Վարդապետություն և Ուխտեր 2021
Հոկտեմբերի 18-24-ը Վարդապետություն և Ուխտեր 121-123. «Ո՜վ Աստված, որտե՞ղ ես դու»


Հոկտեմբերի 18-24-ը Վարդապետություն և Ուխտեր 121-123. «Ո՜վ Աստված, որտե՞ղ ես դու»։Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Հոկտեմբերի 18-24-ը Վարդապետություն և Ուխտեր 121-123, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2021

Նկար
Լիբերթիի բանտը

Լիբերթիի բանտը,, Ալ Ռաունդս

Հոկտեմբերի 18-24-ը

Վարդապետություն և Ուխտեր 121-123

«Ո՜վ Աստված, որտե՞ղ ես դու»։

Սուրբ գրություններն ուսումնասիրելու ձեր փորձն ավելի հարուստ կլինի, եթե ձեր նպատակն է՝ բացահայտել ճշմարտությունը: Սկսեք աղոթքով, լսեք Հոգուն և գրի առեք ձեր տպավորությունները:

Գրի առեք ձեր տպավորությունները

Միսսուրիի Լիբերթիում գտնվող գավառական բանտի ստորին հատվածը հայտնի էր որպես զնդան: Պատերը հաստ էին, քարե հատակը` սառը և կեղտոտ, ուտելիքը, որ այնտեղ կար, փտած էր, իսկ միակ լույսն ընկնում էր առաստաղի մոտ գտնվող երկու նեղ, ճաղավանդակներով պատուհաններից: Այս զնդանն այն վայրն էր, որտեղ Ջոզեֆ Սմիթը և եղբայրներից մի քանիսն անցկացրին իրենց բանտարկության մեծ մասը՝ 1838-1839 թվականների ձմռան չորս ցուրտ ամիսները, սպասելով դատավարությանը՝ Միսսուրի նահանգի դեմ դավաճանության մեղադրանքով: Այդ ընթացքում Ջոզեֆն անընդհատ լուրեր էր ստանում սրբերի տառապանքների մասին: Ֆար Վեստի խաղաղությունն ու լավատեսությունը տևեցին ընդամենը մի քանի ամիս, ապա սրբերը նորից անօթևան դարձան, քշվելով անապատ՝ բնակության մեկ այլ վայր էին որոնում, իսկ նրանց մարգարեն բանտում էր:

Զարմանալի չէ, որ Ջոզեֆ Սմիթն աղաղակեց․ «Ով Աստված, որտե՞ղ ես դու»: Նրա ստացած պատասխանները՝ «երկնքից … գիտելիքը», որ թափվեց այդ թշվառ բանտում, ցույց են տալիս, որ չնայած միշտ չէ, որ այդպիսի զգացողություն ենք ունենում, բայց Աստված շատ հեռու չէ: Մարգարեն հասկացավ, որ ոչ մի զորություն չի կարող «ետ պահել երկինքները»: «Աստված [Իր հավատարիմ սրբերի] հետ կլինի հավիտյանս հավիտենից»:(Վարդապետություն և Ուխտեր 121․1, 33, 122․9

Տես Saints, 1․323-96, “Within the Walls of Liberty Jail,” Revelations in Context, 256-63։

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Վարդապետություն և Ուխտեր 121․1-10, 23-33122

Նեղությունները «կլինեն [իմ] օգտի համար»:

Երբ մենք կամ մեր մտերիմները տառապանքների մեջ ենք լինում, հասկանալի է, որ կմտածենք, թե արդյո՞ք Աստված գիտի մեր մասին։ Երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 121․1-6 հատվածները, մտածեք այն ժամանակների մասին, երբ դուք ունեցել եք հարցեր կամ զգացողություններ, որոնք նման են Ջոզեֆ Սմիթի զգացողություններին։ Ի՞նչ եք գտնում Տիրոջ պատասխանում, որը կօգնի ձեզ, երբ ունենաք այդպիսի հարցեր կամ զգացողություններ։ Օրինակ՝ 7-10, 26-33 հատվածներում ուշադրություն դարձրեք այն օրհնությունների վրա, որոնք Նա խոստանում է նրանց, ովքեր «լավ համբերե[ն]» չարչարանքի ժամանակ։ Երբ կարդաք բաժին 122-ը, մտածեք, թե Տերն ինչպես է ցանկանում, որ դուք նայեք ձեր չարչարանքներին։

Տես նաև Հենրի Բ․ Այրինգ, «Որտե՞ղ է տաղավարը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2012, 72-75:

Վարդապետություն և Ուխտեր 121․34-46

Մեզ հասանելի են «երկնքի զորությունները»:

Լիբերթիի բանտում, կարծես թե անզոր վիճակում, Ջոզեֆին տրվեց հայտնություն զորության մասին. ոչ թե քաղաքական կամ ռազմական զորության, որը շնորհվել էր սրբերին, այլ «երկնքի զորությունների»: Կարդալով Վարդապետություն և Ուխտեր 121․34-46 հատվածները, ի՞նչ եք սովորում Աստծո զորության մասին։ Ինչո՞վ է դա տարբերվում աշխարհիկ զորությունից։ Օրինակ, տեսեք, թե ինչ խոսքեր է Տերն օգտագործում 41-43 հատվածներում «զորությունը կամ ազդեցությունը» նկարագրելու համար։ Ի՞նչ են դրանք ուսուցանում այն մասին, թե ինչպես է Աստված պահպանում Իր «զորությունը կամ ազդեցությունը»: Գուցե այս հատվածները ոգեշնչեն ձեզ խորհել ձեր կյանքի մասին, և թե ինչ կարող եք անել, որպեսզի ուրիշների հետ ձեր փոխհարաբերություններում լավ ազդեցություն ունենաք:

Վարդապետություն և Ուխտեր 122

Հիսուս Քրիստոսը իջավ բոլոր բաներից ցած:

Ջոզեֆ Սմիթն անարդարացիորեն բանտարկվել էր ավելի քան չորս ամիս, իսկ նրա ընկերներն ու ընտանիքը քշվել էին իրենց տներից: Գործը, որին նա նվիրել էր իր կյանքը, կարծես, փոշիանում էր: Ի՞նչ եք սովորում Հիսուս Քրիստոսի մասին բաժին 122-ում Ջոզեֆին ասված Աստծո խոսքերից։ Ի՞նչ եք սովորում Ջոզեֆի մասին։ Ի՞նչ եք սովորում ինքներդ ձեր մասին։

Տես նաև Ալմա 7․11-13, 36․3, Վարդապետություն և Ուխտեր 88․6։

Նկար
Հիսուսը Գեթսեմանիում

Ոչ թէ իմ կամքը՝ բայց քո կամքը լինի, Ուոլթեր Ռեյն։

Վարդապետություն և Ուխտեր 123

«Եկեք ուրախությամբ անենք ամեն բան, որ մեր ուժի սահմաններում է»

1839-ի մարտին, գուցե թվում էր, թե Սրբերը շատ բան չէին կարող անել իրենց վշտահար դրությունը փոխելու համար։ Բայց Լիբերթիի բանտից գրած նամակներում Ջոզեֆն ասում էր նրանց, թե ինչ կարող էին անել․ «տեղեկություն հավաքեն բոլոր փաստերի վերաբերյալ» և «կանգնեն հանգիստ, ամենայն համոզվածությամբ՝ տեսնելու Աստծո փրկությունը» (Վարդապետություն և Ուխտեր 123․1, 17)։ Խորհելով այսօր աշխարհում առկա մոլորության և «մարդկանց ճարպիկ խաբեության» մասին, մտածեք, թե ինչ կարող ենք անել «մեր ուժի սահմաններում»(հատվածներ 12, 17)։ Ինչո՞ւ է անհրաժեշտ այդ բաներն ուրախությամբ անել (հատված 17)։ Ո՞ւմ գիտեք, որ «ճշմարտությունից հեռու [է] մնացել»(հատված 12), և ինչպե՞ս կարող եք օգնել այդ մարդուն՝ գտնել այն։

Պատմություններից շատերը, որոնք Ջոզեֆը նշել էր այդ նամակում, ներկայացվել էին կառավարությանը և հրապարակվել էին Նավուի թերթերից մեկում՝ Թայմս ընդ Սիզընս-ում, որպես 11 մասից բաղկացած հոդված (տես “A History, of the Persecution, of the Church of Jesus Christ, of Latter Day Saints in Missouri, December 1839–October 1840,” [josephsmithpapers.org])։

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Վարդապետություն և Ուխտեր 121․1-10։Լիբերթիի բանտի «զնդանի» չափը՝ ընդամենը 4,2x4,4 մետր էր։ Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր ընտանիքի անդամներին պատկերացնել, թե ինչի նման էր դա՝ չորս ցուրտ ամիսների ընթացքում փակված լինել այդ չափի տարածքում։ Լիբերթիի բանտի պայմանների մասին այլ մանրամասներ կարող եք գտնել՝ “Chapter 46: Joseph Smith in Liberty Jail” (Doctrine and Covenants Stories, 172–74)։ Կարող եք նաև կարդալ “Voices of the Restoration: Liberty Jail”, որը զետեղված է այս օժանդակ նյութի վերջում, կամ դիտեք Ջոզեֆի՝ Լիբերթիի բանտում գտնվելու մասին տեսանյութը՝ Joseph Smith: Prophet of the Restoration (ChurchofJesusChrist.org, beginning at 43:00)։ Այս տեղեկությունն ինչո՞վ է նպաստում, որ ընկալեք Վարդապետություն և Ուխտեր 121․1-10 հատվածների սկզբունքները։

Վարդապետություն և Ուխտեր 121․34-36, 41-45։Թերևս մի համեմատություն կօգներ ձեր ընտանիքի անդամներին հասկանալ «երկնքի զորությունները»։ Օրինակ, դուք կարող եք համեմատել Աստծո զորությունը էլեկտրական հոսանքի հետ․ ի՞նչը կարող է խանգարել, որ էլեկտրական սարքը հոսանք ստանա։ Այս համեմատությունն ու 34-36, 41-45 հատվածները ի՞նչ են մեզ ուսուցանում՝ ինչպե՞ս մեծացնել մեր հոգևոր զորությունը։ Գուցե ընտանիքի անդամները պատմություններ պատմեն Փրկիչի կյանքից, որտեղ աչքի են ընկնում այս հատկանիշները։

Վարդապետություն և Ուխտեր 122․7-9։Թերևս ընտանիքի անդամներին հաճելի կլինի փոքր պաստառներ պատրաստել, որոնք կպարունակեն այս հատվածներից իրենց ոգեշնչող արտահայտություններ։ Այդ պաստառները կարող են փակցվել ձեր տանը։ Ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ «Մարդու Որդին իջել է այդ ամենից ցած»։

Վարդապետություն և Ուխտեր 123․12։Ինչպե՞ս կարող ենք օգնել մարդկանց իմանալ, թե «որտեղ գտնեն» ճշմարտությունը։

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար ձեռնարկում։

Առաջարկվող երգ․ “Where Can I Turn for Peace?Hymns, no. 129.

Նկար
վերականգնման ձայների պատկերակ

Վերականգնման ձայները

Լիբերթիի բանտը

Միսսուրիի Լիբերթիի բանտում գտնվելու ժամանակ Ջոզեֆ Սմիթը նամակներ էր ստանում, որտեղից տեղեկանում էր վերջին օրերի սրբերի վտանգավոր իրավիճակի մասին, որոնք նահանգապետի հրամանով արտաքսվում էին նահանգից։ Այդպիսի մի տխուր նամակ նա ստացել էր կնոջից՝ Էմմայից։ Նրա խոսքերը, և ի պատասխան գրված Ջոզեֆի նամակները, պարունակում էին թե՛ տառապանք և թե՛ հավատք՝ եկեղեցու պատմության այդ դժվար ժամանակահատվածում։

Էմմա Սմիթի նամակը, ուղղված Ջոզեֆ Սմիթին, 7 մարտի, 1839թ․

«Սիրելի՛ ամուսին,

Ընկերոջ հետ ուղարկելու հնարավորություն ունենալով՝ ես փորձեցի գրել, բայց չեմ անդրադառնա իմ զգացմունքներին, քանի որ քո իրավիճակը՝ այդ պատերը, ճաղերը, նիգերը, թափվող գետերը, վազող հոսքերը, խոյացող բլուրները, խորտակվող հովիտներն ու ձգվող տափաստանները, որ բաժանում են մեզ, և այն դաժան անարդարությունը, որը նախ բանտարկեց քեզ և մինչ օրս պահում է այդտեղ, և շատ այլ նկատառումներով, իմ զգացմունքները դարձնում են աննկարագրելի։

Եթե չլիներ գիտակցված անմեղությունը և աստվածային ողորմության անմիջական միջամտությունը, վստահ եմ, չէի կարողանա դիմանալ իմ անցած տառապանքի տեսարաններին, … բայց ես դեռ ապրում եմ և դեռ պատրաստ եմ ավելի շատ տառապել, եթե բարի Երկնքի կամքն է, որ ես անեմ դա հանուն քեզ։

Մենք բոլորս լավ ենք այս պահին, բացի Ֆրեդերիկից, նա հիվանդ է։

Փոքրիկ Ալեքսանդրը, որ հիմա իմ ձեռքերում է, ամենահրաշք մանուկն է, որ միայն կարող ես պատկերացնել։ Նա այնքան ուժեղ է, որ աթոռի օգնությամբ վազում է ամբողջ սենյակով մեկ։ …

Բացի Աստծուց ոչ ոք չգիտի իմ մտքի արտացոլանքները և իմ սրտի զգացմունքները, երբ ես լքեցի մեր տունը և այն ամենն, ինչ մենք ունեինք, բացի մեր փոքր երեխաներից, և ճանապարհ ընկա, հեռանալով Միսսուրիից՝ թողնելով քեզ, փակված այդ մեկուսի բանտում։ Բայց հիշողությունն ավելին է, քան մարդկային էությունը կարող է տանել։ …

Հույս ունեմ, որ առջևում լավ օրեր դեռ կլինեն։ … [Ես] միշտ քեզ հետ եմ։ Սիրով,

Էմմա Սմիթ»։1

Ջոզեֆ Սմիթի նամակը, ուղղված Էմմա Սմիթին, 4 ապրիլի, 1839թ․

«Թանկագին և սիրելի իմ կի՛ն,

Հինգշաբթի երեկոյան, արևի մայր մտնելուն պես, ինչպես երևում է այս մեկուսի բանտի ճաղերի արանքից, ես նստեցի, որ գրեմ քեզ, որպեսզի պատմեմ իմ իրավիճակի մասին։ Կարծում եմ, արդեն հինգ ամիս և վեց օր է,2 գիշեր-ցերեկ գտնվում եմ այս պահակախմբի այլանդակ ու գարշելի խոսելաոճի, մութ ու կեղտոտ, լքված բանտախցի պատերի, վանդակաճաղերի և երկաթյա դռների շխկոցի ներքո։ Միայն Աստված գիտի իմ զգացմունքներն այս նամակը գրելիս։ Այս պայմաններում մտքի հայեցողությունը չի ենթարկվում գրչին, լեզվին կամ Հրեշտակներին՝ նկարագրելու կամ նկարելու համար մարդ արարածին, ով երբեք չի անցել այսպիսի բանի միջով, ինչով մենք ենք անցնում։ … Մեր ազատության համար մենք ապավինում ենք Եհովայի զորությանը, ուրիշ ոչնչի, և եթե նա չանի դա, ուրեմն չենք ազատվի։ Համոզված եղիր, որ այս նահանգում մեր արյան ծարավը շատերն ունեն, և ոչ այն պատճառով, որ մենք որևէ բանում մեղավոր ենք։ … Իմ սիրելի Էմմա, ես անդադար մտածում եմ քո և մեր երեխաների մասին։ … Ակնկալում եմ տեսնել փոքրիկ Ֆրեդերիկին, Ջոզեֆին, Ջուլիային, Ալեքսանդրին, Ջոանային և ծեր մայորին [ընտանիքի շունը]։ … Ուրախությամբ կքայլեի այստեղից ձեզ մոտ, ոտաբոբիկ, գլխաբաց և կիսամերկ, որպեսզի տեսնեի ձեզ և կմտածեի, որ դա մեծ հաճույք է, ոչ թե դժվար բան։ … Ես համբերատար տանում եմ ողջ այս ճնշումը, ինչպես և նրանք, ովքեր ինձ հետ են՝ ոչ մեկս չենք ընկրկում։ Ուզում եմ, որ թույլ չտաս [մեր երեխաներին] մոռանալ ինձ։ Ասա նրանց, որ հայրիկը սիրում է իրենց կատարյալ սիրով, և անում է հնարավոր ամեն բան, որպեսզի խուսափի ամբոխից, և գա նրանց մոտ։ Փոխանցիր նրանց, որ հայրիկն ասում է, որ լսող երեխաներ լինեն և մտածեն մայրիկի մասին։ …

Քո,

Ջոզեֆ Սմիթ Կրտսեր»։3

Նշումներ

  1. Letter from Emma Smith, 7 March 1839,” Letterbook 2, 37, josephsmithpapers.org; spelling, punctuation, and grammar modernized.

  2. Ջոզեֆը և նրա ընկերները ձերբակալվեցին 1838 թվականի հոկտեմբերի 31-ին և օր ու գիշեր պահվում էին խիստ հսկողության տակ։ Միսսուրիի Ռիչմոնդ քաղաքում նախնական դատավարությունից հետո դեկտեմբերի 1-ին նրանց տեղափոխեցին Լիբերթիի բանտ։

  3. Letter to Emma Smith, 4 April 1839,” 1–3, josephsmithpapers.org; spelling, punctuation, and grammar modernized.

Նկար
Ջոզեֆ Սմիթը Լիբերթիի բանտում

Լիբերթիի բանտում Ջոզեֆ Սմիթի բանտարկության ժամանակ Տերը մխիթարեց նրան և բացահայտեց մեծ ճշմարտություններ։

Տպել