբերումներ կատարելու հետ: Այն մեծապես առնչվում է այն բանի հետ, որ նրանց ցույց տանք ավետարանը գործողության մեջ:
Որպես ընտանիքներ և անհատներ, մենք կարող ենք հասնել և օրհնել այն մարդկանց, ում հետ շփվում ենք: Այդ ամենը սկսվում է պարզ գործողություններից, ինչպես օրինակ՝ ողջունելուց մարդկանց փողոցում, բացելուց դուռը ինչ-որ մեկի համար կամ անկեղծորեն հարցնելուց ինչ-որ մեկի որպիսությունը:
Բարության այս պարզ գործողությունները կարող են փոխել աշխարհը, անկախ նրանից, թե որտեղ ենք մենք ապրում:
Արևելյան Եվրոպայի տարածաշրջան կանչվելուց և այնտեղ տեղափոխվելուց մի քանի ամիս առաջ մենք ապրում էինք մի ծխի տարածքում, որը մեծ սահմաններ ուներ մեր տարածաշրջանի նման: Մի երիտասարդ ընտանիք տեղափոխվեց մեր ծուխ և առաջին կիրակի օրը նրանց երեքամյա որդին ուշաթափվեց, իսկ հետո հիվանդանոցում մահացավ ուղեղի ուռուցքից: Ամիսներ շարունակ նրա ծնողները ապրում էին հիվանդանոցի մոտ, որպեսզի մոտիկ լինեին իրենց փոքրիկ որդուն: Միևնույն ժամանակ մեր ծուխ տեղափոխվեց մի մեծ ընտանիք՝ յոթ երեխաներով: Նրանք ապրում էին մի փոքր գյուղում, ուր եկեղեցուց մեքենայով կարելի էր հասնել 30 րոպեում: Ընտանիքի մոր մոտ քաղցկեղ ախտորոշեցին, և նա չէր կարողանում մշտապես հոգ տանել իր երեխաների մասին: Եկեղեցու անդամները սկսեցին հոգ տանել այս երկու նոր ընտանիքների համար, չնայած անդամների մեծ մասը նույնիսկ չէին ճանաչում նրանց:
Երիտասարդ ընտանիքի տունը նորոգվեց և պատրաստվեց, որպեսզի նրանք տեղափոխվեին: Անդամները հերթով խնամում էին մեծ ընտանիքի փոքր երեխաներին և բազմիցս ճաշ էին պատրաստում երկու ընտանիքների համար: Կիրակի օրերին Եկեղեցու խոհանոցը լի էր բազմաթիվ դատարկ ամաններով ու տարաներով, որպեսզի տուն տարվեին ու կրկին լցվեին:
Դա միասնական նախաձեռնություն էր, որը շատ նման էր Ղուկասի 5.17-20 հատվածներում նկարագրված իրավիճակին, երբ Հիսուսը ուսուցանում էր մի տան մեջ Կափառնայումում: Տան մեջ այլևս տեղ չկար, երբ մարդիկ մահիճով մի անդամալույծի բերեցին: Նրան բերող մարդիկ արագ մի ծրագիր մշակեցին և բարձրացրին նրան կտուրը, ապա օճորքից կախեցին մահիճը:
Երբ նրանք մահիճով իջեցրին մարդուն Հիսուսի առաջ՝ ցույց տալով Նրան իրենց հավատքը, Նա ոչ միայն բուժեց մարդուն, այլև ներեց նրա մեղքերը:
Այս երկու պատմությունները օրինակ են այն բանի, թե որպես ծուխ կամ ճյուղ, մենք ինչպես կարող ենք սպասավորել ոչ միայն նրանց, ում նշանակված ենք սպասավորելու, այլև ավելի լայն իմաստով հասկանալ, թե որ կարիքները պիտի հոգանք և գործենք ըստ դրանց: Երբեմն որևէ գործ կատարելու համար մի քանի հոգի է պահանջվում: Եվ արդյունքը կլինի այն, որ մենք հոգևորապես կբժշկվենք, և մեր մեղքերը կներվեն, երբ օգնության հասնենք ուրիշներին:
Երբ ավելի շատ մոտենանք Փրկիչին, ավելի քիչ կանհանգստանանք մեր կարիքների և դրանց բավարարման համար ու կկարողանանք լսել այն մեղմ ձայնը, որն օգնում է մեզ օգնության հասնել ուրիշներին: Այդ ժամանակ մենք կդառնանք սպասավորողներ՝ բառի իսկական իմաստով: Տերն ասել է մեզ, որ երբ մենք աղոթքով ցանկանանք ստանալ գթության այդ պարգևը կամ Քրիստոսի մաքուր սերը, այն կտրվի մեզ: Մորոնի 7.48-ում ուսուցանվում է, որ մենք պետք է աղոթենք մեր սրտի ողջ կորովով այդ պարգևը ստանալու համար: Ես աղոթում եմ բոլորիս համար, որ այդ պարգևը լինի այն բաների ցուցակի առաջին տեղում, որոնք մենք կամենում ենք ստանալ կյանքում: Ի՜նչ օրհնություն է՝ լինել Հիսուս Քրիստոսի իսկական սպասավորը և ճշմարիտ հետևորդը ու լինել Նրա նման, երբ Նա կրկին գա: