2022
Սիրենք Աստծո բոլոր զավակներին
Հոկտեմբեր 2022 թ․


Տարածքի ղեկավարության ուղերձ

Սիրենք Աստծո բոլոր զավակներին

Ներկայումս աշխարհի տարբեր իրավիճակներում, երբեմն, դժվար է սիրել Աստծո բոլոր զավակներին: Մենք զգում ենք նոր մարդկանց և նոր մշակույթների մուտքը մեր հասարակություններ: Շատերը գալիս են ավելի լավ և ապահով պայմաններ գտնելու համար: Մարդկության պատմության ողջ ընթացքում այս տեսակի շարժում միշտ էլ տեղի է ունեցել:

Արդյո՞ք մենք այսօր ավելի լավ ենք ընդունում տարբեր մշակույթներից եկած մարդկանց, քան մարդիկ՝ մեզանից առաջ: Արդյո՞ք մենք այսօր սիրում ենք Աստծո բոլոր զավակներին՝ անկախ նրանից, թե ովքեր են նրանք և ինչ փոփոխություններ կարող են բերել մեր կյանք:

«Որովհետեւ սա է պատուիրանքը, որ սկզբիցը լսեցիք, որ իրար սիրենք»։ Սա է պատվիրանը, որ մենք «իրար սիրենք», և նրանց համար, ում հաջողվում է դա անել, կա խոստացված օրհնություն. «նա որ նորա պատուիրանքները պահում է, մնում է նորանում եւ սորանից գիտենք թէ բնակվում է մեզանում՝ այն Հոգուցը որ տուաւ մեզ»։

Երբ մենք սիրում ենք Աստծո բոլոր զավակներին, անկախ նրանից, թե ինչ մշակույթներից են նրանք գալիս, ինչպիսի թուլություններ կամ ուժեղ կողմեր ունեն, ինչ ազգություն, հավատք, գույն և սեռ ունեն, մենք խոստում ունենք, որ Տիրոջ Հոգին կմնա մեր մեջ: Այլ կերպ ասած, դա մի պարգև է, որն օգնում է մեզ դառնալ ավելի Քրիստոսանման, օգնում է մեզ բարություն անել մեր շրջապատի մարդկանց այնպես, ինչպես Նա կաներ: Դրան ձգտելը կօգնի ոչ միայն նրանց, ում մենք սկսում ենք սիրել, այլև կօրհնի մեզ ավելի երջանիկ, ավելի կայացած կյանք ունենալ: Երբ մենք անենք այն ամենը, ինչ կարող ենք անել, և փորձենք սիրել այն ամենը, ինչ կարող ենք սիրել, և բոլորին, ում կարող ենք սիրել, Նա կգործի և կօգնի մեզ իրականացնել մնացածը, նույնիսկ՝ սիրել նրանց, ովքեր կարող են լինել մեր թշնամիները:

Սուրբ գրություններից մենք գիտենք, որ կատարյալ սերը հեռացնում է ամեն վախ: Սուրբ գրությունների նույն հղումը մեզ ուսուցանում է, որ եթե մենք սիրում ենք ուրիշներին այնպես, ինչպես Փրկիչն է սիրում, մենք կլինենք «լցված գթությամբ, որը հավիտենական սեր է...», և «բոլոր երեխաները մեկ են (նրա) համար», և Նա սիրում է բոլորին «մի կատարյալ սիրով»:

Այն, ինչ մենք կարող ենք զգալ մեր և Աստծո մյուս զավակների միջև տարբերությունների առումով, մի իրավիճակ է, որի հետ մենք բախվում ենք միայն մեր երկրային կյանքի ընթացքում: Հավերժության հեռանկարով ամեն ինչ այլ կերպ կլինի: «Մարդը… ծնվել է երկնային ծնողներից» և մենք բոլորս նման էինք, և Նրանք ունեն հավասար սեր մեր հանդեպ՝ անցյալում, ներկայում և ապագայում:

Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով մենք կարող ենք նմանվել մեր Երկնային Հորը: Նա սիրում է մեզ բոլորիս, և Նա ակնկալում է, որ մենք սիրենք միմյանց:

«Երբ Հիսուսը երկրի վրա էր, Նա անընդհատ օգնում էր նրանց, ովքեր լքված էին, անտեսված կամ վատ վերաբերմունքի էին արժանանում: Մենք՝ որպես Նրա հետևորդներ, պետք է նույնը անենք: Մենք հավատում ենք ազատությանը, բարությանն ու արդարությանը Աստծո բոլոր զավակների համար:

Մենք բոլորս եղբայրներ և քույրեր ենք, յուրաքանչյուրս սիրող Երկնային Հոր զավակ: Նրա Որդին՝ Տեր Հիսուս Քրիստոսը, հրավիրում է բոլորին գալ Իր մոտ՝ «սև թե սպիտակ, ստրուկ թե ազատ, այր թե կին» (2 Նեփի 26.33): Աստծո յուրաքանչյուր որդի և դուստր արժանի է հարգանքի, անկախ նրանից, թե ինչ գույն կամ համոզմունք ունի: Եկեք սեր ցուցաբերենք Աստծո բոլոր զավակների հանդեպ»։

«Աստված սիրում է Իր բոլոր զավակներին.
Նա նրանց անուններով է ճանաչում։
Ամբողջ աշխարհում Նրա սերը նույնն է:
Նա օրհնում է Իր զավակներին պայծառ ու արդար պարգևներով:
Բնության գեղեցկությունները նշան են, որ Նա հոգ է տանում:

Աստված սիրում է Իր բոլոր զավակներին,
Նա ուղարկում է մեծ օրհնություններ:
Նրա ընտանիքի մի մասն էինք, և մենք կարող ենք ընկերներ լինել:
Նրա բարությունն ու հոգատարությունն ինձ օգնել են տեսնել
Թե ինչպես կարող եմ ուրիշներին սիրել այնպես, ինչպես Նա է ինձ սիրել»: