2021
Կյանքը փոխվում է Հիսուս Քրիստոսի ավետարանի շնորհիվ
Հունիս 2021


Տարածաշրջանի Նախագահության ուղերձը

Կյանքը փոխվում է Հիսուս Քրիստոսի ավետարանի շնորհիվ

Ես շատ եմ սիրում լսել այն մարդկանց պատմությունները, որոնց կյանքը փոխվել է Հիսուս Քրիստոսի ավետարանի շնորհիվ: Նրանց աչքերի մեջ դուք կարող եք նկատել երկրային և հավերժական նոր հեռանկարների ու հույսերի արտացոլումը: Սրանք պատմություններ են այն մասին, թե նրանք ինչպես որոշեցին փոխել իրենց կյանքը, վարքը և գուցե նաև իրենց հին կենսակերպը՝ ավանդույթները, սովորությունները, և զոհասեղանին դրեցին այսպես կոչված աշխարհիկ հաճույքները իրենց «ներքին գազանի» հետ միասին՝ հրաժարվելով դրանցից հանուն ապագայի և իրական, օրհնված ներկայի:

Ես ուրախությամբ եմ իմ մտքում պատկերացնում Փրկիչի զարմանքն ու հրճվանքը, երբ Նա տեսնում է մարդկային վարքի փոփոխություն, հավատքի մղում և արդարության ձգտում: «Եւ ես ձեզ նոր սիրտ պիտի տամ, եւ նոր հոգի պիտի դնեմ ձեր միջումը, եւ վեր պիտի առնեմ ձեր մարմնիցը քարեղէն սիրտը եւ ձեզ մարմնեղէն սիրտ պիտի տամ»:1

Ես մխիթարվում եմ՝ նկատելով, թե ինչպես են այս բոլոր փոփոխությունները արմատավորվում մարդկանց կյանքում բազում սերունդների համար: Մենք այժմ առնչվում ենք այլ մարդու հետ՝ նոր հայացքներով, նոր մարմնական սրտով մի մարդու հետ, ով, «ինքն իրան գալով»2, թաղել է իր պատերազմի և ապստամբության զենքերը3 և հետ չի նայում4: Նա հավատով է նայում ապագային, հավատով է մտածում, հավատով է գործում և հավատով է խոսում:

Սրանք հասարակ մարդիկ են, որոնց մասին խոսել է Երեց Հոլլանդը: Նրանց ոտնահետքերը հաճախ կորսված են պատմության մեջ, բայց այդ նրանք են, որ դժվարին ժամանակներում անվրդով և վստահ առաջ են տանում արքայությունը: Նրանցից շատերի անուններն անհայտ են, և նրանցից միայն մի քանիսն են որոշ հետքեր թողել Եկեղեցու պատմության մեջ: Նրանց մեծ մասը եկել և գնացել է՝ պատմության մեջ չստանալով իրենց արժանի որևէ բարձր պաշտոն կամ ուշադրություն: Այս մարդիկ «լուռ» սրբեր են», ովքեր գնացին հավերժություն նույնքան խաղաղ ու անհայտ, որքան ապրում էին՝ դավանելով իրենց կրոնը: Նրանցից ամենահեզերն ու խոնարհները, ովքեր հիմնականում անհայտ են, ում ոչ ոք և ոչ մի տեղ չի հիշում, բացի իրենց երեխաներից ու թոռներից, ովքեր սերնդե սերունդ փոխանցում են իրենց հավատի պատմությունը և իրենց օջախների ու սրտերի վերափոխման պատմությունը:

Ինչ-որ մեկը նրանց հետ կիսվեց իր ողջ կյանքի ամենակարևոր ուղերձով, որը մեծ ազդեցություն ունեցավ նրանց վրա, նրանց երեխաների ու թոռների վրա: Ինչ-որ մեկը կիսվեց հրաշալի փոփոխությունների, անվերջ երջանկության և ուրախության աղբյուրի՝ մեր Փրկիչի մասին, ով ճանապարհն է, ճշմարտությունն ու կյանքը:5 Ինչ-որ մեկը նրանց սրտերին ու մտքերին հայտնեց, որ ընտանիքները կարող են հավերժ միասին լինել, և որ մահվան խայթը կուլ կգնա Հիսուս Քրիստոսին:6 Ինչ-որ մեկը նրանց ասաց, թե ովքեր են նրանք իրականում, և որ «նրա կողմից [Հիսուս Քրիստոսի], և միջոցով, և նրանից է, որ աշխարհները կան և ստեղծվել են, և դրանց բնակիչները ծնված որդիներն ու դուստրերն են Աստծո»:7 Սա է կյանքի ամենակարևոր և առանցքային ուղերձը:

Եկեղեցու անդամների միսիոներական աշխատանքը չի պահանջում որևէ ռազմավարության կամ հատուկ եղանակների մշակում: Այն պահանջում է հավատ՝ ճշմարիտ հավատ և վստահություն Տիրոջ հանդեպ: Եվ այն պահանջում է նաև իսկական սեր: Առաջին և ամենամեծ պատվիրանն է. «Սիրիր քո Տէր Աստուծուն քո բոլոր սրտովը քո բոլոր անձովը եւ քո բոլոր մտքովը … Եվ երկրորդը նման է դրան. Սիրիր քո ընկերին քո անձի պէս»:8

Յուրաքանչյուր մարդ ամենից շատ ցանկանում է վայելել խաղաղությունն ու երջանկությունը, և դա մարդկային բնական ցանկություն է: Մարդիկ ցանկանում են գտնել իրենց առջև ծառացած խնդիրների պատասխանները: Սա ավելի ու ավելի ակնհայտ է դառնում այն աշխարհում, որում մենք այժմ ապրում ենք: Որպես Եկեղեցի և որպես անհատներ, մենք, քան ցանկացած այլ ժողովուրդ, շատ ավելին գիտենք մեզ համար Աստծո ծրագրի մասին: Եկեղեցու պատմությունը ոչ միայն արժանահավատ է, այլ նաև ճշմարիտ է: Մենք հաճախ հեռախոսազանգեր ենք ստանում այն մարդկանցից, ովքեր պատահականորեն առաջարկում են տարբեր վարկեր, վաճառքի ակցիաներ կամ տարբեր զեղչեր, որոնք ֆինանսապես հաճախ ծանրաբեռնող և ապակողմնորոշող են: Բայց մենք դեռ տատանվում ենք մարդկանց առաջարկել ամենաթանկարժեքը, որն առաջարկվում է բացարձակապես անվճար՝ ջրերը, որտեղ հոսում են մեղրն ու կաթը:9

Տերն ասաց, որ վերականգնված ավետարանը կկառուցվի աշխարհի թույլ բաների ուսերին:10 Այս աշխարհի հասարակ և խոնարհ մարդկանց մեջ միսիոներական աշխատանքն առաջ տանելու համար, մենք, որպես Եկեղեցու անդամներ, պետք է եռանդուն կերպով օգնենք այս գործին և սովորենք զոհաբերել: Շատ կարևոր է այդպիսի մարդկանց հրավիրել Եկեղեցի և բացատրել նրանց, թե ինչպես է ավետարանն օգնում մեզ, և ցույց տալ նրանց, թե այն ինչպես կարող է նույն կերպ օգնել նրանց: Թող սիրո զորությունն առաջնորդի մեզ, երբ մենք ավետարանով կիսվենք ընտանիքի անդամների, ընկերների, սիրելի մարդկանց, գործընկերների և ուրիշների հետ, ովքեր հանդիպում են մեր ճանապարհին:

Հղումներ

  1. Եզեկիել 36.26:

  2. Տես Ղուկաս 15.17:

  3. Տես Ալմա 25.14:

  4. Տես Ծննդոց 19.17:

  5. Տես Հովհաննես 14.6:

  6. Տես Ալմա 22.14:

  7. Վարդապետություն և Ուխտեր 76.24:

  8. Մատթեոս 22.37, 39:

  9. Եսայիա 55.1:

  10. Տես Վարդապետություն և Ուխտեր 1.19–22:

Տպել