Երկնքի պատուհանները
Հոգևոր և նյութական օրհնություններ են ներթափանցում մեր կյանք, երբ ապրում ենք տասանորդի օրենքով
Ես ուզում եմ նկարագրել երկու կարևոր դաս, որոնք սովորել եմ տասանորդի օրենքի մասին: Առաջին դասը կենտրոնանում է օրհնությունների վրա, որոնք տրվում են անհատներին և ընտանիքներին, երբ նրանք հավատարմորեն հնազանդվում են այս պատվիրանին: Երկրորդ դասը շեշտում է տասանորդի կարևորությունը ողջ աշխարհում Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու աճի հարցում: Ես աղոթում եմ, որ Սուրբ Հոգին հաստատի մեզանից յուրաքանչյուրին իմ քննարկած սկզբունքների ճշմարիտ լինելը:
Թիվ 1 դաս՝ Կարևոր, սակայն աննկատ օրհնություններ
Քույր Բեդնարի մայրը հավատարիմ կին է և ոգեշնչված տնային տնտեսուհի: Իր ամուսնության վաղ շրջանից ի վեր նա հոգատարությամբ վարել է ընտանիքի ֆինանսական գրառումները: Տասնամյակներ շարունակ նա ուշադիր հաշվարկել է ընտանիքի եկամուտը և ծախսերը՝ օգտագործելով շատ պարզ հաշվապահական մատյաններ: Տարիների ընթացքում նրա հավաքած տեղեկությունն ընդգրկուն է և առատ տեղեկատվություն պարունակող:
Երբ Քույր Բեդնարը երիտասարդ աղջիկ էր, նրա մայրը մատյաններում օգտագործում էր տվյալներ, որ շեշտեր խնայողաբար ապրելու և տան խելամիտ կառավարման հիմնական սկզբունքները: Մի օր, երբ նրանք միասին վերանայեցին տարբեր անվանակարգերի ծախսերը, նրա մայրը նկատեց մի հետաքրքիր օրինաչափություն: Բժշկին այցելելու և դեղորայքի ծախսերը նրանց ընտանիքի համար սպասվածից չափազանց քիչ էին: Նա այս բացահայտումը կապեց Հիսուս Քրիստոսի ավետարանի հետ և բացատրեց իր դստերը մի զորեղ ճշմարտություն. երբ ապրում ենք տասանորդի օրենքով, մենք հաճախ ստանում ենք կարևոր, սակայն աննկատ օրհնություններ, որոնք միշտ չէ, որ մենք սպասում ենք, ուստի հեշտորեն կարող ենք չնկատել: Ընտանիքը չէր ստացել որևէ անսպասելի կամ ակնհայտ հավելումներ ընտանեկան եկամուտին: Դրա փոխարեն, սիրող Երկնային Հայրը պարգևել էր սովորական օրհնություններ հասարակ թվացող եղանակներով: Քույր Բեդնարը միշտ հիշել է իր մորից ստացած այս կարևոր դասը օգնության մասին, որ տրվում է մեզ երկնքի պատուհանների միջոցով, ինչպես խոստացված է Մաղաքիայի գրքում Հին Կտակարանում (տես Մաղաքիա Գ.10):
Երբ սովորեցնում և վկայում ենք տասանորդի օրենքի մասին, հաճախ մենք շեշտում ենք անհապաղ տրվող, մեծ և անմիջապես նկատվող նյութական օրհնությունները, որ ստանում ենք: Եվ, իհարկե, նման օրհնություններ տրվում են: Այնուամենայնիվ, այս պատվիրանին հնազանդվելիս ստացվող բազմազան օրհնություններ կան, որոնք կարևոր, սակայն աննկատ են: Նման օրհնությունները կարող են նկատելի լինել միայն այն դեպքում, երբ մենք հոգևորապես զգոն ենք և դիտունակ (տես Ա Կորնթացիս Բ.14):
Մաղաքիայի կողմից օգտագործված «պատուհանների» խորհուրդը շատ ուսուցողական է: Պատուհանները թույլ են տալիս, որ բնական լույսը ներս թափանցի բնակարան: Նմանապես, երբ մենք պահում ենք տասանորդի օրենքը, երկնքի պատուհանների միջոցով հոգևոր լուսավորություն ու հեռատեսություն է թափանցում մեր կյանք:
Օրինակ, մեր ստացած աննկատ, սակայն կարևոր օրհնություններից է երախտապարտ լինելու հոգևոր օրհնությունը, որը հնարավորություն է տալիս, որ մենք գնահատենք այն, ինչ ունենք, զսպելով մեր ցանկությունները: Երախտապարտ անձը հարուստ է գոհունակությամբ: Երախտամոռ անձը տառապում է անվերջ ագահությունից բխող աղքատությունից (տես Ղուկաս ԺԲ.15):
Միգուցե մենք կարիք ունենք և աղոթում ենք հարմար աշխատանք գտնելու համար: Այնուամենայնիվ, հավատքի աչքեր և ականջներ է անհրաժեշտ (տես Եթեր 12.19), որ նկատենք մեծ խորաթափանցության հոգևոր պարգևը, որը կարող է զորացնել մեզ՝ նկատելու աշխատանքի հետ կապված հնարավորություններ, որոնք կարող են աննկատ մնալ այլ մարդկանց կողմից կամ տեսնել ավելի մեծ անձնական վճռականության օրհնությունը, որը մեզ օգնում է ավելի ջերմեռանդ և հետևողական ձևով աշխատանք փնտրել, քան այլ մարդիկ կկարողանան կամ կցանկանան դա անել: Մենք միգուցե ցանկանանք և ակնկալենք աշխատանքի հետ կապված առաջարկ, սակայն օրհնությունը, որ գալիս է մեզ երկնքի պատուհանների միջոցով, կարող է լինել ավելի մեծ ունակությունը գործելու և փոխելու մեր իսկ պայմանները, այլ ոչ թե ակնկալելը, որ մեր պայմանները կփոխվեն ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի միջոցով:
Մենք միգուցե պատշաճ կերպով ցանկանանք և աշխատենք, որ արժանանանք աշխատավարձի բարձրացման, որ ավելի լավ կարողանանք ապահովել կյանքի կարիքները: Այնուամենայնիվ, պահանջվում է հավատքի աչքեր և ականջներ, որ մեր մեջ նկատենք ավելի քչով ավելի շատ բան անելու հոգևոր և նյութական կարողության աճ (տես Ղուկաս Բ.52), ավելի մեծ ունակություն առաջնահերթությունները որոշելիս ու պարզեցնելիս, և ավելի մեծ ունակություն մեր արդեն իսկ ունեցած նյութական ունեցվածքը պատշաճ տնօրինելիս: Մենք միգուցե ցանկանանք և ակնկալենք ավելի բարձր աշխատավարձ, սակայն օրհնությունը, որ գալիս է մեզ երկնային պատուհանների միջոցով, կարող է լինել ավելի մեծ ունակությունը փոխելու մեր իսկ պայմանները, այլ ոչ թե ակնկալելը, որ մեր պայմանները կփոխվեն ինչ-որ մեկի կամ ինչ-որ մի բանի միջոցով:
Մորմոնի գրքում պատանի զինվորները (տես Ալմա 53, 56–58) անկեղծորեն աղոթեցին, որ Աստված ուժեղացներ և ազատեր իրենց թշնամիների ձեռքից: Հետաքրքրականն այն էր, որ այս աղոթքների պատասխանը չտվեց լրացուցիչ զենքեր կամ զինվորների քանակի աճ: Այլ Աստված շնորհեց այս հավատարիմ զինվորներին հավաստիացում, որ Նա կազատեր նրանց, խաղաղություն նրանց հոգիներին և մեծ հավատք և հույս, որ Նա կազատի իրենց (տես Ալմա 58.11): Այսպիսով, Հելամանի որդիները քաջացան, հաղթելու վճռականությամբ ամրացան և իրենց ողջ ուժով առաջ գնացին լամանացիների դեմ (տես Ալմա 58.12–13): Հավաստիացումը, խաղաղությունը, հավատքը և հույսը սկզբում միգուցե չթվան օրհնություններ, որոնք պատերազմի դաշտում զինվորները կցանկանային, սակայն դրանք հենց այն օրհնություններն էին, որոնց կարիքն ունեին այս անվեհեր երիտասարդները, որ առաջ գնային և հաղթեին ֆիզիկապես և հոգեպես:
Երբեմն, մենք խնդրում ենք Աստծուց հաջողություն, և Նա տալիս է մեզ Ֆիզիկական և մտավոր ուժ: Մենք խնդրում ենք բարեկեցություն, և մենք ստանում ենք մեծ հեռանկարներ և ավելի շատ համբերություն կամ մենք խնդրում ենք հոգևոր աճ և օրհնվում ենք շնորհի պարգևով: Նա կարող է տալ մեզ վստահություն և համոզվածություն, երբ մենք ձգտում ենք հասնել արժանապատիվ նպատակների: Եվ երբ մենք աղերսում ենք, որ ազատվենք ֆիզիկական, մտավոր և հոգևոր դժվարություններից, Նա կարող է մեծացնել մեր վճռականությունը և տոկունությունը:
Ես խոստանում եմ, որ երբ ես և դուք հնազանդվենք և պահենք տասանորդի օրենքը, երկնքի պատուհաններն իսկապես կբացվեն և այնքան հոգևոր և նյութական օրհնություններ կթափվեն, որ դրանց համար բավականաչափ տեղ չի լինի (տես Մաղաքիա Գ.10): Մենք նաև կհիշենք Տիրոջ հայտարարությունը.
«Որովհետեւ իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, եւ ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն, ասում է Տերը.
Այլ ինչպէս որ բարձր է երկինքը երկրից, նոյնպէս էլ բարձր են իմ ճանապարհները ձեր ճանապարհներիցը եւ իմ խորհուրդները ձեր խորհուրդներիցը» (Եսայիա ԾԵ.8–9):
Ես վկայում եմ, որ եթե մենք հոգևորապես պատրաստակամ և ուշադիր լինենք, մենք կօրհնվենք աչքերով, որոնք ավելի պարզ են տեսնում և ականջներով, որոնք ավելի հետևողական են լսում և սրտով, որն ավելի խորությամբ է ըմբռնում մեր կյանքում Նրա ճանապարհների, Նրա խորհուրդների և Նրա օրհնությունների կարևորությունը և աննկատությունը:
Թիվ 2 դաս՝ Տիրոջ ուղու պարզությունը
Նախքան որպես Տասներկուսի Քվորումի անդամ ծառայելու իմ կանչը ստանալը, Վարդապետություն և Ուխտերում ես շատ անգամ էի կարդացել սուրբ տասանորդի ֆոնդերը վերահսկելու և բաշխելու համար խորհուրդ նշանակելու մասին: Տասանորդի տնօրինման խորհուրդը ստեղծվել է հայտնությամբ և կազմված է Առաջին Նախագահությունից, Տասներկու Առաքյալների Խորհրդից և Նախագահող Եպիսկոպոսությունից (տես ՎևՈՒ 120): Երբ 2004թ. դեկտեմբերին ես պատրաստվում էի այցելել այդ խորհրդի իմ առաջին ժողովին, ես անհամբերությամբ ակնկալում էի ամենանշանակալից սովորելու հնարավորություն:
Ես դեռևս հիշում եմ այն բաները, որ զգացի այդ խորհրդի ժամանակ: Ես ձեռք բերեցի ավելի մեծ երախտագիտություն և ակնածանք անհատների, ընտանիքների և Իր Եկեղեցու Ֆինանսների հետ կապված Տիրոջ օրենքների վերաբերյալ: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու հիմնական ֆինանսական ծրագիրը՝ թե՛ եկամուտի և թե՛ ծախսի համար, սահմանված է Վարդապետություն և Ուխտերի 119 և 120 բաժիններում: Այս հայտնություններում գտնվող երկու հայտարարություններ հիմք են ապահովում Եկեղեցու ֆինանսական գործառույթների համար:
119 բաժինը պարզ կերպով նշում է, որ բոլոր անդամները «պետք է վճարեն իրենց տարեկան ամբողջ եկամուտի մեկ տասներորդը. և սա մնայուն օրենք պիտի լինի նրանց համար հավիտյան, … ասում է Տերը» (հատված 4):
Ապա, տասանորդները պաշտոնապես թույլատրված կարգով ծախսելու վերաբերյալ Տերն ասել է. «Այն պետք է տնօրինվի խորհրդի միջոցով, որը բաղկացած է Իմ Եկեղեցու Առաջին Նախագահությունից և եպիսկոպոսից ու նրա խորհրդից և իմ բարձրագույն խորհրդից, և նրանց ուղղված իմ իսկ ձայնով, ասում է Տերը» (ՎևՈՒ 120.1): Այս հայտնության մեջ նշված «եպիսկոպոսից ու նրա խորհրդից» և «իմ բարձրագույն խորհրդից» արտահայտություններն այսօր համապատասխանաբար հայտնի են որպես Նախագահող Եպիսկոպոսություն և Տասներկու Առաքյալների Քվորում: Այս սրբազան դրամական միջոցներն օգտագործվում են արագ աճող եկեղեցում, որպեսզի հոգևոր առումով օրհնեն անհատներին և ընտանիքներին, կառուցելով և վերանորոգելով տաճարներ և երկրպագության տներ, աջակցելով միսիոներական աշխատանքին, թարգմանելով և հրատարակելով սուրբ գրություններ, օժանդակելով ընտանեկան պատմության ուսումնասիրությանը, ֆինանսավորելով ուսումնական հաստատություններ և կրոնական կրթությունը, և իրագործելով Եկեղեցու շատ այլ նպատակները, ինչպես ուղղորդվում են Տիրոջ կարգված ծառաները:
Ես հիանում եմ այս երկու հայտնությունների պարզությամբ և հակիրճությամբ, երբ համեմատում եմ բազմաթիվ կազմակերպություններում և ողջ աշխարհի կառավարություններում օգտագործվող խճճված ֆինանսական օրենքների և վարչական ընթացակարգերի հետ: Ինչպե՞ս կարող են ֆինանսական գործերը մի կազմակերպության, որն այնքան մեծ է, որքան Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցին, հնարավորինս գործել ողջ աշխարհով մեկ՝ օգտագործելով այսպիսի հակիրճ հրահանգներ: Ինձ համար պատասխանը շատ պարզ է. սա Տիրոջ աշխատանքն է, Նա ի վիճակի է անելու Իր սեփական գործը (տես 2 Նեփի 27.20), և Փրկիչը ոգեշնչում և հրահանգներ է տալիս Իր ծառաներին, երբ նրանք կիրառում են Իր հրահանգները և առաջ են տանում Իր գործը:
Այդ առաջին խորհրդի ժողովին ես տպավորված էի սկզբունքների պարզությամբ, որոնք առաջնորդում էին մեր քննարկումներն ու որոշումները: Եկեղեցու ֆինանսական գործերի համար հետևում է երկու հիմնական և անփոփոխ սկզբունքների: Առաջինը՝ Եկեղեցին գոյատևում է իր միջոցների սահմաններում և չի ծախսում ավելին, քան ստանում է: Երկրորդը, տարեկան եկամուտից որոշ մաս մի կողմ է դրվում որպես պահուստ ճգնաժամերի և անսպասելի կարիքների համար: Տասնամյակներ շարունակ Եկեղեցին սովորեցրել է իր անդամներին լրացուցիչ սնունդ, վառելանյութ և փող տնտեսել հնարավոր արտակարգ իրավիճակների համար: Եկեղեցին, որպես հաստատություն, պարզ կերպով հետևում է նույն սկզբունքներին, որոնք շարունակաբար ուսուցանվում են անդամներին:
Մինչ ժողովը շարունակվում էր, ես հասկացա, որ կցանկանայի, որ Եկեղեցու բոլոր անդամները կարողանային տեսնել Իր Եկեղեցու նյութական միջոցները ղեկավարելու Տիրոջ իսկ ձևի (տես ՎևՈՒ 104.16) պարզությունը, հստակությունը, կարգապահությունը, գթությունը և զորությունը: Այժմ արդեն ես մասնակցել եմ Տասանորդի տնօրինման խորհրդին շատ տարիներ: Իմ երախտագիտությունը և ակնածանքը Տիրոջ օրինաչափությունների հանդեպ մեծացել է ամեն տարի, և սովորած դասերը նույնիսկ ավելի խոր իմաստ են ձեռք բերել:
Իմ սիրտը սիրով և հիացմունքով է լցված ամեն ազգի, ցեղի, լեզվի և ժողովրդի այս Եկեղեցու հավատարիմ և հնազանդ անդամների նկատմամբ: Մինչ ես շրջում եմ աշխարհով մեկ, ես տեղեկանում եմ ձեր հույզերի և երազանքների, ձեր զանազան ապրելու պայմանների և իրավիճակների և ձեր ունեցած դժվարությունների մասին: Ես ձեր հետ միասին այցելել եմ Եկեղեցու ժողովներին և այցելել եմ ձեզանից ոմանց տները: Ձեր հավատքը ուժեղացնում է իմ հավատքը: Ձեր նվիրվածությունը ինձ ավելի նվիրված է դարձնում: Եվ ձեր բարյացակամությունը և կամավոր հնազանդությունը տասանորդի օրենքին ոգեշնչում է ինձ լինել ավելի լավ մարդ, ամուսին, հայր և Եկեղեցու ղեկավար: Ես հիշում և մտածում եմ ձեր մասին ամեն անգամ, երբ մասնակցում եմ Տասանորդի տնօրինման խորհրդին: Շնորհակալություն ձեր ուխտերը պատվելու ձեր բարյացակամության և հավատարմության համար:
Տիրոջ վերականգնված Եկեղեցու առաջնորդները մեծ պատասխանատվություն են զգում, որ պատշաճորեն տնօրինեն Եկեղեցու անդամների սրբագործված նվիրատվությունները: Մենք քաջատեղյակ ենք որբևայրու լումայի սրբազան էությանը:
«Եւ Յիսուսը գանձանակի դիմացը նստած մտիկ էր անում, թէ ժողովուրդն ինչպէս էր փող գցում գանձանակը, եւ շատ հարուստներ շատ բաներ էին գցում:
Եվ մի աղքատ որբեւայրի եկավ երկու լումայ գցեց, որ մի նաքարակիտ է:
Եւ իր աշակերտներին իրան մօտ կանչեց, եւ ասեց նորանց. Ճշմարիտ ասում եմ ձեզ՝ թէ այս ազքատ որբեւայրին գանձանակը գցողների ամենից ավելի գցեց:
Որովհետեւ ամենքն իրանց աւելորդիցը գցեցին. Բայց սա իր չքաւորութիւնիցը ամեն ինչ որ ունէր գցեց, իր կեանքի բոլոր ապրուստը» (Մարկոս ԺԲ.41–44):
Ես գիտեմ իմ անձնական փորձից, որ Տասանորդի տնօրինման խորհուրդը աչալուրջ կերպով է տնօրինում որբևայրու լուման: Ես երախտագիտություն եմ հայտնում Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնին և իր խորհրդականներին իրենց արդյունավետ առաջնորդության համար այս սուրբ աշխատանքը կատարելիս: Եվ ես երախտագիտություն եմ հայտնում Տիրոջ ձայնի (տես ՎևՈՒ 120.1) և ձեռքի համար, որ աջակցում է Իր կարգված ծառաներին՝ Իրեն ներկայացնելու պարտականությունը կատարելիս:
Հրավեր և վկայություն
Տասանորդի ազնիվ վճարումը շատ ավելին է, քան պարտականություն. այն կարևոր քայլ է անձնական սրբագործման գործընթացում: Ես գովաբանում եմ նրանց, ովքեր վճարում են իրենց տասանորդը:
Նրանց, ովքեր այժմ չեն հնազանդվում տասանորդի օրենքին. ես հրավիրում եմ ձեզ խորհել ձեր ճանապարհների մասին և ապաշխարել: Ես վկայում եմ, որ Տիրոջ այս օրենքի հանդեպ ձեր հնազանդության շնորհիվ երկնքի պատուհանները կբացվեն ձեզ համար: Խնդրում եմ, մի հետաձգեք ձեր ապաշխարության օրը:
Ես վկայում եմ, որ հոգևոր և նյութական օրհնություններ են ներթափանցում մեր կյանք, երբ ապրում ենք տասանորդի օրենքով: Ես բերում եմ իմ վկայությունը, որ այդ օրհնությունները հաճախ նշանակալից են, սակայն աննկատ: Ես նաև հայտարարում եմ, որ Տիրոջ ուղու պարզությունը, որն այնքան ակնհայտ է Իր Եկեղեցու նյութական գործերում, տալիս է օրինակներ, որոնք մեզ կարող են առաջնորդել որպես անհատներ և որպես ընտանիքներ: Ես աղոթում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը կարողանա սովորել և օգուտ քաղել այդ կարևոր դասերից. Հիսուս Քրիստոսի սուրբ անունով՝ ամեն: