Հոկտեմբերի 11-17-ը Վարդապետություն և Ուխտեր 115-120․ «Նրա զոհաբերությունն ինձ համար ավելի սրբազան կլինի, քան նրա աճը», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)
Հոկտեմբերի 11-17-ը Վարդապետություն և Ուխտեր 115-120, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2021
Հոկտեմբերի 11-17-ը
Վարդապետություն և Ուխտեր 115-120
«Նրա զոհաբերությունն ինձ համար ավելի սրբազան կլինի, քան նրա աճը»
Տերը ցանկանում է խոսել ձեզ հետ: Երբ ուսումնասիրում եք սուրբ գրությունները, աղոթեք և խնդրեք Նրան օգնել ձեզ, որ հասկանաք Նրա ուղերձները։
Գրի առեք ձեր տպավորությունները
1838 թվականի հուլիսին լավատես լինելու պատճառ կար, կապված սրբերի նոր հավաքատեղիի՝ Ֆար Վեստի (Միսսուրի) հետ: Քաղաքն արագ մեծանում էր, հողը կարծես բերքառատ էր, և պարզվեց, որ մի փոքր դեպի հյուսիս գտնվում էր Ադամ-օնդի-Ահմանը՝ հոգևոր մեծ նշանակություն ունեցող այդ վայրը (տես Վարդապետություն և Ուխտեր 107․53-56, 116)։ Սրբերի համար, թերևս, դժվար կլիներ չմտածել իրենց կորցրածի մասին: Նրանց քշել էին Ինդիփենդենսից, Սիոնի նշանակված կենտրոնական վայրից, և այնտեղ շուտով վերադառնալու հավանականությունը գրեթե աննշան էր։ Բացի այդ, սրբերը ստիպված էին փախչել Կիրթլենդից (Օհայո), լքելով իրենց սիրելի տաճարը բացումից երկու տարի անց: Եվ այս անգամ անհանգստություն պատճառողները զուտ Եկեղեցու արտաքին թշնամիները չէին, այլ շատ նշանավոր անդամներ դեմ էին դուրս եկել Ջոզեֆ Սմիթին, ներառյալ` Մորմոնի Գրքի երեք վկաները և Տասներկուսի չորս անդամները: Ոմանք կարող էին տարակուսել՝ Աստծո արքայությունն արդյո՞ք ամրապնդվում է, թե՝ թուլանում:
Այնուամենայնիվ, հավատարիմները թույլ չէին տալիս, որ այդ հարցերը կանգնեցնեին իրենց։ Փոխարենը, նրանք սկսեցին կառուցել մեկ այլ սուրբ վայր, այս անգամ Ֆար Վեստում։ Նրանք ծրագրել էին նոր տաճար ունենալ։ Չորս նոր առաքյալներ կանչվեցին, այդ թվում՝ Ջոն Թեյլորը և Վիլֆորդ Վուդրուֆը, որոնք հետագայում դարձան Եկեղեցու նախագահներ (տես Վարդապետություն և Ուխտեր 118․6)։ Սրբերը հասկացան, որ կատարել Աստծո գործը չի նշանակում, որ երբեք չես ընկնում, այլ, որ «կրկին բարձրանում ես»: Եվ չնայած ստիպված կլինեք հրաժարվել որոշ բաներից, այդ զոհաբերությունները սրբազան կլինեն Աստծո համար, նույնիսկ՝ «ավելի սրբազան … քան [ձեր] աճը» (Վարդապետություն և Ուխտեր 117․13)։
Տես Saints, 1:296–99; “Far West and Adam-ondi-Ahman,” Revelations in Context, 235–41։
Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար
Վարդապետություն և Ուխտեր 115․4-6
Եկեղեցու անունը տրվել է Տիրոջ կողմից։
Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն ասել է, որ Եկեղեցու անունը «մեծ կարևորություն ունեցող» հարց է («Եկեղեցու ճիշտ անունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2018, 87)։ Մտածեք, թե ինչո՞ւ է դա կարևոր, երբ կարդում եք Վարդապետություն և Ուխտեր 115․4-6 հատվածները։ Ի՞նչ կապ ունի Եկեղեցու անունը նրա գործի և առաքելության հետ։
Տես նաև 3 Նեփի 27․1-11։
Վարդապետություն և Ուխտեր 115․5-6
Սիոնն ու նրա ցցերը «ապաստան [են] փոթորկից»։
Չնայած այն դժվարություններին, որոնց առջև կանգնեցին սրբերը 1838 թվականին, Տերը մեծ ակնկալիքներ ուներ նրանցից: Երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 115․5-6 հատվածները, փնտրեք բառեր, որոնք շեշտում են այն դերը, որը Տերը ցանկանում է, որ Իր Եկեղեցին և նրա անդամները կատարեն աշխարհում: Օրինակ՝ ձեր կարծիքով, ի՞նչ պետք է անեք, քանի որ գրված է «վեր կացեք և շողացեք» (հատված 5)։ Հոգևոր ի՞նչ փոթորիկներ եք նկատում ձեր շուրջը և ինչպե՞ս ենք «ապաստան» գտնում հավաքման միջոցով (հատված 6)։
Տես նաև 3 Նեփի 18․24։
Իմ զոհաբերությունները սրբազան են Տիրոջ համար։
Կիրթլենդից հեռանալը կարող էր հատկապես դժվար լինել այնպիսի մարդկանց համար, ինչպիսին Նյուել Ք. Ուիթնին էր, ով այնտեղ իր ընտանիքի համար բարեկեցիկ կյանք էր ստեղծել: Ի՞նչ եք գտնում Վարդապետություն և Ուխտեր 117․1-11 հատվածներում, որը կարող էր օգնել նրանց կատարել այդ զոհաբերությունը։ Ինչպե՞ս են այս հատվածները փոխում ձեր պատկերացումը իսկապես կարևոր բաների վերաբերյալ։
Օլիվեր Գրենջերից պահանջված զոհաբերությունն այլ էր. Տերը նրան հանձնարարել էր մնալ Կիրթլենդում և կարգավորել Եկեղեցու ֆինանսները: Դա դժվար առաջադրանք էր, և չնայած, որ Օլիվերը ներկայացնում էր Եկեղեցին ազնվորեն, նրան, ի վերջո, չհաջողվեց շահեկան գործարքներ կատարել։ Խորհեք այն մասին, թե 12-15 հատվածների Տիրոջ խոսքերն ինչպե՞ս կարող են վերաբերել այն բաներին, որոնք Տերը պահանջել է ձեզանից։
Տես նաև Մատթեոս 6․25-33, Բոյդ Կ․ Փաքեր, “The Least of These,” Ensign or Liahona, Nov. 2004, 86-88, “Far West and Adam-ondi-Ahman,” Revelations in Context, 239–40։
Վարդապետություն և Ուխտեր 119-120
Տասանորդ վճարելով, ես օգնում եմ կառուցել և սրբագործել «Սիոնի հողը»։
Բաժիններ 119 և 120-ի հրահանգները նման են մեր օրերում Տիրոջ աշխատանքի ֆինանսավորման ձևաչափին։ Այսօր սրբերը նվիրաբերում են իրենց «տարեկան ամբողջ եկամուտի մեկ տասներորդը» (Վարդապետություն և Ուխտեր 119․4), և այդ միջոցները տնօրինվում են խորհրդի կողմից, որը բաղկացած է Առաջին Նախագահությունից, Տասներկուսի Քվորումից և Նախագահող Եպիսկոպոսությունից։ Այդ հատվածներն ուսումնասիրելիս մտածեք հետևյալ հարցերի մասին․
-
Տասանորդի օրենքին հնազանդվելու շնորհիվ ինչպե՞ս է սրբագործվում «Սիոնի հողը»։ Այս օրենքն ինչպե՞ս է օգնում ձեր ապրելու վայրը դարձնել «Սիոնի հող՝ ձեզ համար»:(Վարդապետություն և Ուխտեր 119․6):
-
Ինչո՞վ է նշանակալից ձեզ համար Վարդապետություն և Ուխտեր 120 բաժնում հանդիպող «նրանց ուղղված իմ իսկ ձայնով» արտահայտությունը։
Տես նաև Մաղաքիա 3․8-12, Դեյվիդ Ա․ Բեդնար, «Երկնքի պատուհանները», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2013, 17-20, “The Tithing of My People,” Revelations in Context, 250–55։
Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար
-
Վարդապետություն և Ուխտեր 115․4-6։Արդյոք հարմար կլինի՞ ձեր ընտանիքի համար կարդալ այս հատվածներն արևածագը դիտելիս։ Օգտակար կլինի քննարկել, թե ինչ է նշանակում ձեզ համար «Վեր կացեք և շողացեք» արտահայտությունը (հատված 5)։ Կարող եք նաև քննարկել, թե ինչ փորձառություն է փոթորկի ժամանակ ապաստան փնտրելը։ Այդ փորձառությունն ինչո՞վ է նման Եկեղեցում «ապաստան» գտնելուն (հատված 6)։ Այնուհետև կարող եք խոսել այն մասին, թե ձեր ընտանիքն ինչպե՞ս կարող է օգնել ուրիշներին վայելել Եկեղեցու տված ապաստանը։
-
Վարդապետություն և Ուխտեր 117․1-11Ձեր ընտանիքը կարող է մի «կաթիլը» համեմատել ավելի «ծանրակշիռ» որևէ բանի (հատված 8), օրինակ՝ ջրով լի սափորի հետ։ Դա կարող է հանգել քննարկման այն մասին, թե կյանքում քիչ կարևոր բաներն ինչպես կարող են մեզ հետ պահել Աստծո առատ օրհնությունները ստանալուց։
-
Վարդապետություն և Ուխտեր 119։Կարող եք երգել մի երգ, ինչպես օրինակ՝ “I Want to Give the Lord My Tenth” (Children’s Songbook, 150)։ Ի՞նչ են մեզ ուսուցանում այս երգն ու 119 բաժինը՝ մենք ինչո՞ւ ենք տասանորդ վճարում։ Փոքր երեխաները կարող են օգուտ քաղել առարկայական դասից. դուք կարող եք նրանց տալ փոքր առարկաներ, օգնեք նրանց հաշվարկել տասներորդ մասը և ասեք նրանց, թե ինչու եք տասանորդ վճարում: (Տես նաև True to the Faith, 180–82):
Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար ձեռնարկում։
Առաջարկվող երգ․ “I Want to Give the Lord My Tenth,” (Children’s Songbook, 150։